ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36
Եհովայի ժողովուրդը արդարություն է սիրում
«Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության» (ՄԱՏԹ. 5։6)։
ԵՐԳ 9 Եհովան մեր Թագավորն է
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ փորձության բախվեց Հովսեփը, և ինչպե՞ս վարվեց։
ՀԱԿՈԲԻ որդի Հովսեփը բախվեց մի լուրջ փորձության։ Նրա տիրոջ՝ Պետափրեսի կինը նրան ասաց. «Պառկիր ինձ հետ»։ Հովսեփը մերժեց այդ առաջարկը։ Ոմանք գուցե մտածեն. «Ինչո՞ւ Հովսեփը դիմադրեց այդ գայթակղությանը»։ Նախ՝ Պետափրեսը տանը չէր։ Բացի այդ՝ Հովսեփը ստրուկ էր նրանց տանը, և այդ կինը նրա կյանքը կարող էր դժոխքի վերածել իրեն մերժելու համար։ Չնայած այս ամենին՝ Հովսեփը շարունակ մերժում էր նրա առաջարկները։ Ո՞րն էր պատճառը։ Հովսեփն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդ. 39։7-12)։
2. Հովսեփը որտեղի՞ց գիտեր, որ շնությունը մեղք է Աստծու դեմ։
2 Հովսեփը որտեղի՞ց գիտեր, որ Աստված շնությունը «մեծ չարիք» է համարում։ Չէ՞ որ Մովսիսական օրենքը, որի մաս էր կազմում «Շնություն մի՛ գործիր» պատվիրանը, գրվելու էր նրա ժամանակներից մոտ 200 տարի անց միայն (Ելք 20։14)։ Այդուհանդերձ, Հովսեփն այնքան լավ էր ճանաչում Եհովային, որ հասկացել էր, թե նա ինչպես է վերաբերվում անբարոյությանը։ Անկասկած, նա գիտեր, որ Աստված նախատեսել էր, որ ամուսնական միությունը լիներ մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև։ Հովսեփը նաև տեղյակ էր, որ Եհովան երկու անգամ պաշտպանել էր իր նախամայր Սառային անպատվությունից։ Նույն ձևով Աստված միջամտել և պաշտպանել էր Իսահակի կնոջը՝ Ռեբեկային (Ծննդ. 2։24; 12։14-20; 20։2-7; 26։6-11)։ Այս ամենի շուրջ խորհրդածելով՝ Հովսեփը հասկացել էր, թե Աստծու աչքում ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Քանի որ նա սիրում էր Եհովային, սիրում էր նաև նրա արդար չափանիշները և վճռական էր պահելու դրանք։
3. Ի՞նչ կիմանանք այս հոդվածի քննարկումից։
3 Իսկ դու արդարություն սիրո՞ւմ ես։ Անշուշտ, սիրում ես։ Մենք բոլորս անկատար ենք, ուստի եթե զգույշ չլինենք, արդարության վերաբերյալ աշխարհի տեսակետը կարող է հեշտությամբ ազդել մեզ վրա (Ես. 5։20; Հռոմ. 12։2)։ Հոդվածից կիմանանք, թե ինչ է արդարությունը, և թե ինչ օգուտներ կքաղենք, եթե սիրենք այն։ Նաև կիմանանք, թե որ երեք քայլերը կարող են օգնել մեզ, որ ամրացնենք Եհովայի չափանիշների հանդեպ մեր սերը։
Ի՞ՆՉ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Ի՞նչ սխալ պատկերացում ունեն շատերը արդարության վերաբերյալ։
4 Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները մտածում էին, որ միշտ անում են այն, ինչ ճիշտ է։ Սակայն Հիսուսը խստորեն դատապարտեց նրանց, քանի որ նրանք քննադատում էին ուրիշներին և ճշտի ու սխալի վերաբերյալ իրենց սեփական չափանիշներն էին սահմանում (Ժող. 7։16; Ղուկ. 16։15)։ Մեր օրերում էլ որոշ մարդիկ նույն կերպ են վարվում։ Նրանք պնդում են, թե ոչ մի սխալ բան չեն անում, բայց ուրիշներին դատում են իրենց սեփական չափանիշներով։ Սովորաբար նրանք ինքնահավան են, քննադատող և կարծում են, թե իրենք ուրիշներից ավելի լավն են։ Նման հատկությունները տհաճ են Եհովային և ոչ մի կապ չունեն արդարության հետ։
5. Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է արդարությունը։ Բեր օրինակներ։
5 Արդարությունը գեղեցիկ հատկություն է։ Արդար լինել նշանակում է անել այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Աստվածաշնչում «արդարություն» թարգմանված բառերը փոխանցում են բարձր չափանիշներով, այսինքն՝ Եհովայի չափանիշներով ապրելու իմաստ։ Օրինակ՝ Եհովան պատվիրել էր վաճառականներին, որ իրենց «կշռաքարը միշտ.... արդար լինի» (2 Օրենք 25։15)։ Ուստի այն քրիստոնյան, ով ցանկանում է արդար լինել Աստծու աչքում, պետք է իր բոլոր գործարքներում լիովին ազնիվ լինի։ Արդար մարդու համար նաև ատելի է ուրիշների հանդեպ անարդար վերաբերմունքը։ Բացի այդ՝ իսկապես արդար մարդը «[Եհովային] լիովին հաճեցնելու» համար մտածում է, թե նա ինչպես կվերաբերվի իր կայացրած որոշումներին (Կող. 1։10)։
6. Ինչո՞ւ կարող ենք վստահել ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներին (Եսայիա 55։8, 9)։
6 Աստվածաշնչում Եհովան ներկայացվում է որպես արդարության Աղբյուր։ Այդ իսկ պատճառով ասվում է, որ նրանում «արդարություն է բնակվում» (Երեմ. 50։7)։ Լինելով մեր Արարիչը՝ Եհովան միակն է, ով իրավունք ունի սահմանելու ճշտի ու սխալի վերաբերյալ չափանիշներ։ Քանի որ Եհովան կատարյալ է, նա հստակ գիտի, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Մինչդեռ հաճախ մեղքի և անկատարության պատճառով ճշտի ու սխալի վերաբերյալ մեր պատկերացումները աղավաղվում են (Առակ. 14։12; կարդա Եսայիա 55։8, 9)։ Չնայած դրան՝ մենք կարող ենք ապրել Աստծու արդար չափանիշներով, քանի որ նրա պատկերով ենք ստեղծված (Ծննդ. 1։27)։ Մենք ոչ միայն կարող ենք, այլև ցանկանում ենք այդպես ապրել։ Մեր երկնային Հոր հանդեպ սերը մղում է մեզ մեր հնարավորության սահմաններում լավագույնս ընդօրինակելու նրան (Եփես. 5։1)։
7. Ինչո՞ւ վստահելի չափանիշների կարիք ունենք։ Բեր օրինակ։
7 Մենք օգուտներ ենք քաղում՝ կառչած մնալով ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներին։ Տեսնենք, թե ինչու։ Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր բանկ ունենար արտարժույթի փոխարժեքը սահմանելու իր չափանիշները։ Կամ եթե յուրաքանչյուր շինարարական ընկերություն սահմաներ սեփական չափման միավորները։ Արդյունքում քաոս կտիրեր։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե բժշկական անձնակազմը չհետևեր բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ կոնկրետ չափանիշների։ Այդ դեպքում որոշ հիվանդներ գուցե մահանային։ Իրոք որ, վստահելի չափանիշները պաշտպանություն են։ Նմանապես ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները պաշտպանություն են մեզ համար։
8. Ի՞նչ օրհնություններ են սպասում նրանց, ովքեր արդարություն են սիրում։
8 Եհովան օրհնում է նրանց, ովքեր ձգտում են ապրել իր չափանիշներով։ Նա խոստանում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։29)։ Պատկերացնո՞ւմ ես՝ որքա՜ն խաղաղ, միասնական ու երջանիկ կլինի մարդկությունը, երբ բոլորը ապրեն Եհովայի սահմանած չափանիշներով։ Եհովան ցանկանում է, որ դու հենց այդպիսի աշխարհում ապրես։ Այո՛, մենք բոլորս հիմնավոր պատճառներ ունենք սիրելու արդարությունը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք խորացնել այդ սերը։ Տեսնենք, թե որ երեք քայլերը կօգնեն մեզ այդ հարցում։
ԽՈՐԱՑՐՈՒ ՍԵՐԴ ԵՀՈՎԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
9. Ի՞նչը կօգնի մեզ արդարություն սիրել։
9 Քայլ 1։ Սիրիր այն Անձնավորությանը, ով սահմանել է ճշտի ու սխալի վերաբերյալ չափանիշները։ Արդարություն սիրելու համար նախ պետք է խորացնենք մեր սերը Եհովայի հանդեպ, ով սահմանել է, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Որքան շատ սիրենք նրան, այնքան ավելի մեծ ցանկություն կունենանք ապրելու նրա արդար չափանիշների համաձայն։ Եթե Ադամն ու Եվան սիրեին Եհովային, երբեք չէին խախտի նրա տված արդար օրենքը (Ծննդ. 3։1-6, 16-19)։
10. Ի՞նչ արեց Աբրահամը, որ ավելի լավ հասկանա Եհովայի մտածելակերպը։
10 Ինչ խոսք, մենք չենք ցանկանում կրկնել Ադամի ու Եվայի սխալը։ Դրա համար պետք է շարունակենք սովորել Եհովայի մասին, գնահատենք նրա հատկությունները և ձգտենք հասկանալ նրա մտածելակերպը։ Արդյունքում Եհովայի հանդեպ մեր սերը կաճի։ Քննենք Աբրահամի օրինակը։ Նա իսկապես սիրում էր Եհովային և նույնիսկ երբ դժվարանում էր հասկանալ նրա որոշումները, չէր ըմբոստանում, այլ փորձում էր ավելի լավ ճանաչել նրան։ Օրինակ, երբ Աբրահամը իմացավ, որ Եհովան որոշել է կործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները, սկզբում վախեցավ, որ «ողջ երկրի Դատավորը» արդարներին չարերի հետ կկործանի։ Բայց նա չէր կարողանում համակերպվել այդ մտքի հետ, ուստի խոնարհաբար սկսեց հարցեր տալ Եհովային։ Եհովան էլ համբերատար կերպով պատասխանեց նրա հարցերին։ Ի վերջո Աբրահամը հասկացավ, որ Աստված քննում է յուրաքանչյուրի սիրտը և երբեք անմեղ մարդուն մեղավորի հետ չի պատժում (Ծննդ. 18։20-32)։
11. Աբրահամն ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում ու վստահում է Եհովային։
11 Աբրահամի վրա մեծ ազդեցություն թողեց Եհովայի հետ զրույցը։ Անկասկած, նա սկսեց ավելի շատ սիրել ու հարգել իր Հորը։ Տարիներ անց Եհովայի հանդեպ նրա վստահությունը մեծ փորձության ենթարկվեց։ Եհովան պատվիրեց Աբրահամին, որ զոհի իր սիրելի որդուն՝ Իսահակին։ Սակայն այս անգամ Աբրահամը հարցեր չտվեց, քանի որ ավելի լավ էր ճանաչում իր Աստծուն։ Նա պարզապես սկսեց անել այն, ինչ Եհովան էր ասել իրեն։ Բայց, ամենայն հավանականությամբ, նրա ներսը տակնուվրա էր լինում, երբ պատրաստվում էր կատարել Եհովայի հանձնարարությունը։ Թերևս Աբրահամը խորությամբ մտածում էր, թե մինչ այդ ինչեր է սովորել Եհովայի մասին։ Օրինակ՝ նա գիտեր, որ Եհովան երբեք անարդարացի կամ դաժանորեն չի վարվի։ Պողոս առաքյալի խոսքերից տեսնում ենք, որ Աբրահամը տրամաբանել ու եկել էր այն եզրահանգման, որ Եհովան կարող է հարություն տալ իր թանկագին որդուն՝ Իսահակին (Եբր. 11։17-19)։ Չէ՞ որ Եհովան խոստացել էր, որ Իսահակից մի ազգ է առաջ բերելու, իսկ այդ պահին Իսահակը դեռ երեխաներ չուներ։ Աբրահամը սիրում էր իր Հորը՝ Եհովային, ուստի համոզված էր, որ նա արդարությամբ կվարվի։ Հավատ դրսևորելով՝ Աբրահամը հնազանդվեց, թեև հեշտ չէր այդպես վարվել (Ծննդ. 22։1-12)։
12. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամին (Սաղմոս 73։28)։
12 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամին։ Նրա նման մենք պետք է շարունակ սովորենք Եհովայի մասին։ Այդպես մենք ավելի կմտերմանանք նրա հետ և ավելի շատ կսիրենք նրան (կարդա Սաղմոս 73։28)։ Բացի այդ՝ կմարզենք մեր խիղճը և այն կարտացոլի Աստծու մտածելակերպը (Եբր. 5։14)։ Արդյունքում, երբ մեզ դրդեն սխալ արարքի, մենք չենք տրվի գայթակղությանը։ Մեր երկնային Հորը ցավ պատճառելու և նրա հետ մեր փոխհարաբերությունները փչացնելու միտքն անգամ գարշելի կլինի մեզ համար։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ արդարություն ենք սիրում։
13. Ինչպե՞ս կարող ենք արդարության հետամուտ լինել (Առակներ 15։9)։
13 Քայլ 2։ Ձգտիր օր օրի ավելացնել սերդ արդարության հանդեպ։ Եհովայի արդար չափանիշների հանդեպ սեր զարգացնելը նման է մկանները զարգացնելուն, այսինքն՝ դրա համար շարունակական և հաստատակամ ջանքեր են պետք։ Սա մի բան է, որ կարող ենք անել ամեն օր։ Եհովան ողջամիտ է և երբեք մեզանից չի պահանջի անել մի բան, ինչը մեր կարողությունից վեր է (Սաղ. 103։14)։ Նա հավաստիացնում է, որ «արդարության հետամուտ լինողին.... սիրում է» (կարդա Առակներ 15։9)։ Սովորաբար, երբ ծառայության մեջ որևէ կոնկրետ նպատակի ենք ձգտում, շարունակ ջանքեր ենք թափում դրան հասնելու համար։ Նույնն է պարագան արդարության հետամուտ լինելու դեպքում։ Եթե այդպես վարվենք, Եհովան համբերատարությամբ կօգնի մեզ բարելավվել և շարունակ առաջադիմել (Սաղ. 84։5, 7)։
14. Ի՞նչ է «արդարության զրահը», և ինչո՞ւ է այն անհրաժեշտ։
14 Եհովան սիրառատ կերպով հիշեցնում է, որ իր արդար չափանիշներին հետևելը ծանր չէ (1 Հովհ. 5։3)։ Ավելին՝ դա պաշտպանություն է, որի կարիքը ամեն օր ունենք։ Հիշենք Պողոս առաքյալի նկարագրած հոգևոր սպառազինությունը (Եփես. 6։14-18)։ Դրա ո՞ր մասն էր պաշտպանում զինվորի սիրտը։ «Արդարության զրահը», որը ներկայացնում է Եհովայի արդար չափանիշները։ Ինչպես զրահն է պաշտպանում բառացի սիրտը, այնպես էլ Եհովայի չափանիշները կարող են պաշտպանել մեր փոխաբերական սիրտը, այսինքն՝ մեր ցանկությունները, զգացմունքներն ու մտքերը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ քո հոգևոր սպառազինության մեջ լինի արդարության զրահը (Առակ. 4։23)։
15. Ինչպե՞ս կարող ես հագնել արդարության զրահը։
15 Ինչպե՞ս կարող ես հագնել արդարության զրահը։ Դա կարող ես անել, եթե քո ամենօրյա որոշումներում հաշվի առնես Եհովայի չափանիշները։ Երբ մտածում ես, թե ինչի մասին խոսել, ինչպիսի երաժշտություն լսել, ինչ դիտել կամ ինչ գիրք կարդալ, նախ պետք է հարցնես ինքդ քեզ. «Ինչո՞վ եմ լցնում իմ սիրտը։ Արդյո՞ք դա հաճելի է Եհովային, թե՞ այն դրդում է անբարոյության, բռնության, ագահության և եսասիրության՝ բաներ, որոնք Եհովայի աչքում արդար չեն» (Փիլիպ. 4։8)։ Եթե այնպիսի որոշումներ կայացնես, որոնք ներդաշնակ են Եհովայի կամքին, թույլ կտաս, որ նրա արդար չափանիշները պաշտպանեն քո սիրտը։
16-17. Եսայիա 48։18 համարը ինչպե՞ս է հավաստիացնում մեզ, որ մենք հավիտյան կարող ենք ապրել Եհովայի արդար չափանիշներով։
16 Երբևէ եղե՞լ է այնպես, որ մտածես, թե չես կարողանա տարիներ շարունակ ամեն օր ապրել Եհովայի արդար չափանիշներով։ Նկատի առնենք, թե ինչ օրինակ է գրված Եսայիա 48։18-ում (կարդա)։ Եհովան խոստանում է, որ մեր արդարությունը «ծովի ալիքների պես կլինի»։ Պատկերացրու՝ կանգնած ես ընդարձակ ծովի ափին և նայում ես իրար հետևից եկող անվերջանալի ալիքներին։ Այդ ներդաշնակության մեջ մի՞թե կանհանգստանաս, որ ծովի ալիքները մի օր այլևս չեն լինի։ Ո՛չ։ Դու գիտես, որ հազարամյակներ շարունակ դրանք ողողել են այդ ափը և, անկասկած, կշարունակեն ծփալ այդ վայրում։
17 Քո արդարությունը կարող է նման լինել ծովի ալիքներին։ Ինչպե՞ս։ Երբ որոշման առաջ ես կանգնում, նախ՝ մտածիր, թե Եհովան ինչ է ուզում, որ անես։ Հետո՝ վարվիր նրա կամքի համաձայն։ Որքան էլ դժվար որոշման առաջ կանգնես, քո սիրառատ Հայրը միշտ քո կողքին կլինի և կօգնի, որ հաստատուն ու անսասան մնաս և ամեն օր ապրես նրա արդար չափանիշների համաձայն (Ես. 40։29-31)։
18. Ինչո՞ւ պետք է խուսափենք մարդկանց մեր սեփական չափանիշներով դատելուց։
18 Քայլ 3։ Թող Եհովան դատի։ Ճիշտ է, մենք ամեն ջանք թափում ենք, որպեսզի ապրենք Եհովայի արդար չափանիշներով, սակայն չպետք է դատենք ուրիշներին և մեզ մյուսներից ավելի արդար համարենք։ Մենք չպետք է մտածենք, թե իրավունք ունենք դատելու մարդկանց մեր սեփական չափանիշներով, այլ պետք է հիշենք, որ Եհովան է «ողջ երկրի Դատավորը» (Ծննդ. 18։25)։ Նա մեզ նման իրավասություն չի տվել։ Ավելին՝ Հիսուսը պատվիրել է. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթ. 7։1)։b
19. Հովսեփն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է Եհովայի դատավճիռներին։
19 Եկեք նորից անդրադառնանք Հովսեփի օրինակին։ Լինելով արդար մարդ՝ նա չէր դատում ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր իր հետ վատ էին վարվում։ Նրա հարազատ եղբայրները հարձակվեցին նրա վրա, ստրկության վաճառեցին և իրենց հորը խաբեցին՝ ասելով, թե Հովսեփը մեռած է։ Տարիներ անց Հովսեփը միավորվեց իր ընտանիքի հետ։ Այդ ժամանակ նա հզոր կառավարիչ էր և կարող էր խստորեն դատել իր եղբայրներին ու վրեժ լուծել նրանցից։ Վերջիններս վախենում էին, որ նա հենց այդպես էլ կվարվի, թեև անկեղծորեն զղջացել էին իրենց արածի համար։ Սակայն Հովսեփը հետևյալն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստված եմ» (Ծննդ. 37։18-20, 27, 28, 31-35; 50։15-21)։ Նա խոնարհաբար ընդունեց, որ միայն Եհովան իրավունք ունի դատելու իր եղբայրներին։
20-21. Ինչպե՞ս կարող ենք խուսափել ինքներս մեզ մյուսներից ավելի արդար համարելուց։
20 Հովսեփի պես մենք էլ ենք դատը հանձնում Եհովային։ Օրինակ՝ մենք ենթադրություններ չենք անում այն մասին, թե ինչու մեր հավատակիցը այս կամ այն կերպ վարվեց։ Մենք չենք կարող սրտեր կարդալ. միայն Եհովան է քննում մարդկանց մղումները (Առակ. 16։2)։ Նա սիրում է ամեն տեսակ մարդկանց՝ անկախ նրանց ծագումից ու մշակույթից, և հորդորում է մեզ, որ «ընդլայնենք [մեր] սրտերը» (2 Կորնթ. 6։13)։ Մենք ձգտում ենք սիրել մեր հոգևոր ընտանիքի բոլոր անդամներին և խուսափում ենք նրանց դատելուց։
21 Մենք չպետք է դատենք նաև նրանց, ովքեր մեր հավատակիցները չեն (1 Տիմոթ. 2։3, 4)։ Կդատեի՞ր այն հարազատիդ, ով չի կիսում քո հավատը՝ ասելով. «Նա երբեք չի ընդունի ճշմարտությունը»։ Իհարկե ո՛չ, դա հանդգնություն կլիներ և ցույց կտար, որ քեզ մյուսներից ավելի արդար ես համարում։ Եհովան դեռևս հնարավորություն է տալիս, որ «բոլորը.... զղջան» (Գործ. 17։30)։ Միշտ հիշիր, որ նրանք, ովքեր կարծում են, թե մյուսներից ավելի արդար են, Եհովայի աչքում անարդար են։
22. Ինչո՞ւ ես վճռել սիրել արդարությունը։
22 Թող որ Եհովայի արդար չափանիշների հանդեպ սերը ուրախություն բերի մեզ և մղի մյուսներին մտերմանալու մեր Արարչի ու մեզ հետ։ Թող որ միշտ «քաղցած ու ծարավ [լինենք] արդարության» (Մատթ. 5։6)։ Համոզված եղիր, որ Եհովան նկատում է ճիշտն անելու համար քո թափած ջանքերը և ուրախանում է՝ տեսնելով քո առաջադիմությունը։ Այս աշխարհը գնալով ավելի է մխրճվում անարդարության ճահճի մեջ, սակայն մի՛ հուսահատվիր։ Միշտ հիշիր, որ «Եհովան սիրում է արդարներին» (Սաղ. 146։8)։
ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում
a Այս չար աշխարհում արդար մարդ գտնելը շատ դժվար է, սակայն միլիոնավոր մարդիկ այսօր ապրում են Աստծու արդար չափանիշներով։ Մենք ձգտում ենք այդպես ապրել, քանի որ սիրում ենք Եհովային, իսկ Եհովան արդարություն է սիրում։ Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի շատ սիրենք այս գեղեցիկ հատկությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչ է արդարությունը, և ինչ օգուտներ կքաղենք, եթե սիրենք այն։ Նաև կտեսնենք, թե որ քայլերը կօգնեն մեզ ավելի շատ սիրել այդ հատկությունը։
b Երբեմն ժողովում լուրջ մեղքի և զղջման հետ կապված հարցեր են առաջանում, և անհրաժեշտ է լինում, որ երեցները դատեն (1 Կորնթ. 5։11; 6։5; Հակ. 5։14, 15)։ Այնուամենայնիվ, նրանք խոնարհաբար ընդունում են, որ չեն կարող սրտեր կարդալ, և որ իրենք դատում են Եհովայի համար (համեմատիր 2 Տարեգրություն 19։6)։ Երեցները ընդօրինակում են Եհովային և դատելիս ամեն կերպ ձգտում են դրսևորել ողջամտություն, ողորմածություն և արդարություն։