Եհովան մեր Գերիշխան Տե՛րն է
«Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (ՍԱՂ. 73։28)։
1. Համաձայն 1 Կորնթացիներ 7։31-ի՝ ակներևաբար ինչի՞ն էր ակնարկում Պողոսը։
«ԱՅՍ աշխարհի տեսարանը փոխվում է»,— ասաց Պողոս առաքյալը (1 Կորնթ. 7։31)։ Ակներևաբար, նա աշխարհը նմանեցնում էր բեմի, որտեղ մինչև տեսարանը փոխվելը դերասանները խաղում են իրենց դերերը՝ մարմնավորելով լավ կամ վատ կերպարների։
2, 3. ա) Ինչի՞ հետ կարելի է համեմատել Եհովայի գերիշխանության դեմ սպառնալիքը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
2 Առայսօր մի շատ լուրջ դրամա է ընթանում, և դրա մեջ դու էլ ես ընդգրկված։ Այն հատկապես առնչվում է Եհովա Աստծու գերիշխանության արդարացմանը։ Այս դրաման կարելի է պատկերացնել մի երկրում տիրող իրավիճակով. երկրի օրինական կառավարությունը կարգուկանոն է պահպանում, իսկ պետության ներսում գործում է հանցագործ մի կազմակերպություն, որը խարդախությամբ է զբաղվում, բռնության է դիմում և սպանություններ է անում։ Այս անօրեն կազմակերպությունը սպառնում է կառավարության գերիշխանությանը և փորձում է այդ կառավարության բոլոր քաղաքացիների նվիրվածությունը։
3 Նման իրավիճակ է տիրում տիեզերական կառավարության մեջ։ Օրինականորեն հաստատված այդ կառավարության իշխանը «Գերիշխան Տեր Եհովան» է (Սաղ. 71։5)։ Սակայն մարդկանց այսօր սպառնում է հանցագործ մի կազմակերպություն, որի պարագլուխը «Չարն» է (1 Հովհ. 5։19)։ Այն սպառնում է Աստծու օրինական կառավարությանը և փորձում է բոլոր մարդկանց նվիրվածությունը Արարչի գերիշխանության հանդեպ։ Ինչպե՞ս այդպիսի իրավիճակ ստեղծվեց։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս այն։ Ի՞նչ կարող ենք անել մենք անհատապես։
Ինչ հարցեր են արծարծվում դրամայում
4. Տիեզերական դրամայում սերտորեն կապված ի՞նչ երկու հարցեր են արծարծվում։
4 Այս տիեզերական դրամայում արծարծվում են սերտորեն կապված երկու հարց՝ Եհովայի գերիշխանությունը և մարդկանց անարատությունը։ Սուրբ Գրքում Եհովան հաճախ կոչվում է «Գերիշխան Տեր»։ Լիովին վստահելով նրան՝ սաղմոսերգուն երգեց. «Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։ «Գերիշխանություն» բառը նշանակում է գերազանցություն ուժի և ղեկավարության մեջ։ Գերիշխանը գերագույն իշխանություն է բանեցնում։ Եհովա Աստծուն Գերիշխան համարելու համար մենք հիմնավոր պատճառներ ունենք (Դան. 7։22)։
5. Ինչո՞ւ պետք է մղվենք թիկունք կանգնելու Եհովայի գերիշխանությանը։
5 Որպես Արարիչ՝ Եհովա Աստված երկրի և ամբողջ տիեզերքի Գերիշխանն է (կարդա՛ Հայտնություն 4։11)։ Եհովան նաև Դատավոր է, Օրենսդիր և Թագավոր, քանի որ ինքն է հիմնադրել տիեզերական կառավարման դատական, օրենսդրական և գործադիր ճյուղերը (Ես. 33։22)։ Քանի որ մեր գոյությամբ պարտական ենք Աստծուն և կախված ենք նրանից, նրան պետք է համարենք մեր Գերիշխան Տերը։ Մենք կմղվենք թիկունք կանգնելու նրա բարձր դիրքին, եթե միշտ մտքում պահենք, որ «Եհովան իր գահը հաստատել է երկնքում, և նրա թագավորությունը տիրում է ամեն ինչի վրա» (Սաղ. 103։19; Գործ. 4։24)։
6. Ի՞նչ է անարատությունը։
6 Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելու համար մենք պետք է պահենք նրա նկատմամբ մեր անարատությունը։ «Անարատությունը» բարոյական անապականությունն է կամ ամբողջականությունը։ Անարատ մարդը նա է, ով անպարսավելի է ու արդար։ Հոբ նահապետը հենց այդպիսի մարդ էր (Հոբ 1։1)։
Ինչպես սկսվեց դրաման
7, 8. Ինչպե՞ս Սատանան կասկածի տակ դրեց Եհովայի գերիշխանության արդարացի լինելը։
7 Մոտ 6000 տարի առաջ մի ոգեղեն արարած կասկածի տակ դրեց Եհովայի գերիշխանության արդարացի լինելը։ Այդ ըմբոստի խոսքերի ու գործերի հիմքում ընկած էր երկրպագություն ստանալու եսասիրական ցանկությունը։ Նա դրդեց առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, անհավատարիմ գտնվելու Աստծու գերիշխանությանը և արատավորեց Եհովայի անունը՝ պնդելով, թե նա սուտ է խոսել (կարդա՛ Ծննդոց 3։1–5)։ Ըմբոստը դարձավ մեծ Թշնամի՝ Սատանա (հակառակորդ), Բանսարկու (զրպարտիչ), օձ (խաբեբա) և վիշապ (խժռող) (Հայտն. 12։9)։
8 Սատանան ինքն իրեն դարձրեց մրցակցող ղեկավար։ Ի՞նչ լուծում կտար Գերիշխան Տեր Եհովան՝ բախվելով այս խնդրին։ Անմիջապես կոչնչացնե՞ր երեք ապստամբներին՝ Սատանային, Ադամին ու Եվային։ Նա, անշուշտ, այդպես վարվելու զորություն ուներ և եթե գնար այդ քայլին, ապա կապացուցեր այն փաստը, որ ինքը ունի գերագույն զորություն։ Նաև կապացուցվեր, որ Եհովան ճիշտ էր ասել, որ օրենքը խախտելու դեպքում նրանք կպատժվեն։ Այդ դեպքում ինչո՞ւ Աստված հենց այդպես էլ չվարվեց։
9. Ի՞նչը հարցականի տակ դրեց Սատանան։
9 Սուտ խոսելով և Ադամին ու Եվային Աստծուց հեռացնելով՝ Սատանան հարցականի տակ դրեց այն, թե արդյոք Եհովան իրավունք ունի պահանջելու մարդկանցից հնազանդվել իրեն։ Ավելին, դրդելով առաջին մարդկային զույգին չհնազանդվել Աստծուն՝ Սատանան նաև հարցականի տակ դրեց բոլոր բանական արարածների հավատարմությունը։ Ինչպես երևում է Հոբի հետ պատահածից, որը հավատարիմ էր Եհովայի գերիշխանությանը, Սատանան պնդեց, թե ինքը կարող է բոլոր մարդկանց հեռացնել Աստծուց (Հոբ 2։1–5)։
10. Ի՞նչ թույլ տվեց Եհովան՝ հետաձգելով իր գերիշխանության հաստատումը։
10 Հետաձգելով իր գերիշխանության հաստատումը՝ Եհովան Սատանային ժամանակ տվեց՝ ապացուցելու իր պնդումները։ Աստված նաև մարդկանց հնարավորություն տվեց դրսևորելու իրենց հավատարմությունը իր գերիշխանության հանդեպ։ Ի՞նչ եղավ անցնող դարերի ընթացքում։ Սատանան ստեղծեց մի հզոր հանցագործ կազմակերպություն։ Եհովան ի վերջո կկործանի այն և Բանսարկուին՝ այդպիսով ապացուցելով, որ գերիշխանության իրավունքն իրենն է։ Աստված այնքան վստահ էր, որ արդյունքը դրական է լինելու, որ կանխագուշակեց այդ մասին, երբ ապստամբություն տեղի ունեցավ Եդեմում (Ծննդ. 3։15)։
11. Ի՞նչ են արել բազմաթիվ մարդիկ Եհովայի գերիշխանության առնչությամբ։
11 Բազմաթիվ մարդիկ հավատ են դրսևորել ու պահել են իրենց անարատությունը՝ Եհովայի գերիշխանության կողմը դիրք բռնելով և սրբացնելով նրա անունը։ Նրանց թվում են եղել Աբելը, Ենոքը, Նոյը, Աբրահամը, Սառան, Մովսեսը, Հռութը, Դավիթը, Հիսուսը, Քրիստոսի վաղ աշակերտները։ Այսօր էլ միլիոնավոր մարդիկ պահում են իրենց անարատությունը։ Աստծու գերիշխանության այս ջատագովները ապացուցում են, որ Սատանան ստախոս է, և մաքրում են Եհովայի անունը այն անարգանքից, որը Բանսարկուն է բերել՝ պարծենալով, թե կարող է բոլոր մարդկանց հեռացնել Աստծուց (Առակ. 27։11)։
Դրամայի ավարտը հայտնի է
12. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված անվերջ չի հանդուրժի ամբարշտությունը։
12 Կարող ենք վստահ լինել, որ շուտով Եհովան կհաստատի իր գերիշխանությունը։ Նա անվերջ չի հանդուրժի ամբարշտությունը, ու բացի այդ, գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում։ Եհովան քայլեր ձեռնարկեց, որպեսզի ոչնչացնի ամբարիշտ մարդկանց Ջրհեղեղի ժամանակ։ Նա կործանեց Սոդոմ և Գոմոր քաղաքները, ինչպես նաև փարավոնին ու իր զորքերին։ Սիսարան ու իր զորքը, Սենեքերիմն ու ասորական բանակը անզոր էին Բարձրյալի դեմ (Ծննդ. 7։1, 23; 19։24, 25; Ելք 14։30, 31; Դատ. 4։15, 16; 2 Թագ. 19։35, 36)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Եհովա Աստված հավերժ չի հանդուրժի այն անարգանքը, որ մարդիկ բերում են իր անվան վրա, և այն սխալ վերաբերմունքը, որ դրսևորում են իր Վկաների հանդեպ։ Ավելին, մենք այսօր տեսնում ենք Հիսուսի ներկայության ապացույցը և այս չար աշխարհի վախճանի նշանը (Մատթ. 24։3)։
13. Ինչպե՞ս կարող ենք խուսափել Աստծու թշնամիների հետ կործանվելուց։
13 Որպեսզի Աստծու թշնամիների հետ չկործանվենք, պետք է հավատարիմ մնանք Եհովայի գերիշխանությանը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հեռու մնալով Սատանայի ոճրագործ իշխանությունից և չվախենալով նրա համախոհների սպառնալիքներից (Ես. 52։11; Հովհ. 17։16; Գործ. 5։29)։ Միայն այդ դեպքում կարող ենք թիկունք կանգնել մեր երկնային Հոր գերիշխանության արդարացմանը և հույս ունենալ, որ կփրկվենք այն կործանումից, որը Եհովան կբերի, երբ մաքրի իր անունը անարգանքից և ցույց տա, որ ինքն է Տիեզերքի Գերիշխանը։
14. Ի՞նչ են բացահայտում Աստվածաշնչի տարբեր հատվածները։
14 Եհովայի գերիշխանության և մարդկությանն առնչվող մանրամասնությունները ներկայացված են ամբողջ Աստվածաշնչում։ Գրքի առաջին երեք գլուխները պատմում են արարչագործության, նաև այն մասին, թե ինչպես մարդը մեղքի մեջ ընկավ, մինչդեռ վերջին երեքը՝ թե ինչպես է նա ազատվելու մեղքից։ Իսկ դրանց միջև ընկած էջերում խոսվում է այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Գերիշխան Տեր Եհովան, որպեսզի իրականացնի իր նպատակը մարդկության, երկրի և տիեզերքի առնչությամբ։ «Ծննդոց» գիրքը պատմում է, թե ինչպես առաջ եկավ Սատանան և թե ինչպես չարությունը մտավ աշխարհ, իսկ «Հայտնություն» գրքի վերջին մասից տեղեկանում ենք, թե ինչպես են ամբարշտությունն ու Բանսարկուն ոչնչացվելու և ինչպես է Աստծու կամքը կատարվելու երկրի վրա, ինչպես որ կատարվել է երկնքում։ Այո՛, Աստվածաշունչը բացահայտում է մեղքի ու մահվան պատճառը և ասում, թե ինչպես են դրանք վերանալու երկրի «տեսարանից»։ Նաև նշում է, որ դրանց կփոխարինեն անսահման ուրախությունն ու հավիտենական կյանքը, որոնց կարժանանան նրանք, ովքեր պահում են իրենց անարատությունը։
15. Ի՞նչ պետք է անենք, որ անձամբ օգուտներ քաղենք, երբ դրաման ավարտվի։
15 Շուտով այս աշխարհի տեսարանը ամբողջությամբ կփոխվի։ Դրաման կավարտվի, և վարագույրը կիջնի։ Սատանան դուրս կնետվի բեմից և ի վերջո մոռացության կմատնվի, իսկ Աստծու կամքն, անպատճառ, կկատարվի։ Սակայն որպեսզի օգուտներ քաղենք և վայելենք այն բազմաթիվ օրհնությունները, որոնք նախագուշակվել են Աստծու Խոսքում, հիմա պետք է Եհովայի արդարության կողմը դիրք բռնենք։ Մենք չենք կարող պարզապես դիտորդներ լինել։ Որպեսզի կարողանանք ասել՝ «Եհովան իմ կողքին է», պետք է մնանք նրա կողքին (Սաղ. 118։6, 7)։
Մենք կարող ենք պահել մեր անարատությունը
16. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է անարատություն պահել Աստծու հանդեպ։
16 Մենք կարող ենք թիկունք կանգնել Եհովայի գերիշխանությանը և պահել մեր անարատությունը, քանի որ Պողոս առաքյալը հետևյալ վստահեցումն է տվել. «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց։ Բայց Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթ. 10։13)։ Իսկ ի՞նչն է Պողոսի նշած փորձության պատճառը, և ինչպե՞ս է Աստված ելք տալիս մեզ։
17-19. ա) Ի՞նչ փորձության մեջ ընկան իսրայելացիները անապատում դեգերելու ժամանակ։ բ) Ինչո՞ւ է հնարավոր անարատություն պահել Եհովայի հանդեպ։
17 Ինչպես երևում է իսրայելացիների օրինակից, որոնք դեգերում էին անապատում, «փորձության» պատճառը այն հանգամանքներն են, որոնք կարող են դրդել մեզ խախտելու Աստծու օրենքը (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։6–10)։ Իսրայելացիները կարող էին դիմադրել փորձությանը, սակայն նրանք «վնասակար բաներ» ցանկացան, երբ Եհովան հրաշքով նրանց մեկ ամսվա լոր տվեց։ Թեև ժողովուրդը որոշ ժամանակ միս չուներ ուտելու, բայց Աստված նրանց բավականաչափ մանանա էր տվել։ Նրանց համար փորձություն դարձավ այն, որ լորերը հավաքելիս տեղիք տվեցին անզուսպ ագահությանը (Թվեր 11։19, 20, 31–35)։
18 Ավելի վաղ, մինչ Մովսեսը Սինա լեռան վրա ստանում էր Օրենքը, իսրայելացիները դարձան կռապաշտներ՝ երկրպագելով հորթին ու տրվելով մարմնական հաճույքներին։ Իրենց տեսանելի առաջնորդի բացակայության ժամանակ փորձությունը դուրս եկավ հսկողությունից (Ելք 32։1, 6)։ Ավետյաց երկիր մտնելու շեմին հազարավոր իսրայելացիներ հրապուրվեցին մովաբացի կանանցով, որոնց հետ անբարոյություն գործեցին։ Այդ մեղքի պատճառով հազարավոր իսրայելացիներ մահացան (Թվեր 25։1, 9)։ Ժամանակ առ ժամանակ իսրայելացիների համար գանգատվելն ու ըմբոստանալն էր դառնում փորձություն. մի առիթով նրանք խոսեցին Մովսեսի և Աստծու դեմ (Թվեր 21։5)։ Իսրայել ժողովուրդը Կորխի, Դաթանի, Աբիրոնի և նրանց համախոհների ոչնչացումից հետո նույնիսկ տրտնջաց՝ մտածելով, թե ըմբոստների կործանումն անարդարացի էր։ Արդյունքում 14700 հոգու վրա եկավ Աստծու պատիժը (Թվեր 16։41, 49)։
19 Ինչպես տեսնում ենք, իսրայելացիները չէին բախվում այնպիսի փորձությունների, որոնց դիմադրելն անհնար էր։ Ժողովուրդը փորձության ժամանակ սայթաքում էր, քանի որ կորցրել էր հավատը և մոռացել էր Եհովային, նրա հոգատարությունը, սերը և արդար ճանապարհները։ Ինչպես իսրայելացիների պարագայում էր, փորձությունները, որոնց մենք բախվում ենք այսօր, մյուս մարդկանց էլ են պատահում։ Եթե դրանց դիմադրելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրենք և օգնության համար ապավինենք Աստծուն, կկարողանանք պահել մեր անարատությունը։ Մենք կարող ենք վստահել նրան, քանի որ «Աստված հավատարիմ է» և թույլ չի տա, որ մեր «կարողությունից վեր փորձվենք»։ Եհովան երբեք թույլ չի տա, որ հայտնվենք այնպիսի հանգամանքներում, որ անհնար լինի կատարել իր կամքը (Սաղ. 94։14)։
20, 21. Երբ փորձվում ենք, ինչպե՞ս է Աստված «ելք տալիս»։
20 Զորացնելով մեզ, որ կարողանանք դիմադրել փորձությանը՝ Եհովան «ելք է տալիս»։ Օրինակ՝ հակառակորդները կարող են ֆիզիկական ուժ գործադրել, որ հրաժարվենք մեր հավատից։ Այս վերաբերմունքը կարող է կանգնեցնել մեզ զիջումների գնալու փորձության առաջ, որպեսզի խուսափենք ծեծերից, տանջանքներից կամ հավանական մահից։ Սակայն համաձայն Պողոսի ներշնչված խոսքերի՝ արձանագրված 1 Կորնթացիներ 10։13-ում, մենք գիտենք, որ ստեղծված հանգամանքները, որոնք բերում են փորձության, ժամանակավոր են։ Եհովան թույլ չի տա, որ փորձությունը հասնի այն կետին, որ չկարողանանք հավատարիմ մնալ իրեն։ Աստված կարող է զորացնել մեր հավատը և հոգևորապես ամրացնել մեզ, որ պահենք մեր անարատությունը։
21 Եհովան աջակցում է մեզ իր սուրբ ոգու միջոցով։ Այդ ոգին նաև հիշեցնում է սուրբգրային մտքեր, որոնք անհրաժեշտ են փորձությունը հաղթահարելու համար (Հովհ. 14։26)։ Արդյունքն էլ լինում է այն, որ չենք հետևում սխալ ընթացքի։ Օրինակ՝ մենք հասկանում ենք Եհովայի գերիշխանությանն ու մարդկության անարատությանը առնչվող հարցերը։ Այդ գիտելիքների շնորհիվ շատերը զորացել են Աստծու կողմից, որ հավատարիմ մնան մինչև մահ։ Սակայն նրանց համար ելքը մահը չէր. Եհովայի օգնության շնորհիվ էր, որ նրանք կարողացան տոկալ մինչև վերջ՝ առանց փոխզիջումների գնալու։ Աստված նույնը կարող է անել մեզ համար։ Իրականում, նա նաև իր հավատարիմ հրեշտակներին է օգտագործում որպես հանրային ծառայողներ մեր բարօրության համար, որոնք «ուղարկված են ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, միայն անարատություն պահողները կարող են հույս ունենալ, որ կարժանանան Աստծու գերիշխանությանը հավիտյան թիկունք կանգնելու մեծ առանձնաշնորհմանը։ Մենք կլինենք նրանց թվում, եթե կառչենք Եհովայից՝ մեր Գերիշխան Տիրոջից։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ պետք է Եհովային ընդունենք որպես մեր Գերիշխան Տիրոջ։
• Ի՞նչ է նշանակում անարատություն պահել Աստծու հանդեպ։
• Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան շուտով կհաստատի իր գերիշխանությունը։
• Համաձայն 1 Կորնթացիներ 10։13-ի՝ ինչո՞ւ է հնարավոր անարատություն պահել։
[նկար 24-րդ էջի վրա]
Սատանան դրդեց Ադամին ու Եվային անհավատարիմ գտնվելու Եհովայի հանդեպ
[նկար 26-րդ էջի վրա]
Եղիր վճռական Եհովայի գերիշխանության կողմը դիրք բռնելու հարցում