«Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»
«Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (ԵՓԵՍԱՑԻՍ 6։11)։
1, 2. Քո խոսքերով նկարագրիր այն հոգևոր սպառազինությունը, որ պետք է կրի քրիստոնյան։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ առաջին դարում Հռոմը հասել էր իր հզորության գագաթնակետին։ Իր զորեղ լեգեոններով քաղաքն իրեն էր ենթարկել այն օրերում հայտնի աշխարհի մեծ մասը։ Ինչպես նշում է մի պատմաբան, այդ բանակը «ամենահաջող ռազմական կազմակերպությունն [էր] պատմության մեջ»։ Հռոմի կանոնավոր բանակի զինվորներից մեծ կարգապահություն էր պահանջվում։ Բացի այդ, նրանք ենթարկվում էին խիստ մարզումների։ Սակայն ռազմական այդ ուժերի հաջողությունն ու արդյունավետությունը կախված էր նաև նրանց սպառազինությունից։ Հռոմեացի զինվորի սպառազինության օրինակը բերելով՝ Պողոսը ցույց տվեց, թե ինչ զենքեր պետք է ունենան քրիստոնյաները, որպեսզի հաղթանակ տանեն Բանսարկուի դեմ իրենց պատերազմում։
2 Հոգևոր սպառազինության նկարագրությունը գտնում ենք Եփեսացիս 6։14–17-ում։ Պողոսը գրում է. «Հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած, եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։ Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»։ Պողոսի նկարագրած սպառազինությունը բավական մեծ պաշտպանություն էր ապահովում հռոմեացի զինվորին։ Բացի այդ, վերջինս ուներ սուր, որն իր գլխավոր զենքն էր թշնամու վրա հարձակվելիս։
3. Ինչո՞ւ պետք է հնազանդվենք Հիսուս Քրիստոսի հրահանգներին և հետևենք նրա օրինակին։
3 Հռոմեական զինվորները հաջողության էին հասել ոչ միայն լավ զինվելու և մարզվելու պատճառով, այլև իրենց հրամանատարին հնազանդվելու։ Քրիստոնյաները նույնպես պետք է հնազանդվեն Հիսուս Քրիստոսին, որը Աստվածաշնչում կոչվում է «ազգերի.... հրամանատար» (Եսայիա 55։4)։ Հիսուսը նաև «եկեղեցու գլուխ[ն]» է (Եփեսացիս 5։23)։ Նա հրահանգներ է տալիս այն կապակցությամբ, թե ինչպես մղենք մեր հոգևոր պատերազմը։ Բացի այդ, Հիսուսը կատարյալ օրինակն է այն բանի, թե ինչպես կրել հոգևոր սպառազինությունը (Ա Պետրոս 2։21)։ Քանի որ քրիստոսանման անձնավորությունը շատ ընդհանրություններ ունի մեր հոգևոր սպառազինության հետ, Գրությունները խորհուրդ են տալիս «զինվել» նույն մտքով, ինչ Հիսուսի (Ա Պետրոս 4։1)։ Ուստի մեր հոգևոր սպառազինության բաղկացուցիչ մասերը վերլուծելիս կքննարկենք Քրիստոսի օրինակը, որպեսզի տեսնենք յուրաքանչյուր զենքի կարևորությունն ու արդյունավետությունը։
Պաշտպանել մեջքը, կուրծքը և ոտքերը
4. Ո՞րն է եղել գոտու նշանակությունը զինվորի սպառազինության մեջ, և ինչի՞ օրինակն է այն հանդիսանում։
4 Մեջքը՝ ճշմարտությամբ գոտևորված։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորները կրում էին 5–15 սանտիմետր լայնությամբ կաշվե գոտի։ Որոշ թարգմանիչներ այն կարծիքն են հայտնում, որ այդ համարը պետք է փոխանցվի հետևյալ կերպ. «Ճշմարտությունը, գոտու նման, ձեր մեջքին ձիգ կապված»։ Գոտին պաշտպանում էր զինվորի մեջքը։ Նաև այն բավական հարմար էր, քանի որ նրանից կարելի էր կախել սուրը։ Երբ զինվորը կապում էր իր գոտին, նա պատրաստվում էր պատերազմի։ Զինվորական գոտու օրինակը բերելով՝ Պողոսը ցույց տվեց, թե ինչ չափով պետք է սուրբգրային ճշմարտությունը ազդի մեր կյանքի վրա։ Այն պետք է, փոխաբերական լեզվով ասած, ձիգ կապված լինի մեր մեջքին, որպեսզի մենք ապրենք ճշմարտությանը ներդաշնակ և կարողանանք պաշտպանել այն ցանկացած իրավիճակում (Սաղմոս 43։3; Ա Պետրոս 3։15)։ Ուստի հարկավոր է ջանադրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը և խորհել այնտեղ գրվածի շուրջ։ Հիսուսը Աստծո օրենքը պահում էր իր «սրտի մէջ» (Սաղմոս 40։8)։ Շնորհիվ դրա՝ նա կարող էր հիշողությամբ մեջբերել Գրությունները հակառակորդների հարցերին պատասխանելիս (Մատթէոս 19։3–6; 22։23–32)։
5. Աստվածաշնչյան խորհուրդները ինչպե՞ս կարող են օգնել մեզ գայթակղության կամ փորձության ժամանակ։
5 Եթե թույլ տանք, որ Աստվածաշնչի ճշմարտությունը առաջնորդի մեզ, կկարողանանք պաշտպանվել կեղծ գաղափարներից և կայացնել իմաստուն որոշումներ։ Գայթակղության կամ փորձության ժամանակ Աստվածաշնչի խորհուրդները կամրացնեն մեր վճռականությունը ճիշտն անելու հարցում։ Մենք «կտեսնենք» մեր Մեծ Խրատողին՝ Եհովային, և «կլսենք» մեր հետևից եկող մի խոսք, որ ասում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Եսայիա 30։20 ՆԱ, 21)։
6. Ինչո՞ւ պետք է պաշտպանենք մեր փոխաբերական սիրտը, և արդարությունը ինչպե՞ս կարող է հաջողությամբ պաշտպանել այն։
6 Արդարության զրահը։ Զրահի օգնությամբ զինվորը պաշտպանում էր մի շատ կարևոր օրգան՝ սիրտը։ Մեր փոխաբերական սիրտը՝ մեր ներքին էությունը, հատուկ պաշտպանության կարիք ունի, քանի որ հակված է վատ բաներ անելու (Ծննդոց 8։21)։ Այդ պատճառով հարկավոր է սովորել և սիրել Եհովայի արդար չափանիշները (Սաղմոս 119։97, 105)։ Սերը արդարության հանդեպ մղում է մեզ մերժելու աշխարհային մտածելակերպը, որը դրդում է նշանակություն չտալ Եհովայի պարզ հրահանգներին կամ նվազ կարևոր համարել դրանք։ Ավելին, եթե սիրենք այն, ինչ ճիշտ է, և ատենք այն, ինչ սխալ է, ապա չենք քայլի այնպիսի ճանապարհով, որը կարող է կործանել մեր կյանքը (Սաղմոս 119։99–101; Ամովս 5։15)։ Այս առումով Հիսուսը լավ օրինակ է թողել։ Նրա մասին Գրություններն ասում են. «Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը» (Եբրայեցիս 1։9)։a
7. Հռոմեացի զինվորին ինչո՞ւ էին անհրաժեշտ լավ կոշիկներ, և դա ինչի՞ օրինակն է։
7 Ոտքերը՝ հագած խաղաղության ավետարանի պատրաստությամբ։ Հռոմեացի զինվորը դիմացկուն կոշիկների, կամ՝ ամուր սանդալների կարիք ուներ, քանի որ արշավի գնալիս օրվա ընթացքում սովորաբար անցնում էր 30 կիլոմետր՝ իր վրա կրելով մոտ 27 կիլոգրամ զենք ու զրահ։ Պողոսը, միանգամայն տեղին, բերում է կոշիկների օրինակը, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի պատրաստակամությամբ պետք է քարոզենք Թագավորության լուրը լսելու պատրաստ յուրաքանչյուր մարդու։ Սա կարևոր է. մարդիկ ինչպե՞ս պետք է ճանաչեն Եհովային, եթե մենք պատրաստ չլինենք կամ ցանկություն չունենանք նրանց քարոզելու (Հռովմայեցիս 10։13–15)։
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին բարի լուրը քարոզելու հարցում։
8 Ո՞ր գործունեությունն էր ամենակարևոր տեղը գրավում Հիսուսի կյանքում։ Ահա թե ինչ ասաց նա հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսին. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ»։ Հիսուսը քարոզում էր բոլոր այն դեպքերում, երբ լսելու պատրաստ մարդու էր հանդիպում։ Նա այնպիսի բավականություն էր ստանում իր ծառայությունից, որ նախապատվությունը տալիս էր այդ գործին և ոչ թե իր ֆիզիկական կարիքները բավարարելուն (Յովհաննէս 4։5–34; 18։37)։ Եթե մենք, Հիսուսի նման, մեծ ցանկություն ունենք տարածելու բարի լուրը, ապա շատ հնարավորություններ կգտնենք ուրիշներին այն պատմելու։ Ավելին, ամբողջությամբ զբաղված լինելով մեր ծառայությամբ՝ կկարողանանք հոգևորապես ամուր մնալ (Գործք 18։5)։
Վահանը, սաղավարտը և սուրը
9. Ի՞նչ պաշտպանություն էր ապահովում մեծ վահանը հռոմեացի զինվորին։
9 Հավատի վահանը։ «Վահան» թարգմանված հունարեն բառը մատնանշում է բավականաչափ մեծ վահան, որով զինվորը կարող էր փակել իր մարմնի մեծ մասը։ Այն օգնում էր պաշտպանվել Եփեսացիս 6։16–ում հիշատակվող ‘կրակոտ նետերից’։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորները օգտագործում էին տեգեր, որոնք պատրաստվում էին եղեգնյա խոռոչավոր ձողերից։ Դրանց ծայրին ամրացնում էին երկաթե փոքր անոթներ, որոնց մեջ հնարավոր էր լցնել այրվող նավթ։ Մի մասնագետի խոսքերով՝ այդ տեգերը «ամենավտանգավոր զենքն էին հնում անցկացվող պատերազմների ժամանակ»։ Եթե զինվորը մեծ վահան չունենար, որպեսզի պաշտպաներ իրեն նման նետերից, ապա կարող էր շատ լուրջ վիրավորվել կամ էլ նույնիսկ սպանվել։
10, 11. ա) Ի՞նչ ‘կրակոտ նետեր’ է գործի դնում Սատանան, որպեսզի կոտրի մեր հավատը։ բ) Հիսուսի օրինակից ինչպե՞ս է երևում հավատի կարևորությունը փորձության ժամանակ։
10 Ի՞նչ ‘կրակոտ նետեր’ է գործի դնում Սատանան՝ մեր հավատը կոտրելու նպատակով։ Նա կարող է հալածանք առաջ բերել կամ հակառակություն ստեղծել ընտանիքի անդամների, աշխատակիցների և համադասարանցիների կողմից։ Ոմանց հոգևորի վրա կործանարար ազդեցություն են թողել ունեցվածքը շատացնելու ցանկությունը կամ անբարոյական արարք կատարելու գայթակղությունը։ Նման վտանգներից պաշտպանվելու համար «ամենի վերայ» պետք է հավատի մեծ վահանն առնենք։ Հավատ կարելի է ձեռք բերել՝ Եհովայի մասին սովորելով, նրա հետ աղոթքով կանոնավորապես հաղորդակցվելով և հասկանալով, թե ինչպես է նա պաշտպանում և օրհնում մեզ (Յեսու 23։14; Ղուկաս 17։5; Հռովմայեցիս 10։17)։
11 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, թե որքան կարևոր է ամուր հավատ ունենալ ծանր իրավիճակներում։ Նա լիովին վստահում էր իր Հոր որոշումներին և ուրախություն էր ստանում Աստծո կամքը կատարելուց (Մատթէոս 26։42, 53, 54; Յովհաննէս 6։38)։ Անգամ Գեթսեմանի պարտեզում, հոգեկան մեծ տառապանքների մեջ, Հիսուսն ասաց իր Հորը. «Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» (Մատթէոս 26։39)։ Նա երբեք չէր մոռանում, թե որքան կարևոր է անարատություն պահել և ուրախացնել իր Հոր սիրտը (Առակաց 27։11)։ Եթե մենք նույն վստահությունն ունենանք Եհովայի հանդեպ, երբեք թույլ չենք տա, որ մեր հավատը թուլանա քննադատության ու հակառակության պատճառով։ Աստծուն ապավինելով, նրա հանդեպ սեր ցույց տալով և նրա պատվիրանները պահելով՝ կամրացնենք մեր հավատը (Սաղմոս 19։7–11; Ա Յովհաննէս 5։3)։ Նյութական ոչ մի վարձատրություն և ոչ մի մարմնական հաճույք չեն կարող համեմատվել այն օրհնությունների հետ, որ Եհովան պատրաստել է իրեն սիրողների համար (Առակաց 10։22, ԱԱ)։
12. Ի՞նչ կարևոր պաշտպանություն է ապահովում մեր փոխաբերական սաղավարտը, և ինչո՞ւ է դա անհրաժեշտ։
12 Փրկության սաղավարտը։ Սաղավարտը պաշտպանում էր զինվորի գլուխը և ուղեղը՝ բանականության կենտրոնը։ Քրիստոնյաների հույսը համեմատվում է սաղավարտի հետ, քանի որ պաշտպանում է մեր միտքը (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։ Թեպետ Աստծո Խոսքի ճշգրիտ գիտության միջոցով մենք փոփոխության ենք ենթարկել մեր մտածելակերպը, սակայն շարունակում ենք մնալ թույլ և անկատար։ Մեր միտքը կարող է հեշտությամբ ապականվել։ Իրերի այս դրության կողմից խրախուսվող նպատակները կարող են շեղել մեզ կամ նույնիսկ փոխարինել մեր աստվածաշնորհ հույսին (Հռովմայեցիս 7։18; 12։2)։ Բանսարկուն անարդյունք փորձեց շեղել Հիսուսին նրա նպատակից՝ առաջարկելով նրան «աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը» (Մատթէոս 4։8)։ Սակայն Հիսուսը հաստատակամորեն մերժեց նրա առաջարկը։ Պողոսը նրա մասին ասաց. «Իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ [«համար», ԱԱ] խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12։2)։
13. Ինչպե՞ս կարող ենք վառ պահել ապագայի հանդեպ մեր հույսը։
13 Այն վստահությունը, որ ուներ Հիսուսը, մեխանիկորեն չէր առաջացել։ Եթե ապագայի հույսը մտքում վառ պահելու փոխարեն տարվենք աշխարհային երազանքներով ու ձգտումներով, մեր հավատը Աստծո խոստումների հանդեպ կթուլանա։ Ժամանակի ընթացքում մենք նույնիսկ կարող ենք ամբողջությամբ կորցնել մեր հույսը։ Իսկ եթե կանոնավորապես խորհրդածենք Աստծո խոստումների շուրջ, ապա կշարունակենք ուրախանալ այն հույսով, որ դրված է մեր առջև (Հռովմայեցիս 12։12)։
14, 15. ա) Ո՞րն է մեր փոխաբերական սուրը, և ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել։ բ) Օրինակի օգնությամբ ցույց տուր, թե ոգու սուրը ինչպես կարող է օգնել մեզ դիմակայել գայթակղությանը։
14 Ոգու սուրը։ Աստծո խոսքը, կամ՝ պատգամը, որ արձանագրված է Սուրբ Գրքում, նման է զորեղ երկսայր սրի, որը կարող է «կտրել» կրոնական կեղծիքները և օգնել արդար սիրտ ունեցող մարդկանց հոգևոր ազատություն գտնելու (Յովհաննէս 8։32; Եբրայեցիս 4։12)։ Այդ հոգևոր սուրը կարող է պաշտպանել մեզ նաև այն ժամանակ, երբ ենթարկվում ենք գայթակղությունների, կամ երբ հավատուրացները փորձում են կործանել մեր հավատը (Բ Կորնթացիս 10։4, 5)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Գրությունները սկզբից մինչև վերջ ներշնչված են Աստծո կողմից և օգնում են մեզ պատրաստ լինել ամեն բարի գործերի (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
15 Անապատում Սատանայի կողմից փորձվելիս Հիսուսը հաջողությամբ օգտագործեց ոգու սուրը՝ ետ մղելով տրամաբանական կեղծ փաստարկներն ու գայթակղության մեջ գցող խորամանկ առաջարկությունները։ Սատանայի բոլոր առաջարկներին նա պատասխանեց՝ «գրուած է» (Մատթէոս 4։1–11)։ Դավիթը՝ Իսպանիայում ապրող մի Եհովայի վկա, նույնպես տեսել է, որ Գրությունները օգնում են դիմակայել գայթակղությանը։ Երբ նա 19 տարեկան էր, մի սիրունատես երիտասարդ կին, որն աշխատում էր մաքրությամբ զբաղվող նույն ընկերությունում, առաջարկեց, որ նրանք միասին «լավ» ժամանակ անցկացնեն։ Դավիթը մերժեց նրա առաջարկը և խնդրեց իր վերադասին, որ նրան տեղափոխեն ուրիշ տարածքում աշխատելու, որպեսզի այդ բանը նորից չկրկնվի։ «Ես հիշեցի Հովսեփի օրինակը,— ասում է Դավիթը։— Նա մերժեց անբարոյականությունը և անմիջապես հեռացավ։ Ես նույն կերպ վարվեցի» (Ծննդոց 39։10–12)։
16. Բացատրիր, թե ինչու պետք է վարժվենք ‘ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարել’։
16 Հիսուսը օգտագործում էր ոգու սուրը նաև ուրիշներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանային ազատվել Սատանայի իշխանությունից։ «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»,— ասել էր նա (Յովհաննէս 7։16)։ Որպեսզի կարողանանք Հիսուսի նման հմուտ ուսուցիչներ լինել, պետք է վարժվենք ուսուցանելու գործում։ Հռոմեացի զինվորների մասին հրեա պատմիչ Հովսեպոսը գրում է. «Բոլոր զինվորները ամեն օր մարզվում են, և անում են դա մեծ ջանադրությամբ, կարծես ժամանակը պատերազմական է։ Դա է պատճառը, որ մարտի ժամանակ նրանք այդքան հեշտ են տանում հոգնածությունը»։ Հոգևոր պատերազմում մենք պետք է օգտագործենք Աստվածաշունչը։ Ավելին, պետք է «ջանք [անենք] որ [մեր] անձն ընտիր կանգնեցնե[նք] Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[նք]» (Բ Տիմոթէոս 2։15)։ Ինչպիսի՜ բավականություն ենք ստանում, երբ Գրությունների օգնությամբ պատասխանում ենք հետաքրքրվող անհատի անկեղծ հարցին։
Աղոթք արեք ամեն ժամանակ
17, 18. ա) Ի՞նչ դեր է խաղում աղոթքը Սատանային դիմագրավելու հարցում։ բ) Օրինակի օգնությամբ ցույց տուր, թե որքան արժեքավոր է աղոթքը։
17 Հոգևոր սպառազինությունը քննարկելուց հետո Պողոսը տալիս է մի շատ կարևոր խորհուրդ ևս։ Սատանային դիմագրավելիս Քրիստոնյաները պետք է «ամեն աղօթքով եւ աղաչանքով» դիմեն Աստծուն։ Ի՞նչ հաճախականությամբ։ «Աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով»,— գրեց Պողոսը (Եփեսացիս 6։18)։ Գայթակղության, փորձության կամ վհատվածության պահին աղոթքը մեծապես կարող է ամրացնել մեզ (Մատթէոս 26։41)։ Հիսուսը «աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 5։7)։
18 Միլագրոսը, որն ավելի քան 15 տարի խնամում է քրոնիկական հիվանդ իր ամուսնուն, ասում է. «Երբ վհատվում եմ, աղոթքով դիմում եմ Եհովային։ Նրանից լավ ոչ ոք չի կարող օգնել ինձ։ Ճիշտ է, երբեմն այնպիսի զգացում եմ ունենում, որ այլևս չեմ կարող դիմանալ, սակայն նորից ու նորից Եհովային աղոթելուց հետո ուժերս նորոգվում են և տրամադրությունս բարձրանում է»։
19, 20. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հաղթանակ տանենք Սատանայի դեմ մեր պատերազմում։
19 Բանսարկուն գիտի, որ իր ժամանակը կարճ է, և նա ավելի մեծ ջանքեր է գործադրում մեզ կոտրելու նպատակով (Յայտնութիւն 12։12, 17)։ Մենք պետք է դիմադրենք այդ հզոր թշնամուն և «պատերազմ[ենք] հաւատքի բարի պատերազմը» (Ա Տիմոթէոս 6։12)։ Իսկ դրա համար սովորականից ավելի մեծ զորություն է հարկավոր (Բ Կորնթացիս 4։7, ՆԱ)։ Մեզ նաև անհրաժեշտ է Աստծո ոգու օգնությունը։ Ուստի պետք է աղոթենք այդ մասին։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։
20 Ինչպես տեսնում ենք, չափազանց կարևոր է հագնել Եհովայի կողմից տրված սպառազինությունը։ Որպեսզի կարողանանք կրել այդ հոգևոր զենքերը, պետք է զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ինչպես օրինակ՝ հավատ և արդարություն։ Նաև անհրաժեշտ է, որ սիրենք ճշմարտությունը՝ «կապենք» այն մեր մեջքին, պատրաստ լինենք պատմելու բարի լուրը յուրաքանչյուր առիթի դեպքում և մեր մտքում վառ պահենք ապագայի հույսը։ Նաև պետք է սովորենք հմտորեն օգտագործել ոգու սուրը։ Աստծո սպառազինությունը հագնելով՝ մենք կկարողանանք հաղթանակ տանել չար ոգիների դեմ մեր պատերազմում և իսկապես փառք բերել Եհովայի սուրբ անվանը (Հռովմայեցիս 8։37–39)։
[ծանոթագրություններ]
a Եսայիայի մարգարեության մեջ հենց Եհովայի մասին ասվում է, որ նա հագնում է «արդարութիւնը զրահի պէս»։ Դա ցույց է տալիս, որ Աստված ժողովի վերակացուներից պահանջում է իրավունք և արդարություն գործել (Եսայիա 59։14, 15, 17)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ո՞վ է լավագույն օրինակը հոգևոր սպառազինությունը կրելու հարցում, և ինչո՞ւ պետք է ուշադրությամբ քննենք նրա օրինակը։
• Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր միտքն ու փոխաբերական սիրտը։
• Ինչպե՞ս կարող ենք հմտանալ ոգու սուրը օգտագործելու մեջ։
• Ինչո՞ւ պետք է աղոթենք ամեն ժամանակ։
[նկարներ 17–րդ էջի վրա]
Աստվածաշունչը ջանադրաբար ուսումնասիրելով՝ ցանկություն կունենանք հռչակելու բարի լուրը յուրաքանչյուր առիթի դեպքում
[նկարներ 18–րդ էջի վրա]
Մեր հաստատ հույսն օգնում է դիմակայել փորձություններին
[նկարներ 19–րդ էջի վրա]
Ծառայության մեջ օգտագործո՞ւմ ես ոգու սուրը