«Դիմադրեցէ՛ք Սատանային»
«Դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (ՅԱԿՈԲՈՍ 4։7, ԷԹ)։
1. Ինչպե՞ս կնկարագրեիք ներկայիս աշխարհը, և ինչո՞ւ պետք է օծյալ քրիստոնյաներն ու նրանց գործակիցները զգույշ լինեն։
«ԱՍՏՎԱԾ անհետացել է, Սատանան մնացել»։ Այս խոսքերը, որ ասվել են ֆրանսիացի գրող Անդրե Մալրոյի կողմից, բավական լավ են համապատասխանում այսօր աշխարհում տիրող իրավիճակին. մարդկանց գործերը ավելի շուտ արտացոլում են Սատանայի կամքը, քան թե Աստծո։ Սատանան փորձում է շեղել նրանց «ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։9, 10)։ Իսկ այս վերջին օրերում նրա գլխավոր թիրախն են Աստծո նվիրված ծառաները։ Սատանան պայքար է մղում ընդդեմ օծյալ քրիստոնյաների, որ «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին» (Բ Տիմոթէոս 3։1, ԷԹ; Յայտնութիւն 12։9, 17)։ Ուստի այդ Վկաները, ինչպես նաև երկրային հույս ունեցող նրանց գործակիցները պետք է զգույշ լինեն։
2. Ինչպե՞ս Սատանան գայթակղեցրեց Եվային, և ի՞նչ մտավախություն հայտնեց Պողոս առաքյալը։
2 Սատանան մոլորեցնող է՝ բոլոր առումներով։ Օձի միջոցով նա այնպիսի միտք տվեց Եվային, թե վերջինս, Աստծուց անկախանալով, ավելի մեծ երջանկության կհասնի (Ծննդոց 3։1–6)։ Մոտ չորս հազար տարի անց Պողոս առաքյալը Կորնթոսի օծյալ քրիստոնյաներին իր մտավախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ չլինի թե նրանք դառնան Սատանայի խարդավանքների զոհը։ Պողոսը գրեց. «Վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11։3)։ Սատանան փորձում է ապականել մարդկանց միտքը։ Ճիշտ ինչպես Եվայի դեպքում էր, Բանսարկուն կարող է դրդել քրիստոնյային մտածելու, թե նրա երջանկությունը կախված է այնպիսի մի բանից, ինչին Եհովան ու նրա Որդին հավանություն չեն տալիս։
3. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում Սատանայից։
3 Սատանային կարելի է համեմատել թռչուններ որսացող մարդու հետ, որը թակարդ է դնում բանից անտեղյակ իր զոհի համար։ Որպեսզի կարողանանք խուսափել նրա ծուղակներից, պետք է մնանք «Բարձրեալի ծածկոցի տակ»՝ մի «վայրում», որը պաշտպանություն է հանդիսանում Եհովայի գերիշխանությունը ընդունող ու նրան ամեն ինչում հպատակվող անհատների համար (Սաղմոս 91։1–3)։ Բոլորս էլ ունենք Աստծո պաշտպանության կարիքը, և նա այն տալիս է Աստվածաշնչի, սուրբ ոգու և իր կազմակերպության միջոցով։ Դա օգնում է, որ «կարող լին[ենք] սատանայի հնարքներին հակառակ կենալ[ու]» (Եփեսացիս 6։11)։ «Հնարք» թարգմանված հունարեն բառը կարելի է փոխանցել նաև «նենգ արարք» կամ «խարդավանք» ձևերով։ Անկասկած, Սատանան շատ խարդավանքներ է գործի դնում, որպեսզի կարողանա ծուղակը գցել Եհովայի ծառաներին։
Ծուղակներ՝ առաջին քրիստոնյաների համար
4. Ինչպիսի՞ն էր աշխարհը առաջին քրիստոնյաների օրերում։
4 Առաջին և երկրորդ դարերում ապրած քրիստոնյաների օրերում Հռոմեական կայսրությունը հասել էր իր հզորության գագաթնակետին։ «Պաքս ռոմանան»՝ հռոմեական խաղաղությունը, զարկ էր տվել առևտրի զարգացմանը։ Նյութական բարգավաճման շնորհիվ իշխող դասակարգի ներկայացուցիչները բավական ազատ ժամանակ էին ձեռք բերել։ Ղեկավար օղակները միջոցներ էին ձեռնարկում հասարակ մարկանց համար զվարճության բազում ձևեր ստեղծելու. դա նաև օգնում էր խուսափել ապստամբություններից։ Երբեմն տոնական օրերն այնքան էին, որքան աշխատանքային օրերը։ Ղեկավարները, հասարակական ֆոնդն օգտագործելով, ժողովրդին հաց էին բաժանում և բեմադրություններ կազմակերպում՝ այդպիսով նրանց ստամոքսը լի և միտքը զբաղված պահելով։
5, 6. ա) Ինչո՞ւ քրիստոնյայի համար տեղին չէր լինի հաճախել հռոմեական թատրոններն ու ամֆիթատրոնները։ բ) Ի՞նչ ծուղակ էր օգտագործում Սատանան, և ինչպե՞ս կարող էին քրիստոնյաները խուսափել դրանից։
5 Այս իրավիճակը որևէ վտանգ ներկայացնո՞ւմ էր առաջին քրիստոնյաների համար։ Առաքյալներից հետո ապրած գրողների, ինչպես օրինակ՝ Տերտուլիանոսի գործերից երևում է, որ ժամանցի ձևերը մեծամասամբ հոգևոր և բարոյական առումներով վտանգ էին ներկայացնում ճշմարիտ քրիստոնյաների համար։ Օրինակ՝ տոների ու խաղերի մեծամասնությունը նվիրված էր հեթանոսական աստվածներին (Բ Կորնթացիս 6։14–18)։ Թատրոններում դասական բեմադրություններից շատերն անգամ իրենցից կա՛մ անբարոյականություն, կա՛մ էլ բռնություն էին ներկայացնում։ Ժամանակի ընթացքում դասական ներկայացումների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը նվազեց։ Փոխարենը՝ լայն տարածում գտան մնջախաղային անբարո բեմադրությունները։ Իր գրքերից մեկում («Daily Life in Ancient Rome») պատմաբան Շերոմի Կարկոպինոն գրում է. «Այդ բեմադրությունների ժամանակ դերասանուհիներին թույլ էին տալիս ամբողջովին մերկանալու.... Արյունը հոսում էր.... Այլասեռվածությունը շատ մեծ աստիճանի էր հասել, և դա մայրաքաղաքում մեծ ժողովրդականություն էր վայելում։ Մարդիկ չէին գարշում նման ցուցադրումներից, քանի որ ամֆիթատրոններում տեղի ունեցող արյունահեղությունները արդեն բավական ժամանակ էր, ինչ բթացրել էին նրանց զգացմունքները» (Մատթէոս 5։27, 28)։
6 Ամֆիթատրոններում գլադիատորները մինչ ի մահ կռվում էին իրար դեմ, կամ էլ՝ կենդանիների՝ սպանելով նրանց կամ սպանվելով նրանց կողմից։ Գազանների առջև էին գցում հանցագործներին, իսկ հետագայում նաև քրիստոնյաներին։ Նույնիսկ այն հին ժամանակներում Սատանան նենգորեն փորձում էր անբարոյականության ու բռնության հանդեպ մարդկանց հակակրանքը փոխել անտարբերության, իսկ հետագայում նաև հասնել այն բանին, որ դա նույնիսկ ցանկալի լինի մասսաների համար։ Այդ ծուղակից խուսափելու միակ ձևը թատրոններից ու ամֆիթատրոններից հեռու մնալն էր (Ա Կորնթացիս 15։32 Արևմտ. Աստ., 33)։
7, 8. ա) Ինչո՞ւ քրիստոնյան անխոհեմաբար կվարվեր, եթե այցելեր մարտակառքերով անցկացվող մրցավազքերին։ բ) Ինչպե՞ս կարող էր Սատանան օգտագործել հռոմեական լոգարանները՝ քրիստոնյային ծուղակը գցելու համար։
7 Մարտակառքերի մրցավազքը, որ անցկացվում էր ձիարշավարաններում, անկասկած, զմայլելի տեսարան էր։ Բայց դա անընդունելի էր քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ ժողովված մարդիկ հաճախ դիմում էին բռնության։ Համաձայն երրորդ դարում ապրած մի գրողի՝ հանդիսատեսները կռվում էին իրար դեմ, իսկ Կարկոպինոյի խոսքերով՝ «աստղագուշակներն ու անբարոյական կանայք բիզնեսով զբաղվելու իրենց տեղն ունեին» ձիարշավարանների կամարների տակ։ Պարզ է ուրեմն, որ հռոմեական մրցասպարեզները քրիստոնյային վայել վայրեր չէին (Ա Կորնթացիս 6։9, 10)։
8 Իսկ ի՞նչ կարելի է ասել հռչակավոր հռոմեական լոգարանների մասին։ Մարմինը մաքուր պահելու համար լոգանք ընդունելն իհարկե վատ բան չէ։ Բայց Հռոմում լոգարանները սովորաբար մեծ շինություններ էին. այնտեղ կային սենյակներ մերսումների համար, մարմնամարզական դահլիճներ, ինչպես նաև տեղեր՝ մոլեխաղերով զբաղվելու կամ ուտելու ու խմելու համար։ Թեորիապես կանայք ու տղամարդիկ լոգանք ընդունելու իրենց ժամերն ունեին։ Հաճախ, սակայն, թույլատրվում էր, որ նրանք միասին անեին դա։ Ահա թե ինչ է գրում Կղեմես Ալեքսանդրացին. «Լոգարանները բաց են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առջև՝ առանց խտրականության, և այնտեղ նրանք մերկ վիճակում զբաղվում են սանձարձակությամբ»։ Նման բանը, որ ընդունելի էր հասարակության համար, հեշտությամբ կարող էր օգտագործվել Սատանայի կողմից՝ քրիստոնյային ծուղակը գցելու նպատակով։ Խոհեմ անհատները այդպիսի տեղեր չէին այցելում։
9. Ինչպիսի՞ ծուղակներից պետք է խուսափեին առաջին քրիստոնյաները։
9 Մոլեխաղերը նույնպես ժամանցի սիրված ձև էին։ Առաջին քրիստոնյաները կկարողանային խուսափել դրանցից, օրինակ՝ մարտակառքերի մրցավազքերին չմասնակցելով։ Բայց մոլեխաղերի ավելի փոքր ձևեր էլ կային։ Դրանք անօրինական էին և անցկացվում էին պանդոկների ու գինետների գաղտնի սենյակներում։ Խաղացողները որոշակի գումար էին սահմանում և փորձում էին գուշակել խաղաքարի թիվը՝ կենտ թե զույգ։ Մոլեխաղերը մի տեսակ համ էին տալիս մարդկանց կյանքին, քանի որ հույս էին ներշնչում հեշտ ճանապարհով փող վաստակելու (Եփեսացիս 5։5)։ Դեռ ավելին՝ նման տեղերում մատուցողները սովորաբար անբարոյական կանայք էին, ինչը մեծացնում էր անբարոյության թակարդն ընկնելու վտանգը։ Նման բաները Սատանան կարող էր օգտագործել Հռոմեական կայսրության քաղաքներում ապրող քրիստոնյաներին ծուղակը գցելու համար։ Մի՞թե պարագան նույնը չէ նաև այսօր...
Սատանայի ծուղակներն այսօր
10. Ինչո՞վ է այսօրվա իրավիճակը նման այն իրավիճակին, որ տիրում էր Հռոմեական կայսրությունում։
10 Մարդկանց ծուղակը գցելու Սատանայի մեթոդները դարերի ընթացքում այդքան էլ չեն փոխվել։ Որպեսզի ապականված Կորնթոս քաղաքում ապրող քրիստոնյաները նրա կողմից մոլորության մեջ չգցվեին, Պողոս առաքյալը շատ ազդեցիկ խոսքեր ասաց. «[Մենք] նորա [Սատանայի] խորհուրդներին անտեղյակ չենք» (Բ Կորնթացիս 2։11)։ Այսօր զարգացած երկրներում գրեթե նույն իրավիճակն է տիրում, ինչ իր հզորության գագաթնակետին հասած Հռոմում։ Շատերը, ավելի քան երբևէ, բավական ազատ ժամանակ ունեն ժամանցին տրամադրելու։ Պետական վիճակախաղերը հույս են ներշնչում նույնիսկ աղքատներին։ Մարդիկ տարված են ժամանցի բազում ձևերով, որ այդքան էլ թանկ չեն։ Մարզադաշտերը լեփ լեցուն են, մարդիկ տարված են մոլեխաղերով, հանդիսատեսները, ինչպես նաև խաղացողները հաճախ դիմում են բռնության։ Անբարո երաժշտությունը ողողել է աշխարհը։ Անպարկեշտ շոուները լցրել են թատրոնների բեմահարթակներն ու հեռուստաէկրանները։ Որոշ երկրներում ընդունված է, որ կանայք ու տղամարդիկ միասին լոգանք ընդունեն սաունաներում և տաք ավազաններում։ Կարելի է հիշատակել նաև այն լողափները, որտեղ մարդիկ բոլորովին մերկ են լողանում։ Ճիշտ ինչպես քրիստոնեության սկզբնավորման ժամանակ, Սատանան ջանում է հրապուրել Աստծո ծառաներին աշխարհում ընդունված ժամանցի ձևերով։
11. Ի՞նչ վտանգներ կարող է իր մեջ պարփակել հանգստանալու ցանկությունը։
11 Ստրեսներով լի այս աշխարհում հանգստի կամ ինչ–որ փոփոխության կարիք զգալը բնական բան է։ Սակայն ինչպես հռոմեական լոգարաններն էին որոշ առումներով վտանգ ներկայացնում առաջին քրիստոնյաների համար, այնպես էլ հանգստյան որոշ վայրերն ու տները, որ Սատանան օգտագործում է այսօրվա քրիստոնյաներին ծուղակը գցելու համար՝ դրդելով նրանց անբարոյականության կամ չափից շատ ոգելից խմիչքներ օգտագործելուն։ Կորնթոսի քրիստոնյաներին Պողոսը գրել էր. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են [«Աստուծոյ գիտութիւնը չունին», Արևմտ. Աստ.]» (Ա Կորնթացիս 15։33, 34)։
12. Որո՞նք են Եհովայի ծառաներին ծուղակը գցելու ձևերից մի քանիսը, որ օգտագործում է Սատանան։
12 Եվայի հետ պատահածից տեսանք, որ Սատանան խարդավանքի միջոցով ապականեց նրա միտքը (Բ Կորնթացիս 11։3)։ Այսօր նույնպես Սատանան խաբեությամբ փորձում է քրիստոնյային այն միտքը ներշնչել, թե նա կկարողանա ոմանց բերել ճշմարտության, եթե հնարավորին չափ շատ բան անի ցույց տալու, որ Եհովայի վկաները նման են մյուս մարդկանց։ Երբեմն այդպիսի քրիստոնյաները շատ հեռու են գնում. արդյունքում՝ տեղի է ունենում հակառակը (Անգէ 2։12 ԷԹ, 13, 14)։ Սատանայի խարդավանքներից մեկն էլ այն է, որ նա դրդում է նվիրված քրիստոնյաներին՝ երիտասարդ թե ծեր, երկդիմի կյանք վարելու և ‘Աստծո սուրբ ոգին տրտմեցնելու’ (Եփեսացիս 4։30)։ Ոմանք այդ թակարդն են ընկնում՝ Ինտերնետը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելով։
13. Թաքնված ո՞ր վտանգն է հանդիսանում Սատանայի խարդավանքներից մեկը, և «Առակաց» գրքում տրվող ո՞ր խորհուրդն է տեղին այս կապակցությամբ։
13 Սատանայի ծուղակներից են նաև ոգեհարցության քողարկված ձևերը։ Ինչ խոսք, ճշմարիտ քրիստոնյաներից և ոչ մեկը դիտավորյալ սատանայությամբ կամ ոգեհարցությամբ չի զբաղվի։ Սակայն ոմանք գուցե անզգուշություն ցուցաբերեն ֆիլմեր, հեռուստասերիալներ դիտելիս, տեսախաղեր խաղալիս կամ նույնիսկ երեխաների համար գրքեր ու կոմիքսներ կարդալիս, որտեղ գուցե լուսաբանվում են բռնության ու խորհրդավոր ինչ–որ գործողությունների ձևեր։ Հարկավոր է հեռու մնալ ցանկացած այնպիսի բանից, որ իր մեջ ոգեհարցության հետ կապված բաներ է պարունակում։ Ահա թե ինչ է ասվում մի իմաստուն առակի մեջ. «Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. որ հոգին կ’պահպանէ ով որ նորանցից հեռանայ» (Առակաց 22։5)։ Քանի որ Սատանան է «այս աշխարհքի աստուածը», մեծ ժողովրդականություն վայելող ցանկացած բանի ետևում կարող է թաքնված լինել նրա ծուղակներից որևէ մեկը (Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 2։15, 16)։
Հիսուսը դիմադրեց Սատանային
14. Ինչպե՞ս Հիսուսը ետ մղեց իրեն մոլորության մեջ գցելու Սատանայի առաջին փորձը։
14 Հիսուսը լավ օրինակ թողեց Սատանային դիմադրելու ու նրան փախուստի մատնելու հարցում։ Մկրտվելուց և մոտ 40 օր ծոմ պահելուց հետո նա փորձությունների ենթարկվեց Բանսարկուի կողմից (Մատթէոս 4։1–11)։ Առաջին հերթին Սատանան փորձեց օգտագործել այն հանգամանքը, որ ծոմապահությունից հետո Հիսուսը քաղցած էր։ Նա առաջարկեց, որ իր առաջին հրաշքով Հիսուսը բավարարի իր ֆիզիկական կարիքը։ Սակայն հիշատակելով Երկրորդ Օրինաց 8։3–ը՝ վերջինս հրաժարվեց էգոիստական նպատակներով իր զորությունը օգտագործելուց՝ առաջնային տեղը հատկացնելով հոգևոր սնունդին։
15. ա) Բնական ի՞նչ ցանկություն օգտագործեց Սատանան Հիսուսին գայթակղեցնելու համար։ բ) Ո՞րն է Աստծո ծառաներին գայթակղեցնելու ձևերից մեկը, որից այսօր օգտվում է Սատանան, և ինչպե՞ս կարող ենք դիմադրել նրան։
15 Հետաքրքիր է, որ Սատանան չփորձեց Հիսուսին դրդել սեռական անբարոյականության. սովը, որ մղում է կերակուր փնտրելու, այդ պահին ֆիզիկական ամենաուժեղ ցանկությունն էր, և հենց դա կարող էր գայթակղեցնել Հիսուսին։ Իսկ ի՞նչ խարդախ միջոցների է դիմում Սատանան այսօր, որպեսզի կարողանա գայթակղեցնել Աստծո ծառաներին։ Դրանք բազմաթիվ են և տարբեր։ Պետք է նշել սակայն, որ հիմնականը սեռական անբարոյության դրդելն է։ Այդպիսով Սատանան փորձում է կոտրել Եհովայի ծառաների՝ անարատություն պահելու վճռականությունը։ Եթե ընդօրինակենք Հիսուսին, ապա կկարողանաք դիմադրել Սատանային ու ետ մղել նրա հարվածները։ Հիսուսը անհաջողության մատնեց նրան՝ Աստվածաշնչից համապատասխան տեղեր հիշելով։ Նույնը և մենք. երբ կանգնում ենք սեռական անբարոյություն գործելու գայթակղության առջև, կարող ենք հիշել աստվածաշնչյան այնպիսի խոսքերը, ինչպիսիք են օրինակ՝ Ա Կորնթացիս 6։18–ն ու Ծննդոց 39։9։
16. ա) Երկրորդ անգամ ի՞նչ փորձության ենթարկեց Սատանան Հիսուսին։ բ) Ինչպե՞ս Սատանան կարող է դրդել մեզ փորձել Եհովային։
16 Հետո Սատանան առաջարկեց Հիսուսին ցատկել տաճարի պատից և փորձել Աստծո կարողությունը՝ իրեն հրեշտակի միջոցով պաշտպանելու։ Հիշատակելով Երկրորդ Օրինաց 6։16–ը՝ Հիսուսը հրաժարվեց փորձել իր Հորը։ Ինչ խոսք, Սատանան մեզ չի դրդի տաճարի պատից ցատկելու, բայց Աստծուն փորձության ենթարկելու կդրդի։ Գուցե գայթակղություն առաջանա տեսնել, թե որքան հեռու կարող ենք գնալ՝ հագուստի ու զարդարանքի հարցում այս աշխարհի քմահաճույքներն ընդօրինակելով։ Կամ գուցե մեր մեջ ցանկություն առաջանա ժամանցի կասկածելի ձևերին մասնակցելու։ Բայց այդպես վարվելով՝ կսկսենք փորձել Եհովային։ Եթե նման հակումներ ցուցաբերենք, ապա մեզնից փախչելու փոխարեն՝ Սատանան անընդհատ կփորձի Աստծո դեմ տրամադրել մեզ։
17. ա) Երրորդ անգամ ի՞նչ փորձության ենթարկեց Սատանան Հիսուսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Յակոբոս 4։7–ում գրված խոսքերը ճշմարիտ են։
17 Երբ Սատանան առաջարկեց Հիսուսին աշխարհի բոլոր թագավորությունները իրեն մեկ անգամ երկպագելու փոխարեն, վերջինս նորից դիմադրեց նրան՝ հիշատակելով Գրությունները և պահպանելով միայն Հորը երկրպագելու վճռականությունը (Բ Օրինաց 5։9; 6։13; 10։20)։Իհարկե, Սատանան մեզ չի առաջարկի աշխարհի թագավորությունները, բայց նա անընդհատ կփորձի շլացնել մեզ նյութական հարստությամբ, փոքրիկ, անձնական «թագավորություն» ստանալու հեռանկարով։ Արդյո՞ք Հիսուսի նման ջանում ենք Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերել։ Եթե այդպես է, ապա մեզ հետ նույնը կպատահի, ինչ Հիսուսի հետ։ Մատթեոսի գրքում ասվում է. «Այն ժամանակ սատանան թողեց նորան» (Մատթէոս 4։11)։ Եթե մենք նույնպես անսասան մնանք Սատանային դիմադրելու հարցում՝ հիշելով Աստվածաշնչում գրված համապատասխան սկզբունքներն ու կիրառելով դրանք, ապա նա կթողնի նաև մեզ։ Հակոբոս աշակերտը ասում է. «Դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7, ԷԹ)։ Ահա թե ինչ է գրել մի քրիստոնյա Եհովայի վկաների՝ Ֆրանսիայի մասնաճյուղին ուղղված իր նամակում. «Սատանան իսկապես նենգ անձնավորություն է։ Չնայած իմ լավագույն մտադրություններին՝ դժվարանում եմ իշխել զգացմունքներիս ու ցանկություններիս վրա։ Սակայն քաջություն ու համբերատարություն ցուցաբերելով, և ամենակարևորը՝ Եհովայի օգնության շնորհիվ կարողանում եմ պահպանել իմ անարատությունը և ամուր մնալ ճշմարտության մեջ»։
Ամբողջովին զինված՝ Սատանային հակառակվելու համար
18. Հոգևոր ո՞ր սպառազինությունն է օգնում դիմակայել Սատանային։
18 Եհովան մեզ ամբողջովին զինել է հոգևոր սպառազինությամբ, որպեսզի կարողանանք «սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6։11–18)։ Եթե սիրենք ճշմարտությունը, ապա այն կդառնա մեր «գոտին»՝ կպատրաստի մեզ քրիստոնեական գործունեության։ Եթե վճռենք կառչած մնալ Եհովայի արդար չափանիշներից, ապա դա զրահի նման կպաշտպանի մեր սիրտը։ Եթե մեր ոտքերին հագնենք բարի լուրը ավետարանելու պատրաստակամությունը, ապա կանոնավորապես կմասնակցենք քարոզչական ծառայությանը, ինչը կամրացնի ու հոգևորապես կպաշտպանի մեզ։ Ամուր հավատը մեծ վահանի նման կպահպանի «չարի ամեն կրակոտ նետեր[ից]»՝ խարդավանքներից ու ծուղակներից։ Եհովայի խոստումների իրականացման նկատմամբ մեր հաստատուն հույսը սաղավարտի նման կպաշտպանի մեր միտքը, ինչի շնորհիվ ձեռք կբերենք ներքին խաղաղություն (Փիլիպպեցիս 4։7)։ Իսկ եթե հմտանանք Աստծո Խոսքը գործածելու հարցում, ապա այն, ինչպես մի թուր, կազատի մարդկանց Սատանայի հոգևոր բանտարկությունից։ Աստվածաշնչի օգնությամբ կկարողանանք նաև պաշտպանվել, ինչպես փորձվելիս անում էր Հիսուսը։
19. Սատանային դիմադրելուց բացի, ի՞նչ կարևոր բան պիտի անենք։
19 Եթե միշտ ունենանք «Աստուծոյ սպառազինութիւնը» և շարունակաբար աղոթենք, ապա կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպաշտպանի մեզ Սատանայի հարձակումներից (Յովհաննէս 17։15; Ա Կորնթացիս 10։13)։ Բայց Հակոբոսը ցույց է տալիս, որ բավարար չէ միայն ‘դիմադրել Սատանային’։ Առաջին հերթին մենք պետք է ‘հնազանդվենք Աստծուն’, որը հոգ է տանում մեր մասին (Յակոբոս 4։7, 8)։ Իսկ թե ինչպես կարող ենք անել այդ, կքննարկվի հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Սատանայի ո՞ր ծուղակներից պետք է զգուշանային առաջին քրիստոնյաները։
• Ի՞նչ խարդախ մեթոդների է դիմում Սատանան՝ Եհովայի ծառաներին ծուղակը գցելու համար։
• Ինչպե՞ս Հիսուսը դիմադրեց Սատանայի փորձություններին։
• Հոգևոր ո՞ր սպառազինությունն է օգնում դիմադրել Սատանային։
[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Հիսուսն անսասան էր Սատանային դիմադրելու հարցում
[նկարներ 10–րդ էջի վրա]
Առաջին դարի քրիստոնյաները մերժում էին ժամանցի բռնի և անբարո ձևերը
[թույլտվությամբ]
The Complete Encyclopedia of Illustration/J. G. Heck