Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Գաղատացիներ», «Եփեսացիներ», «Փիլիպպեցիներ» և «Կողոսացիներ» նամակներից
ԼՍԵԼՈՎ, որ հուդայականության ջատագովների պատճառով որոշ քրիստոնյաներ շեղվել են ճշմարիտ երկրպագությունից՝ Պողոս առաքյալը մի ազդեցիկ նամակ է գրում «Գաղատիայի ժողովներին» (Գաղ. 1։2)։ Այս նամակը գրվել է ինչ–որ ժամանակ 50–52 թթ.-ին ընկած հատվածում և պարունակում է անմիջական խորհուրդ և լուրջ հորդոր։
Մոտ տասը տարի անց Պողոսը, երբ Հռոմում է որպես «Քրիստոս Հիսուսի բանտարկյալ», նամակ է գրում Եփեսոսի, Փիլիպպեի և Կողոսայի ժողովներին՝ նրանց ողջամիտ խորհուրդներ տալով և սիրով քաջալերելով (Եփես. 3։1)։ Մենք կարող ենք օգուտներ քաղել՝ ուշադրություն դարձնելով Աստվածաշնչի «Գաղատացիներ», «Եփեսացիներ», «Փիլիպպեցիներ» և «Կողոսացիներ» գրքերին (Եբր. 4։12)։
«ԱՐԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ». ԻՆՉՊԵ՞Ս
Քանի որ հուդայականության ջատագովները խորամանկորեն ձգտում են վարկաբեկել Պողոսին, նա պաշտպանում է իր առաքյալ լինելը՝ նշելով որոշ մանրամասնություններ իր կյանքից (Գաղ. 1։11–2։14)։ Հերքելով նրանց սխալ գաղափարները՝ Պողոսն ասում է. «Մարդը արդար է հայտարարվում ոչ թե օրենքի գործերով, այլ միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատով» (Գաղ. 2։16)։
Քրիստոսը, ինչպես ասում է Պողոսը, «փրկագնով ազատեց օրենքի տակ եղողներին» և քրիստոնեական ազատություն շնորհեց նրանց։ Նա գաղատացիներին կոչ է անում. «Հաստա՛տ եղեք և դարձյալ մի՛ մտեք ծառայության լծի տակ» (Գաղ. 4։4, 5; 5։1)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3։16–18, 28, 29 — Աբրահամական ուխտը մինչև օրս ուժի մե՞ջ է։ Այո՛։ Օրենքի ուխտը լրացրե՛ց Աբրահամի հետ Աստծու կապած ուխտը և ոչ թե փոխարինեց։ Հետևաբար աբրահամական ուխտը մնաց ուժի մեջ այն բանից հետո, երբ Օրենքը «վերացվեց» (Եփես. 2։15)։ Նրա խոստումները փոխանցվեցին Աբրահամի ճշմարիտ «սերնդին»՝ Քրիստոս Հիսուսին, ով սերնդի գլխավոր մասն է, և նրանց, ովքեր «պատկանում են Քրիստոսին»։
6։2 — Ի՞նչ է «Քրիստոսի օրենքը»։ Այս օրենքը բաղկացած է այն ամենից, ինչ Հիսուսը սովորեցրեց ու պատվիրեց։ Դրա մեջ հատկապես մտնում է «իրար սիրելու» պատվիրանը (Հովհ. 13։34)։
6։8 — Ինչպե՞ս ենք «ցանում ոգու համար»։ Մենք ցանում ենք ոգու համար՝ ապրելով այնպես, որ Աստծու ոգին կարողանա ազատորեն գործել մեր առնչությամբ, ինչպես նաև ջանասիրաբար մասնակցելով այնպիսի գործունեության, որը նպաստում է ոգու անարգել գործելուն։
Դասեր մեզ համար
1։6–9. Քրիստոնյա երեցները պետք է գործեն անհապաղ, երբ ժողովում խնդիրներ են ծագում։ Առանց ժամանակ կորցնելու՝ նրանք առողջ դատողության և Աստվածաշնչի միջոցով կարող են հերքել սխալ գաղափարները։
2։20. Փրկանքը Աստծու կողմից անձամբ մեզ տրված նվեր է։ Մենք պետք է սովորենք դա նվեր համարել (Հովհ. 3։16)։
5։7–9. Վատ ընկերակցությունները «խանգարում են մեզ հնազանդվելու ճշմարտությանը»։ Մենք իմաստուն կլինենք, եթե խուսափենք դրանցից։
6։1, 2, 5. «Հոգևոր որակներ» ունեցողները կարող են օգնել մեզ կրելու ինչ–որ ծանրություն, օրինակ՝ երբ անգիտակցաբար սխալ քայլ ենք կատարում և հայտնվում ենք ծանր իրավիճակում ու անհանգիստ ենք։ Սակայն ինչ վերաբերում է մեր հոգևոր պատասխանատվությունների բեռը կրելուն, մենք պետք է ինքներս այն տանենք։
«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ»
Եփեսացիներին գրած նամակում խոսելով քրիստոնեական միասնության մասին՝ Պողոսը նշում է «նշանակված ժամանակները լրանալուն պես մի տնօրինության հաստատման մասին, [որը] ամեն ինչ նորից համախմբելու է Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները»։ Քրիստոսը տվել է «մարդկանց տեսքով պարգևներ», որպեսզի վերջիններս օգնեն բոլորին «հասնելու հավատի միասնությանը» (Եփես. 1։10; 4։8, 13)։
Աստծուն պատվելու և միասնությանը նպաստելու համար քրիստոնյաները պետք է «հագնեն նոր անձնավորությունը» և «հնազանդվեն մեկը մյուսին Քրիստոսի երկյուղով»։ Նրանք նաև պետք է «հաստատ կանգնեն Բանսարկուի նենգությունների դեմ»՝ հագնելով հոգևոր ամբողջ սպառազինությունը (Եփես. 4։24; 5։21; 6։11)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։4–7 — Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները «նախապես որոշվել» իրենց ծնվելուց դեռ երկար ժամանակ առաջ։ Նրանք նախապես որոշվել են որպես խումբ, կամ՝ դաս, և ոչ թե որպես առանձին անհատներ։ Սա տեղի է ունեցել, նախքան մեղքը մեր առաջին ծնողներից կփոխանցվեր իրենց առաջին երեխային։ Ծննդոց 3։15–ում գրված մարգարեությունը, որը հռչակվեց նախքան Եվայի՝ առաջին մեղավոր մարդով հղիանալը, ներառում է Աստծու այն նպատակը, ըստ որի՝ Քրիստոսի որոշ հետևորդներ նրա հետ կառավարելու են երկնքում (Ծննդ. 3։15; Գաղ. 3։16, 29)։
2։2 — Ինչպե՞ս է աշխարհի ոգին նման օդի, և ի՞նչ է հատուկ նրա իշխանությանը։ «Աշխարհի ոգին»՝ անկախության և անհնազանդության ոգին, օդի պես թափանցում է ամենուր (1 Կորնթ. 2։12)։ Նրա իշխանությանը հատուկ են համոզելու ունակությունն ու համառությունը։
2։6 — Ինչպե՞ս կարող են օծյալ քրիստոնյաները, լինելով երկրի վրա, լինել «երկնային ոլորտում»։ «Երկնային ոլորտ» արտահայտությունը այստեղ չի վերաբերում նրանց խոստացված երկնային ժառանգությանը։ Այն մատնանշում է օծյալ քրիստոնյաների բարձր հոգևոր դիրքը, որը նրանք ստացել են «խոստացված սուրբ ոգու կնիքը նրանց վրա դրվելու» շնորհիվ (Եփես. 1։13, 14)։
Դասեր մեզ համար
4։8, 11–15. Հիսուս Քրիստոսը «գերիներ վերցրեց», այսինքն՝ մարդկանց հանեց Սատանայի իշխանության տակից, որպեսզի նրանք ծառայեն որպես նվերներ՝ քրիստոնեական ժողովի կերտման համար։ Մենք կարող ենք «սիրով ամեն բանում աճել.... Քրիստոսում»՝ հնազանդվելով և հպատակվելով նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում մեր մեջ, ինչպես նաև թիկունք կանգնելով ժողովի գործունեությանը (Եբր. 13։7, 17)։
5։22–24, 33. Ամուսնուն հնազանդվելուց բացի, կինը պետք է նաև հարգի նրան։ Նա դա անում է, եթե դրսևորում է «հանդարտ և մեղմ ոգի» և ջանում է պատվել ամուսնուն՝ նրա մասին լավ խոսելով և նպաստելով նրա կայացրած որոշումների իրականացմանը (1 Պետ. 3։3, 4; Տիտոս 2։3–5)։
5։25, 28, 29. Ամուսինը, ինչպես որ «կերակրում» է իրեն, այնպես էլ պետք է հարկ եղած ձևով հոգա իր կնոջ ֆիզիկական, զգացական և հոգևոր կարիքները։ Նա պետք է նաև «քնքշորեն խնամի» նրան՝ բավականաչափ ժամանակ անցկացնելով նրա հետ և իր խոսքերով ու գործերով քնքշորեն վերաբերվելով կնոջը։
6։10–13. Դիվային ուժերին դիմադրելու համար պետք է լիովին հագնենք Աստծու տված հոգևոր սպառազինությունը։
«ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՔԱՅԼԵԼ»
Պողոսի՝ փիլիպպեցիներին գրած նամակը «ներծծված» է սիրով։ «Սա եմ շարունակ աղոթում,— ասում է նա,— որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա ճշգրիտ գիտության և լիարժեք խորաթափանցության հետ միասին»։ Օգնելով նրանց խուսափելու ինքնավստահության ծուղակից՝ նա հորդորում է. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր սեփական փրկությանը» (Փիլիպ. 1։9; 2։12)։
Պողոսը խրախուսում է նրանց, ովքեր հասուն են, «հետամուտ լինելու նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված»։ Նա ասում է. «Որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք պատշաճորեն քայլել՝ նույն այդ սահմանված կարգի համաձայն» (Փիլիպ. 3։14–16)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։23 — Ի՞նչ երկու բաներ էին ճնշում Պողոսին, և ինչի՞ց էր նա ցանկանում ազատվել։ Պողոսը այն հանգամանքներում, որ գտնվում էր, իրեն ճնշված էր զգում իր առջև բացված երկու հնարավորությունների պատճառով՝ կյանքի կամ մահվան (Փիլիպ. 1։21)։ Չնշելով, թե ինքը որը կընտրեր՝ նա ասում է, որ իր ցանկությունը «ազատվելն ու Քրիստոսի հետ լինելն է» (Փիլիպ. 3։20, 21; 1 Թեսաղ. 4։16)։ Քրիստոսի ներկայության ընթացքում այս «ազատման» արդյունքում Պողոսը ստանալու էր այն պարգևը, որ Եհովան պատրաստել էր առաքյալի համար (Մատթ. 24։3)։
2։12, 13 — Ինչպե՞ս է Աստված մղում մեզ «կամենալու և գործելու»։ Եհովայի սուրբ ոգին կարող է ազդել մեր սրտի և մտքի վրա՝ մեծացնելով սրբազան ծառայության մեջ լավագույնն անելու մեր ցանկությունը։ Ուստի մենք անօգնական չենք, մինչ «շարունակում ենք ձգտել հասնելու մեր սեփական փրկությանը»։
Դասեր մեզ համար
1։3–5. Թեև փիլիպպեցիները աղքատ էին, նրանք առատաձեռնության հարցում հիանալի օրինակ են թողել մեզ (2 Կորնթ. 8։1–6)։
2։5–11. Ինչպես տեսնում ենք Հիսուսի օրինակից, խոնարհությունը ոչ թե թուլության, այլ բարոյապես ուժեղ լինելու նշան է։ Բացի այդ, Եհովան բարձրացնում է խոնարհներին (Առակ. 22։4)։
3։13. «Հետևում եղած բաներ» կարող են լինել եկամտաբեր աշխատանքը, այն ապահովությունը, որ տալիս է հարուստ ընտանիքի անդամ լինելը, և նույնիսկ անցյալում մեր կատարած լուրջ մեղքերը, որոնց համար զղջացել ենք և որոնցից մաքրվել՝ «լվացվել» ենք (1 Կորնթ. 6։11)։ Մենք պետք է մոռանանք այդ բաները, այսինքն՝ դադարենք դրանց պատճառով մտահոգվելուց և «ձգտենք դեպի առջևում եղածները»։
«ՀԱՎԱՏԻ ՄԵՋ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ»
Կողոսացիներին գրած նամակում Պողոսը քողազերծում է սուտ ուսուցիչների սխալ տեսակետները։ Փրկությունը, բացատրում է նա, կախված է ոչ թե Օրենքի պահանջները կատարելուց, այլ «հավատի մեջ հարատևելուց»։ Առաքյալը կողոսացիներին քաջալերում է «շարունակել քայլել Քրիստոսի հետ միասնության մեջ՝ նրա մեջ արմատացած, նրա վրա կառուցված և հավատի մեջ հաստատված լինելով»։ Ինչպե՞ս էր դա անդրադառնալու նրանց վրա (Կող. 1։23; 2։6, 7)։
«Այս ամենից բացի՝ սե՛րը հագեք,— գրում է Պողոսը,— որովհետև այն միասնության կատարյալ կապն է։ Նաև թող որ Քրիստոսի խաղաղությունը տիրի ձեր սրտերում»։ Առաքյալը ասում է նրանց. «Ինչ էլ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց»։ Ժողովի անդամ չեղող մարդկանց վերաբերյալ նա ասում է. «Շարունակե՛ք իմաստությամբ վարվել դրսինների հետ» (Կող. 3։14, 15, 23; 4։5)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։8 — Ի՞նչ են «աշխարհի տարրական բաները», որոնց մասին զգուշացրեց Պողոսը։ Դրանք Սատանայի աշխարհի տարրերն են, այսինքն՝ այն հիմնական բաները կամ սկզբունքները, որոնց վրա այդ աշխարհը հիմնված է, որոնցով առաջնորդվում է, և որոնք մղիչ ուժ են հանդիսանում նրա համար (1 Հովհ. 2։16)։ Դրանցից են՝ փիլիսոփայությունը, նյութապաշտությունը և այս աշխարհի կեղծ կրոնները։
4։16 — Ինչո՞ւ լավոդիկիացիների ժողովին ուղղված նամակը Աստվածաշնչի մաս չի կազմում։ Պատճառը կարող է լինել այն, որ այդ նամակը այսօրվա համար անհրաժեշտ տեղեկություններ չէր պարունակում։ Կամ հնարավոր է՝ այն կրկնում էր Աստվածաշնչի մաս կազմող այլ նամակների մտքերը։
Դասեր մեզ համար
1։2, 20. Փրկանքը՝ Աստծու անարժան բարության դրսևորումը, կարող է մեր խիղճը մաքրել մեղավորության զգացումից և հոգեկան անդորր տալ մեզ։
2։18, 23. «Ձևական խոնարհությունը», այսինքն՝ այն, երբ անհատը խոնարհության քող է հագնում և փորձում է ուրիշներին տպավորել՝ գուցե մերժելով նյութական բաները կամ իր մարմնի հետ խստորեն վարվելով, նշան է այն բանի, որ նա «հպարտանում է իր մարմնավոր մտածելակերպով»։