Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»
«Մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը» (2 ԿՈՐՆԹ. 1։24)։
1. Ինչո՞ւ Պողոսն ուրախացավ կորնթացի քրիստոնյաների համար։
55 ԹՎԱԿԱՆՆ էր։ Պողոսը գտնվում էր նավահանգստային քաղաք Տրովադայում, բայց մտքերով Կորնթոսում էր։ Այդ տարի ավելի վաղ նա ցավով իմացել էր, որ այնտեղի եղբայրները վիճել են իրար հետ։ Հայրական սիրուց մղված՝ առաքյալը նամակ էր գրել կորնթացի քրիստոնյաներին՝ նրանց օգնելու համար (1 Կորնթ. 1։11; 4։15)։ Նաև Պողոսը ուղարկել էր Տիտոսին, որպեսզի նա նորություններ բերի կորնթացիներից։ Բայց Տիտոսը չեկավ։ Ի՞նչ էր անելու առաքյալը։ Նա նավարկեց Մակեդոնիա և շատ ուրախացավ, երբ այնտեղ հանդիպեց Տիտոսին։ Վերջինս ասաց, որ կորնթացիները լավ են ընդունել Պողոսի նամակը և շատ են ուզում տեսնել նրան։ Այս լավ լուրը լսելով՝ առաքյալն «է՛լ ավելի ուրախացավ» (2 Կորնթ. 2։12, 13; 7։5–9)։
2. ա) Ի՞նչ գրեց Պողոսը կորնթացիներին հավատի և ուրախության մասին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։
2 Կարճ ժամանակ անց Պողոսը երկրորդ նամակը գրեց կորնթացիներին։ Նա ասաց. «Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք ձեր հավատի վրա, այլ մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը, քանի որ ձեր հավատի շնորհիվ եք դուք կանգնած» (2 Կորնթ. 1։24)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։ Ի՞նչ կարող են երեցները սովորել այս խոսքերից։
ՄԵՐ ՀԱՎԱՏԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
3. ա) Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ գրեց. «Ձեր հավատի շնորհիվ եք դուք կանգնած»։ բ) Ինչպե՞ս են այսօր երեցներն ընդօրինակում Պողոսին։
3 Պողոսը հիշատակեց քրիստոնեական երկու կարևոր հատկություն՝ հավատ և ուրախություն։ Հավատի մասին նա գրեց. «Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք ձեր հավատի վրա.... քանի որ ձեր հավատի շնորհիվ եք դուք կանգնած»։ Այս խոսքերից երևում է, որ Պողոսն ընդունում էր, որ Կորնթոսի եղբայրները իրենց հավատի շնորհիվ էին ամուր կանգնած և ոչ թե իր կամ մեկ ուրիշի շնորհիվ։ Ուստի Պողոսը կարիք չէր տեսնում հսկողության տակ առնելու իր եղբայրների հավատը և չէր էլ ուզում դա անել։ Նա վստահ էր, որ նրանք հավատարիմ քրիստոնյաներ են և ուզում են անել այն, ինչ ճիշտ է (2 Կորնթ. 2։3)։ Այսօր երեցները հետևում են Պողոսի օրինակին. նրանք վստահ են, որ իրենց եղբայրների ու քույրերի հավատը ամուր է և որ նրանք Աստծուն ծառայում են մաքուր մղումներով (2 Թեսաղ. 3։4)։ Խիստ օրենքներ սահմանելու փոխարեն՝ երեցները հիմնվում են սուրբգրային սկզբունքների ու Եհովայի կազմակերպության տված առաջնորդության վրա։ Այո՛, երեցները չեն տիրապետում ուրիշների հավատի վրա (1 Պետ. 5։2, 3)։
4. ա) Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ գրեց. «Մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը»։ բ) Ինչպե՞ս են այսօր երեցներն ընդօրինակում Պողոսին։
4 Պողոսը նաև գրեց. «Մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը»։ «Մենք» ասելով՝ նա նկատի ուներ իրեն ու իր մտերիմ համագործակիցներին։ Ինչի՞ց ենք եզրակացնում։ Նույն նամակում Պողոսը հիշատակում է իր երկու համագործակիցներին՝ գրելով. «Հիսուսը.... որի մասին ես, Սիլվանոսը և Տիմոթեոսը քարոզեցինք ձեզ» (2 Կորնթ. 1։19)։ Իր նամակներում Պողոսը «համագործակից» բառը միշտ օգտագործում է իր մտերիմ ծառայակիցների հետ կապված. նրանցից էին՝ Ապողոսը, Ակյուղասը, Պրիսկիղան, Տիմոթեոսը և Տիտոսը (Հռոմ. 16։3, 21; 1 Կորնթ. 3։6–9; 2 Կորնթ. 8։23)։ Ուստի ասելով «մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը»՝ Պողոսը վստահեցրեց կորնթացիներին, որ ինքը և իր համագործակիցները ցանկանում են ամեն ինչ անել, որ նպաստեն ժողովի բոլոր անդամների ուրախությանը։ Նմանապես այսօր երեցները ցանկանում են իրենց ձեռքից եկածն անել, որպեսզի օգնեն հավատակիցներին «ծառայելու Եհովային ուրախությամբ» (Սաղ. 100։2; Փիլիպ. 1։25)։
5. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ պարբերություններում, և ինչի՞ մասին պետք է մտածենք։
5 Վերջերս հարցում անցկացվեց աշխարհի տարբեր վայրերում ապրող եղբայրների ու քույրերի շրջանում։ Նրանց խնդրեցին պատասխանել հետևյալ հարցին. «Երեցների ո՞ր գործերն ու խոսքերն են նպաստում ձեր ուրախությանը»։ Հաջորդ պարբերություններում կտեսնենք, թե ինչ են նրանք պատասխանել։ Նրանց պատասխանները համեմատիր քո տեսակետի հետ։ Նաև մտածիր, թե ինչպես կարող ես նպաստել ժողովի ուրախությանըa։
«ԲԱՐԵՎԵՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՊԵՐՍԻՍԻՆ»
6, 7. ա) Ո՞ր հարցում երեցները կարող են ընդօրինակել Հիսուսին, Պողոսին և Աստծու մյուս ծառաներին։ բ) Հավատակիցների անունները հիշելը ինչպե՞ս է նպաստում նրանց ուրախությանը։
6 Եղբայրներից ու քույրերից շատերն ասում են, որ իրենց ուրախությունն ավելանում է, երբ երեցներն անհատական հետաքրքրություն են ցուցաբերում իրենց հանդեպ։ Այս հարցում երեցների համար լավ օրինակ են Դավիթը, Եղիուսը և Հիսուսը (կարդա՛2 Սամուել 9։6; Հոբ 33։1; Ղուկաս 19։5)։ Եհովայի այս ծառաներից յուրաքանչյուրը անկեղծ հետաքրքրություն ցույց տվեց դիմացինի հանդեպ՝ դիմելով նրան անունով։ Պողոսը նույնպես հասկանում էր հավատակիցների անունները հիշելու և գործածելու կարևորությունը։ Իր նամակներից մեկը նա ավարտում է՝ անուն առ անուն բարևելով 25 եղբոր և քրոջ։ Նրանց մեջ էր Պերսիսը։ «Բարևեք մեր սիրելի Պերսիսին»,— գրեց Պողոսը (Հռոմ. 16։3–15)։
7 Որոշ երեցներ դժվարանում են հիշել անունները։ Երբ երեցը քրոջը կամ եղբորը դիմում է անունով, կարծես նրան ասում է. «Դու կարևոր ես ինձ համար» (Ելք 33։17)։ Ուստի երեցները պետք է ամեն ջանք թափեն հավատակիցների անունները հիշելու համար։ Նրանք կնպաստեն ժողովի անդամների ուրախությանը, եթե, օրինակ, «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ նրանց դիմեն անունով (համեմատի՛ր Հովհաննես 10։3)։
«ՆԱ ՇԱՏ ԳՈՐԾԵՐ Է ԱՐԵԼ՝ ԻԲՐԵՎ ՏԻՐՈՋ ՀԵՏԵՎՈՐԴ»
8. Ո՞ր հարցում Պողոսը ընդօրինակեց Հիսուսին և Եհովային։
8 Պողոսը ուրիշների հանդեպ հետաքրքրություն էր ցույց տալիս՝ նաև անկեղծորեն գովելով։ Նա գիտեր, որ գովասանքը նույնպես նպաստում է հավատակիցների ուրախությանը։ Առաքյալը այն նույն նամակում, որտեղ ցանկություն հայտնեց նպաստելու եղբայրների ուրախությանը, գրեց. «Շատ եմ պարծենում ձեզանով» (2 Կորնթ. 7։4)։ Գովեստի այս խոսքերը ակներևաբար ջերմացրին Կորնթոսի եղբայրների սրտերը։ Պողոսը գովեց նաև ուրիշ ժողովների (Հռոմ. 1։8; Փիլիպ. 1։3–5; 1 Թեսաղ. 1։8)։ Նա Հռոմի ժողովին գրած նամակում Պերսիսի անունը տալուց հետո ասաց. «Նա շատ գործեր է արել՝ իբրև Տիրոջ հետևորդ» (Հռոմ. 16։12)։ Այս հավատարիմ քույրը, անշուշտ, շատ քաջալերվեց առաքյալի այս խոսքերից։ Հավատակիցներին գովելով՝ Պողոսը հետևում էր Եհովայի և Հիսուսի օրինակին (կարդա՛ Մարկոս 1։9–11; Հովհաննես 1։47; Հայտն. 2։2, 13, 19)։
9. Ինչո՞ւ երեցները պետք է գովեն ժողովի անդամներին։
9 Պողոսի պես՝ երեցները հասկանում են, որ կարևոր է գովել հավատակիցներին (Առակ. 3։27; 15։23)։ Ամեն անգամ, երբ երեցը գովում է հավատակցին, նա կարծես ասում է. «Ես նկատեցի քո արածը։ Ես մտածում եմ քո մասին»։ Իրոք, ժողովի անդամները կարիք ունեն երեցներից քաջալերական խոսքեր լսելու։ 50-ն անց մի քույր շատերի կարծիքն է արտահայտում՝ ասելով. «Աշխատավայրում հազվադեպ ես լսում գովեստի խոսքեր։ Այնտեղ մթնոլորտը սառն է ու մրցակցային։ Ուստի երբ երեցը գովում է ինձ, որ ինչ-որ բան եմ արել ժողովի համար, ինձ այնքա՜ն լավ եմ զգում, նոր ուժերով եմ լցվում։ Սկսում եմ իսկապես զգալ, որ իմ երկնային Հայրը սիրում է ինձ»։ Մի եղբայր, որ միայնակ մեծացնում է իր երկու երեխաներին, նույն կարծիքին է։ Վերջերս երեցը սրտանց գովեց նրան։ Ինչպե՞ս դա ազդեց եղբոր վրա։ Նա ասում է. «Ես ուժերի հորդում զգացի»։ Այո՛, անկեղծորեն գովելով հավատակիցներին՝ երեցը բարձրացնում է նրանց ոգին և ավելացնում ուրախությունը։ Դա ժողովի անդամներին ուժ է տալիս, որ շարունակեն ընթանալ կյանքի ճանապարհով և չհոգնեն (Ես. 40։31)։
ՀՈՎՎԵՔ «ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎԸ»
10, 11. ա) Ինչպե՞ս կարող են երեցները հետևել Նեեմիայի օրինակին։ բ) Ինչպե՞ս կարող է երեցը հոգևոր պարգև փոխանցել հովվական այցի ժամանակ։
10 Ուրիշ ինչպե՞ս են երեցները անհատական հետաքրքրություն ցույց տալիս ժողովի անդամների հանդեպ։ Նրանք այցելում են քաջալերանքի կարիք ունեցողներին (կարդա՛ Գործեր 20։28)։ Այդպես նրանք ընդօրինակում են վաղեմի հոգևոր հովիվներին։ Օրինակ՝ հավատարիմ վերակացու Նեեմիան, երբ տեսավ, որ իր ազգակիցներից ոմանք հոգևորապես թուլացել են, «իսկույն վեր կացավ» և ոգևորեց նրանց (Նեեմ. 4։14)։ Այսօր երեցները ցանկանում են նրա պես վարվել։ Նրանք «վեր են կենում», այլ խոսքով՝ քայլեր են ձեռնարկում, որպեսզի օգնեն հավատակիցներին հավատի մեջ ամուր մնալու։ Նրանք այցելում են եղբայրներին և քույրերին, եթե հնարավոր է, նրանց տանը։ Այդպիսի այցերի ժամանակ երեցները ջանում են «հոգևոր պարգև փոխանցել» (Հռոմ. 1։11)։ Ինչպե՞ս կարող են նրանք արդյունավետ հովվական այցեր անել։
11 Երեցը պետք է նախօրոք մտածի այն հավատակցի մասին, ում մտադիր է այցելել։ Ինչպիսի՞ դժվարություններ նա ունի։ Ո՞ր մտքերը նրան կօգնեն։ Ո՞ր սուրբգրային համարը կամ աստվածաշնչյան ո՞ր կերպարի օրինակը օգտակար կլինի նրա հանգամանքներում։ Նախապես մտածելով՝ երեցը կկարողանա վարել իմաստալից զրույց և ոչ թե կխոսի պարզապես առօրեական բաների մասին։ Այցելության ժամանակ երեցը հավատակցին հնարավորություն է տալիս արտահայտվելու, իսկ ինքը ուշադիր լսում է (Հակ. 1։19)։ Մի քույր ասում է. «Շատ եմ քաջալերվում, երբ երեցը ուշադիր լսում է ինձ» (Ղուկ. 8։18)։
12. Ժողովի ո՞ր անդամները քաջալերանքի կարիք ունեն և ինչո՞ւ։
12 Պողոսը Գործեր 20։28-ում երեցներին հորդորում է «ուշադիր լինել ամբողջ հոտի» հանդեպ։ Այո՛, ժողովի բոլոր անդամները քաջալերանքի կարիք ունեն, այդ թվում նաև այն քարոզիչներն ու ռահվիրաները, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Նրանք ևս հոգևոր հովիվների աջակցության կարիքն ունեն, որովհետև երբեմն նույնիսկ հոգևորապես ուժեղներն են ուժասպառ լինում չար աշխարհի ճնշումներից։ Այն, որ Աստծու նույնիսկ ուժեղ ծառան երբեմն կարող է օգնության կարիք ունենալ, երևում է Դավիթ թագավորի հետ տեղի ունեցած մի դեպքից։
«ԱԲԵՍՍԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ»
13. ա) Ի՞նչ վիճակում էր Դավիթը, երբ Եսբիբենոբը «ուզեց սպանել Դավթին»։ բ) Ինչո՞ւ Աբեսսան կարողացավ ճիշտ ժամանակին օգնել Դավթին։
13 Երիտասարդ Դավիթը նոր էր թագավոր օծվել, երբ կռվեց Գողիաթի դեմ ու նրան սպանեց։ Գողիաթը ռաֆայիմներից էր, այսինքն՝ հսկաների ցեղից (1 Սամ. 17։4, 48–51; 1 Տար. 20։5, 8)։ Տարիներ անց Դավիթը, երբ կռվում էր փղշտացիների դեմ, դարձյալ դուրս եկավ հսկայի դեմ։ Նրա անունն էր Եսբիբենոբ, որը նույնպես ռաֆայիմ էր (2 Սամ. 21։16, ծնթ.)։ Այս անգամ քիչ մնաց, որ Դավիթը սպանվեր։ Ինչո՞ւ։ Նա չէր կորցրել քաջությունը, պարզապես նրա ուժերը հատել էին. «Դավիթը հոգնեց»,— գրված է Աստվածաշնչում։ Եսբիբենոբը հենց որ տեսավ դա, «ուզեց սպանել» նրան։ Բայց նախքան հսկան կհարվածեր Դավթին, «Շարուհեայի որդի Աբեսսան օգնության հասավ։ Նա հարվածեց ու սպանեց փղշտացուն» (2 Սամ. 21։15–17)։ Դավիթը հազիվ փրկվեց։ Նա, անշուշտ, երախտապարտ էր Աբեսսային, որ իր կողքին էր և արագորեն օգնության հասավ, երբ իր կյանքը վտանգի ենթարկվեց։ Ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից։
14. ա) Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել գողիաթանման դժվարությունները։ բ) Ինչպե՞ս կարող են երեցներն օգնել մեզ, որ լցվենք ուրախությամբ ու նոր ուժերով։
14 Սատանան և նրա համախոհները բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի մենք չկարողանանք ծառայել Եհովային։ Մեզնից ոմանք դեմառդեմ բախվում են հսկայանման դժվարությունների։ Եհովային լիովին վստահելով՝ կարո՛ղ ենք ընդունել «գողիաթների» մարտահրավերները և հաղթել նրանց։ Այնուամենայնիվ, երբեմն աշխարհի ճնշումների դեմ անընդհատ պայքարելուց հոգնում ենք ու վհատվում։ Այդպիսի թույլ վիճակում գուցե դժվարանանք պայքարել այն խնդիրների դեմ, որոնք սովորաբար հաջողությամբ ենք հաղթահարել։ Մենք դառնում ենք խոցելի և նույնիսկ «սպանվելու» վտանգ է առաջանում։ Երբ այդպիսի պահերին օգնություն ենք ստանում երեցից, լցվում ենք ուրախությամբ ու նոր ուժերով։ Բազմաթիվ քույրեր ու եղբայրներ անձամբ են համոզվել դրանում։ 60-ն անց մի ռահվիրա քույր ասում է. «Որոշ ժամանակ առաջ ես առողջական խնդիր ունեի և ծառայության ժամանակ շուտ էի հոգնում։ Երեցը նկատեց դա և մոտեցավ ինձ։ Մենք քաջալերական զրույց ունեցանք աստվածաշնչյան մի դրվագի շուրջ։ Նրա խորհուրդները շատ օգտակար եղան»։ Քույրն ավելացնում է. «Ի՜նչ հաճելի էր, որ եղբայրը նկատեց, որ ես լավ չեմ, և օգնության հասավ»։ Այո՛, մենք սրտապնդվում ենք՝ իմանալով, որ երեցները կանգնած են մեր կողքին և Աբեսսայի նման պատրաստ են «օգնության հասնելու»։
«ԻՄԱՆԱՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՁԵԶ»
15, 16. ա) Ինչո՞ւ էին եղբայրներն ու քույրերը Պողոսին շատ սիրում։ բ) Ինչո՞ւ ենք սիրում ժողովի երեցներին։
15 Հովվի գործը հեշտ չէ։ Երբեմն երեցները անքուն գիշերներ են անցկացնում՝ մտածելով Աստծու հոտի մասին, աղոթելով հավատակիցների համար և նրանց հոգևոր օգնություն ցույց տալով (2 Կորնթ. 11։27, 28)։ Չնայած դժվարություններին՝ երեցները, Պողոսի նման, լիարժեքորեն և ուրախությամբ են անում իրենց գործը։ Կորնթացիներին առաքյալը գրեց. «Ես մեծ ուրախությամբ կծախսեմ և ամբողջությամբ կծախսվեմ ձեր հոգիների համար» (2 Կորնթ. 12։15)։ Այո՛, Պողոսը սիրում էր հավատակիցներին և իրեն չէր խնայում նրանց զորացնելու համար (կարդա՛ 2 Կորնթացիներ 2։4; Փիլիպ. 2։17; 1 Թեսաղ. 2։8)։ Զարմանալի չէ, որ եղբայրներն ու քույրերը նրան շատ էին սիրում (Գործ. 20։31–38)։
16 Մենք սիրում ենք երեցներին և մեր անձնական աղոթքներում շնորհակալություն ենք հայտնում Եհովային նրանց համար։ Անհատական հետաքրքրություն ցուցաբերելով մեր հանդեպ՝ նրանք նպաստում են մեր ուրախությանը, հովվական այցեր կատարելով՝ զորացնում են մեզ։ Իսկ երբ վհատվում ենք աշխարհի ճնշումների պատճառով, երեցները անմիջապես օգնության են հասնում։ Մենք շատ երախտապարտ ենք նրանց այս ամենի համար։ Երեցները, իրոք, «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»։
a Այդ նույն եղբայրներին ու քույրերին նաև հարց ուղղվեց. «Ո՞ր հատկությունն եք ամենից շատ գնահատում երեցի մեջ»։ Ճնշող մեծամասնությունը պատասխանեց՝ մատչելի լինելը։ Այս կարևոր հատկությունը կքննարկենք «Դիտարանի» հաջորդ համարներից մեկում։