Ուղենիշ տոները Իսրայելի պատմության մեջ
«Տարին երեք անգամ.... քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կ’ընտրէ. եւ մէկը Եհովայի առաջին ձեռքը դարտակ չ’երեւայ» (Երկրորդ Օրինաց 16։16)։
1. Ի՞նչ կարելի է ասել աստվածաշնչային տոների մասին։
Ի՞ՆՉ է ձեր մտքով անցնում տոների մասին մտածելիս։ Հնում որոշ տոներ հայտնի էին իրենց ցոփությամբ և անբարոյականությամբ։ Նույնը կարելի է ասել որոշ ժամանակակից տոների մասին։ Սակայն Աստծո Օրենքում իսրայելացիների համար նշված տոները տարբերվում էին։ Չնայած այդ տոնակատարությունների զվարճալի լինելուն՝ նրանք նաև կարող էին դիտվել որպես ‘սուրբ ժողովներ’ (Ղեւտացոց 23։2)։
2. ա) Իսրայելացիներից ի՞նչ էր պահանջվում տարին երեք անգամ անել։ բ) Երկրորդ Օրինաց 16։16 խոսքում օգտագործված «տոն» բառը ի՞նչ է նշանակում։
2 Հավատարիմ իսրայելացիները հաճախ իրենց ընտանիքներով Երուսաղեմ ճանապարհվելը՝ ‘այն տեղումը, որ Եհովան ընտրել էր,’ թարմացուցիչ զբաղմունք էին համարում և երեք մեծ տոների կապակցությամբ առատաձեռնորեն նվիրաբերություններ էին անում (Երկրորդ Օրինաց 16։16)։ «Հին Կտակարանի խոսքի ուսումնասիրություններ» գիրքը Երկրորդ Օրինաց 16։16–ի մեջ «տոն» թարգմանված եբրայերեն բառը սահմանում է որպես «մեծ խնջույք.... որի ժամանակ, զոհաբերություններ մատուցելով և խնջույքներ կազմակերպելով, փառաբանում էին Աստծուն նրա ցուցաբերած բարության համար»։a
Մեծ տոնախմբությունների նշանակությունը
3. Ի՞նչ օրհնությունների մասին են հիշեցնում տարեկան այս երեք տոները։
3 Քանի որ իսրայելացիները հողագործներ էին, նրանց ստացած օրհնությունը Աստծուց ուղարկված անձրևներից էր կախված։ Մովսիսական Օրենքի համաձայն կատարվող երեք մեծ տոնակատարությունները համընկնում էին վաղ գարնան գարու, գարնան վերջին ցորենի և ուշ ամռան այլ բերքահավաքների հետ։ Բոլոր այս տոներն ուրախանալու առիթներ էին ստեղծում՝ փառաբանելով անձրևն ու պտղաբեր երկիրը Հաստատողին և Ստեղծողին։ Սակայն այդ տոներն ավելին էին նշանակում (Երկրորդ Օրինաց 11։11—14)։
4. Առաջին տոնակատարությամբ պատմական ի՞նչ իրադարձություն նշվեց։
4 Առաջին տոնակատարությունը տևում էր աստվածաշնչային հին օրացույցի համաձայն առաջին ամսվա նիսանի տասնհինգից քսանմեկը, որը ներկայումս համընկնում է մարտի վերջերի կամ ապրիլի սկզբների հետ։ Այն կոչվում էր բաղարջակերաց տոն, և քանի որ նրան անմիջապես հետևում էր նիսանի 14–ի զատիկը, նաև «Զատկի տօն» էր անվանվում (Ղուկաս 2։41; Ղեւտացոց 23։5, 6)։ Տոնը իսրայելացիներին հիշեցնում էր Եգիպտոսի նեղություններից ազատագրվելու մասին, ուստի անթթխմոր հացը, որը թխվում էր տոնի ժամանակ, կոչվում էր «նեղութեան հաց» (Երկրորդ Օրինաց 16։3)։ Դա իսրայելացիներին նաև հիշեցնում էր Եգիպտոսից հապճեպ դուրս գալը, երբ նրանք նույնիսկ չհասցրեցին հացը եկուն դարձնել (Ելից 12։34)։ Այդ տոնի ընթացքում ոչ մի իսրայելացու տանը թթխմոր չէիր գտնի։ Թթխմորված հացը ուտելու դեպքում տոնի մասնակիցները, ինչպես նաև օտարերկրացիները, պատժվում էին մահով (Ելից 12։19)։
5. Երկրորդ տոնակատարությունը ինչպիսի՞ առանձնաշնորհման մասին էր հիշեցնում, և ովքե՞ր պիտի միանային այդ ուրախությանը։
5 Երկրորդ տոնը տևում էր յոթ շաբաթ (49 օր) նիսանի տասնվեցից մինչև երրորդ՝ սիվան ամսվա վեցերորդ օրը, որը համընկնում է մայիսի վերջերի հետ (Ղեւտացոց 23։15, 16)։ Սա շաբաթների տոն էր կոչվում (Հիսուսի օրոք՝ Պենտեկոստե, որը հունարեն նշանակում է հիսուներորդ), և իսրայելացիները սկսեցին կատարել մոտավորապես այն տարվանից սկսած, երբ Սինայ սարի մոտ Օրենքի ուխտի մեջ մտան (Ելից 19։1, 2)։ Այս տոնակատարության ընթացքում հավատարիմ իսրայելացիներին հնարավորություն էր տրված խորհել իրենց արտոնյալ դիրքի մասին, որն ունեին որպես Եհովայի կողմից առանձնացված սուրբ ժողովուրդ։ Նրանցից՝ որպես Աստծո սեփական ժողովուրդ, պահանջվում էր հնազանդվել Աստծո օրենքին, ինչպես օրինակ՝ սիրալիր հոգատարություն ցուցաբերել չունևորների հանդեպ, որպեսզի վերջիններս ևս կարողանային զվարճանալ տոնի ժամանակ (Ղեւտացոց 23։22; Երկրորդ Օրինաց 16։10—12)։
6. Ո՞ր դեպքի մասին էր Աստծո ժողովրդին հիշեցնում երրորդ տոնակատարությունը։
6 Վերջինը՝ երրորդը, բերքահավաքի կամ տաղավարահարաց տոն էր կոչվում։ Այն նշվում էր յոթերորդ ամսին (տիշրի կամ անթանի), տասնհինգից մինչև քսանմեկը՝ մեր օրացույցի վաղ հոկտեմբերին (Ղեւտացոց 23։34)։ Այս տոնի ընթացքում Աստծո ժողովուրդը ժամանակավորապես մնում էր տան վերնահարկում կամ բակում՝ ծառի ճյուղերից և տերևներից պատրաստված վրաններում (տաղավարներում)։ Սա հիշեցնում էր նրանց քառասուն տարվա ուղևորության մասին՝ Եգիպտոսից մինչև Խոստացյալ երկիր, երբ ժողովուրդն իր ամենօրյա կարիքների համար սովորում էր վստահել Աստծուն (Ղեւտացոց 23։42, 43; Երկրորդ Օրինաց 8։15, 16)։
7. Ի՞նչ օգուտ ենք քաղում՝ ուսումնասիրելով հին Իսրայելի հանդիսավոր տոնակատարությունները։
7 Եկեք աչքի անցկացնենք Աստծո հնագույն ժողովրդի տոներից մի քանիսը, որոնք ուղենիշ դարձան Իսրայելի պատմության մեջ։ Դրանք կքաջալերեն մեզ այսօր, քանի որ մենք նույնպես խրախուսվում ենք ամեն շաբաթ կանոնավորապես միասին հավաքվելու և տարին երեք անգամ մեծ համաժողովներին մասնակցելու (Եբրայեցիս 10։24, 25)։
Դավիթ թագավորի օրոք
8. ա) Սողոմոն թագավորի օրոք պատմական նշանակություն ունեցող ի՞նչ տոն կատարվեց։ բ) Իր նախատիպն ունեցող տաղավարահարաց տոնի ինչպիսի՞ փառահեղ ավարտի ենք անհամբերությամբ սպասում։
8 Դավթի որդի՝ Սողոմոնի բարգավաճ թագավորության օրոք կատարվեց պատմական նշանակություն ունեցող տաղավարահարաց տոնը։ Այդ տոնին և տաճարի նվիրմանը Խոստացյալ երկրի բոլոր ծայրերից «շատ մեծ ժողովք» էր հավաքվել (Բ Մնացորդաց 7։8)։ Այն ավարտվելուց հետո Սողոմոն թագավորն արձակեց մասնակիցներին, որոնք «օրհնեցին թագաւորին եւ գնացին իրանց վրանները ուրախանալով ու զուարթ սրտով այն բոլոր բարիքների համար որ Տէրն արել էր իր Դաւիթ ծառային եւ իր Իսրայէլ ժողովրդին» (Գ Թագաւորաց 8։66)։ Դա իսկապես ուղենիշ տոն էր։ Այսօր Աստծո ծառաներն անհամբերությամբ սպասում են իր նախատիպարն ունեցող տաղավարահարաց տոնի փառահեղ ավարտին, որը լինելու է Մեծ Սողոմոնի՝ Հիսուս Քրիստոսի Հազարամյա Թագավորության վերջում (Յայտնութիւն 20։3, 7—10, 14, 15)։ Այդ ժամանակ երկրի բոլոր ժողովուրդները՝ այդ թվում հարություն առածները և Արմագեդոնը վերապրողները, կմիավորվեն Եհովա Աստծու ցնծալի երկրպագության մեջ (Զաքարիա 14։16)։
9-11. ա) Ի՞նչը հանգեցրեց նրան, որ Եզեկիա թագավորի օրոք ուղենիշ տոն նշվեց։ բ) Ինչպիսի՞ օրինակ թողեցին շատերը, որոնք տասը ցեղերից բաղկացած հյուսիսային թագավորությունից էին, և ի՞նչ է հիշեցնում դա մեզ այսօր։
9 Աստվածաշնչում արձանագրված հաջորդ նշանավոր տոնակատարությունը կայացավ չար Աքազ թագավորի իշխանությունից հետո, որի օրոք տաճարը չէր գործում, և Հուդայի թագավորությունն ընդհուպ մինչև ուխտադրժության էր հասցվել։ Աքազին հաջորդեց բարի Եզեկիա թագավորը։ Քսանհինգամյա Եզեկիայի թագավորության առաջին տարում սկսեց իրագործվել վերականգնման և բարեփոխության հոյակապ մի ծրագիր։ Նա անմիջապես բացեց տաճարը և նրա նորոգման համար պատրաստություններ տեսավ։ Ապա նամակներ ուղարկեց տասը ցեղերից բաղկացած Իսրայելի թագավորության հյուսիսում ապրող թշնամաբար տրամադրված իսրայելացիներին՝ հրավիրելով նրանց մասնակցելու զատիկի և բաղարջակերաց տոներին։ Չնայած իրենց եղբայրակիցների ծաղրուծանակին՝ շատերն արձագանքեցին այդ հրավերին (Բ Մնացորդաց 30։1, 10, 11, 18)։
10 Տոնակատարությունը հաջողություն ունեցա՞վ։ Ահա թե ինչ է պատմում Աստվածաշունչը. «Եւ Երուսաղէմումը գտնուող Իսրայէլի որդիքը կատարեցին բաղարջակերաց տօնը եօթն օր մեծ ուրախութեամբ. եւ օրհնում էին Տիրոջը Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ զօրութիւնը փառաբանելու գործիքներով» (Բ Մնացորդաց 30։21)։ Ինչպիսի՜ հիանալի օրինակ թողեցին իսրայելացիները Աստծո ներկա ժողովրդի համար, որոնցից շատերն այսօր հակառակություններ են տանում և երկար ճանապարհ կտրում համաժողովներին ներկա գտնվելու համար։
11 Օրինակ՝ նկատի առնենք 1989–ին Լեհաստանում կայացած «Աստվածահաճո նվիրվածություն» վերնագրով երեք նահանգային համաժողովները։ 166 518 ունկնդիրներից բացի՝ ներկա էր նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի այլ երկրների ներկայացուցիչների մի մեծ խումբ, որոնց գործունեությունն այդ երկրներում տվյալ պահին արգելված էր։ Հայտնում է «Եհովայի վկաներ՝ Աստծո Թագավորության քարոզիչներ» գիրքը. «Համաժողովի մասնակիցներից ոմանք առաջին անգամ էին տեսնում տասնհինգ կամ քսան հոգուց ավել Աստծո ժողովրդից հավաքված բազմություն։ Նրանք երախտագիտությամբ էին լցված՝ տեսնելով տասնյակ հազարավորների Եհովային միասնաբար աղոթքով և երգերով փառաբանելիս» (Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության, էջ 279)։
12. Ի՞նչը հանգեցրեց նրան, որ Հովսիա թագավորի օրոք նշվեց ուղենիշ տոնակատարությունը։
12 Թեպետ Եզեկիայի մահից հետո Մանասե և Ամոն թագավորների օրոք Հուդայում կրկին գլուխ բարձրացրեց կեղծ երկրպագությունը, սակայն նրանց հաջորդած երիտասարդ, բարի թագավոր Հովսիայի խիզախության շնորհիվ ճշմարիտ երկրպագությունը վերականգնվեց։ Նա քսանհինգ տարեկան էր, երբ տաճարը նորոգելու հրահանգ տվեց (Բ Մնացորդաց 34։8)։ Տաճարի վերանորոգման ժամանակ հայտնաբերվում է Մովսեսի ձեռքով գրված Օրենքի գիրքը։ Հովսիան խորապես ազդվում է Աստծո Օրենքում կարդացածից և կարգադրում, որ այն ժողովրդի համար կարդան (Բ Մնացորդաց 34։14, 30)։ Ապա, գրվածի համաձայն, կազմակերպում է զատիկի տոնակատարությունը։ Թագավորը, նաև, այդ առիթով առատաձեռն զոհաբերություններ անելով, լավ օրինակ ծառայեց։ Տոնակատարության մասին Աստվածաշունչը հաղորդում է, թե «Իսրայէլումը նորա նման զատիկ չէր կատարուել Սամուէլ մարգարէի օրերից հետէ» (Բ Մնացորդաց 35։7, 17, 18)։
13. Ի՞նչ են հիշեցնում Եզեկիայի և Հովսիայի օրերում կատարված հանդիսավոր տոնակատարությունները։
13 1914 թվականին՝ Հիսուս Քրիստոսի գահակալվելուց հետո, քրիստոնյաների մեջ ճշմարիտ երկրպագության հրաշալի վերականգնումը Եզեկիայի և Հովսիայի կողմից կատարված բարեփոխությունների արդի զուգահեռն է։ Ինչպես Հովսիայի օրերում, այնպես էլ ներկայումս, բարեփոխումները Աստծո Խոսքի վրա են հիմնված։ Ինչպես Եզեկիայի և Հովսիայի օրոք, այսօր էլ ճշմարիտ երկրպագության վերածնունդը նշանավորվում է համաժողովներով, որտեղ ապշեցուցիչ կերպով մեկնաբանվում են Աստվածաշնչի մարգարեությունները և բացատրվում պատեհ ժամանակին նրա սկզբունքների ճիշտ կիրառումները։ Ուսանելի միջոցառումների պատճառած ուրախության հետ մեկտեղ՝ բազմաթիվ անհատներ ջրի մկրտությամբ նվիրվում են Աստծուն։ Նոր մկրտված անհատները Եզեկիայի և Հովսիայի թագավորության օրերում զղջացող իսրայելացիների նման թողնում են քրիստոնյա աշխարհի անմաքուր սովորությունները և Սատանայի աշխարհի հաճույքները։ Ի նշան սուրբ Եհովա Աստծուն նվիրման՝ 1997–ին 375 000 անհատ մկրտվեց, այսինքն՝ միջին հաշվով ամեն օր մկրտվում է ավելի քան հազար անհատ։
Աքսորից հետո
14. Ինչի՞ շնորհիվ մ.թ.ա. 537–ի տոնակատարությունը ուղենիշ տոն դարձավ։
14 Հովսիայի մահից հետո ժողովուրդը կրկին քայքայող կեղծ կրոնին վերադարձավ։ Վերջիվերջո, Եհովան պատժեց իր ժողովրդին՝ Բաբելոնի զորքերը Երուսաղեմի վրա բերելով։ Քաղաքն ու տաճարը քանդվեց, իսկ երկիրն ամայացվեց։ Հրեաները գերի մնացին Բաբելոնում յոթանասուն տարի, որից հետո Եհովան վերականգնեց դարձի եկած հրեա մնացորդին՝ վերադարձնելով նրանց Խոստացված երկիրը ճշմարիտ երկրպագությունը վերահաստատելու նպատակով։ Մ.թ.ա. 537–ի յոթերորդ ամսին նրանք մտան ավերված Երուսաղեմ քաղաքը։ Նրանց առաջին գործը եղավ զոհասեղանի վերապատրաստումը Օրենքի ուխտի համաձայն ամենօրյա կանոնավոր զոհեր մատուցելու համար։ Հենց այդ ժամանակ հաջորդ պատմական տոնակատարության հերթը եկավ. «Եւ կատարեցին տաղաւարահարաց տօնը գրուածին պէս» (Եզրաս 3։1—4)։
15. Մ.թ.ա. 537–ին ի՞նչ աշխատանք էր սպասվում ետ վերադարձած մնացորդին, և ի՞նչ համանման իրավիճակ էր տիրում 1919–ին։
15 Վերադարձած աքսորվածներին հսկայական գործ էր սպասվում. վերականգնել Աստծո տաճարը և Երուսաղեմն իր պարիսպներով։ Չարակամ հարևանները մեծ դիմադրություն ցույց տվեցին։ Տաճարի կառուցումը «փոքր բաների օր» էր (Զաքարիա 4։10)։ Համանման իրավիճակում էին գտնվում հավատարիմ օծյալ քրիստոնյաները 1919 թվականին։ Այդ տարին հիշարժան դարձավ այն բանի շնորհիվ, որ նրանք ազատագրվեցին Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության հոգևոր գերությունից։ Թշնամաբար տրամադրված աշխարհի դեմ կանգնած էին միայն մի քանի հազար հոգի։ Հաջողվե՞ց արդյոք Աստծու թշնամիներին ճշմարիտ երկրպագության առաջն առնել։ Այս հարցին պատասխանելու համար հիշենք Եբրայերեն գրություններում արձանագրված վերջին երկու հանդիսավոր տոնակատարությունները։
16. Մ.թ.ա. 515–ի տոնակատարությունն ինչո՞վ հայտնի դարձավ։
16 Տաճարը վերջնականապես վերակառուցվեց մ.թ.ա. 515 թ. տասներկուերորդ ամսին՝ ադարին, նիսանի գարնանային տոնի օրերին։ Աստվածաշունչը պատմում է. «Եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար» (Եզրաս 6։22)։
17, 18. ա) Մ.թ.ա. 455–ին ո՞ր ուղենիշ տոնակատարությունը տեղի ունեցավ։ բ) Համանման ի՞նչ իրավիճակում ենք այսօր գտնվում։
17 Վաթսուն տարի հետո՝ մ.թ.ա. 455–ին, մեկ այլ ուղենիշ տոն նշվեց։ Այդ տարվա տաղավարահարաց տոնը նշանավորեց Երուսաղեմի պատերի վերակառուցման ավարտը։ Աստվածաշունչը գրում է. «Գերութիւնից ետ դարձողների բոլոր ժողովքը տաղաւարներ շինեցին եւ տաղաւարներումը բնակուեցին. որովհետեւ Իսրայէլի որդիքը Նաւեան Յեսուի օրերից մինչեւ այն օրը այնպէս չէին արել. եւ շատ մեծ ուրախութիւն եղաւ» (Նէեմիա 8։17)։
18 Չնայած կատաղի դիմադրությանը՝ Աստծո ճշմարիտ երկրպագության վերականգնումը անմոռանալի իրադարձություն էր։ Իրավիճակը նույնն է նաև այսօր։ Հետապնդումների և դիմադրությունների հետ մեկտեղ՝ Աստծո Թագավորության բարի լուրի հռչակման հսկայական գործը հասել է մինչև երկրի ծայրերը, և Աստծո դատաստանի վճիռներն ազդարարվում են ամենուրեք (Մատթէոս 24։14)։ Մոտենում է 144 000 օծյալների մնացորդի եզրափակիչ կնքումը։ Նրանց ընկերակից ավելի քան հինգ միլիոն «այլ ոչխարները» բոլոր ազգերից օծյալ մնացորդի հետ միասին հավաքվում են «մի հօտի» մեջ (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 7։3, 9, 10)։ Ի՜նչ հրաշալի կատարում է ունենում տաղավարահարաց տոնի մարգարեական պատկերը։ Հավաքը կշարունակվի նոր աշխարհում, երբ միլիոնավոր հարություն առած անհատներ կհրավիրվեն միանալու իր նախատիպն ունեցող տաղավարահարաց տոնը կատարողներին (Զաքարիա 14։16—19)։
Մեր թվարկության առաջին դարում
19. Մեր դարաշրջանի 32–ի տաղավարահարաց տոնը ինչո՞վ էր նշանավոր։
19 Անշուշտ, Աստվածաշնչում արձանագրված աչքի ընկնող հանդիսավոր տոնակատարություններից էին այն տոները, որոնց մասնակցել էր Աստծո որդի Հիսուս Քրիստոսը։ Եկեք նկատի առնենք մեր դարաշրջանի 32 թվականի տաղավարահարաց տոնը, որին նա ներկա էր։ Այդ առիթն օգտագործելով՝ Հիսուսը կարևոր ճշմարտություններ էր սովորեցնում և իր ուսմունքը պաշտպանում եբրայերեն գրություններից մեջբերումներով (Յովհաննէս 7։2, 14, 37—39)։ Սովորության համաձայն՝ տաճարի ներսի գավիթը լուսավորվում էր չորս մեծ աշտանակներով։ Սա հնարավորություն էր տալիս տոնակատարությունից բավականություն ստանալ նաև գիշերը։ Ըստ երևույթին, Հիսուսն ի նկատի ուներ այդ մեծ աշտանակները, երբ ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Յովհաննէս 8։12)։
20. Մ.թ. 33–ի Պենտեկոստեն ինչո՞վ է հայտնի։
20 Մոտենում էին մեր դարաշրջանի 33 թվականի հանրահայտ զատիկը և բաղարջակերաց տոնը։ Զատիկի օրը Հիսուսի թշնամիները նրան մահապատժի ենթարկեցին և, նախկինում իրեն ներկայացնող զատիկի գառը դառնալով, նա մահացավ՝ վերցնելով «աշխարհի մեղքը» (Յովհաննէս 1։29; Ա Կորնթացիս 5։7)։ Երեք օր հետո՝ նիսանի տասնվեցին, Աստված հարություն տվեց Հիսուսին՝ անմահ ոգեղեն մարմին նրան շնորհելով։ Ըստ Օրենքի՝ սա համընկնում էր գարու առաջին պտուղների բերքահավաքի նվիրաբերման ժամանակի հետ։ Այսպիսով՝ հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսը դարձավ «ննջեցեալների առաջին պտուղը» (Ա Կորնթացիս 15։20)։
21. Ի՞նչ պատահեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին։
21 33 թվականի Պենտեկոստեի տոնը իրոք որ հանրահայտ տոն էր։ Այդ օրը Երուսաղեմում Հիսուսի հարյուր քսան աշակերտների հետ մեկտեղ հավաքվել էին բազմաթիվ հրեաներ և նորադարձներ։ Հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսը տոնակատարության ժամանակ Աստծո սուրբ հոգին թափեց այդ հարյուր քսան աշակերտների վրա (Գործք 1։15; 2։1—4, 33)։ Այսպիսով՝ նրանք օծվեցին և Հիսուս Քրիստոսի միջոցով հաստատված նոր ուխտի շնորհիվ դարձան Աստծու նոր ընտրած ազգ։ Տոնի ժամանակ հրեա քահանայապետը ցորենի առաջին բերքից պատրաստված երկու խմորված հաց էր մատուցում Աստծուն (Ղեւտացոց 23։15—17)։ Այդ երկու խմորված հացերը ներկայացնում են 144 000 անկատար անհատներին, որոնց Հիսուսը ‘գնեց Աստծու համար’, որպեսզի «թագաւորներ ու քահանաներ» լինեն և «թագաւորեն երկրի վրայ» (Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 3)։ Այս երկու խմորված հացերը խորհրդանշում են նաև այն փաստը, որ այդ երկնային կառավարիչներն առաջանում են անկատար մարդկության երկու շառավիղներից՝ հրեաներից և հեթանոսներից։
22. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները չեն նշում Օրենքի ուխտով սահմանված տոները։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
22 Երբ 33թ. Պենտեկոստեին սկսեց գործել նոր ուխտը, Օրենքի հին ուխտն արդեն նվազ արժեք ուներ Աստծո աչքին (Բ Կորնթացիս 3։14; Եբրայեցիս 9։15; 10։16)։ Բայց դա չի նշանակում, որ օծյալ քրիստոնյաներն առանց օրենքի են մնում։ Նրանք Հիսուս Քրիստոսի սովորեցրած աստվածային օրենքի տակ են գտնվում, որը գրված է իրենց սրտերում (Գաղատացիս 6։2)։ Ուստի քրիստոնյաները չեն նշում Օրենքի հին ուխտի մեջ մտնող տարեկան երեք տոները (Կողոսացիս 2։16, 17)։ Այնուամենայնիվ, տոների և երկրպագությանը նվիրված այլ միջոցառումների նկատմամբ ունեցած Աստծո նախաքրիստոնեական ծառաների վերաբերմունքից շատ բան կարելի է սովորել։ Հաջորդ հոդվածում օրինակներ կքննարկենք, որոնք, անկասկած, կխրախուսեն բոլորին գնահատելու քրիստոնեական հավաքույթներին կանոնավորաբար հաճախելը։
[ծանոթագրություն]
a Տես «Գրությունների ըմբռնում», հ. 1, էջ 820, 2–րդ սյունակ, 1 և 3–րդ պարբերություններ՝ «Տոն» (Festival) վերնագրի տակ. հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Կրկնողության հարցեր
◻ Ի՞նչ նպատակի էին ծառայում Իսրայելի տարեկան երեք տոները
◻ Ի՞նչ էին բնորոշում տոները Եզեկիայի և Հովսիայի օրերում
◻ Ի՞նչ ուղենիշ տոն նշվեց մ.թ.ա. 455–ին, և ինչպե՞ս է այն քաջալերում մեզ
◻Մ.թ. 33 թ. Պենտեկոստեն և զատիկը ինչո՞վ նշանավոր դարձան։
[շրջանակ 22–րդ էջի վրա]
Դաս, որ այսօր քաղում ենք տոնից
Հիսուսի քավիչ զոհաբերությունից հարատև օգուտներ քաղողների կյանքը պետք է ներդաշնակ լինի այն բոլոր մանրամասնությունների հետ, որոնք պատկերված են բաղարջակերաց տոնով։ Իր նախատիպն ունեցող այս տոնը Հիսուսի փրկագնի միջոցով այս չար աշխարհից և մեղքի դատապարտումից ազատագրման առիթով ուրախալի տոնակատարություն է (Գաղատացիս 1։4; Կողոսացիս 1։13, 14)։ Բուն տոնը տևում էր յոթ օր. այս թիվն Աստվածաշնչում օգտագործվում է հոգևոր ամբողջությունը խորհրդանշելու համար։ Հնում իր նախատիպն ունեցող այս տոնը շարունակվելու է օծյալ քրիստոնյաների երկրի վրա գտնվելու ամբողջ ժամանակ, ու այն պիտի նշվի «անկեղծությամբ եւ ճշմարտությամբ»։ Դա նշանակում է միշտ ուշադիր լինել փոխաբերական իմաստով օգտագործվող թթխմորի նկատմամբ։ Աստվածաշնչում օգտագործված թթխմորն, առհասարակ, ներկայացնում է կեղծ ուսմունքները, կեղծավորությունն ու չարությունը։ Եհովայի ճշմարիտ երկրպագուները պետք է ատելություն զգան նման ազդեցությունների հանդեպ՝ թույլ չտալով վերջիններիս քայքայել իրենց կյանքը և պղծել քրիստոնեական հավաքույթի մաքրությունը (Ա Կորնթացիս 5։6—8; Մատթէոս 16։6, 12)։