Այլևս չապրենք մեզ համար
«[Քրիստոսը] ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս.... իրանց անձերի համար կենդանի [չ]լինեն» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 5։15)։
1, 2. Ո՞ր սուրբգրային պատվիրանը մղեց Հիսուսի վաղ հետևորդներին հաղթահարելու եսասիրությունը։
ՀԻՍՈՒՍԻ վերջին գիշերն էր երկրի վրա։ Ընդամենը մի քանի ժամ անց նա իր կյանքը տալու էր բոլոր նրանց համար, ովքեր հավատ կընծայեին իրեն։ Այդ գիշեր Հիսուսը իր հավատարիմ առաքյալներին կարևոր շատ բաներ ասաց։ Դրանց թվում էր մի պատվիրան, որը վերաբերում էր այնպիսի հատկության, որով բնորոշելու էին Հիսուսի հետևորդներին։ «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ,— ասաց նա,— որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։34, 35)։
2 Ճշմարիտ քրիստոնյաները պետք է անձնազոհ սեր դրսևորեն միմյանց հանդեպ ու իրենց հավատակիցների բարօրությունը վեր դասեն իրենց բարօրությունից։ Նրանք չպիտի տատանվեն նույնիսկ ‘իրենց անձը դնելու իրենց բարեկամների համար’ (Յովհաննէս 15։13)։ Վաղ քրիստոնյաներն ինչպե՞ս արձագանքեցին նոր պատվիրանին։ Իր հռչակավոր աշխատության մեջ երրորդ դարի գրող Տերտուլիանոսը մեջբերեց խոսքեր, որոնք ասվել էին քրիստոնյաների մասին. «Տեսեք, թե ինչպես են սիրում իրար, պատրաստ են անգամ մահանալու միմյանց համար» («Apology»)։
3, 4. ա) Ինչո՞ւ պետք է պայքարենք եսասիրության հակման դեմ։ բ) Ի՞նչ կքննարկենք այս հոդվածում։
3 Առաջին դարի քրիստոնյաների պես՝ մենք պետք է «իրար բեռը վեր առ[նենք], եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատար[ենք]» (Գաղատացիս 6։2)։ Սակայն եսասիրությունը այն մեծագույն խոչընդոտներից է, որոնք խանգարում են մեզ հնազանդվել Քրիստոսի օրենքին և ‘սիրել Եհովա Աստծուն մեր բոլոր սրտով, անձով ու մտքով և սիրել մեր ընկերոջը մեր անձի պես’ (Մատթէոս 22։37–39)։ Անկատարության պատճառով մենք հակված ենք եսակենտրոն լինելու։ Իսկ երբ դրան ավելանում են առօրյա ճնշումները, դպրոցում կամ աշխատավայրում տիրող մրցակցության ոգին և ապրուստի հոգսերը, ապա այդ բնական հակվածությունն ավելի է ուժեղանում։ Այո՛, եսասիրության հակումը չի նվազում։ Պողոս առաքյալը նախազգուշացրեց. «Յետի օրերումը.... մարդիկ կ’լինին ինքնասէր» (Բ Տիմոթէոս 3։1, 2)։
4 Իր երկրային ծառայության վերջին շրջանում Հիսուսը իր աշակերտներին ցույց տվեց, թե ո՛ր երեք քայլերն անելով նրանք կկարողանային հաղթահարել եսասիրությունը։ Որո՞նք էին դրանք, և ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Հիսուսի ցուցումներից։
Գործուն հակամիջոց
5. Հյուսիսային Գալիլեայում քարոզելիս Հիսուսը ի՞նչ հայտնեց իր աշակերտներին, և ինչո՞ւ էր դա ցնցող նորություն նրանց համար։
5 Հիսուսը քարոզում էր հյուսիսային Գալիլեայում գտնվող Փիլիպպոսի Կեսարիայի մոտակայքում։ Այս խաղաղ, գեղատեսիլ վայրը թերևս ավելի հարմար էր հանգստի համար, քան ինքնուրացության։ Սակայն այստեղ Հիսուսը ‘սկսեց հայտնել’ իր աշակերտներին, որ «պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել» (Մատթէոս 16։21)։ Ինչպիսի՜ ցնցող նորություն պետք է որ լիներ դա Հիսուսի աշակերտների համար, որովհետև մինչ այդ նրանք սպասում էին, որ իրենց Առաջնորդը իր Թագավորությունը երկրի վրա կհաստատեր (Ղուկաս 19։11; Գործք 1։6)։
6. Ինչո՞ւ Հիսուսը խստորեն հանդիմանեց Պետրոսին։
6 Պետրոսն անմիջապես «[Հիսուսին] մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, [«Բարի եղիր քո հանդեպ», ՆԱ], Տէ՛ր, այդ չ’լինի քեզ»։ Ինչպե՞ս պատասխանեց Հիսուսը։ «Նա դառաւ՝ ասեց Պետրոսին. յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթէոս 16։22, 23)։ Հայացքների ինչպիսի՜ տարբերություն։ Հիսուսը պատրաստակամորեն համաձայնվեց գնալ անձնազոհության ուղիով, որ Աստված հանձնարարել էր նրան գնալու, ուղի, որը մի քանի ամիս հետո նրան առաջնորդելու էր մահվան՝ տանջանքի ցցի վրա։ Այնինչ Պետրոսը առաջարկում էր գնալ հարմարավետ ուղիով։ «Բարի եղիր քո հանդեպ»,— ասաց նա։ Պետրոսը անկասկած բարի մտադրությամբ ասաց դա։ Այնուամենայնիվ, Հիսուսը հանդիմանեց նրան, քանի որ այս դեպքում Պետրոսը թույլ տվեց, որ Սատանան ազդեցություն գործի իր վրա։ Պետրոսը «միտք [էր] անում [ոչ թե] Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթէոս 16։22, 23)։
7. Համաձայն Մատթէոս 16։24–ի՝ Հիսուսը ի՞նչ ընթացքի մասին խոսեց, որին պետք է հետևեին իր աշակերտները։
7 Պետրոսի՝ Հիսուսին ասած խոսքերի արձագանքները կարելի է լսել նաև մեր օրերում։ Աշխարհը ամենուրեք խրախուսում է մարդուն՝ «բարի եղիր քո հանդեպ», «ընտրիր ամենահեշտ ուղին»։ Այնինչ Հիսուսը խրախուսեց բոլորովին այլ մտածելակերպ։ Նա իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն [«տանջանքի ցիցը», ՆԱ] առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24)։ «Այս խոսքերը դրսիններին ուղղված հրավեր չէին, որ նրանք դառնային աշակերտ, այլ աշակերտության իմաստի շուրջ խորհրդածելու հրավեր էին՝ ուղղված նրանց, ովքեր արդեն արձագանքել էին Քրիստոսի կոչին»,— նշվում է մի աստվածաշնչային աշխատությունում («The New Interpreter’s Bible»)։ Այդ համարում Հիսուսի նշած երեք քայլերը պետք է արվեին հավատացյալների կողմից։ Եկեք մեկ առ մեկ քննենք այդ քայլերը։
8. Բացատրիր, թե ինչ է նշանակում ‘անձը ուրանալ’։
8 Առաջին՝ մենք պետք է մեր անձը ուրանանք։ «Անձը ուրանալ» թարգմանված հունարեն բառը նշանակում է պատրաստակամորեն «ոչ» ասել եսասիրական ցանկություններին կամ անձնական հարմարությանը։ Անձը ուրանալ չի նշանակում երբեմն հրաժարվել որոշ հաճույքներից, ոչ էլ նշանակում է ապրել ճգնավորի կամ ինքնակործանման տանող կյանքով։ Մենք այլևս ‘մեր անձի տերը չենք’ այն իմաստով, որ մեր ողջ կյանքը պատրաստակամորեն տալիս ենք Եհովային (Ա Կորնթացիս 6։19 ԱԱ, 20)։ Մեր կյանքը կենտրոնանում է ոչ թե մեր «ես»–ի, այլ Աստծու վրա։ Անձը ուրանալ նշանակում է վճռական լինել՝ կատարելու Աստծու կամքը, չնայած որ գուցե մեր անկատարության պատճառով չցանկանանք դա անել։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր անձը ամբողջությամբ Աստծուն ենք տվել, երբ նվիրվում ենք նրան և մկրտվում։ Այնուհետև ողջ կյանքում ձգտում ենք ապրել մեր նվիրման համաձայն։
9. ա) Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ ի՞նչ էր նշանակում տանջանքի ցիցը։ բ) Ի՞նչ է նշանակում տանջանքի ցիցը վերցնել։
9 Երկրորդ քայլը այն է, որ մենք պետք է վերցնենք մեր տանջանքի ցիցը։ Առաջին դարում տանջանքի ցիցը նշանակում էր տառապանք, խայտառակություն և մահ։ Սովորաբար միայն հանցագործներին էին մահապատժի ենթարկում ցցի վրա կամ նրանց դիակները ցից հանում։ Այս արտահայտությամբ Հիսուսը ցույց տվեց, որ քրիստոնյան պետք է պատրաստ լինի հալածվելու, արհամարհանքի ենթարկվելու և նույնիսկ սպանվելու այն պատճառով, որ աշխարհից չէ (Յովհաննէս 15։18–20)։ Քրիստոնեական սկզբունքներով ապրելով՝ մենք տարբերվում ենք աշխարհից, ուստի աշխարհը գուցե ‘հայհոյի’ մեզ (Ա Պետրոս 4։4)։ Դա կարող է պատահել դպրոցում, աշխատավայրում և նույնիսկ ընտանիքում (Ղուկաս 9։23)։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք դիմանալու աշխարհի ցուցաբերած արհամարհական վերաբերմունքին, քանի որ այլևս չենք ապրում մեզ համար։ Հիսուսն ասաց. «Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը» (Մատթէոս 5։11, 12)։ Այո՛, ամենակարևորը Աստծու բարեհաճությունն ունենալն է։
10. Ի՞նչ է նշանակում գնալ Հիսուսի ետևից։
10 Երրորդ՝ Հիսուս Քրիստոսն ասաց, որ մենք պետք է գնանք նրա ետևից։ Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանի» (անգլ.) համաձայն՝ «ետևից գնալ» թարգմանված հունարեն բառը նշանակում է լինել ուղեկից՝ «մարդ, որը գնում է նույն ճանապարհով»։ Ա Յովհաննէս 2։6–ում գրված է. «Ով որ ասում է թէ [Աստծու մեջ] եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա [Քրիստոսը] գնաց, ինքն էլ այնպէս գնայ»։ Ինչպե՞ս «գնաց» Հիսուսը։ Իր երկնային Հոր և իր աշակերտների հանդեպ Հիսուսի տածած սիրո մեջ տեղ չկար եսասիրության համար։ «Քրիստոսն.... իր անձին հաճոյ [չ]եղաւ» (Հռովմայեցիս 15։3)։ Նույնիսկ երբ Հիսուսը հոգնած կամ սոված էր լինում, նա առաջին հերթին մտածում էր ոչ թե իր, այլ ուրիշների կարիքների մասին (Մարկոս 6։31–34)։ Բացի այդ, Հիսուսը եռանդով էր մասնակցում Թագավորության քարոզչության և ուսուցանելու գործին։ Չպե՞տք է ընդօրինակենք նրան՝ փութաջանորեն կատարելով մեր հանձնարարությունը, այն է՝ աշակերտներ պատրաստել բոլոր ազգերից և սովորեցնել նրանց պահել այն ամենը, որ Հիսուսը պատվիրեց (Մատթէոս 28։19, 20)։ Քրիստոսը իր վարքով օրինակ թողեց մեզ, և մենք պետք է «նրա հետքերին հետ[ևենք]» (Ա Պետրոս 2։21)։
11. Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուրանանք մեր անձը, վերցնենք մեր տանջանքի ցիցը և գնանք Հիսուս Քրիստոսի ետևից։
11 Շատ կարևոր է, որ ուրանանք մեր անձը, վերցնենք մեր տանջանքի ցիցը և գնանք մեր Օրինակի ետևից։ Այդպես անելով՝ մենք կհակազդենք եսասիրական դրսևորումներին, որոնք, անշուշտ, խոչընդոտ են անձնազոհ սեր ցուցաբերելու հարցում։ Բացի այդ, Հիսուսն ասաց. «Ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար» (Մատթէոս 16։25, 26)։
Չենք կարող երկու տիրոջ ծառայել
12, 13. ա) Ի՞նչն էր անհանգստացնում երիտասարդ իշխանին, որը Հիսուսից խորհուրդ հարցրեց։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը երիտասարդին և ինչո՞ւ։
12 Մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Հիսուսը իր աշակերտներին ցույց տվեց, որ անհրաժեշտ է սեփական անձը ուրանալ, մի հարուստ երիտասարդ իշխան մոտեցավ նրան ու հարցրեց. «Վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»։ Հիսուսն ասաց, որ նա ‘պահի պատվիրանները’, իսկ հետո նշեց դրանցից մի քանիսը։ Երիտասարդն ասաց. «Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի»։ Նա, ակներևաբար, անկեղծ անձնավորություն էր ու ամեն ինչ անում էր, որ հնազանդվեր Օրենքի պատվիրաններին։ Ուստի հարցրեց. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ Պատասխանելով նրա հարցին՝ Հիսուսը նրան մի եզակի հրավեր տվեց՝ ասելով. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ» (Մատթէոս 19։16–21)։
13 Հիսուսը տեսավ, որ Եհովային ամբողջ սրտով ծառայելու համար երիտասարդը պետք է հրաժարվեր մի բանից, որ մեծապես շեղում էր նրան՝ հարստությունից։ Քրիստոսի իսկական աշակերտը չի կարող երկու տիրոջ ծառա լինել։ Նա չի կարող «Աստուծուն ծառայել եւ մամոնային [հարստությանը]» (Մատթէոս 6։24)։ Նրա «աչքը պարզ» պետք է լինի՝ կենտրոնացած հոգևոր բաների վրա (Մատթէոս 6։22)։ ‘Ունեցած’ բաներից հրաժարվելը ու դրանք աղքատներին տալը անձնազոհ արարք է։ Հիսուսը այդ երիտասարդ իշխանին նյութական զոհողության դիմաց առաջարկեց երկնքում գանձեր կուտակելու անգին հնարավորություն, գանձեր, որոնք նրա համար հավիտենական կյանք էին նշանակելու ու Քրիստոսի հետ երկնքում կառավարելու հեռանկար էին բացելու։ Երիտասարդը պատրաստ չէր իր անձն ուրանալու։ Նա «տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ուներ» (Մատթէոս 19։22)։ Հիսուսի այլ հետևորդներ, սակայն, ուրիշ ձևով արձագանքեցին։
14. Ինչպե՞ս չորս ձկնորսները արձագանքեցին Հիսուսի՝ իրեն հետևելու հրավերին։
14 Այս դեպքից մոտ երկու տարի առաջ Հիսուսը նմանատիպ հրավեր էր տվել չորս ձկնորսների՝ Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Նրանցից երկուսը այդ ժամանակ ձուկ էին որսում, իսկ մյուս երկուսը զբաղված էին ցանցերը նորոգելով։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ»։ Ի վերջո, բոլոր չորսն էլ թողեցին ձկնորսությունը ու իրենց կյանքի մնացած տարիներին հետևեցին Հիսուսին (Մատթէոս 4։18–22)։
15. Ինչպե՞ս մի Եհովայի վկա զոհողություններ արեց, որպեսզի գնա Հիսուսի ետևից։
15 Այսօր բազմաթիվ քրիստոնյաներ չորս ձկնորսներին են ընդօրինակել և ոչ թե հարուստ երիտասարդ իշխանին։ Նրանք հրաժարվել են աշխարհում իրենց ունեցած հարստությունից և հնարավորություններից, որպեսզի Եհովային ծառայեն։ «22 տարեկան հասակում կարևոր որոշում կայացնելու առջև էի կանգնած»,— պատմում է Դեբորա անունով մի կին։ Նա բացատրում է, թե ինչու. «Ես մոտ վեց ամիս Աստվածաշունչ էի ուսումնասիրել և ցանկանում էի կյանքս նվիրել Եհովային, բայց ընտանիքիս անդամները խիստ դեմ էին։ Նրանք բազմամիլիոնատեր էին և զգում էին, որ եթե ես Եհովայի վկա դառնամ, ապա մարդկանց մոտ կխայտառակվեն։ Նրանք ինձ 24 ժամ տվեցին որոշելու, թե ինչը կնախընտրեմ, ճոխ կյանքը, թե՝ ճշմարտությունը։ Եթե կապերս չխզեի Վկաների հետ, ընտանիքս ինձ զրկելու էր ժառանգությունից։ Եհովան օգնեց ինձ ճիշտ որոշում կայացնել և զորացրեց, որ հավատարիմ մնամ որոշմանս։ Վերջին 42 տարիները անցկացրել եմ լիաժամ ծառայության մեջ և ամենևին էլ չեմ ափսոսում։ Հրաժարվելով եսասեր, հաճոյապաշտ կյանքից՝ ես խուսափեցի այն դատարկությունից ու դժբախտությունից, որ տեսնում եմ իմ ընտանիքի անդամների մեջ։ Ամուսնուս հետ միասին ես օգնել եմ ավելի քան հարյուր մարդու ընդունել ճշմարտությունը։ Մեր հոգևոր երեխաները շատ ավելի թանկ են ինձ համար, քան ինչ–որ հարստություն»։ Միլիոնավոր Եհովայի վկաներ համակարծիք են նրան։ Իսկ դո՞ւ։
16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ այլևս մեզ համար չենք ապրում։
16 Չցանկանալով այլևս ապրել սեփական անձի համար՝ հազարավոր Եհովայի վկաներ սկսել են ծառայել որպես ռահվիրաներ, կամ՝ Թագավորության լիաժամ քարոզիչներ։ Ուրիշները, ում հանգամանքները թույլ չեն տալիս ծառայելու լիաժամ, իրենց մեջ զարգացնում են ռահվիրայական ոգի և կարողության սահմաններում թիկունք են կանգնում Թագավորության քարոզչության գործին։ Ծնողները նմանատիպ ոգի են ցուցաբերում, երբ բավականաչափ ժամանակ են հատկացնում և անձնական հետաքրքրությունները զոհում են, որպեսզի հոգևորապես կրթեն իրենց զավակներին։ Բոլորս էլ այս կամ այն ձևով կարող ենք ցույց տալ, որ Թագավորության շահերն առաջին տեղում ենք դնում մեր կյանքում (Մատթէոս 6։33)։
Ո՞ւմ սերն է մղում մեզ
17. Ի՞նչն է մղում մեզ զոհողություններ անելու։
17 Անձնազոհ սեր դրսևորելը ամենևին էլ հեշտ չէ։ Բայց խորհիր այն մասին, թե ինչն է մեզ համար մղիչ ուժ հանդիսանում։ Պողոսը գրեց. «Քրիստոսի սէրը ստիպում է [մղում է] մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ.... մէկն ամենի տեղ մեռաւ.... Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Քրիստոսի սերն է, որ մեզ մղում է այլևս չապրել սեփական անձի համար։ Ի՜նչ զորավոր շարժառիթ։ Եթե Քրիստոսը մահացավ մեզ համար, ապա չե՞նք զգում բարոյական պարտավորություն ապրելու նրա համար։ Այո՛, երախտագիտությունը այն մեծ սիրո համար, որ Աստված ու Քրիստոսը ցուցաբերել են մեր հանդեպ, մղում է մեզ մեր կյանքը նվիրել Աստծուն և դառնալ Քրիստոսի աշակերտ (Յովհաննէս 3։16; Ա Յովհաննէս 4։10, 11)։
18. Ինչո՞ւ արժե անձնազոհ ուղիով ընթանալ։
18 Իսկ արժե՞ չապրել այլևս մեր անձի համար։ Այն բանից հետո, երբ հարուստ երիտասարդ իշխանը չընդունեց Հիսուսի հրավերը և հեռացավ, Պետրոսը Հիսուսին ասաց. «Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. հիմա ի՞նչ կ’լինի մեզ» (Մատթէոս 19։27)։ Պետրոսը և մյուս առաքյալներն իսկապես ուրացել էին իրենց անձը։ Ի՞նչ պարգև էին ստանալու նրանք դրա համար։ Հիսուսը նախ նշեց, որ նրանք առանձնաշնորհում էին ստանալու իր հետ երկնքում կառավարելու (Մատթէոս 19։28)։ Հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը նշեց նաև այն օրհնությունների մասին, որ իր հետևորդներից ամեն մեկը ստանալու էր։ Նա ասաց. «Ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար, որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ.... եւ գալու աշխարհքումը՝ յաւիտենական կեանքը» (Մարկոս 10։29, 30)։ Մենք ստանում ենք շատ ավելին, քան զոհել ենք։ Մի՞թե մեր հոգևոր հայրերը, մայրերը, եղբայրները, քույրերը և երեխաները շատ ավելի թանկ չեն, քան ցանկացած բան, որից հրաժարվել ենք հանուն Թագավորության։ Ո՞վ ապրեց ավելի գոհացուցիչ կյանքով, Պետրո՞սը, թե՞ հարուստ երիտասարդ իշխանը։
19. ա) Ինչի՞ց է կախված իսկական երջանկությունը։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
19 Հիսուսը թե՛ խոսքով և թե՛ գործով ցույց տվեց, որ տալն ու ծառայելն է երջանկություն բերում ու ոչ թե եսասիրությունը (Մատթէոս 20։28; Գործք 20։35)։ Երբ չենք ապրում այլևս մեզ համար ու գնում ենք Քրիստոսի ետևից, մենք մեծ բավարարվածություն ենք ստանում կյանքից և ունենք ապագայում հավիտյան ապրելու հեռանկարը։ Անշուշտ, երբ ուրանում ենք մեր անձը, այդ ժամանակ Եհովան դառնում է մեր Տերը։ Այսպիսով մենք դառնում ենք Աստծու ծառաները։ Ինչո՞ւ է Աստծու ծառայությունը վարձահատույց ծառայություն։ Ինչպե՞ս է դա ազդում մեր որոշումների վրա։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ պետք է դիմադրենք մեր եսասիրական հակումներին։
• Ի՞նչ է նշանակում ուրանալ անձը, վերցնել տանջանքի ցիցը, գնալ Հիսուսի ետևից։
• Ի՞նչն է մղում մեզ այլևս չապրել սեփական անձի համար։
• Ինչո՞ւ արժե ապրել անձնազոհ կյանքով։
[նկար 11–րդ էջի վրա]
«Բարի եղիր քո հանդեպ, Տե՛ր»
[նկար 13–րդ էջի վրա]
Հիսուսի ետևից գնալու հարցում ի՞նչը խոչընդոտ եղավ հարուստ երիտասարդ իշխանի համար
[նկար 15–րդ էջի վրա]
Սերը մղում է Եհովայի վկաներին եռանդորեն քարոզելու Թագավորության մասին