Հիսուս Քրիստոս. ապացույցներ, որ նա ապրել է երկրի վրա
ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՔ, որ գոյություն է ունեցել Ալբերտ Էյնշտեյն անունով մարդ։ Հավանաբար կպատասխանեք՝ այո։ Իսկ ինչո՞ւ։ Մարդկանցից շատերը անձամբ չեն ճանաչել նրան։ Սակայն նրա գիտական նվաճումների վստահելի գրառումները ապացուցում են, որ նա իսկապես գոյություն է ունեցել։ Նրա թողած ազդեցությունը կարող ենք տեսնել գիտության մեջ իր հայտնագործությունների կիրառությունների միջոցով։ Օրինակ՝ շատերին է օգուտ տալիս էլեկտրաէներգիան։ Այն առաջանում է միջուկային էներգիայի անջատումից, ինչի մեջ կարևոր դեր է խաղում Էյնշտեյնի կողմից ձևակերպված հայտնի հավասարման կիրառումը՝ E=mc2 (էներգիան հավասար է մարմնի զանգվածի և լույսի արագության քառակուսու արտադրյալին)։
Նույնանման տրամաբանական փաստարկ կարելի է բերել Հիսուսի համար, որին համարում են պատմության մեջ ամենամեծ ազդեցությունը թողած մարդը։ Այն, ինչ գրվել է նրա մասին, ինչպես նաև նրա ունեցած ազդեցության ակնհայտ ապացույցները, կասկած չեն թողնում, որ նա իրոք գոյություն է ունեցել։ Որքան էլ որ հետաքրքիր լինի Հակոբոսի անունը հիշատակող վերջերս գտնված հնագիտական արձանագրությունը, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, այնուամենայնիվ Հիսուսի իրական անձ լինելը կախված չէ այս կամ որևէ այլ հուշարձանից։ Փաստն այն է, որ մենք Հիսուսի գոյության ապացույցը կարող ենք գտնել աշխարհիկ պատմիչների գործերում, որոնցում գրված են Հիսուսի և նրա հետևորդների մասին։
Պատմիչների վկայությունը
Քննենք առաջին դարի հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսի վկայությունը. նա նաև փարիսեցի էր։ «Հրեական հնախոսություն» գրքում (անգլ.) նա հիշատակում է Հիսուս Քրիստոսի մասին։ Չնայած ոմանք կասկածի տակ են դնում առաջին հիշատակման վավերականությունը, որտեղ Հովսեպոսը նշում է Հիսուսի մասին՝ որպես Մեսիայի, «Յեշիվա» համալսարանի պրոֆեսոր Լյուիս Ֆելդմանն ասում է, որ քչերն են կասկածում երկրորդ հիշատակման իսկությանը։ Այնտեղ Հովսեպոսը գրել է. «[Քահանայապետ Անանիան] հրավիրեց Սինեդրիոնի դատավորներին և նրանց առաջ բերեց Հակոբոս անունով մի մարդու՝ Քրիստոս կոչվող Հիսուսի եղբորը» («Հրեական հնախոսություն», XX, 200, անգլ.)։ Այո՛, լինելով փարիսեցի՝ մի աղանդի անդամ, որի շատ կողմնակիցներ Հիսուսի ճանաչված թշնամիներից էին, նա ընդունում էր «Հակոբոսի՝ Հիսուսի եղբոր» գոյությունը։
Հիսուսի ազդեցությունը երևում է նրա հետևորդների գործերից։ Երբ Պողոս առաքյալը մ.թ. 59 թ. բանտարկված էր Հռոմում, հրեաների գլխավորները նրան ասացին. «Այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում» (Գործք 28։17–22)։ Նրանք Հիսուսի աշակերտների մասին ասում էին ‘այդ աղանդը’։ Եթե ամեն տեղ նրանց դեմ էին խոսում, աշխարհիկ պատմիչները, բնական է, գրած կլինեն նրանց մասին, այդպես չէ՞։
Տակիտոսը, որ ծնվել է մ.թ. մոտ 55 թ.–ին և համարվում է աշխարհի մեծագույն պատմիչներից մեկը, հիշատակում է քրիստոնյաներին իր՝ «Տարեգրություններ» աշխատության մեջ։ Պատմելով, որ մ.թ. 64 թ.–ին Ներոնը մեղադրեց քրիստոնյաներին Հռոմը հրդեհելու մեջ՝ Տակիտոսը գրել է. «Ներոնը մեղադրեց և ամենասարսափելի տանջանքների ենթարկեց մարդկանց մի խմբի, ովքեր ատված էին իրենց զզվելիությունների համար. հասարակությունը նրանց անվանում էր քրիստոնյաներ։ Քրիստուսը, որի անունը նրանք կրում էին, ամենախիստ պատժին արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում՝ մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»։ Այս հաղորդագրության մանրամասները համապատասխանում են Աստվածաշնչում Հիսուսի վերաբերյալ գրված տեղեկություններին։
Մեկ այլ անձնավորություն, որ գրել է Հիսուսի հետևորդների մասին, Պլինիոս Կրտսերն է՝ Բութանիայի կառավարիչը։ Մոտավորապես մ.թ. 111 թ.–ին Տրայանոս կայսրին ուղղված իր գրության մեջ Պլինիոսը հարցնում էր, թե ինչպես վարվել քրիստոնյաների հետ։ Պլինիոսը գրում է, որ նրանք ովքեր քրիստոնյաներ չէին, բայց սխալմամբ մեղադրվում էին դրանում, պատրաստ էին կրկնելու աստվածներին ուղղված աղոթքներ և խոնարհվելու Տրայանոսի արձանի առջև, միայն թե ապացուցեին իրենց ոչ քրիստոնյա լինելը։ Նա շարունակում է. «Սակայն, նրանք, ովքեր իսկապես քրիստոնյաներ են, նշված բաներից ոչ մեկում զիջումների չեն գնում»։ Դա վկայում է այն մասին, որ Քրիստոսն իրականում գոյություն է ունեցել, և նրա հետևորդները պատրաստ են եղել իրենց կյանքը տալ նրա հանդեպ իրենց ունեցած հավատի համար։
Հիսուս Քրիստոսի և նրա հետևորդների մասին առաջին և երկրորդ դարերի պատմիչների հիշատակումներն ամփոփելով՝ «Բրիտանական հանրագիտարանը» (2002 թ. հրատարակություն, անգլ.) հետևություն է անում. «Իրարից անկախ այս արձանագրություններն ապացուցում են, որ հին ժամանակներում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել։ Դա առաջին անգամ անհիմն կերպով կասկածի տակ է դրվել 18–րդ դարի վերջին, 19–րդ դարում և 20–րդ դարի սկզբին»։
Հիսուսի հետևորդների վկայությունը
«Նոր Կտակարանը տրամադրում է գրեթե բոլոր փաստերը, որ անհրաժեշտ են պատմականորեն վերականգնելու համար Հիսուսի կյանքն ու ճակատագիրը, ինչպես նաև վաղ քրիստոնյաների կողմից տրված մեկնաբանություններ՝ նրա դերի կարևորության վերաբերյալ» («The Encyclopedia Americana»)։ Սկեպտիկները հնարավոր է չընդունեն Աստվածաշունչը որպես Հիսուսի գոյությունը փաստող ապացույց։ Սակայն Գրությունների վրա հիմնված երկու փաստարկներ հատկապես են օգնում հաստատել, որ Հիսուսն իրականում ապրել է երկրի վրա։
Ինչպես նշեցինք, Էյնշտեյնի հանրահայտ տեսությունները ապացուցում են, որ եղել է այդպիսի մարդ։ Այդպես էլ Հիսուսի ուսուցումներն են ապացուցում, որ իրականում նա գոյություն է ունեցել։ Վերցնենք, օրինակ, Լեռան քարոզը՝ Հիսուսի տված մի քաջ հայտնի ելույթ (Մատթէոս, 5–7 գլուխներ)։ Մատթեոս առաքյալը գրել է այդ քարոզի թողած ազդեցության մասին. «Ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։ Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց» (Մատթէոս 7։28, 29)։ Դարեր շարունակ մարդկանց վրա այդ քարոզի ունեցած ազդեցության մասին պրոֆեսոր Հանս Դիթր Բեթզը նշեց. «Լեռան քարոզի ազդեցությունը սովորաբար հուդայիզմի, քրիստոնեության և նույնիսկ Արևմտյան մշակույթի սահմաններից էլ հեռու է տարածվում»։ Նաև ավելացրեց, որ այս քարոզը «հատկապես համընդհանուր կոչ» ունի։
Ուշադրություն դարձնենք օրինակ, Լեռան քարոզում գտնվող հետևյալ իմաստուն խոսքերին, որոնք հակիրճ են ու գործնական՝ «Ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու», «Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք», «Էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ», «Ձեր մարգարիտները խոզերուն առջեւ մի՛ ձգէք», «Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ», «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց», «Նեղ դռնովը ներս մտէք», «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք», «Ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում» (Մատթէոս 5։39; 6։1, 34; 7։6 Արևմտ. Աստ., 7, 12, 13, 16, 17)։
Անկասկած, լսած կլինեք այս արտահայտություններից մի քանիսը կամ դրանց պարունակած հիմնական միտքը։ Միգուցե դրանք ասացվածքներ են դարձել ձեր լեզվում։ Այս բոլորը վերցված են Լեռան քարոզից։ Այն ազդեցությունը, որ այս քարոզը ունեցել է շատ ժողովուրդների և մշակույթների վրա, վառ ձևով վկայում է «Մեծ ուսուցչի» գոյության մասին։
Եկեք պատկերացնենք, թե ինչ–որ մեկը հնարել է Հիսուս Քրիստոս կոչվող անձնավորությանը։ Ենթադրենք, որ այդ անհատը այնքան խելացի է եղել, որ կարողացել է հորինել այն ուսուցումները, որոնք Աստվածաշունչը վերագրում է Հիսուսին։ Արդյո՞ք այդ անհատը չէր ներկայացնի Հիսուսին և նրա ուսուցումները այնպես, որ դրանք որքան հնարավոր է ընդունելի լինեին մարդկանց կողմից։ Մինչդեռ Պողոս առաքյալը նշեց. «Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին [«այլ ազգերին», ՆԱ] յիմարութիւն» (Ա Կորնթացիս 1։22, 23)։ Ցից հանված Քրիստոսի մասին քարոզը ո՛չ հրեաների համար էր հրապուրիչ, ո՛չ էլ այլ ազգերի։ Սակայն սա հենց այն Քրիստոսն էր, որի մասին առաջին դարի քրիստոնյաները հռչակում էին։ Ինչո՞ւ էին նրանք քարոզում ցից հանված Քրիստոսի մասին։ Միակ գոհացուցիչ բացատրությունն այն է, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները Հիսուսի կյանքի և մահվան մասին ճշմարտությունն են արձանագրել։
Հիսուսի պատմականությունը նաև փաստվում է նրանով, որ իր հետևորդները անխոնջ կերպով քարոզել են նրա տված ուսուցումները։ Մոտ 30 տարի անց այն պահից, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, Պողոս առաքյալը հայտնեց, որ բարի լուրը «երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ» (Կողոսացիս 1։23)։ Այո՛, չնայած հակառակություններին՝ Հիսուսի ուսուցումները տարածվեցին հին աշխարհով մեկ։ Պողոսը, որ ինքն էլ որպես քրիստոնյա հալածվել էր, գրեց. «Եթէ Քրիստոսը յարութիւն չի առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ» (Ա Կորնթացիս 15։12–17)։ Եթե Քրիստոսը հարություն առած չլիներ, նրանց կատարած քարոզչությունը իզուր կլիներ. դա առավել ևս իզուր կլիներ, եթե Քրիստոսը ընդհանրապես գոյություն ունեցած չլիներ։ Ինչպես կարդում ենք Պլինիոս Կրտսերի թողած տեղեկություններում, առաջին դարի քրիստոնյաները պատրաստ էին մեռնել Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի համար։ Նրանք վտանգի էին ենթարկում իրենց կյանքը հանուն Քրիստոսի, քանզի նա իրական անձ էր։ Այդպիսի մարդ ապրել է երկրի վրա, ինչպես ցույց են տալիս Ավետարաններում արձանագրված տեղեկությունները։
Դուք տեսնում եք ապացույցը
Նախքան քարոզելը անհրաժեշտ էր, որ քրիստոնյաներն իրենք հավատային, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել։ Ձեր մտքի աչքերով դուք նույնպես կարող եք պատկերացնել հարություն առած Հիսուսին՝ տեսնելով այն ազդեցությունը, որ նա այսօր թողնում է։
Ցից հանվելուց առաջ Հիսուսը մի մեծ մարգարեություն տվեց իր ապագա ներկայության մասին։ Նա նաև նշեց, որ ինքը հարություն է առնելու, նստելու է Աստծո աջ կողմում և սպասելու է այն ժամանակին, երբ հաշիվ կտեսնի իր թշնամիների հետ (Սաղմոս 110։1; Յովհաննէս 6։63; Գործք 2։34, 35; Հռովմայեցիս 8։34)։ Այնուհետև՝ նա միջոցներ էր ձեռնարկելու՝ Սատանային ու իր դևերին երկնքից վռնդելու (Յայտնութիւն 12։7–9)։
Ե՞րբ էր այդ ամենը տեղի ունենալու։ Հիսուսը տվեց իր աշակերտներին իր «գալստեան [ներկայության, ՆԱ] եւ աշխարհքիս վերջի նշանը»։ Իր անտեսանելի ներկայությունը հաստատող նշանի մեջ էին մտնում մեծ պատերազմները, սովերը, երկրաշարժերը, կեղծ մարգարեների հայտնվելը, անօրենության շատանալը և դաժան համաճարակները։ Այսպիսի կործանարար իրադարձություններ պետք է լինեին, քանի որ Բանսարկու Սատանայի վռնդումը երկրի համար «վա՜յ» էր նշանակելու։ Բանսարկուն ընկել է երկրի մերձակայքը և «մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։ Բացի դրանից, նշանը ներառում է Թագավորության բարի լուրի քարոզչությունը «բովանդակ աշխարհի մէջ.... բոլոր ազգերուն վկայութիւն ըլլալու» [Արևմտ. Աստ] (Մատթէոս 24։3–14; Յայտնութիւն 12։12; Ղուկաս 21։7–19)։
Հիսուսի խոսքերն իրականացան ճիշտ այնպես, ինչպես խճանկար–գլուխկոտրուկի կտորներն են իրենց տեղը գտնում։ Սկսած 1914 թ.–ից, երբ պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը՝ տեսնում ենք Հիսուսի անտեսանելի ներկայության ամբողջական ապացույցը։ Նա թագավորում է որպես Աստծո Թագավորության Թագավոր և հսկայական ազդեցություն ունի։ Այն փաստը, որ ձեր ձեռքում ունեք այս պարբերագիրը, ապացույց է այն բանի, որ այսօր Թագավորության քարոզչությունը ընթացքի մեջ է։
Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե Հիսուսի գոյությունը ինչ ազդեցություն ունի, անհրաժեշտ է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ինչո՞ւ չհարցնեք Եհովայի վկաներին Հիսուսի ներկայությունը փաստող մանրամասների մասին։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Հովսեպոսը, Տակիտոսը և Պլինիոս Կրտսերը հիշատակել են Հիսուս Քրիստոսի և նրա հետևորդների մասին
[թույլտվությամբ]
All three images: © Bettmann/CORBIS
[նկար 7–րդ էջի վրա]
Վաղ քրիստոնյաները համոզված էին, որ Հիսուսը իրական անձնավորություն է