Եհովան մեր հոգատար Հայրն է ու Պաշտպանը
«Քանի որ նա սիրեց ինձ, պիտի փրկեմ նրան, պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը» (ՍԱՂ. 91։14)։
1, 2. Արդյո՞ք բոլորս նույն հանգամանքներն ունենք և նույն կերպով ենք իմացել ճշմարտությունը։ Բացատրիր։
ԵՀՈՎԱՆ ընտանեկան կառույցի հիմնադիրն է (Եփես. 3։14, 15)։ Մենք գիտենք, որ միևնույն ընտանիքի պատկանող մարդիկ տարբեր խառնվածք և հանգամանքներ են ունենում։ Գուցե ծնված օրվանից մինչև չափահաս դառնալը դու ապրել ես ծնողներիդ հետ։ Մեկ ուրիշը, հնարավոր է, իր ծնողին կորցրել է նրա հիվանդության, դժբախտ պատահարի կամ այլ պատճառով։ Իսկ ոմանք նույնիսկ չգիտեն, թե ովքեր են իրենց ծնողները։
2 Մենք՝ Եհովայի հոգևոր ընտանիքի անդամներս, տարբեր կերպերով ենք իմացել ճշմարտությունը։ Օրինակ՝ շատերը, ինչպես ոմանք են ասում, «մեծացել են ճշմարտության մեջ». նրանց ծնողները աստվածաշնչյան սկզբունքներ են արմատավորել իրենց երեխաների մեջ (2 Օրենք 6։6, 7)։ Հազարավոր եղբայրներ ու քույրեր էլ ճշմարտությունն առաջին անգամ լսել են քարոզչական ծառայության միջոցով (Հռոմ. 10։13–15; 1 Տիմոթ. 2։3, 4)։
3. Ի՞նչ ընդհանուր բաներ ունենք բոլորս։
3 Բայց մենք նաև ընդհանուր բաներ ունենք։ Բոլորս էլ տառապում ենք Ադամի անհնազանդության հետևանքներից. մենք ժառանգել ենք անկատարություն, մեղք ու մահ (Հռոմ. 5։12)։ Չնայած դրան՝ իրավամբ կարող ենք դիմել Եհովային որպես «մեր Հոր», քանի որ նրա ճշմարիտ երկրպագուներն ենք։ Եսայիան ասաց. «Ո՛վ Եհովա, դու մեր [Աստծու ընտրյալ ժողովրդի] Հայրն ես» (Ես. 64։8)։ Իսկ Հիսուսը տիպար աղոթքը սկսեց հետևյալ խոսքերով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։
4, 5. Ի՞նչ մտքեր ենք քննելու, որոնք կօգնեն մեզ խորացնելու մեր երախտագիտությունը մեր Հոր հանդեպ։
4 Մեր երկնային Հայրը հոգ է տանում մեր մասին և պահպանում է մեզ, որովհետև մենք հավատով ենք կանչում նրա անունը։ Եհովան սաղմոսերգուի բերանով ասում է. «Քանի որ նա [ճշմարիտ երկրպագուն] սիրեց ինձ, պիտի փրկեմ նրան, պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը» (Սաղ. 91։14)։ Այո՛, Եհովան ազատում է իր ժողովրդին թշնամիներից և պաշտպանում է նրան՝ որպես մեկ ամբողջության, ուստի թշնամիներին չի հաջողվում կործանել Աստծու ժողովրդին։
5 Քննենք երեք կարևոր միտք, որոնք կօգնեն մեզ խորացնելու մեր երախտագիտությունը մեր երկնային Հոր հանդեպ. Եհովան մեր՝ 1) հոգատար Հայրն է, 2) Պաշտպանն է և 3) լավագույն Ընկերը։ Այս մտքերը քննելիս օգտակար կլինի խորհրդածել մեր և Աստծու փոխհարաբերությունների շուրջ։ Մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք պատվել նրան որպես մեր Հոր։ Օգտակար կլինի նաև մտածել այն օրհնությունների մասին, որ Եհովան խոստանում է բոլոր նրանց, ովքեր մոտենում են իրեն (Հակ. 4։8)։
ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅՐ
6. Ի՞նչ «բարի պարգև» է Եհովան տվել մեզ։
6 Հակոբոս աշակերտը գրեց. «Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է.... երկնային լույսերի Հորից» (Հակ. 1։17)։ Կյանքը մի այդպիսի «բարի պարգև» է Եհովայից (Սաղ. 36։9)։ Եթե այն օգտագործենք նրա կամքն անելու համար, առատ օրհնություններ կստանանք այժմ և հավիտենական կյանք՝ նոր աշխարհում (Առակ. 10։22; 2 Պետ. 3։13)։ Սա, ինչ խոսք, հնարավոր է, չնայած որ կրում ենք Ադամի անհնազանդության աղետալի հետևանքները։
7. Ինչպե՞ս է Եհովան հնարավորություն տվել մեզ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու իր հետ։
7 Մեր սիրառատ Հոր հոգատարությունն ու բարությունը սահման չունի։ Նա ուզում է փրկել մեզ։ Ճիշտ է, բոլորս էլ մեղավոր ենք և անկատարություն ենք ժառանգել մեր նախահայր Ադամից (Հռոմ. 3։23), բայց Եհովայի սերը շատ մեծ է, և նա ինքն է քայլեր ձեռնարկել, որ մենք հնարավորություն ունենանք մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու իր հետ։ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհ. 4։9, 10)։
8, 9. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր հոգատարությունը Աբրահամի և Իսահակի հանդեպ (տե՛ս 16-րդ էջի նկարը)։
8 Մ.թ.ա. 19-րդ դարում Աբրահամի կյանքում տեղի ունեցավ մարգարեական նշանակություն ունեցող մի դեպք, որը ցույց է տալիս, որ Եհովան հավիտենական կյանք է շնորհելու բոլոր նրանց, ովքեր կհնազանդվեն իրեն։ Եբրայեցիներ 11։17–19-ում կարդում ենք. «Հավատով Աբրահամը, երբ փորձվեց, Իսահակին համարյա թե զոհ մատուցեց։ Նա, ով ուրախությամբ ստացավ խոստումները, փորձեց մատուցել իր միածին որդուն, չնայած նրան ասվել էր. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»։ Բայց նա մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան, և մահվան ճիրաններից հետ ստացավ նրան, ինչը և նախատիպ դարձավ»։ Դժվար չէ այստեղ զուգահեռ անցկացնել. Եհովան ողջ մարդկության փրկության համար զոհաբերեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (կարդա՛ Հովհաննես 3։16, 36)։
9 Պատկերացրու, թե Իսահակը ինչ թեթևացում զգաց, երբ իմացավ, որ չի զոհաբերվելու։ Նա, անկասկած, երախտապարտ էր Աստծուն, որ մի խոյ տվեց իր փոխարեն զոհաբերելու համար (Ծննդ. 22։10–13)։ Հասկանալի է, թե ինչու այդ վայրը կոչվեց «Եհովա-Յիրե». այս անվանումը նշանակում է՝ «Եհովան կհոգա, Եհովան կտա» (Ծննդ. 22։14, ծնթ.)։
ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ, ՈՐ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԼԻՆԻ
10, 11. Ովքե՞ր են ստանձնել «հաշտության ծառայությունը», և ինչպե՞ս են նրանք կատարում այդ ծառայությունը։
10 Երբ խորհրդածում ենք այն մասին, թե ինչպես է Եհովան դրսևորում իր հոգատարությունը, հասկանում ենք, որ Հիսուսը շատ կարևոր դեր ունի Աստծու նպատակի իրագործման մեջ։ Պողոս առաքյալը գրեց. «Այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար։ Այդպես եղավ, քանի որ բոլորը մահացել էին։ Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։14, 15)։
11 Վաղ քրիստոնյաները սիրում էին Աստծուն և երախտապարտ էին, որ առանձնաշնորհում ունեն ծառայելու նրան, ուստիև ուրախությամբ ընդունեցին «հաշտության ծառայությունը»։ Նրանք քարոզում էին բարի լուրը և աշակերտներ էին պատրաստում, ինչի շնորհիվ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հնարավորություն ստացան Աստծու հետ հաշտվելու, մտերմանալու և ի վերջո դառնալու նրա հոգևոր զավակները։ Այսօր օծյալ քրիստոնյաները նույն ծառայությունն են անում։ Նրանք Աստծու և Քրիստոսի դեսպաններն են, որոնց ծառայության միջոցով Աստված դեպի իրեն է ձգում ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց, ու վերջիններս դառնում են նրա երկրպագուները (կարդա՛ 2 Կորնթացիներ 5։18–20; Հովհ. 6։44; Գործ. 13։48)։
12, 13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովային իր արած բազմաթիվ բաների համար։
12 Երկրային հույս ունեցող քրիստոնյաները, երախտապարտ լինելով Եհովային իր հոգատարության համար, նույնպես քարոզում են Թագավորության բարի լուրը։ Ծառայության ժամանակ մենք օգտագործում ենք Աստվածաշունչը, որը Եհովայի հոգատարության մեկ ուրիշ դրսևորում է (2 Տիմոթ. 3։16, 17)։ Աստծու Խոսքը հմտորեն գործածելով՝ մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս հավիտենական կյանք ստանալու։ Այս գործում մեզ օգնում է Եհովայի սուրբ ոգին, որը նույնպես նրա հոգատարության դրսևորում է. ինչ խոսք, յուրաքանչյուրս պետք է ապավինի Աստծու գործուն ուժին (Զաք. 4։6; Ղուկ. 11։13)։ Քարոզչական գործը տպավորիչ արդյունքներ է բերում, ինչում կարող ենք համոզվել մեր տարեգրքերից։ Ի՜նչ մեծ պատիվ է մասնակցել Թագավորության գործին, որի միջոցով գովաբանում ենք մեր հոգատար Հորը։
13 Քանի որ Եհովան շատ բաներ է արել մեզ համար, անշուշտ, պետք է երախտապարտ լինենք նրան։ Ինքդ քեզ հարցրու. «Անո՞ւմ եմ լավագույնը ծառայության մեջ։ Ինչպե՞ս կարող եմ բարելավել քարոզչական ունակություններս»։ Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը՝ Թագավորության շահերը դնելով առաջին տեղում։ Եթե այդպես վարվենք, Եհովան կհոգա մեր կարիքները (Մատթ. 6։25–33)։ Մենք, անկասկած, ցանկանում ենք ամեն բան անել, որ հաճելի լինենք մեր սիրառատ Աստծուն և ուրախացնենք նրա սիրտը (Առակ. 27։11)։
14. Ինչպե՞ս է Եհովան եղել իր ժողովրդի ազատարարը։
14 Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Ես խեղճ եմ ու աղքատ, բայց Եհովան մտածում է իմ մասին։ Դո՛ւ ես իմ օգնականն ու ազատարարը» (Սաղ. 40։17)։ Եհովան բազմաթիվ անգամ ազատել է իր ժողովրդին թշնամիների դաժան հալածանքից։ Որքա՜ն շնորհակալ ենք նրան, որ միշտ տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ՝ ծանր պահերին նրան հավատարիմ մնալու համար։
ԵՀՈՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
15. Օրինակով ցույց տուր, թե ինչպես է սիրառատ հայրը պաշտպանում իր երեխային։
15 Սիրառատ հայրը ոչ միայն իր երեխաներին ապահովում է անհրաժեշտ բաներով, այլև պաշտպանում է նրանց։ Անկասկած, վտանգի դեպքում նա օգնության է հասնում և ջանում է «ազատել»։ Մի եղբայր հիշում է մի դեպք իր մանկությունից։ Նա և իր հայրը քարոզչական ծառայությունից վերադառնում էին տուն։ Գետը, որով նրանք պետք է անցնեին, վարարել էր առավոտյան տեղացած հորդառատ անձրևից։ Խոչընդոտն անցնելու միակ տարբերակը մեծ քարերի վրայով ցատկոտելն էր։ Տղան գնում էր հոր առջևից։ Հանկարծ նա կորցրեց հավասարակշռությունը և ընկավ ջուրը։ Տղան երկու անգամ ջրի տակ անցավ։ Հայրը արագորեն ձեռքը մեկնեց և ամուր բռնեց նրան ու փրկեց։ Որդին շատ երախտապարտ էր իր հորը։ Մեր երկնային Հայրը փրկում է մեզ այս չար աշխարհի կատաղի հեղեղներից և նրա իշխանից՝ Սատանայից։ Եհովան, անկասկած, լավագույն պաշտպանն է, որ մարդ կարող է ունենալ (Մատթ. 6։13; 1 Հովհ. 5։19)։
16, 17. Ինչպե՞ս Եհովան օգնեց և պաշտպանեց իսրայելացիներին, երբ նրանք կռվում էին ամաղեկացիների դեմ։
16 Մ.թ.ա. 1513-ին Եհովան փաստեց, որ կարող է պաշտպանել իր ժողովրդին. նա իսրայելացիներին ազատեց Եգիպտոսի լծից, հետո պաշտպանեց եգիպտական բանակից, երբ նրանք անցնում էին Կարմիր ծովի միջով։ Այդ դեպքերից հետո իսրայելացիները, շարժվելով Սինա լեռան ուղղությամբ, մոտեցան Ռաֆիդիմին։
17 Սատանան, տեղյակ լինելով այն մարգարեության մասին, որ այսօր գրված է Ծննդոց 3։15-ում, ըստ ամենայնի, հուսահատ ջանքեր էր թափում, որպեսզի վնաս հասցնի անպաշտպան թվացող Իսրայելին։ Նա փորձեց դա անել ամաղեկացիների՝ Աստծու ժողովրդի թշնամու միջոցով (Թվեր 24։20)։ Տեսնենք, թե Եհովան ինչպես պաշտպանեց իր ժողովրդին չորս հավատարիմ մարդկանց՝ Հեսուի, Մովսեսի, Ահարոնի և Հուրի միջոցով։ Մինչ Հեսուն կռվում էր ամաղեկացիների դեմ, Մովսեսը, Ահարոնը և Հուրը մոտակա բլրի վրա էին։ Երբ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, իսրայելացիները հաղթում էին։ Բայց նրա ձեռքերը, ի վերջո, ծանրացան, ուստի Ահարոնն ու Հուրը իրենք էին պահում նրա ձեռքերը։ Այդպես Եհովայի օգնությամբ և պաշտպանությամբ «Հեսուն հաղթեց Ամաղեկին ու նրա ժողովրդին» (Ելք 17։8–13)։ Մովսեսը այնտեղ զոհասեղան շինեց և այն կոչեց «Եհովա-Նիսսի», այսինքն՝ «Եհովան իմ ապավենն է» (կարդա՛ Ելք 17։14, 15)։
ՊԱՇՏՊԱՆՎԱԾ՝ ՍԱՏԱՆԱՅԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ
18, 19. Ինչպե՞ս է Աստված պաշտպանում իր ժողովրդին մեր ժամանակներում։
18 Եհովան պաշտպանում է իրեն սիրողներին և հնազանդվողներին Սատանայի ճիրաններից։ Իսրայելացիների պես՝ մենք այսօր Աստծու վրա ենք դնում մեր հույսը, երբ թշնամիները փորձում են վնասել մեզ։ Քանի՜-քանի՜ անգամ է մեր Աստվածը պաշտպանել մեր այն եղբայրներին և քույրերին, որոնք քրիստոնեական չեզոքության պատճառով հալածանքների են ենթարկվել, օրինակ՝ նացիզմի տարիներին (1930-ականներին և 1940-ականների սկզբում) Գերմանիայում և այլ երկրներում։ Եթե կարդանք Աստծու հավատարիմ ծառաների կենսագրությունները և մեր տարեգրքերը, որտեղ պատմվում է, թե ինչպես է նա պաշտպանել իր ժողովրդին հալածանքի ժամանակ, ապա ավելի շատ կվստահենք Եհովային որպես մեր ապավենի (Սաղ. 91։2)։
19 Եհովան մեզ պաշտպանում է նաև իր կազմակերպության տված հիշեցումների և հրատարակությունների միջոցով։ Շատ օգտակար են վերջերս ստացած հիշեցումները։ Աշխարհը ավելի ու ավելի է մխրճվում ցոփության ու շվայտության և պոռնկագրության ճահճի մեջ, բայց Եհովայի հիշեցումների և գործնական օգնության շնորհիվ մենք կարողանում ենք խուսափել վտանգներից։ Օրինակ՝ մենք խորհուրդ ենք ստացել խուսափել վատ ընկերակցությունից սոցիալական ցանցերումa (1 Կորնթ. 15։33)։
20. Քրիստոնեական ժողովը ինչպե՞ս է պաշտպանում և առաջնորդում մեզ։
20 Մենք ցույց տված կլինենք, որ «ուսուցանվում» ենք Եհովայից, եթե ճշգրտորեն հետևենք նրա պատվերներին (Ես. 54։13)։ Ժողովները, որ ապահով հանգրվան են մեզ համար, տալիս են անհրաժեշտ առաջնորդություն և պաշտպանություն, որովհետև երեցները մեզ օգնում են և խորհուրդներ են տալիս Աստվածաշնչից (Գաղ. 6։1)։ Նրանք «մարդկանց տեսքով պարգևներ» են, որոնց միջոցով Եհովան հաճախ է դրսևորում իր հոգատարությունը (Եփես. 4։7, 8)։ Եթե հնազանդվենք երեցների առաջնորդությանը, ապա Եհովան կօրհնի մեզ (Եբր. 13։17)։
21. ա) Ի՞նչ պետք է վճռենք անել։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
21 Եկեք վճռենք առաջնորդվել սուրբ ոգով։ Այդպես ցույց կտանք, որ ընդունում ենք մեր երկնային Հոր առաջնորդությունը։ Նաև եկեք խորհրդածենք նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի կյանքի շուրջ և ձգտենք հետևել նրա գերազանց օրինակին։ Նա մի չքնաղ պարգև ստացավ մինչև մահ Աստծուն հնազանդ մնալու համար (Փիլիպ. 2։5–11)։ Մենք Հիսուսի պես կօրհնվենք, եթե վստահենք Եհովային մեր ողջ սրտով (Առակ. 3։5, 6)։ Ուստի եկեք միշտ ապավինենք Եհովային. նրա պես ոչ ոք չի կարող պաշտպանել մեզ ու հոգ տանել մեր մասին։ Ի՜նչ ուրախություն և ի՜նչ պատիվ է ծառայել նրան։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես է Եհովան մեր լավագույն Ընկերը։ Դա կխորացնի մեր սերը մեր Հոր հանդեպ։
a Այսպիսի հիշեցումներ կարող ես գտնել «Դիտարանի» 2011թ. օգոստոսի 15-ի համարի «Իմաստությամբ օգտվենք ինտերնետից» հոդվածում (էջ 3–5), 2012թ. օգոստոսի 15-ի համարի «Զգուշացիր Սատանայի թակարդներից» և «Հաստատ կանգնիր և խուսափիր Սատանայի թակարդներից» հոդվածներում (էջ 20–29)։