«Բարեկամի տուած վէրքերը»
Պողոս առաքյալը հարկ համարեց առաջին դարի գաղատացի քրիստոնյաներին որոշ խորհուրդներ տալ։ Հավանաբար, ինչ–ինչ դժգոհություններ կանխելու նպատակով նա հարցրել էր. «Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս» (Գաղատացիս 4։16, ԱԹ)։
‘Ճշմարիտը խոսելով’՝ Պողոսը չէր դարձել նրանց թշնամին։ Նա, ըստ էության, հետևյալ աստվածաշնչյան սկզբունքի համաձայն էր գործում. «Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը» (Առակաց 27։6)։ Պողոսը գիտեր, որ իր խորհուրդները կարող էին սխալ գործողների արժանապատվությունը վիրավորել, բայց նաև գիտակցում էր, որ մեղավորին անհրաժեշտ հանդիմանություն չտալը հավասար կլիներ Եհովա Աստծո սիրո դրսևորումից նրան զրկելուն (Եբրայեցիս 12։5–7)։ Ուստի, որպես հավատարիմ ընկեր, որը սրտանց հետաքրքրված է ժողովների ապագայով՝ Պողոսը չխուսափեց խորհուրդ տալուց։
Այսօր Եհովայի վկաները կատարում են բոլոր ազգերից աշակերտներ պատրաստելու իրենց հանձնարարությունը՝ ‘ուսուցանելով նրանց պահել այն բոլորը, ինչ որ պատվիրել է’ Հիսուս Քրիստոսը։ Այս գործը կատարելով՝ ճշմարիտ քրիստոնյաները չեն «մեղմացնում» աստվածաշնչյան ճշմարտությունները. ճշմարտություններ, որոնք մերկացնում և դատապարտում են դավանաբանական սխալներն ու ոչ քրիստոնեական վարքը (Մատթէոս 15։9; 23։9; 28։19, 20; Ա Կորնթացիս 6։9, 10)։ Այդ ամենը անելով՝ նրանք դառնում են ոչ թե թշնամիներ, որոնց հարկավոր է մերժել, այլ իսկական բարեկամներ, որոնք անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում մարդկանց հանդեպ։
Աստծուց ստացած խորաթափանցությամբ՝ սաղմոսերգուն գրել է. «Արդարը թող խրատէ («զարնէ», տող. ծան.) ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ» (Սաղմոս 141։5)։