Մարդկության խնդիրները կլուծվե՛ն շուտով
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ սահմանափակ օգուտներ կարող է բերել, եթե ընդգրկված չլինի ստրատեգիական և քաղաքական ավելի մեծ ծրագրի մեջ՝ ուղղված պատերազմի բուն պատճառը վերացնելու։ Փորձը նորից և նորից ցույց է տալիս, որ միայն բարեգործությամբ հնարավոր չէ լուծել քաղաքական բնույթ կրող խնդիրները» («The State of the World’s Refugees 2000»)։
Չնայած որ բարեգործությունը այդքան մեծ չափերի է հասնում՝ մարդկության խնդիրները գնալով աճում են։ Հնարավո՞ր է արդյոք վերջնական լուծում գտնել քաղաքականության միջոցով։ Հազիվ թե։ Իսկ ուրիշ որտե՞ղ կարող ենք փնտրել այդ խնդիրների լուծումը։ Եփեսացի քրիստոնյաներին ուղղված իր նամակի հենց սկզբում Պողոս առաքյալը ուշագրավ խոսքեր է գրել, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես Աստվա՛ծ վերջ կդնի մարդկության բոլոր խնդիրներին։ Այնտեղ նույնիսկ ասվում է, թե ինչ միջոց է նա օգտագործելու այդ նպատակին հասնելու համար. մի այնպիսի միջոց, որը կլուծի մեզ դժբախտություն պատճառող այսօրվա բոլոր պրոբլեմների հիմքում ընկած խնդիրը։ Ինչո՞ւ չքննենք Պողոսի խոսքերը։ Դրանք գրված են Եփեսացիս 1։3–10 համարներում։
«Ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի»
Առաքյալի խոսքերով՝ Աստված մի «ծրագիր» (ԱՆԹ) է իրականացնելու «ժամանակների լրումին»։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Աստված ժամանակ է որոշել, երբ այնպես կանի, որ «ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի» (Եփեսացիս 1։10)։ Այո՛, Աստված սկսել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իր անմիջական վերահսկողության ներքո՝ երկնքում ու երկրի վրա եղող ամեն բան նորից ներդաշնակության մեջ բերի։ Հետաքրքիր է, որ ‘ամեն ինչ բովանդակել’ արտահայտության վերաբերյալ Ջ. Թեյերը (Աստվածաշնչի վերլուծաբան) հետևյալ մեկնաբանությունն է անում. «Քրիստոսի միջոցով նորից միավորել.... բոլոր բաներն ու բոլոր էակներին (մինչև օրս մեղքի պատճառով պառակտված)՝ որպես մեկ եղբայրություն»։
Որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչու է Աստված այդպես վարվելու, նախ քննենք, թե որտեղից ծագեց այդ պառակտումը։ Մարդկության պատմության արշալույսին մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, հետևելով Բանսարկու Սատանային, ապստամբեցին Աստծո դեմ։ Ձգտելով անկախության՝ նրանք ցանկանում էին իրենք որոշել, թե որն է բարին, և որն է չարը (Ծննդոց 3։1–5)։ Առաջին մարդիկ վտարվեցին Աստծո ընտանիքից և զրկվեցին նրա հետ իրենց ընկերական փոխհարաբերություններից. այդպես էր պահանջում Աստծո արդարությունը։ Նրանց արարքը պատճառ հանդիսացավ, որ մարդիկ դառնան անկատար, և հանգեցրեց այն բոլոր ահավոր բաներին, որ այսօր տեղի են ունենում մեզ հետ (Հռովմայեցիս 5։12)։
Ժամանակավորապես թույլատրվում է չարությունը
Սակայն, կարող է հարց ծագել, թե ինչու է Աստված թույլ տվել նման բան. չէ՞ որ իր ուժն օգտագործելով՝ նա պարզապես կարող էր թելադրել իր կամքը՝ այդպիսով կանխելով այն ցավն ու տառապանքը, որ այսօր մեզ բաժին են հասել։ Նման հարցերը բնական են։ Բայց եթե Աստված այդպես վարվեր, ի՞նչ կապացուցվեր դրանով։ Մի՞ թե հավանություն կտայիք այնպիսի մի անձնավորության, որն անհամաձայնության առաջին իսկ առիթի դեպքում վերացնում է իրեն ընդդիմացողներին, քանի որ այդպես վարվելու զորություն ունի։ Իհարկե ո՛չ։
Ապստամբները կասկածի չենթարկեցին այն իրողությունը, որ Աստված ամենազոր է։ Նրանք, ավելի շուտ, առաջ քաշեցին հետևյալ հարցերը. արդյո՞ք Աստված իրավունք ունի իշխելու, և արդյո՞ք նրա կառավարման ձևը ճիշտ է։ Բարձրացված հարցերը մեկընդմիշտ լուծելու համար Եհովան ժամանակավորապես թույլ տվեց, որ իր ստեղծած էակները իրենք իրենց կառավարեն՝ առանց նրա անմիջական ղեկավարման (Ժողովող 3։1; Ղուկաս 21։24)։ Երբ այդ ժամանակը լրանա, նա կմիջամտի մարդկանց գործերին, և երկիրը նորից ամբողջովին կանցնի նրա վերահսկողության տակ։ Այդ ժամանակ այլևս կասկած չի մնա, որ միայն նրա կառավարման միջոցով կապահովվի երկրի բնակիչների հարատև խաղաղությունը, երջանկությունը և բարգավաճումը։ Երկրի վրայից ընդմիշտ կվերանան հարստահարողները (Սաղմոս 72։12–14; Դանիէլ 2։44)։
«Աշխարհի սկիզբէն առաջ»
Եհովան վաղուց էր որոշել անել այս ամենը. Պողոսի խոսքերի համաձայն՝ «աշխարհի սկիզբէն առաջ» (Եփեսացիս 1։4)։ Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ որոշումը կայացվել էր երկրի արարումից առաջ կամ նախքան Ադամին ու Եվային ստեղծելը, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ «շատ բարի [լավ] էր», և բացի այդ դեռևս տեղի չէր ունեցել ապստամբություն (Ծննդոց 1։31)։ Այդ դեպքում ի՞նչ «աշխարհի» մասին էր խոսում Պողոս առաքյալը. Ադամի ու Եվայի երեխաների՝ մեղավոր, անկատար մարդկանց աշխարհի, որը փրկության կարիք ուներ։ Նույնիսկ մինչև նրանց երեխաների լույս աշխարհ գալը Եհովան արդեն գիտեր, թե ինչ է անելու, որպեսզի ազատի Ադամի՝ փրկության կարիք ունեցող ժառանգներին (Հռովմայեցիս 8։20)։
Սա, իհարկե, չի նշանակում, որ տիեզերքի Գերիշխանը ստիպված է լինելու խնդիրները լուծել այնպես, ինչպես մարդիկ. մարդիկ ամենայն մանրամասնություններով տարբեր ստրատեգիաներ են մշակում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ գիտակցելով, որ կարող է ամեն ինչ պատահել։ Ի տարբերություն նրանց՝ Ամենակարող Աստված պարզապես նպատակ է դնում և հետո իրականացնում է այն։ Ինչպե՞ս էր Եհովան որոշել լուծել խնդիրները և վերջնականապես ազատել մարդկությունը։ Տեսնենք թե ի՞նչ է ասում Պողոսը։
Ո՞վ է ազատագրելու
Պողոսը բացատրում է, որ Քրիստոսի օծյալ աշակերտները առանձնահատուկ դեր պետք է խաղան ադամական մեղքի վնասակար հետևանքների վերացման գործում։ Պողոսի խոսքերով՝ Եհովան «ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով» Հիսուսի հետ իր երկնային Թագավորության մեջ կառավարելու համար։ Այնուհետև Պողոսն ասում է, որ Եհովան «նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով» (Եփեսացիս 1։4, 5)։ Եհովան ընտրեց կամ նախասահմանեց նրանց ոչ թե անհատապես, այլ որպես մի խումբ՝ հավատարիմ և նվիրված մարդկանցից բաղկացած, որոնք Քրիստոսի հետ մասնակցելու են այն վնասի վերացման գործին, որ հասցվել է մարդկային ընտանիքին Սատանայի, Ադամի ու Եվայի արարքի հետևանքով (Ղուկաս 12։32; Եբրայեցիս 2։14–18)։
Կասկածի ենթարկելով Աստծո՝ իշխելու իրավունքը՝ Սատանան ակնարկում էր, թե մարդ արարածը ի սկզբանե թերի էր ստեղծված և ճնշման տակ կամ գայթակղության հանդիպելու դեպքում կհակառակվի Աստծո իշխանությանը (Յոբ 1։7–12; 2։2–5)։ Ակնառու կերպով ցուցադրելով ‘իր փառավոր շնորհը’՝ Եհովա Աստված ժամանակի ընթացքում ցույց տվեց, որ վստահում է իր երկրային արարածներին՝ որդեգրելով Ադամի մեղավոր ընտանիքի անդամներից ոմանց՝ որպես իր հոգևոր երեխաների։ Այդ փոքր խմբին պատկանող մարդիկ երկինք են գնալու և այնտեղ են ծառայելու։ Ի՞նչ նպատակով (Եփեսացիս 1։3–6, ԱԹ; Յովհաննէս 14։2, 3; Ա Թեսաղոնիկեցիս 4։15–17; Ա Պետրոս 1։3, 4)։
Աստծո այդ որդիները, ըստ Պողոսի, դառնում են «Քրիստոսի ժառանգակիցներ» նրա երկնային Թագավորության մեջ (Հռովմայեցիս 8։14–17, ԱԹ)։ Որպես թագավորներ և քահանաներ՝ նրանք ազատելու են մարդկանց ցավից ու տառապանքից (Յայտնութիւն 5։10)։ Ինչ խոսք, «բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ»։ Շուտով սակայն Աստծո այդ ընտրյալները, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, կազատեն բոլոր հնազանդ մարդկանց «ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։18–22)։
«Փրկութիւն, նրա արեան միջոցով»
Այս ամենը հնարավոր դարձավ մի բանի միջոցով, որը կարելի է համարել Աստծո շնորհի ամենավեհ դրսևորումը փրկության կարիք ունեցող մարդկության հանդեպ։ Դա Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն է։ Պողոսը գրում է. «Նրանո՛վ է [Հիսուս Քրիստոսով], որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի» (Եփեսացիս 1։7)։
Հիսուս Քրիստոսի դերը ամենագլխավորն է Աստծո նպատակներում (Եբրայեցիս 2։10)։ Նրա քավիչ զոհաբերությունը իրավական հիմք է ստեղծում Եհովայի համար՝ իր երկնային ընտանիքի մեջ ընդունելու Ադամի որոշ ժառանգների և ազատագրելու ողջ մարդկությունը ադամական մեղքի հետևանքներից։ Միևնույն ժամանակ, դրա շնորհիվ, է՛լ ավելի է ամրանում վստահությունը Աստծո օրենքների ու սկզբունքների հանդեպ (Մատթէոս 20։28; Ա Տիմոթէոս 2։6)։ Այն, թե ինչպես Եհովան լուծեց խնդիրը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրան բնորոշ է կատարյալ արդարությունը (Հռովմայեցիս 3։22–26)։
Աստծո սրբազան «խորհուրդը»
Դարեր շարունակ Աստված գաղտնի էր պահում, թե ինչպես է իրականացնելու իր նպատակը երկրի նկատմամբ։ Սակայն, մ.թ. առաջին դարում նա ‘ճանաչեցրեց [քրիստոնյաներին] իր կամքի խորհուրդը’ (Եփեսացիս 1։9)։ Պողոսն ու նրա օծյալ հավատակիցները սկսեցին շատ լավ հասկանալ այն փառահեղ դերը, որ Աստծո նպատակների մեջ հատկացվել էր Հիսուս Քրիստոսին։ Նրանք սկսեցին հասկանալ նաև իրենց բացառիկ դերը՝ որպես Քրիստոսի երկնային Թագավորության ժառանգակիցներ (Եփեսացիս 3։5, 6, 8–11)։ Այո՛, Քրիստոսի գլխավորած ու նրա թագավորակիցներից կազմված երկնային կառավարությունն է այն միջոցը, որն Աստված օգտագործելու է հարատև խաղաղություն հաստատելու համար ոչ միայն երկնքում, ալև երկրի վրա (Մատթէոս 6։9, 10)։ Այդ կառավարության միջոցով Եհովան կվերականգնի իր կողմից երկրի համար ի սկզբանե ծրագրած պայմանները (Եսայիա 45։18; 65։21–23; Գործք 3։21, ԱՆԹ)։
Մոտ է այն ժամանակը, երբ նա միջոցներ կձեռնարկի՝ երկրի վրայից վերացնելու կեղեքումն ու անարդարությունը։ Պետք է նշել, սակայն, որ վերականգման այդ գործը սկսվել է դեռևս մ.թ. 33 թ. Պենտեկոստեին։ Ինչպե՞ս։ Այդ ժամանակվանից ի վեր Աստված սկսել է հավաքել այն, «որ երկնքում է», այսինքն՝ Քրիստոսի թագավորակիցներին, որոնց թվում էին նաև եփեսացի քրիստոնյաները (Եփեսացիս 2։4–7)։ Վերջերս Աստված ձեռնամուխ եղավ նաև այն խմբի հավաքմանը, «որ երկրի վրայ» է (Եփեսացիս 1։10)։ Աշխարհով մեկ անցկացվող քարոզչական գործունեության շնորհիվ՝ բոլոր ազգերին բարի լուր է պատմվում Հիսուս Քրիստոսի Թագավորության մասին։ Դրան արձագանքող անհատներն այժմ արդեն գտնում են հոգևոր ապահովություն և բուժում (Յովհաննէս 10։16)։ Իսկ մոտ ապագայում նրանք՝ անարդարությունից ու տառապանքից զերծ, լիակատար ազատություն կվայելեն մաքրված, դրախտի վերածված երկրի վրա (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 11։18)։
Բարեգործության շնորհիվ՝ ճնշվածներին օգնություն ցույց տալու հարցում մարդիկ «զարմանալի հաջողությունների են հասել» («The State of the World’s Children 2000»)։ Ամենամեծ հաջողությունը, սակայն, առջևում է, երբ Հիսուս Քրիստոսն ու նրա թագավորակիցները՝ որպես մեկ երկնային կառավարության անդամներ, կմիջամտեն մարդկանց գործերին։ Նրանք վերջ կդնեն այն ամենին, ինչ պատճառ է հանդիսանում պատերազմների և այլ դժբախտությունների, և վերջնականապես կլուծեն մարդկության բոլոր խնդիրները (Յայտնութիւն 21։1–4)։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Բարեգործության միջոցով անհնար է լուծել մարդկության խնդիրները
[նկար 6–րդ էջի վրա]
Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ՝ մարդկությունը ադամական մեղքից ազատվելու հնարավորություն ստացավ
[նկար 7–րդ էջի վրա]
Այսօր հնարավոր է գտնել հոգևոր ապահովություն և բուժում
[նկարներ 7–րդ էջի վրա]
Մեսիական թագավորությունը շուտով մեկընդմիշտ կլուծի մեր պրոբլեմները