«Գաղաադ» դպրոց. միսիոներական ուսուցման 60 տարիներ
«ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ խոր ուսումնասիրության շնորհիվ մենք ավելի մոտեցանք Եհովային և ավելի շատ բան սովորեցինք նրա կազմակերպության մասին։ Դա մեզ նախապատրաստեց օտար երկրում ապրելուն»։ Ահա թե ինչպես նկարագրեց դասընթացները «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանում սովորած մի ուսանող։ Սկսած հիմնադրման պահից՝ 60 տարի առաջ, «Գաղաադ» դպրոցը միսիոներներ է ուղարկել տարբեր երկրներ։ 2003 թ. մարտի 8–ին Պատերսոնում գտնվող Դիտարանի կրթական կենտրոնում (Նյու Յորք) տեղի ունեցավ 114–րդ դասարանի ավարտականը։ Դահլիճում և մոտակա տեղերում (որտեղ հեռարձակվում էր ծրագիրը) հավաքված 6 404 մարդիկ ուշադրությամբ լսեցին ծրագիրը, որը բաղկացած էր ելույթներից, հարցազրույցներից և խմբի մասնակցությամբ քննարկումներից։
Նախագահողը՝ Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչն էր։ Իր բացման խոսքերում նա ուշադրություն դարձրեց տարբեր երկրներից եկած ունկնդիրներին՝ Ասիայից, Կարիբյան ծովի ավազանից, Կենտրոնական և Հարավային Ամերիկայից ու Եվրոպայից։ Իր մեկնաբանությունները հիմնելով Բ Տիմոթէոս 4։5 խոսքի վրա՝ եղբայր Յարաչն ընդգծեց, որ «Գաղաադում» ուսուցանված միսիոների հիմնական աշխատանքն է ‘ավետարանչի գործը գործել’։ Միսիոներները վկայում են ճշմարտության մասին՝ մարդկանց Աստվածաշունչ սովորեցնելով։
Ուսանողները վերջին հրահանգներն են ստանում
Սկսելով կարճ ելույթներից բաղկացած ելույթաշարը՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջոն Լարսոնը ներկայացրեց «Եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ» հավատ ամրացնող թեման (Հռովմայեցիս 8։31)։ Եղբայր Լարսոնը բացատրեց ուսանողներին, թե որն է Եհովայի զորության հանդեպ բացարձակ վստահություն ունենալու աստվածաշնչյան հիմքը։ Այդ վստահությունը կօգնի նրանց հաղթահարել ցանկացած խոչընդոտ, որին կարող են բախվել իրենց նշանակման վայրերում։ Օգտագործելով Հռովմայեցիս 8։38, 39 համարները՝ եղբայր Լարսոնը հորդորեց ուսանողներին. «Կանգ առեք և մտածեք այն զորության մասին, որ Աստված գործադրում է հանուն ձեզ և հիշեք, որ ոչինչ չի կարող ազդել ձեր հանդեպ Եհովայի ունեցած կապվածության վրա»։
Ծրագրի հաջորդ մասը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը։ Նա հանդես եկավ «Պահպանե՛ք ձեր աչքերի երջանկությունը» թեմայով (Ղուկաս 10։23)։ Եղբայր Փիրսը բացատրեց, որ ճշմարիտ երջանկությունը Եհովային ճանաչելու, նրա հավիտենական նպատակը հասկանալու և աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը տեսնելու մեջ է։ Որտեղ էլ որ գնան, ուսանողները, իրենց աչքերի երջանկությունը պահպանելով, իսկապես կարող են երջանիկ մնալ։ Եղբայր Փիրսը քաջալերեց շրջանավարտներին խորությամբ մտածել Եհովայի բարության շուրջ և իրենց սիրտն ու միտքը կենտրոնացած պահել Նրա կամքն անելու վրա (Սաղմոս 77։12)։ Դրական տրամադրվածություն պահպանելով՝ շրջանավարտները կարող են հաղթահարել ցանկացած խնդիր, որ կարող է հայտնվել իրենց ճանապարհին։
Այնուհետև երկու ուսուցիչներ, ովքեր ամեն օր դասավանդել էին նրանց, հրաժեշտի քաջալերիչ խոսքեր ասացին։ «Դուք փա՞ռք եք փնտրում»,— Լորենս Բոուենը ներկաներին դիմեց այս հարցով, որն իր ելույթի վերնագիրն էր։ Մարդկանց մեծամասնությունը փառքը հասկանում է որպես իրենց ուղղված գովաբանություն, պատիվ և հանրաճանաչություն։ Սակայն սաղմոսերգու Ասափը հասկացավ, թե որն է իրական փառքը. դա Եհովայի հետ պատվավոր փոխհարաբերություններ ունենալն է, որը մի թանկարժեք գանձ է (Սաղմոս 73։24, 25)։ Ուսանողներին քաջալերություն տրվեց պահպանել մտերիմ փոխհարաբերություններ Եհովայի հետ՝ շարունակ Աստվածաշնչի խոր ուսումնասիրության կատարելու միջոցով։ Հրեշտակները «ցանկանում են տեսնելով թափանցել» այն մանրամասների մեջ, որոնք առնչվում են Եհովայի նպատակի իրականացմանը՝ Քրիստոսի միջոցով (Ա Պետրոս 1։12)։ Նրանք ցանկանում են որքան հնարավոր է շատ բան սովորել իրենց Հոր մասին, որպեսզի արտացոլեն նրա փառքը։ Այնուհետև հռետորը հորդորեց ուսանողներին փառաբանել Եհովային իրենց նշանակման վայրերում՝ օգնելով ուրիշներին գտնել այդ թանկարժեք գանձը։
Դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսը եզրափակեց ելույթաշարը «Աստծո իմաստութիւնն ենք խոսում խորհրդով» թեմայով (Ա Կորնթացիս 2։7)։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս աստվածային իմաստությունը, որի մասին Պողոս առաքյալը խոսեց իր միսիոներական ծառայության ժամանակ։ Դա Եհովայի իմաստությունն ու զորությունն է, որոնց միջոցով նա ամբողջ տիեզերքում խաղաղություն և միասնություն է հաստատելու։ Այդ իմաստությունը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի վրա։ Պողոսը չէր քարոզում քրիստոնեական սկզբունքների միջոցով լուծել հասարակական խնդիրներ, այլ նա օգնեց մարդկանց տեսնել, թե ինչպես Աստված կուղղի Ադամի մեղքի հետևանքները (Եփեսացիս 3։8, 9)։ Եղբայր Լիվերանսը կոչ արեց իր ունկնդիրներին. «Օգտագործե՛ք ծառայության ձեր առանձնաշնորհումը, ինչպես Պողոսը, որն իր միսիոներական ծառայությանը նայում էր որպես հնարավորության՝ մարդկանց օգնելու տեսնել, թե ինչպես է Եհովան իրականացնելու իր նպատակը»։
Այնուհետև Մարկ Նումարը՝ «Գաղաադի» մեկ այլ ուսուցիչ, ոգևորիչ քննարկում անցկացրեց դասարանի մի քանի ուսանողների հետ։ «Աստծո Խոսքի ուսումնասիրությունը եռանդուն քարոզիչներ է պատրաստում» թեման ընդգծեց Պողոսի՝ Հռովմայեցիս 10։10–ում արձանագրված խոսքերը։ Ուսանողները քարոզչական ծառայության բազմաթիվ դեպքեր պատմեցին, որոնք պատահել էին դասընթացներին հաճախելու ժամանակահատվածում։ Այդ դեպքերը ցույց են տալիս, որ երբ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը և մտածում ենք դրա շուրջ, Եհովա Աստծո և նրա Թագավորությանը վերաբերող սքանչելի ճշմարտությունները լցվում են մեր սրտերը և գտնվում մեր շրթունքների վրա։ «Դիտարանի» կրթական կենտրոնում գտնվելու հինգ ամսվա ընթացքում ուսանողները մոտակա ժողովների լավ մշակված քարոզչական տարածքներում 30–ից ավելի ուսումնասիրություններ սկսեցին հետաքրքրվող անձանց հետ։
Խոսում են հասուն քրիստոնյաները
Սովորելու ընթացքում ուսանողները օգուտներ քաղեցին Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի անդամների հետ ընկերակցելուց։ Մասնաճյուղի երկու անդամներ՝ Ռոբերտ Սիրանկոն և Ռոբերտ Ջոնսոնը, հարցազրույցներ անցկացրեցին երկար ժամանակ Եհովային հավատարմորեն ծառայող մի քանի եղբայրների հետ։ Նրանց մեջ կային շրջագայող վերակացուներ, որոնք այդ ժամանակ հատուկ ուսուցում էին ստանում «Դիտարանի» կրթական կենտրոնում։ Հարցազրույցին մասնակցող բոլոր եղբայրներն էլ «Գաղաադի» շրջանավարտներ էին, որոնք մի ժամանակ ծառայել են որպես միսիոներներ։ Ուսանողների, նրանց ընտանիքների և ընկերների համար շատ քաջալերական էր իմաստության խոսքեր լսել այդ փորձառու, հոգևոր մարդկանցից։
Նրանց տված խորհուրդներից էր. «Որքան հնարավոր է զբաղված եղեք ծառայության մեջ և ժողովում»։ «Ձեր մասին չափազանց շատ մի մտածեք։ Կենտրոնացեք ձեր նպատակի վրա՝ որպես միսիոներներ, և նշանակման վայրը դարձրեք ձեր տունը»։ Այլ օգտակար մեկնաբանություններում պարզաբանվեց, թե ինչպես է «Գաղաադում» ստացած կրթությունը ծառայողին պատրաստում բարի գործի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ կնշանակվի նա։ Ահա այդ մեկնաբանություններից մի քանիսը. «Մենք սովորեցինք համագործակցել ու միասին աշխատել», «Դպրոցն օգնեց մեզ նոր մշակույթներ ճանաչել», «Մենք Գրություններն օգտագործելու նոր ձև սովորեցինք»։
Երկար ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ ծառայող Ջոն Բարը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը։ Նրա թեման էր՝ «Նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը» (Հռովմայեցիս 10։18)։ Եղբայր Բարը հարց տվեց. «Արդյո՞ք այսօր Աստծո ժողովուրդը կարողացել է մինչև վերջ կատարել այս դժվարին առաջադրանքը»։ Իհա՛րկե այո։ 1881 թ.–ին «Դիտարան» պարբերագրի ընթերցողներին հարց տրվեց. «Դուք քարոզո՞ւմ եք»։ Այնուհետև եղբայր Բարը հիշեցրեց բոլոր ունկնդիրներին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) 1922 թ.-ին արված պատմական կոչը՝ «Հռչակեցե՛ք Թագավորին ու նրա Թագավորությունը»։ Ժամանակի ընթացքում Աստծո հավատարիմ ծառաների նախանձախնդրությունը մղեց նրանց Թագավորության սքանչելի ճշմարտությունները հռչակել բոլոր ազգերին։ Հրատարակությունների և բանավոր խոսքի միջոցով բարի լուրը հասել է մինչև աշխարհի ծայրերը. այս ամենը Եհովային փառք ու պատիվ է բերում։ Եղբայր Բարը իր ելույթի հուզիչ եզրափակման մեջ հորդորեց շրջանավարտներին հաշվել իրենց օրհնությունները՝ ասելով. «Ամեն օր ձեր նշանակման վայրերում աղոթելիս սրտանց շնորհակալություն հայտնեք Եհովային, որ բաժին ունեք «Նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը» խոսքերի կատարման մեջ»։
Այս ելույթից հետո ընթերցվեցին ողջույններ, և նախագահողը շրջանավարտներին հանձնեց դիպլոմները։ Այնուհետև, դպրոցն ավարտելու հետ կապված ուրախության և տխրության միախառն զգացումներով լի, դասարանը ներկայացնող եղբայրը կարդաց իրենց կողմից ընդունած որոշումը, որն ուղղված էր Կառավարիչ մարմնին և Բեթելի ընտանիքին։ Այն արտահայտում էր շրջանավարտների վճռականությունը՝ գովերգել Եհովային «այսուհետեւ մինչեւ յաւիտեան» (Սաղմոս 115։18)։
Մենք աղոթում ենք, որ այս շրջանավարտները հարմարվեն իրենց նոր բնակության վայրերում և լավ ներդրումներ կատարեն քարոզչության համաշխարհային գործի մեջ, ճիշտ ինչպես նրանցից առաջ գնացողներն են կատարել 60 տարի շարունակ։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 12
Նշանակման երկրները՝ 16
Ուսանողների թիվը՝ 48
Միջին տարիքը՝ 34,4
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,6
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,5
[նկար 24–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 114–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Ռոսա Դ., Գարիգոլաս Ջ., Լինդսթրոմ Ռ., Պավանելլո Պ., Թեյթ Ն., 2) Վան Հաութ Մ., Դոնաբաուեր Կ., Մարտինես Լ., Միլըր Դ., Ֆեսթրե Յ., Նաթեր Ս., 3) Մարտինես Պ., Քլարկ Լ., Մոն Բ., Ֆիշեր Լ., Ռոմո Գ., 4) Ռոմո Ռ., Իդի Շ., Թիմըն Ք., Քեմփբել Պ., Միլըր Դ., Ռոսա Վ., 5) Լինդսթրոմ Ք., Գարիգոլաս Խ., Մարքևիչ Ն., Լինդալա Ք., վան դեն Հյովել Յ., Թեյթ Ս., Նաթեր Ֆ., 6) Մոն Փ., Պավանելլո Վ., Իդի Ն., Վեստ Ա., Քլարկ Դ., Մարքևիչ Ջ., 7) Ֆիշեր Դ., Դոնաբաուեր Ռ., Քարրի Փ., Քարրի Ի., Քարֆանյո Ու., Վեստ Մ., Թիմըն Ա., 8) Վան Հաութ Մ., Քեմփբել Ք., Ֆեսթրե Ի., Քարֆանյո Ք., վան դեն Հյովել Ք., Լինդալա Դ.