«Վարժեցրու քո անձը»
«CITIUS, altius, fortius»՝ ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ. ահա այն նշանաբանը, որ ունեին հին Հունաստանի և Հռոմի մարմնամարզիկները։ Դարեր շարունակ Օլիմպիայում, Դելփիքում, Նեմեայում, ինչպես նաև Իսթմոսում (Կորնթոսից ոչ հեռու) աստվածների «օրհնությամբ» և բազում հանդիսատեսների աչքի առաջ անցկացվում էին մարմնամարզական մեծ մրցումներ։ Այդ խաղերին մասնակցելու պատվին արժանանալը բազում տարիների քրտնաջան աշխատանք էր պահանջում։ Հաղթանակը, սակայն, փառք էր բերում ոչ միայն հաղթողին, այլև նրա հայրենի քաղաքին։
Քանի որ այն ժամանակ նման մթնոլորտ էր տիրում, զարմանալի չէ, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրի առնողները համեմատում էին քրիստոնյայի հոգևոր մրցավազքը այդ մարմնամարզական մրցումների հետ։ Թե՛ Պետրոս և թե՛ Պողոս առաքյալները վարպետորեն օգտագործել են այդ մրցությունները, դրանք որպես ակնառու օրինակ բերելով, կարևոր մտքեր ուսուցանելու համար։ Պետք է նշել, որ մեր օրերում քրիստոնեական այդ «մրցավազքը» շարունակվում է. առաջին դարի քրիստոնյաները ստիպված էին պայքար մղել հրեական համակարգի դեմ, իսկ մենք՝ կործանման եզրին կանգնած այս աշխարհի (Բ Տիմոթէոս 2։5, ԷԹ; 3։1–5)։ Ոմանք գուցե մտածեն, որ իրենց «հավատի մրցավազքը» հոգնեցուցիչ է ու անվերջ (Ա Տիմոթէոս 6։12, «The New English Bible»)։ Եկեք համեմատենք մարմնամարզական այդ մրցումները քրիստոնյայի «մրցավազքի» հետ ու փորձենք տեսնել, թե ինչ նմանություն գոյություն ունի նրանց միջև։ Այդ անելով՝ արժեքավոր դասեր կքաղենք։
Հոյակապ մարզիչ
Ատլետի հաջողությունը մեծապես կախված էր մարզիչից։ «Մրցումների մասնակիցները պետք է երդվեին, որ ուղիղ տասը ամիս ամբողջովին նվիրել են մարզվելուն» («Archaeologia Graeca»)։ Նույնն է պարագան նաև քրիստոնյաների դեպքում. նրանք նույնպես պետք է լավ մարզվեն։ Ահա թե ինչ խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին, որն ի դեպ երեց էր. «Վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան» (Ա Տիմոթէոս 4։7)։ Իսկ ո՞վ է քրիստոնյա «ատլետի» մարզիչը։ Անձամբ Եհովա Աստված։ Պողոս առաքյալը գրել է. «Բոլոր շնորհներու Աստուածը.... ձեզ թող կատարեալ ընէ՛, հաստատէ՛, զօրացնէ՛ ու հիմնէ՛» (Ա Պետրոս 5։10, Արևմտ. Աստ.)։
«Կատարեալ ընէ» արտահայտությունը մեկ ուրիշ թարգմանության մեջ փոխանցվում է «ավարտին հասցնի ձեր մարզումը» ձևով։ Այն թարգմանվել է հունարեն մի բայից, որը հիմնականում նշանակում է «առարկան [կամ անհատին] համապատասխանեցնել իր նպատակին, պատրաստել և հարմարեցնել այն օգտագործման համար» («Theological Lexicon of the New Testament»)։ Իսկ համաձայն մեկ ուրիշ աղբյուրի՝ այդ բայը կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ «պատրաստել, մարզել կամ մանրակրկիտ ձևով մշակել» («Greek-English Lexicon», Լիդել և Սքոթ)։ Ի՞նչ ձևով է Եհովան ‘պատրաստում, մարզում և մանրակրկիտ ձևով մշակում’ մեզ՝ քրիստոնեական մրցավազքի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Դա հասկանալու համար եկեք քննենք հնում մարզիչների կողմից կիրառված մեթոդներից մի քանիսը։
Մի գրքում ասվում է. «Պատանիների մարզմամբ զբաղվողները երկու հիմնական մեթոդ էին օգտագործում. առաջին՝ քաջալերել աշակերտին, որպեսզի նա ձգտի հնարավոր ամենամեծ ջանքերը գործադրել և հասնել լավագույն արդյունքների, իսկ երկրորդ՝ բարելավել նրա կատարման տեխնիկան ու ոճը» («The Olympic Games in Ancient Greece»)։
Նմանապես՝ Եհովան մեզ հորդորում ու զորացնում է, որպեսզի կարողանանք գործի դնել մեր լավագույն ունակությունները ու բարելավել ծառայության մեջ մեր հմտությունը։ Նա մեզ զորացնում է Աստվածաշնչի, իր երկրային կազմակերպության և հասուն քրիստոնյա հավատակիցների միջոցով։ Երբեմն նա մեզ «մարզում» է խրատի միջոցով (Եբրայեցիս 12։6)։ Երբեմն էլ թույլ է տալիս, որ տարբեր փորձությունների ու դժվարությունների մեջ ընկնենք և շնորհիվ դրա՝ համբերություն զարգացնենք (Յակոբոս 1։2–4)։ Իսկ այդ անելու համար նա մեզ տալիս է անհրաժեշտ զորությունը. Եսայիա մարգարեն ասում է. «Տիրոջն ապավինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ» (Եսայիա 40։31)։
Աստված առատորեն պարգևում է իր սուրբ ոգին, որը ուժ է տալիս մեզ՝ օգնելով շարունակել ընդունելի ծառայություն մատուցել նրան (Ղուկաս 11։13)։ Հաճախ է պատահել, որ Աստծո ծառաները համբերեն հավատի երկար ու դժվարին փորձություններին։ Ու թեև նրանք մեր պես հասարակ մարդիկ են եղել, սակայն կարողացել են դիմանալ, քանի որ ամբողջովին ապավինել են Աստծուն։ Իրոք որ, ‘զորության գերազանցությունը Աստծուց է և ոչ թէ իրենցից’ (Բ Կորնթացիս 4։7)։
Կարեկից մարզիչ
Մի գիտնականի խոսքերով՝ հնում մարզիչների պարտականությունների մեջ էր մտնում «որոշել, թե տվյալ ատլետի, ինչպես նաև տվյալ սպորտաձևի համար ինչպիսի և որքան վարժություններ էին հարկավոր»։ Նույնը և Աստված՝ մեզ «մարզելիս» նա հաշվի է առնում հենց մեր հանգամանքները, ունակությունները, խառնվածքը և հնարավորությունները։ Բավական հաճախ է պատահում, որ մեր «մարզումների» ժամանակ Հոբի նման ասենք. «Յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր» (Յոբ 10։9)։ Ինչպե՞ս է արձագանքում մեր կարեկից Մարզիչը։ Ահա թե ինչ է գրել Դավիթը Եհովայի մասին. «Նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։
Գուցե առողջական լուրջ խնդիրներ ունեք, որ սահմանափակում են ծառայության մեջ ձեր մասնակցությունը, կամ պայքարում եք թերարժեքության զգացումի դեմ։ Գուցե փորձում եք հաղթահարել ինչ–որ վատ սովորություն, կամ էլ զգում եք, որ չեք կարող դեմ կանգնել հարևանների, աշխատակիցների, համադասարանցիների կողմից ցույց տրվող հակառակություններին։ Ինչպիսին էլ որ լինեն ձեր հանգամանքները, երբեք մի մոռացեք, որ Եհովան ավելի լավ է հասկանում ձեր խնդիրները, քան ցանկացած մարդ, այդ թվում նաև դուք։ Հոգատար մարզիչի նման նա միշտ պատրաստ է մեզ օգնելու, եթե ձգտենք մոտենալ նրան (Յակոբոս 4։8)։
Հնում մարզիչները պետք է «կարողանային որոշել, թե որն է մարզիկի հոգնածության և թուլանալու պատճառը. դա կարող էր պայմանավորված լինել ոչ թե մարզումներով, այլ նրա հոգեբանական վիճակով, վատ տրամադրությամբ, վհատվածությամբ և այլն։.... [Մարզիչներն] այնքան մեծ իրավունքներ ունեին, որ կարող էին հետաքրքրվել ատլետների անձնական կյանքով ու հարկ եղած դեպքում նույնիսկ միջամտել»։
Երբեմն զգո՞ւմ եք, որ հոգնած եք և ուժասպառ այս աշխարհում անընդհատ շարունակվող ճնշումների ու փորձությունների պատճառով։ Եհովան՝ ձեր Մարզիչը, խորապես հետաքրքրված է ձեզանով (Ա Պետրոս 5։7)։ Նա անմիջապես կարող է նկատել հոգևոր թուլության և հոգնածության ցանկացած նշան։ Ու թեև Եհովան հարգում է մեր ազատ կամքը և որոշում կայացնելու իրավունքը, հարկ եղած դեպքում մեծ օգնություն է ցույց տալիս և շտկում է՝ մեր հավիտենական բարօրության համար (Եսայիա 30։21)։ Ինչպե՞ս է նա անում այդ։ Աստվածաշնչի ու նրա վրա հիմնված հրատարակությունների, ինչպես նաև հասուն քրիստոնյա երեցների և մեր սիրառատ եղբայրության միջոցով։
«Ամեն բանից ժուժկալ»
Ինչ խոսք, հաջողության հասնելու համար միայն լավ մարզիչ ունենալը բավարար չէր։ Շատ բան կախված էր հենց ատլետից և մարզումների հանդեպ իր նվիրվածության աստիճանից։ Ռեժիմը խիստ էր, քանի որ ինքնատիրապետում էր պահանջում։ Մարզիկները նաև պետք է որոշակի սննդակարգի հետևեին։ Հորացիոսի խոսքերով (պոետ, որ ապրել է մ.թ.ա. առաջին դարում)՝ մրցումների մասնակիցները «հեռու էին մնում կանանցից ու գինուց», որպեսզի կարողանային «հասնել իրենց երկար սպասված նպատակին»։ Իսկ Աստվածաշնչի վերլուծաբան Ֆ. Քուկի խոսքերով՝ խաղերի մասնակիցները պետք է ցուցաբերեին «ինքնազսպվածություն [և պահեին] խիստ սննդակարգ.... տասը ամիս»։
Իսթմոսի մրցություններին ծանոթ Կորնթոսի քրիստոնյաներին գրելիս Պողոս առաքյալը նշեց մի սկզբունք, որը հավասարապես կիրառելի էր ինչպես ատլետների, այնպես էլ քրիստոնյաների համար. նա ասաց. «Ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում» (Ա Կորնթացիս 9։25)։ Քրիստոնյաները պետք է ջանան հեռու մնալ այս աշխարհի նյութապաշտական և անմաքուր ապրելակերպից (Եփեսացիս 5։3–5; Ա Յովհաննէս 2։15–17)։ Նրանք նաև պետք է իրենց միջից արմատախիլ անեն Աստծո սկզբունքներին հակասող բնավորության գծերը ու փոխարինեն դրանք Քրիստոսին բնորոշ հատկություններով (Կողոսացիս 3։9, 10, 12)։
Իսկ ինչպե՞ս կարող են նրանք անել այդ։ Քննենք Պողոսի պատասխանը, որ նա տվեց մի շատ տպավորիչ օրինակի միջոցով. «[Ես] իմ մարմինս կը ճնշեմ ու կը նուաճեմ, որպէս զի չըլլայ թէ ուրիշներուն քարոզելէ յետոյ՝ ես ինքս խոտելի գտնուիմ» (Ա Կորնթացիս 9։27, Արևմտ. Աստ.)։
Ինչպիսի՜ ազդեցիկ խոսքեր։ Պողոսն այստեղ չէր խրախուսում, որ ինքներս մեզ ֆիզիկական տանջանքների ենթարկենք։ Նա պարզապես ընդունում էր, որ իր ներսում պայքար է գնում։ Երբեմն նա այնպիսի բաներ էր անում, որ չէր ցանկանա անել, և չէր անում այն բաները, որ կցանկանար։ Բայց Պողոսը պայքարում էր, որ իր թուլությունները չսկսեին իշխել իր վրա։ Նա ‘ճնշում էր իր մարմինը’՝ վճռականորեն դեմ կանգնելով մարմնական ցանկություններին ու բնավորության վատ գծերին (Հռովմայեցիս 7։21–25)։
Բոլոր քրիստոնյաներն էլ պետք է նույնը անեն։ Պողոսի խոսքերով՝ Կորնթոսում ապրող որոշ մարդիկ, որ նախկինում զբաղվել էին պոռնկությամբ, կռապաշտությամբ, համասեռամոլությամբ, գողությամբ և նման այլ բաներով, փոփոխություններ էին մտցրել իրենց կյանքում։ Ի՞նչն էր օգնել նրանց այդ անելու։ Աստծո Խոսքի և սուրբ ոգու զորությունը՝ դրան ենթարկվելու վճռականության հետ մեկտեղ։ «Բայց [դուք] լուացուեցաք,— գրել էր Պողոսը,— բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը» (Ա Կորնթացիս 6։9–11)։ Պետրոսը նույնպես գրել էր այնպիսի անձանց մասին, ովքեր մերժել էին վատ սովորությունները։ Որպես քրիստոնյաներ՝ նրանք բոլորն էլ կյանքում իսկական փոփոխություններ էին կատարել (Ա Պետրոս 4։3, 4)։
Նպատակասլաց ջանքեր
Հետևյալ խոսքերով Պողոս առաքյալը ցույց տվեց հոգևոր նպատակների վրա կենտրոնացած մնալու, դրանք նպատակասլաց կերպով հետապնդելու իր վճռականությունը. նա ասաց. «[Ես] այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով» (Ա Կորնթացիս 9։26)։ Ինչպե՞ս է հմուտ բռնցքամարտիկն ուղղում իր հարվածները։ Տեսնենք, թե ինչ է ասվում մի գրքում. «Ոչ միայն մեծ ուժ էր հարկավոր, այլև անվրեպ աչք, որը կօգներ հակառակորդի թույլ տեղերը նկատելու։ Պակաս կարևոր չէին նաև ըմբշամարտի դպրոցում ձեռք բերած հմտությունները և ճարպկությունը՝ հակառակորդին ապակողմնորոշելու համար» («The Life of the Greeks and Romans»)։
Մեր հակառակորդներից մեկը մեր իսկ անկատար մարմինն է։ Գիտե՞նք, թե որոնք են մեր «թույլ տեղերը»։ Ցանկություն ունե՞նք տեսնելու մեզ այնպիսին, ինչպիսին որ տեսնում են ուրիշները, հատկապես՝ Սատանան։ Դրա համար հարկավոր է, որ ազնվորեն քննենք ինքներս մեզ ու պատրաստ լինենք փոփոխություններ կատարելու։ Շատ հեշտ է տրվել ինքնախաբեության և արդարացնել անխոհեմ արարքները (Յակոբոս 1։22; Ա Թագաւորաց 15։13–15, 20, 21)։ Բայց այդպիսի վարքը նման կլինի «օդին զարկել[ուն]»։
Այս վերջին օրերում Եհովային հաճեցնել ցանկացող ու հավիտենական կյանքի ձգտող անհատները չպետք է տատանվեն այն հարցում, թե որն ընտրեն՝ չարը թե բարին, Աստծո ժողովը թե ապականված աշխարհը։ Նրանք չպետք է տարուբերվեն՝ նմանվելով ‘երկմիտ մարդու, որն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում’ (Յակոբոս 1։8)։ Նրանք նաև չպետք է իրենց ուժերը ծախսեն անիմաստ նպատակներ հետապնդելու վրա։ Եթե անհատը նպատակասլաց կերպով հետևի իր ընտրած ուղուն, երջանկության կհասնի, ու նրա «յառաջադիմութիւնը ամենին յայտնի [կ]լինի» (Ա Տիմոթէոս 4։15)։
Այո՛, քրիստոնեական «մրցավազքը» շարունակվում է։ Եհովան՝ մեր մեծագույն Մարզիչը, սիրով ուղղություն է տալիս մեզ ու հարկ եղած դեպքում շտկում է, որպեսզի կարողանանք համբերել ու ի վերջո հասնել հաղթանակի (Եսայիա 48։17)։ Հնում ապրած ատլետների նման մենք նույնպես պետք է ինքնակարգապահություն և ինքնատիրապետում ցուցաբերենք ու նպատակասլաց լինենք հավատի համար մղվող պայքարում։ Մենք մեծապես կպարգևատրվենք նպատակային ջանքեր գործադրելու համար (Եբրայեցիս 11։6)։
[շրջանակ 31–րդ էջի վրա]
‘Նրան յուղով օծեք’
Հին Հունաստանում մարզումներից առաջ ատլետների մարմինները օծում էին յուղով։ Այդ գործը կատարում էին հատուկ մարդիկ։ Մարզիչները «նկատել էին, որ մարզումներից առաջ մկանների վարպետորեն կատարված մերսումը դրական ազդեցություն էր թողնում, իսկ երկար մարզումներից հետո զգուշորեն և նրբությամբ կատարված մերսումը նպաստում էր ատլետի ապաքինմանը և ուժերի վերականգմանը» («The Olympic Games in Ancient Greece»)։
Ինչպես որ յուղը կարող է նպաստել ուժերի վերականգմանն ու ապաքինմանը, այնպես էլ Աստծո Խոսքը կարող է օգնել հոգնած քրիստոնյային՝ «ատլետին», ուղղվելու, մխիթարություն ստանալու և «ապաքինվելու»։ Այդ պատճառով Եհովայի առաջնորդությամբ ժողովի երեցները քաջալերվում են աղոթել նման անհատների համար՝ փոխաբերական իմաստով «նորան[ց] իւղով օծե[լով] Տիրոջ անունովը». մի բան, որ շատ մեծ չափով նպաստում է հոգևոր ապաքինմանը (Յակոբոս 5։13–15; Սաղմոս 141։5)։
[նկար 31–րդ էջի վրա]
Զոհաբերություններից հետո ատլետները երդվում էին, որ տասը ամիս նվիրել են մարզումներին
[թույլտվությամբ]
Musée du Louvre, Paris
[թույլտվությամբ]
Copyright British Museum