Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
«Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 ԿՈՐՆԹ. 15։26)։
1, 2. Ինչպիսի՞ պայմաններում էին Ադամն ու Եվան սկզբում ապրում, և ի՞նչ հարցեր են առաջանում։
ԵՐԲ Ադամն ու Եվան ստեղծվեցին, նրանք ոչ մի թշնամի չունեին։ Նրանք կատարյալ մարդիկ էին և ապրում էին դրախտում։ Լինելով Աստծու որդին և դուստրը՝ Ադամն ու Եվան մտերիմ փոխհարաբերություններ ունեին նրա հետ (Ծննդ. 2։7–9; Ղուկ. 3։38)։ Թե ինչպիսին էր լինելու նրանց կյանքը, երևում է այն հանձնարարությունից, որ Աստված տվեց նրանց (կարդա՛ Ծննդոց 1։28)։ Որքա՞ն երկար նրանք պետք է ապրեին, որպեսզի կարողանային կատարել այդ հանձնարարությունը։ «Երկիրը լցնելու և նրան տիրելու» համար կարիք չկար հավիտյան ապրելու, բայց որպեսզի կարողանային հոգ տանել «երկրի բոլոր կենդանի արարածների» մասին, նրանք պետք է ապրեին հավիտյան։ Ադամն ու Եվան հավիտյան կարող էին ունենալ այս հաճելի առանձնաշնորհումը։
2 Ինչո՞ւ, սակայն, ամեն ինչ փոխվեց։ Որտեղի՞ց առաջ եկան մարդկային երջանկության այսքան շատ թշնամիներ, որոնցից մեծագույնը մահն է։ Ի՞նչ է անելու Աստված, որպեսզի վերացնի դրանք։ Այս և սրա հետ կապված այլ հարցերի պատասխանները կարող ենք գտնել Աստվածաշնչում։ Եկեք Աստվածաշնչից քննենք որոշ մանրամասներ։
ՍԻՐԱՌԱՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
3, 4. ա) Աստված ի՞նչ պատվեր տվեց Ադամին ու Եվային։ բ) Որքա՞ն կարևոր էր այդ պատվերին հնազանդվելը։
3 Թեև Ադամն ու Եվան հավիտյան ապրելու հեռանկար ունեին, բայց նրանք անմահ չէին։ Ապրելու համար նրանք պետք է շնչեին, խմեին, քնեին և ուտեին։ Բայց ավելի կարևոր էր այն, որ ապրելու համար նրանք պետք է մտերիմ լինեին Նրա հետ, ով իրենց կյանք էր տվել (2 Օրենք 8։3)։ Նրանք պետք է ընդունեին Աստծու առաջնորդությունը, որպեսզի շարունակեին վայելել կյանքը։ Եհովան այս մասին հստակորեն հայտնել էր Ադամին, երբ Եվային դեռ չէր ստեղծել։ Կարդում ենք. «Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»» (Ծննդ. 2։16, 17)։
4 «Բարին ու չարը գիտենալու ծառը» խորհրդանշում էր այն, որ Աստված է ճիշտն ու սխալը որոշողը։ Ադամը, ինչ խոսք, կարողանում էր զանազանել լավն ու վատը. չէ՞ որ նա Աստծու պատկերով էր ստեղծված և ուներ խիղճ։ Ծառը հիշեցնելու էր Ադամին ու Եվային, որ իրենք միշտ Եհովայի առաջնորդության կարիքն ունեն։ Ծառից ուտելը կնշանակեր, որ նրանք իրենց իրավունք են վերապահում որոշելու, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Այդ դեպքում նրանք ու նրանց սերունդները ահռելի վնաս կկրեին. Աստված նախազգուշացրել էր, որ նրանք կմեռնեին։
ԻՆՉՊԵՍ ՄԱՀԸ ՄՏԱՎ ԱՇԽԱՐՀ
5. Ինչպե՞ս Ադամն ու Եվան անհնազանդ դարձան։
5 Երբ Եվան ստեղծվեց, Ադամը նրան տեղեկացրեց Աստծու պատվերի մասին։ Եվան այնքան լավ գիտեր այդ պատվերը, որ կարող էր գրեթե բառ առ բառ կրկնել այն (Ծննդ. 3։1–3)։ Նա հենց դա արեց, երբ խոսեց մի անձնավորության հետ, ով ներկայացավ մի զգուշավոր կենդանու՝ օձի տեսքով։ Դա Բանսարկու Սատանան էր՝ Աստծու ոգեղեն որդիներից մեկը, որը թույլ էր տվել, որ իր մեջ անկախության և իշխանության տենչ զարգանա (համեմատի՛ր Հակոբոս 1։14, 15)։ Իր չար նպատակներին հասնելու համար նա Աստծուն մեղադրեց ստախոսության մեջ։ Սատանան Եվային վստահեցրեց, որ նա, անկախության ձգտելով, ոչ թե կմահանա, այլ Աստծու նման կդառնա (Ծննդ. 3։4, 5)։ Եվան հավատաց Սատանային և պտուղը ուտելով՝ ցույց տվեց, որ ուզում է անկախ լինել։ Նա Ադամին համոզեց, որ միանա իրեն (Ծննդ. 3։6, 17)։ Այսպիսով՝ Սատանան խաբեց Եվային (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։14)։ Ադամը, «լսելով իր կնոջ ձայնին», նույնպես կերավ պտղից։ Թեև օձը ընկեր էր թվում, իրականում նա մի դաժան թշնամի էր, որը շատ լավ գիտեր, թե ինչ սարսափելի հետևանքներ է բերելու իր սուտը։
6, 7. Ի՞նչ դատավճիռ կայացրեց Եհովան մեղավորների նկատմամբ։
6 Ադամն ու Եվան եսասիրություն դրսևորեցին և ըմբոստացան Նրա դեմ, ով իրենց տվել էր կյանք ու այն բոլոր լավ բաները, որ ունեին։ Եհովան, անշուշտ, շատ լավ գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել (1 Տար. 28։9; կարդա՛ Առակներ 15։3)։ Նա թույլ էր տվել այդ երեք անձնավորություններին ցույց տալու, թե իրականում ինչպես են վերաբերվում իրեն։ Որպես Հայր՝ Եհովան, անկասկած, խորապես վիրավորվել էր (համեմատի՛ր Ծննդոց 6։6)։ Բայց հետո նա գործեց որպես դատավոր և ի կատար ածեց իր դատավճիռը մեղավորների նկատմամբ։
7 Աստված Ադամին ասել էր. «Այն օրը, երբ [բարին ու չարը գիտենալու ծառից] ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։ Հնարավոր է՝ Ադամը մտածում էր, որ Աստված 24-ժամյա օր նկատի ուներ։ Աստծու պատվիրանը խախտելուց հետո նա գուցե սպասում էր, որ Եհովան իրականացնելու է իր վճիռը նախքան մայրամուտը։ «Օրվա հով ժամանակ» Եհովան խոսեց նրանց հետ (Ծննդ. 3։8)։ Լինելով արդար դատավոր՝ Աստված նախ լսեց Ադամին ու Եվային (Ծննդ. 3։9–13)։ Հետո հայտնեց իր վճիռը (Ծննդ. 3։14–19)։ Եթե Եհովան անմիջապես վերացներ Ադամին ու Եվային, ապա նրանց ու նրանց սերունդների վերաբերյալ իր նպատակը չէր իրագործվի (Ես. 55։11)։ Թեպետ նա մահվան դատապարտեց նրանց, և մեղքը անմիջապես սկսեց հետևանքներ թողնել, սակայն Աստված թույլ տվեց Ադամին ու Եվային երեխաներ ունենալ, և նրանք կարող էին օգուտներ քաղել այն ամենից, ինչ նա հետագայում անելու էր։ Այսպիսով՝ Աստծու աչքում Ադամն ու Եվան մեռան հենց այն օրը, երբ մեղք գործեցին. նրանք փաստացի մահացան 1000 տարի տևողությամբ մեկ օրում (2 Պետ. 3։8)։
8, 9. Ադամի մեղքը ինչպե՞ս անդրադարձավ նրա սերունդների վրա (տե՛ս 23-րդ էջի նկարը)։
8 Արդյոք Ադամի ու Եվայի երեխաների վրա անդրադառնալո՞ւ էր նրանց ծնողների արարքը։ Այո՛։ Հռոմեացիներ 5։12-ում կարդում ենք. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Պողոսը նաև ասաց. «Մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան» (Հռոմ. 5։19)։ Առաջին զոհը Աբելն էր (Ծննդ. 4։8)։ Ժամանակի ընթացքում Ադամի մյուս սերունդներն էլ մահացան։ Մարդիկ ձեռք բերեցին երկու անողորմ թշնամի՝ մեղք և մահ։ Նրանք չէին կարող խուսափել դրանցից։ Մենք ճշգրտորեն չգիտենք, թե մեղքն ու մահը ինչպես են ժառանգաբար փոխանցվում, բայց որ փոխանցվում են, դա փաստ է։
9 Աստվածաշունչը մեղքն ու մահը համեմատում է «ծածկոցի» հետ, «որը ծածկում է բոլոր ժողովուրդներին», նաև «պաստառի» հետ, «որը բոլոր ազգերի վրա է» (Ես. 25։7)։ Այդ «ծածկոցը», կամ՝ «պաստառը» բոլոր մարդկանց շնչահեղձ է անում, խեղդում է։ Այն կարծես մի ցանց լինի, որ խճճել է բոլորին։ Այսպիսով՝ փաստն այն է, որ «Ադամով բոլորը մահանում են» (1 Կորնթ. 15։22)։ Այստեղից բնականորեն առաջանում է այն հարցը, որն ինքը Պողոս առաքյալը տվեց. «Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից» (Հռոմ. 7։24)։ Իրոք, ո՞վa։
ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔՆ ՈՒ ՄԱՀԸ ԿՈՉՆՉԱՑՎԵՆ
10. ա) Նշիր մի քանի աստվածաշնչյան համարներ, որոնք ցույց են տալիս, որ Եհովան ոչնչացնելու է ադամական մահը։ բ) Ի՞նչ ենք սովորում այդ համարներից Եհովայի և նրա Որդու մասին։
10 Պողոսին կարող էր ազատել Եհովան։ «Ծածկոցի» մասին նշելուց անմիջապես հետո Եսայիա մարգարեն գրեց. «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Ես. 25։8)։ Եհովան մեծ ուրախություն է ապրում, որ վերացնելու է ադամական մահը, ինչպես մի հայր, որը վերացնում է իր երեխայի տառապանքի պատճառը և սրբում նրա արցունքները։ Հիսուսը նույնպես մասնակցելու է այդ գործին։ 1 Կորնթացիներ 15։22-ում ասվում է. «Ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան»։ «Ո՞վ կազատի ինձ» հարցից հետո Պողոսն ասաց. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7։25)։ Հստակ է՝ այն սերը, որը մղեց Եհովային ստեղծելու մարդկանց, չսառեց Ադամի ու Եվայի ապստամբության պատճառով։ Նա, ով մասնակցեց առաջին մարդկանց ստեղծմանը, չդադարեց մարդկանցով ուրախանալուց (Առակ. 8։30, 31)։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունենալու մեղքից ու մահից ազատագրումը։
11. Ի՞նչ արեց Եհովան՝ մարդկանց համար։
11 Երբ Ադամը մեղք գործեց, Եհովան արդար դատավճիռ կայացրեց։ Անկատարությունն ու մահը մտան աշխարհ (Հռոմ. 5։12, 16)։ Կարդում ենք. «Մեկ հանցանքի հետևանքով ամեն տեսակ մարդկանց վրա դատապարտություն եկավ» (Հռոմ. 5։18)։ Ինչպե՞ս էր Աստված մարդկանց վրայից հանելու դատապարտությունը՝ առանց իր չափանիշները խախտելու։ Պատասխանը գտնում ենք Հիսուսի խոսքերում. «Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Եհովայի առաջին ոգեղեն Որդին, երկրի վրա լինելով կատարյալ մարդ, կարող էր տալ փրկանքը։ Ինչո՞ւ էր այդ փրկանքը համապատասխանում Եհովայի արդար չափանիշներին (1 Տիմոթ. 2։5, 6)։
12. Ի՞նչ էր համապատասխան փրկանքը։
12 Լինելով կատարյալ մարդ՝ Հիսուսը կարող էր ապրել հավիտյան։ Կատարյալ Ադամը հենց այդպիսի հեռանկար ուներ։ Եհովայի նպատակն էր երկիրը լցնել Ադամի կատարյալ սերունդներով, ուստի Հիսուսը, իր Հոր հանդեպ և Ադամի սերունդների հանդեպ խոր սիրուց մղված, զոհեց իր մարդկային կյանքը։ Հիսուսը տվեց իր կատարյալ մարդկային կյանքը, որը համապատասխանում էր Ադամի կորցրած կյանքին։ Հետո Եհովան կենդանացրեց իր Որդուն՝ որպես ոգեղեն էակի (1 Պետ. 3։18)։ Մեկ կատարյալ մարդու՝ Հիսուսի զոհը՝ որպես փրկանք, կամ՝ փրկագին համապատասխանում էր Եհովայի արդար չափանիշներին։ Այդպիսով Ադամի հետնորդները հնարավորություն ստացան ապրելու այն կյանքով, որն Ադամը կորցրել էր։ Ինչ-որ իմաստով՝ Հիսուսը փոխարինեց Ադամին։ Պողոսը բացատրում է. «Հենց այդպես էլ գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ»։ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող ոգի» (1 Կորնթ. 15։45)։
13. Ի՞նչ է անելու «վերջին Ադամը» մահացածների համար։
13 Շատ շուտով «վերջին Ադամը» մարդկության համար գործելու է որպես «կյանք տվող ոգի»։ Ադամի սերունդների մեծամասնությունը նորից կյանք կստանա. նրանք հարություն կառնեն և կապրեն երկրի վրա (Հովհ. 5։28, 29)։
14. Ի՞նչ է անելու Եհովան, որպեսզի ազատի մարդկանց անկատարությունից։
14 Ինչպե՞ս է մարդկությունը ազատվելու անկատարությունից։ Եհովան հաստատել է երկնային մի կառավարություն, որը կազմված է լինելու «վերջին Ադամից» և ընտրված մարդկանցից (կարդա՛ Հայտնություն 5։9, 10)։ Նրանք, ովքեր Հիսուսի հետ իշխելու են երկնքում, գիտեն, թե ինչ է անկատարությունը։ Ուստի հազար տարվա ընթացքում նրանք Հիսուսի հետ օգնելու են մարդկանց ազատվելու անկատարությունից, ինչը որ մարդիկ ինքնուրույն չեն կարող անել (Հայտն. 20։6)։
15, 16. ա) «Վերջին թշնամի» ասելով՝ ո՞ր մահը նկատի ունի Աստվածաշունչը, և ե՞րբ է այդ մահը ոչնչացվելու։ բ) Համաձայն 1 Կորնթացիներ 15։28-ի՝ ի՞նչ է անելու Հիսուսը համապատասխան ժամանակին։
15 Հազարամյա Իշխանության վերջում Թագավորությունը հնազանդ մարդկությանը ազատած կլինի բոլոր այն թշնամիներից, որոնք առաջ են եկել Ադամի անհնազանդության հետևանքով։ «Ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Բայց ամեն մեկը՝ ըստ իր կարգի. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ, նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում [նրա իշխանակիցները]։ Հետո՝ վերջում, նա թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը, երբ ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն։ Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի։ Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթ. 15։22–26)։ Այո՛, Ադամից ժառանգված մահը վերջապես ոչնչացված կլինի։ Այն «ծածկոցը», որը մարդկային ողջ ընտանիքի վրա է, մեկընդմիշտ կհեռացվի (Ես. 25։7, 8)։
16 Հետո Պողոս առաքյալն ասում է. «Երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28)։ Որդու իշխանությունը հասած կլինի իր նպատակին։ Հետո նա, խոր բավարարվածության զգացումով, իր իշխանությունը կվերադարձնի Եհովային և կատարելության հասած մարդկային ընտանիքը կներկայացնի նրան։
17. Ի՞նչ է լինելու Սատանայի վերջը։
17 Իսկ ի՞նչ է լինելու Սատանային՝ նրան, ով սկիզբ դրեց մարդկային տառապանքին։ Հայտնություն 20։7–15-ը պատասխանում է այս հարցին։ Հազարամյակի վերջում Սատանային թույլ է տրվելու վերջին անգամ փորձել կատարյալ մարդկանց։ Բանսարկուն և նրանք, ովքեր կհետևեն նրան, մեկընդմիշտ կոչնչացվեն «երկրորդ մահով» (Հայտն. 21։8)։ Քանի որ նրանք, ովքեր մահանում են «երկրորդ մահով», հավիտյան դադարում են գոյություն ունենալուց, այդ մահը երբեք չի ոչնչացվելու։ Բայց «երկրորդ մահը» թշնամի չէ այն մարդկանց համար, ովքեր սիրում և ծառայում են իրենց Արարչին։
18. Ինչպե՞ս է կատարվելու այն հանձնարարությունը, որն Աստված տվել էր Ադամին։
18 Եհովան կատարելության հասած մարդկությանը հավիտենական կյանք է շնորհելու։ Մարդիկ այլևս ոչ մի թշնամի չեն ունենալու։ Նրանք Ադամին տրված հանձնարարությունը կատարելու են առանց նրա։ Երկիրը կլցվի Ադամի սերունդներով։ Մարդիկ հաճույքով հոգ կտանեն երկրի մասին և կուրախանան կյանքի տեսակների բազմազանությամբ։ Եկեք երբեք չկորցնենք մեր երախտագիտությունը այն բանի համար, որ մեր սիրառատ Աստվածը ոչնչացնելու է մեր «վերջին թշնամուն»՝ մահին։
a Խոսելով այն մասին, որ գիտնականները ջանքեր են գործադրում բացատրելու ծերության և մահվան պատճառները՝ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում հետևյալն է նշվում. «Նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ Արարիչն է առաջին մարդկային զույգին մահվան դատապարտել և այդ դատավճիռն իրագործել, այնպես, որ մարդ արարածը ամբողջությամբ չի հասկանում» (հատոր 2, էջ 247, անգլ.)։