Աստվածաշնչի գիրք համար 50. Փիլիպպեցիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 60–61թթ.
1. ա) Ինչպե՞ս փիլիպպեցիները լսեցին բարի լուրը։ բ) Փիլիպպե քաղաքի վերաբերյալ ի՞նչ պատմական տեղեկություն կա, որ հետաքրքիր է մեզ համար։
ԵՐԲ Պողոս առաքյալին տեսիլքում ասվեց, որ գնա ու քարոզի բարի լուրը Մակեդոնիայում, նա և իր համագործակիցները՝ Ղուկասը, Շիղան ու երիտասարդ Տիմոթեոսը, արագորեն հնազանդվեցին կոչին։ Տրովադայից (Փոքր Ասիա) նրանք նավով գնացին Նեապոլիս, իսկ այնտեղից էլ անմիջապես ճամփա ընկան դեպի Փիլիպպե, որտեղ հասնելու համար մոտ 15 կիլոմետր ճանապարհ պետք է անցնեին լեռների միջով։ Ղուկասը Փիլիպպեն նկարագրում է որպես «Մակեդոնիայի այդ շրջանի գլխավոր քաղաք» (Գործ. 16։12)։ Այն Փիլիպպե կոչվեց Մակեդոնացի թագավոր Փիլիպոս II-ի պատվին (Ալեքսանդր Մեծի հայրը), որը գրավեց քաղաքը մ.թ.ա. 356-ին։ Հետագայում այն գրավեցին հռոմեացիները։ Մ.թ.ա. 42-ին այնտեղ վճռորոշ ճակատամարտեր տեղի ունեցան, որոնք ամրապնդեցին Օկտավիանոսի դիրքերը։ Վերջինս հետագայում դարձավ Օգոստոս կայսրը։ Ի հիշատակ հաղթանակի՝ նա Փիլիպպեն Հռոմի գաղութ դարձրեց։
2. Ի՞նչ արդյունքների հասավ Պողոսը Փիլիպպեում քարոզելիս, և ի՞նչ դժվարություններով ուղեկցվեց ժողովի կազմավորումը այդ քաղաքում։
2 Պողոսը սովորություն ուներ նոր քաղաքներում քարոզել նախ հրեաներին։ Սակայն երբ մ.թ. մոտ 50-ին նա առաջին անգամ այցելեց Փիլիպպե, տեսավ, որ այնտեղ շատ քիչ հրեաներ կային և հավանաբար ժողովարան չունեին, քանի որ աղոթելու համար հավաքվում էին քաղաքից դուրս՝ գետի ափին։ Պողոսի քարոզչությունը արագորեն պտուղներ բերեց. առաջին նորահավատներից էր Լիդիան՝ գործարար մի կին և հրեա պրոզելիտ, որը պատրաստակամորեն ընդունեց Քրիստոսի մասին ճշմարտությունը և ստիպեց, որ ճանապարհորդները մնան իր տանը։ Ղուկասը գրում է. «[Նա] ստիպելով տարավ մեզ»։ Սակայն շուտով հակառակություն սկսվեց. Պողոսին ու Շիղային ծեծեցին ճիպոտներով և բանտարկեցին։ Մինչ նրանք բանտում էին, երկրաշարժ տեղի ունեցավ, դրանից հետո բանտապահն ու նրա ընտանիքը, լսելով Պողոսին և Շիղային, հավատացյալներ դարձան։ Հաջորդ օրը Պողոսը և Շիղան ազատվեցին բանտից, այցելեցին եղբայրներին, որոնք Լիդիայի տանն էին, ու մինչ քաղաքից հեռանալը քաջալերեցին նրանց։ Պողոսի մտքում մնացին այն հիշողությունները, որոնք կապված էին Փիլիպպեի ժողովի կազմավորման ժամանակ առաջ եկած դժվարությունների հետ (Գործ. 16։9–40)։
3. Հետագայում ինչպե՞ս էր Պողոսը կապ պահում փիլիպպեցիների ժողովի հետ։
3 Մի քանի տարի անց՝ իր երրորդ միսիոներական շրջագայության ժամանակ, Պողոսը կարողացավ կրկին այցելել Փիլիպպեի ժողով։ Այնուհետև ժողովի հիմնադրումից մոտ տասը տարի հետո Փիլիպպեի եղբայրների սիրո դրսևորումը, որը անչափ տպավորեց Պողոսին, մղեց նրան Աստծու ներշնչմամբ գրելու այն նամակը, որը Սուրբ Գրքում պահպանվել է այդ սիրելի ժողովի անունով։
4. Ինչո՞վ է հաստատվում փիլիպպեցիներին ուղղված նամակի վավերականությունը և այն գրողի ինքնությունը։
4 Աստվածաշնչի մեկնաբանները, ունենալով հիմնավոր պատճառներ, ընդունում են, որ Պողոսն է գրել այս նամակը, ինչի մասին նշվում է առաջին համարում։ Այն մասին, որ Պողոսը գրել է Փիլիպպեի քրիստոնյաներին, հիշատակում է Պոլիկարպոսը (մ.թ. 69?–155?) փիլիպպեցիներին ուղղված իր նամակում։ Բացի այդ, Պողոսի նամակը մեջբերվում է Աստվածաշնչի այնպիսի վաղ մեկնաբանների կողմից, ինչպիսիք են Իգնատիոսը, Իրենեոսը, Տերտուլիանոսը և Կղեմես Ալեքսանդրացին։ Նամակը հիշատակվում է մ.թ. երկրորդ դարով թվագրված Մուրատորիի ֆրագմենտում և մյուս բոլոր վաղ կանոնական գրքերում։ Չեստեր Բիատիի № 2 (P46) պապիրուսում, որը թվագրվում է մ.թ. մոտ 200թ.-ով, այն գտնվում է Պողոսի մյուս ութ նամակների կողքին։
5. Ի՞նչն է ցույց տալիս, որ նամակը գրվել է Հռոմում։
5 Գրվելու վայրը և թիվը կարելի է ավելի կոնկրետ որոշել։ Գրելու ժամանակ Պողոսը բանտարկված էր, գտնվում էր Հռոմի կայսերական պահակախմբի հսկողության տակ և ակտիվորեն զբաղված էր քրիստոնեական գործերով։ Նա իր նամակը եզրափակում է՝ կայսեր տան հավատարիմ անդամներից ողջույններ փոխանցելով։ Այս փաստերը ցույց են տալիս, որ նամակը ուղարկվել է Հռոմից (Փիլիպ. 1։7, 13, 14; 4։22; Գործ. 28։30, 31)։
6. Ե՞րբ է գրվել փիլիպպեցիներին ուղղված նամակը։
6 Իսկ ե՞րբ է գրվել նամակը։ Ակներևաբար, նախքան նամակը գրելը Պողոսն արդեն երկար ժամանակ Հռոմում էր, քանի որ բավականաչափ ժամանակ էր պետք, որ քրիստոնյա լինելու պատճառով իր բանտարկության մասին լուրը հասներ կայսրի պրետորական գվարդիային և ուրիշներին։ Ժամանակ էր հարկավոր նաև, որ Եպաֆրոդիտոսը Փիլիպպեից հասներ Հռոմ (մոտ 1000 կիլոմետր)՝ իր հետ նվերներ բերելով Պողոսին։ Նաև ժամանակ էր պետք, որ Եպաֆրոդիտոսի հիվանդության մասին լուրը հասներ Փիլիպպե, իսկ փիլիպպեցիների ցավակցական խոսքերը Փիլիպպեից հասնեին Հռոմ (Փիլիպ. 2։25–30; 4։18)։ Քանի որ Պողոսի առաջին բանտարկությունը եղել է մ.թ. մոտ 59–61թթ.-ին, ամենայն հավանականությամբ նա իր նամակը գրել է մ.թ. մոտ 60 կամ 61-ին՝ առաջին անգամ Հռոմ ժամանելուց մեկ-երկու տարի անց։
7. ա) Ի՞նչ կապվածություն կար Պողոսի և փիլիպպեցի եղբայրների միջև, և ի՞նչը մղեց նրան գրելու այս նամակը։ բ) Ինչպիսի՞ նամակ է փիլիպպեցիներին ուղղված նամակը։
7 Երկունքի ցավերը, որ Պողոսը ունեցել էր, երբ ճշմարտության խոսքի միջոցով կյանք էր պարգևել Փիլիպպեի իր երեխաներին, փիլիպպեցիների ջերմ զգացմունքներն ու առատաձեռնությունը (որոնք նյութապես օգնում էին Պողոսին՝ անհրաժեշտ բաներ ուղարկելով նրան ճանապարհորդությունների ու դժվարությունների ժամանակ) և Եհովայի օրհնությունները Մակեդոնիայում միսիոներական ծառայության սկզբին, ամուր և փոխադարձ սեր էին առաջացրել Պողոսի ու փիլիպպեցի եղբայրների միջև։ Եվ այժմ նրանց նվերը, Եպաֆրոդիտոսի մասին անհանգստությունը և Հռոմում բարի լուրի տարածման մասին տեղեկությունը մղեցին Պողոսին գրելու այս ջերմ ու սիրառատ նամակը, որը շատ ոգևորիչ և քաջալերական է։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. ա) Ինչպե՞ս է Պողոսը արտահայտում իր վստահությունն ու ջերմ զգացմունքները փիլիպպեցի եղբայրների հանդեպ։ բ) Ի՞նչ է ասում առաքյալը իր՝ բանտի կապանքների մասին, և ի՞նչ խորհուրդ է տալիս։
8 Բարի լուրի պաշտպանությունը և տարածումը (1։1–30)։ Պողոսն ու Տիմոթեոսը բարևներ են ուղարկում, և Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն այն բանի համար, որ փիլիպպեցիները «առաջին օրվանից մինչև հիմա» աջակցում են բարի լուրի տարածմանը։ Նա վստահ է, որ նրանք իրենց բարի գործը ավարտին կհասցնեն, քանի որ վերջիններս առաքյալի հետ միասին բաժնեկից եղան անզուգական բարությանը «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու մեջ»։ Պողոսը կարոտում է այդ եղբայրներին, քանի որ նրանց հանդեպ ջերմ զգացմունքներ ունի։ Նա ասում է. «Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա.... որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր» (1։5, 7, 9, 10)։ Պողոսը ուզում է, որ նրանք իմանան, որ «իր հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց», այնպես որ բոլորը իմացան, որ ինքը բանտի կապանքների մեջ է, և եղբայրները քաջալերվեցին ու անվախորեն սկսեցին քարոզել Աստծու խոսքը։ Թեև Պողոսը գիտի, որ եթե մահանա, շահ կլինի իր համար, այնուամենայնիվ մարմնի մեջ մնալը ավելի շատ անհրաժեշտ է նրանց համար, որպեսզի նրանք առաջադիմություն և ուրախություն ստանան։ Նա խորհուրդ է տալիս նրանց, բարի լուրին արժանի կերպով վարվել, որպեսզի անկախ այն բանից՝ կգնա նրանց մոտ, թե ոչ, լսի, որ կողք կողքի պայքարում են միասնության համար և «բոլորովին չեն վախենում հակառակորդներից» (1։12, 28)։
9. Ինչպե՞ս կարող են փիլիպպեցիները ունենալ Քրիստոսի մտածելակերպը։
9 Ունենալ նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոսն ուներ (2։1–30)։ Պողոսը հորդորում է փիլիպպեցիներին խոնարհամտություն ունենալ, «ոչ միայն իրենց շահը փնտրել, այլ նաև ուրիշներինը»։ Նրանք պետք է նույնպիսի մտածելակերպ ունենան, ինչպիսին որ Հիսուս Քրիստոսն ուներ, որը թեև Աստծու կերպարանքն ուներ, բայց զրկեց իրեն ամեն ինչից, որ մարդկանց նման դառնա, և խոնարհեցրեց իրեն ու հնազանդ եղավ մինչև մահ։ Հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան ու այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից։ Պողոսը քաջալերում է նրանց՝ ասելով. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը»։ «Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտունջի և վիճաբանության» ու «ամուր բռնել կյանքի խոսքը» (2։4, 12, 14, 16)։ Նա հույս ունի Տիմոթեոսին ուղարկել նրանց մոտ և վստահ է, որ ինքն էլ շուտով կգա։ Իսկ մինչ այդ, որպեսզի նրանք նորից ուրախ լինեն, նա ուղարկում է Եպաֆրոդիտոսին, որը արդեն ապաքինվել է իր հիվանդությունից։
10. Ինչպե՞ս է Պողոսը հետամուտ լինում նպատակին և ի՞նչ է հորդորում ուրիշներին։
10 «Հետամուտ լինել նպատակին» (3։1–4։23)։ Պողոսն ասում է. «Մենք, որ իսկապես թլփատված ենք.... պետք է զգուշանանք շներից.... նրանցից, ովքեր խեղում են մարմինը»։ Եթե մեկը մտածում է, թե մարմնի վրա վստահություն ունենալու հիմքեր ունի, ապա Պողոսը առավել ևս ունի, քանի որ այդ մասին է վկայում այն, որ նա թլփատված հրեա է ու փարիսեցի։ Այդուհանդերձ, նա ամեն բան կորուստ է համարում «հանուն Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի»։ Արդարության միջոցով՝ հիմնված հավատի վրա, նա հույս ունի «հասնել մահացածների վաղ հարությանը» (3։2, 3, 8, 11)։ Այդ պատճառով Պողոսն ասում է. «Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Թող որ բոլոր նրանք, ովքեր հասուն են, այդպիսի մտածելակերպ ունենան։ Կան մարդիկ, որոնց աստվածն իրենց փորն է։ Նրանք երկրավոր բաների մասին են մտածում։ Նրանց վերջը կործանում է։ «Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է»,— ասում է Պողոսը (3։13, 14, 20)։
11. ա) Ինչի՞ մասին է հարկավոր շարունակ մտածել և ի՞նչ է հարկավոր անել։ բ) Փիլիպպեցիների առատաձեռնության վերաբերյալ Պողոսը ի՞նչ է ասում։
11 Առաքյալը կոչ է անում. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով.... Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց.... Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք։ Այն ամենը, ինչ սովորեցիք, ինչպես նաև ընդունեցիք և լսեցիք ինձանից ու տեսաք իմ մեջ, դրա՛նք արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (4։4–9)։ Պողոսը մեծապես ուրախանում է, որ փիլիպպեցիները մտածում են իր մասին, թեև նա ամեն բան անելու զորություն ունի «շնորհիվ նրա, ով զորացնում է իրեն»։ Նա սրտանց շնորհակալություն է հայտնում նրանց նվերի համար։ Մակեդոնիայում բարի լուրի հռչակման սկզբից ևեթ նրանք առատաձեռն են եղել առաքյալի հանդեպ։ Իր հերթին Աստված «Քրիստոս Հիսուսի միջոցով իր փառավոր հարստության չափով» լիովին կհոգա նրանց բոլոր կարիքները (4։13, 19)։ Նա բարևներ է ուղարկում բոլոր սրբերից, հատկապես նրանցից, որ կայսրի տնից են։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
12. Ինչպե՞ս կարող ենք մենք, փիլիպպեցի եղբայրների նման, Աստծու հավանությունն ունենալ և ուրախության աղբյուր լինել մեր հավատակիցների համար։
12 Որքա՜ն օգտակար է «Փիլիպպեցիներ» նամակը մեզ համար։ Մենք, անշուշտ, ուզում ենք ունենալ Եհովայի հավանությունը և ցանկանում ենք գովեստի այնպիսի խոսքեր լսել քրիստոնյա վերակացուներից, ինչպիսիք որ Փիլիպպեի ժողովը ստացավ Պողոսից։ Դա հնարավոր կլինի, եթե հետևենք փիլիպպեցիների լավ օրինակին և Պողոսի տված սիրառատ խորհուրդներին։ Փիլիպպեցիների նման՝ պետք է առատաձեռն լինենք, մտածենք մեր եղբայրների մասին, օգնենք նրանց, երբ դժվարությունների են բախվում, և մասնակցենք բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու գործին (1։3–7)։ Մենք պետք է շարունակենք «հաստատ կանգնած լինել մեկ ոգով, մեկ մարդու պես կողք կողքի պայքարել բարի լուրի հավատի համար»՝ «փայլելով ինչպես լուսատուներ» այս ծռված և ապականված սերնդի մեջ։ Մինչ անում ենք այս ամենը և շարունակում ենք մտածել լուրջ ուշադրության արժանի բաների մասին, ուրախության աղբյուր կլինենք մեր եղբայրների համար, ինչպես որ փիլիպպեցիները «ուրախություն և պսակ» եղան Պողոս առաքյալի համար (1։27; 2։15; 4։1, 8)։
13. Ինչպե՞ս կարող ենք միասնաբար ընդօրինակել Պողոսին։
13 Պողոսն ասաց. «Միասնաբար ընդօրինակեք ինձ»։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ գոհ լինելով բոլոր հանգամանքներում։ Պողոսը թե՛ առատության, թե՛ կարիքի մեջ սովորեց անտրտունջ հարմարվել հանգամանքներին, որպեսզի շարունակի նախանձախնդրաբար և ուրախությամբ ծառայել Աստծուն։ Բոլորը պետք է նմանվեն նրան հավատարիմ եղբայրների հանդեպ ջերմ սեր տածելու հարցում։ Ինչպիսի՜ սիրով և ուրախությամբ նա խոսեց Տիմոթեոսի և Եպաֆրոդիտոսի ծառայության մասին։ Եվ որքա՜ն էր կապված իր փիլիպպեցի եղբայրներին, որոնց դիմեց՝ ասելով «սիրելի և ցանկալի եղբայրներ, իմ ուրախությունն ու պսակը» (Փիլիպ. 3։17; 4։1, 11, 12; 2։19–30)։
14. «Փիլիպպեցիներ» նամակը ի՞նչ է քաջալերում քրիստոնյաներին անել, և ո՞ւմ է նախևառաջ նամակը հասցեագրված։
14 Ուրիշ ի՞նչ կերպերով կարելի է ընդօրինակել Պողոսին։ «Հետամուտ լինելով նպատակին»։ Բոլոր նրանք, ովքեր իրենց միտքը կենտրոնացրել են «լուրջ ուշադրության արժանի» բաների վրա, հետաքրքրվում են երկնքում և երկրի վրա գործող Աստծու հրաշալի կառույցով, որում «ամեն լեզու հայտնապես կընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար»։ Փիլիպպեցիներին տրված հիանալի խորհուրդները քաջալերում են բոլորին հետամուտ լինել Աստծու Թագավորության ներքո հավիտենական կյանքի հասնելու նպատակին։ Սակայն փիլիպպեցիներին հասցեագրված նամակը հիմնականում ուղղված է նրանց, ում «քաղաքացիությունը երկնքում է», և ովքեր անձկագին սպասում են «[Քրիստոսի] փառավոր մարմնի կերպարանքն ունենալուն»։ «Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները»՝ թող որ բոլորը ընդօրինակեն Պողոս առաքյալին՝ «հետամուտ լինելով նպատակին՝ վերին կոչման մրցանակին», այն է՝ երկնային Թագավորությունում իրենց փառահեղ ժառանգությանը (4։8; 2։10, 11; 3։13, 14, 20, 21)։