«Ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»
«Ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն» (ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 4։6)։
1. Ո՞ւմ հետ հաղորդակցվելու պատիվ ունենք, և ինչո՞ւ է դա այդքան հրաշալի։
ԵԹԵ խնդրեիր, որ քեզ հնարավորություն ընձեռվեր անձամբ հանդիպելու քո երկրի ղեկավարին, ի՞նչ արձագանք կստանայիր։ Հնարավոր է՝ նրա նստավայրից կիրթ պատասխան տային, սակայն շատ անհավանական է, որ քեզ թույլատրվեր անձամբ խոսել նրա հետ։ Բոլորովին այլ է պատկերը՝ կապված մեծագույն Ղեկավարի՝ Եհովա Աստծու՝ տիեզերքի Գերիշխանի հետ։ Մենք կարող ենք դիմել նրան ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ։ Աստծուն հաճելի աղոթքները միշտ հասնում են նրան (Առակաց 15։29)։ Սա իսկապե՛ս հիասքանչ է։ Մի՞թե շնորհակալ չենք Եհովային դրա համար, և մի՞թե երախտագիտությունը մեզ չի մղում կանոնավորաբար աղոթել նրան, որ իրավամբ կոչվում է «աղօթքի լսող» (Սաղմոս 65։2, ԱԱ)։
2. Ո՞ր դեպքում մեր աղոթքները կլսվեն։
2 Բայց ոմանք գուցե հարցնեն. «Ո՞ր աղոթքներն է լսում Աստված»։ Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, թե որ դեպքում մեր աղոթքներն ընդունելի կլինեն։ Եբրայեցիս 11։6–ում կարդում ենք. «Առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»։ Այո՛, ինչպես բացատրվեց նախորդ հոդվածում, Աստծուն մոտենալու համար ամենակարևոր բանը հավատն է։ Աստված պատրաստ է լսել իրեն մոտեցողների աղոթքները, բայց նրանք պետք է աղոթեն հավատով, բարի գործեր անեն, լինեն անկեղծ և սրտի ճիշտ տրամադրվածություն ունենան։
3. ա) Ինչպես երևում է հին ժամանակներում ապրած հավատարիմների օրինակից, ի՞նչ արտահայտություններ կարող ենք անել մեր աղոթքներում։ բ) Աղոթքի ի՞նչ ձևեր կարող են լինել։
3 Պողոս առաքյալն իր օրերի քրիստոնյաներին հորդորեց. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Աստվածաշնչում հիշատակվում են բազմաթիվ անհատներ, ովքեր իրենց մտահոգությունները հայտնել են Աստծուն։ Նրանցից են՝ Աննան, Եղիան, Եզեկիան և Դանիելը (Ա Թագաւորաց 2։1–10; Գ Թագաւորաց 18։36, 37; Դ Թագաւորաց 19։15–19; Դանիէլ 9։3–21)։ Մենք պետք է հետևենք այդ հավատարիմների օրինակին։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ աղոթքի տարբեր ձևեր կարող են լինել։ Առաքյալը հիշատակեց ‘գոհությունը’, կամ՝ շնորհակալությունը, այսինքն՝ այն աղոթքը, որում Աստծուն երախտագիտություն ենք հայտնում այն ամենի համար, որ նա անում է մեր օգտին։ Շնորհակալության արտահայտումը կարող է ուղեկցվել գովաբանությամբ։ Աղաչանքը վերաբերում է խոնարհաբար և ջերմեռանդորեն խնդրելուն։ Եվ վերջապես, կարող ենք արտահայտել խնդրանքներ մի որոշակի բանի համար (Ղուկաս 11։2, 3)։ Մեր երկնային Հայրը հաճույքով է լսում այսպիսի աղոթքները։
4. Թեպետ Եհովան տեղյակ է մեր կարիքներից, ինչո՞ւ պիտի մեր խնդրանքները հայտնենք նրան։
4 Ոմանք գուցե հարցնեն. «Մի՞թե Եհովան արդեն իսկ տեղյակ չէ մեր բոլոր կարիքներից»։ Այո՛, տեղյակ է (Մատթէոս 6։8, 32)։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա ցանկանում, որ մեր խնդրանքների մասին իրեն աղոթենք։ Քննենք մի օրինակ։ Խանութի տերը կարող է նվեր առաջարկել իր հաճախորդներից ոմանց։ Բայց այդ մարդիկ պետք է գան տիրոջ մոտ և դիմեն նրան՝ նվերը ստանալու համար։ Ովքեր ջանք չեն թափի, ցույց կտան, որ իրականում չեն գնահատում նվերը։ Նմանապես, եթե անհատը չի ցանկանում իր խնդրանքները աղոթքի միջոցով հայտնել Աստծուն, դա նշանակում է, որ նա երախտագետ չէ Եհովայի տված բաների համար։ Հիսուսն ասաց. «Խնդրեցէք եւ կ’առնէք» (Յովհաննէս 16։24)։ Վարվելով այսպես՝ ցույց կտանք, որ ապավինում ենք Աստծուն։
Ինչպե՞ս պետք է մոտենանք Աստծուն
5. Ինչո՞ւ պետք է աղոթենք Հիսուսի անունով։
5 Եհովան խիստ կանոններ չի դնում, թե ինչպես աղոթել։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է սովորենք, թե ինչպես պատշաճորեն մոտենալ իրեն։ Աստվածաշունչը օգնում է մեզ այս հարցում։ Օրինակ՝ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ» (Յովհաննէս 16։23)։ Ուրեմն՝ մեզանից պահանջվում է աղոթել Հիսուսի անունով և ընդունել, որ Աստծու օրհնությունները միայն նրա միջոցով են տրվում բոլոր մարդկանց։
6. Աղոթելիս ինչպիսի՞ն պետք է լինի մարմնի դիրքը։
6 Ինչպիսի՞ն պետք է լինի մարմնի դիրքը աղոթելիս։ Աստվածաշնչում չի նշվում, թե ինչպիսի դիրք պետք է ընդունենք, որպեսզի մեր աղոթքները լսվեն (Գ Թագաւորաց 8։22; Նէեմիա 8։6; Մարկոս 11։25; Ղուկաս 22։41)։ Կարևորն այն է, որ աղոթենք անկեղծությամբ և սրտի ճիշտ տրամադրվածությամբ (Յովէլ 2։12, 13)։
7. ա) Ո՞րն է «ամեն» բառի իմաստը։ բ) Ինչպե՞ս պատշաճ կլինի այդ բառն օգտագործել աղոթքներում։
7 Իսկ ի՞նչ կարելի է ասել աղոթքում «ամեն» բառն օգտագործելու մասին։ Գրություններից երևում է, որ սովորաբար տեղին կլինի աղոթքն ավարտել այս բառով, հատկապես երբ աղոթում ենք հանրության առջև (Սաղմոս 72։19; 89։52)։ Եբրայերեն ամե՛ն բառի հիմնական իմաստն է՝ «անշուշտ»։ «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանում» (անգլ.) բացատրվում է աղոթքների վերջում «ամեն» ասելու իմաստը. «վավերացնել ասված խոսքերը և թախանձագին խնդրել, որ դրանք կատարվեն»։ Ուրեմն՝ աղոթքն ավարտելով «ամեն» բառով՝ աղոթող անձնավորությունը ցույց է տալիս, որ շատ լուրջ է վերաբերվում աղոթքում ասած իր խոսքերին։ Երբ ժողովին աղոթքով ներկայացնող քրիստոնյան վերջում ասում է «ամեն», մյուսները, փաստելով իրենց լիակատար հավանությունը հնչած խոսքերին, նույնպես կարող են ասել «ամեն»՝ դա անելով իրենց սրտում կամ էլ լսելի կերպով (Ա Կորնթացիս 14։16)։
8. Մեր աղոթքներից մի քանիսն ինչպե՞ս կարող են նման լինել Հակոբի կամ Աբրահամի աղոթքներին, և դրանք ի՞նչ կփաստեն մեր մասին։
8 Երբեմն Աստված գուցե թույլ տա, որ մենք փաստենք, թե որքանով ենք հետաքրքրված այն հարցով, ինչի մասին որ աղոթում ենք։ Հնարավոր է՝ հարկ լինի, որ դառնանք հին ժամանակներում ապրած Հակոբի պես, որն ամբողջ գիշեր գոտեմարտեց հրեշտակի հետ՝ օրհնություն ստանալու համար (Ծննդոց 32։24–26)։ Որոշ իրավիճակներում գուցե հարկ լինի նմանվել Աբրահամին։ Նա մի քանի անգամ Եհովային խնդրեց փրկել Ղովտին, ինչպես նաև այն արդար մարդկանց, որ գուցե լինեին Սոդոմում (Ծննդոց 18։22–33)։ Մենք էլ գուցե աղաչենք Եհովային մեզ համար շատ թանկ բաների մասին՝ դիմելով նրան իր արդարության, սիրառատ բարության և գթասրտության հիման վրա։
Ինչի՞ մասին կարող ենք խնդրել
9.Աղոթելիս ի՞նչը պետք է առաջին հերթին մեզ հետաքրքրի։
9 Հիշենք, որ Պողոսն ասաց. «Ամեն բանում.... ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն» (Փիլիպպեցիս 4։6)։ Ուստի՝ մեր անձնական աղոթքներում, փաստորեն, կարող ենք խոսել ամեն ինչի մասին։ Այդուհանդերձ, աղոթելիս առաջին հերթին մեզ պետք է հետաքրքրի Եհովան։ Դանիելը գերազանց օրինակ է թողել այս հարցում։ Երբ Իսրայել ազգը պատժվեց իր մեղքերի համար, Դանիելը Եհովային աղերսեց, որ գթասիրտ լինի՝ ասելով. «Մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած» (Դանիէլ 9։15–19)։ Իսկ մեր աղոթքները ցո՞ւյց են տալիս, որ Եհովայի անվան սրբացումը և նրա կամքի կատարումը մեր գլխավոր հետաքրքրությունն են։
10. Որտեղի՞ց գիտենք, որ տեղին է աղոթել անձնական բաների մասին։
10 Բայցևայնպես, տեղին է աղոթել անձնական բաների մասին։ Օրինակ՝ վարվելով սաղմոսերգուի պես՝ կարող ենք Եհովային խնդրել, որ խորացնի մեր հոգևոր հասկացողությունը։ Սաղմոսերգուն ասաց. «Իմաստուն արա [«Հասկացողություն տուր», ՆԱ] ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով» (Սաղմոս 119։33, 34; Կողոսացիս 1։9, 10)։ Հիսուսը «աղօթք եւ աղաչանք.... մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից» (Եբրայեցիս 5։7)։ Տեսնում ենք, որ միանգամայն տեղին է աղոթել Աստծուն, որ ուժ տա, երբ մեզ վտանգ է սպառնում, կամ փորձության մեջ ենք։ Տիպար աղոթքի մեջ Հիսուսը հիշատակեց նաև անձնական բաներ, ինչպիսիք են՝ մեղքերի ներումը և ամենօրյա հացն ունենալը։
11. Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել, որ չտրվենք գայթակղությանը։
11 Տիպար աղոթքում Հիսուսը ընդգրկեց նաև հետևյալ խնդրանքը. «Մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը» (Մատթէոս 6։9–13)։ Ավելի ուշ Հիսուսն այսպիսի խորհուրդ տվեց. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Մատթէոս 26։41)։ Անչափ կարևոր է աղոթել փորձությունների, կամ՝ գայթակղությունների ժամանակ։ Աշխատանքի վայրում կամ դպրոցում գուցե գայթակղություն առաջանա անտեսել Աստվածաշնչի սկզբունքները։ Եհովայի վկա չհանդիսացող մարդիկ գուցե առաջարկեն, որ իրենց հետ կասկածելի բաներով զբաղվենք։ Գուցե մեզ խնդրեն, որ անենք այնպիսի մի բան, որը հակասում է արդար սկզբունքներին։ Այդպիսի պահերին լավ կլինի վարվել Հիսուսի խորհրդի համաձայն՝ աղոթել, ընդ որում հարկավոր է աղոթել ինչպես նախօրոք, երբ դեռ գայթակղության մեջ չենք ընկել, այնպես էլ բուն գայթակղության ժամանակ՝ Աստծուն խնդրելով, որ մեզ օգնի վայր չընկնել։
12. Մեզ հուզող ի՞նչ հարցերի մասին կարող ենք աղոթել և ի՞նչ կարող ենք ակնկալել Եհովայից։
12 Այսօր Աստծու ծառաները տարբեր ճնշումներ են դիմագրավում։ Հիվանդությունն ու սթրեսը շատերին ցավ են պատճառում։ Դաժան պայմանների պատճառով կյանքը բարդանում է։ Տնտեսական խնդիրները դժվարացնում են ապրուստ վաստակելը։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան լսում է այդպիսի պայմաններում գտնվող իր ծառաների աղոթքները։ Սաղմոս 102։17–ում Եհովայի մասին ասվում է. «Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը»։
13. ա) Անձնական ի՞նչ հարցերի մասին կարող ենք աղոթել։ բ) Պատմեք մի դեպք այդպիսի աղոթքի մասին։
13 Մենք կարող ենք աղոթել ցանկացած բանի մասին, որ անդրադառնում է Եհովային մատուցվող մեր ծառայությանը կամ նրա հետ ունեցած փոխհարաբերություններին (Ա Յովհաննէս 5։14)։ Եթե կանգնած ես որոշում կայացնելու առջև, ասենք, կապված ամուսնության, աշխատանքի կամ էլ ծառայությունն ընդարձակելու հետ, ապա այդ մասին անկաշկանդ աղոթիր Աստծուն՝ նրանից առաջնորդություն խնդրելով։ Ֆիլիպիններում մի երիտասարդ քույր, օրինակ, ցանկացավ լիաժամ ծառայություն սկսել։ Սակայն սեփական կարիքները հոգալու համար նա աշխատանք չուներ։ Քույրը պատմում է. «Մի շաբաթ օր Եհովային հատուկ աղոթեցի ռահվիրայություն սկսելու մասին։ Այդ նույն օրը գնացի քարոզչության և մի պատանի աղջկա գիրք առաջարկեցի։ Միանգամայն անսպասելի՝ աղջիկն ասաց. «Երկուշաբթի առավոտյան, առանց ժամանակ կորցնելու, գնացեք մեր դպրոց»։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ։ Նա ասաց, որ դպրոցում թափուր աշխատատեղ կա, և տնօրենը ցանկանում է հնարավորին չափ շուտ աշխատող վերցնել։ Ես գնացի, և ինձ իսկույն գործի ընդունեցին։ Այդ ամենը շատ արագ կատարվեց»։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ Վկաների հետ նման դեպքեր են տեղի ունենում։ Ուրեմն՝ մի՛ վարանիր ջերմեռանդ աղոթքով քո խնդրանքները ներկայացնել Եհովային։
Իսկ եթե մեղք ենք գործե՞լ
14, 15. ա) Ինչո՞ւ անհատը չպետք է վարանի աղոթել, նույնիսկ եթե մեղք է գործել։ բ) Անձնական աղոթքներից բացի, ուրիշ ի՞նչը կարող է օգնել մարդուն հոգևորապես ապաքինվել։
14 Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեղք գործած անհատին։ Ոմանք, ամոթ զգալով կատարած սխալի համար, վարանում են աղոթել։ Սակայն այդպես վարվելը խելամիտ չէ։ Պարզաբանենք օրինակով։ Օդաչուները գիտեն, որ եթե օդում կորցնեն ինքնաթիռի կոորդինատները, ապա օգնություն ստանալու համար կարող են կապվել ավիադիսպետչերի հետ։ Ի՞նչ կպատահի, եթե օդաչուն, անհարմար զգալով իր սխալի համար, վարանի կապ հաստատել երկրի հետ։ Հետևանքը կարող է աղետալի լինել։ Նմանապես՝ եթե մեղք գործած անձնավորությունը անհարմար է զգում աղոթել Աստծուն, ապա դա կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների։ Ամոթը չպետք է պատճառ լինի, որ անհատը չխոսի Եհովայի հետ։ Իրողությունն այն է, որ լուրջ սխալ գործած մարդուն Աստված ինքն է առաջարկում աղոթել իրեն։ Եսայիա մարգարեն իր օրերի մեղավորներին հորդորեց կանչել Եհովային, «որովհետեւ նա շատ ներող է» (Եսայիա 55։6, 7)։ Իհարկե, նախքան Եհովային դիմելը մենք պետք է խոնարհեցնենք մեր անձը՝ ետ դառնալով մեղավոր ընթացքից և անկեղծորեն զղջալով (Սաղմոս 119։58; Դանիէլ 9։13)։
15 Մեղք գործած անհատին աղոթքի հետ կապված կարող է օգնել նաև մեկ ուրիշ բան։ Հակոբոս աշակերտը հոգևոր օգնության կարիք ունեցողի վերաբերյալ ասում է. «Թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն.... եւ Տէրը վեր կ’կացնէ նորան» (Յակոբոս 5։14, 15)։ Ճիշտ է, անհատը պետք է անձնական աղոթքով Եհովային խոստովանի իր մեղքը, սակայն նա կարող է նաև երեցներին խնդրել, որ իր համար աղոթեն։ Դա կնպաստի նրա հոգևոր ապաքինմանը։
Աղոթքի պատասխանը
16, 17. ա) Ինչպե՞ս է Եհովան պատասխանում աղոթքներին։ բ) Ո՞ր օրինակներից է երևում, որ աղոթքը և քարոզչական գործը սերտորեն կապված են։
16 Ինչպե՞ս է Աստված պատասխանում աղոթքներին։ Որոշ աղոթքներ գուցե պատասխանվեն արագորեն և ակնհայտ կերպով (Դ Թագաւորաց 20։1–6)։ Մյուսների պատասխանը ստանալու համար թերևս հարկ լինի սպասել, ընդ որում երբեմն այն հազիվ է նշմարվում։ Ինչպես երևում է Հիսուսի բերած մի օրինակից, որտեղ այրին անընդհատ գնում էր դատավորի մոտ, որոշ դեպքերում գուցե հարկ լինի աղոթել ոչ մեկ անգամ (Ղուկաս 18։1–8)։ Ամեն դեպքում, կարող ենք վստահ լինել, որ եթե աղոթում ենք Աստծու կամքին ներդաշնակ, ապա նա երբեք մեզ չի ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր» (ԷԹ) (Ղուկաս 11։5–9)։
17 Եհովայի ծառաները բազմիցս համոզվել են, որ իրենց աղոթքները պատասխան են ստացել։ Հաճախ դա տեղի է ունեցել քարոզչության ժամանակ։ Օրինակ՝ երկու քրիստոնյա քույրեր (Ֆիլիպիններ) աստվածաշնչային գրականություն էին տարածում հեռավոր տարածքում։ Երբ նրանք մի կնոջ թերթիկ տվեցին, վերջինիս աչքերը լցվեցին արցունքներով։ Նա ասաց. «Անցած գիշեր Աստծուն աղոթեցի, որ ինձ մոտ ուղարկի մեկին, որը ինձ Աստվածաշունչ կսովորեցներ։ Կարծում եմ՝ սա իմ աղոթքի պատասխանն է»։ Շուտով այդ կինը սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին Թագավորության սրահում։ Հարավարևելյան Ասիայի մեկ այլ մասում մի քրիստոնյա եղբայր անհանգստանում էր, որ պետք է քարոզեր հատուկ հսկողության տակ գտնվող բնակելի համալիրում։ Բայց նա աղոթեց Եհովային, լցվեց քաջությամբ և մտավ շենք։ Նա թակեց մի բնակարանի դուռ, և դուռը բացեց մի երիտասարդ կին։ Երբ եղբայրը բացատրեց այցելության նպատակը, կինը սկսեց լաց լինել։ Նա ասաց, որ երկար ժամանակ է, ինչ փնտրում է Եհովայի վկաներին, և աղոթել էր Աստծուն, որ օգնի իրեն գտնել նրանց։ Եղբայրը ուրախությամբ օգնեց այդ կնոջը կապ հաստատել Եհովայի վկաների տեղի ժողովի հետ։
18. ա) Երբ ստանում ենք մեր աղոթքի պատասխանը, ինչպե՞ս պիտի արձագանքենք։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, եթե ամեն ժամանակ աղոթենք։
18 Իսկապե՛ս, աղոթքը Աստծուն մոտենալու հրաշալի հնարավորություն է։ Եհովան պատրաստ է լսել և պատասխանել մեզ (Եսայիա 30։18, 19)։ Սակայն պետք է ուշադրությամբ հետևենք, թե ինչպես է նա պատասխանում մեր աղոթքներին։ Միշտ չէ, որ դրանք կպատասխանվեն մեր ուզած ձևով։ Ամեն դեպքում, ստանալով Եհովայի առաջնորդությունը՝ չպետք է մոռանանք նրան շնորհակալություն հայտնել և փառաբանել (Ա Թեսաղոնիկեցիս 5։18)։ Միշտ հիշիր Պողոս առաքյալի հորդորը. «Ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»։ Այո՛, ամեն ժամանակ խոսիր Աստծու հետ։ Եթե այդպես վարվես, կզգաս Պողոսի խոսքերի ճշմարտացիությունը. «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Կարո՞ղ եք բացատրել
• Աղոթքի ի՞նչ ձևեր կարող են լինել։
• Ինչպե՞ս պետք է աղոթենք։
• Ի՞նչի մասին կարող ենք աղոթել։
• Ի՞նչ դեր է խաղում աղոթքը, երբ անհատը մեղք է գործել։
[նկարներ 29-րդ էջի վրա]
Ջերմեռանդ աղոթքն օգնում է չտրվել գայթակղությանը
[նկարներ 31-րդ էջի վրա]
Աղոթքով Աստծուն հայտնում ենք մեր երախտագիտությունը, անհանգստությունները և խնդրանքները