ԴԱՍ 35
Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ
Մենք բոլորս որոշումներ ենք կայացնում։ Դրանցից շատերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչպես մեզ, այնպես էլ Եհովայի հետ ունեցած մեր մտերմության վրա։ Օրինակ՝ երբեմն հարկավոր է որոշել, թե որտեղ ենք ապրելու, ինչպես ենք հոգալու մեր կարիքները կամ ամուսնանալու ենք, թե ոչ։ Երբ ճիշտ որոշումներ ենք կայացնում, երջանիկ ենք լինում և հաճեցնում ենք Եհովային։
1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ ճիշտ որոշումներ կայացնել
Նախքան որոշում կայացնելը Եհովայից աղոթքով օգնություն խնդրիր և քննիր Աստվածաշունչը, որ տեսնես, թե նա ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ (կարդա Առակներ 2։3–6)։ Որոշ հարցերի վերաբերյալ Եհովան հստակ հրահանգներ է տալիս։ Այդպիսի դեպքերում հնազանդվելն ամենաճիշտ որոշումը կլինի։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե Աստվածաշնչում հստակ գրված չէ, թե ինչ է պետք անել։ Այդ դեպքում նույնպես Եհովան կառաջնորդի քեզ «այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս։ Աստծու Խոսքում կարող ես գտնել սկզբունքներ, որոնք կառաջնորդեն քեզ։ Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնք արտացոլում են Աստծու մտքերն ու զգացմունքները։ Հաճախ մենք հասկանում ենք տվյալ հարցի առնչությամբ Աստծու տեսակետը, երբ կարդում ենք աստվածաշնչյան որևէ պատմություն։ Եհովայի տեսակետը հասկանալուց հետո մենք կկարողանանք նրան հաճելի որոշում կայացնել։
2. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես նախքան որոշում կայացնելը
Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Դա նշանակում է՝ որոշում կայացնելիս չպետք է շտապենք։ Ծանրութեթև արա բոլոր տարբերակները և հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքն է առնչվում այս հարցին։ Ո՞ր որոշումը կտա ինձ մտքի խաղաղություն։ Որոշումս ինչպե՞ս կազդի ուրիշների վրա։ Ամենակարևորը՝ Եհովային հաճելի կլինի՞ այն» (2 Օրենք 32։29)։
Եհովան իրավունք ունի ասելու մեզ, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Երբ սովորում ենք նրա օրենքներն ու սկզբունքները և վճռում ենք հետևել դրանց, այդպիսով մարզում ենք մեր խիղճը։ Խիղճը ճշտի ու սխալի մեր ներքին զգացողությունն է (Հռոմեացիներ 2։14, 15)։ Մարզված խիղճը կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնենք։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ուշադրություն դարձրու, թե աստվածաշնչյան չափանիշները և խիղճը ինչպես են օգնում ճիշտ որոշումներ կայացնել։
3. Թույլ տուր, որ Աստվածաշունչն առաջնորդի քեզ
Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել որոշումներ կայացնելիս։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Ի՞նչ է ազատ կամքը։
Ինչո՞ւ է Եհովան մեզ ազատ կամք տվել։
Որպեսզի լավագույնս օգտագործենք մեր ազատ կամքը, ինչե՞ր է նա մեզ տվել։
Աստվածաշնչյան մի սկզբունք տեսնելու համար կարդացեք Եփեսացիներ 5։15, 16։ Այնուհետև քննարկեք, թե ինչպես կարող ես «գնել հարմար ժամանակը», որպեսզի՝
կանոնավոր ընթերցես Աստվածաշունչը
դառնաս ավելի լավ կողակից, ծնող, որդի կամ դուստր
հաճախես ժողովի հանդիպումներին
4. Մարզիր խիղճդ, որ ճիշտ որոշումներ կայացնես
Երբ հստակ աստվածաշնչյան պատվեր կա մեզ հուզող հարցի վերաբերյալ, հեշտ է հասկանալ, թե որն է ճիշտը։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Քույրն ի՞նչ քայլեր ձեռնարկեց, որպեսզի մարզի իր խիղճը և Եհովային հաճելի որոշում կայացնի։
Ինչո՞ւ չպետք է ուրիշներին խնդրենք մեր փոխարեն որոշում կայացնել։ Կարդացեք Եբրայեցիներ 5։14 և քննարկեք հետևյալ հարցերը։
Թեպետ թվում է՝ ավելի հեշտ է ուրիշներին խնդրել մեր փոխարեն որոշում կայացնել, սակայն մենք ի՞նչ պետք է կարողանանք անել։
Ի՞նչը կարող է քեզ օգնել մարզել խիղճդ և ճիշտ որոշումներ կայացնել։
5. Հարգիր ուրիշների խիղճը
Նույն հարցի վերաբերյալ տարբեր մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել։ Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։ Քննենք երկու իրավիճակ։
Իրավիճակ 1։ Մի քույր, ով սիրում է շպարվել, տեղափոխվում է այնպիսի ժողով, որտեղ շատերի համար դա անընդունելի է։
Կարդացեք Հռոմեացիներ 15։1 և 1 Կորնթացիներ 10։23, 24 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Հաշվի առնելով այս համարները՝ գուցե ի՞նչ որոշում կայացնի այդ քույրը։ Ինչպե՞ս կվարվես, եթե քո խիղճը թույլ տա անել մի բան, ինչը դիմացինիդ խիղճն արգելում է։
Իրավիճակ 2։ Եղբայրը գիտի, որ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր օգտագործումը, սակայն որոշում է կայացրել ընդհանրապես չխմել։ Նրան հավաքույթի են հրավիրել։ Այնտեղ նա տեսնում է, որ եղբայրներն ալկոհոլային խմիչք են օգտագործում։
Կարդացեք Ժողովող 7։16 և Հռոմեացիներ 14։1, 10 համարները ու քննարկեք հետևյալ հարցերը։
Հաշվի առնելով այս համարները՝ եղբայրը գուցե ի՞նչ որոշում կայացնի։ Ինչպե՞ս կվարվես, երբ տեսնես, որ ինչ-որ մեկն այնպիսի բան է անում, որը քո խիղճը դատապարտում է։
Ո՞ր քայլերը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել
1. Եհովային խնդրիր, որ քեզ օգնի ճիշտ որոշում կայացնել (Հակոբոս 1։5)։
2. Փնտրտուքներ արա Աստվածաշնչում և աստվածաշնչյան հրատարակություններում, որպեսզի քո հարցին առնչվող սկզբունքներ գտնես։ Նաև կարող ես խորհրդակցել փորձառու քրիստոնյաների հետ։
3. Մտածիր, թե ինչ ազդեցություն կունենա որոշումդ քո և ուրիշների խղճի վրա։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Արա այն, ինչ ուզում ես։ Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում»։
Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք թե՛ Աստծու, թե՛ մարդկանց զգացմունքները։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մենք կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել, երբ հասկանանք տվյալ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը, ինչպես նաև մտածենք՝ մեր արարքները ուրիշների համար օգտակար կլինեն, թե վնասակար։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային։
Ինչպե՞ս կարող ես մարզել խիղճդ։
Ինչպե՞ս կարող ես հարգել ուրիշների խիղճը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կամրացնեն Եհովայի հետ քո ընկերությունը։
«Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» («Դիտարան», 2011 թ. ապրիլի 15)
Ավելին իմացիր այն մասին, թե Եհովան ինչպես է մեզ խորհուրդներ տալիս։
Մի մարդ կանգնած էր բարդ խնդրի առաջ։ Տես, թե ինչն օգնեց նրան որոշում կայացնել։
Ավելին իմացիր, թե ինչպես կարող ես հաճեցնել Աստծուն, եթե տվյալ հարցի կապակցությամբ նա հստակ առաջնորդություն չի տվել։
«Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք» («Դիտարան», 2003 թ. դեկտեմբերի 1)