Եղբայրնե՛ր, ցանեք ոգու համար՝ ձգտելով առանձնաշնորհումների
«Նա, ով ցանում է ոգու համար, ոգուց հավիտենական կյանք կհնձի» (ԳԱՂ. 6։8)։
1, 2. Ինչպե՞ս են կատարվում Մատթեոս 9։37, 38–ում արձանագրված խոսքերը, և ինչպիսի՞ եղբայրների կարիք կա։
ԱՅՍՕՐ մենք ականատես ենք լինում այնպիսի պատմական իրադարձությունների, որոնք կհիշվեն ողջ հավիտենության ընթացքում։ Կատարվում են Հիսուսի մարգարեական խոսքերը. քարոզչական գործը ծավալվում է աննախադեպ մասշտաբով ու մեծ թափով։ «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ,— ասաց Հիսուսը։— Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Եհովա Աստված առանձնահատուկ կերպով է պատասխանում նման աղոթքներին. 2009 ծառայողական տարում ամբողջ աշխարհում Եհովայի Վկաների ժողովների թիվը ավելացել է 2031–ով, այսօր կա 105298 ժողով, իսկ ամեն օր միջին հաշվով մկրտվել է 757 մարդ։
2 Ինչ խոսք, հարկավոր է կրթել և հովվել այս մեծ բազմությանը, ուստի փորձառու եղբայրների կարիք կա (Եփես. 4։11)։ Տասնամյակներ շարունակ հմուտ տղամարդկանց միջոցով Եհովան հոգ է տարել իր հոտին։ Կարող ենք վստահ լինել, որ նա այսօր էլ շարունակում է այդպես վարվել։ Միքիա 5։5–ում արձանագրված մարգարեությունը վստահեցնում է մեզ, որ վերջին օրերում Եհովայի ժողովուրդը կունենա «եօթը հովիւ եւ ութ իշխան», այսինքն՝ բավականաչափ տղամարդիկ, ովքեր կառաջնորդեն հոտը։
3. Ի՞նչ է նշանակում ցանել «ոգու համար»։
3 Եթե մկրտված եղբայր ես, ապա ի՞նչը կօգնի քեզ ձգտելու առանձնաշնորհումների։ Գաղատացիներ 6։8–ում նշվում է, որ գլխավոր միջոցը «ոգու համար» ցանելն է։ Դա նշանակում է ապրել այնպես, որ Աստծու սուրբ ոգին ազատորեն գործի քո կյանքում։ Վճռիր չցանել «մարմնի համար»։ Թույլ մի՛ տուր, որ հարմարավետ կյանքը, հանգիստը և զվարճությունները թուլացնեն ծառայության մեջ ավելին անելու քո ցանկությունը։ Բոլոր քրիստոնյաները պետք է ցանեն ոգու համար։ Ժամանակի ընթացքում այդպես վարվող եղբայրները առանձնաշնորհումներ կստանան ժողովում։ Այս հոդվածն ուղղված է մկրտված եղբայրներին, քանի որ այսօր ծառայող օգնականների և երեցների մեծ կարիք կա։ Ուստի եղբայրնե՛ր, հորդորում ենք ձեզ ուշադրությամբ ուսումնասիրել հոդվածը և խորհրդածել նշված մտքերի շուրջ։
Ձգտիր լավ գործի
4, 5. ա) Ի՞նչ առանձնաշնորհումների կարող է ձգտել մկրտված եղբայրը։ բ) Ի՞նչ է անհրաժեշտ անել առանձնաշնորհումներ ստանալու համար։
4 Մկրտված եղբայրը ինքնաբերաբար վերակացու չի դառնում։ Հարկավոր է ջանադրաբար ձգտել այդ «լավ գործին» (1 Տիմոթ. 3։1)։ Եղբայրը պետք է ծառայի իր հավատակիցներին՝ անկեղծորեն հոգ տանելով նրանց մասին (կարդա՛ Եսայիա 32։1, 2)։ Եթե նա առանձնաշնորհումների է ձգտում ճիշտ մղումներով, ապա ոչ թե կցանկանա փառքի արժանանալ, այլ կձգտի ծառայել իր հավատակիցներին։
5 Եղբայրը կարող է ձգտել դառնալ ծառայող օգնական և երեց։ Դրա համար նա պետք է համապատասխանի Աստծու Խոսքում գրված պահանջներին (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9)։ Եթե մկրտված եղբայր ես, հարցրու ինքդ քեզ. «Լիարժեքորե՞ն եմ մասնակցում քարոզչական գործին։ Օգնո՞ւմ եմ ուրիշներին ծառայության մեջ։ Քաջալերո՞ւմ եմ հավատակիցներիս՝ անկեղծորեն հետաքրքրվելով նրանց բարօրությամբ։ Աստծու Խոսքը ջանադրաբար ուսումնասիրողի համբավ ունե՞մ։ Ձգտո՞ւմ եմ բովանդակալից մեկնաբանություններ տալ։ Ջանք թափո՞ւմ եմ լավագույնս կատարել երեցների տված հանձնարարությունները» (2 Տիմոթ. 4։5)։ Այս հարցերը լուրջ ուշադրության են արժանի։
6. Ինչպե՞ս կարող է եղբայրը համապատասխան որակներ ունենալ, որպեսզի ժողովում պատասխանատվություններ ստանձնի։
6 Եղբայրը առանձնաշնորհումներ կարող է ստանալ նաև, եթե Աստծու սուրբ ոգու զորությամբ ամրացնի իր ներքին անձնավորությունը (Եփես. 3։16)։ Ծառայող օգնականը կամ երեցը չի ընտրվում մարդկանց կողմից։ Այս առանձնաշնորհումները եղբայրը ստանում է միայն հոգևորապես առաջադիմելու շնորհիվ։ Իսկ ինչպե՞ս կարելի է հոգևորապես առաջադիմել։ Հարկավոր է «շարունակել ընթանալ ոգով» և զարգացնել ոգու պտուղը (Գաղ. 5։16, 22, 23)։ Եթե դրսևորես աստվածահաճո հատկություններ, որոնք անհրաժեշտ են պատասխանատվություններ ստանձնելու համար, ընդունես խորհուրդներ և փոփոխություններ մտցնես քո կյանքում, ապա «քո առաջադիմությունը հայտնի կլինի բոլորին» (1 Տիմոթ. 4։15)։
Եղիր անձնազոհ
7. Ի՞նչ է նշանակում ծառայել ուրիշներին։
7 Ուրիշներին ծառայելու համար եղբայրը պետք է ջանասեր և անձնազոհ լինի։ Քրիստոնյա երեցները հոգևոր հովիվներ են, այդ պատճառով էլ խորապես մտահոգվում են հոտի անդամների բարօրությամբ։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես էր Պողոս առաքյալը կատարում հովվի իր պարտականությունը։ «Սրտի բազում նեղություններից և տանջանքներից էր, որ գրեցի ձեզ շատ արցունքներով, ոչ թե նրա համար, որ տրտմեք, այլ որ գիտենաք այն սերը, որ ունեմ հատկապես ձեր հանդեպ»,— գրեց նա Կորնթոսի քրիստոնյաներին (2 Կորնթ. 2։4)։ Այո՛, հանուն իր հավատակիցների Պողոսը չէր խնայում իր ուժերը, իր սիրտն էր դնում այդ գործի մեջ և անձնվիրաբար ծառայում էր նրանց։
8, 9. Բեր աստվածաշնչային օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հավատարիմ տղամարդիկ հոգ տարել ուրիշների մասին։
8 Անձնազոհությունը միշտ եղել է այն հավատարիմ տղամարդկանց ակնառու հատկությունը, որոնք ծառայել են Եհովայի ժողովրդին։ Օրինակ՝ դժվար թե Նոյն իր ընտանիքին ասեր. «Հենց տապանի շինարարությունն ավարտեք, ինձ տեղյակ պահեք, որ ձեզ միանամ»։ Իսկ պատկերացնո՞ւմ ես, որ Մովսեսը իսրայելացիներին ասեր. «Կհանդիպենք Կարմիր ծովի մոտ։ Հասեք այնտեղ, ինչպես որ կարող եք»։ Հավանաբար կհամաձայնվես, որ Հեսուն երբեք չէր ասի. «Հենց Երիքովի պատերը փուլ գան, կանչեք ինձ»։ Իսկ Եսայիա մարգարեն մատնացույց չարեց մեկ ուրիշին՝ ասելով. «Ահա՛ նա, նրա՛ն ուղարկիր» (Ես. 6։8)։
9 Աստծու սուրբ ոգով առաջնորդվող տղամարդու ամենավառ օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Նա հոժարակամորեն ընդունեց իր հանձնարարությունը՝ ծառայել մարդկանց և լինել նրանց Փրկիչը (Հովհ. 3։16)։ Մի՞թե Հիսուսի անձնազոհ սերը չի մղում մեզ այդպիսին լինելու։ Երկար տարիներ ծառայող մի երեց, խոսելով ժողովի անդամների հանդեպ ունեցած իր զգացումների մասին, ասում է. «Պետրոսին ուղղված Հիսուսի խոսքերը՝ «հովվիր իմ գառնուկներին», մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Տարիների ընթացքում ավելի շատ եմ համոզվել, որ ջերմ խոսքերը կամ հասարակ վերաբերմունքը քաջալերում են անհատին։ Ինձ համար անչափ հաճելի է ծառայել որպես հովիվ» (Հովհ. 21։16)։
10. Ի՞նչը կմղի քրիստոնյա տղամարդուն ուրիշներին ծառայելու հարցում ընդօրինակելու Հիսուսին։
10 Անշուշտ, մկրտված եղբայրը ցանկանում է Աստծու հոտի հանդեպ դրսևորել այն վերաբերմունքը, որ ուներ Հիսուսը։ Նա ասաց. «Ես կթարմացնեմ ձեզ» (Մատթ. 11։28)։ Ժողովի հանդեպ սերը և Աստծու հանդեպ հավատը մղում են քրիստոնյա տղամարդուն ձգտելու այս լավ գործին և չմտածելու, որ հոտին ծառայելը շատ մեծ զոհողություն կլինի իր կողմից։ Իսկ ի՞նչ կարող է անել եղբայրը, եթե պատասխանատվություններ ստանձնելու ցանկություն չունի։ Կարո՞ղ է նա զարգացնել ժողովին ծառայելու ցանկություն։
Ուրիշներին ծառայելու ցանկություն զարգացրու
11. Ինչպե՞ս կարող է եղբայրը ուրիշներին ծառայելու ցանկություն զարգացնել։
11 Եթե մտածում ես, որ չունես համապատասխան հատկություններ և ունակություններ, լավ կլինի աղոթել սուրբ ոգու համար (Ղուկ. 11։13)։ Եհովայի ոգու օգնությամբ դու կկարողանաս հաղթահարել նման զգացումները։ Ծառայելու ցանկությունը աստվածատուր է, քանի որ Եհովայի ոգին է մղում եղբորը առանձնաշնորհումների ձգտել և համապատասխան զորություն է տալիս այդ ծառայությունը կատարելու համար (Փիլիպ. 2։13; 4։13)։ Հետևաբար տեղին կլինի խնդրել Եհովային, որ օգնի քեզ ուրիշներին ծառայելու ցանկություն զարգացնելու քո մեջ (կարդա՛ Սաղմոս 25։4, 5)։
12. Ինչպե՞ս կարող է եղբայրը բավականաչափ իմաստություն ստանալ իր պատասխանատվությունները կատարելու համար։
12 Եղբայրը գուցե չցանկանա պատասխանատվություններ ստանձնել՝ մտածելով, որ դժվար է հովվել հոտը, և այդ գործի համար շատ բան է պահանջվում։ Կամ հնարավոր է՝ նա մտածի, որ բավականաչափ իմաստություն չունի այդ պատասխանատվությունները կատարելու համար։ Այդ դեպքում նա կարող է իմաստություն ձեռք բերել՝ ժրաջանորեն ուսումնասիրելով Աստծու Խոսքը և աստվածաշնչային հրատարակությունները։ Լավ կլինի հարցնել. «Ժամանակ տրամադրո՞ւմ եմ Աստվածաշնչի ուսումնասիրությանը, աղոթո՞ւմ եմ իմաստություն ստանալու համար»։ Հակոբոս աշակերտը գրել է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակի խնդրել Աստծուն, քանի որ նա ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակ. 1։5)։ Հավատո՞ւմ ես այս ներշնչյալ խոսքերին։ Ի պատասխան Սողոմոնի աղոթքին՝ Աստված նրան «իմաստուն եւ հանճարեղ սիրտ» տվեց, ինչի շնորհիվ ժողովրդին դատելիս թագավորը կարողանում էր տարբերել բարին ու չարը (Գ Թագ. 3։7–14)։ Ճիշտ է, սա առանձնահատուկ դեպք էր։ Այդուհանդերձ, կարող ենք վստահ լինել, որ Աստված իմաստությամբ կօժտի պատասխանատվություններ ունեցող տղամարդկանց, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ձևով հոգ տանել գառնուկների մասին (Առակ. 2։6)։
13, 14. ա) Բացատրիր, թե ինչ ազդեցություն թողեց «Քրիստոսի սերը» Պողոսի վրա։ բ) Ինչպե՞ս է «Քրիստոսի սերը» ազդում մեզ վրա։
13 Ուրիշներին ծառայելու ցանկություն կարելի է զարգացնել նաև՝ խորհրդածելով այն ամենի մասին, որ արել են մեզ համար Եհովան և նրա Որդին։ Քննենք 2 Կորնթացիներ 5։14, 15 համարները (կարդա՛)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց. «Այն սերը, որ Քրիստոսը ունի, ստիպում է մեզ»։ Քրիստոսը ցույց տվեց իր սերը՝ մեզ համար զոհելով իր կյանքը։ Այդ սերը այնքան ակնառու է, որ մեծացնում է մեր երախտագիտությունը և խոր ազդեցություն թողնում մեր սրտի վրա։ Քրիստոսի սերը մեծ ազդեցություն թողեց նաև Պողոսի վրա։ Այդ սերը օգնեց առաքյալին, որ նա Աստծուն, ժողովի անդամներին և առհասարակ բոլոր մարդկանց ծառայելը իր գլխավոր նպատակը դարձնի և չլինի եսասեր։
14 Մարդկանց հանդեպ ունեցած Քրիստոսի սիրո մասին խորհելը կմղի մեզ երախտագետ լինելու։ Մենք հասկանում ենք, որ չպետք է ցանենք «մարմնի համար», այսինքն՝ եսասիրական նպատակների հետամուտ լինենք և բավարարենք միայն մեր ցանկությունները։ Ընդհակառակը՝ մենք փոփոխություններ ենք անում, որպեսզի մեզ հանձնարարված Աստծու գործը մեր կյանքում առաջին տեղում դնենք։ Սերը մղում է «ծառայելու» եղբայրներին (կարդա՛ Գաղատացիներ 5։13)։ Եթե մեզ ծառա համարենք՝ խոնարհաբար ծառայելով Եհովային նվիրված մարդկանց, ապա նրանց կվերաբերվենք արժանապատվությամբ և հարգանքով։ Ինչ խոսք, սխալ կլինի դրսևորել քննադատական ոգի, որն իրականում բնորոշ է Սատանային (Հայտն. 12։10)։
Ընտանիքի աջակցությունը
15, 16. Եթե տան գլուխը ցանկանում է դառնալ երեց կամ ծառայող օգնական, ապա ի՞նչ դեր կարող են խաղալ ընտանիքի անդամները։
15 Եթե եղբայրը ամուսնացած է և երեխաներ ունի, ապա ծառայող օգնականի կամ երեցի նշանակում ստանալու համար հաշվի է առնվում նաև նրա ընտանիքի հոգևոր վիճակը և համբավը։ Ինչո՞ւ։ Քանի որ դա անմիջական կապ ունի նրա նշանակման հետ։ Ուստի եթե եղբայրը ցանկանում է ծառայել որպես ծառայող օգնական կամ երեց, շատ կարևոր է, որ կինն ու երեխաները աջակցեն նրան (կարդա՛ 1 Տիմոթեոս 3։4, 5, 12)։
16 Եհովային հաճելի է տեսնել, որ ընտանիքի անդամները համագործակցում են իրար հետ (Եփես. 3։14, 15)։ Ինչ խոսք, ընտանիքի գլուխը պետք է հավասարակշռված տեսակետ ունենա ժողովում ունեցած պարտականությունների նկատմամբ և «լավ» ղեկավարի իր ընտանիքը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ երեցը կամ ծառայող օգնականը իր կնոջ և երեխաների հետ ամեն շաբաթ ուսումնասիրի Աստվածաշունչը, որպեսզի բոլորը օգուտներ ստանան ընտանեկան երկրպագությունից։ Նա պետք է նաև կանոնավորաբար իր կնոջ և երեխաների հետ մասնակցի քարոզչությանը։ Ընտանիքի անդամներն էլ իրենց հերթին պետք է ջանքեր թափեն համագործակցելու նրա հետ։
Կծառայե՞ս նորից
17, 18. ա) Ինչպե՞ս պետք է վարվի եղբայրը, եթե կորցրել է իր առանձնաշնորհումները։ բ) Ի՞նչ տրամադրվածություն պետք է պահպանի եղբայրը, որն այլևս չի ծառայում որպես երեց կամ ծառայող օգնական։
17 Գուցե այլևս չես ծառայում որպես երեց կամ ծառայող օգնական։ Սակայն ինչ խոսք, դու սիրում ես Եհովային և կարող ես համոզված լինել, որ նա շարունակում է հոգ տանել քո մասին (1 Պետ. 5։6, 7)։ Եթե քեզ ասել են, որ անհրաժեշտ է որոշ փոփոխություններ անել, պատրաստակամորեն ընդունիր քո սխալը և Աստծու օգնությամբ ջանքեր թափիր այդ ուղղությամբ։ Մի՛ դառնացիր։ Եղիր իմաստուն և դրական տրամադրվածություն պահպանիր։ Մի եղբայր, որը երկար տարիներ ծառայել է որպես երեց, սակայն հետագայում կորցրել է այդ առանձնաշնորհումը, ասում է. «Ես այնպիսի նպատակ դրեցի, որին կարող էի հասնել. վճռեցի շարունակել կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը, հաճախել ժողովի հանդիպումներին ու քարոզել, ինչպես որ անում էի այն ժամանակ, երբ երեց էի ծառայում։ Կարծում էի, որ մեկ կամ երկու տարի հետո նորից կստանամ իմ առանձնաշնորհումները, սակայն կրկին երեց նշանակվեցի գրեթե յոթ տարի անց։ Այդ տարիների ընթացքում սովորեցի համբերատար լինել։ Ինձ քաջալերում էին չհուսահատվել և շարունակել ձգտել առանձնաշնորհումների, ինչն անչափ օգնեց ինձ»։
18 Եթե դու էլ ես նույն վիճակում, մի՛ հուսահատվիր։ Խորհիր, թե ինչպես է Եհովան օրհնում քո ծառայությունը և ընտանիքիդ։ Հոգևորապես աջակցիր ընտանիքիդ անդամներին, այցելիր հիվանդ հավատակիցներիդ և քաջալերիր տկարներին։ Ամենակարևորը, բարձր գնահատիր, որ պատիվ ունես փառաբանելու Աստծուն և որպես Եհովայի վկա՝ հռչակելու Թագավորության մասին բարի լուրըa (Սաղ. 145։1, 2; Ես. 43։10–12)։
Վերանայիր հանգամանքներդ
19, 20. ա) Ի՞նչ հորդոր է տրվում բոլոր մկրտված եղբայրներին։ բ) Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
19 Այսօր ավելի, քան երբևէ մեծ կարիք կա երեցների և ծառայող օգնականների։ Ուստի բոլոր մկրտված եղբայրներին հորդորում ենք վերանայել իրենց հանգամանքները։ Հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է պատճառը, որ չեմ ծառայում որպես ծառայող օգնական կամ երեց»։ Թույլ տուր, որ Աստծու սուրբ ոգին օգնի քեզ ճիշտ տեսակետ ունենալու այս կարևոր հարցի վերաբերյալ։
20 Ժողովի բոլոր անդամները մեծ օգուտներ կստանան իրենց անձնազոհ հավատակիցների ներդրած ջանքերից։ Երբ բարի գործեր ենք անում, հնձում ենք ուրախություն, որը գալիս է ուրիշներին ծառայելուց և ոգու համար ցանելուց։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ չտրտմեցնենք Աստծու սուրբ ոգին։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։
[Ծանոթագրություն]
Ինչպե՞ս կպատասխանես
• Միքիա 5։5–ում գրված մարգարեությունը ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում։
• Ի՞նչ է նշանակում լինել անձնազոհ։
• Ինչպե՞ս կարող է եղբայրը ուրիշներին ծառայելու ցանկություն զարգացնել։
• Որքա՞ն կարևոր է ընտանիքի դերը, եթե եղբայրը ցանկանում է դառնալ ծառայող օգնական կամ երեց։
[Նկարներ 25–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես ձգտել առանձնաշնորհումների