Աշխատե՛ք ձեր փրկության համար
«Սիրելինե՛ր.... ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէ՛ք» (Փիլիպպեցիս 2։12)։
1, 2. Ինչպիսի՞ համատարած գաղափարներ են դրդել մարդկանց եզրակացնելու, թե իրենք ի վիճակի չեն ղեկավարելու սեփական կյանքի ընթացքը։
«ԴՈՒՔ այդպիսի՞ն եք ծնվել»։ Դեռ վերջերս այս հարցը տեղ էր գտել հանրաճանաչ մի ամսագրի շապիկի վրա։ Վերնագրի տակ հետևյալ նախադասություններն էին գրված. «Անձնավորությանը հատուկ գծերը, խառնվածքը և նույնիսկ կյանքում կատարած ընտրությունները. նոր հետազոտություններն ի հայտ են բերում, որ դրանք գլխավորապես կախված են գեներից»։ Նման պնդումները ոմանց մոտ կարող են այնպիսի զգացում առաջացնել, թե կյանքում սեփական անձից շատ քիչ բան է կախված։
2 Ուրիշները վախենում են, որ իրենց ծնողների տված սխալ դաստիարակությունը, ուսուցիչների թերի աշխատանքը ինչ–որ կերպով դատապարտել են նրանց ապերջանիկ կյանքի։ Ծնողների կատարած սխալները կրկնելը, նրանց վատ մղումներով շարժվելը, որոշ հարցերում Եհովայի հանդեպ անհավատարմորեն գործելը, սխալ ընտրություններ կատարելն այդ մարդիկ թերևս ճակատագիր համարեն։ Աստվածաշունչն այդ մասին լռո՞ւմ է։ Կրոնավորներից ոմանք պնդում են, թե Աստվածաշնչում խոսվում է այդ մասին, որն անվանում են նախասահմանման ուսմունք։ Համաձայն այդ ուսմունքի՝ Աստված վաղուց ի վեր կանխորոշել է կյանքում կատարելիք ձեր բոլոր քայլերը։
3. Ի՞նչ ոգևորիչ տեղեկություն է պարունակում Աստվածաշունչը, թե ապագայի հարցում պատասխանատվություններ կրելու հնարավորություն ունենք։
3 Այս բոլոր տեսակետները մեկ ընդհանուր միտք են ամփոփում, այն է՝ դուք ընտրության շատ փոքր հնարավորություն ունեք և ձեզանից շատ քիչ բան է կախված, թե ինչ տեղի կունենա ձեզ հետ կյանքում։ Հուսահատեցնող տեղեկություն է, այնպես չէ՞, իսկ հուսահատությունը միայն կրկնապատկում է եղած խնդիրը։ Առակաց 24։10–ում գտնում ենք հետևյալ խոսքերը. «Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի»։ Սակայն ոգևորվում ենք՝ կրկին Աստվածաշնչից տեղեկանալով, որ կարող ենք ‘աշխատել մեր փրկության համար’ (Փիլիպպեցիս 2։12)։ Ինչպե՞ս կարելի է զորացնել մեր վստահությունն Աստվածաշնչում ակնարկված այս դրական մտքի հանդեպ։
‘Շինարարական’ աշխատանքներ ենք կատարում ինքներս մեր մեջ
4. Չնայած Ա Կորնթացիս 3։10—15–ում խոսվում է հրակայուն նյութերից կառուցելու մասին, սակայն դա ինչի՞ն չէր ակնարկում։
4 Անդրադառնանք Պողոս առաքյալի Ա Կորնթացիս 3։10—15–ում արձանագրված օրինակին։ Այստեղ նա խոսում է քրիստոնյայի կատարած շինարարական աշխատանքի մասին, և նրա օրինակում ամփոփված սկզբունքը կարելի է կիրառել ինչպես ուսումնասիրողի, այնպես էլ ուսուցանողի առնչությամբ։ Նա ակնարկո՞ւմ է արդյոք, թե ուսուցիչն է պատասխանատու ուսումնասիրողի՝ Եհովային ծառայելու և նրան հավատարիմ մնալու որոշման համար։ Ո՛չ։ Պողոսը կարևորում է այն, որ ուսուցիչը պետք է իր ուժերից եկածն անի, լավագույնը տա իր աշխատանքում։ Սակայն, ինչպես տեսանք նախորդ հոդվածում, դա չի նշանակում, որ ուսումնասիրող անհատը, այսինքն՝ աշակերտը, ընտրության հնարավորություն չունի։ Ճիշտ է, Պողոսն իր օրինակում կենտրոնանում է ուրիշների հետ մեր տարած աշխատանքի, ոչ թե մեր անձերը «կառուցելու» վրա։ Դա երևում է այն բանից, որ խոսվում է շուտափույթ կառուցված շինության կործանման մասին, մինչդեռ կառուցողն ինքը վերապրում է այն։ Այնուհանդերձ, Աստվածաշնչում միևնույն պատկերավոր արտահայտությունը հաճախ օգտագործվում է այն աշխատանքի առումով, որը մենք կատարում ենք մեր մեջ։
5. Գրությունների ո՞ր համարներն են ցույց տալիս, որ քրիստոնյաները «կառուցելու» աշխատանքը պետք է նաև իրենց ներսում կատարեն։
5 Տեսնենք, թե ի՞նչ է ասվում Յուդա 20, 21–ում. «Սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»։ Հուդան գործածում է միևնույն հունարեն «կառուցել» բառը, որը հայտնվում է նաև Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3–րդ գլխում, սակայն Հուդան այնտեղ խոսում է այն մասին, որ մենք ինքներս մեր հավատի հիմքի վրա կառուցենք։ Իր տունը ժայռի վրա հիմնող մարդու մասին Հիսուսի պատմությունն արձանագրելիս՝ Ղուկասն օգտագործել է նույն «հիմք» բառը, որը գրել էր նաև Պողոսը՝ քրիստոնեական կառույցի մասին խոսելիս (Ղուկաս 6։48, 49)։ Բացի այդ, Պողոսը գործածում է «հիմքի» վրա հաստատված լինելու օրինակը, երբ հորդորում է իր քրիստոնյա հավատակիցներին հոգևոր առաջադիմություններ անել։ Այո՛, Աստծո Խոսքը սովորեցնում է, որ հարկավոր է «կառուցելու» աշխատանքը մեր ներսում կատարել (Եփեսացիս 3։15—19; Կողոսացիս 1։23; 2։7)։
6. ա) Նկարագրեք, թե քրիստոնյա աշակերտներից ամեն մեկն ինչո՛ւ է համարվում միացյալ ուժերով կատարված աշխատանքի արդյունք։ բ) Անհատապես ի՞նչ պատասխանատվություն է կրում աշակերտներից յուրաքանչյուրը։
6 Արդյո՞ք քրիստոնյա անձնավորություն «կառուցելը» մեկ մարդու գործ է։ Եկեք պատկերացնենք, որ որոշել եք տուն կառուցել։ Նախ՝ դիմում եք ճարտարապետին նախագծերի համար։ Թեև մտադիր եք աշխատանքի մեծ մասն ինքներդ կատարել, այնուամենայնիվ, կապալառու եք վարձում, որպեսզի համագործակցի ձեզ հետ և անհրաժեշտ խորհուրդներ տա։ Եթե նա ամուր հիմք է դնում, օգնում է հասկանալ նախագծերը, եթե նրա օգնությամբ լավագույն նյութերն եք ձեռք բերում և սկսում ավելի շատ բան հասկանալ շինարարությունից, ապա դուք, ամենայն հավանականությամբ, կգաք այն եզրակացության, որ նա որակյալ աշխատանք է կատարում։ Ի՞նչ կպատահեր, սակայն, եթե անտեսեիք նրա տված խորհուրդները, գնեիք էժան, ցածրորակ նյութեր, կամ էլ եթե շեղվեիք ճարտարապետի նախագծերից։ Եթե տունը փլուզվեր, ինչ խոսք, չէիք մեղադրի կապալառուին կամ էլ ճարտարապետին։ Նմանապես, յուրաքանչյուր քրիստոնյա աշակերտի կարելի է համարել միացյալ աշխատանքի պտուղ։ Եհովան գլխավոր ճարտարապետն է։ Նա աջակցում է «Աստծու գործակից» հավատարիմ քրիստոնյաներին, որոնք ուսուցանում և «կառուցում» են այդ աշակերտներին (Ա Կորնթացիս 3։9)։ Սակայն գործին անմասն չի մնում նաև աշակերտն ինքը։ Վերջին հաշվով, նա ինքն է պատասխանատու սեփական կյանքի համար (Հռովմայեցիս 14։12)։ Եթե նրա համար ցանկալի են քրիստոնեական գեղեցիկ հատկությունները, ապա պետք է ջանք թափի դրանք ձեռք բերել, պետք է զարգացնի՝ «կառուցի» այդ հատկություններն իր մեջ (Բ Պետրոս 1։5—8)։
7. Ի՞նչ դժվարություններ են կրում քրիստոնյաներից ոմանք, և ի՞նչը կարող է մխիթարել նրանց։
7 Սակայն դա նշանակո՞ւմ է, թե գեները, շրջապատը և մեր ուսուցման որակը, բոլորն էլ անիմաստ բաներ են։ Ո՛չ, իհարկե։ Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրն անչափ կարևոր է և իր ազդեցությունն ունի։ Մեղավոր և բացասական շատ հակումներ ի ծնե են, և դրանց դեմ պայքարելը դժվար է (Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 5։12; 7։21—23)։ Ծնողների տված դաստիարակությունը, տանը տիրող մթնոլորտը մեծ ազդեցություն են թողնում փոքրահասակների վրա թե՛ լավ, և թե՛ վատ առումով (Առակաց 22։6; Կողոսացիս 3։21)։ Հիսուսը դատապարտեց հրեա կրոնական առաջնորդներին մարդկանց վրա նրանց ուսմունքների թողած վատ ազդեցության համար (Մատթէոս 23։13, 15)։ Այսօր էլ նման ազդակները գործում են բոլորիս վրա։ Աստծո ժողովրդից ոմանք, օրինակ, դժվարություններ են կրում այն պատճառով, որ ծանր մանկություն են ունեցել։ Նման մարդիկ մեր սիրալիր վերաբերմունքի և կարեկցանքի կարիքն ունեն։ Նրանց անպատճառ կմխիթարի Աստվածաշնչի այն լուրը, որ ճակատագրով նախասահմանված չէ իրենց ծնողների սխալները կրկնելը կամ էլ Եհովայի հանդեպ անհավատարիմ վարվելը։ Այս հարցի հետ կապված՝ քննարկենք Հուդայի մի քանի հին թագավորների օրինակները։
Հուդայի թագավորներն իրենց անձնական որոշումները կայացրին
8. Հոր ո՞ր վատ օրինակն էր Հովաթամի աչքի առաջ, սակայն ի՞նչ ընտրություն կատարեց նա։
8 Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր և հիսուներկու տարի թագավորեց Հուդայում։ Իր թագավորության գրեթե ողջ ընթացքում «նա ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս, ինչպէս որ արաւ իր հայրը՝ Ամասիան» (Դ Թագաւորաց 15։3)։ Եհովայի օրհնությունը երևաց պատերազմներում նրա տարած մի շարք հաղթանակներից։ Բայց, ցավոք, հաջողությունները կուրացրին Ոզիային։ Նա մեծամտացավ և ապստամբեց Եհովայի դեմ՝ տաճարում զոհասեղանի վրա խունկ ծխելով, ինչը մտնում էր միայն քահանաների պարտականությունների մեջ։ Իր արարքի համար Ոզիան հանդիմանություն ստացավ, սակայն մոլեգնորեն արձագանքեց դրան։ Հետևանքը եղավ այն, որ Աստված նրան բորոտությամբ հարվածեց, և նա ստիպված էր մեկուսանալ ու կյանքի մնացած մասն անցկացնել այդ վիճակում (Բ Մնացորդաց 26։16—23)։ Ի՞նչ արձագանք տվեց այս ողջ պատմությանը նրա որդի Հովաթամը։ Պատանու վրա կարող էր հեշտությամբ ազդած լինել հայրը, և որդին կարող էր դժգոհել Եհովայի տված այդ պատժից։ Ժողովուրդն, ընդհանուր առմամբ, վնասակար ազդեցության աղբյուր էր նրա համար, քանի որ ապրում էր կրոնական սխալ սովորություններից կառչելով (Դ Թագաւորաց 15։4)։ Սակայն Հովաթամն իր անձնական ընտրությունը կատարեց։ «Նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին» (Բ Մնացորդաց 27։2)։
9. Որո՞նք էին Աքազի վրա գործած բարենպաստ ազդեցություններից մի քանիսը, սակայն նա ի՞նչ ընտրություն կատարեց։
9 Հովաթամը թագավորեց տասնվեց տարի, և միշտ հավատարիմ էր Եհովային։ Ուստի նրա որդի Աքազն իր հոր գերազանց օրինակն ուներ։ Աքազը նաև շատ ուրիշ բարենպաստ ազդեցությունների տակ էր գտնվում։ Նա ապրում էր այն ժամանակ, երբ Աստծո հավատարիմ մարգարեներ Եսայիան, Ովսէէն և Միքիան մարգարեություններ էին անում։ Սակայն Աքազը սխալ ընտրություն կատարեց։ Նա «ուղղութիւն չ’արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը»։ Նա Բահաղի պատկերներ շինեց և երկրպագեց դրանց, նույնիսկ իր որդիներից ոմանց ողջակեզ մատուցեց այդ հեթանոսական աստվածներին։ Եվ չնայած բարերար ազդեցություններին՝ Աքազը ողբալի հետեվանքներ կրեց թե՛ որպես թագավոր, և թե՛ որպես Եհովայի ծառա (Բ Մնացորդաց 28։1—4)։
10. Ինչպիսի՞ հայր էր Աքազը, սակայն ի՞նչ ընտրություն կատարեց նրա որդի Եզեկիան։
10 Անարատ երկրպագության տեսանկյունից՝ հնարավոր չէ Աքազից ավելի դաժան մեկին պատկերացնել որպես հայր։ Սակայն նրա որդի Եզեկիան չէր կարող հրաժարվել իր հորից։ Այն երեխաները, որոնց Աքազը զոհել էր Բահաղին, Եզեկիայի եղբայրներն էին։ Արդյո՞ք այս պատմությունը հիմք հանդիսացավ, որպեսզի նա էլ անհավատարիմ գտնվի Եհովայի հանդեպ։ Ո՛չ, Եզեկիան դարձավ Հուդայի սակավաթիվ մեծ թագավորներից մեկը՝ հավատարիմ, իմաստուն ու սիրված։ «Տէրը նորա հետ էր» (Դ Թագաւորաց 18։3—7)։ Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ 119–րդ սաղմոսի հեղինակը Եզեկիան է, և վերջինս գրել է դեռևս իր արքայազն եղած ժամանակ։ Ուստի, դժվար չէ կռահել, թե ինչ էին արտահայտում իր այս խոսքերը. «Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից» (Սաղմոս 119։28)։ Չնայած կրած ծանր դժվարություններին՝ Եզեկիան թույլ տվեց, որպեսզի Եհովայի Խոսքն իրեն առաջնորդի կյանքում։ «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար»,— կարդում ենք Սաղմոս 119։105–ում։ Այո՛, Եզեկիան անձամբ ընտրություն կատարեց և ճիշտ ընտրություն։
11. ա) Չնայած Մանասեն ուներ իր հոր լավ օրինակը, ինչպե՞ս նա ապստամբեց Եհովայի դեմ։ բ) Ի՞նչ ընտրություն կատարեց Մանասեն իր կյանքի վերջին տարիներին, և ի՞նչ ենք մենք դրանից եզրակացնում։
11 Զարմանալի է, բայց Հուդայի լավագույն թագավորներից մեկը բավականին չար որդի ունեցավ։ Եզեկիայի որդի Մանասեն նպաստեց կռապաշտությանը, ոգեհարցությանը և մասսայական չտեսնված բռնությունների հեղինակը դարձավ։ Հաղորդագրությունը հայտնում է, որ «Տէրը խօսեց Մանասէի եւ նորա ժողովրդի հետ», հավանաբար, մարգարեների միջոցով (Բ Մնացորդաց 33։10)։ Հրեական ավանդության մեջ ասվում է, որ, դրան ի պատասխան, Մանասեի հրամանով սղոցվել է Եսայիան (համեմատեք Եբրայեցիս 11։37)։ Ճիշտ է արդյոք այդ ավանդույթը, թե՝ ոչ, Մանասեն, համենայն դեպս, ականջ չդրեց Աստծո կողմից տրված ոչ մի զգուշացմանը։ Իսկ իր որդիներից մի քանիսին էլ ողջակեզ մատուցեց, ինչպես որ վարվել էր նրա պապը՝ Աքազ թագավորը։ Այնուամենայնիվ, այս չար մարդն ավելի ուշ, ծանր փորձությունների ներքո, զղջաց և փոխեց իր ճանապարհը (Բ Մնացորդաց 33։1—6, 11—20)։ Այս դեպքը ցույց է տալիս, որ եթե մարդ կյանքում սխալ ընտրություններ է կատարում, դա դեռ չի նշանակում, թե այլևս փրկություն չունի. նա կարո՛ղ է փոխվել։
12. Եհովային ծառայելու հետ կապված՝ ի՞նչ հակադիր ուղիներ ընտրեցին Ամոնը և նրա որդի Հովսիան։
12 Մանասեի որդի Ամոնը քիչ բան չուներ սովորելու իր հոր ապաշխարության օրինակից։ Սակայն նա սխալ ընտրություն կատարեց։ Ամոնը «յանցանքը աւելացրեց» և, վերջիվերջո, դավադրաբար սպանվեց։ Նրա որդի Հովսիան իր հակապատկերն էր։ Ակներևաբար, Հովսիան որոշեց դաս քաղել իր պապի թողած օրինակից։ Նա գահ էր բարձրացել ութ տարեկան հասակում, իսկ տասնվեց տարեկանում սկսեց փնտրել Եհովային. ապա օրինակելի, հավատարիմ թագավոր եղավ (Բ Մնացորդաց 33։20—34։5)։ Հովսիան ճիշտ ընտրություն կատարեց։
13. ա) Ի՞նչ դաս ենք քաղում Հուդայի թագավորների մասին մեր նկատի առած օրինակներից։ բ) Որքանո՞վ է կարևոր ծնողների տված դաստիարակությունը։
13 Հուդայի այս յոթ թագավորների մասին մեր համառոտ ուսումնասիրությունից լավ դաս կարելի է քաղել։ Տեսանք, որ որոշ դեպքերում թագավորներից ամենավատերը հիանալի որդիներ ունեցան, և հակառակը՝ օրինակելի արքաները՝ չար որդիներ (համեմատեք Ժողովող 2։18—21)։ Այս իրողությունը չի նվազեցնում դաստիարակության հարցում ծնողական պարտականությունները կատարելու կարևորությունը։ Այն ծնողները, որոնք դաստիարակում են երեխաներին Եհովայի սկզբունքներին ներդաշնակ, անշուշտ, Աստծո հավատարիմ ծառաները դառնալու լավագույն հնարավորությունն են ընձեռում իրենց զավակներին (Բ Օրինաց 6։6, 7)։ Բայց և այնպես, պատահում է, երբ երեխաներից ոմանք, անկախ հավատարիմ ծնողների ներդրած ջանքերից, կյանքում սխալ ուղի են բռնում։ Միևնույն ժամանակ, պատահում է, որ, չնայած ծնողների թողած վատ ազդեցությանը, երեխաներն իրենց ընտրությունն են կատարում՝ սիրել և ծառայել Եհովային։ Աստծո օրհնությամբ նրանք կյանքում մեծ հաջողությունների են հասնում։ Ժամանակ առ ժամանակ մտածո՞ւմ եք, թե ինչ կլինի ձեր պարագայում։ Եկեք տեսնենք, թե Եհովան անձամբ ինչպես է հավաստիացնում ձեզ, որ կարող եք ճիշտ ընտրություն կատարել։
Եհովան վստահում է քեզ
14. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հասկանում է մեր սահմանափակ հնարավորությունները։
14 Եհովայի աչքից ոչինչ չի վրիպում։ Առակաց 15։3–ում կարդում ենք. «Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին»։ Դավիթ թագավորը, դիմելով Եհովային, ասաց. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար» (Սաղմոս 139։16)։ Այսպիսով՝ Եհովան գիտի, թե բացասական ինչ հակումների դեմ ես դու պայքարում, անկախ այն բանից, ժառանգաբար են դրանք քեզ անցել, թե ձեռքբերովի են և արդյունքն են քո ղեկավարությանը չենթարկվող ազդեցությունների։ Նա ստույգ գիտի, թե ինչպես են դրանք ազդել քո վրա։ Նա ավելի լավ է հասկանում, որ քո հնարավորությունները սահմանափակ են, քան դու։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ նա ողորմած է։ Նա երբեք չի սպասում, որ մենք մեր ուժերի եկածիցն ավելին անենք (Սաղմոս 103։13, 14)։
15. ա) Ո՞ր միտքն է մխիթարություն տալիս նրանց, ովքեր իրենց հանդեպ գիտակցաբար անարդար վերաբերվողների զոհն են դարձել։ բ) Ո՞ր պատասխանատվությունը կրելու պատվին է Եհովան արժանացնում մեզանից յուրաքանչյուրին։
15 Այլ կողմից, Եհովան մեզ չի նայում որպես հանգամանքների զոհ դարձած անօգնական անհատների։ Եթե դառը հիշողություններ ունենք, մեզ համար մխիթարիչ է այն միտքը, որ Եհովան ատում է մարդկանց գիտակցաբար ցավ պատճառողներին (Սաղմոս 11։5; Հռովմայեցիս 12։19)։ Բայց կազատի՞ արդյոք նա մեզ, եթե ինքներս մեր կամքով շեղվենք ճանապարհից և, ամենը հասկանալով, սխալ ընտրություն կատարենք։ Ինչ խոսք, ոչ։ Նրա Խոսքն ասում է. «Իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու» (Գաղատացիս 6։5)։ Իր գիտակից ստեղծագործություններից ամեն մեկին Եհովան իրեն ծառայելու և արդարությամբ վարվելու պատասխանատվությունն ունենալու պատվին է արժանացնում։ Դա նման է իսրայելացիներին ուղղված Մովսեսի խոսքերին. «Երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը» (Բ Օրինաց 30։19)։ Եհովան վստահ է, որ մենք նույնպես կարող ենք ճիշտ ընտրություն կատարել։ Որտեղի՞ց այդ գիտենք։
16. Ինչպե՞ս կարող ենք հաջողություն ունենալ ‘մեր փրկության համար աշխատելու’ գործում։
16 Ուշադրություն դարձրեք, թե ինչ գրեց Պողոս առաքյալը. «Ուրէմն, իմ սիրելինե՛ր, ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէ՛ք. որովհետեւ Աստուած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար» (Փիլիպպեցիս 2։12, 13)։ Բնագրում հանդիպող հունարեն բառը, որն այստեղ թարգմանված է «աշխատեցեք», ունի որևէ գործողություն ավարտին հասցնելու իմաստը։ Ուստի, մեզանից ոչ ոքի համար նախասահմանված չէ, որ պետք է ձախողում կրենք կամ լքենք մեր ծառայությունը։ Եհովա Աստված, ինչ խոսք, վստահ է, որ մենք կարո՛ղ ենք ավարտին հասցնել մեր փրկությանն առաջնորդող իր հանձնարարած գործը, այլապես նա չէր ներշնչի Պողոսին՝ արձանագրելու վերոհիշյալ խոսքերը։ Սակայն ինչպե՞ս է դա մեզ հաջողվում։ Իհարկե ոչ մեր սեփական ուժերով։ Եթե բավականին զորեղ լինեինք, ապա «ահով եւ դողով» գործելու կարիքը չէր զգացվի։ Եհովան ինքը «յաջողեցնում է» մեզ, նրա սուրբ հոգին գործում է մեր մտքում և սրտում՝ օգնելով մեզ ‘կամենալու և կատարելու’։ Նման աջակցություն ունենալով հանդերձ՝ որևէ բան կարո՞ղ է խանգարել մեզ, որպեսզի կյանքում ճիշտ ընտրություններ կատարենք և ապրենք դրանց համաձայն։ Ո՛չ (Ղուկաս 11։13)։
17. Ի՞նչ փոփոխություններ կարող ենք կատարել մեր մեջ, և ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ՝ կատարելու այդ փոփոխությունները։
17 Կյանքում մեզ դեռ խոչընդոտներ կհանդիպեն, թերևս վատ հակումներ կամ, գուցե, մեր մտածելակերպին սպառնացող վնասակար ազդեցություններ, որոնք անհրաժեշտ կլինի հաղթահարել։ Այնուհանդերձ, Եհովայի սուրբ հոգու օգնությամբ կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն։ Ինչպես ժամանակին Պողոսը գրեց կորնթացի քրիստոնյաներին, Աստծո Խոսքը բավականին զորեղ է, որպեսզի քանդի նույնիսկ «ամրութիւնները» (Բ Կորնթացիս 10։4)։ Եհովան կարող է օգնել մեզ՝ կյանքում մեծ փոփոխություններ կատարելու։ Նրա Խոսքը հորդորում է ‘հեռո՛ւ վանել մեզանից հին մարդուն’ և հագնել «նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4։22—24)։ Մի՞թե Եհովայի սուրբ հոգին իրոք կարող է մեզ օգնել նման փոփոխություններ մտցնելու մեր կյանքում։ Անշո՛ւշտ։ Աստծո սուրբ հոգին պտուղներ է տալիս՝ հիասքանչ, անգին հատկություններ, որոնք մեզնից յուրաքանչյուրն էլ ցանկանում է մշակել իր մեջ։ Դրանցից առաջինը սերն է (Գաղատացիս 5։22, 23)։
18. Յուրաքանչյուր գիտակից անձնավորություն ի՞նչ ընտրություն կարող է կատարել, և այդ ընտրությունը մեզ ո՞ր հարցում կօգնի։
18 Այս հարցը խորը ճշմարտություն է պարունակում, և այդ ճշմարտությունը մեզ կարող է ազատագրել։ Եհովա Աստված ընդունակ է անսահմանորեն սիրելու, իսկ մենք ստեղծված ենք նրա պատկերով (Ծննդոց 1։26; Ա Յովհաննէս 4։8)։ Հետևաբար, կարող ենք Եհովային սիրելու ընտրություն կատարել։ Եվ հենց այդ սերն է որոշում մեր ապագան, և ոչ թե մեր նախկին ապրելակերպը կամ էլ սխալներ կատարելու մեր բնածին կամ ձեռքբերովի հակումները։ Եհովա Աստծո հանդեպ սերն էր պակասում Ադամին ու Եվային, որպեսզի նրանք մնային Եդեմի պարտեզում։ Եվ հենց այդ սերն է հարկավոր տածել, որպեսզի վերապրենք Արմագեդոնը և Քրիստոսի հազարամյա իշխանության վերջում անցնենք վերջնական փորձությունը (Յայտնութիւն 7։14; 20։5, 7—10)։ Ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվելիս լինենք, մեզանից յուրաքանչյուրը կարո՛ղ է այդպիսի սեր մշակել (Մատթէոս 22։37; Ա Կորնթացիս 13։13)։ Եկեք սիրենք Եհովային՝ մեր ապագան այդ սիրո հիման վրա հավիտյան կառուցելով։
Ի՞նչ եք կարծում
◻ Ո՞ր համատարած գաղափարներն են հակասում անձնական ընտրության հարցի վերաբերյալ Աստվածաշնչում ամփոփված դրական ուսմունքին։
◻ Ո՞րն է այն շինարարական աշխատանքը, որը քրիստոնյան կատարում է իր մեջ։
◻ Ինչպե՞ս են Հուդայի թագավորների օրինակները ցույց տալիս, որ յուրաքանչյուր ոք իր անհատական ընտրությունն է կատարում։
◻ Ինչպե՞ս է Եհովան վստահեցնում, որ, շրջապատի վատ ազդեցությունն ունենալով հանդերձ, միևնույն է, կարող ենք ճիշտ ընտրություն կատարել կյանքում։