Հիշատակի երեկոն և մեր առանձնահատուկ միասնությունը
«Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (ՍԱՂ. 133։1)։
1, 2. 2018 թվականի ո՞ր իրադարձությունն է ակնհայտ դարձնելու մեր միասնությունը, և ինչո՞ւ ենք այդպես ասում (տես հոդվածի սկզբի նկարը)։
2018 ԹՎԱԿԱՆԻ մարտի 31-ին, երբ արևը սկսի մայր մտնել, Աստծու ժողովուրդը և բազմաթիվ հետաքրքրվող անձինք կհավաքվեն Տիրոջ ընթրիքին, որը նշվում է ամեն տարի։ Մինչ Երկիր մոլորակը կպտտվի իր առանցքի շուրջ, աշխարհի տարբեր մասերում միլիոնավոր մարդիկ կնշեն Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն։ Սա Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող առանձնահատուկ միջոցառում է, որը զարմանալի կերպով միավորում է բյուրավոր մարդկանց։
2 Միայն պատկերացրու՝ որքան են ուրախանում Եհովան ու Հիսուսը, երբ տեսնում են, թե ինչպես են երկրագնդի տարբեր ժամային գոտիներում միլիոնավոր մարդիկ ներկա լինում այդ հատուկ միջոցառմանը, մինչ օրը մոտենում է ավարտին։ Ինչպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում, «բոլոր ազգերին, ցեղերին, ժողովուրդներին և լեզուներին» պատկանող «մարդկանց մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարողանալու հաշվել», բացականչելու էր. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը» (Հայտն. 7։9, 10)։ Այո՛, Հիշատակի երեկոն հիանալի առիթ է։ Դրա միջոցով մենք պատվում ենք Եհովային ու Հիսուսին։
3. Այս հոդվածում ո՞ր հարցերի պատասխանները կտրվեն։
3 Այս հոդվածում կտրվեն մի քանի հարցերի պատասխաններ։ 1) Յուրաքանչյուրս ինչպե՞ս կարող է պատրաստվել Հիշատակի երեկոյին և օգուտ քաղել՝ մասնակցելով դրան։ 2) Ինչպե՞ս է այդ միջոցառումը ազդում Աստծու ժողովրդի միասնության վրա։ 3) Ինչպե՞ս ամեն մեկս կարող է նպաստել այդ միությանը։ 4) Արդյո՞ք մի օր մենք վերջին անգամ կնշենք Հիշատակի երեկոն։ Եթե այո, ապա ե՞րբ կլինի դա։
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՎ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ
4. Մեզ համար ինչո՞ւ է կարևոր ներկա լինել Հիշատակի երեկոյին։
4 Եկեք մտածենք այն մասին, թե որքան կարևոր է ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Ժողովի հանդիպումները մեր երկրպագության մի մասն են։ Եհովան ու Հիսուսը անշուշտ նկատում են, թե ովքեր են ջանք թափում՝ ներկա լինելու տարվա այդ կարևոր հանդիպմանը։ Ինչ խոսք, մենք ուզում ենք ներկա լինել Հիշատակի երեկոյին, եթե, իհարկե, մեր առողջական վիճակը կամ այլ հանգամանքներ լուրջ խոչընդոտ չեն դրա համար։ Երբ գործերով ցույց ենք տալիս, որ մեզ համար անչափ կարևոր է հավաքվել ու երկրպագել Եհովային, նա ևս մեկ պատճառ է ունենում մեր անունը պահելու իր «հիշատակի գրքում»՝ «կյանքի գրքում», որտեղ գրված են այն մարդկանց անունները, ովքեր հավիտենական կյանք ստանալու հնարավորություն ունեն (Մաղ. 3։16; Հայտն. 20։15)։
5. Հիշատակի երեկոյին նախորդող օրերին ինչպե՞ս կարող ենք «ստուգել, թե արդյոք հավատի մեջ ենք»։
5 Հիշատակի երեկոյին նախորդող օրերին մենք կարող ենք ժամանակ տրամադրել, որ աղոթենք ու խորապես մտածելով՝ քննենք Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունները (կարդա 2 Կորնթացիներ 13։5)։ Ինչպե՞ս դա անենք։ «Ստուգելով, թե արդյոք հավատի մե՞ջ ենք»։ Դրա համար լավ կլինի, որ ինքներս մեզ հարցնենք. «Իրո՞ք հավատում եմ, որ ես պատկանում եմ այն միակ կազմակերպությանը, որին Եհովան հավանություն է տվել ու հանձնարարել է կատարել իր կամքը։ Ամեն ջանք թափո՞ւմ եմ, որ քարոզեմ Թագավորության բարի լուրը և սովորեցնեմ մարդկանց։ Իսկապես հավատո՞ւմ եմ, որ ապրում ենք վերջին օրերում, և որ Սատանայի իշխանության վերջը մոտ է։ Իմ գործերից երևո՞ւմ է, որ համոզված եմ դրանում։ Եհովայի և Հիսուսի հանդեպ ունե՞մ նույն վստահությունը, որն ունեի այն ժամանակ, երբ կյանքս նվիրեցի Աստծուն» (Մատթ. 24։14; 2 Տիմոթ. 3։1; Եբր. 3։14)։ Նման հարցերի շուրջ խորհրդածելը կօգնի, որ շարունակ փորձենք ինքներս մեզ և իմանանք, թե իրականում ով ենք մենք։
6. ա) Ո՞րն է կյանքի տանող միակ ուղին։ բ) Մի երեց ինչպե՞ս է ամեն տարի պատրաստվում Հիշատակի երեկոյին, և նրա օրինակը մեզ ի՞նչ անելու է մղում։
6 Խորհրդածելով կարդա այնպիսի սուրբգրային նյութեր, որոնցում ընդգծվում է Հիշատակի երեկոյի կարևորությունը (կարդա Հովհաննես 3։16; 17։3)։ Հավիտենական կյանքի տանող միակ ուղին բռնելու համար անհրաժեշտ է ճանաչել Եհովային և հավատ դրսևորել Հիսուսի՝ նրա միածին Որդու հանդեպ։ Հիշատակի երեկոյին պատրաստվելու համար կարելի է ուսումնասիրության ծրագրեր կազմել, որոնք կօգնեն քեզ ավելի մտերմանալ Եհովայի ու Հիսուսի հետ։ Տեսնենք, թե ինչ է անում մի եղբայր, որը երկար ժամանակ որպես երեց է ծառայում։ Տարիների ընթացքում նա հավաքել է «Դիտարանի» այն հոդվածները, որոնցում հանգամանորեն քննարկվում է Հիշատակի երեկոյի թեման և խոսվում է այն սիրո մասին, որ Եհովան ու Հիսուսը դրսևորել են մեր հանդեպ։ Ամեն տարի՝ Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթների ընթացքում, նա նորից կարդում է իր հավաքած հոդվածները և մտածում այդ միջոցառման կարևորության մասին։ Երբեմն նա թարմացնում է իր հավաքածուն՝ ավելացնելով նոր հոդվածներ։ Եղբայրն ասում է, որ երբ կրկին ընթերցում է այդ հոդվածներն ու Հիշատակի երեկոյին առնչվող աստվածաշնչյան հատվածները և խորհրդածում է կարդացածի շուրջ, նոր բաներ է սովորում։ Եվ որ ամենակարևորն է, նա զգում է, թե ինչպես է իր սերը Եհովայի ու Հիսուսի հանդեպ տարեցտարի մեծանում։ Ուսումնասիրության նման ծրագիրը կարող է օգնել քեզ խորացնել սերդ ու գնահատանքդ Եհովայի ու Հիսուսի հանդեպ և ավելի մեծ օգուտ քաղել Հիշատակի երեկոյից։
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՆ ԵՎ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
7. ա) Հիսուսն ինչի՞ մասին աղոթեց այն գիշեր, երբ հաստատեց Տիրոջ ընթրիքը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան պատասխանել է Հիսուսի աղոթքին։
7 Այն գիշեր, երբ Հիսուսը հաստատեց Տիրոջ ընթրիքը, նա աղոթեց, որ իր բոլոր հետևորդները միասնական լինեն՝ ունենան այն նույն միասնությունը, որ վայելում են ինքն ու իր Հայրը (կարդա Հովհաննես 17։20, 21)։ Եհովան իսկապես պատասխանել է իր թանկագին Որդու աղոթքին։ Այժմ միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Եհովան ուղարկել է իր Որդուն։ Աստծու ժողովուրդը զանազան հանդիպումներ է անցկացնում, սակայն Հիշատակի երեկոն առանձնահատուկ ձևով է ապացուցում, որ Եհովայի վկաները միասնական են։ Տարբեր ազգերի պատկանող ու մաշկի տարբեր գույներ ունեցող մարդիկ աշխարհի բազմաթիվ վայրերում հավաքվում են՝ անցկացնելու այդ միջոցառումը։ Որոշ վայրերում տարբեր ռասաների պատկանող մարդկանց այսպիսի կրոնական հավաքույթը շատերի համար չլսված բան է, ոմանց համար էլ՝ անընդունելի։ Սակայն Եհովան ու Հիսուսը թանկ են գնահատում այս միասնությունը։
8. Եհովան ի՞նչ լուր հայտնեց Եզեկիելին։
8 Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք չենք զարմանում, որ միասնական ենք։ Չէ՞ որ Եհովան նախապես հայտնել է դրա մասին։ Նկատի առնենք, թե նա ինչ լուր հաղորդեց Եզեկիել մարգարեին՝ պատվիրելով, որ երկու փայտ վերցնի, մեկը՝ Հուդայի համար, մյուսը՝ Հովսեփի, և դրանք միացնի իրար (կարդա Եզեկիել 37։15–17)։ «Դիտարանի» 2016 թ. հուլիսի համարում տպագրված «Ընթերցողների հարցերը» հոդվածում կարդում ենք հետևյալ բացատրությունը. «Եհովան Եզեկիելին հուսադրող լուր հայտնեց՝ խոստանալով, որ Իսրայել ազգը Ավետյաց երկիր վերադառնալուց հետո կմիավորվի։ Այդ խոսքերը նաև կանխագուշակում են Աստծու ժողովրդի միավորումը, որը սկսել է կատարվել վերջին օրերում»։
9. Եզեկիելի մարգարեության կատարումը ինչպե՞ս է ամեն տարի ակնհայտ դառնում Հիշատակի երեկոյին։
9 1919 թ.-ից Եհովան նախ աստիճանաբար վերակազմակերպեց ու վերամիավորեց օծյալներին, որոնք փոխաբերական իմաստով նման են Հուդայի փայտին։ Իսկ հետո, երբ օծյալներին միացան երկրային կյանքի հույս ունեցող ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք փոխաբերական իմաստով նման են Հովսեփի փայտին, երկու խմբերը դարձան «մեկ հոտ» (Հովհ. 10։16; Զաք. 8։23)։ Եհովան խոստացավ միացնել այդ երկու փայտերը և իր ձեռքում մեկ փայտ դարձնել (Եզեկ. 37։19)։ Այժմ երկու խմբերն էլ միասնաբար ծառայում են փառավորված Հիսուս Քրիստոսի՝ մեր Թագավորի իշխանության ներքո, ով մարգարեաբար կոչվեց Աստծու «ծառա Դավիթ» (Եզեկ. 37։24, 25)։ «Եզեկիել» գրքում նկարագրված անգին միասնությունը ամեն տարի հստակ երևում է այն ժամանակ, երբ օծյալների մնացորդը և «ուրիշ ոչխարները» միասին հավաքվում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։ Սակայն ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը, որ պահպանի այդ միասնությունը և նպաստի դրան։
ԻՆՉՊԵՍ ՆՊԱՍՏԵՆՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ
10. Ինչպե՞ս կարող ենք նպաստել Աստծու ժողովրդի միասնությանը։
10 Ինչպե՞ս նպաստենք Աստծու ժողովրդի միասնությանը։ Դա անելու ձևերից մեկը խոնարհություն զարգացնելն է։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր աշակերտներին հորդորեց խոնարհեցնել իրենց (Մատթ. 23։12)։ Եթե սրտով խոնարհ լինենք, չենք դրսևորի մեծամտության ոգի, որը տարածված է աշխարհում։ Խոնարհությունը կմղի մեզ հնազանդվելու նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում մեր մեջ։ Հնազանդության ոգին անհրաժեշտ է ժողովի միասնությունը պահպանելու համար։ Իսկ ամենակարևորն այն է, որ խոնարհ լինելով՝ կհաճեցնենք Աստծուն, չէ՞ որ նա «հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (1 Պետ. 5։5)։
11. Հիշատակի երեկոյի խորհրդանիշների նշանակության մասին մտածելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ նպաստելու մեր միասնությանը։
11 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք նպաստել մեր միասնությանը։ Դա կարող ենք անել՝ մտածելով Հիշատակի երեկոյին օգտագործվող խորհրդանիշների իմաստի շուրջ։ Այդ հատուկ երեկոյից առաջ և հենց այդ երեկո լրջորեն խորհրդածիր այն մասին, թե ինչ նշանակություն ունեն անթթխմոր հացն ու կարմիր գինին (1 Կորնթ. 11։23–25)։ Հացը խորհրդանշում է Հիսուսի՝ մեղքից զերծ մարմինը, որը նա զոհեց մեզ համար, իսկ գինին՝ նրա թափած արյունը։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես մտքով հասկանանք, թե ինչ են նշանակում այս խորհրդանիշները։ Պետք է հիշենք, որ Քրիստոսի քավիչ զոհը սիրո մեծագույն դրսևորումների ապացույցն է՝ այն սիրո, որ ցույց տվեց Եհովան՝ մեզ համար տալով իր Որդուն, և այն սիրո, որ դրսևորեց Հիսուսը՝ իր կյանքը հոժար կամքով զոհելով մեզ համար։ Նրանց սիրո մասին մտածելը պետք է մղի մեզ սիրելու նրանց։ Իսկ այն սերը, որ մենք ու մեր հավատակիցները տածում ենք Եհովայի հանդեպ, միավորում է մեզ և ամրացնում է մեր միասնության կապը։
12. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան մեզնից ակնկալում է ներողամիտ լինել։
12 Միասնությանը նպաստելու երրորդ ձևը ուրիշներին մեծահոգաբար ներելն է։ Երբ ներում ենք նրանց, ովքեր վիրավորում են մեզ, դրանով ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը այն բանի համար, որ Եհովան ներում է մեր մեղքերը, ինչը հնարավոր դարձավ Քրիստոսի քավիչ զոհի շնորհիվ։ Մտածիր Հիսուսի պատմած առակի մասին, որն արձանագրված է Մատթեոս 18։23–34 համարներում։ Ինքդ քեզ հարցրու. «Ցանկանո՞ւմ եմ կիրառել այն, ինչ սովորեցրեց Հիսուսը։ Համբերատա՞ր եմ իմ ծառայակիցների հանդեպ։ Ձգտո՞ւմ եմ հասկանալ նրանց։ Պատրա՞ստ եմ ներելու այն անհատներին, ովքեր մեղք են գործում իմ դեմ»։ Ճիշտ է, մեղքերը տարբեր աստիճանի ծանրություն ունեն, և անկատար մարդկանց համար շատ դժվար է ներել որոշ մեղքեր։ Սակայն այս առակից իմանում ենք, թե Եհովան ինչ է մեզնից ակնկալում (կարդա Մատթեոս 18։35)։ Հիսուսը հստակ ցույց տվեց, որ Եհովան մեզ չի ների, եթե չներենք մեր եղբայրներին, երբ դրա համար հիմնավոր պատճառ կա։ Սա իսկապես սթափեցնող միտք է։ Երբ Հիսուսի հորդորին հետևելով՝ մենք ներում ենք ուրիշներին, դրանով պաշտպանում ու պահպանում ենք մեր անգին միասնությունը։
13. Խաղաղարար լինելը ինչպե՞ս է նպաստում մեր միասնությանը։
13 Երբ ներում ենք ուրիշներին, փաստում ենք, որ խաղաղարար ենք։ Հիշենք Պողոս առաքյալի խորհուրդը, որ պետք է «ամեն կերպ ձգտենք պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։3)։ Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանում և հենց այդ երեկո խորապես մտածիր այն մասին, թե ինչպես ես վերաբերվում ուրիշներին։ Ինքդ քեզ հարցրու. «Իմ պահվածքից հստակ երևո՞ւմ է, որ ես ոխ պահող չեմ։ Հայտնի՞ եմ որպես այնպիսի մարդ, ով ամեն ջանք թափում է խաղաղությանն ու միասնությանը նպաստելու համար»։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց շուրջ հարկավոր է խորհել այդ ժամանակաշրջանում։
14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ «սիրով միմյանց համբերում ենք»։
14 Միասնությանը նպաստելու համար պետք է նաև սեր դրսևորենք՝ ընդօրինակելով Եհովային՝ սիրո Աստծուն (1 Հովհ. 4։8)։ Թող որ երբեք մեր հավատակիցների մասին չասենք. «Գուցե պետք է սիրեմ նրանց, բայց պարտադիր չէ, որ նրանց հավանեմ»։ Նման մտածելակերպը հակասում է Պողոսի այն խորհրդին, որ պետք է «սիրով միմյանց համբերենք» (Եփես. 4։2)։ Ուշադրություն դարձրու. նա չասաց, թե պետք է պարզապես «միմյանց համբերենք», այլ նշեց, որ դա պետք է անենք «սիրով»։ Դրանք տարբեր բաներ են։ Մեր ժողովներում կան ամեն տեսակ մարդիկ, որոնց Եհովան ձգել է դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Քանի որ Եհովան ձգել է նրանց, նշանակում է՝ լավ բան է տեսել նրանց մեջ։ Հետևաբար մենք չպետք է դատենք մեր հավատակցին՝ համարելով, որ նա արժանի չէ մեր սիրուն։ Մենք չպետք է նրան զրկենք այն սիրուց, որը Եհովան պատվիրում է ցուցաբերել (1 Հովհ. 4։20, 21)։
Ե՞ՐԲ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵԿՈՆ
15. Որտեղի՞ց գիտենք, որ մի օր կլինի Հիշատակի վերջին երեկոն։
15 Մի օր կլինի Հիշատակի վերջին երեկոն։ Որտեղի՞ց դա գիտենք։ Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին գրեց, որ երբ նրանք ամեն տարի հիշում են Հիսուսի մահը, այդպես «հռչակում են Տիրոջ մահը, մինչև որ նա գա» (1 Կորնթ. 11։26)։ «Գա» բառը վերաբերում է նույն իրադարձությանը, որը նշված է աշխարհի վերջին առնչվող Հիսուսի մարգարեության մեջ, որտեղ նա հիշատակեց իր «գալը»։ Խոսելով մեծ նեղության մասին, որը շատ մոտ է՝ նա ասաց. «Մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և երկրի բոլոր ցեղերը կողբան և կուրծք կծեծեն ու մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս։ Նա կուղարկի իր հրեշտակներին փողի մեծ ձայնով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը» (Մատթ. 24։29–31)։ Ընտրյալներին հավաքելու մասին խոսքերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ երկրի վրա գտնվող բոլոր օծյալները կստանան իրենց երկնային մրցանակը։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ավարտված կլինի մեծ նեղության սկզբնական փուլը, սակայն Արմագեդոն պատերազմը դեռ սկսված չի լինի։ Այնուհետև բոլոր 144 000 ընտրյալները Հիսուսի հետ կհաղթեն երկրի թագավորներին (Հայտն. 17։12–14)։ Հիշատակի այն երեկոն, որը կանցկացվի նախքան Հիսուսի գալը և օծյալներին երկնքում հավաքելը, կլինի վերջինը։
16. Ինչո՞ւ ես վճռել այս տարի ներկա լինել Հիշատակի երեկոյին։
16 Եկեք վճռենք ներկա լինել 2018 թ. մարտի 31-ին կայանալիք Հիշատակի երեկոյին և օգուտ քաղել դրանից։ Նաև խնդրենք Եհովային, որ օգնի մեզ նպաստել իր ժողովրդի միասնությանը (կարդա Սաղմոս 133։1)։ Չմոռանանք, որ մի օր վերջին անգամ կնշենք Հիշատակի երեկոն։ Մինչ այդ եկեք ամեն ջանք թափենք, որ ներկա լինենք այդ միջոցառմանը, և թանկ գնահատենք դրա ժամանակ ակնհայտ դարձող մեր միասնությունը։