Մի՛ ձանձրացեք բարին գործելուց
«Չը ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիս 6:9, ԱԹ):
1, 2. ա) Ինչո՞ւ է Աստծուն ծառայելու համար համբերություն անհրաժեշտ։ բ) Ինչպե՞ս Աբրահամը տոկունություն դրսևորեց, և ի՞նչն օգնեց նրան դրանում։
ՈՐՊԵՍ Եհովայի վկաներ՝ մենք հաճույք ենք ստանում Աստծո կամքը կատարելուց։ Նաև, աշակերտության «լուծը» մեզ վրա վերցնելով, հոգեկան հանգստություն ենք գտնում (Մատթէոս 11։29, ՆԿ–ի ՆԱԹ)։ Այնուամենայնիվ, Քրիստոսի հետ միասին Եհովային ծառայելը միշտ չէ, որ հեշտ է։ Պողոս առաքյալը հավատակիցներին հորդոր տալիս բացատրեց. «Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիս 10։36)։ Համբերություն ունենալու անհրաժեշտությունը ծագում է այն բանից, որ Աստծուն ծառայելը կարող է դժվար լինել։
2 Անտարակույս, այդ մասին է վկայում Աբրահամի ապրած կյանքը։ Բազմիցս նա հայտնվել էր լարված իրավիճակներում, կանգնել դժվարին ընտրություն կատարելու առջև։ Աստծո պատվերով Ուրի հարմարավետ կյանքը թողնելն ընդամենը սկիզբն էր իր փորձությունների։ Դրանից կարճ ժամանակ անց նա տեսավ սով, թշնամություն հարևանների կողմից, կնոջը համարյա թե կորցնելու վտանգի առաջ կանգնեց, տեսավ հակասություններ որոշ բարեկամների կողմից, պատերազմի դաժանությունը։ Իսկ առջևում ավելի մեծ փորձություններ էին սպասվում։ Բայց Աբրահամը երբեք ‘չձանձրացավ բարին գործելուց’։ Այս հանգամանքն ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում այն, որ նա, ի տարբերություն մեզ, չուներ Աստծո ավարտուն Խոսքը։ Այդուհանդերձ նա, անկասկած, գիտեր առաջին մարգարեության մասին, որտեղ Աստված հայտարարել էր. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը» (Ծննդոց 3։15)։ Միանգամայն տրամաբանական է, որ Աբրահամը՝ որպես մեկը, որի միջոցով գալու էր Սերունդը, դառնար Սատանայի թշնամության թիրախ։ Ըմբռնելով այս իրողությունը՝ Աբրահամը, անշուշտ, կարողացավ ուրախությամբ տոկալ իր փորձությունները։
3. ա) Ինչո՞ւ պիտի Եհովայի ժողովուրդն այսօր փորձություններ ակնկալի։ բ) Ի՞նչ քաջալերանք է տրվում Գաղատացիս 6։9–ում։
3 Եհովայի ժողովուրդն այսօր նույնպես պետք է փորձություններ ակնկալի (Ա Պետրոս 1։6, 7)։ Վերջիվերջո, Յայտնութիւն 12։17–ը նախազգուշացնում է մեզ, որ Սատանան ‘պատերազմում’ է օծյալ մնացորդի դեմ։ «Այլ ոչխարները», սերտորեն համագործակցելով օծյալների հետ, նույնպես հանդիսանում են Սատանայի ցասման թիրախ (Յովհաննէս 10։16)։ Բացի նրանից, որ քրիստոնյաները գուցե իրենց հանրային ծառայության մեջ հակառակության են հանդիպում, հնարավոր է նաև, որ նրանց անձնական կյանքում էլ ծանր խնդիրներ լինեն։ Պողոսը կոչ է անում մեզ. «Չը ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիս 6։9, ԱԹ)։ Այո՛, թեև Սատանան մտադիր է կործանել մեր հավատը, մենք պետք է դիմադրենք նրան՝ հաստատուն մնալով հավատի մեջ (Ա Պետրոս 5։8, 9)։ Ինչի՞ կբերի մեր հավատարիմ ընթացքը։ Յակոբոս 1։2, 3–ում բացատրվում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի համարեցէ՛ք, երբ տեսակ–տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում»։
Ճակատային հարձակում
4. Ինչպե՞ս է Սատանան փորձել ճակատային հարձակումների միջոցով կոտրել Աստծո ժողովրդի ուղղամտությունը։
4 Աբրահամի կյանքը, անշուշտ, լուսաբանում է այն «տեսակ–տեսակ փորձությունները», որոնց այսօր կարող է հանդիպել քրիստոնյան։ Օրինակ՝ նա ստիպված էր պատասխան տալ Սենաարից եկած զավթիչների հարձակմանը (Ծննդոց 14։11–16)։ Զարմանալի չէ, որ Սատանան շարունակում է ճակատային հարձակումներ կատարել հալածանքի ձևով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած՝ բազմաթիվ երկրներ պաշտոնապես արգելել են Եհովայի վկաների քրիստոնեական կրթական գործունեությունը։ «Եհովայի վկաների 2001 թ. տարեգրքի» էջերում պատմվում է այն մասին, թե թշնամիները ինչ բռնություններ են գործադրել քրիստոնյաների նկատմամբ Անգոլայում։ Ապավինելով Եհովային՝ նման երկրներում ապրող մեր եղբայրները աննկուն են մնացել և տեղի չեն տվել։ Այդ ամենին նրանք պատասխանել են ոչ թե բռնությամբ կամ խռովությամբ, այլ շրջահայեցորեն շարունակելով քարոզչական գործը (Մատթէոս 24։14)։
5. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա երիտասարդները հալածանքի զոհ դառնալ դպրոցում։
5 Բայցևայնպես, անպայման չէ, որ հալածանքներն ուղեկցվեն բռնությամբ։ Աբրահամն ի վերջո օրհնվեց երկու զավակով՝ Իսմայելով և Իսահակով։ Ծննդոց 21։8–12-ում պատմվում է, որ մի անգամ Իսմայելը ‘ծաղր արեց’ (Արևմտ. Աստ.) Իսահակին։ Գաղատացիներին գրած նամակում Պողոսը ցույց է տալիս, որ այդ արարքն ավելի լուրջ էր, քան երեխայական խաղը, քանի որ, ինչպես նա է ասում, Իսմայելը հալածում էր Իսահակին (Գաղատացիս 4։29)։ Ուստի համադասարանցիների ծաղր ու ծանակը, հակառակվողների խոսքերը կարելի է իրավացիորեն հալածանք համարել։ Երիտասարդ քրիստոնյա Ռայանը հիշում է, թե ինչ տառապանքներ են պատճառել իրեն համադասարանցիները. «Այն 15 րոպեները, որի ընթացքում ավտոբուսը տնից դպրոց և դպրոցից տուն էր հասնում, ինձ թվում էին ոչ թե րոպեներ, այլ՝ ժամեր, որովհետև այդ ընթացքում նրանք ինձ անպատվում էին, կրակվառիչով շիկացնում էին գրասենյակային ամրակները և դաղում ինձ»։ Ո՞րն էր այս դաժան վերաբերմունքի պատճառը։ «Քանի որ աստվածապետական դաստիարակություն էի ստացել, ես տարբերվում էի մյուս դպրոցականներից»։ Չնայած դրան՝ Ռայանը, պահելով իր հավատարմությունը, ծնողների օգնությամբ կարողացավ դիմանալ։ Երիտասարդնե՛ր, վհատեցնո՞ւմ է ձեզ հասակակիցների ծաղր ու ծանակը։ Ինչևիցե, անձնատուր մի՛ եղեք։ Հավատարմորեն տոկալով՝ դուք ձեզ վրա կզգաք Հիսուսի խոսքերի իրականացումը. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն» (Մատթէոս 5։11)։
Ամենօրյա անհանգստություններ
6. Ի՞նչը կարող է այսօր լարվածություն առաջացնել քրիստոնյաների միջև։
6 Ներկայիս մեր փորձությունների մեծ մասը սովորական ամենօրյա անհանգստություններն են։ Աբրահամն ինքը ստիպված էր զբաղվել իր հովիվների և իր ազգական Ղովտի հովիվների միջև առաջացած տարաձայնություններով (Ծննդոց 13։5–7)։ Նմանապես այսօր խառնվածքների տարբերությունը, աննշան նախանձի զգացումը կարող են լարվածություն առաջացնել մարդկանց միջև և նույնիսկ վտանգել ժողովի խաղաղությունը։ «Ուր հակառակութիւն [«հակառակասիրութիւն», ՆԿ–ի ՆԱԹ] եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան» (Յակոբոս 3։16)։ Որքա՜ն կարևոր է մեզ համար տեղի չտալ, այլ Աբրահամի պես խաղաղությունը գերադասել հպարտությունից, և փնտրել ուրիշների շահը (Ա Կորնթացիս 13։5; Յակոբոս 3։17)։
7. ա) Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, եթե իրեն վիրավորել է հավատակիցը։ բ) Ի՞նչ հիանալի օրինակ է մեզ թողել Աբրահամը այն բանում, թե ինչպես լավ հարաբերություններ պահպանել մյուսների հետ։
7 Խաղաղություն պահպանելը կարող է դժվար լինել, երբ զգում ենք, որ հավատակիցը մեզ հետ անարդարացիորեն է վարվել։ Առակաց 12։18–ում (Արևմտ. Աստ.) ասվում է. «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն»։ Անմիտ խոսքերը, նույնիսկ եթե ասվում են առանց որևէ վատ դիտավորության, կարող են խոր ցավ պատճառել։ Ցավն է՛լ ավելի ուժեղ է լինում, երբ զրպարտվում կամ դաժան բամբասանքի զոհ ենք դառնում (Սաղմոս 6։6, 7)։ Բայց քրիստոնյան չի կարող թույլ տալ, որ վիրավորված զգացմունքները թևաթափ անեն իրեն։ Եթե դուք նման իրավիճակում եք հայտնվել, ապա ինքներդ քայլեր ձեռնարկեք՝ ձեզ վիրավորողի հետ բարյացակամորեն խնդիրը լուծելու (Մատթէոս 5։23, 24; Եփեսացիս 4։26)։ Տրամադրված եղեք ներելու այդ մարդուն (Կողոսացիս 3։13)։ Թույլ չտալով, որ վիրավորվածությունը մեր սրտերում տեղ գրավի՝ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ վերականգնվի, մի կողմից, մեր հոգեկան հավասարակշռությունը, մյուս կողմից՝ լավ հարաբերությունները մեր եղբոր հետ։ Աբրահամը վիրավորվածության ոչ մի զգացում չուներ Ղովտի հանդեպ։ Ավելին, նա առանց ժամանակ կորցնելու նետվեց փրկելու Ղովտին ու նրա ընտանիքին (Ծննդոց 14։12–16)։
Երբ ինքներս ենք մեզ վրա փորձություններ բերում
8. ա) Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները ‘իրենք իրենց գցել բազում ցավերի մեջ’։ բ) Ինչո՞ւ էր կարող Աբրահամը հավասարակշռված տեսակետ ունենալ նյութականի հանդեպ։
8 Պետք է ընդունել, որ որոշ փորձությունների պատճառը մենք ինքներս ենք լինում։ Օրինակ՝ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում» (Մատթէոս 6։19)։ Բայց որոշ եղբայրներ ‘իրենք իրենց գցում են բազում ցավերի մեջ’՝ նյութականն ավելի բարձր դասելով Թագավորության շահերից (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Աբրահամն Աստծուն հաճեցնելու համար պատրաստ էր զոհել իր նյութական բարեկեցությունը։ «Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է» (Եբրայեցիս 11։9, 10)։ Ապագա «քաղաքին»՝ Աստծո կառավարությանը հավատ ընծայելը օգնեց Աբրահամին իր հույսը հարստության վրա չդնել։ Իմաստուն չե՞նք լինի, եթե մենք էլ նույն ձևով վարվենք։
9, 10. ա) Ինչպե՞ս կարող է լինել, որ աչքի ընկնելու ցանկություն ունեցողներն իրենք իրենց փորձության մեջ գցեն։ բ) Ինչպե՞ս կարող է այսօր եղբայրը իրեն պահել որպես «փոքրագոյն»։
9 Քննարկենք հարցի մեկ ուրիշ երեսակ։ Աստվածաշնչում հետևյալ բավական ազդու միտքն է արտահայտվում. «Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիս 6։3)։ Նաև մեզ հորդոր է տրվում չանել «որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ» (Փիլիպպեցիս 2։3)։ Չհետևելով այս խորհրդին՝ ոմանք իրենք իրենց ձեռքով փորձության մեջ են ընկնում։ «Բարի գործերի» ձգտելու փոխարեն՝ նրանք ցանկանում են աչքի ընկնող դիրքի հասնել՝ ստանալ առանձնաշնորհումներ ժողովում, և երբ չեն ստանում, սկսում են հուսահատվել ու դժգոհել (Ա Տիմոթէոս 3։1)։
10 Աբրահամը հիանալի օրինակ թողեց, որ ‘բան չմտածենք նրանից ավելի, քան թե արժան է մտածել’ (Հռովմայեցիս 12։3, ԱԹ)։ Մելքիսեդեկին հանդիպելու ժամանակ Աբրահամն իրեն չպահեց այնպես, կարծես թե ինքն ավելի բարձր դիրքում էր կանգնած նրանից այն պատճառով, որ Աստծո հետ առանձնաշնորհյալ հարաբերության մեջ էր գտնվում։ Ընդհակառակը, նա Մելքիսեդեկին՝ որպես քահանայի, իրենից ավելի բարձր համարեց՝ նրան տասանորդ տալով (Եբրայեցիս 7։4–7)։ Այսօր քրիստոնյաները նման կերպով պետք է պատրաստ լինեն վարվելու ինչպես «փոքրագոյններ» և չպետք է ձգտեն ուշադրության կենտրոնում լինել (Ղուկաս 9։48)։ Եթե ձեզ թվում է, թե ժողովում առաջնորդություն վերցնողները դեռևս ձեզ որոշակի առանձնաշնորհումներ չեն տալիս, ապա ազնվորեն ինքնաքննություն կատարեք, որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող եք դրական փոփոխություններ կատարել ձեր բնավորության մեջ կամ գործելակերպում։ Չստացած առանձնաշնորհումների պատճառով վշտանալու փոխարեն՝ լիովին օգուտներ քաղեցեք այն առանձնաշնորհումից, որը դուք հաստատ ունեք. դա մարդկանց օգնելն է՝ ճանաչելու Եհովային։ Այո՛, «խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի» (Ա Պետրոս 5։6)։
Հավատ՝ անտեսանելի բաների հանդեպ
11, 12. ա) Ինչո՞ւ են ժողովի անդամներից ոմանք, հավանաբար, կորցնում անհետաձգելիության զգացումը։ բ) Ինչպե՞ս է Աբրահամը հիանալի օրինակ թողել՝ իր կյանքը կառուցելով Աստծո խոստումների վրա։
11 Մեկ ուրիշ փորձություն էլ կարող է լինել այն, որ մեզ գուցե թվա, թե իրերի դրության այս չար համակարգի վախճանը ուշանում է։ Համաձայն Բ Պետրոս 3։12–ի՝ քրիստոնյաները պետք է ‘սպասեն և արտորան Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] գալստյան օրվան հասնել’ (ԱԹ)։ Բայց շատերն այդ ‘օրվան’ տարիներ են սպասել, իսկ ոմանք՝ տասնամյակներ։ Հետևանքը կարող է լինել այն, որ ոմանք վհատվեն ու կորցնեն անհետաձգելիության զգացումը։
12 Մեկ անգամ ևս դիմենք Աբրահամի օրինակին։ Նա իր ողջ կյանքը կառուցեց Աստծո խոստումների վրա, և դա նույնիսկ այն դեպքում, երբ ոչ մի հավանականություն չկար, որ իր կյանքի ընթացքում բոլոր այդ խոստումները կիրականանային։ Ճիշտ է, նա բավական երկար ապրեց, որպեսզի տեսներ իր որդու՝ Իսահակի մեծանալը։ Բայց դարեր պիտի անցնեին, մինչև որ Աբրահամի սերունդներին կարելի լիներ համեմատել «երկնքի աստղերի» կամ «ծովեզերքում լինող աւազի» հետ (Ծննդոց 22։17)։ Ինչևէ, Աբրահամը չվշտացավ, ոչ էլ վհատվեց։ Պողոս առաքյալը հետևյալն ասաց Աբրահամի և մյուս նահապետերի մասին. «Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ» (Եբրայեցիս 11։13)։
13. ա) Քրիստոնյաներն այսօր ինչո՞վ են նման «պանդուխտների»։ բ) Ինչո՞ւ է Եհովան բերելու իրերի այս համակարգի վախճանը։
13 Եթե Աբրահամը կարողացավ իր կյանքը կենտրոնացած պահել այնպիսի խոստումների շուրջ, որոնց իրականացումը «հեռու» էր, ապա որքան առավել մենք այսօր պետք է նրա պես վարվենք, երբ դրանց իրականացումն այնքա՜ն մոտ է։ Աբրահամի պես մենք պետք է ինքներս մեզ համարենք «պանդուխտներ» Սատանայի համակարգի մեջ՝ մերժելով թողտվությամբ ներծծված ապրելակերպը։ Բնական է, երբ ցանկանում ենք, որ ‘ամեն ինչի վախճանը’ հիմա լինի և ոչ թե պարզապես մոտ լինի (Ա Պետրոս 4։7)։ Գուցե առողջական լուրջ խնդիրներ ունենք։ Կամ տնտեսական պրոբլեմներն են խիստ ծանրացել մեզ վրա։ Բայցևայնպես պետք է հիշենք, որ Եհովան վախճանը բերելու է ոչ թե զուտ ծանր հանգամանքներից մեզ ազատելու, այլ իր անունը սրբացնելու համար (Եզեկիէլ 36։23; Մատթէոս 6։9, 10)։ Վախճանը գալու է ոչ թե անհրաժեշտաբար մեզ հարմար ժամանակին, այլ այն ժամանակ, երբ այն լավագույնս կծառայի Եհովայի նպատակներին։
14. Ինչպե՞ս է այսօր Աստծո համբերատարությունը օգուտ բերում քրիստոնյաներին։
14 Հիշենք նաև, որ «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։ Նկատի առեք, որ Աստված «համբերատար է ձեր»՝ քրիստոնեական ժողովի անդամների հանդեպ։ Ըստ էության, մեզանից ոմանք ավելի շատ ժամանակի կարիք ունեն, որպեսզի փոփոխություններ կատարեն իրենց մեջ այնպես, որ ի վերջո ‘անբիծ ու անարատ գտնվեն նրա առաջին խաղաղության մեջ’ (Բ Պետրոս 3։14, ԱԹ)։ Չպիտի՞, ուրեմն, երախտապարտ լինենք, որ Աստված նման համբերատարություն է ցույց տալիս։
Չնայած խոչընդոտներին՝ ուրախ ենք
15. Ինչպե՞ս կարողացավ Հիսուսը, ի դեմս փորձությունների, պահպանել իր ուրախությունը, և ինչպե՞ս է նրա օրինակին հետևելն օգնում քրիստոնյաներին այսօր։
15 Աբրահամի ապրած կյանքը շատ բան է սովորեցնում այսօրվա քրիստոնյաներին։ Աբրահամը ոչ միայն հավատ ուներ, այլև համբերություն, խորաթափանցություն, խիզախություն և անշահախնդիր սեր։ Նա իր կյանքում առաջնային տեղ հատկացրեց Եհովայի երկրպագությանը։ Այդուհանդերձ պետք է հիշենք, որ մեզ համար ընդօրինակելու մեծագույն օրինակ է հանդիսանում Հիսուս Քրիստոսը։ Նա նույնպես բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ դիմագրավեց, բայց, ի դեմս նրանց, երբեք չկորցրեց իր ուրախությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ ուներ հույս, և իր միտքը կենտրոնացրել էր այդ հույսի շուրջ (Եբրայեցիս 12։2, 3)։ Ուստի Պողոսն աղոթեց. «Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի» (Հռովմայեցիս 15։5)։ Ճիշտ մտածելակերպ ունենալով՝ մենք կարող ենք ուրախություն գտնել՝ չնայած այն խոչընդոտներին, որոնցով Սատանան ուզում է փակել մեր ճանապարհը։
16. Ի՞նչ կարող ենք անել, երբ մեր պրոբլեմները սկսում են անհաղթահարելի թվալ։
16 Երբ պրոբլեմները սկսում են անհաղթահարելի թվալ, հիշեք, որ ինչպես Աբրահամին էր Եհովան սիրում, այնպես էլ ձեզ է սիրում։ Նա ուզում է, որ դուք հաջողության հասնեք (Փիլիպպեցիս 1։6)։ Ամբողջությամբ ապավինեք Եհովային՝ վստահ լինելով, որ նա «չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։ Սովորություն դարձրեք ամեն օր կարդալ Աստծո Խոսքը (Սաղմոս 1։2)։ Աղոթքում հարատևեցեք՝ Եհովայից տոկալու ուժ խնդրելով (Փիլիպպեցիս 4։6)։ Նա «Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13, ԱԹ)։ Օգուտներ քաղեք այն ամենից, ինչ որ Եհովան տալիս է մեր հոգևոր բարեկեցության համար, ինչպես օրինակ, Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններից։ Նաև աջակցություն խնդրեք եղբայրներից (Ա Պետրոս 2։17)։ Հավատարմորեն հաճախեցեք քրիստոնեական հանդիպումներին, քանզի այնտեղ դուք կքաջալերվեք, ինչը ձեզ անհրաժեշտ է տոկալու համար (Եբրայեցիս 10։24, 25)։ Ուրախացեք՝ համոզված լինելով, որ ձեր տոկունության արդյունքում դուք Աստծո աչքում հավանություն կունենաք և ձեր հավատարմությունը կուրախացնի նրա սիրտը (Առակաց 27։11; Հռովմայեցիս 5։3, [4, ՆԱ], 5)։
17. Ինչո՞ւ քրիստոնյաները հուսահատության մեջ չեն ընկնում։
17 Աստված սիրում էր Աբրահամին ինչպես իր «բարեկամին» (Յակոբոս 2։23)։ Նույնիսկ նման պարագայում Աբրահամի կյանքն իրենից ներկայացնում էր ծանր փորձությունների ու չարչարանքների մի շարան։ Հետևաբար քրիստոնյաները կարող են սպասել, որ այս չար ‘վերջին օրերում’ համանման դժվարություններ իրենք էլ կունենան։ Փաստորեն, Աստվածաշունչը նախազգուշացնում է մեզ, որ «չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան» (Բ Տիմոթէոս 3։1, 13)։ Հուսահատության մեջ ընկնելու փոխարեն՝ հարկավոր է գիտակցել, որ մեր կրած ճնշումները վկայում են այն մասին, որ Սատանայի ամբարիշտ համակարգի վերջը մոտ է։ Բայց Հիսուսը հիշեցնում է մեզ, որ «ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Եվ այսպես՝ ‘մի՛ ձանձրացեք բարին գործելուց’։ Ընդօրինակե՛ք Աբրահամին և եղե՛ք նրանցից մեկը, ովքեր ‘հավատով և համբերությամբ ժառանգում են խոստումները’ (Եբրայեցիս 6։12)։
Ուշադրություն դարձրի՞ք
• Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը պիտի ակնկալի, որ կլինեն փորձություններ և դժվարություններ։
• Ինչպե՞ս է Սատանան ճակատային հարձակումներ գործում։
• Ինչպե՞ս կարող են հարթվել քրիստոնյաների միջև եղած տարաձայնությունները։
• Ինչպե՞ս են կարող հպարտությունն ու սնափառությունը փորձությունների պատճառ դառնալ։
• Ինչպե՞ս է Աբրահամը լավ օրինակ թողել Աստծո խոստումների կատարմանը սպասելու մեջ։
[նկար 26–րդ էջի վրա]
Բազմաթիվ քրիստոնյա երիտասարդներ հալածվում են՝ ծաղր ու ծանակի ենթարկվելով հասակակիցների կողմից
[նկար 29–րդ էջի վրա]
Թեև Աբրահամի օրերում Աստծո խոստումների կատարումը «հեռու» էր, այնուամենայնիվ նա իր կյանքը կառուցեց դրանց վրա