ԴԱՍ 42
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ամուրիության և ամուսնության մասին
Որոշ մշակույթներում կարծում են, որ չամուսնացած մարդիկ չեն կարող երջանիկ լինել։ Սակայն ոչ բոլոր ամուսնական զույգերն են երջանիկ, և ոչ բոլոր ամուրիներն են դժբախտ։ Իրականում Աստվածաշնչում թե՛ ամուրիությունը, թե՛ ամուսնությունը պարգև են համարվում։
1. Որո՞նք են ամուրիության առավելությունները
Աստվածաշնչում ասվում է. «Ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում» (կարդա 1 Կորնթացիներ 7։32, 33, 38)։ Ի՞նչ իմաստով է ամուրի անհատը «ավելի լավ անում»։ Ամուրիները կողակցի մասին հոգ տանելու պարտականություն չունեն, ուստի կարելի է ասել, որ նրանք ավելի ազատ են։ Դա ոմանց թույլ է տալիս ընդլայնել իրենց ծառայությունը, օրինակ՝ քարոզելու նպատակով տեղափոխվել այլ երկիր։ Բայց ամենակարևորը՝ նրանք կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել Եհովայի հետ մտերմանալուն։
2. Որո՞նք են օրինական ամուսնության առավելությունները
Ամուրիության պես ամուսնությունն էլ ունի իրեն բնորոշ առավելությունները։ Աստվածաշնչում ասվում է, որ «երկուսով ավելի լավ է, քան մենակ» (Ժողովող 4։9)։ Սա հատկապես վերաբերում է այն քրիստոնյաներին, որոնք ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով։ Օրինականորեն գրանցելով իրենց ամուսնությունը՝ զույգերը խոստանում են սիրել, փայփայել և հարգել միմյանց։ Այսպիսի զույգերը հաճախ ավելի ապահով են իրենց զգում, քան նրանք, ովքեր պարզապես իրար հետ են ապրում։ Ամուսնությունը նաև ապահով միջավայր է ստեղծում երեխաներ մեծացնելու համար։
3. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ամուսնությանը
Երբ Եհովան հիմնեց առաջին ամուսնությունը, նա ասաց. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը» (Ծննդոց 2։24)։ Եհովան ուզում է, որ ամուսինն ու կինը սիրեն իրար և ապրեն միասին, քանի դեռ մահը չի բաժանել նրանց։ Նա թույլ է տվել ամուսնալուծվել միայն կողակիցներից մեկի դավաճանության դեպքում։ Նման իրավիճակում Եհովան անմեղ կողմին իրավունք է տվել որոշելու՝ ամուսնալուծվել, թե ոչ (Մատթեոս 19։9)։a Ըստ Աստվածաշնչի՝ բազմամուսնությունը անընդունելի է քրիստոնյաների համար (1 Տիմոթեոս 3։2)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես երջանիկ լինել և ուրախացնել Եհովային՝ անկախ նրանից՝ ամուրի ես, թե ամուսնացած։
4. Ճիշտ օգտագործիր ամուրիության պարգևը
Հիսուսը ամուրիությունը պարգև էր համարում (Մատթեոս 19։11, 12)։ Կարդացեք Մատթեոս 4։23, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Հիսուսն ինչպե՞ս էր օգտագործում ամուրիության պարգևը՝ իր Հորը ծառայելու և ուրիշներին օգնելու համար։
Քրիստոնյաները կարող են ճիշտ ձևով օգտագործել իրենց ամուրիությունը և ուրախություն ստանալ, ինչպես Հիսուսը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Ինչպե՞ս կարող ենք մեր ամուրիությունը լավագույն ձևով օգտագործել։
Գիտեի՞ր
Աստվածաշնչում նվազագույն տարիք չի սահմանվում ամուսնության համար, սակայն խրախուսվում է սպասել, մինչև որ անցնի «երիտասարդության ծաղկուն շրջանը», քանի որ այդ ժամանակ ուժգին սեռական ցանկությունները կարող են մթագնել սթափ դատողությունը (1 Կորնթացիներ 7։36)։
5. Իմաստնորեն կողակից ընտրիր
Կողակցի ընտրությունը կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է։ Կարդացեք Մատթեոս 19։4–6, 9 և քննարկեք հետևյալ հարցը։
Քրիստոնյան ինչո՞ւ չպետք է շտապի ամուսնանալ։
Աստվածաշունչը կօգնի քեզ հասկանալ, թե կողակից ընտրելիս որ հատկություններին ուշադրություն դարձնես։ Ամենակարևորը՝ փնտրիր այնպիսի կողակցի, որը սիրում է Եհովային։b Կարդացեք 1 Կորնթացիներ 7։39 և 2 Կորնթացիներ 6։14 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ պետք է միայն մեր հավատակիցներից կողակից ընտրենք։
Եհովան ի՞նչ կզգա, եթե ամուսնանանք այնպիսի անհատի հետ, որը չի սիրում նրան։
6. Ամուսնության վերաբերյալ Եհովայի տեսակետն ունեցիր
Հին Իսրայելում ոմանք, եսասիրությունից դրդված, ամուսնալուծվում էին իրենց կանանցից։ Կարդացեք Մաղաքիա 2։13, 14, 16 և քննարկեք այս հարցը։
Ինչո՞ւ է Եհովան ատում անհիմն ամուսնալուծությունը։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Եթե ամուսնացած ես Եհովային չպաշտող մարդու հետ, ի՞նչ կարող ես անել, որ երջանիկ ամուսնություն ունենաս։
7. Հետևիր ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշներին
Ամուսնության մեջ Եհովայի սկզբունքները կիրառելու համար գուցե մեծ ջանքեր թափելու կարիք լինի։c Սակայն Եհովան օրհնում է նրանց, ովքեր այդպես են վարվում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Եբրայեցիներ 13։4 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշները խելամի՞տ ես համարում։ Ինչո՞ւ։
Եհովան ուզում է, որ քրիստոնյաները, տեղի իշխանությունների սահմանած կարգի համաձայն, գրանցեն թե՛ ամուսնությունը, թե՛ ամուսնալուծությունը։ Կարդացեք Տիտոս 3։1, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Եթե ամուսնացած ես, համոզվա՞ծ ես, որ պետությունը քո ամուսնությունը օրինական է համարում։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Պարտադի՞ր է, որ տղամարդն ու կինն ամուսնանան։ Չի՞ կարելի պարզապես միասին ապրել»։
Ի՞նչ կպատասխանեիր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Թե՛ ամուրիությունը, թե՛ ամուսնությունը պարգև են Եհովայից։ Երկուսն էլ կարող են ուրախություն բերել, եթե ապրենք Եհովայի կամքին ներդաշնակ։
Վերհիշենք
Անհատն ինչպե՞ս կարող է ճիշտ օգտագործել իր ամուրիությունը։
Աստվածաշնչում ինչո՞ւ է ասվում, որ մեր հավատակիցներից կողակից ընտրենք։
Ո՞րն է ամուսնալուծության միակ աստվածաշնչյան հիմքը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ է նշանակում ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ»։
Հետևյալ երկու տեսանյութերը կօգնեն քեզ, որ մտերմության և ամուսնության հետ կապված՝ ճիշտ որոշումներ կայացնես։
Իմացիր, թե մի եղբայր ինչու է կարծում, որ Եհովայի տված օրհնությունները ավելի արժեքավոր են, քան այն, ինչ նա թողել է հետևում։
Անհատը ի՞նչ հարցեր պետք է հաշվի առնի նախքան ամուսնալուծության կամ անջատ ապրելու մասին մտածելը։
«Պատվական համարիր այն, ինչ «Աստված միավորեց մեկ լծի տակ»» («Դիտարան», 2018 թ. դեկտեմբեր)
a Տես «Հավելյալ տեղեկություն 4», որը վերաբերում է անջատ ապրելուն, երբ կողակիցներից ոչ մեկը անբարոյություն չի գործել։
b Որոշ մշակույթներում ծնողներն են ընտրում կողակից իրենց երեխաների համար։ Այդ պարագայում ծնողները պետք է ընտրեն Եհովային սիրող անհատի, ոչ թե նյութապես ապահովված կամ սոցիալական բարձր դիրք ունեցող մեկին։
c Եթե ապրում ես այնպիսի անհատի հետ, որը քո օրինական կողակիցը չէ, ինքդ պետք է որոշես՝ լքել նրան, թե օրինականացնել ձեր հարաբերությունները։