Սողոսը հանդիպում է երբեմնի ընկերներին ու նախկին թշնամիներին
ՍՈՂՈՍԸ, որ հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ, ամենայն հավանականությամբ, Երուսաղեմ ուղևորվեց որոշակի մտավախություններով։a Քրիստոնյա դառնալուց հետո նա առաջին անգամ վերադարձավ այդ քաղաքը, որտեղից հեռացել էր երեք տարի առաջ։ Այն ժամանակ նա, Հիսուսի «աշակերտների հանդեպ սպառնալիք և մահ շնչելով», գնացել էր Դամասկոս՝ լիազորված լինելով ձերբակալելու ցանկացած քրիստոնյայի, որին կհանդիպեր այնտեղ (Գործեր 9։1, 2; Գաղատացիներ 1։18)։
Քրիստոնյա դառնալուն պես Սողոսը սկսեց համարձակորեն դրսևորել հարություն առած Մեսիայի վերաբերյալ իր հավատը։ Արդյունքում՝ Դամասկոսի հրեաները ցանկացան սպանել նրան (Գործեր 9։19–25)։ Հասկանալի է, որ նա չէր կարող ջերմ ընդունելություն ակնկալել Երուսաղեմում ապրող նախկին ընկերներից։ Սակայն Սողոսին ավելի շատ անհանգստացնում էր, թե ինչպես էր ինքը կապ հաստատելու Քրիստոսի աշակերտների հետ։ Դա հեշտ չէր լինելու։
«Երբ նա Երուսաղեմ եկավ, ջանքեր գործադրեց միանալ աշակերտներին, սակայն նրանք բոլորը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե նա աշակերտ է» (Գործեր 9։26)։ Նրանց կարելի էր հասկանալ։ Վերջին բանը, որ աշակերտները լսել էին Սողոսի մասին, այն էր, որ նա անողորմ հալածիչ էր։ Այն, որ նա ընդունել էր քրիստոնեությունը, կարող էր դիտվել որպես խորամանկ քայլ՝ ժողով ներթափանցելու նպատակով։ Ուստի Երուսաղեմի քրիստոնյաները ցանկանում էին հեռու մնալ Սողոսից։
Այնուամենայնիվ, նրանցից մեկն օգնեց Սողոսին։ Դա Բառնաբասն էր։ Աստվածաշնչում նշվում է, որ նա նախկին հալածողին «տարավ առաքյալների»՝ ակներևաբար Պետրոսի (Կեփասի) և Հակոբոսի՝ Տիրոջ եղբոր մոտ՝ հայտնելով նրանց Սողոսի՝ քրիստոնյա դառնալու և Դամասկոսում քարոզելու մասին (Գործեր 9։27; Գաղատացիներ 1։18, 19)։ Թե ինչպես Բառնաբասը սկսեց վստահել Սողոսին, մնում է անհայտ։ Արդյո՞ք նրանք իրար ծանոթ են եղել, ինչի շնորհիվ Բառնաբասը կարող էր հարցուփորձ անել նրան, իսկ հետո վստահեցնել մյուսներին նրա անկեղծության մեջ։ Կամ գուցե Բառնաբասը ծանո՞թ էր դամասկոսցի քրիստոնյաներին և գիտեր Սողոսի դարձի գալու մասին։ Այսպես թե այնպես, նա ցրեց Սողոսի մասին կասկածները։ Այնուհետև վերջինս 15 օր մնաց Պետրոս առաքյալի մոտ։
Տասնհինգ օր Պետրոսի հետ
Սողոսն իր հանձնարարությունը ստացել էր անմիջապես Հիսուսից. նա կարիք չուներ որևէ մեկից լիազորություն ստանալու, ինչպես որ այդ մասին նշեց գաղատացիներին ուղղված նամակում (Գաղատացիներ 1։11, 12)։ Այնուամենայնիվ, Սողոսը շատ լավ գիտակցում էր, որ խիստ կարևոր է մանրակրկիտ տեղեկություններ ձեռք բերել Հիսուսի ծառայության մասին, և Պետրոսի հետ անցկացրած ժամանակը հիանալի հնարավորություն էր ընձեռում դրա համար (Ղուկաս 24։12; 1 Կորնթացիներ 15։3–8)։ Ըստ ամենայնի, Սողոսը շատ հարցեր ուներ տալու Պետրոսին և Հակոբոսին, իսկ վերջիններս էլ հարցեր ունեին Սողոսի տեսած տեսիլքի և հանձնարարության վերաբերյալ։
Փրկվում է նախկին ընկերների ձեռքից
Ստեփանոսը համարվում է առաջին քրիստոնյա նահատակը։ Նա վիճաբանել էր «Ազատագրվածների ժողովարանից մի քանիսի, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի, Կիլիկիայի ու Ասիայի բնակիչներից» ոմանց հետ։ Այժմ Սողոսն էր «վիճաբանում հունախոս հրեաների» հետ՝ համարձակորեն վկայություն տալով նրանց։ Ինչպե՞ս արձագանքեցին վերջիններս։ Նրանք ցանկացան սպանել Սողոսին (Գործեր 6։9; 9։28, 29)։
Բնական է, որ Սողոսը ուզում էր պատմել, թե ինչ արմատական փոփոխություն է կատարվել իր կյանքում, և ուզում էր բացել նրանց աչքերը Մեսիայի վերաբերյալ։ Սակայն այդ հունախոս հրեաները թշնամաբար արձագանքեցին Սողոսին, որին արդեն համարում էին դավաճան։
Արդյոք Սողոսը պատկերացնո՞ւմ էր, թե ինչ վտանգ էր սպառնում իրեն։ «Գործեր» գրքում կարդում ենք, որ երբ նա աղոթում էր տաճարում, հափշտակության մեջ ընկավ և տեսավ Հիսուսին, որն ասաց. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս եկ Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի իմ մասին քո տված վկայությունը»։ Սողոսը պատասխանեց. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում ու ժողովարաններում ծեծում էի, և երբ թափվում էր քո վկա Ստեփանոսի արյունը, ես ինքս էլ էի այնտեղ կանգնած և հավանություն էի տալիս» (Գործեր 22։17–20)։
Որոշ մասնագետների կարծիքով՝ Սողոսի այս խոսքերից երևում է, որ նա գիտակցում էր, որ իրեն վտանգ է սպառնում։ Մյուսներն էլ այն կարծիքին են, թե նա ուզում էր ասել. «Ես նրանց պես հալածիչ եմ եղել, և նրանք գիտեն այդ մասին։ Անշուշտ, իմ դարձի գալու փաստը կարող է նրանցից ոմանց մղել ընդունելու ճշմարտությունը»։ Բայց Հիսուսը գիտեր, որ այդ հրեաները չէին լսի «հավատուրացին»։ Նա Սողոսին ասաց. «Գնա՛, որովհետև ես քեզ հեռու, ազգերի մոտ պիտի ուղարկեմ» (Գործեր 22։21, 22)։
Երբ հավատակիցներն իմացան Սողոսին սպառնացող վտանգի մասին, իսկույն նրան իջեցրին Կեսարիա քաղաք–նավահանգիստ, որտեղից նրան ճանապարհ դրեցին դեպի Տարսոն՝ նրա հայրենի քաղաքը, որը 500 կիլոմետր հեռու էր (Գործեր 9։30)։ Միայն մի քանի տարի անց Սողոսը վերադարձավ Երուսաղեմ։
Սողոսի անհապաղ մեկնումը պաշտպանություն էր քրիստոնեական ժողովի համար։ Նախկին հալածիչի ներկայությունը վտանգի տակ էր դնում մյուս քրիստոնյաներին։ Սողոսի հեռանալուց հետո «ժողովի համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան, և նա կերտվում էր. և Եհովայի վախի ու սուրբ ոգու մխիթարության մեջ քայլելով՝ շարունակում էր աճել» (Գործեր 9։31)։
Լինենք շրջահայաց
Ինչպես որ առաջին դարում էր, այնպես էլ այսօր լինում են իրավիճակներ, երբ տեղին է զգուշություն դրսևորել։ Իհարկե, կարիք չկա անհարկի կասկածել օտարներին։ Սակայն երբեմն անբարեխիղճ մարդիկ փորձում են օգտագործել Եհովայի ծառաներին՝ իրենց անձնական շահի կամ ժողովին վնասելու համար։ Ուստի մենք ցանկանում ենք շրջահայաց լինել և չընկնել խաբեբա անհատների ծուղակը (Առակաց 3։27; 2 Տիմոթեոս 3։13)։
Մենք նաև դաս ենք քաղում այն բանից, թե ինչպես Սողոսը վերաբերվեց Երուսաղեմում քարոզելուն։ Որոշ թաղամասերում կամ որոշ անհատների, այդ թվում նաև նախկին ընկերներին վկայություն տալը կարող է վտանգավոր լինել ֆիզիկական, հոգևոր և նույնիսկ բարոյական առումով։ Ուստի հարկավոր է զգուշություն ցուցաբերել, թե երբ և որտեղ ենք քարոզում (Առակաց 22։3; Մատթեոս 10։16)։
Կարող ենք վստահ լինել, որ Թագավորության բարի լուրը կքարոզվի, նախքան այս չար համակարգը իր վախճանին կհասնի։ Ի՜նչ լավ օրինակ է թողել Սողոսը՝ «համարձակ խոսելով Տիրոջ անունով» նույնիսկ իր երբեմնի ընկերների ու նախկին թշնամիների հետ (Գործեր 9։28)։
[ծանոթագրություն]
a Սողոս անունով անձնավորությունն այսօր ավելի շատ հայտնի է Պողոս առաքյալ անունով։ Սակայն այս հոդվածում մեջբերված սուրբգրային համարներից մեծ մասում նշվում է նրա հրեական անունը՝ Սողոս (Գործեր 13։9)։
[նկար 16–րդ էջի վրա]
Երուսաղեմ գալով՝ Սողոսը համարձակորեն վկայություն տվեց հունախոս հրեաներին