Քրիստոնեական միասնությունը փառավորում Է Աստծուն
«Ամեն կերպ ձգտեք պահպանել ոգու տված միասնությունը» (ԵՓԵՍ. 4։3)։
1. Առաջին դարում ապրող Եփեսոսի քրիստոնյաները ինչպե՞ս փառավորեցին Աստծուն։
ՀԻՆ Եփեսոսի քրիստոնեական ժողովի միասնությունը փառավորում էր ճշմարիտ Աստված Եհովային։ Այդ բարգավաճ քաղաքում, որը առևտրի կենտրոն էր, որոշ քրիստոնյա եղբայրներ, հավանաբար, հարուստ մարդիկ էին և ծառաներ ունեին, իսկ ուրիշներն էլ ծառաներ էին ու թերևս շատ աղքատ (Եփես. 6։5, 9)։ Ոմանք հրեաներ էին, որոնք իմացել էին ճշմարտությունը այն ժամանակ, երբ Պողոս առաքյալը երեք ամիս շարունակ քարոզում էր իրենց ժողովարանում։ Մյուսները Արտեմիսի երկրպագուներ էին եղել և զբաղվել մոգությամբ (Գործ. 19։8, 19, 26)։ Հստակ է, ուրեմն, որ ճշմարիտ քրիստոնեությունը միավորել էր տարբեր ծագում ունեցող մարդկանց։ Պողոսը հասկանում էր, որ Եհովան փառավորվում է ժողովի միասնության շնորհիվ, ուստի գրեց. «Նրան լինի փառքը ժողովի.... միջոցով» (Եփես. 3։21)։
2. Ի՞նչն էր սպառնում Եփեսոսի քրիստոնյաների միասնությանը։
2 Սակայն Եփեսոսի ժողովի միասնությանը վտանգ էր սպառնում, և այդ մասին Պողոսը նախազգուշացրեց երեցներին. «Հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործ. 20։30)։ Նաև որոշ եղբայրներ դեռ պառակտիչ ոգի էին դրսևորում, որը, ինչպես զգուշացրեց առաքյալը, «ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփես. 2։2; 4։22)։
Միասնությունը կարևորող նամակ
3, 4. Պողոսի նամակը՝ ուղղված եփեսացիներին, ինչպե՞ս է ընդգծում միասնության մեջ լինելու միտքը։
3 Պողոսը հասկանում էր, որ եթե քրիստոնյաները ցանկանում են համերաշխությամբ համագործակցել, ապա յուրաքանչյուրը մեծ ջանքեր պետք է ներդնի ժողովի միասնությանը նպաստելու համար։ Եհովան ներշնչեց Պողոսին նամակ գրել եփեսացիներին, որի գլխավոր թեման միասնությունն էր։ Օրինակ՝ առաքյալը գրեց Աստծու նպատակի մասին՝ «ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում» (Եփես. 1։10)։ Նա նաև քրիստոնյաներին նմանեցրեց տարբեր քարերի, որոնք մի շինության մաս են կազմում։ «Ամբողջ շինությունը, ներդաշնակորեն համակցված, դառնում է սուրբ տաճար Եհովայի համար» (Եփես. 2։20, 21)։ Ավելին, Պողոսն ընդգծեց, որ հրեաներն ու այլազգի քրիստոնյաները միասնության մեջ են, և հիշեցրեց եղբայրներին, որ բոլորն էլ Աստծու կողմից են ստեղծված։ Նա ասաց, որ Եհովան Հայր է, «որին ամեն ընտանիք երկնքում և երկրի վրա պարտական է իր անվան համար» (Եփես. 3։5, 6, 14, 15)։
4 Քննելով «Եփեսացիներ» նամակի 4-րդ գլուխը՝ կտեսնենք, թե միասնություն ունենալու համար ինչու է հարկավոր ջանքեր ներդնել, ինչպես է Եհովան օգնում, որ միասնության մեջ լինենք, և ինչպիսի վարքը կօգնի մեզ՝ պահպանելու միասնությունը։ Լավ կլինի, որ կարդաս ամբողջ գլուխը, որպեսզի ավելի շատ օգուտներ քաղես այս ուսումնասիրությունից։
Ինչու է միասնությունը մեծ ջանքեր պահանջում
5. Ինչի՞ շնորհիվ են հրեշտակները միասնությամբ ծառայում Աստծուն, և ինչո՞ւ է միասնական լինելն ավելի դժվար մեզ համար։
5 Պողոսն աղերսեց եփեսացի իր եղբայրներին «ամեն կերպ ձգտել պահպանել ոգու տված միասնությունը» (Եփես. 4։3)։ Որպեսզի հասկանանք, որ դրա համար ջանքեր են հարկավոր, եկեք նկատի առնենք Աստծու հրեշտակներին։ Երկրի վրա չկա լիովին իրար նման երկու արարած, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Եհովան միլիոնավոր հրեշտակներից ամեն մեկին յուրօրինակ է ստեղծել (Դան. 7։10)։ Այդուհանդերձ, նրանք միասնությամբ են ծառայում Եհովային, քանի որ բոլորն էլ լսում են նրան և կատարում են նրա կամքը (կարդա՛ Սաղմոս 103։20, 21)։ Եթե հավատարիմ հրեշտակները տարբեր հատկություններ ունեն, քրիստոնյաները, հատկություններից բացի, տարբեր թերություններ ունեն, ինչի պատճառով միասնական լինելն ավելի դժվար է դառնում։
6. Ո՞ր հատկությունները կօգնեն մեզ համագործակցելու մեր եղբայրների հետ, ովքեր այնպիսի թերություններ ունեն, որոնք մենք չունենք։
6 Անկատար մարդիկ համագործակցելիս հեշտությամբ կարող են դժվարությունների բախվել։ Պատկերացնենք, որ մի մեղմ եղբայր, որը հաճախ ուշանում է, ծառայում է Եհովային մի եղբոր հետ, որը ճշտապահ է, սակայն արագ է բարկանում։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է մտածել, որ դիմացինը սխալ է՝ մոռանալով, որ ինքը նույնպես ճիշտ չի վարվում։ Ինչպե՞ս նրանք կարող են միասին համերաշխորեն ծառայել։ Նախ ուշադրություն դարձրու, թե ինչ հատկություններ է նշում Պողոսն իր հաջորդ խոսքերում, որոնք կարող են օգնել նրանց։ Այնուհետև մտածիր, թե ինչպես կնպաստենք միասնությանը, եթե զարգացնենք այդ հատկությունները։ Առաքյալը գրեց. «[Ես] խնդրում եմ ձեզ, որ.... արժանի կերպով վարվեք՝ կատարյալ խոնարհամտությամբ և մեղմությամբ, համբերատարությամբ, սիրով միմյանց համբերելով, ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։
7. Ինչո՞ւ է կարևոր ձգտել միասնաբար համագործակցել անկատար քրիստոնյաների հետ։
7 Շատ կարևոր է սովորել անկատար մարդկանց հետ միասնաբար ծառայել Աստծուն, քանի որ ճշմարիտ երկրպագուների միայն մեկ մարմին գոյություն ունի, ինչպես ասում է Աստվածաշունչը. «Մեկ մարմին կա և մեկ ոգի, ինչպեսև կա մեկ հույս, դեպի որը դուք կանչվել եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված՝ բոլորի Հայրը» (Եփես. 4։4–6)։ Իր նպատակներն իրագործելու համար Եհովան մեկ եղբայրություն է օգտագործում, և իր ոգին ու օրհնությունը միայն նրա վրա է։ Եթե անգամ ժողովում ինչ-որ մեկը վշտացնում է մեզ, ուրիշ ո՞ւր կարող ենք գնալ։ Չէ՞ որ ոչ մի տեղ չենք կարող լսել հավիտենական կյանքի խոսքերը (Հովհ. 6։68)։
«Մարդկանց տեսքով պարգևները» նպաստում են միասնությանը
8. Ի՞նչ է օգտագործում Քրիստոսը՝ մեզ զորացնելու համար, որ չընկնենք պառակտիչ ազդեցության տակ։
8 Հին ժամանակների զինվորների մի սովորության օրինակով Պողոսը ցույց տվեց, թե ինչպես է Հիսուսը «մարդկանց տեսքով պարգևներ» տվել՝ ժողովը միավորելու նպատակով։ Հաղթանակած զինվորը կարող էր գերիին ծառա դարձնել և տուն բերել, որ օգնի իր կնոջը՝ կատարելու տան գործերը (Սաղ. 68։1, 12, 18)։ Նմանապես, Հիսուսը, հաղթելով աշխարհին, շատ կամավոր ծառաներ ձեռք բերեց (կարդա՛ Եփեսացիներ 4։7, 8)։ Ինչպե՞ս նա օգտագործեց այդ «գերիներին»։ «Ոմանց նա ժողովին տվեց որպես առաքյալներ, ոմանց որպես մարգարեներ, ոմանց որպես ավետարանիչներ, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ՝ սրբերին ուղղելու համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ բոլորս հավատի.... մեջ հասնենք միասնության» (Եփես. 4։11–13)։
9. ա) Ինչպե՞ս են «մարդկանց տեսքով պարգևները» օգնում մեզ պահպանելու միասնությունը։ բ) Ինչո՞ւ ժողովի յուրաքանչյուր անդամ պետք է նպաստի միասնությանը։
9 Որպես սիրառատ հովիվներ՝ «մարդկանց տեսքով պարգևները» օգնում են պահպանելու մեր միասնությունը։ Օրինակ՝ եթե ժողովի երեցը նկատում է, որ երկու եղբայր «իրար մրցակցության են հրահրում», կարող է մեծապես նպաստել ժողովի միասնությանը, եթե առանձին խորհուրդ տա, որ «ուղղի [նրանց] մեղմության ոգով» (Գաղ. 5։26–6։1)։ Որպես ուսուցիչներ՝ «մարդկանց տեսքով պարգևները» օգնում են մեզ աստվածաշնչյան ուսմունքների հիման վրա ամուր հավատ կերտելու։ Այսպիսով նրանք նպաստում են միասնությանը և օգնում մեզ հոգևորապես հասունանալու։ Ըստ Պողոսի խոսքերի՝ այս ամենի նպատակն այն է, որ «այլևս չլինենք մանուկներ՝ ասես ալիքներից տարուբերված և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված՝ մարդկանց խորամանկությամբ ու նենգությամբ հնարված խաբեությամբ» (Եփես. 4։13, 14)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է նպաստի եղբայրության միասնությանը, ինչպես որ մեր ֆիզիկական մարմնի յուրաքանչյուր անդամն է նպաստում մյուս անդամների աշխատանքին (կարդա՛ Եփեսացիներ 4։15, 16)։
Ճիշտ վերաբերմունք ունեցիր
10. Անբարո վարքը ինչպե՞ս կարող է սպառնալ մեր միասնությանը։
10 Նկատեցի՞ր, որ «Եփեսացիներ» նամակի չորրորդ գլուխը ցույց է տալիս, որ սեր դրսևորելը հասուն քրիստոնյաների միասնության բանալին է։ Այնուհետև այդ նույն գլխում ասվում է, թե ինչ է մտնում սեր դրսևորելու մեջ։ Օրինակ՝ սիրո ճանապարհով գնալը բացառում է պոռնկությունն ու անառակ վարքը։ Պողոսը հորդորեց իր եղբայրներին, որ «չքայլեն այնպես, ինչպես մյուս ազգերն են քայլում»։ Այդ մարդիկ «ամոթի զգացումը կորցրել» էին և «անձնատուր եղել անառակ վարքին» (Եփես. 4։17–19)։ Բարոյականությունից զուրկ այս աշխարհը, որում ապրում ենք, սպառնում է մեր միասնությանը։ Մարդիկ պոռնկության մասին կատակներ են անում, երգեր երգում, դիտում են այն զվարճանալու համար և զբաղվում են դրանով կա՛մ գաղտնաբար, կա՛մ էլ բացահայտ կերպով։ Ֆլիրտը՝ այն վարքը, որը ցույց է տալիս, թե հրապուրված ես ինչ-որ մեկով, մինչդեռ ամուսնանալու նպատակ չունես, նույնպես կարող է հեռացնել քեզ Եհովայից ու ժողովից։ Ինչո՞ւ։ Քանի որ այն հեշտությամբ տանում է պոռնկության։ Նաև ֆլիրտը, որի պատճառով ամուսնացած մարդը շնություն է գործում, կարող է երեխաներին դաժանաբար բաժանել ծնողներից, իսկ անմեղ կողակցին՝ կյանքի ընկերոջից։ Իրոք որ, ֆլիրտը պառակտում է։ Ուստի զարմանալի չէ, որ Պողոսը գրեց. «Դուք Քրիստոսի մասին այդպիսի բան չեք սովորել» (Եփես. 4։20, 21)։
11. Աստվածաշունչը քրիստոնյաներին ի՞նչ փոփոխություն է հորդորում անել։
11 Պողոսը շեշտեց, որ մենք պետք է թողնենք այն մտածելակերպը, որը պառակտումներ է առաջ բերում, և զարգացնենք այնպիսի վերաբերմունք, որի շնորհիվ կկարողանանք համերաշխությամբ ապրել ուրիշների հետ։ Նա ասաց. «Պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է իր [հին անձնավորության] խաբեական ցանկություններով, և պետք է նորոգեք ձեր միտքը խթանող ուժը ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։22–24)։ Ինչպե՞ս կարող ենք «նորոգել մեր միտքը խթանող ուժը»։ Եթե երախտագիտությամբ խորհենք այն մասին, թե ինչ ենք սովորում Աստծու Խոսքից և հասուն քրիստոնյաների օրինակից, կարող ենք նոր անձնավորությունը հագնել, «որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն»։
Թող խոսքդ նպաստի միասնությանը
12. Ինչպե՞ս է ճիշտն ասելը նպաստում միասնությանը, և ինչո՞ւ է ոմանց համար դժվար ճշմարտությունն ասելը։
12 Շատ կարևոր է, որ ընտանիքի կամ ժողովի անդամները իրար ճիշտը ասեն։ Անկեղծ, ազնիվ ու բարի խոսքը կարող է միավորել մարդկանց (Հովհ. 15։15)։ Իսկ ի՞նչ է լինում, երբ անհատը ստում է իր եղբորը։ Նրանց միջև վստահությունը կորչում է։ Ահա թե ինչու Պողոսը գրեց. «Ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ, որովհետև մենք մեկ մարմնի անդամներ ենք» (Եփես. 4։25)։ Ովքեր ստելու սովորություն ունեն և հնարավոր է՝ սկսել են ստել մանուկ հասակից, կարող են դժվարանալ ճիշտը ասել։ Սակայն Եհովան կգնահատի փոփոխություններ կատարելու նրանց ջանքերը և կօգնի։
13. Ի՞նչ է նշանակում «հեռացնել» վիրավորական խոսքը։
13 Եհովան սովորեցնում է մեզ, որ հարգալից վերաբերմունք դրսևորենք և նպաստենք միասնությանը թե՛ ժողովում և թե՛ ընտանիքում՝ մեծ ուշադրություն դարձնելով մեր խոսքին։ «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից.... Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփես. 4։29, 31)։ Վիրավորական խոսքից խուսափելու կերպերից մեկը ուրիշների հանդեպ հարգալից վերաբերմունք զարգացնելն է։ Օրինակ՝ այն ամուսինը, ով խոսքով վիրավորում է իր կնոջը, պետք է ձգտի փոխել իր վերաբերմունքը, հատկապես երբ սովորում է, թե ինչպես է Եհովան պատվում կանանց։ Աստված նույնիսկ սուրբ ոգով օծել է որոշ կանանց՝ տալով նրանց Քրիստոսի հետ որպես թագավոր իշխելու հեռանկարը (Գաղ. 3։28; 1 Պետ. 3։7)։ Նմանապես, այն կինը, որը սովորություն ունի բղավելու ամուսնու վրա, իմանալով, թե ինչպես էր Հիսուսը զսպում իրեն, երբ նրան դրդում էին բարկանալու, պետք է մղվի փոփոխություններ անելու (1 Պետ. 2։21–23)։
14. Ինչո՞ւ է բարկությունն արտահայտելը վտանգավոր։
14 Վիրավորական խոսքը հաճախ արդյունքն է այն բանի, որ մարդը չի կարողանում կառավարել իր զայրույթը։ Սա նույնպես կարող է բաժանել մարդկանց, որոնք միասնության մեջ են։ Զայրույթը կրակի է նման։ Այն հեշտությամբ դուրս է գալիս հսկողությունից և կործանարար է (Առակ. 29։22)։ Նա, ով արդարացիորեն բարկանում է, պետք է զգույշ լինի, որ կառավարի իր զայրույթը, որպեսզի չվնասի թանկ փոխհարաբերությունները։ Քրիստոնյաները պետք է ներողամտություն զարգացնեն, ոխ չպահեն և կրկին չանդրադառնան նույն հարցին (Սաղ. 37։8; 103։8, 9; Առակ. 17։9)։ Պողոսը հետևյալ խորհուրդը տվեց եփեսացիներին. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք, ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ Եթե չզսպենք մեր բարկությունը, ապա Բանսարկուին հնարավորություն կտանք պառակտումներ մտցնելու և նույնիսկ վեճեր առաջացնելու ժողովում։
15. Ի՞նչ կլինի հետևանքը, եթե վերցնենք այն, ինչը մեզ չի պատկանում։
15 Ուրիշների ունեցվածքի հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելը նույնպես նպաստում է ժողովի միասնությանը։ Կարդում ենք. «Ով գողանում է, թող էլ չգողանա» (Եփես. 4։28)։ Եհովայի ժողովրդի մեջ փոխադարձ վստահություն կա։ Եթե քրիստոնյան չարաշահի ուրիշի վստահությունը՝ վերցնելով այն, ինչն իրեն չի պատկանում, կվնասի այդ միասնությունը։
Աստծու հանդեպ սերը միավորում է մեզ
16. Ինչպե՞ս կարող ենք խոսքով կերտել ուրիշներին և այդպիսով ամրացնել մեր միասնությունը։
16 Քրիստոնեական ժողովի միասնությունն արդյունքն է այն բանի, որ բոլոր անդամները սիրում են Աստծուն և մարդկանց։ Երախտագիտությունը Եհովայի բարության համար մղում է մեզ մեծ ջանքեր գործադրելու, որ կիրառենք այս խորհուրդը. «[Ասեք] միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին.... Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ» (Եփես. 4։29, 32)։ Եհովան մեծահոգաբար ներում է մեզ նման անկատար մարդկանց։ Մի՞թե մենք էլ չպետք է ներենք ուրիշներին՝ տեսնելով նրանց անկատարությունը։
17. Ինչո՞ւ պետք է մեծ ջանքեր ներդնենք, որ նպաստենք միասնությանը։
17 Աստծու ժողովրդի միասնությունը փառավորում է Եհովային։ Նրա ոգին մղում է մեզ տարբեր կերպերով նպաստելու միասնությանը։ Անշուշտ, մենք չենք ցանկանում մերժել ոգու առաջնորդությունը։ Պողոսը գրեց. «Մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին» (Եփես. 4։30)։ Միասնությունը մի գանձ է, որը արժե պահպանել։ Այն ուրախություն է պատճառում բոլոր նրանց, ովքեր ունեն այն, և փառք է բերում Եհովային։ «Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ» (Եփես. 5։1, 2)։
Ինչպե՞ս կպատասխանեիր
• Ո՞ր վերաբերմունքն է նպաստում քրիստոնյաների միասնությանը։
• Ինչպե՞ս կարող է մեր վարքը նպաստել ժողովի միասնությանը։
• Ինչպե՞ս կարող է մեր խոսքը նպաստել, որ համագործակցենք ուրիշների հետ։
[Նկար 17–րդ էջի վրա]
Տարբեր ծագում ունեցող մարդիկ միասնության մեջ են
[Նկար 18–րդ էջի վրա]
Գիտակցո՞ւմ ես, թե ինչ վնասներ է բերում ֆլիրտը