Տե՛ս լույսը սքանչելի է
ԵԹԵ երբևէ ստիպված ես եղել ճանապարհդ փնտրել մթության մեջ խարխափելով, ապա գիտես, թե որքան հուսահատեցնող դա կարող է լինել։ Ի՜նչ մեծ մխիթարություն է տալիս լույսը։ Հնարավոր է՝ հայտնվել ես այնպիսի մի իրավիճակում, որ քեզ թվացել է, թե խավարի մեջ ես։ Թերևս դա պատահել է այն ժամանակ, երբ այդ իրավիճակից դուրս գալու ելք չես տեսել։ Սակայն կամաց–կամաց հասկացել ես, որ լուծում կա։ Այդպիսի իրավիճակից դուրս գալը նման է այն բանին, որ խավարի մեջ խարխափելիս հանկարծ լույս ես տեսնում։
Առաջին դարում մարդիկ ընդհանուր առմամբ հոգևոր խավարի մեջ էին։ Դիմելով այն մարդկանց, ովքեր թողել էին իրենց նախկին համոզմունքները և ընդունել քրիստոնեությունը՝ Պետրոս առաքյալը գրում է. «[Աստված] ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ» (Ա Պետրոս 2:9)։ Նրանց համար դա նշանակում էր խավարից դուրս գալ դեպի պայծառ լույս։ Այս բանը կարելի է նաև համեմատել միայնակ լինելու հետ, երբ ընտանիք չունես ու հանկարծ ընտանիք ես ձեռք բերում և ապահով ապագա ունենում (Եփեսացիս 2:1, 12)։
«Քո առաջին սէրը թողել ես»
Առաջին դարի քրիստոնյաները գտան ճշմարտությունը՝ իսկական քրիստոնեական հավատը (Յովհաննէս 18:37)։ Նրանք տեսան ճշմարտության սքանչելի լույսը և խավարից փոխվեցին դեպի պայծառ լույս։ Սակայն ժամանակի ընթացքում որոշ քրիստոնյաների սկզբնական ոգևորությունն ու եռանդը սառչեց։ Օրինակ՝ առաջին դարի վերջում Եփեսոսի ժողովում լուրջ խնդիր առաջացավ։ Հարություն առած Հիսուս Քրիստոսը մատնացույց անելով այդ խնդիրը՝ ասաց. «Քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես: Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա» (Յայտնութիւն 2:4, 5)։ Եփեսոսի քրիստոնյաները պետք է վերագտնեին Աստծու և ճշմարտության հանդեպ իրենց ջերմագին սերը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք նույնպես մեծ ուրախություն ենք ապրել, երբ տեսել ենք լույսը, այսինքն՝ երբ իմացել ենք Աստծու Խոսքի սքանչելի ճշմարտությունը։ Մենք սկսել ենք սիրել այդ ճշմարտությունը։ Սակայն մարդկանց բնորոշ դժվարությունները կարող են սառեցնել մեր սերը ճշմարտության հանդեպ։ Բացի այդ, կարող ենք առնչվել «վերջին օրերին» հատուկ դժվարություններին։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը բնորոշվում է ‘չար ժամանակներով’, աշխարհ, որտեղ ապրում են «ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ» մարդիկ (Բ Տիմոթէոս 3:1, 2)։ Նրանց ազդեցությունը կարող է նվազեցնել մեր եռանդը և պատճառ դառնալ, որ Եհովայի հանդեպ մեր սերը սառչի։
Եթե մենք կորցրել ենք մեր սկզբնական սերը, ապա պետք է «հիշենք, թե որտեղից վայր ընկանք ու զղջանք»։ Մենք պետք է վերականգնենք մեր նախկին հոգևոր վիճակը։ Ավելին, պետք է թույլ չտանք, որ մեր գնահատանքը ճշմարտության հանդեպ պակասի։ Որքան կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը դրական և սթափ մտավիճակ ունենա ու Աստծու և ճշմարտության հանդեպ իր սերը կենդանի պահի։
«Ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ»
Աստվածաշնչի լույսը իրոք որ սքանչելի է, քանի որ Աստծու Խոսքը պատասխանում է այն հարցերին, որոնք հազարամյակներ շարունակ փնտրել են մարդիկ։ Օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ, ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ գոյություն ունի չարություն, կա՞ արդյոք կյանք մահից հետո։ Եհովան լուսավորել է մեզ՝ տալով հիանալի ճշմարտություններ, որոնք հիմնված են Աստվածաշնչի ուսմունքների վրա։ Չպե՞տք է արդյոք սրտանց երախտապարտ լինենք։ Թող որ մեր սովորածը երբեք սովորական բան չդառնա մեզ համար։
Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ճշմարտութիւնը կ’ճանաչէք. եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Յովհաննէս 8:32)։ Հիսուսի քավիչ զոհաբերությունը հնարավորություն է տվել, որ մենք ազատվենք մեղքից ու մահից։ Սակայն այս թանկագին ճշմարտությունները մեզ ազատել են նաև խավարի մեջ գտնվող այս աշխարհի տգիտությունից ու անորոշությունից։ Սովորածի շուրջ երախտագիտությամբ խորհելը կօգնի մեզ զորացնել մեր սերը Եհովայի ու նրա Խոսքի հանդեպ։
Թեսաղոնիկեի քրիստոնյաներին Պողոս առաքյալը գրեց. «Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ» (Ա Թեսաղոնիկեցիս 2:13)։ Թեսաղոնիկեցիները լսեցին և «[Աստծու] խօսքն ընդունեցին.... ուրախութիւնովը»։ Նրանք այլևս «խաւարումը» չէին։ Դեռ ավելին, նրանք դարձել էին «լոյսի որդիք» (Ա Թեսաղոնիկեցիս 1:4–7; 5:4, 5)։ Այդ քրիստոնյաները իմացել էին, որ Եհովան է Ստեղծիչը, և նա ամենակարող է, իմաստուն, սիրող ու ողորմած։ Քրիստոսի մյուս հետևորդների նման՝ նրանք նաև սովորել էին, որ Եհովան միջոցներ է ձեռնարկել, որպեսզի մաքրի իրենց մեղքերը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհագործության միջոցով (Գործք 3:19–21)։
Չնայած թեսաղոնիկեցիները Աստվածաշնչի ճշմարտության լիակատար հասկացողություն չունեին, սակայն նրանք գիտեին, թե որտեղից կարելի է գիտելիքներ ձեռք բերել։ Ներշնչված Գրությունները կարող են այնպես անել, որ «Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3:16, 17)։ Թեսաղոնիկեի քրիստոնյաները կարող էին շարունակել իրենց ուսումնասիրությունը՝ անդադար համոզվելով, որ Աստծուց եկող լույսը իսկապես սքանչելի է։ Նրանք մշտապես ուրախանալու հիմնավոր պատճառներ ունեին (Ա Թեսաղոնիկեցիս 5:16)։ Մենք նույնպես ունենք ուրախ լինելու նման պատճառներ։
Լույս մեր ճանապարհի համար
Բացատրելով, թե ինչու է լույսը սքանչելի՝ սաղմոսերգուն երգում է. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119:105)։ Աստծու Խոսքից ստացած առաջնորդությունը կարող է օգնել մեզ ճիշտ ընթացք բռնել և իմաստալից կյանք ունենալ։ Մենք չպետք է նմանվենք ծովի հոսանքով տարուբերվող նավի։ Ճշմարտությունն իմանալը և կիրառելը պաշտպանում է մեզ, որ չլինենք «երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը» (Եփեսացիս 4:14)։
Աստվածաշունչն ասում է. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ»: Այն նաև ավելացնում է. «Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է» (Սաղմոս 146:3, 5)։ Ավելին, Եհովային վստահելը օգնում է մեզ հաղթահարել վախը և անհանգստությունը։ Պողոս առաքյալը գրեց. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4:6, 7)։ Աստծու Խոսքի լույսով առաջնորդվելը իսկապես օգուտներ է բերում մեզ։
Փայլեք ինչպես լուսատուներ աշխարհում
Մյուս պատճառը, թե ինչու է Աստծու Խոսքի լույսը սքանչելի, այն է, որ դա հնարավորություն է ընձեռում մարդկանց ստանալու ամենավսեմ հանձնարարությունը։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»։ Սակայն նախքան այդ պատվերը տալը նա ասաց. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս» (Մատթէոս 28:18–20)։
Մտածիր, թե ով է օգնում ճշմարիտ քրիստոնյաներին քարոզել բարի լուրը և սովորեցնել աստվածաշնչյան ճշմարտությունը բոլոր ազգերի մարդկանց։ Հիսուսը խոստացավ իր հետևորդներին, որ նրանց հետ կլինի։ Եվ իրոք, նա օգնում է նրանց իրենց ծառայության մեջ, քանի որ իր հետևորդները թույլ են տալիս, որ այդ կերպով և այլ «բարի գործերով» «իրենց լույսը լուսավորի» (Մատթէոս 5:14–16)։ Հրեշտակները նույնպես մասնակցում են քարոզչական գործին (Յայտնութիւն 14:6)։ Իսկ Եհովա Աստվա՞ծ։ Պողոս առաքյալը գրեց. «Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց»: Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է լինել «Աստուծոյ գործակիցների» մեջ (Ա Կորնթացիս 3:6, 9)։
Մտածիր նաև, թե ինչպես են օրհնվում մեր ջանքերը, որոնք ներդնում ենք Աստծու կողմից տրված գործը կատարելու համար։ Աստծուց ստացած մեր առանձնաշնորհումը՝ «փայլել ինչպես լուսատուներ աշխարհում», չի կարող համեմատվել ոչ մի բանի հետ։ Մեր խոսքերով և գործերով արտացոլելով Աստծու Խոսքի լույսը՝ մենք իսկապես կօգնենք ազնվասիրտ մարդկանց (Փիլիպպեցիս 2:15)։ Նախանձախնդրորեն քարոզելով և ուսուցանելով՝ մենք կարող ենք ուրախ լինել, «որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ մեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուինք» (Եբրայեցիս 6:10)։
«Աչքի սպեղանի գնիր, որ քսես աչքերիդ»
Առաջին դարի Լավոդիկեի ժողովին ուղղված իր պատգամում Հիսուսն ասաց. «Ինձանից.... աչքի սպեղանի գնիր, որ քսես աչքերիդ, որպեսզի տեսնես։ Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում» (Յայտնութիւն 3:18, 19, ՆԱ)։ Հոգևոր կուրության դեմ միակ միջոցը «սպեղանին» է, այսինքն՝ Հիսուսի ուսուցումները։ Եթե ուզում ենք պահել հոգևորապես առողջ մտավիճակ, պետք է ընդունենք նրա խորհուրդը, հնազանդվենք դրան, ինչպես նաև հետևենք Աստվածաշնչի առաջնորդությանը։ Մենք նաև պետք է ունենանք այնպիսի մտածելակերպ, ինչպիսին ուներ Քրիստոսը և ընդօրինակենք նրան (Փիլիպպեցիս 2:5; Ա Պետրոս 2:21)։ Սպեղանին ձրի չէ։ Հիսուսն ասաց. «Ինձանից.... գնիր [այն]»։ Իսկ գինը մեր ժամանակն ու ջանքերն են։
Երբ հեռանում ենք մութ տարածքից և մտնում լուսավոր սենյակ, ժամանակ է պետք, որ մեր աչքերը հարմարվեն լույսին։ Նմանապես, ժամանակ է անհրաժեշտ Աստծու Խոսքը ուսումնասիրելու և ճշմարտության լույսը տեսնելու համար։ Ժամանակ է հարկավոր խորհելու մեր սովորածի, ինչպես նաև այն բանի շուրջ, թե որքան թանկ է ճշմարտությունը։ Սակայն այդ գինը այդքան էլ մեծ չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ լույսը սքանչելի է։
[նկար 14–րդ էջի վրա]
«Ինձանից.... աչքի սպեղանի գնիր, որ քսես աչքերիդ, որպեսզի տեսնես»