Աստվածաշնչի գիրք համար 49. Եփեսացիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 60–61թթ.
1. Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Պողոսը գրեց եփեսացիներին ուղղված նամակը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ բանտում ես։ Դու այնտեղ ես հայտնվել այն պատճառով, որ նախանձախնդրորեն ծառայում ես որպես քրիստոնյա միսիոներ։ Այժմ երբ այլևս չես կարող ճանապարհորդել և ժողովներ այցելել հավատակիցներիդ ամրացնելու համար, ի՞նչ ես պատրաստվում անելու։ Կարո՞ղ ես նամակներ գրել նրանց, ովքեր քրիստոնյաներ են դարձել քո քարոզչության շնորհիվ։ Չէ՞ որ նրանք հետաքրքրված են քեզանով և քաջալերության կարիք ունեն։ Ուստի սկսում ես գրել։ Հիմա դու անում ես այն, ինչ Պողոս առաքյալն արեց, երբ մ.թ. մոտ 59–61թթ.-ին առաջին անգամ բանտարկվեց Հռոմում։ Նա դիմել էր Կայսրին և սպասում էր իր դատավարությանը։ Չնայած կալանքի տակ էր, բայց որոշակի ազատություն ուներ։ Պողոսը եփեսացիներին ուղղված նամակը գրեց Հռոմից մոտ մ.թ. 60-ին կամ 61-ին և ուղարկեց Տյուքիկոսի հետ, որին ուղեկցում էր Օնեսիմոսը (Եփես. 6։21; Կող. 4։7–9)։
2, 3. Ինչպե՞ս է համոզիչ կերպով փաստվում եփեսացիներին ուղղված նամակը գրողի ինքնությունը և նրա կանոնականությունը։
2 Հենց առաջին համարը ցույց է տալիս, որ Պողոսն է նամակը գրողը։ Բացի այդ, նա չորս անգամ գրում է, որ «բանտարկված է հանուն Տիրոջ» (Եփես. 1։1; 3։1, 13; 4։1; 6։20)։ Կասկածները, որ Պողոսը չի գրողը, անհիմն են։ Չեստեր Բիատիի պապիրուսը № 2 (P46), որը վերագրվում է մ.թ. մոտ 200-ին, 86 էջ ունի, որոնք պարունակում են Պողոսի նամակները։ Դրանց մեջ է նաև եփեսացիներին ուղղված նամակը, ինչն էլ ցույց է տալիս, որ այն ընդգրկված է եղել Պողոսի նամակների մեջ։
3 Վաղ եկեղեցու պատմագիրները հաստատում են, որ Պողոսն է գրել նամակը, և այն ուղղված է եփեսացիներին։ Օրինակ՝ մ.թ. երկրորդ դարում Իրենեոսը մեջբերեց Եփեսացիներ 5։30-ը հետևյալ ձևով. «Ինչպես որ օրհնյալ Պողոսն է ասում եփեսացիներին ուղղված իր նամակում, մենք նրա մարմնի անդամներն ենք»։ Կղեմես Ալեքսանդրացին, որն ապրել է նույն ժամանակաշրջանում, մեջբերեց Եփեսացիներ 5։21-ը, երբ ասաց. «Ուստի ինչպես եփեսացիների նամակում է նա գրում, հնազանդվեք իրար Աստծու վախով»։ Օրիգենեսը, որը մ.թ. երրորդ դարի առաջին կեսին է գործունեություն ծավալել, մեջբերեց Եփեսացիներ 1։4-ը՝ ասելով. «Բացի այդ, եփեսացիներին ուղղված նամակում առաքյալը օգտագործում է նույն լեզուն, երբ ասում է. «Ով ընտրեց մեզ նախքան աշխարհի հիմնումը»»a։ Եվսեբիոսը՝ վաղ քրիստոնեության մեկ ուրիշ հեղինակավոր պատմագիր (մ.թ. մոտ 260թ.-ից մինչև մ.թ. մոտ 340թ.), ընդգրկում է «Եփեսացիներ» նամակը Աստվածաշնչի կանոնի մեջ։ Վաղ եկեղեցու պատմագիրների մեծամասնությունը հղում է կատարում «Եփեսացիներին»՝ համարելով այն ներշնչված Սուրբ Գրքի մի մասըb։
4. Ի՞նչն է մղել ոմանց մտածելու, որ «Եփեսացիներ» նամակը ուղղված է ուրիշներին, բայց ի՞նչն է հաստատում, որ նամակը եփեսացի քրիստոնյաների համար է գրվել։
4 Չեստեր Բիատիի պապիրուսում, Վատիկանյան № 1209 ձեռագրում և Սինայական ձեռագրում բաց է թողնված նամակի առաջին գլխի առաջին համարում գրված «Եփեսոսի» բառը, ուստի պարզ չէ, թե ում է ուղղված նամակը։ Այս փաստը և ողջույնների բացակայությունը (թեև Պողոսը երեք տարի շարունակ այնտեղ տքնաջանորեն աշխատել էր) մղել է ոմանց ենթադրելու, որ նամակը ուղղված է եղել ուրիշ ժողովի, կամ որ այն շրջաբերական նամակ էր՝ ուղղված Փոքր Ասիայի բոլոր ժողովներին, այդ թվում Եփեսոսի ժողովին։ Սակայն ձեռագրերի մեծ մասում գրված է «Եփեսոս» բառը և, ինչպես արդեն նշվեց, վաղ եկեղեցու պատմագիրները ընդունել են դա որպես եփեսացիներին ուղղված նամակ։
5. Ինչո՞վ էր հայտնի Եփեսոսը Պողոսի օրերում։
5 Որոշ մանրամասներ իմանալը կօգնի մեզ հասկանալու այս նամակի նպատակը։ Մեր թվարկության առաջին դարում Եփեսոսը հայտնի էր նրանով, որ այնտեղ տարածված էին կախարդությունը, մոգությունը, աստղագուշակությունը և Արտեմիսի՝ պտղաբերության աստվածուհու երկրպագությունըc։ Աստվածուհու արձանի շուրջ կառուցված էր մի շքեղ տաճար, որը համարվում էր հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ 19-րդ դարում կատարված պեղումների ժամանակ հաստատվեց, որ տաճարը կառուցված է եղել 73 մետր լայնություն և 127 մետր երկարություն ունեցող հիմքի վրա։ Այն ունեցել է 50 մետր լայնություն և 105 մետր երկարություն։ Այնտեղ կանգնեցված են եղել 100 մարմարե սյուներ, որոնցից յուրաքանչյուրը 17 մետր բարձրություն է ունեցել։ Տանիքը պատված է եղել մեծ սպիտակ մարմարյա ծածկույթով։ Ասում են, որ շինարարական ամրացնող նյութի փոխարեն մարմարե սալիկները իրար են միացվել ոսկով։ Տաճարը գրավում էր ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ուշադրությունը, և տոների ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ էին այցելում այդ քաղաք։ Եփեսոսի արծաթագործները շահութաբեր գործունեությամբ էին զբաղվում՝ ուխտագնացներին որպես հուշանվերներ վաճառելով Արտեմիսի արծաթյա փոքր մեհյաններ։
6. Որքա՞ն տքնաջան էր Պողոսը աշխատում Եփեսոսում։
6 Պողոսը կարճ ժամանակով կանգ էր առել Եփեսոսում իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ։ Նա սկսել էր քարոզել այդ քաղաքում, հետո այնտեղ թողել էր Ակյուղասին և Պրիսկիղային, որպեսզի շարունակեն քարոզչական գործը (Գործ. 18։18–21)։ Առաքյալը Եփեսոս վերադարձավ իր երրորդ միսիոներական շրջագայության ժամանակ և մոտ երեք տարի մնաց այնտեղ՝ քարոզելով և շատերին սովորեցնելով «ճանապարհը» (Գործ. 19։8–10; 20։31)։ Պողոսը տքնաջանորեն աշխատում էր Եփեսոսում։ Իր՝ «Առօրյա կյանքը Աստվածաշնչի ժամանակներում» գրքում Ա. Ի. Բեյլին գրում է. «Պողոսը սովորաբար աշխատում էր արևածագից մինչև առավոտյան ժամը 11-ը (Գործ. 20։34, 35), երբ Տյուրանոսը արդեն ավարտում էր իր դասերը։ Հետո ժամը 11։00–16։00-ը նա քարոզում էր դպրանոցում, խորհրդակցություններ անցկացնում օգնականների օգնությամբ.... այնուհետև ժամը 16։00-ից մինչև ուշ գիշեր քարոզում էր տնից տուն (Գործ. 20։20, 21, 31)։ Հետաքրքիր է, թե երբ էր նա ժամանակ գտնում ուտելու և քնելու համար»d։
7. Ի՞նչ եղավ Պողոսի նախանձախնդիր ծառայության արդյունքում։
7 Նախանձախնդրորեն քարոզելով՝ Պողոսը ցույց տվեց, որ երկրպագության մեջ պատկերների գործածությունը սխալ է։ Սա գրգռեց այն մարդկանց բարկությունը, ովքեր պատրաստում և վաճառում էին դրանք։ Նրանցից էր արծաթագործ Դեմետրիոսը։ Խռովության պատճառով Պողոսը ստիպված եղավ հեռանալ քաղաքից (Գործ. 19։23–20։1)։
8. Ո՞ր մտքերն էին եփեսացիների համար հատկապես ժամանակահարմար։
8 Բանտում Պողոսը մտածում էր այն խնդիրների մասին, որոնց բախվում էր Եփեսոսի ժողովը՝ շրջապատված լինելով կռապաշտներով և գտնվելով Արտեմիսի փառահեղ տաճարի մոտակայքում։ Այս օծյալ քրիստոնյաներին, անկասկած, ամրացրեց այն օրինակը, որ բերեց Պողոսը։ Առաքյալը բացատրեց, որ նրանք «սուրբ տաճար» են, որտեղ Եհովան բնակվում է իր ոգով (Եփես. 2։21)։ Այնուհետև Պողոսը եփեսացիներին հայտնեց «սրբազան գաղտնիքը», որը վերաբերում էր Աստծու տնօրինությանը (թե ինչպես է նա վարում գործերը)։ Այս տնօրինության շնորհիվ նա վերականգնելու էր միասնությունն ու խաղաղությունը Քրիստոսի միջոցով։ Պողոսի խոսքերը, անշուշտ, ոգևորեցին ու մխիթարեցին եփեսացիներին (1։9, 10)։ Պողոսը շեշտում է հրեաների և ոչ հրեաների միությունը Քրիստոսով։ Նա հորդորում է լինել մի մտքի, միաբան։ Այս ամենը իմանալով՝ հասկանում ենք նամակի նպատակն ու արժեքը, ինչպես նաև համոզվում ենք, որ այն գրվել է Աստծու ներշնչմամբ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Ինչպե՞ս է Աստված իր սերը առատորեն դրսևորել, և ի՞նչ է աղոթում Պողոսը։
9 Աստծու նպատակն է Քրիստոսի միջոցով միասնություն ստեղծել (1։1–2։22)։ Պողոսը ողջունում է սրբերին։ Օրհնյալ լինի Աստված իր փառավոր անզուգական բարության համար։ Այդ բարությունը արտահայտված է նրանով, որ Աստված նրանց ընտրել է Հիսուս Քրիստոսի հետ միության մեջ լինելու համար, որի միջոցով նրանք ազատություն են ստացել նրա արյամբ։ Ավելին, Աստված իր սերը առատորեն դրսևորել է նրանց հանդեպ՝ հայտնելով իր կամքի սրբազան գաղտնիքը։ Նա նպատակադրել է մի տնօրինություն հաստատել, այսինքն՝ «ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում», որի հետ միության մեջ լինելով՝ նրանք նշանակվեցին ժառանգներ (1։10)։ Նրանց վրա սուրբ ոգու կնիքը դրվեց, որը ժառանգության համար նախապես տրված գրավն է։ Պողոսը աղոթում է, որ նրանք հաստատված լինեն այն հույսով, դեպի որը կանչվեցին, և հասկանան, որ Աստված կտա իրենց այն նույն զորությունը, որով հարություն տվեց Քրիստոսին, շատ ավելի բարձրացրեց նրան ամեն կառավարությունից և իշխանությունից ու իբրև Գլուխ կարգեց ամեն ինչի վրա ժողովի օգտի համար։
10. Ինչպե՞ս եփեսացիները «սրբերի հետ համաքաղաքացիներ» դարձան։
10 Աստված, որ հարուստ է ողորմությամբ և մեծ սեր է դրսևորում, կենդանացրեց նրանց, երբ նրանք մեռած էին իրենց հանցանքների ու մեղքերի մեջ, ու նստեցրեց «երկնային ոլորտում Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ» (2։6)։ Սա հնարավոր եղավ Աստծու անզուգական բարության և նրանց հավատի շնորհիվ ու ոչ թե գործերի։ Քրիստոսը նրանց խաղաղությունն է, որը քանդեց մեջտեղի պատը՝ պատվիրանների Օրենքը, որը բաժանում էր հրեաներին այլազգիներից։ Այժմ երկու կողմերն էլ Քրիստոսի միջոցով Հորը մոտենալու արտոնություն ունեն։ Հետևաբար, եփեսացիները այլևս պանդուխտներ չեն, այլ «սրբերի հետ համաքաղաքացիներ», որոնք կառուցվում են, որպեսզի դառնան սուրբ տաճար, որտեղ Եհովան է բնակվում ոգով (2։19)։
11. Ի՞նչ է «սրբազան գաղտնիքը», և ի՞նչ է աղոթում Պողոսը եփեսացիների համար։
11 «Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը» (3։1– 21)։ Աստված իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին հայտնեց «Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը.... որ ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի միջոցով լինեն ժառանգակիցներ և նույն մարմնի անդամներ ու մեզ հետ միասին՝ խոստմանը բաժնեկիցներ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ» (3։4, 6)։ Աստծու անզուգական բարության շնորհիվ Պողոսը այս գաղտնիքի ծառայող դարձավ, որպեսզի քարոզի Քրիստոսի անհատակ հարստության մասին բարի լուրը և օգնի մարդկանց տեսնելու, թե ինչպես է իրագործվում սրբազան գաղտնիքը։ Աստծու՝ տարբեր կերպերով դրսևորվող իմաստությունը ժողովի միջոցով է հայտնի դառնում։ Այդ պատճառով Պողոսը աղոթում է, որ եփեսացիները Աստծու ոգու զորությամբ ուժեղ լինեն, որպեսզի լիովին ճանաչեն Քրիստոսի սերը, որը գերազանցում է գիտելիքները, և հասկանան, որ Աստված կարող է «շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում» (3։20)։
12. ա) Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները քայլեն և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ պարգևներ է տվել Քրիստոսը ժողովին և ինչո՞ւ։ գ) Ի՞նչ է նշանակում «նոր անձնավորությունը» հագնել։
12 Հագնել «նոր անձնավորությունը» (4։1–5։20)։ Քրիստոնյաները պետք է քայլեն իրենց ստացած կոչմանը արժանի կերպով՝ խոնարհամտությամբ, համբերատարությամբ, սիրով, և լինեն խաղաղության միավորող կապի մեջ։ Մեկ ոգի կա, մեկ հույս, մեկ հավատ և «մեկ Աստված՝ բոլորի Հայրը, որն ամենքի վրա է և գործում է ամենքի միջոցով և ամենքի մեջ» (4։6)։ Ուստի Քրիստոսը՝ «մեկ Տերը», ժողովին տվեց մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ՝ «սրբերին ուղղելու համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար»։ Այդ պատճառով Պողոսը գրում է, որ «ճշմարտությունը խոսելով՝ եկեք սիրով ամեն բանում աճենք նրանում, որը գլուխն է, այսինքն՝ Քրիստոսում»՝ դառնալով մարմին, որի անդամները ներդաշնակորեն փոխկապակցված են և համագործակցում են (4։5, 12, 15)։ Քրիստոնյաները պետք է իրենց վրայից հանեն հին անձնավորությունը՝ այն ամենը, ինչ անբարո է, ունայն և տգետ, նորոգեն իրենց միտքը խթանող ուժը ու «հագնեն նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ»։ Քանի որ բոլորը մեկ մարմնի անդամներ են, պետք է խոսեն ճշմարտությունը ու չզայրանան, չգողանան, նեխած խոսքեր իրար չասեն, չարասիրտ դառնությամբ չլցվեն, քանի որ այդպես կտրտմեցնեն Աստծու սուրբ ոգին։ Այլ «իրար հանդեպ լինեն բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց» (4։24, 32)։
13. Ի՞նչ պետք է անել Աստծուն ընդօրինակելու համար։
13 Բոլորը պետք է ընդօրինակեն Աստծուն։ Պոռնկությունը, անմաքրությունը և ագահությունը նույնիսկ չպետք է հիշատակվեն նրանց մեջ, քանի որ այդպիսիները ժառանգություն չունեն Թագավորության մեջ։ Պողոսը հորդորում է եփեսացիներին. «Շարունակեք քայլել լույսի զավակների պես»։ «Ամենայն ուշադրությամբ հետևեք», թե ինչպես եք քայլում՝ գնելով հարմար ժամանակը, որովհետև «օրերը չար են»։ Այո՛, նրանք պետք է «շարունակեն ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը», ու գովաբանություններ ասեն Աստծուն՝ ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնելով (5։8, 15–17)։
14. Ամուսիններն ու կանայք ի՞նչ փոխադարձ պարտականություններ ունեն։
14 Հնազանդություն, հոգևոր պատերազմ (5։21– 6։24)։ Կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին, ինչպես որ ժողովը հնազանդվում է Քրիստոսին, իսկ ամուսինները պետք է շարունակեն սիրել իրենց կանանց, «ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովին»։ Բացի այդ, «կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (5։25, 33)։
15. Ի՞նչ խորհուրդներ է տալիս Պողոսը երեխաներին ու ծնողներին, ծառաներին ու տերերին և ի՞նչ է ասում քրիստոնեական սպառազինության մասին։
15 Երեխաները պետք է հնազանդվեն ծնողներին և ընդունեն Աստվածաշնչի հիման վրա տրված նրանց խրատները՝ այդպիսով նպաստելով ընտանիքի միասնությանը։ Ծառաներն ու տերերը նույնպես պետք է Աստծուն հաճելի ձևով վարվեն, քանի որ բոլորի Տերը «երկնքում է, և նա կողմնապահ չէ»։ Եվ վերջապես, թող բոլորը «շարունակեն զորանալ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ»՝ հագնելով Աստծու տված ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանան հաստատ կանգնել Բանսարկուի դեմ։ «Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը», ինչպես նաև «ոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը»։ Հարկավոր է շարունակ աղոթել ու արթուն մնալ։ Պողոսը խնդրում է, եփեսացիներն էլ իր համար աղոթեն, որպեսզի կարողանա խոսելու ազատությամբ «հայտնի դարձնել բարի լուրի սրբազան գաղտնիքը» (6։9, 10, 16, 17, 19)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
16. Ո՞ր հարցերի պատասխանները կարող ենք գտնել «Եփեսացիներ» նամակում, և ի՞նչ է ասվում այնտեղ Աստծուն հաճելի անձնավորության մասին։
16 «Եփեսացիներ» նամակը վերաբերում է քրիստոնեական կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտի։ Հաշվի առնելով այն, որ այսօր աշխարհում գնալով աճում են ճնշող խնդիրները և հանցագործությունը՝ Պողոսի տված գործնական խորհուրդները շատ օգտակար են նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել աստվածահաճո կյանքով։ Ինչպե՞ս պետք է երեխաները վերաբերվեն իրենց ծնողներին, իսկ ծնողներն՝ իրենց երեխաներին։ Ի՞նչ պարտականություններ ունի ամուսինը կնոջ հանդեպ, և կինը՝ ամուսնու։ Ի՞նչ պետք է անեն քրիստոնյաները, որ այս չար աշխարհում ապրելով՝ ժողովում պահպանեն միասնություն, սեր և բարոյական մաքրություն։ Պողոսի խորհուրդները պատասխանում են այս բոլոր հարցերին և ցույց են տալիս, թե ինչ է նշանակում հագնել քրիստոնեական նոր անձնավորությունը։ «Եփեսացիներ» նամակը ուսումնասիրելով՝ մենք կկարողանանք ճիշտ հասկացողություն ձեռք բերել այն մասին, թե ինչպիսի անձնավորությունն է հաճելի Աստծուն, որը «ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ և նվիրվածությամբ» (4։24–32; 6։1–4; 5։3–5, 15–20, 22–33)։
17. Ի՞նչ է ասվում «Եփեսացիներ» նամակում ժողովում հաստատված կարգուկանոնի մասին։
17 Նամակը նաև ցույց է տալիս ժողովում տրվող նշանակումների և հանձնարարությունների նպատակը։ Դա արվում է «սրբերին ուղղելու համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար», որպեսզի քրիստոնյաները հասունության հասնեն։ Լիարժեքորեն համագործակցելով ժողովի երեցների հետ՝ քրիստոնյաները կարող են «սիրով ամեն բանում աճել նրանում, որը գլուխն է, այսինքն՝ Քրիստոսում» (4։12, 15)։
18. «Սրբազան գաղտնիքի» և հոգևոր տաճարի առնչությամբ ի՞նչ է հստակ ցույց տրվում։
18 Եփեսացիներին ուղղված նամակը մեծ օգուտ տվեց առաջին դարի ժողովին և խորացրեց «Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքի» նրանց հասկացողությունը։ Նամակից պարզ դարձավ, որ հավատացյալ հրեաների հետ «ուրիշ ազգերի մարդիկ» բարի լուրի միջոցով կանչվել էին՝ լինելու «ժառանգակիցներ և նույն մարմնի անդամներ.... խոստմանը բաժնեկիցներ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ»։ Մեջտեղի պատը՝ «պատվիրանների Օրենքը», որն այլազգի մարդկանց բաժանում էր հրեաներից, վերացվել էր, և այժմ Քրիստոսի արյան միջոցով բոլորը դարձել էին սրբեր, երկնային քաղաքացիներ և Աստծու տան անդամներ։ Ի տարբերություն Արտեմիսի հեթանոսական տաճարի՝ այս մարդկանցից, որոնք Քրիստոսի հետ միության մեջ էին, կառուցվում էր մի շինություն՝ «սուրբ տաճար Եհովայի համար», որտեղ Աստված բնակվելու էր իր ոգով (3։4, 6; 2։15, 21)։
19. Ի՞նչ հույս ու քաջալերություն է տալիս «Եփեսացիներ» նամակը այսօր մեզ։
19 «Սրբազան գաղտնիքի» մասին խոսելիս Պողոսը նաև նշեց «տնօրինության» հաստատման մասին, «այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները [նրանց, ովքեր ընտրվել են երկնային Թագավորության համար] և երկրի վրա եղողները [նրանց, ովքեր կապրեն երկրի վրա Թագավորության իշխանության ներքո]»։ Այսպիսով երևան է գալիս Աստծու մեծ նպատակը՝ վերականգնել խաղաղություն ու միասնություն։ Պողոսն աղոթեց եփեսացիների համար, որոնց սրտի աչքերը լուսավորվել էին, որ նրանք ամբողջովին հասկանային այն հույսը, դեպի որը Աստված կանչեց նրանց, և տեսնեին, «թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար»։ Այս խոսքերը պետք է որ մղեին նրանց վառ պահելու իրենց հույսը։ Եփեսացիներին ուղղված ներշնչված նամակը քաջալերական է այսօրվա ժողովների համար նույնպես, «որպեսզի լցված լինեն այն ողջ լիությամբ, որ Աստված է տալիս» (1։9–11, 18; 3։19)։
[ծանոթագրություններ]
a «Origin and History of the Books of the Bible», 1868, Ք. Ի. Սթով, էջ 357։
b «New Bible Dictionary», երկրորդ հրատարակություն, 1986, Ջ. Դ. Դուգլասի խմբագրությամբ, էջ 175։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 182 (անգլ.)։
d «Daily Life in Bible Times», 1943, էջ 308։