Խոհեմ ակնկալիքներ, ուրախ սիրտ
«ԷԼԻ չստացվեց»։ Քանի՞ անգամ ես նման խոսքեր ասել ինքդ քեզ, երբ չես կարողացել իրականացնել այն, ինչ որոշել էիր։ Երիտասարդ քրիստոնյա մայրը գուցե մեծ լարվածություն զգա և վհատվի, որ չի կարողանում ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևորին, քանի որ նորածին երեխա ունի, որը մշտական ուշադրություն է պահանջում։ Մեկ այլ քրիստոնյա հնարավոր է՝ թերարժեքության զգացում ունենա իր ստացած դաստիարակության պատճառով և մտածի, որ ինքը ժողովում երբեք բավականաչափ ծառայություն չի անում։ Տարեց Վկա քույրը գուցե ընկճվի, որովհետև այլևս չի կարողանում մասնակցել քրիստոնեական գործունեությանը այն չափով, որքան նախկինում, երբ ավելի եռանդուն էր և շարժունակ։ «Երբեմն բավական է՝ լսեմ ռահվիրայական ծառայությունը խրախուսող ելույթ, և ես սկսում եմ լաց լինել»,— ասում է Քրիստիանը, որի ընտանեկան հանգամանքները թույլ չեն տալիս նրան Եհովայի ծառայության մեջ անելու այնքան, որքան կցանկանար։
Ի՞նչ կարող ենք անել, երբ նման զգացումներով ենք համակվում։ Ինչպե՞ս են որոշ քրիստոնյաներ սովորել իրատեսորեն նայել իրենց հանգամանքներին։ Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ մեր ակնկալիքները հավասարակշռված են։
Եղիր խոհեմ
Պողոս առաքյալը ասում է, թե ինչպես կարող ենք պահպանել մեր ուրախությունը։ Նա գրում է. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով։ Դարձյա՛լ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4։4, 5)։ Որպեսզի սուրբ ծառայությունը մեզ ուրախություն և գոհունակություն պատճառի, մենք պետք է սովորենք խոհեմ ակնկալիքներ ունենալ՝ հաշվի առնելով մեր կարողություններն ու հանգամանքները։ Մի կողմից՝ եթե ձգտենք ոչ խոհեմ նպատակների՝ հաշվի չառնելով, թե որքան թանկ կնստեն դրանք մեզ վրա, ապա ավելորդ լարվածություն կստեղծենք մեզ համար։ Մյուս կողմից՝ պետք է զգուշանանք մեզ անտեղի խղճալուց, որովհետև հնարավոր է՝ մեր իրական կամ ոչ իրական սահմանափակումներն օգտագործենք որպես արդարացում՝ դանդաղեցնելու մեր քրիստոնեական ընթացքը ավելի մեծ չափով, քան անհրաժեշտ է։
Անկախ մեր հանգամանքներից՝ Եհովան մեզնից ակնկալում է լավագույնը, այսինքն՝ որ իրեն ծառայենք ամբողջ հոգով և ամբողջ սրտով (Կող. 3։23, 24)։ Եթե Եհովային տալիս ենք ավելի քիչ, քան կարող ենք, ապա դա նշանակում է, որ չենք ապրում մեր նվիրման համաձայն (Հռոմ. 12։1)։ Բացի այդ, մենք կզրկենք մեզ բավարարվածության խոր զգացումից, իսկական ուրախությունից և բազմաթիվ այլ օրհնություններից, որոնք ստանում ենք՝ սրտանց ծառայելով (Առակ. 10։22)։
«Խոհեմ» թարգմանված բառը Աստվածաշնչում ունի նաև ուշադիր լինելու իմաստը։ Այն բառացի նշանակում է «զիջող» (Հակ. 3։17)։ Բնագրի բառն ունի նաև չափազանց խիստ չլինելու իմաստ։ Ուստի եթե խոհեմ ենք, ուրեմն կկարողանանք հավասարակշռված նայել մեր հանգամանքներին։ Իսկ դա դժվա՞ր է։ Ոմանց համար՝ այո, նույնիսկ եթե նրանք կարողանում են ուրիշների հանդեպ լինել ուշադիր։ Օրինակ՝ եթե նկատենք, որ մեր մտերիմ ընկերը հոգնում է, որովհետև չափազանց ծանրաբեռնում է իրեն, մի՞թե չենք օգնի նրան տեսնելու, որ ճիշտ կլինի որոշ փոփոխություններ կատարել։ Նմանապես, պետք է սովորենք նկատել այն նշանները, որոնք ցույց են տալիս, որ մենք անցել ենք մեր հնարավորությունների սահմանը (Առակ. 11։17)։
Եթե դաստիարակվել ենք խստապահանջ ծնողների կողմից, ապա մեզ համար գուցե նույնիսկ ավելի դժվար լինի խոհեմ տեսակետ ունենալ մեր կարողությունների վերաբերյալ։ Ոմանք մանկության տարիներին միշտ զգացել են, որ ծնողների սիրուն արժանանալու համար պետք է ավելի շատ բան անեն և ավելի լավը լինեն։ Եթե նույն բան կարելի է ասել մեր մասին, ապա գուցե սխալ տեսակետ ունենանք այն մասին, թե ինչպես է Եհովան մեզ նայում։ Եհովան մեզ սիրում է այն բանի համար, որ մենք ամբողջ սրտով ենք ծառայում իրեն։ Աստծու Խոսքը վստահեցնում է մեզ, որ Եհովան «գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղ. 103։14)։ Նա գիտի, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, և սիրում է մեզ, եթե եռանդորեն ենք ծառայում իրեն։ Հիշելով, որ մեր Աստվածը խիստ հսկիչ կամ վերակացու չէ՝ կկարողանանք համեստ ակնկալիքներ ունենալ ինքներս մեզնից և կընդունենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը (Միք. 6։8, ՆԱ)։
Այդուհանդերձ, ոմանց համար դժվար է սովորել հավասարակշռված լինել։ Եթե դու էլ ես դժվարանում, կարող ես օգնություն խնդրել մի փորձառու քրիստոնյայից, ով քեզ լավ է ճանաչում (Առակ. 27։9)։ Ենթադրենք՝ ուզում ես ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Հրաշալի նպատակ է։ Բայց դժվարանո՞ւմ ես իրականացնել այն։ Եթե այո, այդ դեպքում թերևս անհրաժեշտ լինի, որ պարզեցնես կյանքդ։ Կամ վստահելի քրիստոնյա ընկերդ կարող է քննարկել քեզ հետ, թե արդյոք կարող ես ընդհանուր ռահվիրայություն սկսելու իրական նպատակ դնել՝ բազմաթիվ ընտանեկան պարտականություններ ունենալով հանդերձ։ Նա կօգնի քեզ տեսնելու, թե արդյոք ռահվիրայությունը կարող է հասանելի նպատակ լինել, կամ թե ինչ փոփոխություն կարող ես անել այդ նպատակին հասնելու համար։ Կամ ամուսինը կարող է օգնել իր կնոջը դնելու այնպիսի նպատակ, որին նա ի վիճակի է հասնելու։ Օրինակ՝ նա կարող է առաջարկել, որ կինը մի քիչ հանգստանա, որպեսզի կարողանա հաջորդ ամիս ավելի ակտիվորեն ծառայել։ Դա կօգնի նրան ավելացնելու ուժերը և պահպանելու ուրախությունը ծառայության մեջ։
Ձգտիր անելու այն, ինչ կարող ես
Ծերությունը և վատացող առողջությունը գուցե որոշ չափով սահմանափակեն Եհովային ծառայելու մեր հնարավորությունները։ Իսկ եթե ծնող ես, ուրեմն շատ ժամանակ և ուժ ես տրամադրում քո երեխաներին, հետևաբար գուցե քո մեջ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե անձնական ուսումնասիրությունից կամ ժողովի հանդիպումներից քիչ օգուտներ ես քաղում։ Բայց հնարավոր է, որ, կենտրոնանալով քո քիչ հնարավորությունների վրա, դու երբեմն չտեսնես, թե, այնուամենայնիվ, տվյալ հանգամանքներում ինչ կարող ես անել։
Հազարավոր տարիներ առաջ մի ղևտացի արտահայտեց մի ցանկություն, որը չէր կարող իրականացնել։ Նա առանձնաշնորհում ուներ տարվա ընթացքում երկու շաբաթ ծառայելու տաճարում։ Բայց նա գովելի ցանկություն հայտնեց, այն է՝ մշտապես բնակվել զոհասեղանին մոտ (Սաղ. 84։1–3)։ Ի՞նչն օգնեց այդ հավատարիմ մարդուն բավարարված մնալու։ Նա հասկացավ, որ տաճարի գավիթներում նույնիսկ մեկ օր լինելը եզակի պատիվ է (Սաղ. 84։4, 5, 10)։ Նույն ձևով, մեր սահմանափակ հնարավորությունների վրա կենտրոնանալու փոխարեն՝ պետք է փորձենք տեսնել և գնահատել այն հնարավորությունները, որ մենք ունենք։
Օրինակ՝ Ներլանդը, որը կանադացի քրիստոնյա քույր է, շարժվում է հաշմանդամի սայլակի միջոցով։ Նախկինում նա ճնշվում էր այն մտքից, որ չի կարող շատ ծառայել։ Բայց նա ծառայելու հնարավորություն ստեղծեց իր համար, երբ գլխի ընկավ, որ մոտակա առևտրի կենտրոնը կարող է դառնալ իր քարոզչական տարածքը։ Ներլանդը պատմում է. «Ես սայլակս կանգնեցնում եմ առևտրի կենտրոնում գտնվող նստարաններից մեկի մոտ և վկայություն եմ տալիս այն մարդկանց, ովքեր մի քանի րոպեով նստում են նստարանին։ Դա ինձ ուրախություն է պատճառում»։ Ներլանդը մեծ հաճույք է ստանում՝ այս կերպով մասնակցելով ծառայությանը։
Եթե անհրաժեշտ է, փոփոխություններ կատարիր
Քամին առագաստանավը ամբողջ թափով առաջ է տանում։ Հանկարծ ղեկի մոտ կանգնած նավավարը առջևում սև ամպեր է նկատում. ուր որ է՝ քամին ուժգնանալու է։ Նա ստիպված է առագաստների դիրքը փոխել։ Ճիշտ է, նա չի կարող կանխել քամին, բայց, որոշ փոփոխություններ անելով, կարող է կառավարել իր նավը։ Նույն ձևով էլ մեր կյանքում բախվում ենք փոթորկանման իրավիճակների, որոնք հաճախ չենք կարող վերահսկել։ Սակայն կարող ենք հնարավորինս կառավարել մեր կյանքը՝ որոշ փոփոխություններ անելով այն հարցում, թե ինչպես ենք օգտագործում մեր ֆիզիկական, մտային և զգացական կարողությունները։ Եթե հաշվի առնենք մեր նոր հանգամանքները, կկարողանանք պահպանել ուրախությունը ծառայության մեջ և բավարարվածություն ստանալ (Առակ. 11։2, ՆԱ)։
Քննենք մի քանի իրավիճակ։ Եթե ֆիզիկապես թույլ ենք, ապա գուցե հարմար գտնենք օրվա սկզբում չզբաղվել հոգնեցնող գործերով, որպեսզի ի վիճակի լինենք երեկոյան ներկա լինելու քրիստոնեական հանդիպմանը։ Սա հնարավորություն կտա լիարժեքորեն շփվելու մեր հավատակիցների հետ։ Կամ եթե մայրը չի կարող մասնակցել տնետուն ծառայությանը երեխայի հիվանդության պատճառով, նա գուցե հարմար գտնի հրավիրելու որևէ քրոջ, որպեսզի միասին հեռախոսով վկայություն տան, մինչ փոքրիկը քնած է։
Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս ամբողջությամբ նախապատրաստվելու ժողովի հանդիպումներին։ Այդ դեպքում որոշիր, թե որքան նյութ կարող ես լիարժեքորեն պատրաստել։ Փոփոխելով մեր մոտակա նպատակները՝ կարող ենք մնալ ակտիվ և ուրախ։
Նպատակները փոխելը վճռականություն և ջանք է պահանջում։ Ֆրանսիայում ապրող մի ամուսնական զույգ՝ Սերժն ու Անյեսը, ստիպված եղավ մեծ փոփոխություն մտցնելու իր պլաններում։ «Երբ իմացանք, որ Անյեսը հղի է, միսիոներ դառնալու մեր երազանքը չքացավ»,— ասում է Սերժը։ Նրանք այժմ երկու աշխույժ աղջիկներ ունեն։ Սերժը բացատրում է, թե ինչպես նոր նպատակ դրեցին իրենց առջև. «Քանի որ չէինք կարող ծառայել ուրիշ երկրում, որոշեցինք «միսիոներ» ծառայել մեր երկրում։ Սկսեցինք համագործակցել օտարախոս խմբի հետ»։ Նրանք օրհնվեցի՞ն այդպիսի նպատակ դնելու համար։ Սերժն ասում է. «Մեզ շատ օգտակար ենք զգում ժողովում»։
70–ն անց Օդիլը, որ նույնպես ապրում է Ֆրանսիայում, տառապում է ծնկների հոդաբորբով և չի կարող երկար կանգնած մնալ։ Այս քրիստոնյա քույրն ընկճվում էր, որ իր ֆիզիկական տկարության պատճառով չի կարող մասնակցել տնետուն ծառայությանը։ Բայց նա չնահանջեց։ Օդիլը, որոշ փոփոխություններ անելով, սկսեց քարոզել հեռախոսով։ Նա ասում է. «Չէի պատկերացնում, որ դա այդքան հեշտ ու հաճելի կլինի»։ Քարոզչական այս մեթոդը վերականգնեց նրա ծառայելու տրամադրվածությունը։
Խոհեմ ակնկալիքները բերում են օրհնություններ
Մեր կարողությունների հարցում իրատես լինելը մեզ պաշտպանում է բազմաթիվ հիասթափություններից։ Խոհեմ նպատակներ դնելով և հասնելով դրանց՝ բավարարվածություն կզգանք։ Մենք ուրախ կլինենք, անգամ եթե մեր արածը համեստ բան է (Գաղ. 6։4)։
Սովորելով խոհեմ լինել մեր ակնկալիքների մեջ՝ ավելի ուշադիր կդառնանք հավատակիցների հանդեպ։ Գիտակցելով, որ նրանց կարողությունները սահմանափակ են՝ մենք միշտ երախտապարտ կլինենք նրանց այն ամենի համար, ինչ անում են մեզ համար։ Գնահատանք ցույց տալով ամենափոքր օգնության համար՝ մենք նպաստում ենք ժողովի միասնությանն ու փոխըմբռնմանը (1 Պետ. 3։8)։ Հիշիր, որ Եհովան, լինելով սիրող Հայր, երբեք մեզնից չի ակնկալում ավելին, քան կարող ենք անել։ Երբ մեր ակնկալիքները հավասարակշռված են, իսկ նպատակները՝ հասանելի, մեր հոգևոր գործունեությունը մեզ ավելի շատ ուրախություն ու բավարարվածություն կպատճառի։
[մեջբերում 29–րդ էջի վրա]
Որպեսզի սուրբ ծառայությունը մեզ ուրախություն և գոհունակություն պատճառի, մենք պետք է սովորենք խոհեմ ակնկալիքներ ունենալ՝ հաշվի առնելով մեր կարողություններն ու հանգամանքները
[նկար 30–րդ էջի վրա]
Ներլանդը ուրախություն է ստանում՝ անելով այն, ինչ կարող է
[նկար 31–րդ էջի վրա]
Սովորիր փոխել «առագաստների» դիրքը
[թույլտվությամբ]
© Wave Royalty Free/age fotostock
[նկար 32–րդ էջի վրա]
Սերժն ու Անյեսը օրհնվեցին նոր նպատակներ դնելու համար