Ունե՞ս «խոսելու ազատություն»
ԱՇԽԱՐՀԻ 235 երկրներում ավելի քան վեց միլիոն մարդ ունի այն, ինչ Աստվածաշնչում կոչվում է «խոսելու ազատություն»։ Այս արտահայտությունը անգլերեն «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ հանդիպում է 16 անգամ (Փիլիպպեցիս 1։20; Ա Տիմոթէոս 3։13; Եբրայեցիս 3։6; Ա Յովհաննէս 3։21)։ Իսկ ի՞նչ է նշանակում «խոսելու ազատություն» արտահայտությունը։ Ի՞նչը կօգնի մեզ ունենալ այն։ Հաղորդակցության ո՞ր ոլորտներում է այս ազատությունը թույլ տալիս մեզ անարգելք արտահայտվելու։
Ըստ «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի» (անգլ.)՝ «խոսելու ազատություն» թարգմանված հունարեն արտահայտությունը նշանակում է «ազատորեն խոսել, անկաշկանդ արտահայտվել, .... խոսել առանց վախենալու, համարձակորեն. փաստորեն՝ այդ բառը կարող է նշանակել վստահություն, քաջություն, համարձակություն, և անպայման չէ, որ այն կապ ունենա խոսելու հետ»։ Սակայն համարձակությամբ խոսելը չպետք է շփոթել կոշտ ու կոպիտ խոսելու հետ։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով.... լինի» (Կողոսացիս 4։6)։ Անհատը չպետք է թույլ տա, որ ծանր իրավիճակները կամ մարդավախությունը զրկեն իրեն խոսելու ազատությունից, և պետք է շարունակի մնալ քաղաքավարի և նրբանկատ։
Արդյո՞ք խոսելու ազատությունը մարդու անքակտելի իրավունքն է։ Ուշադրություն դարձրու, թե Պողոս առաքյալն ինչ գրեց եփեսացի քրիստոնյաներին։ Նա ասաց. «Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարըստութիւնը»։ Հետո ավելացրեց. «[Հիսուս Քրիստոսի միջոցով] ունինք համարձակութիւնը [«խոսելու ազատությունը», ՆԱ] եւ յուսով մօտենալը նորան հաւատալով» (Եփեսացիս 3։8–12)։ Խոսելու ազատությունը ոչ թե մեր անքակտելի իրավունքն է, այլ մի բան է, որը բխում է Եհովա Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերություններից, որոնք հիմնված են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի վրա։ Եկեք տեսնենք, թե ինչը կարող է օգնել մեզ ունենալ այդ ազատությունը, և ինչպես կարող ենք այն դրսևորել քարոզելիս, ուսուցանելիս և աղոթելիս։
Ի՞նչն է օգնում մեզ քարոզել համարձակորեն
Հիսուս Քրիստոսը խոսելու ազատության հարցում մեծագույն օրինակն է։ Լինելով եռանդուն անձնավորություն՝ նա քարոզելու հնարավորությունը բաց չէր թողնում։ Երբ էլ որ լիներ՝ հանգստանալիս, որևէ մեկի տանը ճաշելիս, թե ճանապարհ գնալիս, նա միշտ խոսում էր Աստծու Թագավորության մասին։ Ո՛չ ծաղրանքը և ո՛չ էլ բացահայտ հակառակությունը չկարողացան լռեցնել Հիսուսին։ Դեռ ավելին, նա քաջաբար քողազերծեց իր օրերի կեղծ կրոնական առաջնորդներին (Մատթէոս 23։13–36)։ Նույնիսկ իր ձերբակալության և դատավարության ժամանակ Հիսուսը խոսեց անվախորեն (Յովհաննէս 18։6, 19, 20, 37)։
Հիսուսի առաքյալները նույնպես անվախորեն էին խոսում։ Մ. թ. 33–ի Պենտեկոստեին Պետրոսը համարձակորեն ելույթ ունեցավ ավելի քան 3 000 հոգանոց բազմության առաջ։ Հետաքրքիր է, որ դրանից կարճ ժամանակ առաջ նա վախով համակվեց, երբ աղախինը ճանաչեց իրեն (Մարկոս 14։66–71; Գործք 2։14, 29, 41)։ Հովհաննեսն ու Պետրոսը չվախեցան կրոնական առաջնորդներից, երբ իրենց տարան նրանց մոտ։ Անկասկած, նրանք խիզախորեն վկայություն տվեցին Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Կարելի է ասել, որ հենց Պետրոսի և Հովհաննեսի համարձակության շնորհիվ կրոնական առաջնորդները հասկացան, որ նրանք Հիսուսի հետ են եղել (Գործք 4։5–13)։ Ինչպե՞ս նրանք կարողացան համարձակորեն խոսել։
Հիսուսն իր առաքյալներին խոստացել էր. «Երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք. որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է» (Մատթէոս 10։19, 20)։ Սուրբ ոգին օգնեց Պետրոսին և մյուսներին հաղթահարել երկչոտությունն ու վախը, որ կարող էին խանգարել նրանց ազատորեն արտահայտվելու։ Այդ հզոր ուժը կարող է մեզ էլ օգնել։
Պետք է նաև նկատի ունենալ, որ Հիսուսն էր, որ իր հետևորդներին հանձնարարեց աշակերտներ պատրաստել։ Նա այն Անձնավորությունն է, որը ստացել է «ամեն իշխանութիւնն.... երկնքումն եւ երկրումս», և ‘նա նրանց հետ է’ (Մատթէոս 28։18–20)։ Գիտակցելով, որ իրենց թիկունքին Հիսուսն է կանգնած՝ վաղ աշակերտներն իրենց վստահ էին զգում իշխանությունների առջև, որոնք վճռականորեն տրամադրված էին խոչընդոտելու քարոզչության գործին (Գործք 4։18–20; 5։28, 29)։ Նման գիտակցումը կարող է օգնել և մեզ։
Պողոսը համարձակություն ունենալու ևս մեկ պատճառ նշեց. նա խոսելու ազատությունը կապեց հույսի հետ (Բ Կորնթացիս 3։12, ՆԱ; Փիլիպպեցիս 1։20, ՆԱ)։ Քանի որ դա մի հրաշալի հույս էր, քրիստոնյաները պետք է այդ մասին պատմեին ուրիշներին։ Այո՛, մեր ունեցած հույսը խոսելու ազատություն ունենալու մեծ հիմք է (Եբրայեցիս 3։6)։
Քարոզենք համարձակորեն
Ինչպե՞ս կարող ենք համարձակորեն քարոզել դժվար իրավիճակներում։ Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Երբ բանտարկված էր Հռոմում, նա իր հավատակիցներին խնդրեց աղոթել, ‘որ իրեն խոսք տրվի իր բերանը բանալու ժամանակ, որ համարձակ լինի, ինչպես որ պետք է իրեն խոսել’ (Եփեսացիս 6։19, 20)։ Պատասխանվեցի՞ն այդ աղոթքները։ Այո՛։ Գտնվելով բանտում՝ Պողոսը շարունակեց ‘Աստծու արքայությունը քարոզել անխափան ամեն համարձակությամբ’ (Գործք 28։30, 31)։
Մեր համարձակության աստիճանը երևում է այն բանից, թե որքանով ենք օգտվում աշխատավայրում, դպրոցում կամ ճանապարհորդելիս վկայություն տալու հնարավորություններից։ Երկչոտությունը, սեփական ուժերի հանդեպ անվստահությունը և վախը, թե ինչպես մարդիկ կարձագանքեն, կարող են ստիպել մեզ լուռ մնալ։ Այս առումով նույնպես Պողոս առաքյալը մեզ համար լավ օրինակ է թողել։ Նա գրեց. «Համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով» (Ա Թեսաղոնիկեցիս 2։2)։ Պողոսը կարողացավ իր ուժերից վեր գործեր անել միայն շնորհիվ այն բանի, որ ապավինեց Եհովային։
Աղոթքն օգնեց Շերի անունով մի կնոջ խոսել համարձակությամբ, երբ ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություն ստեղծվեց։ Մի անգամ, երբ սպասում էր ամուսնուն, նա նկատեց մի կնոջ, որը նույնպես սպասում էր ինչ–որ մեկին։ «Սիրտս սկսեց ուժգին բաբախել,— ասում է Շերին,— և ես աղոթեցի Եհովային, որ ինձ քաջություն տա»։ Շերին մոտեցավ այդ կնոջը, բայց այդ պահին մի բապտիստական ծառայող եկավ։ Շերին չէր սպասում, որ իրեն հոգևորական կհանդիպի։ Նա դարձյալ աղոթեց և կարողացավ վկայություն տալ։ Շերին գրականություն տվեց այդ կնոջը և պայմանավորվեց այցելել նրան։ Երբ բաց չենք թողնում վկայություն տալու հնարավորությունը և ապավինում ենք Եհովային, կարող ենք վստահ լինել, որ նա կօգնի մեզ համարձակորեն խոսել։
Ուսուցանելու մեջ
Խոսելու ազատությունը սերտ կապ ունի ուսուցանելու հետ։ Ժողովում իրենց «պաշտոնը», այսինքն՝ ծառայությունը, ‘լավ կատարողների’ վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «[Նրանք] իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն [«խոսելու մեծ ազատություն», ՆԱ]՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է» (Ա Տիմոթէոս 3։13)։ Խոսելու այդ ազատությունը նրանք «շահում», կամ՝ ձեռք են բերում նրանով, որ անձամբ կիրառում են այն, ինչ իրենք սովորեցնում են ուրիշներին։ Վարվելով այդպես՝ նրանք պաշտպանում և ամրապնդում են ժողովը։
Եթե խոսելու ազատություն ունենք, ապա շատ ավելի հավանական է, որ մեր տված խորհուրդն ընդունվի և կիրառվի։ Իսկ եթե վատ օրինակ լինենք, ապա մարդիկ կշփոթվեն ու կդժվարանան ընդունել խորհուրդը, բայց տեսնելով, որ խորհուրդ տվողն ինքն է կիրառում իր ասած խոսքերը՝ նրանք մեծ մղում կունենան հետևելու խորհրդին։ Այդ ազատությունն ունենալով՝ հոգևոր որակներ ունեցողները կարող են ‘ուղղության բերել իրենց եղբորը’, նախքան խնդիրը կբարդանա (Գաղատացիս 6։1, ԱԱ)։ Եվ հակառակը, վատ օրինակ թողնող անհատը գուցե վարանի որևէ մեկին խորհուրդ տալ՝ զգալով, որ ինքը խոսելու իրավունք չունի։ Իսկ եթե խորհուրդ տալը հետաձգում են, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։
Խոսելու ազատություն ունենալ չի նշանակում ունենալ քննադատական տրամադրվածություն, լինել դոգմատիկ կամ պնդել սեփական կարծիքը։ Պողոսը Փիլիմոնին ‘աղաչեց սիրո համար’, այսինքն՝ սիրուց մղված (Փիլիմոն 8, 9)։ Ամենայն հավանականությամբ, առաքյալի խոսքերը դրական արձագանք գտան։ Այո՛, երեցը պետք է ցանկացած խորհուրդ սիրուց մղված տա։
Ճիշտ է, շատ կարևոր է խոսելու ազատություն ունենալ խորհուրդ տալու հարցում։ Բայց դա անհրաժեշտ է նաև ուրիշ դեպքերում։ Պողոսը Կորնթոսի ժողովին գրեց. «Իմ համարձակութիւնը [«խոսելու ազատությունը», ՆԱ] շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ» (Բ Կորնթացիս 7։4)։ Պողոսը առիթը բաց չէր թողնում գովելու իր եղբայրներին և քույրերին, երբ դա տեղին էր։ Սերը մղում էր նրան կենտրոնանալու հավատակիցների լավ հատկությունների վրա, թեև նա գիտեր նրանց թերությունները։ Նման կերպով, այսօր քրիստոնեական ժողովը ծաղկում է, երբ երեցները չեն զլանում գովել և քաջալերել իրենց եղբայրներին ու քույրերին։
Խոսելու ազատություն պետք է ունենան բոլոր քրիստոնյաները, եթե նրանք ցանկանում են, որ իրենց տված ուսուցումը հասնի նպատակին։ Վերը հիշատակված Շերին ցանկացավ խրախուսել իր երեխաներին, որ դպրոցում վկայություն տան։ Նա խոստովանում է. «Թեև մեծացել եմ ճշմարտության մեջ, բայց հազվադեպ եմ դպրոցում քարոզել։ Ոչ պաշտոնական վկայություն տալու հարցում նույնպես շատ պասսիվ էի։ Ես ինքս ինձ հարցրեցի. «Ի՞նչ օրինակ եմ թողնում իմ երեխաներին»»։ Այս ինքնաքննությունը Շերիին մղեց ավելի մեծ ջանքեր թափելու ոչ պաշտոնական վկայություն տալու համար։
Այո՛, մարդիկ նկատում են, թե արդյոք մենք գործնականում կիրառում ենք այն, ինչ ինքներս ենք սովորեցնում։ Ուրեմն եկեք ձգտենք խոսելու ազատություն ունենալ՝ մեր գործերը համապատասխանեցնելով մեր խոսքերին։
Աղոթքում
Խոսելու ազատություն ունենալն առանձնապես կարևոր է Եհովային աղոթելիս։ Մենք կարող ենք առանց կաշկանդվելու մեր սիրտը բացել Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա կլսի մեր աղոթքները և կպատասխանի։ Դա կնպաստի, որ մեր երկնային Հոր հետ ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ ունենանք։ Երբեք չպետք է վարանենք մոտենալ Եհովային՝ մտածելով, թե մեզանից ընդհանրապես բան չենք ներկայացնում։ Ի՞նչ կարող ենք անել, եթե որևէ սխալի կամ մեղքի պատճառով մեղավոր ենք մեզ զգում, և դա թույլ չի տալիս, որ սրտանց դիմենք Աստծուն։ Նման դեպքում կարո՞ղ ենք շարունակել անկաշկանդ մոտենալ Գերիշխանին։
Հիսուսի բարձր դիրքը՝ Քահանայապետ լինելը, հավելյալ հիմք է տալիս մեզ, որ համարձակորեն աղոթենք Եհովային։ Եբրայեցիս 4։15, 16–ում կարդում ենք. «Ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակութիւնով [«խոսելու ազատությամբ», ՆԱ] մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»։ Ահա այսպիսի արժեք ունի Հիսուսի մահը, և այսպիսի դեր ունի նա որպես Քահանայապետ։
Եթե սրտանց հնազանդվենք Եհովային, ապա բոլոր հիմքերը կունենանք ակնկալելու, որ նա մեզ կլսի ու կօգնի։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն [«խոսելու ազատություն», ՆԱ] ունինք առ Աստուած։ Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք» (Ա Յովհաննէս 3։21, 22)։
Եհովային աղոթքի միջոցով ազատորեն մոտենալը նշանակում է, որ մենք կարող ենք նրան պատմել ամեն ինչ։ Ինչ մտավախություն, անհանգստություն և մտահոգություն էլ ունենանք, կարող ենք դրա մասին պատմել Եհովային՝ վստահ լինելով, որ նա երբեք չի փակի իր ականջը մեր անկեղծ աղոթքների առջև։ Նույնիսկ եթե ծանր մեղք ենք գործել, մեղավորության զգացումը չպետք է խոչընդոտի մեզ, որ աղոթքով դիմենք Աստծուն, իհարկե, եթե սրտանց զղջում ենք արածի համար։
Խոսելու ազատության անարժան պարգևը անգին է։ Այն մեզ հնարավորություն է տալիս քարոզելու և ուսուցանելու ժամանակ փառաբանել Եհովային, ինչպես նաև աղոթքով մոտենալ նրան։ Եկեք ‘դեն չգցենք մեր վստահությունը [«խոսելու ազատությունը», ՆԱ], որ մեծ վարձքի հատուցումն ունի’ (Եբրայեցիս 10։35)։
[նկար 13-րդ էջի վրա]
Պողոս առաքյալը համարձակորեն էր խոսում
[նկարներ 15-րդ էջի վրա]
Որպեսզի մեր տված ուսուցումը հասնի իր նպատակին, պետք է խոսելու ազատություն ունենանք
[նկար 16-րդ էջի վրա]
Շատ կարևոր է խոսելու ազատություն ունենալ աղոթելիս