Երեխանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին
«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը» (ԵՓԵՍԱՑԻՍ 6:1)։
1. Հնազանդությունն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ։
ՀՆԱՐԱՎՈՐ է՝ մենք այժմ կենդանի ենք, որովհետև հնազանդվել ենք, մինչդեռ ոմանք արդեն չեն ապրում, քանի որ չեն հնազանդվել։ Իսկ հնազանդվել ո՞ր հարցում։ Օրինակ՝ «զարմանալի կերպով» ստեղծված մեր օրգանիզմը տալիս է նախազգուշացումներ, որոնց պետք է լսենք (Սաղմոս 139:14)։ Մեր աչքերը տեսնում են սև ամպեր, և մեր ականջները լսում են որոտներ։ Զգում ենք, որ մեր գլխի մազերը ցցվում են օդի էլեկտրականացման պատճառով։ Իրազեկ մարդկանց համար այդպիսի երևույթները հանդիսանում են նախազգուշացում, որ հարկավոր է ապահով թաքստոց գտնել և պատսպարվել վերահաս փոթորկից, որին կուղեկցի կայծակն ու կարկուտը, բաներ, որոնք կարող են նույնիսկ սպանել մարդուն։
2. Ինչո՞ւ երեխաները նախազգուշացումների կարիք ունեն, և ինչո՞ւ նրանք պետք է հնազանդվեն իրենց ծնողներին։
2 Դուք, երեխանե՛ր, նախազգուշացումների կարիք ունեք, և ձեր ծնողների պատասխանատվությունն է ճիշտ ժամանակին նախազգուշացնել ձեզ հնարավոր վտանգների մասին։ Երևի կհիշես, թե քո հայրիկը կամ մայրիկը ինչպես է քեզ ասել. «Ձեռք մի՛ տուր սալօջախին։ Այն տա՛ք է»։ «Մի՛ մոտեցիր ջրին։ Այնտեղ խո՛րն է»։ «Փողոցն անցնելուց առաջ նախ նայիր ձախ, հետո՝ աջ»։ Ցավոք, շատ երեխաներ չհնազանդվելու պատճառով վնասվածք են ստացել կամ նույնիսկ մահացել են։ Ծնողներին հնազանդ լինելը ‘արժան’ է, կամ՝ ‘ճիշտ’ (ԷԹ) է։ Բացի այդ, դա իմաստուն է (Առակաց 8:33)։ Աստվածաշնչի մեկ ուրիշ համարում գրված է, որ այդպիսի վարքը հաճելի է մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Ինչպես տեսնում ես, Աստված քեզ պատվիրում է հնազանդվել ծնողներին (Կողոսացիս 3:20; Ա Կորնթացիս 8:6)։
Հնազանդության օգուտները շատ են
3. Ո՞րն է «ճշմարիտ կեանքը» մեզանից շատերի համար, և ինչպե՞ս կարող են երեխաները հույս փայփայել, որ կվայելեն այն։
3 Եթե հնազանդվես ծնողներիդ, ապա քո «ներկայ» կյանքը պաշտպանված կլինի։ Սակայն ծնողներին հնազանդվելը օգտակար է մեկ այլ առումով ևս. դու հնարավորություն կունենաս վայելելու ‘ապագա կյանքը’, որը կոչվում է ‘ճշմարիտ կյանք’ (Ա Տիմոթէոս 4:8 ԱԱ; 6:19 ԷԹ)։ Մեզանից շատերի համար «ճշմարիտ կեանքը» անվերջ կյանքն է երկրի վրա՝ Աստծու նոր աշխարհում։ Եհովան այդպիսի կյանք է խոստանում նրանց, ովքեր հավատարիմ են մնում իր պատվիրաններին։ Այդ պատվիրաններից մեկը հետևյալն է. «Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ»։ Այսինքն՝ եթե հնազանդվես ծնողներիդ, երջանիկ կլինես։ Քո ապագան կլինի ապահով, և դու կվայելես հավիտենական կյանքը դրախտ–երկրի վրա (Եփեսացիս 6:2, 3)։
4. Ինչպե՞ս կարող են երեխաները պատվել Աստծուն և օրհնվել դրա համար։
4 Հնազանդվելով ծնողներիդ՝ դու պատվում ես ոչ միայն նրանց, այլև Աստծուն, որովհետև Աստված է քեզ պատվիրում այդպիսի հնազանդություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ դու օգուտներ ես ստանում։ Եհովան ասում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48:17; Ա Յովհաննէս 5:3)։ Իսկ ինչպե՞ս է հնազանդությունն օգուտներ բերում քեզ։ Դրանով դու ուրախացնում ես ծնողներիդ, իսկ նրանք էլ իրենց հերթին տարբեր ձևերով ուրախություն կպատճառեն քեզ (Առակաց 23:22–25)։ Բայց ամենակարևորն այն է, որ քո հնազանդությունը կուրախացնի մեր երկնային Հորը, և նա կպարգևատրի քեզ հրաշալի կերպերով։ Տեսնենք, թե ինչպես Եհովան օրհնեց ու պաշտպանեց Հիսուսին, որն իր մասին ասաց. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում» (Յովհաննէս 8:29)։
Հիսուսն աշխատասեր էր
5. Ի՞նչ պատճառներ ունենք հավատալու, որ Հիսուսն աշխատասեր էր։
5 Հիսուսն իր մոր՝ Մարիամի առաջին զավակն էր։ Նրա հայրը՝ Հովսեփը, ատաղձագործ էր։ Հիսուսը նույնպես ատաղձագործ դարձավ։ Ակներևաբար նա այդ արհեստը սովորել էր Հովսեփից (Մատթէոս 13:55; Մարկոս 6:3; Ղուկաս 1:26–31)։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս էր նա կատարում իր աշխատանքը։ Խորհենք հետևյալի շուրջ։ Երբ դեռ երկնքում էր և չէր եկել երկիր, Հիսուսը՝ որպես անձնավորված իմաստություն, ասաց. «Ես նորա կշտին ճարտարապետ էի [«հմուտ վարպետ էի», ՆԱ] եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր»։ Աստված հավանություն էր տալիս Հիսուսին, քանի որ վերջինս աշխատասեր էր։ Քո կարծիքով՝ երբ նա երեխա էր ու գտնվում էր երկրի վրա, ձգտո՞ւմ էր ջանասեր լինել, դառնալ լավ ատաղձագործ (Առակաց 8:30; Կողոսացիս 1:15, 16)։
6. ա) Քո կարծիքով՝ ինչո՞ւ է հավանական, որ Հիսուսը տնային գործեր է արել։ բ) Ինչպե՞ս կարող են երեխաներն ընդօրինակել Հիսուսին։
6 Աստվածաշնչում նշվում է, որ հնում երեխաները խաղեր են խաղացել, և, անշուշտ, երեխա ժամանակ Հիսուսը նույնպես խաղացել է (Զաքարիա 8:5; Մատթէոս 11:16, 17)։ Սակայն, լինելով համեստ միջոցների տեր մեծ ընտանիքի առաջին երեխան, նա, ի լրումն ատաղձագործություն սովորելուն, պետք է տանը զանազան գործեր աներ։ Հետագայում Հիսուսը սկսեց քարոզել և ամբողջությամբ նվիրվեց այդ գործին՝ հանուն դրա զոհելով իր անձնական հարմարությունները (Ղուկաս 9:58; Յովհաննէս 5:17)։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։ Ծնողներդ խնդրո՞ւմ են քեզ մաքրել սենյակդ կամ այլ գործեր անել։ Քաջալերո՞ւմ են մասնակցել ճշմարիտ երկրպագությանը, հաճախել քրիստոնեական հանդիպումներին և քո համոզմունքների մասին պատմել ուրիշներին։ Քո կարծիքով՝ Հիսուսն ինչպե՞ս կարձագանքեր այդ խնդրանքներին։
Գրությունների լավ աշակերտ և ուսուցիչ
7. ա) Ո՞ւմ հետ էր Հիսուսը գնացել Պասեքի տոնակատարությանը։ բ) Որտե՞ղ էր Հիսուսը, երբ նրա ընտանիքը ճանապարհ ընկավ դեպի տուն, և ինչո՞ւ էր նա այնտեղ։
7 Իսրայելական ընտանիքի բոլոր արու անդամներին պատվեր էր տրված տարեկան երեք տոների ժամանակ գնալ Երուսաղեմ և տաճարում երկրպագել Եհովային (Բ Օրինաց 16:16)։ Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նա Հովսեփի ու Մարիամի, ինչպես նաև հավանաբար իր եղբայրների ու քույրերի հետ գնաց Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու։ Հիսուսի ընտանիքի հետ գուցե ճանապարհորդում էին նաև Սաղոմեն, որը թերևս Մարիամի քույրն էր, նրա ամուսինը՝ Զեբեդեոսը և նրանց որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք հետագայում դարձան Հիսուսի առաքյալները (Մատթէոս 4:20, 21; 13:54–56; 27:56; Մարկոս 15:40; Յովհաննէս 19:25)։a Վերադարձին Հովսեփն ու Մարիամը մտածում էին, որ Հիսուսը բարեկամների հետ է, ուստի սկզբում ուշադրություն չդարձրեցին նրա բացակայության վրա։ Երեք օր անց Մարիամն ու Հովսեփը վերջապես գտան Հիսուսին. նա տաճարում «վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր» (Ղուկաս 2:44–46)։
8. Ի՞նչ էր Հիսուսն անում տաճարում, և ինչո՞ւ էին մարդիկ զարմացել։
8 Ինչպե՞ս էր Հիսուսը «հարցնում» վարդապետներին։ Ըստ ամենայնի, նա զուտ իր հետաքրքրությունը բավարարելու կամ տեղեկություններ ստանալու համար չէր հարցեր տալիս։ Սուրբգրային այս հատվածում օգտագործված հունարեն բառը կարող է վերաբերել դատական հարցաքննության և այդպիսով կարող է ունենալ նաև խաչաձև հարցաքննության իմաստ։ Այո՛, Հիսուսը, լինելով երեխա, Գրություններն այնքան լավ էր ուսումնասիրել, որ զարմացրեց բանիմաց կրոնական ուսուցիչներին։ Կարդում ենք. «Ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ» (Ղուկաս 2:47)։
9. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին Աստվածաշունչ ուսումնասիրելու հարցում։
9 Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ Սուրբ Գրությունների այդ փորձառու ուսուցիչները զարմացան՝ տեսնելով, թե որքան շատ են պատանի Հիսուսի գիտելիքները։ Նա ուներ աստվածավախ ծնողներ, որոնք նրան մանկուց կրթել էին Աստծու ճանապարհներով (Ելից 12:24–27; Բ Օրինաց 6:6–9; Մատթէոս 1:18–20)։ Հովսեփը, անշուշտ, մանուկ Հիսուսին տանում էր ժողովարան, որպեսզի նա լսեր Գրությունների ընթերցանությունը և քննարկումները։ Թերևս քո ծնողները քեզ հետ Աստվածաշունչ են ուսումնասիրում և քեզ տանում քրիստոնեական հանդիպումների։ Գնահատո՞ւմ ես նրանց ջանքերը, ինչպես որ Հիսուսն էր գնահատում իր ծնողների ջանքերը։ Հիսուսի նման՝ պատմո՞ւմ ես ուրիշներին քո սովորածը։
Հիսուսը հնազանդ էր
10. ա) Ինչո՞ւ Հիսուսի ծնողները հավանաբար գիտեին, թե որտեղ փնտրեին նրան։ բ) Ի՞նչ լավ օրինակ է Հիսուսը թողել երեխաների համար։
10 Ի՞նչ ես կարծում, ի՞նչ զգացին Մարիամն ու Հովսեփը, երբ երեք օր անց վերջապես գտան Հիսուսին տաճարում։ Անկասկած, նրանք մեծ թեթևություն զգացին։ Սակայն Հիսուսը զարմացավ, որ իր ծնողները չգիտեին, թե որտեղ է ինքը։ Չէ՞ որ նրանք երկուսն էլ գիտեին Հիսուսի՝ հրաշքով ծնվելու մասին։ Չնայած նրանք տեղյակ չէին բոլոր մանրամասնություններից, սակայն պետք է որ որոշ չափով իմանային, թե ինչ դեր էր նա կատարելու որպես Փրկիչ և Աստծու Թագավորության Թագավոր (Մատթէոս 1:21; Ղուկաս 1:32–35; 2:11)։ Ուստի Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչու համար էիք ինձ որոնում. դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ»։ Բայցևայնպես, հնազանդություն դրսևորելով՝ Հիսուսն իր ծնողների հետ վերադարձավ Նազարեթ։ Աստվածաշունչն ասում է. «Նորանց հնազանդ էր. եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը» (Ղուկաս 2:48–51)։
11. Հնազանդության մասին ի՞նչ կարող ես սովորել Հիսուսից։
11 Քեզ համար հե՞շտ է ծնողներին միշտ հնազանդվելու հարցում ընդօրինակել Հիսուսին։ Թե՞ թվում է՝ նրանք հետ են մնացել կյանքից, և դու նրանցից ավելի շատ բան գիտես։ Իհարկե, միգուցե որոշ հարցերում դու ավելի գիտակ ես, օրինակ՝ բջջային հեռախոսների, համակարգիչների կամ այլ ժամանակակից սարքավորումների։ Սակայն խորհիր Հիսուսի մասին, որն իր ‘իմաստությամբ և պատասխաններով’ զարմացրեց փորձառու ուսուցիչներին։ Թերևս կհամաձայնվես, որ ի տարբերություն Հիսուսի՝ դու շատ ավելի քիչ բան գիտես։ Այնուամենայնիվ, Հիսուսը հնազանդ էր իր ծնողներին։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա միշտ համաձայն էր նրանց որոշումներին։ Այդուհանդերձ, Հիսուսը «նորանց հնազանդ էր» իր պատանեկության բոլոր տարիներին։ Ի՞նչ կարող ես սովորել նրա օրինակից (Բ Օրինաց 5:16, 29)։
Հեշտ չէ հնազանդվել
12. Ինչպե՞ս կարող է հնազանդությունը փրկել քո կյանքը։
12 Միշտ չէ, որ հնազանդվելը հեշտ է, ինչպես երևում է մի քանի տարի առաջ պատահած մի դեպքից։ Երկու աղջիկներ ուզում էին վազելով անցնել վեց գոտի ունեցող փողոցը, չնայած որ ճանապարհի վրայով հատուկ անցուղի կար կառուցված։ «Արի՛, Ջոն,— կանչեցին նրանք իրենց ընկերոջը, որը գնում էր դեպի անցուղի։— Մեզ հետ չե՞ս գալիս»։ Երբ նա չցանկացավ, աղջիկներից մեկը ծաղրեց նրան՝ ասելով. «Վախկո՛տ»։ Իհարկե, Ջոնը վախկոտ չէր. նա պարզապես որոշել էր լսել իր մորը։ Մի քանի րոպե անց նա լսեց անվադողերի ճռռոց, իսկույն նայեց ներքև և տեսավ, թե ինչպես մի ավտոմեքենա հարվածեց աղջիկներին։ Նրանցից մեկը մահացավ, իսկ մյուսի ոտքն այն աստիճան էր վնասվել, որ անհրաժեշտ էր անդամահատել։ Աղջիկների մայրը, որը զգուշացրել էր նրանց և ասել, որ անպայման անցուղուց օգտվեն, հետագայում Ջոնի մորն ասաց. «Երանի՜ թե նրանք քո որդու պես հնազանդ լինեին» (Եփեսացիս 6:1)։
13. ա) Ինչո՞ւ պետք է հնազանդվես ծնողներիդ։ բ) Ե՞րբ տեղին կլինի չվարվել այնպես, ինչպես որ ծնողն է ասում։
13 Ինչո՞ւ է Աստված ասում. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին»։ Քանի որ ծնողներին հնազանդվելով՝ դու հնազանդվում ես Աստծուն։ Բացի այդ, ծնողներդ քեզանից ավելի փորձառու են։ Օրինակ՝ վերոհիշյալ դեպքից ուղիղ հինգ տարի առաջ Ջոնի մոր ընկերուհու երեխան մահացել էր՝ փորձելով անցնել հենց այդ փողոցը։ Ճիշտ է, թերևս միշտ չէ, որ հեշտ է հնազանդվել ծնողներին, սակայն Աստված ասում է, որ դու պետք է այդպես վարվես։ Իսկ եթե ծնողներդ կամ ուրիշները ասում են քեզ, որ ստես, գողանաս կամ անես մի բան, որին Աստված հավանություն չի տալիս, այդ դեպքում դու պետք է ‘Աստծուն հնազանդվես և ոչ թե մարդկանց’։ Ահա թե ինչու «հնազանդ եղէք ձեր ծնողներին» արտահայտությունից հետո գրված է «Տէրով» բառը։ Սա նշանակում է, որ դու պետք է ծնողներիդ հնազանդվես բոլոր այն հարցերում, որոնք ներդաշնակ են Աստծու օրենքներին (Գործք 5:29)։
14. Ինչո՞ւ է կատարյալ անհատի համար հեշտ հնազանդություն դրսևորել, սակայն ինչո՞ւ նա պետք է սովորի այդ հատկությունը։
14 Ի՞նչ ես կարծում, եթե կատարյալ լինեիր, այսինքն՝ «սուրբ, անմեղ», ինչպես որ Հիսուսն էր, քեզ համար միշտ հե՞շտ կլիներ հնազանդվել ծնողներիդ (Եբրայեցիս 7:26)։ Եթե դու կատարյալ լինեիր, ապա հակված չէիր լինի անելու սխալ բաներ (Ծննդոց 8:21; Սաղմոս 51:5)։ Նույնիսկ Հիսուսը պետք է հնազանդություն սովորեր։ Աստվածաշունչն ասում է. «Թէ եւ [Հիսուսը] Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց» (Եբրայեցիս 5:8)։ Ինչպե՞ս ‘չարչարանքներն’ օգնեցին Հիսուսին ‘հնազանդություն սովորել’, մի բան, որը նա երկնքում եղած ժամանակ չէր սովորի։
15, 16. Ինչպե՞ս Հիսուսը հնազանդություն սովորեց։
15 Եհովան Հովսեփին ու Մարիամին առաջնորդություն տվեց, որ նրանք մանուկ Հիսուսին պաշտպանեն վտանգներից (Մատթէոս 2:7–23)։ Սակայն հետագայում նա իր պաշտպանությունը վերցրեց Հիսուսից։ Հիսուսը «աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով» աղերսեց Աստծուն, որովհետև մտավոր և ֆիզիկական առումով մեծ տառապանքներ էր կրում (Եբրայեցիս 5:7)։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։
16 Նա մասնավորապես մեծ տառապանքներ կրեց իր երկրային կյանքի վերջին ժամերին, երբ Սատանան իր ողջ կարողությունը գործի դրեց նրա անարատությունը կոտրելու համար։ Հիսուսին շատ էր տանջում այն միտքը, որ հանցագործի մահով մահանալը վատ էր անդրադառնալու իր Հոր անվան վրա։ Երբ նա Գեթսեմանի պարտեզում աղոթում էր, ‘նրա քրտինքը, ինչպես արյան կաթիլներ, թափվում էր երկրի վրա’։ Մի քանի ժամ հետո տանջանքի ցցի վրա մահանալը այնքան ցավ պատճառեց Հիսուսին, որ նա «սաստիկ աղաղակով եւ արտասուքով» աղոթեց Աստծուն (Ղուկաս 22:42–44; Մարկոս 15:34)։ Այդպիսով՝ նա ‘չարչարանքներից հնազանդություն սովորեց’ և ուրախացրեց իր Հոր սիրտը։ Այժմ Հիսուսը երկնքում է, և նա հասկանում է այն ցավը, որը մենք հաճախ ունենում ենք՝ ձգտելով լինել հնազանդ (Առակաց 27:11; Եբրայեցիս 2:18; 4:15)։
Սովորիր հնազանդվել
17. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք խրատ ստանալուն։
17 Երբ հայրդ ու մայրդ խրատում են քեզ, դա ցույց է տալիս, որ նրանք քո լավն են կամենում և սիրում են քեզ։ Աստվածաշունչը հարց է տալիս. «Ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում»։ Մի՞թե ցավալի չէր լինի, եթե ծնողներդ քեզ բավականաչափ չսիրեին և հետևաբար ժամանակ չտրամադրեին ու ջանքեր չգործադրեին քեզ ուղղելու համար։ Նմանապես՝ Եհովան խրատում է քեզ, քանի որ սիրում է քեզ։ Ինչ խոսք, «ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12:7–11)։
18. ա) Ինչի՞ ապացույցն է սիրով տրված խրատը։ բ) Ի՞նչ օրինակ կարող ես բերել այն մասին, թե այդպիսի խրատն ինչպես է դրականորեն ազդել մարդկանց կյանքի վրա։
18 Հին Իսրայելի թագավորներից մեկը՝ Սողոմոնը, որին Հիսուսը հիշատակեց որպես մեծ իմաստություն ունեցողի, խոսեց ծնողական սիրառատ խրատ տալու անհրաժեշտության մասին։ Նա գրեց. «Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան»։ Սողոմոնը նույնիսկ ասաց, որ այդպիսի խրատ ստացողը ‘իր հոգին կազատի դժոխքից’, այսինքն՝ մահից (Առակաց 13:24; 23:13, 14; Մատթէոս 12:42)։ Մի քրիստոնյա կին հիշում է, որ երբ մանուկ հասակում իրեն վատ էր պահում քրիստոնեական հանդիպումների ժամանակ, հայրը խոստանում էր պատժել տուն վերադառնալուն պես։ Այժմ նա սիրով է հիշում իր հորը, որը գորովանքով դաստիարակել է իրեն և կյանքի լավ ուղու վրա դրել։
19. Հատկապես ինչո՞ւ պետք է հնազանդվես ծնողներիդ։
19 Եթե քո ծնողները այնքան են քեզ սիրում, որ ժամանակ ու ջանք չեն խնայում քեզ սիրով դաստիարակելու համար, ապա երախտապարտ եղիր նրանց։ Հնազանդվիր ծնողներիդ, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր հնազանդվում իր ծնողներին՝ Հովսեփին ու Մարիամին։ Սակայն հնազանդվիր նրանց հատկապես այն պատճառով, որ քո երկնային Հայրը՝ Եհովա Աստված է քեզ պատվիրում այդպես վարվել։ Այդպիսով դու օգուտներ կքաղես, «որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ» (Եփեսացիս 6:2, 3)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատոր 2–րդ, էջ 841 (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ օգուտներ կարող են ստանալ երեխաները ծնողներին հնազանդվելուց։
• Ի՞նչ օրինակ է թողել մանուկ Հիսուսը ծնողներին հնազանդվելու հարցում։
• Ինչպե՞ս Հիսուսը հնազանդություն սովորեց։
[նկար 24–րդ էջի վրա]
Տասներկուամյա Հիսուսը լավ գիտեր Գրությունները
[նկար 26–րդ էջի վրա]
Ինչպե՞ս Հիսուսը հնազանդություն սովորեց տառապանքներից