ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12
ԵՐԳ 77 Լույս՝ խավար աշխարհում
Խուսափիր խավարից, մնա լույսի մեջ
«Մի ժամանակ դուք խավար էիք, բայց հիմա.... լույս եք»(ԵՓԵՍ. 5։8)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ Եփեսացիներ 5-րդ գլխում խոսելով լույսի ու խավարի մասին, և մենք ի՞նչ կարող ենք սովորել այդ գլխից։
1-2. ա) Ի՞նչ հանգամանքներում է Պողոսը գրել եփեսացիներին ուղղված նամակը։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ Հռոմում տնային կալանքի տակ էր։ Անգամ այդ պայմաններում նա ցանկանում էր քաջալերել իր հավատակիցներին։ Նա չէր կարող այցելել նրանց, ուստի նամակներ էր գրում։ Այդ նամակներից մեկը եփեսացիներին ուղղված նամակն է, որն առաքյալը գրել է 60 կամ 61 թվականին (Եփես. 1։1; 4։1)։
2 Դրանից մոտ 10 տարի առաջ Պողոսը բավականին ժամանակ էր անցկացրել Եփեսոսում՝ քարոզելով բարի լուրը և ուսուցանելով (Գործ. 19։1, 8-10; 20։20, 21)։ Նա շատ էր սիրում իր հավատակիցներին և ցանկանում էր օգնել նրանց, որ հավատարիմ մնան Եհովային։ Բայց ինչո՞ւ նա գրեց օծյալ քրիստոնյաներին խավարի ու լույսի մասին։ Իսկ ի՞նչ կարող են բոլոր քրիստոնյաները սովորել նրա գրածներից։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։
ԽԱՎԱՐԻՑ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
3. Ի՞նչ փոխաբերություն օգտագործեց Պողոսը եփեսացիներին ուղղած իր նամակում։
3 Պողոսը եփեսացի քրիստոնյաներին գրեց. «Մի ժամանակ դուք խավար էիք, բայց հիմա.... լույս եք» (Եփես. 5։8)։ Պողոսը այստեղ խավար և լույս բառերը օգտագործում է փոխաբերական իմաստով, որպեսզի հակադրություն ցույց տա։ Տեսնենք, թե ինչու նա ասաց, որ եփեսացիները «մի ժամանակ խավար էին»։
4. Եփեսացիները ի՞նչ առումով էին հոգևոր խավարի մեջ։
4 Հոգևոր խավար։ Նախքան ճշմարտությունն իմանալը և քրիստոնյա դառնալը եփեսացիները կեղծ կրոնական գաղափարների և սնահավատության գերին էին։ Եփեսոսում էր գտնվում Արտեմիսի հայտնի տաճարը, որն այդ ժամանակներում համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Այդ տաճարում երկրպագություն մատուցողները թաթախված էին կռապաշտության մեջ։ Մարդիկ Արտեմիս աստվածուհու և նրա տաճարի արձանիկներ էին պատրաստում, ինչը շահութաբեր բիզնես էր (Գործ. 19։23-27)։ Բացի այդ՝ Եփեսոս քաղաքը հայտնի էր մոգությամբ (Գործ. 19։19)։
5. Եփեսացիները ի՞նչ առումով էին բարոյական խավարի մեջ։
5 Բարոյական խավար։ Եփեսացիները հայտնի էին իրենց ծայրահեղ անբարոյությամբ և լկտի վարքով։ Քաղաքում անցկացվող թատերական ներկայացումների և անգամ կրոնական տոնախմբությունների ժամանակ սեռական բնույթի անպարկեշտ արտահայտությունները սովորական բան էին (Եփես. 5։3)։ Եփեսացիներից շատերը «ամոթի զգացումը կորցրել էին»։ Այս արտահայտությունը, բնագրից բառացի թարգմանած, հետևյալ կերպ է հնչում՝ «նրանց սիրտը անզգա էր դարձել» (Եփես. 4։17-19)։ Նախքան իմանալը, թե ինչն է իսկապես ճիշտ, և ինչը՝ սխալ, եփեսացիները խղճի խայթ չէին զգում, և չէին մտածում, որ իրենք հաշվետու են Եհովայի առաջ։ Դրա համար էլ Պողոսը նրանց մասին ասաց, որ «մտավոր առումով խավարի մեջ են և օտարացած են այն կյանքից, որն Աստծուց է»։
6. Ինչո՞ւ Պողոսը եփեսացիներին ասաց, որ նրանք «հիմա լույս են»։
6 Այնուամենայնիվ, եփեսացիներից ոմանք դուրս եկան խավարից։ Նրանց մասին Պողոսը գրեց. «Հիմա, որ միության մեջ են Տիրոջ հետ, լույս են» (Եփես. 5։8)։ Այդուհետ նրանք առաջնորդվում էին սուրբգրային ճշմարտության լույսով (Սաղ. 119։105)։ Եփեսացի քրիստոնյաները թողել էին կեղծ կրոնական սովորությունները և այլևս անբարո կյանքով չէին ապրում։ Նրանք «ընդօրինակում էին Աստծուն» և իրենց լավագույնն էին անում, որպեսզի պաշտեին Եհովային և հաճեցնեին նրան (Եփես. 5։1)։
7. Ի՞նչ առումով է մեր իրավիճակը նման եփեսացի քրիստոնյաների իրավիճակին։
7 Նմանապես մենք նախքան ճշմարտությունն իմանալը հոգևոր և բարոյական առումով խավարի մեջ էինք։ Մեզանից ոմանք կեղծ կրոնական տոներ էին նշում, ոմանք էլ՝ անբարո կյանքով ապրում։ Բայց իմանալով ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշները՝ մենք փոփոխություններ արեցինք. սկսեցինք մեր կյանքը համապատասխանեցնել Եհովայի արդար չափանիշներին, ինչի արդյունքում բազմաթիվ օգուտներ ենք ստացել (Ես. 48։17)։ Բայց միշտ չէ, որ հեշտ է հեռու մնալ խավարից և շարունակել «քայլել լույսի զավակների պես»։ Տեսնենք, թե ինչը կարող է օգնել մեզ այս հարցում։
ՀԵՌՈՒ ՄՆԱ ԽԱՎԱՐԻՑ
8. Եփեսացիներ 5։3-5 համարների համաձայն՝ ինչերի՞ց պետք է եփեսացիները հեռու մնային։
8 Կարդա Եփեսացիներ 5։3-5։ Բարոյական խավարից հեռու մնալու համար եփեսացիները պետք է շարունակեին չանել այնպիսի բաներ, որոնք տհաճ էին Եհովային։ Դրանց մեջ մտնում էր ոչ միայն սեռական անբարոյությունը, այլ նաև անպարկեշտ խոսքը։ Պողոսը հիշեցրեց եփեսացիներին, որ եթե ցանկանում են «ժառանգություն [ունենալ] Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ», պետք է հեռու մնան այդպիսի բաներից։
9. Ինչո՞ւ պետք է մերժենք ցանկացած բան, որը կարող է տանել անբարոյության։
9 Մենք նույնպես պետք է զգույշ լինենք, որ հանկարծ մասնակից չդառնանք «խավարի անպտուղ գործերին» (Եփես. 5։11)։ Փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ է անհատը դիտում ու լսում անբարո բաներ կամ խոսում դրանց մասին, այնքան ավելի հեշտ է ընկնում սխալն անելու ծուղակը (Ծննդ. 3։6; Հակ. 1։14, 15)։ Մի երկրում տասնյակ Վկաներ սոցիալական ցանցում խումբ կազմեցին և սկսեցին շփվել իրար հետ։ Սկզբում նրանց մեծ մասը հոգևոր թեմաներ էր քննարկում, սակայն ժամանակի ընթացքում նրանց հաղորդագրությունների բովանդակությունը փոխվեց։ Այն հիմնականում պտտվում էր սեքսի շուրջ։ Այս անհատներից ոմանք հետագայում խոստովանեցին, որ այդ զրույցները դրդել են իրենց սեռական անբարոյության։
10. Ինչպե՞ս է Սատանան փորձում մոլորեցնել մեզ (Եփեսացիներ 5։6)։
10 Սատանայի աշխարհը փորձում է խաբել մեզ՝ համոզելով, որ այն, ինչ Եհովայի տեսանկյունից անբարո է և անմաքուր, իրականում ամենևին էլ սխալ չէ (2 Պետ. 2։19)։ Բայց դա նորություն չէ. Սատանան միշտ էլ փորձել է շփոթեցնել մարդկանց, որ նրանք չկարողանան տարբերել ճիշտը սխալից (Ես. 5։20; 2 Կորնթ. 4։4)։ Զարմանալի չէ, որ այսօր շատ ֆիլմեր, հեռուստաշոուներ և կայքեր առաջ են տանում այնպիսի գաղափարներ, որոնք դեմ են Եհովայի արդար չափանիշներին։ Սատանան փորձում է մոլորեցնել մեզ՝ համոզելով, որ անմաքուր գործերն ու ապրելակերպը ոչ միայն ընդունելի են, այլ նաև հաճելի ու անվնաս (կարդա Եփեսացիներ 5։6)։
11. Անժելայի հետ տեղի ունեցածը ինչպե՞ս է ընդգծում Եփեսացիներ 5։7-ում գրված խորհուրդը կիրառելու կարևորությունը (տես նաև նկարը)։
11 Սատանան ուզում է, որ շփվենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր կթուլացնեն Եհովայի չափանիշներին կառչած մնալու մեր վճռականությունը։ Այդ պատճառով Պողոս առաքյալը եփեսացիներին հորդորեց. «Նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք», այսինքն՝ նրանց հետ, ովքեր անում են այն, ինչը չար է Աստծու տեսանկյունից (Եփես. 5։7)։ Սակայն մենք պետք է շատ ավելի զգույշ լինենք, քան եփեսացիները, քանի որ այսօր մարդկանց հետ կարող ենք շփվել ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլ նաև սոցիալական ցանցերում։ Ասիայում ապրող Անժելաa անունով մի քույր իր փորձով է համոզվել, թե որքան վտանգավոր կարող են լինել սոցիալական ցանցերը։ Նա ասում է. «Դրանք կարող են ծուղակ դառնալ մեզ համար՝ աստիճանաբար թմրեցնելով մեր զգայարանները։ Եկավ մի պահ, որ ինձ համար նորմալ էր դարձել այնպիսի ընկերներ ունենալը, ովքեր չէին հարգում աստվածաշնչյան չափանիշները։ Ի վերջո սկսեցի մտածել, որ նորմալ է այնպիսի ապրելակերպ վարել, որը տհաճ է Եհովային»։ Լավ է, որ հոգատար երեցները օգնեցին Անժելային փոփոխություններ անել։ Քույրն ասում է. «Այժմ միտքս զբաղված է ոչ թե սոցիալական ցանցերով, այլ հոգևոր բաներով»։
12. Ի՞նչը կօգնի մեզ կառչած մնալ ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշներին։
12 Հարկավոր է զգույշ լինել, որ չորդեգրենք աշխարհի այն տեսակետը, թե անբարո կյանքով ապրելը նորմալ է. չէ՞ որ մենք գիտենք, որ դա այդպես չէ (Եփես. 4։19, 20)։ Լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք զգույշ եմ, որ անտեղի չշփվեմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն հարգում Եհովայի արդար չափանիշները՝ լինի դա դպրոցում, աշխատավայրում, թե մեկ այլ վայրում։ Արդյո՞ք քաջաբար պահում եմ Եհովայի չափանիշները, նույնիսկ եթե ոմանք ինձ անհանդուրժող են համարում»։ Ինչպես նշվում է 2 Տիմոթեոս 2։20-22 համարներում, մենք պետք է զգույշ լինենք նաև, երբ մտերիմ ընկերներ ենք ընտրում քրիստոնեական ժողովում։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլորը կարող են օգնել մեզ հավատարմորեն ծառայել Եհովային։
ՎԱՐՎԻՐ «ԼՈՒՅՍԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԵՍ»
13. Ի՞նչ է նշանակում «շարունակել քայլել լույսի զավակների պես» (Եփեսացիներ 5։7-9)։
13 Պողոսը հորդորեց եփեսացի քրիստոնյաներին, որ ոչ միայն մերժեն խավարը, այլ նաև «շարունակեն քայլել լույսի զավակների պես» (կարդա Եփեսացիներ 5։7-9)։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Պարզ ասած՝ ամեն ժամանակ ճշմարիտ քրիստոնյային վայել վարք դրսևորել։ Այս նպատակին հասնելու կերպերից մեկը Աստվածաշունչը և դրա վրա հիմնված մեր հրատարակությունները կանոնավորաբար կարդալը և ուսումնասիրելն է։ Հատկապես կարևոր է լուրջ ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհի լույսի» թողած օրինակին և նրա սովորեցրածներին (Հովհ. 8։12; Առակ. 6։23)։
14. Ինչպե՞ս կարող է սուրբ ոգին օգնել մեզ։
14 Որպեսզի շարունակենք վարվել լույսի զավակների պես, մենք նաև Աստծու սուրբ ոգու կարիքն ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս բարոյազուրկ աշխարհում մաքուր մնալը հեշտ չէ (1 Թեսաղ. 4։3-5, 7, 8)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ, որ մերժենք այս աշխարհի մտածելակերպը, այդ թվում՝ տարածված փիլիսոփայական գաղափարներն ու Աստծու մտածելակերպին հակասող տեսակետները։ Այն կարող է նաև օգնել մեզ, որ դրսևորենք «ամեն տեսակ առաքինություն [և] արդարություն» (Եփես. 5։9)։
15. Ի՞նչ կերպերով ենք ստանում Աստծու ոգու օգնությունը (Եփեսացիներ 5։19, 20)։
15 Սուրբ ոգու օգնությունը ստանալու կերպերից մեկը դրա համար աղոթելն է։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եհովան տալիս է մեզ իր ոգին նաև այն ժամանակ, երբ միասին հավաքվում ենք, որպեսզի գովաբանենք իրեն (կարդա Եփեսացիներ 5։19, 20)։ Այդ ոգին դրական ազդեցություն է թողնում մեզ վրա և օգնում է, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով։
16. Ի՞նչը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել (Եփեսացիներ 5։10, 17)։
16 Երբ կարևոր որոշման առաջ ենք կանգնում, պետք է հասկանանք, թե «որն է Եհովայի կամքը», և վարվենք դրա համաձայն (կարդա Եփեսացիներ 5։10, 17)։ Երբ Աստվածաշնչում մեր իրավիճակի հետ կապված սկզբունքներ ենք փնտրում, տվյալ հարցի վերաբերյալ Աստծու մտածելակերպն ենք ձեռք բերում։ Իսկ այդ սկզբունքները կիրառելով՝ ավելի հավանական է, որ ճիշտ որոշում կկայացնենք։
17. Ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակը իմաստնորեն օգտագործել (Եփեսացիներ 5։15, 16; տես նաև նկարը)։
17 Պողոսը նաև հորդորեց եփեսացի քրիստոնյաներին, որ իմաստնորեն օգտագործեն իրենց ժամանակը (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։ «Չարը», այսինքն՝ մեր թշնամին՝ Սատանան, ուզում է, որ միշտ զբաղված լինենք՝ այս աշխարհում որոշակի նպատակների ձգտելով, և ժամանակ չունենանք Աստծուն ծառայելու համար (1 Հովհ. 5։19)։ Եթե տեղի տանք Սատանային, Եհովային ծառայելու կերպեր փնտրելու փոխարեն կսկսենք կենտրոնանալ գումար վաստակելու, բարձրագույն կրթություն ստանալու և այս աշխարհում կարիերա ստեղծելու վրա։ Դա ցույց կտա, որ մեզ վրա սկսել է ազդել այս աշխարհի մտածելակերպը։ Ինչ խոսք, նման բաները ինքնին սխալ չեն, բայց դրանք երբեք չպետք է առաջին տեղում լինեն մեր կյանքում։ «Լույսի զավակների պես» քայլելու համար մենք պետք է «[մեզ] համար գնենք հարմար ժամանակը», այսինքն՝ կենտրոնանանք այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են։
18. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Դոնալդը, որպեսզի լավագույնս օգտագործի իր ժամանակը։
18 Եհովայի գործում ավելին անելու առիթներ փնտրիր։ Դոնալդը, ով ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հենց այդպես է վարվել։ Նա ասում է. «Ես քննեցի իմ հանգամանքները և աղաչեցի Եհովային, որ օգնի ինձ ավելին անել ծառայության մեջ։ Աղոթեցի Եհովային, որ օգնի՝ այնպիսի աշխատանք գտնեմ, որի գրաֆիկը ինձ թույլ կտա ավելի շատ մասնակցել քարոզչական գործին։ Եհովայի օգնությամբ հարմար աշխատանք գտա, և ես ու կինս լիաժամ ծառայություն սկսեցինք»։
19. Ինչպե՞ս կարող ենք շարունակել քայլել «լույսի զավակների պես»։
19 Ակներևաբար, Պողոսի նամակը շատ է օգնել եփեսացի քրիստոնյաներին, որ շարունակեն հավատարմորեն ծառայել Եհովային։ Աստծու ներշնչումով գրված այդ խորհուրդները օգտակար են նաև մեզ համար։ Ինչպես տեսանք, դրանք կարող են օգնել, որ իմաստնորեն վարվենք զվարճության և ընկերների ընտրության հարցում։ Դրանք նաև մղում են մեզ, որ կանոնավորաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, որպեսզի ճշմարտության լույսը առաջնորդի մեզ մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Բացի այդ՝ Պողոսի նամակը ընդգծում է սուրբ ոգու կարևորությունը, որը կարող է մեր մեջ հրաշալի հատկություններ զարգացնել։ Կիրառելով այդ նամակում տեղ գտած խորհուրդները՝ մենք իմաստուն որոշումներ կկայացնենք, որոնք ներդաշնակ կլինեն Եհովայի մտածելակերպին։ Այս ամենն անելով՝ մենք կխուսափենք այս աշխարհի խավարից և կմնանք լույսի մեջ։
Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ինչի՞ն են վերաբերում Եփեսացիներ 5։8-ում նշված «խավարը» և «լույսը»։
Ինչպե՞ս կարող ենք հեռու մնալ խավարից։
Ինչպե՞ս կարող ենք «շարունակել քայլել լույսի զավակների պես»։
ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
b ՆԿԱՐ։ Եփեսացիներին ուղղված Պողոսի նամակի հին կրկնօրինակ։