Շարունակիր ծառայել Եհովային ամուր սրտով
«Սիրտս պատրաստ [«ամուր», ՆԱ] է, ով Աստուած, սիրտս պատրաստ [«ամուր», ՆԱ] է» (ՍԱՂՄՈՍ 57։7)։
1. Ինչո՞ւ կարող ենք նույն համոզվածությունն ունենալ, ինչ սաղմոսերգու Դավիթը։
ԵՀՈՎԱՆ կարող է ամրացնել մեզ, որ պահպանենք մեր քրիստոնեական հավատը և որպես իր նվիրված ծառաներ հավատարիմ մնանք ճշմարիտ քրիստոնեությանը (Հռովմայեցիս 14։4)։ Ուստի՝ կարող ենք ունենալ նույն համոզվածությունը, ինչ սաղմոսերգու Դավիթը, որը երգում էր. «Իմ սիրտը պատրաստ [«ամուր» է, ՆԱ], ով Աստված» (Սաղմոս 108։1)։ Եթե մեր սիրտը նույնպես ամուր է, ապա մղված կլինենք մեր նվիրման համաձայն ապրելու։ Առաջնորդություն և ուժ ստանալու համար Աստծուն դիմելով՝ կդառնանք անսասան և կամրացնենք ուղղամտություն պահելու մեր վճռականությունը՝ «ամեն ժամանակ աւելի առաջա[նալով] Տիրոջ գործումը» (Ա Կորնթացիս 15։58, ԱԹ)։
2, 3. Ինչպե՞ս կարելի է հասկանալ Ա Կորնթացիս 16։13–ում արձանագրված՝ Պողոսի խոսքերը։
2 Պողոս առաքյալը հին Կորնթոսում ապրող քրիստոնյաներին տվեց մի խրատ, որն անշուշտ կիրառելի է նաև մեր օրերում ապրողների համար. նա ասաց. «Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք» (Ա Կորնթացիս 16։13)։ Դրված լինելով ներկա ժամանակով՝ այս հրահանգներից յուրաքանչյուրը հունարենում մղում է շարունակական գործողության։ Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ դրանք։
3 Մենք կարող ենք հոգևորապես ‘արթուն կենալ’՝ հակառակվելով Բանսարկուին և մտերմանալով Աստծո հետ (Յակոբոս 4։7, 8)։ Վստահությունը Եհովայի հանդեպ կնպաստի մեր միասնությանը և կօգնի, որ ‘հասատատուն մնանք հավատի մեջ’։ Բոլորս՝ տղամարդ թե կին, կարող ենք ‘քաջ լինել’՝ արիաբար ծառայելով Աստծուն որպես Թագավորության քարոզիչներ, ինչպես նաև՝ ‘զորանալ’՝ միշտ մեր երկնային Հորից խնդրելով անհրաժեշտ զորությունը՝ նրա կամքը կատարելու համար (Փիլիպպեցիս 4։13; Սաղմոս 68։11)։
4. Ի՞նչը առաջնորդեց մեզ քրիստոնեական մկրտության։
4 Անվերապահորեն նվիրվելով Եհովային և այդ քայլը ջրի մկրտությամբ խորհրդանշելով՝ ցույց տվեցինք, որ ճշմարտության կողմնակիցներն ենք։ Սակայն ի՞նչը առաջնորդեց մեզ մկրտության։ Նախ՝ ճշգրիտ գիտություն ստացանք Աստծո Խոսքից (Յովհաննէս 17։3)։ Դրա շնորհիվ մեր մեջ հավատ առաջացավ։ Այն իր հերթին մղեց ապաշխարության, ինչից երևաց, որ իսկապես ցավում ենք անցյալում կատարած սխալների համար (Գործք 3։19; Եբրայեցիս 11։6)։ Հաջորդ քայլը մեր ընթացքը փոխելն էր. մենք հրաժարվեցինք սխալ գործերից, որպեսզի կատարենք Աստծո կամքը (Հռովմայեցիս 12։2; Եփեսացիս 4։23, 24)։ Դրան հետևեց աղոթքով Եհովային սրտանց նվիրվելը (Մատթէոս 16։24; Ա Պետրոս 2։21)։ Աստծուց մաքուր խիղճ խնդրելով՝ մկրտվեցինք՝ ի նշան մեր նվիրման (Ա Պետրոս 3։21)։ Այս քայլերը մտքում պահելը կօգնի, որ միշտ հիշենք մեր նվիրման համաձայն ապրելու համար ջանքեր թափելու անհրաժեշտության մասին, և շարունակենք ծառայել Եհովային ամուր սրտով։
Շարունակիր որոնել ճշգրիտ գիտությունը
5. Ինչո՞ւ պետք է շարունակենք աստվածաշնչյան գիտություն ձեռք բերել։
5 Մեր նվիրման համաձայն ապրելու համար պետք է շարունակենք հավատն ամրացնող աստվածաշնչյան գիտություն ձեռք բերել։ Որքա՜ն ուրախացանք, երբ ճշմարտության հետ ծանոթանալով՝ առաջին անգամ ճաշակեցինք հոգևոր սնունդը (Մատթէոս 24։45–47)։ Այդ «կերակուրը» համեղ էր և մեզ լավ սնեց հոգևորապես։ Այժմ շատ կարևոր է՝ շարունակել ընդունել այդ սննդարար հոգևոր կերակուրը, որպեսզի իբրև Եհովայի նվիրված ծառաներ կարողանանք ամուր սիրտ պահպանել։
6. Ամենայն հավանականությամբ, ինչպե՞ս են քեզ օգնել խոր երախտագիտություն զարգացնել աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։
6 Աստվածաշնչյան գիտությունն ավելացնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել։ Դա նման է թաքնված գանձեր փնտրելուն. մի բան, որ ջանքեր է պահանջում։ Որքա՜ն ենք պարգևատրվում, սակայն՝ «Աստուծոյ գիտութիւնը» գտնելով (Առակաց 2։1–6)։ Քեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս Թագավորության քարոզիչը ըստ երևույթին օգտվել է «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքից։ Յուրաքանչյուր գլուխը քննարկելու համար, ամենայն հավանականությամբ, պահանջվել է բավական ժամանակ, գուցե՝ ավելի քան մեկ հանդիպում։ Աստվածաշնչյան համարների ընթերցանությունից ու դրանց քննարկումից մեծ օգուտներ քաղեցիր, իսկ եթե որևէ միտք դժվարըմբռնելի էր, ստացար դրա բացատրությունը։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողը լավ էր պատրաստվում, աղոթում էր՝ Աստծո ոգին ստանալու համար, և օգնում էր քեզ խոր երախտագիտություն զարգացնել ճշմարտության հանդեպ։
7. Ի՞նչը կօգնի քեզ աստվածային ճշմարտության որակելի ուսուցիչ լինել։
7 Նման ջանքերը տեղին էին. Պողոսը գրեց. «Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում» (Գաղատացիս 6։6, ԱԹ)։ Հունարեն տեքստը այստեղ փոխանցում է Աստծո Խոսքը «աշակերտողի» մտքում ու սրտում պատվաստելու իմաստ։ Քանի որ քեզ նման ձևով են աշակերտել, որակելի ես դարձել նաև ուրիշներին սովորեցնելու (Գործք 18։25)։ Քո նվիրման համաձայն ապրելու համար պետք է պահպանես հոգևոր առողջությունդ և ամրությունդ՝ Աստծո Խոսքն անընդհատ ուսումնասիրելով (Ա Տիմոթէոս 4։13; Տիտոս 1։13; 2։2)։
Հիշիր, թե ինչպես ապաշխարեցիր ու փոխեցիր ընթացքդ
8. Ինչպե՞ս է հնարավոր աստվածահաճո վարք պահպանել։
8 Հիշո՞ւմ ես այն թեթևությունը, որ ապրեցիր՝ սովորելով ճշմարտությունը, ապաշխարելով և այնուհետև զգալով, որ Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ ցուցաբերած հավատի շնորհիվ՝ Աստված ներել է քեզ (Սաղմոս 32։1–5; Հռովմայեցիս 5։8; Ա Պետրոս 3։18)։ Անկասկած, չես ցանկանա վերադառնալ մեղավոր կյանքին (Բ Պետրոս 2։20–22)։ Եհովային կանոնավորապես աղոթելով՝ կկարողանաս աստվածահաճո վարք պահպանել, ապրել քո նվիրման համաձայն և շարունակել հավատարմորեն ծառայել նրան (Բ Պետրոս 3։11, 12)։
9. Թեև հրաժարվել ենք մեղավոր գործերից, ինչպե՞ս պիտի շարունակենք ընթանալ։
9 Թեև մեղավոր գործերից հրաժարվելով՝ ցույց ես տվել, որ փոխել ես ընթացքդ, շարունակիր փնտրել Աստծո օգնությունը սիրտդ ամուր պահելու հարցում։ Ըստ էության, դա նույնն է, թե՝ սխալ ճանապարհով ընթանալիս լինեիր, բայց հետո, մի ճշգրիտ քարտեզի օգնությամբ քո ուղին ստուգելով, սկսեիր ընթանալ ճիշտ ճանապարհով։ Մի շեղվիր այդ ճանապարհից։ Շարունակելով վստահել Աստծո առաջնորդությանը՝ որոշում կայացրու՝ կյանքի ճանապարհի վրա մնալու (Եսայիա 30։20, 21; Մատթէոս 7։13, 14)։
Երբեք մի մոռացիր քո նվիրումն ու մկրտությունը
10. Ի՞նչ պետք է հիշենք՝ մեր նվիրման հետ կապված։
10 Միշտ հիշիր, որ աղոթքով նվիրվել ես Եհովային՝ հավիտյան նրան հավատարմորեն ծառայելու նպատակով (Յուդա 20, 21)։ Նվիրել՝ նշանակում է զատել կամ առանձնացնել սրբազան նպատակով (Ղեւտացոց 15։31, Արևմտ. Աստ., տող. ծան.; 22։2)։ Քո նվիրումը ո՛չ ժամանակավոր պայմանագիր էր, ոչ էլ՝ մարդու հետ կնքված ինչ–որ պարտավորություն։ Դու ընդմիշտ նվիրվեցիր Տիեզերքի Գերիշխանին։ Իսկ այդ նվիրման համաձայն ապրել՝ նշանակում է ողջ կյանքում հավատարիմ մնալ Աստծուն։ Այո՛, «ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք» (Հռովմայեցիս 14։7, 8)։ Մեր երջանկությունը կախված է նրա կամքին հնազանդվելուց և միշտ ամուր սրտով նրան ծառայելուց։
11. Ինչո՞ւ պետք է հիշես քո մկրտությունն ու դրա նշանակությունը։
11 Միշտ հիշիր քո մկրտությունը, որով խորհրդանշեցիր սրտանց նվիրումդ առ Աստված։ Դա հարկադրական քայլ չէր, քանի որ քո սեփական կամքով էիր կայացրել այդ որոշումը։ Իսկ այժմ լի՞ ես արդյոք ողջ կյանքում Աստծո կամքին ներդաշնակ ապրելու վճռականությամբ։ Աստծուց մաքուր խիղճ խնդրելով՝ մկրտվեցիր՝ ի նշան քո նվիրման։ Պահպանիր մաքուր խիղճդ՝ քո նվիրմանը հավատարիմ մնալով, և Եհովան իր օրհնությունները կթափի քեզ վրա (Առակաց 10։22)։
Հարկավոր է կամենալ
12, 13. Ի՞նչ կապ ունի մեր սեփական կամքը նվիրման ու մկրտության հետ։
12 Նվիրումն ու մկրտությունը իսկապես մեծ օրհնություններ են բերել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Կարևոր է, սակայն, հաշվի առնել, որ ջրի մկրտությամբ մեր նվիրումը խորհրդանշելով՝ հրաժարվել ենք նախկին ապրելակերպից, բայց ոչ՝ մեր սեփական կամքից։ Իրականում, ինչպես հարկն է կրթվելուց հետո մեր սեփական կամքով էր, որ աղոթքով նվիրվեցինք Աստծուն ու մկրտվեցինք։ Նվիրման ու մկրտության ուղու վրա կանգնել՝ նշանակում է հասկանալ, թե որն է Աստծո կամքը, իսկ հետո գիտակցաբար որոշել այն կատարել (Եփեսացիս 5։17)։ Այդպես վարվելով՝ ընդօրինակում ենք Հիսուսին, որն իր սեփական կամքով հրաժարվեց ատաղձագործի աշխատանքից, մկրտվեց և ամբողջովին նվիրվեց իր երկնային Հոր կամքը կատարելու գործին (Սաղմոս 40։7, 8; Յովհաննէս 6։38–40)։
13 Եհովա Աստծո մտադրությունն էր՝ իր Որդուն «կատարեալ դարձն[ել].... չարչարանքների միջոցով»։ Սակայն, Հիսուսը պետք է ցույց տար այդ չարչարանքները կրելու և հավատարմություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։ Վերջում «աղօթքներ եւ պաղատանքներ» մատուցելով՝ «ուժգին գոչումով եւ արտասուքներով,.... նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 2։10, 18; 5։7, 8)։ Եթե մենք էլ ենք նման ակնածալից վախ ցուցաբերում Աստծո հանդեպ, ապա կարող ենք վստահ լինել, որ Եհովան «կլսի» նաև մեզ ու որպես իր նվիրված Վկաների՝ կզորացնի (Եսայիա 43։10)։
Դու կարող ես ամուր սիրտ պահպանել
14. Ինչո՞ւ պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը։
14 Ինչպե՞ս կարող ես ամուր սիրտ պահպանել և, այդպիսով, ապրել քո նվիրման համաձայն։ Ամեն օր կարդա Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքի անընդհատ շատացող գիտությունը ձեռք բերելու նպատակով։ Դա մի բան է, որ «հաւատարիմ և իմաստուն ծառան» միշտ էլ հորդորում է անել։ Բանն այն է, որ մեր նվիրման համաձայն ապրելու համար հարկավոր է շարունակել քայլել աստվածային ճշմարտության մեջ։ Եթե Եհովայի կազմակերպությունը գիտակցաբար կեղծ ուսմունքներ դավաներ, ապա Եհովայի վկաներին և այն մարդկանց, ում նրանք քարոզում են, Աստվածաշունչ կարդալու խորհուրդ երբեք չէր տրվի։
15. ա) Ի՞նչ է հարկավոր հաշվի առնել որոշում կայացնելիս։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ աշխատանքը քրիստոնյայի համար երկրորդական նշանակություն ունի։
15 Որոշում կայացնելիս միշտ հաշվի առ, թե ինչպես դա կանդրադառնա այն բանի վրա, որ վճռել ես ապրել քո նվիրման համաձայն։ Վերցնենք, օրինակ, աշխատանքը։ Արդյոք ջանո՞ւմ ես անել այնպես, որ աշխատանքը օգնի քեզ ճշմարիտ երկրպագությանը աջակցելու հարցում։ Թեև նվիրված քրիստոնյաները, ընդհանուր առմամբ, դիտվում են որպես հուսալի և որակելի աշխատողներ, սակայն նկատելի է, որ Եհովայի վկաները աշխարհում ինչ–որ բարձունքների հասնելու ձգտումներ չունեն և ուրիշների հետ չեն մրցակցում՝ լավագույն պաշտոն գրավելու համար։ Բանն այն է, որ նրանց նպատակը հարստություն, փառք, հեղինակություն կամ իշխանություն ձեռք բերելը չէ։ Իրենց նվիրման համաձայն ապրող անհատների համար ամենակարևորը Աստծո կամքը կատարելն է, իսկ աշխատանքը, որի օգնությամբ նրանք կարողանում են հոգալ անհրաժեշտ կարիքները, երկրորդական նշանակություն ունի։ Պողոս առաքյալի նման՝ նրանք քրիստոնեական ծառայությունն են համարում իրենց գլխավոր գործը (Գործք 18։3, 4; Բ Թեսաղոնիկեցիս 3։7, 8; Ա Տիմոթէոս 5։8)։ Իսկ դու Թագավորության շահերը կյանքում առաջին տեղը դնո՞ւմ ես (Մատթէոս 6։25–33)։
16. Ի՞նչ կարող ենք անել, երբ չափազանց մտահոգված լինելով՝ դժվարանում ենք ապրել մեր նվիրման համաձայն։
16 Ոմանք ճշմարտությունը ճանաչելուց առաջ չափազանց ծանրաբեռնված են եղել տարբեր հոգսերով։ Սակայն, ինչպիսի՜ ուրախությամբ և Աստծո հանդեպ ինչպիսի՜ երախտագիտությամբ ու սիրով լցվեց նրանց սիրտը, երբ ընդունեցին Թագավորության լուրը։ Խորհելով այն օրհնությունների մասին, որ այդ ժամանակվանից ի վեր վայելում են՝ նրանք կկարողանան ապրել իրենց նվիրման համաձայն։ Իսկ ի՞նչ անել, եթե առօրյա հոգսերը չափազանց մտահոգում են մեզ և սպառնում խեղդել մեր մեջ «[Աստծո] խօսքը» այնպես, ինչպես փշերը՝ ծիլերին (Ղուկաս 8։7, 11, 14; Մատթէոս 13։22; Մարկոս 4։18, 19)։ Եթե զգում ես, որ քո ներսում կամ ձեր ընտանիքում նման խնդիր է գլուխ բարձրացնում, հոգսդ Եհովայի վրա գցիր և աղոթիր նրան, որ օգնի քեզ սեր ու երախտագիտություն զարգացնել։ Եթե այդպես վարվես, Աստված նեցուկ կլինի քեզ և ուժ կտա, որ շարունակես ծառայել նրան ուրախությամբ և ամուր սրտով (Սաղմոս 55։22; Փիլիպպեցիս 4։6, 7; Յայտնություն 2։4)։
17. Ինչպե՞ս կարող ես հաղթահարել ուժեղ փորձությունները։
17 Շարունակիր աղոթել Եհովա Աստծուն ճիշտ այնպես, ինչպես աղոթել ես այն ժամանակ, երբ նվիրվել ես նրան (Սաղմոս 65։2)։ Երբ մեջդ սխալ քայլ կատարելու ցանկություն է առաջանում կամ կանգնում ես ուժեղ փորձության առաջ, Աստծո օգնությունն ու առաջնորդությունը փնտրիր և հետևիր դրան։ Հիշիր, որ հարկավոր է հավատ ունենալ. Հակոբոս աշակերտը գրել է. «Եթէ ձեզնից մէկը [փորձությունը հաղթահարելու համար] իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի և թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է» (Յակոբոս 1։5–8)։ Իսկ եթե թվում է, թե փորձությունն անհաղթահարելի է, վստահիր հետևյալ խոսքերին. «Ձեզ ուրիշ փորձութիւն չի պատահել, բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։
18. Ի՞նչ կարող ենք անել, եթե թաքուն լուրջ մեղքը թուլացնում է նվիրման համաձայն ապրելու մեր վճռականությունը։
18 Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ թաքուն մեղքից տանջվում է խիղճդ, և թուլանում է նվիրման համաձայն ապրելու քո վճռականությունը։ Եթե իսկապես զղջում ես, կարող ես մխիթարվել այն մտքից, որ Եհովան ‘չի անարգի կոտրված ու փշրված սիրտը’ (Սաղմոս 51։17)։ Դիմիր քրիստոնյա երեցների օգնությանը՝ գիտենալով, որ նրանք, ընդօրինակելով Եհովային, լուրջ կվերաբերվեն մեր երկնային Հոր հետ լավ հարաբերություններ վերականգնելու քո ցանկությանը (Սաղմոս 103։10–14; Յակոբոս 5։13–15)։ Իսկ հետո, քո հոգևոր առողջությունը վերականգնելով և ամուր սիրտ վերագտնելով, կկարողանաս ուղիղ ճանապարհ հարթել քեզ համար և ապրել նվիրմանդ համաձայն (Եբրայեցիս 12։12, 13)։
Շարունակիր ծառայել ամուր սրտով
19, 20. Ինչո՞ւ է շատ կարևոր՝ ապրել մեր նվիրման համաձայն։
19 Այս դժվար ժամանակներում պետք է ջանք թափենք մեր նվիրման համաձայն ապրելու և Աստծուն ամուր սրտով շարունակ ծառայելու համար։ Հիսուսն ասել է. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Մենք ապրում ենք «վերջին օրերում». այս համակարգի կործանումը կարող է վրա հասնել ցանկացած պահի (Բ Տիմոթէոս 3։1)։ Դեռ ավելին, մեզնից ոչ ոք վստահ չի կարող լինել այն բանում՝ կենդանի կլինի վաղը, թե՝ ոչ (Յակոբոս 4։13, 14)։ Ուստի՝ շատ կարևոր է այսօր ապրել մեր նվիրման համաձայն։
20 Իր երկրորդ նամակում Պետրոս առաքյալը շեշտում է այդ միտքը։ Նա ցույց է տալիս, որ ճիշտ այնպես, ինչպես Ջրհեղեղի ժամանակ կործանվեցին ամբարիշտները, այնպես էլ խորհրդանշական երկիրը, կամ մարդկային չար հասարակությունը կկործանվի «Տիրոջ [Եհովայի] օրը»։ Այդ պատճառով էլ Պետրոսը բացականչում է. «Ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով»։ Նա նաև տալիս է հետևյալ հորդորը. «Սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած [կեղծ ուսուցիչների կամ ամբարիշտ մարդկանց կողմից]՝ չկորցնէք ձեր վստահութիւնը» (Բ Պետրոս 3։5–17)։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե որևէ մկրտված անհատ մոլորության մեջ ընկնի ու ի վերջո վախճանվի որպես այնպիսի մեկը, ով ամուր սիրտ չի պահպանել։
21, 22. Ինչպե՞ս է ապացուցվել Սաղմոս 57։7–ի խոսքերի ճշմարտացիությունը՝ Դավիթ թագավորի և ճշմարիտ քրիստոնյաների առնչությամբ։
21 Նվիրման համաձայն ապրելու քո վճռականությունը կարող է ամրանալ, եթե մտքում պահես մկրտությանդ երջանիկ օրը և փնտրես Աստծո օգնությունը՝ խոսքով ու գործով նրա սիրտն ուրախացնելու համար (Առակաց 27։11)։ Եհովան երբեք հուսախաբ չի անում իր ժողովրդին։ Մենք էլ, անշուշտ, հավատարիմ պետք է լինենք նրան (Սաղմոս 94։14)։ Ողորմածություն ու կարեկցանք ցուցաբերելով՝ նա խափանեց Դավիթի թշնամիների ծրագրերը և ազատեց նրան։ Այդ բանի համար երախտապարտ՝ Դավիթը հայտարարեց, որ ուժեղ և հարատև է այն սերը, որ նա տածում է իր Փրկչի հանդեպ։ Իր սրտի խորքից նա գրեց հետևյալ խոսքերը. «Սիրտս պատրաստ [«ամուր», ՆԱ] է, ով Աստուած, սիրտս պատրաստ [«ամուր», ՆԱ] է. երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ» (Սաղմոս 57։7)։
22 Դավիթի նման՝ ճշմարիտ քրիստոնյաները նույնպես չեն տատանվում իրենց նվիրմանը հավատարիմ մնալու հարցում։ Ամուր սրտով՝ նրանք իրենց փրկությունը վերագրում են Աստծուն, որին և ուրախությամբ գովերգում են։ Եթե քո սիրտը նույնպես ամուր է, ապա կվստահես Եհովային, և նրա օգնությամբ կկարողանաս ապրել քո նվիրման համաձայն։ Այո՛, դու կարող ես նմանվել «արդար[ի]», որի մասին սաղմոսերգուն գրում է. «Չար համբաւից չի վախենալ. նորա սիրտը պատրաստ [«ամուր», ՆԱ] է, որ Տիրոջը յուսայ» (Սաղմոս 112։6, 7)։ Հավատալով Աստծուն և ամբողջովին վստահելով նրան՝ կկարողանաս ապրել քո նվիրման համաձայն և շարունակել ամուր սրտով ծառայել Եհովային։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ պետք է շարունակենք ձեռք բերել Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը։
• Ինչո՞ւ պետք է մեր մտքում պահենք այն, թե ինչպես ենք ապաշխարել ու փոխել մեր ընթացքը։
• Ինչո՞վ է օգտակար մեր նվիրման ու մկրտության մասին հիշելը։
• Ի՞նչը կօգնի մեզ ծառայել Եհովային ամուր սրտով։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Քրիստոնեական ծառայությունը մեր գլխավոր գործը դարձնելով՝ կկարողանանք ամուր սրտով ծառայել Եհովային
[նկար 18–րդ էջի վրա]
Պահպանո՞ւմ ես արդյոք հոգևոր առողջությունդ՝ Աստծո Խոսքը ամեն օր կարդալով