Ընտանիքնե՛ր, հետևե՛ք Հիսուսի օրինակին
«Քրիստոսն էլ.... օրինակ [թողեց] ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 ՊԵՏ. 2։21)։
1. ա) Ի՞նչ դեր էր խաղում Աստծու Որդին արարչագործության ժամանակ։ բ) Ի՞նչ էր զգում Հիսուսը մարդկանց հանդեպ։
ԵՐԲ Աստված արարում էր երկինքն ու երկիրը, իր անդրանիկ Որդին «նորա կշտին ճարտարապետ» էր։ Նա համագործակցում էր իր Հոր հետ նաև այն ժամանակ, երբ վերջինս «նախագծում» և ստեղծում էր բազմատեսակ կենդանական ու բուսական աշխարհը, իր պատկերով ու նմանությամբ արարում էր առաջին մարդկանց և երբ նրանց համար պատրաստում էր մի հրաշալի տուն՝ դրախտը։ Աստծու Որդին, որը հետագայում հայտնի դարձավ «Հիսուս» անունով, շատ էր սիրում մարդկանց. «[նրա] զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակ. 8։27–31; Ծննդ. 1։26, 27)։
2. ա) Ի՞նչ արեց Եհովան անկատար մարդկությանն օգնելու համար։ բ) Կյանքի ո՞ր ոլորտի համար է Աստվածաշունչը առաջնորդություն տալիս։
2 Սակայն Ադամն ու Եվան մեղք գործեցին, և նրանց մեղավոր սերունդների ազատագրումը դարձավ Եհովայի նպատակի կարևոր մասը։ Աստված Քրիստոսի քավիչ զոհի միջոցով հնարավոր դարձրեց այդ ազատագրումը (Հռոմ. 5։8)։ Բացի այդ, Եհովան իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մարդուն օգնում է հաջողությունների հասնել կյանքում՝ չնայած ժառանգած անկատարությանը (Սաղ. 119։105)։ Աստծու Խոսքը մարդկանց օգնում է ունենալու ամուր և երջանիկ ընտանիք։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքում գրված է, որ «տղամարդը կհարի իր կնոջը և նրանք մեկ մարմին կլինեն»։ Այս սկզբունքին հետևելը նպաստում է երջանիկ ամուսնությանը (Ծննդ. 2։24)։
3. ա) Ի՞նչ միտք շեշտեց Հիսուսը ամուսնության վերաբերյալ։ բ) Ի՞նչ կքննարկենք այս հոդվածում։
3 Իր ծառայության ընթացքում Հիսուսը շեշտեց այն միտքը, որ ամուսնական միությունը պետք է հարատև լինի։ Նա սովորեցնում էր սկզբունքներ, որոնք կօգնեին ընտանիքի բոլոր անդամներին ունենալու այնպիսի մտածելակերպ ու վարք, որոնք կնպաստեին ընտանիքի ուրախությանն ու խաղաղությանը (Մատթ. 5։27–37; 7։12)։ Այս հոդվածում կքննարկենք, թե Հիսուսի սովորեցրած բաները և օրինակը ինչպես կարող են օգնել ամուսիններին, կանանց, ծնողներին ու երեխաներին ապրելու ուրախ և գոհացուցիչ կյանքով։
Ինչպես է քրիստոնյա ամուսինը պատվում իր կնոջը
4. Ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել Հիսուսի և քրիստոնյա ամուսինների միջև։
4 Աստված ամուսնուն նշանակել է ընտանիքի գլուխ, ինչպես որ Հիսուսին՝ ժողովի Գլուխ։ Պողոս առաքյալն ասաց. «Ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի։ Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփես. 5։23, 25)։ Այո՛, այն, թե ինչպես էր Հիսուսը վարվում իր աշակերտների հետ, լավ օրինակ է քրիստոնյա ամուսնու համար։ Քննենք, թե ինչպես էր Հիսուսը գործադրում Աստծու կողմից իրեն տրված իշխանությունը։
5. Ունենալով իշխանություն՝ ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր աշակերտներին։
5 Հիսուսը «հեզ [էր] և սրտով խոնարհ» (Մատթ. 11։29)։ Նա երբեք թեթևամտորեն չէր վերաբերվում իր պարտականություններին, և երբ անհրաժեշտ էր, վճռական քայլեր էր ձեռնարկում (Մարկ. 6։34; Հովհ. 2։14–17)։ Քրիստոսը մեղմորեն խորհուրդ էր տալիս իր աշակերտներին և չէր զլանում հարկ եղած դեպքում նույն խորհուրդը կրկնել (Մատթ. 20։21–28; Մարկ. 9։33–37; Ղուկ. 22։24–27)։ Հիսուսը չէր բարկանում նրանց վրա կամ վիրավորում, ոչ էլ այնպիսի բաներ էր անում, որ նրանք զգան իրենց չսիրված կամ անընդունակ՝ կատարելու այն, ինչ ինքը սովորեցնում էր։ Փոխարենը՝ գովում էր ու քաջալերում (Ղուկ. 10։17–21)։ Նա սիրում էր իր աշակերտներին և կարեկից էր նրանց հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը շահեց իր աշակերտների հարգանքը։
6. ա) Ի՞նչ կարող է ամուսինը սովորել աշակերտների հանդեպ Հիսուսի ցուցաբերած վերաբերմունքից։ բ) Ի՞նչ հորդորեց Պետրոսը ամուսիններին։
6 Քրիստոնյա ամուսինը Հիսուսից սովորում է, որ ընտանիքի գլուխը չպետք է լինի կոպիտ ու դաժան տիրակալ։ Ընդհակառակը՝ նա պետք է դրսևորի հարգանք և անձնուրաց սեր։ Իր նամակում Պետրոս առաքյալը ամուսիններին հորդորեց ընդօրինակել Հիսուսին։ Նա կոչ արեց «պատիվ տալ» իրենց կանանց (կարդա՛ 1 Պետրոս 3։7)։ Ինչպե՞ս կարող է ամուսինը գործադրել իր իշխանությունը և միևնույն ժամանակ պատվել իր կնոջը։
7. Ինչպե՞ս կարող է ամուսինը պատվել իր կնոջը։ Բացատրիր։
7 Ամուսինը կպատվի իր կնոջը, եթե նախքան ընտանիքին վերաբերող որոշումներ կայացնելը հաշվի առնի նրա տեսակետն ու զգացմունքները։ Այդ որոշումները կարող են առնչվել նոր վայր տեղափոխվելուն, աշխատանքի փոփոխությանը, տնտեսական ծանր վիճակի պատճառով ընտանեկան բյուջեի ծախսերի նվազեցմանը կամ էլ այն բանին, թե որտեղ անցկացնել արձակուրդը։ Քանի որ նման հարցերը վերաբերում են ամբողջ ընտանիքին, ամուսինը ճիշտ կանի, եթե հաշվի առնի կնոջ կարծիքը։ Դա բարության դրսևորում կլինի կնոջ հանդեպ։ Այդ դեպքում նա կկարողանա կայացնել հավասարակշռված որոշում, իսկ կնոջ համար հեշտ կլինի թիկունք կանգնել նրա որոշմանը (Առակ. 15։22)։ Այն ամուսինը, ով պատվում է իր կնոջը, արժանանում է ոչ միայն նրա սիրուն և հարգանքին, այլ, որ ավելի կարևոր է, Եհովայի հավանությանը (Եփես. 5։ 28, 29)։
Ինչպես է կինը խոր հարգանք դրսևորում ամուսնու հանդեպ
8. Ինչո՞ւ քրիստոնյա կինը չպետք է ընդօրինակի Եվային։
8 Հիսուսը հիանալի օրինակ է կանանց համար իշխանությանը հնազանդվելու հարցում։ Իշխանության վերաբերյալ նրա տեսակետը մեծապես տարբերվում էր առաջին կնոջ՝ Եվայի տեսակետից։ Վերջինս լավ օրինակ չթողեց կանանց համար։ Եվան ուներ Եհովայի կողմից նշանակված գլուխ, որի միջոցով Աստված կարող էր իրեն հրահանգներ տալ։ Սակայն Եվան չհարգեց գլխավորության սկզբունքը։ Նա չվարվեց այն ամենի համաձայն, ինչ իրեն ասել էր Ադամը (Ծննդ. 2։16, 17; 3։3; 1 Կորնթ. 11։ 3)։ Ինչ խոսք, Եվային խաբեցին։ Բայցևայնպես, գտնվելով այդ իրավիճակում՝ նա պետք է հարցներ իր ամուսնուց, թե արդյոք ճիշտ է լսել այն ձայնին, որը պնդում է, թե կարող է ասել այն, ինչ «Աստված գիտի»։ Փոխարենը՝ Եվան հանդգնեց առաջնորդություն տալ իր ամուսնուն (Ծննդ. 3։5, 6; 1 Տիմոթ. 2։14)։
9. Ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը հնազանդվելու հարցում։
9 Ի տարբերություն Եվայի՝ Հիսուսը իր Գլխին հնազանդվելու հարցում գերազանց օրինակ թողեց։ Նրա տրամադրվածությունից ու ապրելակերպից երևում է, որ նա «չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին»։ Ընդհակառակը՝ «զրկեց իրեն ամեն բանից, ծառայի կերպարանք ընդունեց» (Փիլիպ. 2։5–7)։ Այսօր, որպես իշխող Թագավոր՝ Հիսուսը նույն տրամադրվածությունն ունի։ Նա խոնարհաբար հնազանդվում է իր Հորը ամեն ինչում և հարգում է Նրա գլխավորությունը (Մատթ. 20։23; Հովհ. 5։30; 1 Կորնթ. 15։28)։
10. Ինչպե՞ս կարող է կինը ցույց տալ, որ հարգում է ամուսնու գլխավորությունը։
10 Քրիստոնյա կինը կընդօրինակի Հիսուսին, եթե հարգի ամուսնու գլխավորությունը (կարդա՛ 1 Պետրոս 2։21; 3։1, 2)։ Քննենք մի իրավիճակ, երբ կինը կարող է ցույց տալ իր հարգանքը։ Որդին ուզում է ինչ–որ տեղ գնալ, որի համար մորից թույլտվություն է խնդրում։ Քանի որ նա նման հարցով առաջին անգամ է դիմում, մայրը ճիշտ կանի, եթե որդուն ասի. «Իսկ դու հարցրե՞լ ես հորդ»։ Եթե չի հարցրել, մայրը պետք է այդ մասին խոսի ամուսնու հետ։ Ավելին, քրիստոնյա կինը չի հակառակվի ամուսնուն կամ կասկածի ենթարկի նրա կարծիքը երեխաների ներկայությամբ։ Եթե կինը համաձայն չէ, ապա նա ամուսնու հետ կզրուցի առանձին (Եփես. 6։4)։
Հիսուսը օրինակ է ծնողների համար
11. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը ծնողներին։
11 Չնայած որ Հիսուսը ամուսնացած չէր և երեխաներ չուներ, նա հիանալի օրինակ է ծնողների համար։ Ինչպե՞ս։ Նա սիրում էր իր աշակերտներին ու համբերությամբ սովորեցնում էր նրանց թե՛ խոսքով և թե՛ գործով։ Նա ցույց էր տալիս, թե ինչպես կարող են կատարել իր տված առաջադրանքը (Ղուկ. 8։1)։ Տեսնելով Հիսուսի տրամադրվածությունը և վերաբերմունքը իրենց հանդեպ՝ աշակերտները սովորում էին, թե ինչպես պետք է վերաբերվեն միմյանց (կարդա՛ Հովհաննես 13։ 14–17)։
12, 13. Ի՞նչ պետք է անեն ծնողները, եթե ուզում են աստվածավախ երեխաներ մեծացնել։
12 Երեխաները հակված են ընդօրինակելու իրենց ծնողների թե՛ լավ, թե՛ վատ կողմերը։ Ուստի, ծնողնե՛ր, կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ի՞նչ են սովորում մեր երեխաները այն բանից, թե ինչքան ժամանակ ենք տրամադրում հեռուստացույցին ու զվարճություններին և ինչքան ժամանակ՝ Աստվածաշնչի ուսումնասիրությանն ու քարոզչական ծառայությանը։ Ի՞նչն է իրականում առաջնահերթ մեր ընտանիքի համար։ Մեր կյանքը կենտրոնացա՞ծ է ճշմարիտ երկրպագության վրա։ Լա՞վ օրինակ ենք թողնում երեխաներին այս հարցում»։ Աստծու օրենքը նախ պետք է ծնողների սրտում լինի, եթե նրանք ուզում են մեծացնել աստվածավախ երեխաներ (Բ Օրին. 6։6)։
13 Եթե ծնողները ձգտեն իրենց առօրյայում կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, ապա դա երեխաների աչքից չի վրիպի։ Այդ դեպքում նրանց խոսքերը արժեք կունենան զավակների համար։ Բայց եթե վերջիններս զգան, որ ծնողներն ապրում են երկակի չափանիշներով, ապա թերևս եզրակացնեն, որ սուրբգրային սկզբունքները իրականում կարևոր չեն։ Արդյունքում՝ երեխաների համար շատ ավելի դժվար կլինի դիմադրել աշխարհի ճնշմանը։
14, 15. Ի՞նչ արժեքներ պետք է ծնողները արմատավորեն իրենց երեխաների մեջ, և ինչպե՞ս կարող են դա անել։
14 Քրիստոնյա ծնողները գիտակցում են, որ ավելին է հարկավոր, քան պարզապես երեխայի նյութական կարիքները բավարարելը։ Ուստի մեծ անմտություն կլինի նրան սովորեցնել ձգտելու այնպիսի նպատակների, որոնք միայն նյութական օգուտներ կբերեն (Ժող. 7։12)։ Հիսուսը իր աշակերտներին սովորեցրեց հոգևոր արժեքներն ու նպատակները գերադասել այլ բաներից (Մատթ. 6։33)։ Ուստի, ընդօրինակելով Հիսուսին՝ քրիստոնյա ծնողները նաև պետք է ջանան իրենց զավակի մեջ սերմանել հոգևոր նպատակներ դնելու ցանկություն։
15 Ծնողները, օրինակ, դա կարող են անել, եթե ձգտեն երեխայի համար հնարավորություններ ստեղծել շփվելու լիաժամ ծառայողների հետ։ Որքա՜ն կքաջալերվի նա՝ ավելի լավ ճանաչելով ռահվիրաներին կամ շրջանային վերակացուին ու նրա կնոջը։ Միսիոներները, բեթելցիները և միջազգային շինարարական ծրագրին մասնակցողները կարող են պատմել հետաքրքիր դեպքեր և խանդավառությամբ խոսել այն մասին, թե ինչ ուրախություն է պարգևում Եհովային ծառայելը։ Այդ անձնազոհ եղբայրների և քույրերի ծառայությունը կարող է մղել երեխային կայացնելու իմաստուն որոշումներ, դնելու գովելի նպատակներ և լավ սովորելու դպրոցում, ինչը կօգնի նրան ապագայում գտնելու այնպիսի աշխատանք, որը հնարավորություն կտա ծառայելու լիաժամ։
Երեխանե՛ր, ի՞նչը կօգնի ձեզ հետևելու Հիսուսի օրինակին
16. Ինչպե՞ս Հիսուսը պատվեց ծնողներին և իր երկնային Հորը։
16 Երեխանե՛ր, Հիսուսը գերազանց օրինակ է նաև ձեզ համար։ Նա հնազանդ էր իր ծնողներին՝ Հովսեփին և Մարիամին (կարդա՛ Ղուկաս 2։51)։ Հիսուսը հասկանում էր, որ չնայած իր ծնողները անկատար են, բայցևայնպես Աստված նրանց հանձնարարել է հոգ տանել իր մասին։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ Հիսուսը պետք է պատվեր նրանց (Բ Օրին. 5։16; Մատթ. 15։4)։ Չափահաս դառնալուց հետո էլ նա միշտ անում էր այն, ինչ հաճելի էր իր երկնային Հորը։ Դա, մասնավորապես, նշանակում էր դիմադրել գայթակղությանը (Մատթ. 4։1–10)։ Երեխանե՛ր, երբեմն գուցե գայթակղություն առաջանա չհնազանդվելու ծնողներին։ Ի՞նչը կօգնի հետևելու Հիսուսի օրինակին։
17, 18. ա) Ի՞նչ ճնշման են ենթարկվում երեխաները դպրոցում։ բ) Ի՞նչը կօգնի նրանց տոկալու փորձությունների ներքո։
17 Հավանաբար, քո համադասարանցիների մեծամասնությունը գրեթե կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձնում Աստվածաշնչի չափանիշներին։ Նրանք գուցե փորձեն քեզ ներգրավել կասկածելի զբաղմունքների մեջ, իսկ եթե մերժես, հնարավոր է՝ ծաղրեն։ Դասարանցիներդ երբեմն պիտակնե՞ր են կպցնում քեզ, քանի որ չես ուզում անել որոշ բաներ, որ անում են նրանք։ Եթե այո, ապա ինչպե՞ս ես արձագանքում։ Դու գիտես, որ եթե վախենաս ու գնաս բազմության հետևից, ապա ցավ կպատճառես ծնողներիդ ու Եհովային։ Ի վերջո, ի՞նչ կպատահի քեզ, եթե հետևես համադասարանցիներիդ։ Հնարավոր է՝ որոշակի նպատակ ես արդեն դրել քո առջև, ասենք՝ դառնալ ռահվիրա կամ ծառայող օգնական, ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա, կամ դառնալ բեթելցի։ Մտերմությունը համադասարանցիներիդ հետ կնպաստի՞, որ հասնես քո այդ նպատակին։
18 Քրիստոնյա՛ պատանիներ, երբեմն հայտնվո՞ւմ եք այնպիսի իրավիճակներում, երբ ձեր հավատը փորձության է ենթարկվում։ Ինչպե՞ս եք արձագանքում։ Խորհեք ձեր Օրինակի՝ Հիսուսի մասին։ Նա վճռել էր չտրվել գայթակղությանը և հետևողականորեն անում էր այն, ինչ ճիշտ էր։ Սա հիշելը կօգնի քեզ, որ բավականաչափ համարձակություն ունենաս քո համադասարանցիներին հստակորեն ասելու, որ չես ուզում նրանց հետ մասնակցել մի բանի, ինչը գիտես, որ սխալ է։ Հիսուսի պես՝ կենտրոնացիր այն մտքի վրա, որ ամբողջ կյանքում կարող ես ուրախությամբ ծառայել Եհովային ու հնազանդ լինել նրան (Եբր. 12։2)։
Ընտանեկան երջանկության բանալին
19. Ինչպիսի՞ ապրելակերպն է բերում իսկական երջանկություն։
19 Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը լավագույնն են ցանկանում մարդկանց։ Թեև մենք անկատար ենք, այնուամենայնիվ կարող ենք երջանիկ լինել (Ես. 48։17, 18; Մատթ. 5։3)։ Հիսուսը սովորեցնում էր կրոնական ճշմարտություններ, որոնք ընկած են մարդու երջանկության հիմքում։ Բայց դա ամենը չէր, ինչ նա սովորեցրեց իր աշակերտներին։ Քրիստոսը նաև բացատրեց, թե որն է լավագույն ապրելակերպը։ Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում ունենալ հավասարակշռված մտածելակերպ և ապրելակերպ։ Բոլորս, անկախ նրանից, թե ինչ դեր ունենք ընտանիքում, կարող ենք օգուտներ քաղել՝ հետևելով նրա օրինակին։ Ուրեմն, ամուսիննե՛ր, կանա՛յք, ծնողնե՛ր, երեխանե՛ր, հետևե՛ք Հիսուսի օրինակին։ Այո՛, ուրախ ու երջանիկ ընտանեկան կյանքի բանալին Քրիստոսի սովորեցրածի համաձայն ապրելն է, նրան ընդօրինակելը։
Ինչպե՞ս կպատասխանեիր
• Ինչպե՞ս պետք է ամուսինները գործադրեն Աստծուց ստացած իշխանությունը։
• Ինչպե՞ս կարող է կինը ընդօրինակել Հիսուսին։
• Ի՞նչ կարող են ծնողները սովորել աշակերտների հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։
• Ի՞նչ կարող են երեխաները սովորել Հիսուսից։
[նկար 8–րդ էջի վրա]
Ի՞նչ կանի սիրող ամուսինը նախքան ընտանիքին վերաբերող որոշում կայացնելը
[նկար 9–րդ էջի վրա]
Ի՞նչ իրավիճակում կինը կարող է ցույց տալ, որ հարգում է ամուսնու գլխավորությունը
[նկար 10–րդ էջի վրա]
Երեխաներն ընդօրինակում են ծնողների լավ սովորությունները