Ի՞նչ նշանակություն ունի Տերունական ընթրիքը քեզ համար
«Ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 11։27)։
1. Ո՞րն է 2003 թ. ամենակարևոր միջոցառումը, և որտեղի՞ց է ծագել այն։
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՐԵՔ թվականի ամենակարևոր միջոցառումը նախատեսված է անցկացնել ապրիլի 16–ին՝ մայրամուտից հետո։ Այդ օրը Եհովայի վկաները հավաքվելու են, որպեսզի նշեն Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակը։ Ինչպես նախորդ հոդվածում ցույց տրվեց, Հիսուսն այդ արարողությունը, որ այլ կերպ կոչվում է Տերունական ընթրիք, հաստատեց այն բանից հետո, երբ իր առաքյալների հետ մ.թ. 33–ի նիսան ամսվա 14–ին նշեց Պասեքը։ Հիշատակի երեկոյի խորհրդանիշները՝ անթթխմոր հացը և կարմիր գինին, ներկայացնում են Քրիստոսի անմեղ մարմինը և նրա թափած արյունը. նրա տված զոհը միակն է, որ կարող է մարդկությանը ազատել մեղքից և մահից (Հռովմայեցիս 5։12; 6։23)։
2. Ի՞նչ նախազգուշացում է գրված Ա Կորնթացիս 11։27–ում։
2 Այն անհատները, ովքեր օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, դա պետք է արժանավայել ձևով անեն։ Պողոս առաքյալն այս մասին պարզորոշ խոսեց, երբ նամակ էր գրում հին Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին, որոնք վայել ձևով չէին նշում Տերունական ընթրիքը (Ա Կորնթացիս 11։20–22)։ Նա ասաց. «Ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին [«մեղանչած կլինի Տիրոջ մարմնի և արյան դեմ», ԱՆԹ]» (Ա Կորնթացիս 11։27)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։
Ոմանք Հիսուսի մահը «անարժանութեամբ» նշեցին
3. Ինչպե՞ս էին իրենց պահում կորնթացի քրիստոնյաներից շատերը Տերունական ընթրիքի ժամանակ։
3 Կորնթացի քրիստոնյաներից շատերը ոչ վայել ձևով էին մասնակցում Հիշատակի երեկոյին։ Նրանց մեջ պառակտումներ կային, իսկ նրանցից ոմանք մի որոշ ժամանակ իրենց հետ բերում էին իրենց ընթրիքը և հանդիպումից առաջ կամ հենց հանդիպման ժամանակ ուտում և խմում էին՝ հաճախ չափերն անցնելով։ Նրանք ո՛չ մտքով էին զգոն, ո՛չ էլ հոգևորապես։ Դրանով նրանք ‘մեղանչում էին Տիրոջ մարմնի և արյան դեմ’։ Իսկ ովքեր չէին ընթրել, քաղցած էին լինում ու չէին կարողանում կենտրոնանալ։ Այո՛, շատերը հարգանք չէին ցուցաբերում այդ արարողության հանդեպ և մինչև վերջ չէին գիտակցում դրա լրջությունը։ Զարմանալի չէ, որ նրանք իրենց վրա դատապարտություն բերեցին (Ա Կորնթացիս 11։27–34)։
4, 5. Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր սովորաբար օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, ինքնաքննություն կատարեն։
4 Ամեն անգամ, երբ մոտենում է Հիշատակի երեկոն, շատ կարևոր է, որ նրանք, ովքեր սովորաբար օգտվում են խորհրդանիշներից, ինքնաքննություն կատարեն։ Այս միասնական ընթրիքին արժանավայել ձևով մասնակցելու համար նրանք պետք է լավ հոգևոր առողջություն ունենան։ Այն անհատը, ով անհարգալից ձևով է վերաբերվում կամ նույնիսկ արհամարհանք է դրսևորում Հիսուսի զոհի հանդեպ, ենթարկվում է ‘Աստծո ժողովրդից կորչելու’ վտանգին, ճիշտ այնպես, ինչպես եթե իսրայելացին, որ անմաքուր էր, օգտվեր խաղաղության զոհից, այսինքն՝ մասնակցեր միասնական ընթրիքին (Ղեւտացոց 7։20; Եբրայեցիս 10։28–31)։
5 Պողոսը Հիշատակի երեկոն համեմատեց միասնական ընթրիքի հետ, որ արվում էր հին Իսրայելի ժամանակներում։ Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդակից լինողների մասին խոսելուց հետո նա ասում է. «Չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը» (Ա Կորնթացիս 10։16–21)։ Եթե այն անհատը, որ սովորաբար օգտվում է Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, լուրջ մեղք է գործում, նա պետք է խոստովանի իր մեղքը Եհովային և հոգևոր օգնություն խնդրի ժողովի երեցներից (Առակաց 28։13; Յակոբոս 5։13–16)։ Եթե նա իսկապես զղջում է և «ապաշխարութեան արժանի պտուղներ» է բերում, ապա նրա՝ խորհրդանիշներից օգտվելը չի համարվի ոչ արժանավայել (Ղուկաս 3։8)։
Հարգալից դիտորդներ
6. Ո՞ւմ համար է Աստված նախատեսել Տերունական ընթրիքի խորհրդանիշներից օգտվելու առանձնաշնորհումը։
6 Արդյո՞ք այն անհատները, որ այժմ բարիք են գործում Քրիստոսի 144 000 եղբայրներին, Տերունական ընթրիքի ժամանակ պետք է օգտվեն խորհրդանիշներից (Մատթէոս 25։31–40; Յայտնութիւն 14։1)։ Ոչ։ Աստված այդ առանձնաշնորհումը տվել է այն անհատներին, ում օծել է սուրբ ոգով, որպեսզի նրանք «Քրիստոսի ժառանգակիցներ» լինեն (Հռովմայեցիս 8։14–18; Ա Յովհաննէս 2։20)։ Այդ դեպքում ի՞նչ դիրք ունեն այն մարդիկ, ովքեր հույս են փայփայում հավիտյան ապրել դրախտում, որը Աստծո Թագավորության ներքո կհաստատվի համայն աշխարհում (Սաղմոս 37։29; Յայտնութիւն 21։3, 4)։ Քանի որ նրանք Հիսուսի ժառանգակիցներ չեն և երկնային հույս չեն փայփայում, այդ անձնավորությունները ներկա են լինում Հիշատակի երեկոյին որպես հարգալից դիտորդներ (Հռովմայեցիս 6։3–5)։
7. Առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս գիտեին, որ իրենք պետք է օգտվեն Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
7 Առաջին դարի ճշմարիտ քրիստոնյաները օծված էին սուրբ ոգով։ Նրանցից շատերն ընդունակ էին ցուցաբերել սուրբ ոգու՝ գերբնական մեկ կամ մի քանի պարգևներ, օրինակ՝ լեզուներով խոսելը։ Այդ իսկ պատճառով նման անհատների համար հեշտ էր իմանալ, որ իրենք օծված են սուրբ ոգով և պետք է օգտվեն խորհրդանիշներից։ Իսկ մեր ժամանակներում դա կարելի է որոշել Աստծո կողմից ներշնչված հետևյալ խոսքերի միջոցով. «Որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում [«կ’առաջնորդուին», Արևմտ. Աստ.], նորանք Աստուծոյ որդիք են։ Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր» (Հռովմայեցիս 8։14, 15)։
8. Ովքե՞ր են ներկայացված «ցորենով» և «որոմներով», որոնց մասին հիշատակված է Մատթէոս 13–րդ գլխում։
8 Դարերի ընթացքում իսկական օծյալները՝ որպես «ցորեն», աճեցին «որոմների», այսինքն՝ կեղծ քրիստոնյաների արտում (Մատթէոս 13։24–30, 36–43)։ 1870–ականներից «ցորենը» սկսեց ավելի ու ավելի հստակորեն երևալ։ Մի քանի տարի անց օծյալ քրիստոնյա վերակացուներին պատվեր տրվեց. «Երեցները.... պետք է հետևյալ պայմանները դնեն նրանց առջև, ովքեր հավաքվում են [Հիշատակի երեկոյի հետ կապված]՝ 1) հավատ ցուցաբերել [Քրիստոսի] արյան հանդեպ, 2) նվիրվել Տիրոջը և նրա ծառայությանը, նույնիսկ եթե պահանջվի մեռնել։ Բոլոր նրանց, ովքեր այսպես են տրամադրված, հարկավոր է հրավիրել նշելու Տիրոջ մահը» («Գրությունների ուսումնասիրություն», գիրք 6–րդ, «Նոր ստեղծագործությունը», էջ 473)։a
«Այլ ոչխարների» որոնումները
9. Ինչպե՞ս 1935 թ.–ին հստակեցվեց, թե ինչ է իրենից ներկայացնում «մեծ բազմությունը», և այս հանգամանքն ի՞նչ ձևով ազդեց ոմանց վրա, ովքեր մինչ այդ օգտվում էին խորհրդանիշներից։
9 Ժամանակի ընթացքում Եհովայի կազմակերպությունը սկսեց իր ուշադրությունը կենտրոնացնել, բացի Քրիստոսի օծյալ հետևորդներից, նաև ուրիշ մարդկանց վրա։ 30–ականների կեսերին այս առումով ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ։ Մինչ այդ Աստծո ժողովուրդը Յայտնութիւն 7։9–ում նկարագրված ‘շատ ժողովուրդը’՝ «մեծ բազմությունը», դիտում էր որպես երկրորդական հոգևոր դասակարգ, որը երկնքում հարություն առած 144 000–ին ընկերակցելու էր որպես Քրիստոսի հարսի հարսնաքույրեր՝ ‘աղջիկ ընկերներ’ (Սաղմոս 45։14, 15; Յայտնութիւն 7։4; 21։2, 9)։ Բայց 1935 թ. մայիսի 31–ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած համաժողովին Գրությունների վրա հիմնված բացատրություն տրվեց, որ «մեծ բազմություն» հասկացությունը վերաբերում է «այլ ոչխարներ»–ին, որոնք ապրում են վերջին օրերում (Յովհաննէս 10։16)։ Այդ համաժողովից հետո ոմանք, ովքեր մինչ այդ օգտվում էին Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, դադարեցին դա անել, քանի որ հասկացան, որ իրենց հույսը ոչ թե երկնային է, այլ երկրային։
10. Ի՞նչ հույս են փայփայում «այլ ոչխարները», և ի՞նչ պատասխանատվություններ նրանք ունեն։
10 Սկսած 1935 թ.–ից՝ «այլ ոչխարների» որոնումները առանձնակի թափ ստացան։ Դրանք այն մարդիկ են, ովքեր հավատ են ընծայում Հիսուսի տված փրկանքին, նվիրվում են Աստծուն և «փոքր հոտին» աջակցում են Թագավորության քարոզչության գործում (Ղուկաս 12։32)։ Այլ ոչխարները երկրի վրա հավիտյան ապրելու հույս են փայփայում, բայց մնացած առումներով նրանք նման են Թագավորության ժառանգորդների ներկայիս մնացորդին։ Հին Իսրայելում ապրող օտարականների նման, որոնք երկրպագում էին Եհովային և ենթարկվում էին Մովսիսական օրենքին, այլ ոչխարներն իրենց վրա վերցնում են քրիստոնեական պատասխանատվություններ, ինչպես օրինակ՝ հոգևոր Իսրայելի անդամների հետ բարի լուրը քարոզելը (Գաղատացիս 6։16)։ Սակայն, ինչպես որ ոչ մի օտարական չէր կարող դառնալ Իսրայելի թագավոր կամ քահանա, այնպես էլ այլ ոչխարներից ոչ ոք չի կարող երկնային Թագավորության կազմում կառավարել կամ էլ որպես քահանա ծառայել (Բ Օրինաց 17։15)։
11. Ինչո՞ւ այն հանգամանքը, թե երբ է անհատը նվիրվել Եհովային, կարող է ազդել վերջինիս ունեցած հույսի վրա։
11 30–ական թվականներին սկսեց պարզ դառնալ, որ երկնային դասակարգի անդամները ընդհանուր առմամբ արդեն ընտրվել են։ Այդ ժամանակներից արդեն տասնամյակներ են անցել, և այդ ընթացքում որոնումները կատարվել են «այլ ոչխարներ» գտնելու ուղղությամբ, որոնց հույսը երկրային է։ Եթե 144 000–ին պատկանող անձնավորությունը անհավատարիմ է գտնվում, ապա, ամենայն հավանականությամբ, նրա տեղը լրացնելու է կանչվում այնպիսի անհատ, ով տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել է Աստծուն այլ ոչխարների թվում։
Ինչու են ոմանք սխալ ենթադրություն անում
12. Ո՞ր դեպքերում անհատը պետք է դադարեցնի Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվելը և ինչո՞ւ։
12 Օծյալ քրիստոնյաները լիովին վստահ են, որ իրենք երկնային կոչում ունեն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անհատների մասին, ովքեր չեն կանչվել, բայց օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Այժմ, երբ նրանք հասկանում են, որ իրենք երբևէ երկնային հույս չեն ունեցել, նրանց խիղճն անշուշտ կստիպի դադարեցնել օգտվելը։ Աստված հավանություն չի տա այն մարդուն, ով իրեն ներկայացնում է որպես մեկը, ով կանչված է՝ լինելու երկնային թագավոր և քահանա, այն դեպքում երբ տվյալ անձնավորությունը գիտի, որ իրականում այդպես չէ (Հռովմայեցիս 9։16; Յայտնութիւն 20։6)։ Եհովան կործանեց ղևտացի Կորխին, որը մեծամտորեն ձգտում էր քահանայության, ինչի իրավունքը պատկանում էր Ահարոնի որդիներին (Ելից 28։1; Թուոց 16։4–11, 31–35)։ Ցանկացած քրիստոնյա, գիտակցելով, որ ինքը սխալմամբ է օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, պետք է դադարեցնի օգտվելը և խոնարհաբար աղոթի Եհովային՝ ներում ստանալու համար (Սաղմոս 19։13)։
13, 14. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ոմանք սխալմամբ ենթադրեն, թե իրենք երկնային կոչում ունեն։
13 Ինչո՞ւ են ոմանք սխալմամբ ենթադրում, որ իրենք երկնային կոչում ունեն։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ կողակցի մահվան կամ այլ ողբերգության պատճառով մարել է անհատի հետաքրքրությունը երկրային կյանքի հանդեպ։ Կամ էլ նա, տեսնելով, որ իր մտերիմ ընկերը երկնային կյանքի է կանչվել, նույնպես ցանկանում է նույն հեռանկարն ունենալ։ Աստված նաև ոչ մեկին չի հանձնարարել հավաքագրել մարդկանց, որոնք կցանկանային այդ առանձնաշնորհումը ստանալ։ Բացի այդ, ձայներ լսել տալով չէ, որ Աստված հաստատում է քրիստոնյայի օծված լինելը որպես Թագավորության ժառանգորդ։
14 Այն սխալ կրոնական պատկերացումը, թե բոլոր լավ մարդիկ գնում են երկինք, նույնպես կարող է անհատին մտածել տալ, թե ինքը երկնային կոչում ունի։ Ուստի մենք պետք է զգույշ լինենք, որ չենթարկվենք անցյալում ունեցած սխալ հայացքների կամ այլ հանգամանքների ազդեցությանը։ Ոմանք կարող են իրենք իրենց հարց տալ. «Օգտագործո՞ւմ եմ այնպիսի դեղամիջոցներ, որոնք ներգործում են իմ հույզերի վրա։ Հակվա՞ծ եմ արդյոք խոր ապրումներ ունենալ, որոնց արդյունքում գուցե սկսեմ սխալ դատողություններ անել»։
15, 16. Ուրիշ ի՞նչ պատճառներով ոմանք գուցե սխալմամբ ենթադրեն, թե իրենք օծյալներ են։
15 Ուրիշներն էլ կարող են հետևյալ հարցերն իրենց տալ. «Ցանկանո՞ւմ եմ հայտնի անձնավորություն լինել։ Արդյոք ձգտո՞ւմ եմ հեղինակության հասնել այժմ կամ էլ ապագայում՝ որպես Քրիստոսի ժառանգակից»։ Առաջին դարում, երբ Թագավորության ժառանգորդները երկնային կոչ ստացան, նրանցից բոլորը չէ, որ ժողովում պատասխանատու դիրք էին զբաղեցնում։ Բացի այդ, երկնային հույս ունեցողները չեն ձգտում փառքի, և նրանք չեն պարծենում օծված լինելով։ Նրանք խոնարհություն են ցուցաբերում, ինչը և սպասվում է «Քրիստոսի միտքն» ունեցողներից (Ա Կորնթացիս 2։16)։
16 Ոմանք կարող են գալ այն եզրակացության, թե քանի որ իրենք խոր գիտելիքներ ունեն Աստվածաշնչից, ուրեմն երկնային կոչում ունեն։ Բայց ոգով օծվելը մարդուն չի օժտում մեծ ընդունակություններով. օրինակ՝ Պողոսը ստիպված էր որոշ օծյալների խրատներ տալ (Ա Կորնթացիս 3։1–3; Եբրայեցիս 5։11–14)։ Աստված հոգևոր կերակուրով ապահովում է իր ժողովրդի բոլոր անդամներին (Մատթէոս 24։45–47)։ Ուստի ոչ ոք չպետք է խորհի, որ եթե անհատը օծյալ քրիստոնյա է, ուրեմն նա ավելի մեծ իմաստություն ունի, քան երկրային հույս ունեցողը։ Հմուտ ձևով սուրբգրային հարցերի պատասխանելը, քարոզելը կամ էլ աստվածաշնչային ելույթներով հանդես գալը չի փաստում տվյալ անհատի՝ սուրբ ոգով օծված լինելը։ Երկրային հույս ունեցող քրիստոնյաները նույնպես այս հարցերի հետ կապված մեծ վարպետություն են ցուցաբերում։
17. Ոգով օծվելը ինչի՞ց և ումի՞ց է կախված։
17 Եթե հավատակցի մեջ հարց է ծագել երկնային կոչի վերաբերյալ, երեցը կամ մեկ ուրիշ հասուն քրիստոնյա կարող է դա քննարկել նրա հետ։ Սակայն չի կարելի ուրիշի փոխարեն ասել, թե անհատը օծյալ է, թե՝ ոչ։ Այն անհատը, որ իսկապես երկնային կոչում ունի, կարիք չունի ուրիշից ճշտելու, թե դա արդյոք այդպես է։ Օծյալները «վերստին ծնուած [են] ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը» (Ա Պետրոս 1։23)։ Իր սուրբ ոգու և Խոսքի միջոցով Աստված տնկում է այն ‘սերմը’, որն անհատին դարձնում է երկնային հույս ունեցող «նոր ստեղծուած» (Բ Կորնթացիս 5։17)։ Եհովան է ընտրություն կատարում։ Օծվելը կախված է ‘ոչ կամեցողից, և ոչ էլ վազողից, այլ Աստվածանից’ (Հռովմայեցիս 9։16)։ Եվ այսպես, ինչպե՞ս կարող է անհատը վստահ լինել, որ երկնային կոչում ունի։
Ինչո՞ւ են նրանք վստահ
18. Ինչպե՞ս է Աստծո ոգին վկայում օծյալների ոգու հետ։
18 Աստծո սուրբ ոգու վկայությունը օծյալ քրիստոնյաներին վստահեցնում է, որ իրենք երկնային կյանքի կոչում ունեն։ «Դուք.... որդեգրութեան հոգին առաք,— գրեց Պողոսը,— որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։ Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» (Հռովմայեցիս 8։15–17)։ Սուրբ ոգու ազդեցությամբ օծյալների ոգին, այլ խոսքով՝ իրենց ընդհանուր տրամադրվածությունը, մղում է նրանց իրենց վերագրել այն խոսքերը, որ Գրություններում ասվում է Եհովայի հոգևոր որդիների մասին (Ա Յովհաննէս 3։2)։ Աստծո ոգին նրանց մեջ առաջ է բերում որդիական զգացում Աստծո հանդեպ, և նրանք մի եզակի հույս են սկսում փայփայել (Գաղատացիս 4։6, 7)։ Այո՛, շատ հաճելի կլիներ նրանց համար ապրել երկրի վրա որպես կատարյալ անձնավորություններ՝ շրջապատված ընտանիքի անդամներով և բարեկամներով, բայց Աստված այդ հույսը չէ, որ տվել է նրանց։ Այն երկնային հույսը, որ իր ոգու միջոցով նա նրանց մեջ առաջացրել է, այնքան վառ է, որ նրանք պատրաստ են դրա համար զոհել իրենց բոլոր երկրային ուրախություններն ու հույսերը (Բ Կորնթացիս 5։1–5, 8; Բ Պետրոս 1։13, 14)։
19. Ի՞նչ նշանակություն ունի նոր ուխտը օծյալ քրիստոնյաների համար։
19 Օծյալ քրիստոնյաները համոզված են, որ իրենք երկնային հույս ունեն, որ իրենք մտել են նոր ուխտի մեջ։ Հիսուսն այս մասին նշեց, երբ հաստատում էր Հիշատակի երեկոն։ Նա ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է» (Ղուկաս 22։20)։ Նոր ուխտի մասնակիցներն են Աստված և օծյալները (Երեմիա 31։31–34; Եբրայեցիս 12։22–24)։ Հիսուսը միջնորդն է։ Նոր ուխտը սկսեց գործել շնորհիվ Հիսուսի թափած արյան, և նրա մեջ մտան ոչ միայն հրեաները, այլև ուրիշ ազգերի մարդիկ, ու նրանցից կազմվել է Եհովայի անվան համար մի ժողովուրդ, որը մաս է կազմում Աբրահամի ‘զավակի’ [‘սերնդի’, Արևմտ. Աստ.] (Գաղատացիս 3։26–29; Գործք 15։14)։ Այս ‘հավիտենական ուխտը’ հոգևոր իսրայելացիներին հնարավորություն է տալիս հարություն առնել երկնքում և անմահություն ստանալ (Եբրայեցիս 13։20)։
20. Ի՞նչ ուխտի մեջ են օծյալները Քրիստոսի հետ։
20 Օծյալները վստահ են, որ իրենք երկնային հույս ունեն։ Նրանք նաև մեկ ուրիշ ուխտի մեջ են մտել՝ Թագավորության ուխտի։ Իր հետ այդ ուխտը բաժնեկցելու մասին Քրիստոսն ասաց. «Դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» (Ղուկաս 22։28–30)։ Քրիստոսի և նրա թագավորակիցների միջև կնքված այս ուխտը հավիտյան կգործի (Յայտնութիւն 22։5)։
Հիշատակի երեկո. օգտավետ ժամանակներ
21. Ինչպե՞ս կարող ենք մեծ օգուտներ քաղել՝ կապված Հիշատակի երեկոյի հետ։
21 Հիշատակի երեկոն իր հետ շատ օրհնություններ է բերում։ Մենք կարող ենք օգուտներ քաղել այդ օրերի համար նախատեսված աստվածաշնչային ընթերցանությունից։ Նաև դա մի ժամանակ է, երբ առանձնապես տեղին է աղոթք անել, խորհրդածել Հիսուսի երկրային կյանքի ու մահվան մասին և մասնակցել Թագավորության քարոզչության գործին (Սաղմոս 77։12; Փիլիպպեցիս 4։6, 7)։ Երեկոն ինքը հիշեցնում է մեզ Աստծո և Քրիստոսի ցուցաբերած սիրո մասին՝ հանձին Հիսուսի քավիչ զոհաբերության (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16)։ Այս միջոցառումը հուսադրում և մխիթարում է մեզ, և մենք պետք է է՛լ ավելի վճռական դառնանք Քրիստոսի ճանապարհով ընթանալու հարցում (Ելից 34։6; Եբրայեցիս 12։3)։ Նաև Հիշատակի երեկոն պետք է մեզ՝ Աստծո ծառաներիս, զորացնի՝ ապրելու մեր նվիրման համաձայն և հավատարմորեն հետևելու նրա սիրելի Որդուն։
22. Ո՞րն է Աստծո՝ մարդկանց տված մեծագույն նվերը, և ո՞րն է նրան երախտագիտություն հայտնելու միջոցներից մեկը։
22 Ի՜նչ բարի պարգևներ է մեզ տալիս Եհովան (Յակոբոս 1։17)։ Նրա Խոսքն առաջնորդում է մեզ, սուրբ ոգին օգնություն է ցույց տալիս, մենք հավիտենական կյանքի հույս ունենք։ Աստծո մեծագույն պարգևը Հիսուսի զոհաբերությունն է օծյալների և ընդհանրապես բոլոր հավատ ընծայողների մեղքերի քավության համար (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Եվ այսպես, որքանո՞վ է կարևոր Հիսուսի մահը քեզ համար։ Կլինե՞ս արդյոք նրանց մեջ, ովքեր երախտագիտություն հանդես կբերեն նրանով, որ 2003 թ. ապրիլի 16–ին՝ մայրամուտից հետո, կհավաքվեն՝ նշելու Տերունական ընթրիքը։
[Ծանոթագրություն]
a Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ովքե՞ր պետք է օգտվեն Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
• Ինչո՞ւ են «այլ ոչխարները» Տերունական ընթրիքին ներկա լինում միայն որպես հարգալից դիտորդներ։
• Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաներն իմանում, որ իրենք պետք է օգտվեն Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի հացից և գինուց։
• Հիշատակի երեկոյի ժամանակները ի՞նչ անելու համար են տեղին։
[գծապատկեր/նկարներ 18–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Հիշատակի երեկոյին ներկաներ
ՄԻԼԻՈՆ
15,597,746
15
14
13,147,201
13
12
11
10
9
8
7
6
5
4,925,643
4
3
2
1
878,303
63,146
1935 1955 1975 1995 2002
[նկար 18–րդ էջի վրա]
Ներկա կլինե՞ս արդյոք այս տարի Տերունական ընթրիքին
[նկարներ 21–րդ էջի վրա]
Տեղին է Հիշատակի երեկոյի ժամանակներին ավելի շատ Աստվածաշունչ կարդալ և ավելի մեծ չափով մասնակցել Թագավորության քարոզչության գործին