ԴԱՍ 15
Ո՞վ է Հիսուսը
Հիսուսը պատմության ամենահայտնի անձնավորություններից մեկն է։ Սակայն շատ մարդիկ, բացի անունից, ուրիշ բան չգիտեն նրա մասին։ Եվ ընդհանուր առմամբ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ով է նա իրականում։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչը ասում Հիսուսի մասին։
1. Ո՞վ է Հիսուսը
Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, որն ապրում է երկնքում։ Եհովայի ստեղծագործությունների մեջ նա առաջինն է։ Այդ իսկ պատճառով նա կոչվում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15)։ Աստվածաշնչում Հիսուսն անվանվում է Աստծու «միածին Որդին», քանի որ միայն Հիսուսն է ստեղծվել անմիջականորեն Եհովայի կողմից (Հովհաննես 3։16)։ Հիսուսը սերտորեն համագործակցել է իր Հոր՝ Եհովայի հետ՝ օգնելով նրան ստեղծել մնացած բոլոր բաները (կարդա Առակներ 8։30)։ Հիսուսը շարունակում է մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Նա հավատարմորեն ծառայում է որպես Աստծու խոսնակ։ Լինելով «Խոսքը»՝ նա հայտնում է Եհովայի պատգամները և հրահանգները (Հովհաննես 1։14)։
2. Հիսուսն ինչո՞ւ եկավ երկիր
Մոտ 2 000 տարի առաջ Եհովան իր սուրբ ոգու միջոցով Հիսուսի կյանքը երկնքից հրաշքով փոխադրեց մի երիտասարդ կույսի արգանդ։ Այդ օրիորդի անունը Մարիամ էր։ Այսպես Հիսուսը ծնվեց որպես մարդ (կարդա Ղուկաս 1։34, 35)։ Հիսուսը եկավ երկիր, որ լինի խոստացյալ Մեսիան, կամ՝ Քրիստոսը և փրկի մարդկությանը։a Հիսուսի վրա կատարվեցին Քրիստոսի վերաբերյալ Աստվածաշնչում գրված բոլոր մարգարեությունները, ինչի շնորհիվ մարդիկ պետք է հասկանային, որ նա է «Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։16)։
3. Որտե՞ղ է Հիսուսը հիմա
Իր երկրային կյանքի ավարտից հետո Հիսուսը հարություն առավ որպես ոգեղեն էակ և վերադարձավ երկինք։ Այնտեղ «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան» (Փիլիպպեցիներ 2։9)։ Այժմ Հիսուսը մեծ իշխանություն ունի, և դիրքով միայն Եհովան է նրանից բարձր։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր ավելին, թե իրականում ով է Հիսուսը, և ինչու է նրա մասին սովորելն այդքան կարևոր։
4. Հիսուսը Ամենակարող Աստված չէ
Աստվածաշունչը սովորեցնում է, որ թեև Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, սակայն նա հպատակվում է իր Հորը և Աստծուն՝ Եհովային։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե Աստծու ունեցած դիրքը ինչով է տարբերվում Հիսուսի ունեցած դիրքից։
Հետևյալ աստվածաշնչյան համարներն օգնում են մեզ հասկանալ Հիսուսի և Եհովայի դիրքերի միջև եղած տարբերությունը։ Կարդացեք աստվածաշնչյան համարները և քննարկեք հաջորդող հարցերը։
Կարդացեք Ղուկաս 1։30–32։
Հրեշտակն ինչպե՞ս ցույց տվեց, որ Հիսուսն ու Եհովան՝ «Բարձրյալը», նույն անձնավորությունը չեն։
Կարդացեք Մատթեոս 3։16, 17։
Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից լսված ձայնը ի՞նչ ասաց։
Քո կարծիքով՝ դա ո՞ւմ ձայնն էր։
Կարդացեք Հովհաննես 14։28։
Ո՞վ է ավելի մեծ, և ո՞վ ունի ավելի շատ իշխանություն. հայրը՞, թե՞ որդին։
Ի՞նչ ես սովորում նրանից, որ Հիսուսը Եհովային հայր անվանեց։
Կարդացեք Հովհաննես 12։49։
Արդյո՞ք Հիսուսը կարծում էր, որ ինքը և իր հայրը նույն անձնավորությունն են։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես։
5. Ինչն է փաստում, որ Հիսուսը Մեսիան էր
Աստվածաշնչում բազմաթիվ մարգարեություններ կան, որոնք օգնեցին մարդկանց ճանաչել Մեսիային՝ նրան, ում Աստված ընտրել էր որպես մարդկության փրկիչ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որպեսզի ծանոթանաք Հիսուսի վերաբերյալ մարգարեություններից մի քանիսին, որոնք կատարվեցին, երբ նա երկրի վրա էր։
Կարդացեք հետևյալ աստվածաշնչյան մարգարեությունները, հետո քննարկեք հաջորդող հարցերը։
Կարդացեք Միքիա 5։2 և իմացեք, թե որտեղ պետք է ծնվեր Մեսիան։b
Արդյո՞ք կատարվեց այս մարգարեությունը (Մատթեոս 2։1)։
Կարդացեք Սաղմոս 34։20 և Զաքարիա 12։10 համարները և տեսեք, թե այս մարգարեությունների մեջ Մեսիայի մահվան վերաբերյալ ինչ մանրամասներ կան։
Այս մարգարեությունները կատարվեցի՞ն (Հովհաննես 19։33–37)։
Քո կարծիքով՝ Հիսուսը կարո՞ղ էր ինչ-որ կերպ նպաստել այս մարգարեությունների կատարմանը։
Սրանից ի՞նչ հետևություն կարող ես անել։
6. Հիսուսի մասին սովորելը օգուտներ է բերում
Աստվածաշունչը ընդգծում է Հիսուսի և նրա դերի մասին սովորելու կարևորությունը։ Կարդացեք Հովհաննես 14։6 և 17։3 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Հիսուսի մասին սովորելը ինչո՞ւ է շատ կարևոր։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եհովայի վկաները չեն հավատում Հիսուսին»։
Ի պատասխան այս պնդմանը՝ ի՞նչ կասեիր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը հզոր ոգեղեն էակ է։ Նա Աստծու որդին է և Մեսիան։
Վերհիշենք
Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը»։
Նախքան երկիր գալը ի՞նչ էր անում Հիսուսը։
Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն է Մեսիան։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր ավելին, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն էր Մեսիան։
«Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան» (վեբ հոդված)
Իմացիր՝ ճի՞շտ է արդյոք ասել, թե Աստված դարձել է Հիսուսի հայրը այնպես, ինչպես մարդն է հայր դառնում։
Տես, թե ինչու երրորդությունը աստվածաշնչյան ուսմունք չէ։
Այս հոդվածում կտեսնես, թե մի կնոջ կյանքն ինչպես փոխվեց, երբ նա քննեց և իմացավ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում Հիսուսի մասին։
«Հրեա կինը բացատրում է, թե ինչու է վերանայել իր համոզմունքները» («Արթնացե՛ք», 2013 թ. մայիս)
a 26-րդ և 27-րդ դասերում կքննարկենք, թե ինչու մարդկությունը փրկության կարիք ունի, և ինչպես է Հիսուսը փրկում մեզ։
b Հիսուսի՝ երկիր գալու ժամանակը ճշգրիտ կերպով կանխագուշակած մարգարեության մասին իմանալու համար տես «Հավելյալ տեղեկություն 2»։