Թող Աստծու Խոսքն առաջնորդի քո քայլերը
«Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119:105)։
1, 2. Ինչո՞ւ մարդկանց մեծամասնությանը չի հաջողվում գտնել իսկական խաղաղություն և երջանկություն։
ԵՂԵ՞Լ է այնպես, որ ցանկացել ես ինչ–որ տեղ գնալ, բայց չիմանալով ճիշտ ուղղությունը՝ որևէ մեկից օգնություն ես խնդրել։ Դու արդեն բավականաչափ մոտ ես եղել նպատակակետիդ, բայց վստահ չես եղել, թե կոնկրետ որտեղ է այն գտնվում։ Կամ գուցե լրիվ հակառակ ուղղությամբ ես գնացել ու հետո ստիպված ես եղել փոխել ճանապարհդ։ Ամեն դեպքում, մի՞թե իմաստուն չի լինի հետևել այն անձնավորության առաջնորդությանը, որը լավ գիտի տեղանքը։ Այդպիսի անհատը կկարողանա օգնել քեզ հասնելու քո նպատակակետին։
2 Հազարավոր տարիներ է, ինչ մարդիկ ջանում են ինքնուրույն առաջնորդվել կյանքում՝ առանց Աստծու օգնության։ Սակայն այդպես վարվելով՝ անկատար մարդիկ միանգամայն հակառակ ուղղությամբ են գնում։ Նրանք պարզապես չեն կարող գտնել դեպի իսկական խաղաղություն ու երջանկություն տանող ճանապարհը։ Ինչո՞ւ են նրանք անզոր հասնելու իրենց նպատակակետին։ Ավելի քան 2 500 տարի առաջ Երեմիա մարգարեն գրեց. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10:23)։ Ամեն ոք, ով իր «գնացքը», այսինքն՝ քայլերը ջանում է ուղղել առանց փորձառու մեկի օգնության, անխուսափելիորեն դժվարությունների է բախվում։ Իրոք որ, մարդկությունը առաջնորդության կարիք ունի։
3. Ինչո՞ւ միայն Եհովան կարող է առաջնորդել մարդկանց, և ի՞նչ է նա խոստանում։
3 Միայն Եհովա Աստված կարող է տալ հուսալի առաջնորդություն։ Ինչո՞ւ։ Քանի որ նա ցանկացած անհատից շատ ավելի լավ է հասկանում մարդու բնույթը։ Նա լիովին տեղյակ է այն բանից, թե ինչպես է մարդկությունը շեղվել ճշմարիտ ուղուց և մոլորվել։ Աստված նաև գիտի, թե ինչ պետք է անեն մարդիկ, որպեսզի կրկին քայլեն ճիշտ ճանապարհով։ Բացի այդ, որպես Ստեղծիչ՝ Եհովան միշտ գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար (Եսայիա 48:17)։ Ուստի մենք ամբողջովին կարող ենք վստահել նրա այն խոստմանը, որ գրված է Սաղմոս 32։8–ում. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի»։ Կասկած լինել չի կարող. Եհովան տալիս է լավագույն առաջնորդությունը։ Իսկ ինչպե՞ս։
4, 5. Ինչպե՞ս կարող են Աստծու խոսքերն առաջնորդել մեզ։
4 Սաղմոսերգուն աղոթքով Եհովային ասաց. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119:105)։ Աստծու խոսքերն ու հիշեցումները գրված են Աստվածաշնչում և կարող են օգնել մեզ հաղթահարելու այն խոչընդոտները, որ գուցե լինեն մեր ճանապարհին։ Իսկապես, երբ կարդում ենք Աստվածաշունչը և թույլ տալիս, որ այն առաջնորդի մեզ, զգում ենք, թե որքան ճշմարիտ են Եսայիա 30։21 խոսքերը. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք»։
5 Ուշադրություն դարձրու, որ Սաղմոս 119։105–ը մատնացույց է անում Աստծու Խոսքի՝ իրար հետ կապված երկու առանձնահատկությունների։ Առաջին՝ այն «ճրագ» է մեր ոտքերի համար։ Ամեն օր դժվարությունների բախվելիս մենք պետք է թույլ տանք, որ Աստվածաշնչի սկզբունքներն առաջնորդեն մեր քայլերը։ Այդպիսով իմաստուն որոշումներ կկայացնենք ու կխուսափենք այս աշխարհի ծուղակներից ու որոգայթներից։ Երկրորդ՝ Աստծու հիշեցումները լուսավորում են մեր ճանապարհը՝ օգնելով մեզ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ներդաշնակ են Աստծու խոստացած դրախտում հավիտյան ապրելու մեր հույսին։ Եթե մեր առջև գտնվող ճանապարհը լավ է լուսավորված, մենք ի վիճակի կլինենք տեսնելու մեր բռնած ուղու լավ կամ վատ հետևանքները (Հռոմեացիներ 14:21; 1 Տիմոթեոս 6:9; Հայտնություն 22:12)։ Այժմ ավելի մանրամասն կքննարկենք, թե ինչպես կարող են Աստծու խոսքերը լինել «ճրագ» մեր ոտքերի համար և «լոյս»՝ մեր ճանապարհի համար։
«Ճրագ՝ իմ ոտների համար»
6. Ի՞նչ իրավիճակներում կարող են Աստծու խոսքերը «ճրագ» լինել մեր ոտքերի համար։
6 Ամեն օր մենք որոշումներ ենք կայացնում։ Կան որոշումներ, որոնք գուցե մեծ նշանակություն չունեն։ Սակայն երբեմն բախվում ենք այնպիսի իրավիճակների, որոնք կարող են փորձել մեր բարոյական մաքրությունը, ազնվությունը և չեզոքությունը։ Այդպիսի փորձությունները հաջողությամբ դիմագրավելու համար մենք պետք է մեր «ըմբռնողականությունը մարզենք ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5:14)։ Աստծու Խոսքի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով և նրանում գտնվող սկզբունքների վերաբերյալ մեր հասկացողությունը խորացնելով՝ մենք մեր խիղճը մարզում ենք, որպեսզի Եհովային հաճելի որոշումներ կայացնենք (Առակաց 3:21)։
7. Նկարագրիր, թե ինչ իրավիճակում քրիստոնյան գուցե հակված լինի ընկերակցելու իր հավատը չընդունող աշխատակիցների հետ։
7 Քննարկենք այսպիսի իրավիճակ։ Դու չափահաս անձնավորություն ես և անկեղծորեն ձգտում ես ուրախացնել Եհովայի սիրտը (Առակաց 27:11)։ Ուստի արժանի ես գովասանքի։ Բայց մի պահ պատկերացրու, որ քո աշխատակիցներից մի քանիսը առաջարկում են տոմս, որպեսզի իրենց հետ ներկա լինես մարզական միջոցառման։ Նրանց հաճելի է քեզ հետ աշխատել, և նրանք կցանկանային քեզ հետ շփվել նաև աշխատանքից դուրս։ Գուցե լիովին համոզված ես, որ այդ անհատները վատ մարդիկ չեն։ Հնարավոր է, նրանք արտահայտում են նաև ճիշտ տեսակետներ։ Ի՞նչ կանես։ Կա՞ վտանգ հրավերն ընդունելու մեջ։ Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքն օգնել քեզ ճիշտ որոշում կայացնելու այս հարցում։
8. Սուրբգրային ո՞ր սկզբունքներն են մեզ օգնում ճիշտ որոշում կայացնել ընկերակցությունների հետ կապված։
8 Քննարկենք մի քանի սուրբգրային սկզբունքներ։ Առաջին սկզբունքը, որ գուցե մեր մտքով անցնի, 1 Կորնթացիներ 15:33–ն է։ Այնտեղ ասվում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները»։ Այս սկզբունքին հետևելը նշանակո՞ւմ է, որ պետք է լիովին խուսափես քո համոզմունքները չկիսող մարդկանցից։ Ըստ Աստվածաշնչի՝ ոչ։ Չէ՞ որ Պողոս առաքյալն ինքը սեր ու հետաքրքրություն էր ցույց տալիս «ամեն տեսակ մարդկանց», այդ թվում նաև այլահավատների հանդեպ (1 Կորնթացիներ 9:22)։ Քրիստոնեության բուն էությունը պահանջում է, որ մենք հետաքրքրվենք ուրիշներով, այդ թվում նաև այն մարդկանցով, ովքեր մեր հավատակիցները չեն (Հռոմեացիներ 10:13–15)։ Իրոք, ինչպե՞ս կկարողանանք հետևել «բարին գործենք բոլորի հանդեպ» խորհրդին, եթե ինքներս մեզ առանձնացնենք այն մարդկանցից, ովքեր գուցե մեր օգնության կարիքն ունեն (Գաղատացիներ 6:10)։
9. Ո՞ր աստվածաշնչյան խորհուրդն է օգնում մեզ հավասարակշռված լինել աշխատակիցների հետ փոխհարաբերություններում։
9 Սակայն մեծ տարբերություն կա աշխատակցի հանդեպ ընկերական վերաբերմունք ունենալու և նրա մտերիմ ընկերը լինելու միջև։ Այստեղ պետք է հաշվի առնել ևս մեկ սկզբունք։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Անհավատների հետ անհավասար լծի տակ մի՛ մտեք» (2 Կորնթացիներ 6:14)։ Ի՞նչ է նշանակում «անհավասար լծի տակ մի՛ մտեք» արտահայտությունը։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այս բառերը թարգմանված են՝ «մի՛ միաբանվեք», «մի՛ փորձեք աշխատել ինչպես հավասարը հավասարի հետ», «դադարեք անհամապատասխան հարաբերությունների մեջ մտնելուց»։ Ե՞րբ են աշխատակցի հետ հարաբերությունները դառնում անհամապատասխան։ Ե՞րբ են դրանք անցնում սահմանը և դառնում անհավասար լուծ։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կարող է ուղղություն տալ քո քայլերին այս հարցում։
10. ա) Ինչպե՞ս էր Հիսուսն ընկերներ ընտրում։ բ) Ո՞ր հարցերը կարող են օգնել անհատին, որ ճիշտ որոշում կայացնի ընկերակցությունների հետ կապված։
10 Քննենք Հիսուսի օրինակը։ Մարդկանց արարումից ի վեր Հիսուսը սեր ուներ նրանց հանդեպ (Առակաց 8:31)։ Իսկ երբ երկրի վրա էր, սերտ կապեր հաստատեց իր հետևորդների հետ (Հովհաննես 13:1)։ Նա նույնիսկ «սիրով լցվեց» մի մարդու նկատմամբ, որը կրոնական առումով մոլորված էր (Մարկոս 10:17–22)։ Այդուհանդերձ, Հիսուսը հստակ գիտեր, թե ովքեր կարող են լինել իր մտերիմ ընկերները։ Նա մտերմություն չէր անում այն մարդկանց հետ, ովքեր անկեղծորեն հետաքրքրված չէին իր Հոր կամքը կատարելով։ Մի անգամ Հիսուսն ասաց. «Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15:14)։ Հնարավոր է՝ դու լավ հարաբերություններ ունես քո աշխատակիցներից մեկի հետ։ Սակայն ինքդ քեզ հարցրու. «Այդ անհատը ուզո՞ւմ է կատարել այն, ինչ Հիսուսը պատվիրում է։ Ցանկանո՞ւմ է սովորել Եհովայի մասին, որին, ինչպես ասաց Հիսուսը, մենք պետք է երկրպագենք։ Ունի՞ այն նույն բարոյական չափանիշները, որ ունեմ ես՝ որպես քրիստոնյա» (Մատթեոս 4:10)։ Եթե զրուցես քո աշխատակիցների հետ և շեշտես աստվածաշնչային սկզբունքները կիրառելու կարևորությունը, ապա այս հարցերի պատասխանները հստակ կլինեն քեզ համար։
11. Նշեք իրավիճակներ, որոնցում պետք է առաջնորդվենք Աստծու Խոսքով։
11 Կան ուրիշ իրավիճակներ, որոնցում Աստծու խոսքերը կարող են լինել ինչպես ճրագ մեր ոտքերի համար։ Օրինակ՝ գործազուրկ քրիստոնյան վերջապես աշխատանք է գտնում։ Սակայն գրաֆիկը բավական ծանր է, և եթե նա ընդունի այդ աշխատանքը, ապա ստիպված կլինի բաց թողնել քրիստոնեական հանդիպումներից մի քանիսը և չի կարողանա մասնակցել ճշմարիտ երկրպագությանն առնչվող այլ գործերի (Սաղմոս 37:25)։ Մեկ ուրիշ քրիստոնյա գուցե մեծ գայթակղություն ունենա դիտելու Աստվածաշնչի սկզբունքներին հակասող ֆիլմ կամ հաղորդում (Եփեսացիներ 4:17–19)։ Իսկ մյուսը գուցե հակված է նեղվելու հավատակիցների թերություններից (Կողոսացիներ 3:13)։ Բոլոր այսպիսի իրավիճակներում մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքը ճրագ լինի մեր ոտքերի համար։ Անշուշտ, հետևելով Աստվածաշնչի սկզբունքներին՝ կկարողանանք հաջողությամբ հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն։ Չէ՞ որ Աստծու Խոսքն «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3:16)։
«Լոյս իմ ճանապարհի համար»
12. Ինչպե՞ս են Աստծու խոսքերը լուսավորում մեր ճանապարհը։
12 Սաղմոս 119:105–ը նաև ասում է, որ Աստծու խոսքերը կարող են լուսավորել մեր ճանապարհը։ Մենք անտեղյակ չենք ապագայից, քանի որ Աստվածաշունչը բացատրում է, թե աշխարհում տիրող վատ իրավիճակները ինչ են նշանակում, և թե ի վերջո ինչ կլինի։ Մենք գիտակցում ենք, որ ապրում ենք իրերի այս ամբարիշտ համակարգի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3:1–5)։ Իմանալը, թե առջևում ինչ է սպասվում, պետք է մեծ ազդեցություն ունենա մեր այժմյան ապրելակերպի վրա։ Պետրոս առաքյալը գրեց. «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով և մտքում ամուր պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետրոս 3:11, 12)։
13. Այն փաստը, որ ապրում ենք վերջին օրերում, ինչպե՞ս պետք է ազդի մեր մտածելակերպի ու ապրելակերպի վրա։
13 Մեր մտածելակերպն ու ապրելակերպը պետք է արտացոլեն խորին համոզվածություն այն բանում, որ «աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ» (1 Հովհաննես 2:17)։ Աստվածաշնչի սկզբունքներով ապրելը կօգնի մեզ ճիշտ նպատակներ դնել մեր առջև։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Շարունակեք նախ թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթեոս 6:33)։ Որքա՜ն ուրախալի է տեսնել բազմաթիվ պատանիների, որոնք նպատակ են դնում ծառայել լիաժամ՝ դրանով իսկ հավատ դրսևորելով Հիսուսի այս խոսքերի հանդեպ։ Ուրիշներն էլ, այդ թվում նաև ամբողջ ընտանիքներ, կամավորաբար տեղափոխվել են այնպիսի երկրներ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։
14. Ինչպե՞ս մի քրիստոնյա ընտանիք ընդլայնեց իր ծառայությունը։
14 Քննենք չորս հոգուց բաղկացած մի քրիստոնյա ընտանիքի օրինակը։ Նրանք Միացյալ Նահանգներից տեղափոխվեցին Դոմինիկյան Հանրապետություն՝ ծառայելու 50 000 բնակիչ ունեցող մի քաղաքում։ Տեղի ժողովում ծառայում է մոտ 130 Թագավորության քարոզիչ։ Սակայն հետաքրքիր է, որ 2006 թ. ապրիլի 12–ին՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, ներկա եղավ մոտ 1 300 մարդ։ Այստեղ «արտերը սպիտակել են հնձի համար», այնպես որ ընդամենը հինգ ամիս անց այդ ընտանիքը՝ հայրը, մայրը, որդին և դուստրը, ընդհանուր հաշվով անց էր կացնում 30 Աստվածաշնչի ուսումնասիրություն (Հովհաննես 4:35)։ Հայրը պատմում է. «Ժողովում ծառայում են այլ երկրներից եկած 30 եղբայրներ և քույրեր։ Մոտ 20 հոգի եկել են Միացյալ Նահանգներից, մյուսները՝ Բահամյան կղզիներից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից և Նոր Զելանդիայից։ Նրանք մեծ եռանդով մասնակցում են ծառայությանը և տեղի եղբայրներին լցրել են խանդավառությամբ»։
15. Ի՞նչ օրհնություններ ես ստացել՝ Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում դնելով։
15 Հասկանալի է, որ շատերը հնարավորություն չունեն տեղափոխվելու այնպիսի երկիր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Սակայն ովքեր ունեն նման հնարավորություն, կամ ովքեր կարող են փոփոխություններ կատարել իրենց կյանքում, որպեսզի ընդլայնեն ծառայությունը, անշուշտ, անհամար օրհնություններ կվայելեն։ Անկախ այն բանից, թե որտեղ ես ծառայում՝ դու անպայման մեծ ուրախություն կստանաս, եթե Եհովային ծառայես քո ամբողջ զորությամբ։ Եթե Թագավորության շահերը քո կյանքում դնես առաջին տեղում, ապա Եհովան խոստանում է «օրհնութիւն թափել [քեզ] համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղաքիա 3:10)։
Եհովայի առաջնորդությունը օգուտներ է բերում
16. Ի՞նչ օգուտներ կստանանք՝ թույլ տալով, որ Աստծու խոսքերն առաջնորդեն մեզ։
16 Ինչպես տեսանք, Եհովայի խոսքերը առաջնորդում են մեզ իրար հետ կապված երկու կերպերով։ Նրանք ճրագ են մեր ոտքերի համար. օգնում են մեզ քայլել ճիշտ ուղղությամբ և իմաստուն որոշումներ կայացնել։ Նաև, Աստծու խոսքերը լուսավորում են մեր ճանապարհը՝ հնարավորություն տալով տեսնել, թե ինչ է ընկած առջևում։ Այդպիսով՝ մեզ համար հեշտ է լինում հետևել Պետրոսի հորդորին. «Գոտեպնդե՛ք ձեր մտքերը գործունեության համար, լիակատար զգոնությո՛ւն պահպանեք, ձեր հույսը դրեք անարժան բարության վրա, որը պիտի տրվի ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» (1 Պետրոս 1:13)։
17. Աստվածաշնչի ուսումնասիրությունն ինչպե՞ս կօգնի մեզ հնազանդվելու Աստծու առաջնորդությանը։
17 Անկասկած, Եհովան առաջնորդություն է տալիս։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք դու կընդունես այն։ Որպեսզի տեսնես Եհովայի առաջնորդությունը, վճռիր ամեն օր Աստվածաշնչից մի հատված կարդալ։ Խորհրդածիր ընթերցածիդ շուրջ, փորձիր ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը տվյալ հարցի վերաբերյալ և մտածիր, թե ինչպես կարող ես ընթերցված նյութը կիրառել քո կյանքում (1 Տիմոթեոս 4:15)։ Իսկ երբ որոշումներ կայացնելու լինես, գործի դիր «բանականությունդ» (Հռոմեացիներ 12:1)։
18. Եթե թույլ տանք, որ Աստծու Խոսքն առաջնորդի մեզ, ի՞նչ օրհնություններ կստանանք։
18 Եթե թույլ տանք, ապա Աստծու Խոսքում պարփակված սկզբունքները կլուսավորեն մեզ։ Դրանք կտան այն առաջնորդությունը, որի կարիքն ունենք, երբ ճիշտ ուղով ընթանալու հետ կապված որոշումներ ենք կայացնում։ Կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշունչը «իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19:7)։ Թույլ տալով, որ Աստծու Խոսքը մեզ առաջնորդի՝ մենք կունենանք մաքուր խիղճ, ինչպես նաև բավարարվածություն, որը գալիս է Եհովային հաճեցնելուց (1 Տիմոթեոս 1:18, 19)։ Եթե հնարավորություն տանք, որ Աստծու Խոսքն առաջնորդի մեր քայլերը ամեն օր, ապա Եհովան ի վերջո կպարգևի մեզ հավիտենական կյանք (Հովհաննես 17:3)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է կարևոր թույլ տալ, որ Եհովա Աստված առաջնորդի մեզ։
• Ինչպե՞ս կարող են Աստծու խոսքերը ճրագ լինել մեր ոտքերի համար։
• Ինչպե՞ս կարող են Աստծու խոսքերը լույս լինել մեր ճանապարհի համար։
• Աստվածաշնչի ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնում մեզ հնազանդվելու Աստծու առաջնորդությանը։
[նկար 15–րդ էջի վրա]
Մեր հավատը չընդունող անձնավորության հետ ընկերակցելը ե՞րբ է դառնում անխոհեմ
[նկար 16–րդ էջի վրա]
Հիսուսի մտերիմ ընկերները Եհովայի կամքը կատարողներն էին
[նկար 17–րդ էջի վրա]
Մեր ապրելակերպը ցո՞ւյց է տալիս, որ Թագավորության շահերը առաջին տեղում ենք դնում