Օրենքը եղավ մեր դաստիարակը
ԵՐԵԽԱՆԵՐԻՑ քանի՞սն են հասկանում կարգուկանոնի կարևորությունը։ Ոչ բոլորը։ Նրանց համար սահմանափակումները հոգնեցնող են։ Սակայն նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն օգնելու երեխաներին, գիտեն, որ ճիշտ վերահսկողությունը շատ անհրաժեշտ է։ Տարիների ընթացքում պատանիների մեծամասնությունը հավանաբար կսկսի գնահատել իր ստացած առաջնորդության արժեքը։ Պողոս առաքյալը խոսեց մի մարդու մասին, որը պաշտպանում էր երեխաներին։ Այդ մարդու օրինակով նա ցանկանում էր ցույց տալ, թե Եհովա Աստված ինչ քայլեր էր ձեռնարկել իր ժողովրդին առաջնորդելու համար։
Գաղատիայի հռոմեական պրովինցիայում ապրող առաջին դարի որոշ քրիստոնյաներ պնդում էին, թե Աստված հավանում էր միայն նրանց, ովքեր հնազանդվում էին Մովսեսի միջոցով իսրայելացիներին տրված Օրենքին։ Պողոս առաքյալը գիտեր, որ դա ճիշտ չէր, քանի որ Աստված սուրբ ոգին տվել էր որոշ մարդկանց, ովքեր երբևէ չէին պահել հրեաների օրենքը (Գործեր 15։12)։ Ուստի Պողոսը մի օրինակի միջոցով ուղղեց այդ սխալ գաղափարը։ Գաղատացի քրիստոնյաներին ուղղած իր նամակում նա գրեց. «Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը» (Գաղատացիներ 3։24)։ Մի գիտնական ասել է, որ դաստիարակներ եղել են դեռ «հնուց և կարևոր» դեր են ունեցել։ Դա օգնում է մեզ հասկանալ Պողոս առաքյալի խոսքերի իմաստը։
Դաստիարակը և նրա պատասխանատվությունները
Հունական, հռոմեական և հավանաբար նույնիսկ հրեական հարուստ ընտանիքներում ընդունված էր դաստիարակներ ունենալը, որոնք վերահսկում էին երեխաներին վաղ մանկությունից մինչև սեռական հասունություն։ Դաստիարակը սովորաբար լինում էր մի վստահելի ծառա՝ հաճախ մեծահասակ, որը հետևում էր, որ երեխան պաշտպանված լինի, և հոր ցանկությունները կապված երեխայի հետ կատարվեն։ Դաստիարակն ամբողջ օրվա ընթացքում ուղեկցում էր երեխային, ուր որ նա գնար, հետևում էր նրա ֆիզիկական մաքրությանը, տանում էր դպրոց, հաճախ ինքն էր պահում նրա գրքերն ու մյուս իրերը և հետևում էր երեխային դասերի ընթացքում։
Դաստիարակը սովորաբար դպրոցի ուսուցիչ չէր լինում։ Դասեր տալու փոխարեն՝ նա պարզապես կատարում էր հոր հրահանգները որպես երեխայի խնամակալ։ Սակայն նա անուղղակի կերպով կրթում էր երեխային՝ հսկելով և դաստիարակելով նրան։ Դա նշանակում էր սովորեցնել վարքի որոշակի գծեր, հանդիմանել և նույնիսկ ֆիզիկական պատիժ սահմանել սխալ վարքի համար։ Ինչ խոսք, երեխայի առաջին ուսուցիչները նախևառաջ նրա մայրն ու հայրն էին։ Այդուհանդերձ, մինչ տղան մեծանում էր, դաստիարակը սովորեցնում էր նրան, որ փողոցում քայլելիս պետք է իրանը ուղիղ պահի, թիկնոց հագնի, պատշաճ դիրքով նստի և ուտի, ոտքի կանգնի, երբ տարիքով մեծ անձնավորություն էր ներս մտնում, սիրի իր ծնողներին և այլն։
Հույն փիլիսոփա Պլատոնը (մ.թ.ա. 428–348 թթ.) միանգամայն համամիտ էր, որ երեխաների բուռն ցանկությունները հարկավոր է զսպել։ «Ինչպես որ ոչխարը կամ որոճող այլ կենդանի չի կարող ապրել առանց հովվի, այնպես էլ երեխաները չեն կարող ապրել առանց դաստիարակի, իսկ ստրուկները՝ առանց տիրոջ»,— գրում է նա։ Գուցե թվա, թե սա ծայրահեղ տեսակետ է, սակայն Պլատոնն այդպես էր մտածում։
Քանի որ դաստիարակները միշտ երեխաների կողքին էին լինում, նրանք ձեռք էին բերել ճնշող պահակների, դաժան դաստիարակների և այնպիսի մարդկանց հեղինակություն, որոնք դատարկ, ձանձրացնող ու անօգուտ մեղադրանքների անվերջ աղբյուր էին։ Չնայած այս ամենին՝ դաստիարակը պաշտպանում էր երեխային թե՛ բարոյական և թե՛ ֆիզիկական առումով։ Մ.թ. երկրորդ դարի հույն պատմիչ Ապիանոսը մի պատմություն է գրել մի դաստիարակի մասին, որը դպրոց գնալու ճանապարհին իր թևերի մեջ էր առել երեխային՝ նրան հավանական մարդասպաններից պաշտպանելու համար։ Երբ նա հրաժարվել էր երեխային բաց թողնելուց, թե՛ նրան, թե՛ երեխային սպանել էին։
Հելլենիստական աշխարհում տարածված էր անբարոյությունը։ Երեխաներին, հատկապես տղաներին հարկավոր էր պաշտպանել մանկապղծությունից։ Ուստի դաստիարակները պետք է ներկա լինեին դասերին, քանի որ ուսուցիչներից շատերին չէր կարելի վստահել։ Մ.թ. չորրորդ դարի հույն ճարտասան Լիբանիոսը նույնիսկ նշել է, որ դաստիարակները պետք է «զարգացող պատանիների համար պահակների» պես լինեին, որպեսզի «թույլ չտային ոչ ցանկալի ընկերներին դիպչել տղաներին, մի կողմ հրեին այդպիսի մարդկանց և արգելեին մոտիկից շփվել ու հաղորդակցվել նրանց հետ»։ Շատ դաստիարակներ արժանացել են նրանց հարգանքին, ում պաշտպանել են։ Հուշաքարերը հաստատում են, որ չափահաս դառնալուց հետո շատերը երախտապարտ են եղել իրենց սիրելի դաստիարակներին նույնիսկ նրանց մահից հետո։
Օրենքը որպես դաստիարակ
Ինչո՞ւ Պողոս առաքյալը Մովսիսական օրենքը համեմատեց դաստիարակի հետ։ Ինչո՞ւ է այս օրինակը տեղին։
Նախևառաջ Օրենքը պաշտպանիչ դեր էր կատարում։ Պողոսը բացատրեց, որ հրեաները «օրենքի հսկողության տակ» էին։ Նրանք ասես դաստիարակի պաշտպանիչ հսկողության տակ լինեին (Գաղատացիներ 3։23)։ Օրենքը ազդեցություն էր գործում նրանց կյանքի բոլոր բնագավառներում։ Այն հսկողության տակ էր պահում նրանց կրքերն ու մարմնավոր ցանկությունները։ Այն վերահսկում էր իսրայելացիների ապրելակերպը ու շարունակաբար հանդիմանում էր նրանց թերությունների համար և յուրաքանչյուր իսրայելացու ցույց էր տալիս նրա անկատարությունը։
Օրենքը նաև պաշտպանում էր Իսրայելին ապականիչ ազդեցություններից, օրինակ՝ շրջակա ազգերի այլասերվածությունից և կրոնական պիղծ սովորություններից։ Այն, որ Աստված արգելում էր հեթանոսների հետ ամուսնությունը, կարևոր էր այն բանի համար, որ ամբողջ ազգը հոգևորապես լավ վիճակում լիներ (Բ Օրինաց 7։3, 4)։ Այդ օրենքները պահպանում էին Աստծու ժողովրդի հոգևոր մաքրությունը և պատրաստում էին նրան, որ կարողանար ճանաչել Մեսիային։ Այդ օգուտներն իրականում սիրո դրսևորում էին։ Մովսեսը ասաց իր հայրենակիցներին. «Ինչպէս մի մարդ կ’խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում» (Բ Օրինաց 8։5)։
Սակայն Պողոս առաքյալի բերած օրինակում կարևորն այն էր, որ դաստիարակի իշխանությունը ժամանակավոր էր։ Երբ երեխան դառնում էր չափահաս, նա այլևս չէր գտնվում դաստիարակի հսկողության տակ։ Հույն պատմիչ Քսենոփոնը (մ.թ.ա. 431–352 թթ.) գրել է. «Երբ տղան դուրս է գալիս պատանեկան տարիքից և դառնում է չափահաս, նրան ազատում են իր [դաստիարակից] և [ուսուցչից]. նա այլևս նրանց հսկողության տակ չէ և կարող է գնալ իր ուզած ճանապարհով»։
Նույնն էր պարագան Մովսիսական օրենքի իշխանության դեպքում։ Այն գործում էր ժամանակավորապես՝ «հանցանքները հայտնի դարձնելու համար, մինչև որ գար սերունդը [Հիսուս Քրիստոսը]»։ Պողոս առաքյալը բացատրեց, որ հրեաների համար Օրենքը «դաստիարակ եղավ՝ առաջնորդելով նրանց դեպի Քրիստոսը»։ Աստծու բարեհաճությունը ստանալու համար Պողոսի ժամանակներում ապրող հրեաները պետք է հասկանային Աստծու նպատակների մեջ Հիսուսի ունեցած դերը։ Հրեաներից ոմանք հասկացան դա և այլևս դաստիարակի կարիք չունեին (Գաղատացիներ 3։19, 24, 25)։
Իսրայելացիներին տրված Աստծու Օրենքը կատարյալ էր։ Այն հասավ Աստծու կողմից հաստատված նպատակներին՝ պաշտպանել իր ժողովրդին և հայտնի դարձնել նրան իր բարձր չափանիշները (Հռոմեացիներ 7։7–14)։ Օրենքը լավ դաստիարակ էր։ Սակայն ոմանց համար, ովքեր գտնվում էին Օրենքի պաշտպանության ներքո, դրա պահանջները հնարավոր է ծանրաբեռնող են եղել։ Ուստի Պողոսը կարող էր գրել, որ երբ Աստծու նշանակած ժամանակը եկավ, «Քրիստոսը փրկագնով ազատեց մեզ Օրենքի անեծքից»։ Օրենքը «անեծք» էր միայն այն իմաստով, որ անկատար հրեաները պետք է հնազանդվեին այնպիսի չափանիշների, որոնց ի վիճակի չէին ամբողջությամբ համապատասխանելու։ Այն պահանջում էր բծախնդրորեն պահել ծեսերը։ Երբ որևէ հրեա ընդունում էր Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով տրված փրկանքը, որը գերազանցում էր Օրենքին, այլևս կարիք չկար հետևելու դաստիարակի հրահանգներին (Գաղատացիներ 3։13; 4։9, 10)։
Հետևաբար այն, որ Պողոսը Մովսիսական օրենքը նմանեցրեց դաստիարակի, շեշտում է, որ այն պետք է ժամանակավորապես առաջնորդեր հրեաներին։ Եհովայի հավանությանն արժանանալու համար պետք է ոչ թե հնազանդվել այդ Օրենքին, այլ ճանաչել Հիսուսին և հավատ դրսևորել նրա հանդեպ (Գաղատացիներ 2։16; 3։11)։
[Շրջանակ/նկար 21–րդ էջի վրա]
«ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԸ» ԵՎ «ՏՆՏԵՍՆԵՐԸ»
Դաստիարակի մասին խոսելուց բացի՝ Պողոս առաքյալը նաև օգտագործեց «խնամակալների» և «տնտեսների» մասին օրինակը։ Գաղատացիներ 4։1, 2 համարներում կարդում ենք. «Թեև ժառանգը ամեն ինչի տերն է, նա ընդհանրապես չի տարբերվում ծառայից, քանի դեռ մանուկ է, բայց խնամակալների և տնտեսների հսկողության տակ է մնում, մինչև որ գա հոր կողմից նախապես նշանակված օրը»։ «Խնամակալների» և «տնտեսների» պարտականությունները տարբերվում էին դաստիարակի պարտականություններից, սակայն Պողոսը հիմնականում միևնույն բանն էր ուզում նշել։
Հռոմեական օրենքով՝ «խնամակալը» օրինականորեն նշանակվում էր որպես անչափահաս որբ երեխայի խնամատար, որը նաև պետք է վերահսկեր երեխայի ֆինանսական միջոցները, մինչև որ նա դառնար չափահաս։ Ուստի Պողոսը նշում է, որ թեև այդպիսի երեխան իրականում իր ժառանգության «տերն» էր համարվում, սակայն քանի դեռ երեխա էր, նման էր ծառայի, որը իրավունքներ չուներ ժառանգության վրա։
Իսկ «տնտեսը» պատասխանատու էր երեխայի ֆինանսական միջոցները վերահսկելու համար։ Հրեա պատմագիր Փլավիոս Հովսեպոսը նշում է, որ Հիրկանոս անունով մի երիտասարդ իր հորից նամակ էր խնդրել, ըստ որի՝ իր տնտեսը փող պիտի տար, որ ինքը գներ այն ամենը, ինչի կարիքը ուներ։
Հետևաբար, ինչպես դաստիարակի հսկողության տակ լինելու պարագայում էր, «խնամակալի» կամ «տնտեսի» հսկողության տակ լինելը երեխայի համար նշանակում էր սահմանափակ ազատություն ունենալ, քանի դեռ նա անչափահաս էր։ Երեխայի կյանքը վերահսկում էին ուրիշները, մինչև հոր նշանակած ժամանակը գար։
[նկար 19–րդ էջի վրա]
Հին հունական ծաղկաման, որի վրա պատկերված է դաստիարակը իր ձեռնափայտով
[թույլտվությամբ]
National Archaeological Museum, Athens
[նկար 19–րդ էջի վրա]
Մ.թ.ա. հինգերորդ դարի գավաթ, որի վրա նկարված է դաստիարակ (ձեռնափայտով), որը նայում է, թե ինչպես է իրեն վստահված պատանին պոեզիայի և երաժշտության դասեր անցնում
[թույլտվությամբ]
Bildarchiv Preussischer Kulturbesitz/Art Resource, NY