Հարության հույսը հաստատուն է
«Յոյս ունեմ առ Աստուած, որ.... յարութիւն է լինելու» (ԳՈՐԾՔ 24։15)։
1. Ինչո՞ւ կարող ենք հարության հույսն ունենալ։
ԵՀՈՎԱՆ հարությանը հուսալու հաստատուն հիմքեր է մեզ տվել։ Որպես հավաստիացում՝ մենք ունենք նրա խոսքը, համաձայն որի մահացածները կյանք են վերստանալու։ Նա անպայման իրագործելու է մահվան քնով ննջածների վերաբերյալ իր նպատակը (Եսայիա 55։11; Ղուկաս 18։27)։ Իրականում Աստված արդեն ցույց է տվել մահացածներին նորից կյանք տալու իր զորությունը։
2. Ինչպե՞ս կարող է հարության հույսը օգնել մեզ։
2 Իր Որդու միջոցով հարություն պարգևելու Աստծո խոստման հանդեպ մեր հավատը ծանր պահերին կարող է մեզ զորացնել։ Հարության հույսի հանդեպ վստահությամբ զինված՝ կարող ենք մեր երկնային Հոր առջև անարատությամբ քայլել մինչև կյանքի վերջ։ Աստվածաշունչ գրքում արձանագրված հարության դեպքերի քննարկումը կնպաստի մեր մեջ այդ հույսի ամրապնդմանը, քանի որ այդ բոլոր հրաշքները կատարվել են Գերիշխան տեր Եհովայի զորության միջոցով։
Նրանք «իրենց մեռելները ընդունեցին յարութիւն առած»
3. Ի՞նչ անելու զորություն ստացավ Եղիան, երբ սարեփթացի այրու որդին մահացավ։
3 Խոսելով նախաքրիստոնեական ժամանակների Աստծո վկաների դրսևորած հավատի մասին՝ Պողոս առաքյալը նշեց. «Կիներ իրենց մեռելները ընդունեցին յարութիւն առած» (Եբրայեցիս 11։35, Արևմտ. Աստ.; 12։1)։ Այդ կանանցից մեկն էր Փյունիկիայի Սարեփթա քաղաքում ապրող մի աղքատ այրի։ Եղիայի հանդեպ ցուցաբերած հյուրասիրությունն էր պատճառը, որ սովի տարիներին նրա յուղն ու ալյուրը հրաշքով դարձել էին անսպառ։ Երբ հետագայում այնպես պատահեց, որ այրու որդին մահացավ, Եղիան մեռած երեխային պառկեցրեց անկողնում, աղոթեց, երեք անգամ ընկավ նրա մարմնի վրա, ապա աղերսեց. «Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու»։ Աստված լսեց նրա աղաչանքը և տղային վերադարձրեց նրա շունչը կամ՝ կյանքը (Գ Թագաւորաց 17։8–24)։ Կարելի է պատկերացնել այրու անսահման ուրախությունը, երբ նա, որպես վարձատրություն իր ցուցաբերած հավատի դիմաց, ետ ստացավ հարազատ որդուն։ Այս դեպքը հարության մասին առաջին արձանագրությունն է Աստվածաշնչում։
4. Ի՞նչ հրաշք գործեց Եղիսեն Սունամում։
4 Հարության մեկ այլ դեպք տեղի ունեցավ Սունամ քաղաքում ապրող մի կնոջ որդու հետ։ Այդ կնոջ բարի վերաբերմունքը Եղիսե մարգարեի և նրա ծառայի հանդեպ վարձատրվեց նրանով, որ երեխա ունեցավ արդեն տարիքն առած իր ամուսնուց։ Սակայն տարիներ անց նրա որդին մահացավ, և կինը անմիջապես տուն կանչեց մարգարեին։ Եղիսեի աղոթելուց և որոշ քայլեր ձեռնարկելուց հետո «երեխայի մարմինը տաքացաւ»։ Ապա երեխան «եօթն անգամ փռշտաց. եւ.... իր աչքերը բացաւ»։ Ինչ խոսք. այդ հրաշքը ցնծություն էր և՛ մոր, և՛ որդու համար (Դ Թագաւորաց 4։8–37; 8։1–6)։ Սակայն նրանք որքա՜ն առավել երջանիկ կլինեն, երբ կենդանանան երկրի վրա «լաւագոյն յարութեան» ժամանակ, հարություն, որը նրանց հնարավորություն կտա երբեք այլևս չմահանալու։ Սրա համար որքա՜ն երախտապարտ պետք է լինենք մեր սիրառատ Աստված Եհովային (Եբրայեցիս 11։35)։
5. Ի՞նչ հրաշք տեղի ունեցավ Եղիսեի միջոցով նույնիսկ նրա մահից հետո։
5 Նույնիսկ այն բանից հետո, երբ Եղիսեն մահացավ ու նրան թաղեցին, Աստված իր սուրբ ոգու միջոցով նրա ոսկորներին զորություն տվեց։ Ահա թե ինչ ենք կարդում Աստվածաշնչում. «[Իսրայելացիները] մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան [մովաբացիների] մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացավ իր ոտքերի վերայ կանգնեց» (Դ Թագաւորաց 13։20, 21)։ Դժվար չէ պատկերացնել այդ մարդուն՝ զարմացած ու երջանիկ։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ուրախություն է սպասվում, երբ մեր սիրելիները Եհովայի անշեղ նպատակի համաձայն՝ նորից կյանք վերստանան։
Աստծո Որդին կյանքի էր կոչում մահացածներին
6. Ի՞նչ հրաշք գործեց Հիսուսը Նային քաղաքի մոտ, և դա ի՞նչ ազդեցություն է թողնում մեզ վրա։
6 Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը մեզ հավաստի հիմքեր է տվել հավատալու, որ մահացածներին սպասվում է վերստին կենդանություն առնելու և ապա հավիտենական կյանքով ապրելու հեռանկարը։ Նային քաղաքի մոտ տեղի ունեցած դեպքը օգնում է մեզ հասկանալ, որ նման հրաշք հնարավոր է միայն Աստծո տված զորության շնորհիվ։ Մի անգամ, քաղաքի դռների մոտ, Հիսուսը թաղման թափորի է հանդիպում. մահացածը մի երիտասարդ էր, այրի մոր միակ զավակը։ Դիմելով այդ կնոջը՝ Հիսուսն ասում է. «Մի՛ լար»։ Ապա դիպչում է դագաղին ու ասում. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ Նույն րոպեին տղան բարձրանում է տեղից ու սկսում խոսել (Ղուկաս 7։11–15)։ Ինչ խոսք, այս դեպքը ամրապնդում է մեր համոզվածությունն այն բանում, որ հարության հույսը վստահելի է։
7. Ի՞նչ պատահեց Հայրոսի աղջկան։
7 Հիշենք նաև այն դեպքը, երբ Կափառնայումի ժողովարանի ժողովրդապետ Հայրոսը խնդրեց Հիսուսին բուժել մահամերձ վիճակում գտնվող իր տասներկուամյա սիրելի դստերը։ Նա դեռ չէր ավարտել իր խոսքերը, երբ լուր ստացավ, որ աղջիկը մահացել է։ Վշտից կոտրված հորը քաջալերելով չկորցնել հավատը՝ Հիսուսը նրա հետ միասին շարունակեց իր ճանապարհը դեպի Հայրոսի տուն, որտեղ մարդիկ՝ հավաքված, արդեն ողբում էին աղջկա մահը։ Հիսուսի խոսքերը, թե՝ «մանուկը մեռած չէ, այլ ննջում է», ընդհանուր ծիծաղ առաջացրեց։ Իրականում աղջիկը մեռած էր, սակայն Հիսուսը ցանկանում էր ցույց տալ, որ մարդիկ վերստին կյանքի կվերադարձվեն ճիշտ այնպես, ինչպես որ արթնանում են խորը քնից։ Բռնելով մանկան ձեռքից՝ Հիսուսն ասաց նրան. «Աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Նա անմիջապես վեր կացավ, և «նրա ծնողները զարմացած մնացին» (Մարկոս 5։35–43; Ղուկաս 8։49–56)։ Անշուշտ, բոլորս «զարմացած ենք մնալու», երբ մեր մահացած հարազատները կյանք վերստանան դրախտ–երկրում։
8. Ի՞նչ արեց Հիսուսը՝ Ղազարոսի գերեզմանին մոտենալով։
8 Արդեն չորս օր էր անցել Ղազարոսի մահից, երբ Հիսուսը մոտենալով նրա գերեզմանին՝ պատվիրեց մի կողմ տանել մուտքը փակող քարը։ Որպեսզի ներկաներն իմանային, որ ինքն ամբողջությամբ ապավինում է Աստծուց ստացած զորությանը, Հիսուսը նախ՝ աղոթեց, և ապա՝ մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ Ղազարոսը դուրս եկավ։ Նրա ձեռքերն ու ոտքերը դեռևս փաթաթանների մեջ էին, իսկ երեսը ծածկված էր թաշկինակով։ «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»,— ասաց Հիսուսը։ Շատերը, ովքեր եկել էին մխիթարելու Ղազարոսի քույրերին՝ Մարիամին ու Մարթային, հրաշքին ականատես դառնալուց հետո սկսեցին հավատ ընծայել Հիսուսին (Յովհաննէս 11։1–45)։ Արդյոք այս արձանագրությունը մեր սրտերը չի՞ լցնում այն հույսով, որ երբևէ մեր կորցրած սիրելիներին Աստծո նոր աշխարհում կրկին կտեսնենք կյանքի վերադարձած։
9. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը կարո՛ղ է հարություն տալ մահացածներին։
9 Երբ Հովհաննես Մկրտիչը բանտում էր, Հիսուսը նրան հուսադրող լուր ուղարկեց. «Կոյրերը տեսնում են.... մեռելները՝ յառնում» (Մատթէոս 11։4–6)։ Եթե նա երկրի վրա ապրելիս կենդանություն տվեց մահացածներին, ապա, կասկած չի կարող լինել, որ դա կանի որպես Աստծու կողմից լիազորված ոգեղեն արարած։ Հիսուսն է «յարութիւնը եւ կեանքը», և որքա՜ն մխիթարական է իմանալ, որ մոտ ապագայում «բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29; 11։25)։
Հարության մասին այլ արձանագրություններ, որոնք ավելի են ամրապնդում մեր հույսը
10. Նկարագրեք, թե ինչպես առաքյալը հարություն տվեց Տաբիթային։
10 Ուղարկելով իր աշակերտներին Թագավորության լուրը քարոզելու՝ Հիսուսն ասաց նրանց. «Մեռելներին յարութիւն տուէք» (Մատթէոս 10։5–8, ծան.)։ Այդ անելու համար նրանք, ինչ խոսք, պետք է ապավինեին Աստծո զորությանը։ Մ.թ. 36–ին էր, երբ Հոպպե քաղաքում մահացավ Այծեմնիկ (Տաբիթա) անունով մի աստվածավախ կին։ Նա իր կյանքում շատ բարիք էր գործել, և կարիքավոր այրիները սիրով էին հիշում նրա արած ողորմությունները, նաև այն, որ իրենց համար հագուստներ էր կարում։ Ու հիմա Այծեմնիկի մահը խորապես վշտացրել էր բոլորին։ Երբ աշակերտներն արդեն նրա մարմինը պատրաստել էին թաղելու, մարդ ուղարկեցին Պետրոս առաքյալի ետևից, հավանաբար՝ որպեսզի վերջինս փոքր–ինչ մխիթարեր իրենց (Գործք 9։32–38)։ Տեղ հասնելուն պես առաքյալը բոլորին դուրս հրավիրեց սենյակից, աղոթեց ու դիմեց մահացածին. «Տաբիթա՛.... վե՛ր կաց կանգնիր»։ Կինը բաց արեց աչքերը, նստեց ու, բռնելով Պետրոսի ձեռքը, ոտքի կանգնեց։ Այս դեպքը նպաստեց, որ շատերը հավատացյալ դառնային (Գործք 9։39–42)։ Իսկ մեզ համար այս արձանագրությունը մեկ անգամ ևս հարության հույսը հիմնավորող փաստ է։
11. Ո՞րն է հարության մասին Աստվածաշնչի վերջին արձանագրությունը։
11 Հարության մասին Աստվածաշնչի վերջին արձանագրությունը Տրովադայում տեղի ունեցած դեպքն է։ Իր երրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Պողոսը կանգ առավ այդ քաղաքում և այնտեղից հեռանալու նախորդ օրը խոսեց մինչև կեսգիշեր։ Եվտիքոս անունով մի երիտասարդ հոգնած և, հավանաբար, մարդկանց մեծաքանակ բազմությունից ու շուրջբոլորը վառվող լապտերների լույսից թմրած՝ խորը քուն մտավ պատուհանի գոգին նստած, և, կորցնելով հավասարակշռությունը, երրորդ հարկից վայր ընկավ փողոց։ Երբ նրան վեր բարձրացրին, նա ոչ թե անգիտակից վիճակում էր, այլ արդեն մահացել էր։ Պողոսը մոտեցավ, իր մարմնով ծածկեց նրան ու ներկաներին ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»։ Պողոսի այս խոսքերը նշանակում էին, որ երիտասարդը վերակենդանացել է։ Բոլոր ներկաները «շատ մխիթարուեցին» (Գործք 20։7–12)։ Այսօր էլ Աստծո ծառաների համար մեծ մխիթարանք է այն, որ Աստծուն նախկինում ծառայած իրենց հավատակիցների տածած հարության հույսը կիրականանա։
Հարության վաղեմի հույսը
12. Ինչի՞ մասին վստահորեն խոսեց Պողոսը հռոմեացի կուսակալ Ֆելիքսի առջև։
12 Հռոմեացի կուսակալ Ֆելիքսի առջև հարցաքննության ժամանակ Պողոսը հանդիսավոր կերպով հայտարարեց. «[Հավատում եմ] այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ։ Յոյս ունեմ առ Աստուած, որ.... յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։14, 15)։ Իսկ Աստծո Խոսքի ո՞ր մասում է, օրինակ՝ «Օրենքում», խոսվում մահացածների հարության մասին։
13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ առաջին մարգարեության մեջ Աստված խոսել է նաև հարության մասին։
13 Եդեմում առաջին մարգարեությունն ասելիս՝ Աստված ինքն ակնարկեց հարության մասին։ «Առաջուան օձի»՝ Բանսարկու Սատանայի դեմ ուղղված դատավճռի իր խոսքում նա ասաց. «Թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Յայտնութիւն 12։9; Ծննդոց 3։14, 15)։ Կնոջ սերնդի գարշապարը խայթելը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի սպանվելը։ Իսկ որպեսզի այդ Սերունդը ջախջախեր օձի գլուխը, պետք է նախ Քրիստոսը հարություն առներ մեռելներից։
14. Ինչպե՞ս հասկանալ «Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի» արտահայտությունը։
14 Հիսուսը հայտարարեց. «Թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի։ Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկաս 20։27, 37, 38; Ելից 3։6)։ Չնայած Աբրահամը, Իսահակը և Հակոբը վաղուց արդեն մահացած էին, սակայն նրանց հարություն տալու Աստծո նպատակն այնքան հաստատ էր, որ իր համար այդ անհատները կարծես կենդանի լինեին։
15. Ինչո՞ւ ենք ասում, որ Աբրահամը հիմքեր ուներ հարությանը հավատալու։
15 Աբրահամը հիմնավոր պատճառ ուներ հարությանը հուսալու, որովհետև, երբ ինքն ու կինը՝ Սառան, արդեն ծեր էին ու զավակներ ունենալու այլևս անկարող՝ Աստված հրաշքով վերականգնեց սերունդ ունենալու նրանց կարողությունը։ Դա հարության նման մի բան էր (Ծննդոց 18։9–11; 21։1–3; Եբրայեցիս 11։11, 12)։ Երբ իրենց որդի Իսահակը դարձավ քսանհինգ տարեկան, Աստված Աբրահամին պատվիրեց որդուն զոհաբերել։ Սակայն վերջին պահին, երբ Աբրահամը պետք է արդեն խոցեր Իսահակին, Եհովայի հրեշտակը կանգնեցրեց նրան։ «Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա ետ ստացաւ իր որդուն» (Եբրայեցիս 11։17–19; Ծննդոց 22։1–18)։
16. Ինչի՞ն է «սպասում» Աբրահամը մահվան քնի մեջ։
16 Աբրահամը հավատ էր ընծայում նաև խոստացյալ Սերնդի՝ Մեսիայի իշխանության օրոք տեղի ունենալիք հարությանը։ Իր մինչմարդկային գոյության ժամանակ Աստծո Որդին սեփական աչքերով էր տեսել Աբրահամի մեծ հավատը, ուստի, երբ արդեն երկրի վրա էր, Հիսուսն ասաց հրեաներին. «Աբրահամը՝ ձեր հայրը ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել» (Յովհաննէս 8։56–58; Առակաց 8։30, 31)։ Այժմ Աբրահամը մահվան քնի մեջ է և «սպասում է» այն օրվան, երբ Աստծո մեսիական Թագավորության ներքո հարություն կառնի երկրի վրա (Եբրայեցիս 11։8–10, 13)։
Օրենքի և Սաղմոսների տված վկայությունը
17. Օրենքում գրվածները ինչպե՞ս էին մատնացույց անում Հիսուս Քրիստոսի հարությանը։
17 Ինչ վերաբերում է Պողոսին, ապա հարության նկատմամբ նրա հույսը ներդաշնակ էր Օրենքի հետ։ Աստված իսրայելացիներին ասել էր. «Ձեր հունձքիցը մի երախայրի որայ բերէք քահանայի մօտ։ Եվ նա [նիսանի 16–ին] երերացնելով՝ մատուցանէ որան, որ ձեզ համար [Աստծո կողմից] ընդունելի լինի» (Ղեւտացոց 23։9–14)։ Հավանաբար այս օրենքը նկատի ունենալով է Պողոսը գրել. «Մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը»։ Որպես «առաջին պտուղ» կամ «երախայրի»՝ Հիսուսը հարություն առավ մ.թ. 33–ի նիսանի 16–ին։ Ավելի ուշ՝ նրա ներկայության ժամանակ, պետք է հարություն առնեին «հաջորդ պտուղները»՝ ոգով օծված նրա հետևորդները (Ա Կորնթացիս 15։20–23; Բ Կորնթացիս 1։21; Ա Յովհաննէս 2։20, 27)։
18. Պետրոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Հիսուսի հարության մասին վաղօրոք գրված էր Սաղմոսներում։
18 Հարության գաղափարին նեցուկ են հանդիսանում նաև Սաղմոսները։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալը վկայակոչեց Սաղմոս 16։8–11-ում արձանագրված խոսքերը. «Դաւիթը Յիսուսի մասին ասում է. «Նախապէս Տիրոջը [Եհովային] ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի»»։ Ապա Պետրոսն ավելացրեց. «[Դավիթը] կանխօրոք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ «Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»։ Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց» (Գործք 2։25–32)։
19, 20. Ե՞րբ էր, որ Պետրոսը մեջբերեց Սաղմոս 118։22–ը, և ինչպե՞ս է դա կապված Հիսուսի մահվան ու հարության հետ։
19 Այդ դեպքից մի քանի օր անց Պետրոսը ժողովարանում կրկին մեջբերում արեց Սաղմոսներից։ Այն հարցին, թե ինչպես նա բժշկեց կաղ մուրացկանին, առաքյալը պատասխանեց. «Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։ «Սա՛ [Հիսուսն] է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղավ»։ Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք 4։10–12)։
20 Պետրոսն այստեղ մեջբերեց Սաղմոս 118։22–ի խոսքերը՝ ցույց տալով դրանց կապը Հիսուսի մահվան և հարության հետ։ Կրոնական առաջնորդների դրդմամբ հրեաները մերժեցին Հիսուսին (Յովհաննէս 19։14–18; Գործք 3։14, 15)։ «Շինողների կողմից անկյունաքարի անարգվելը» ավարտվեց Քրիստոսի մահով, սակայն «անկյունաքար» դառնալը ցույց է տալիս որպես ոգեղեն անձ երկնքում ունեցած նրա փառքը։ Ինչպես կանխագուշակել էր սաղմոսերգուն, «Տէրիցն եղաւ այս բանը» (Սաղմոս 118։23)։ «Քարի» ընտրվելը որպես «անկյունաքար» խորհրդանշում էր նրա բարձրացումը որպես նշանակված Թագավորի (Եփեսացիս 1։19, 20)։
Ամուր են հարության հույսով
21, 22. Ըստ Յոբ 14։13–15 խոսքերի, Հոբն ինչի՞ հանդեպ էր հույս տածում, և այսօր ինչպե՞ս կարող են այդ խոսքերը մխիթարել հարազատներ կորցրած անհատներին։
21 Թեև երբեք անձամբ չենք տեսել որևէ մեկի հարություն առնելը, սակայն Աստվածաշնչի որոշ արձանագրությունների քննարկումները մեզ լիովին հիմք են տալիս վստահելու հարության գաղափարի ճշմարտացիությանը։ Ուստի, արդար Հոբի նման մենք էլ կարող ենք այդ հույսն ունենալ։ Գտնվելով տառապանքների մեջ՝ նա աղերսում էր. «Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր.... ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։ Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ.... Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին» (Յոբ 14։13–15)։ Աստված «կհաճի իր ձեռքի գործին»՝ սրտանց ցանկանալով հարություն տալ Հոբին։ Ինչպիսի՜ չքնաղ հույս։
22 Հոբի նման աստվածավախ ընտանիքների անդամներն էլ պաշտպանված չեն ծանր հիվանդություններից, և բոլորն էլ կարող են թշնամի մահվան զոհը դառնալ։ Նման կորուստ տարած հարազատները վշտահար արտասվում են. Հիսուսն էլ արտասվեց Ղազարոսի համար (Յովհաննէս 11։35)։ Սակայն որքա՜ն մխիթարական է այն միտքը, որ Աստված «կանչելու է իր հիշողության մեջ գտնվողներին», և նրանք «պատասխան են տալու իրեն»։ Դա կարելի է նմանեցնել ճանապարհորդությունից վերադառնալու հետ, և այն էլ ոչ թե հիվանդ կամ տկար վիճակում, այլ լիովին կայտառ, առույգ ու քաջառողջ։
23. Ինչպե՞ս են ոմանք արտահայտել հարության հույսի հանդեպ իրենց կայուն համոզվածությունը։
23 Տեղեկանալով մի տարեց հավատարիմ քրիստոնյայի մահվան մասին՝ նրա հավատակիցները մի քանի տող նամակ էին գրել հարազատներին. «Ընդունեք մեր խորին կարեկցանքը։ Շուտով, շատ շուտով կտեսնենք ձեր մայրիկին՝ գեղեցիկ ու կենսուրախ»։ Իսկ ահա թե ինչ են ասում որդի կորցրած ծնողները. «Ինչպե՜ս ենք սպասում այն օրվան, երբ Ջեյսոնը կարթնանա... կնայի շուրջն ու կտեսնի Դրախտը, որին անհամբեր սպասում էր.... Մենք էլ, բոլորս՝ ովքեր սիրում էինք ու հիմա էլ սիրում ենք նրան, փափագում ենք անպայման այնտեղ լինել»։ Այո՛, որքա՜ն մեծ է մեր երախտագիտությունը հարության հաստատուն հույսի համար։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Մահացածներին հարություն տալու Աստծո խոստման հանդեպ հավատը ինչպե՞ս է մեզ օգնում։
• Ո՞ր դեպքերի արձանագրություններն են հիմք տալիս հուսալու հարությանը։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ հարությունը վաղեմի հույս է։
• Մահացածների վերաբերյալ ի՞նչ մխիթարական հույս կարող ենք ունենալ։
[նկար 10–րդ էջի վրա]
Եհովայից ստացած զորության շնորհիվ Եղիան հարություն տվեց այրու զավակին։
[նկար 12–րդ էջի վրա]
Տեսնելով, թե ինչպես Հիսուսը հարություն տվեց իրենց աղջկան, Հայրոսն ու իր կինը անչափ զարմացած մնացին։
[նկար 15–րդ էջի վրա]
Մ.թ. 33–ին՝ Պենտեկոստեի օրը, Պետրոս առաքյալը համարձակորեն վկայություն տվեց, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։