Համբերությամբ ձեռք բեր աստվածապաշտություն
«Ձեր հավատով ձեռք բերեք.... համբերություն, համբերությամբ՝ աստվածապաշտություն» (Բ ՊԵՏՐՈՍ 1։5, 6, ԱՆԹ)։
1, 2. ա) Ի՞նչ առումներով պետք է երեխան մեծանա։ բ) Որքանո՞վ է կարևոր հոգևոր աճը։
ԵՐԵԽԱՅԻ աճը կարևոր է։ Բայց միայն ֆիզիկական աճը բավարար չէ։ Սպասվում է, որ նա կմեծանա նաև մտավոր ու զգացական առումներով։ Ժամանակի ընթացքում նա մի կողմ կդնի իր երեխայական վարքը՝ դառնալով չափահաս։ Պողոս առաքյալը սա նկատի ուներ, երբ գրում էր. «Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի» (Ա Կորնթացիս 13։11)։
2 Պողոսի խոսքերից մի կարևոր բան է ի հայտ գալիս՝ հոգևոր աճի հետ կապված։ Հարկավոր է, որ քրիստոնյաները չմնան հոգևորապես մանուկ, այլ առաջադիմելով դառնան «մտքով.... չափահաս» (Ա Կորնթացիս 14։20)։ Նրանք պետք է ջանք թափեն հասնելու «հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը»։ Այդ դեպքում նրանք չեն լինի «երեխաների նման, որոնք տարուբերվում են ալիքների հետ և զանազան վարդապետությունների հողմերից» (Եփեսացիս 4։13, 14, ԱՆԹ)։
3, 4. ա) Ի՞նչ պետք է անենք հոգևորապես չափահաս դառնալու համար։ բ) Աստծուն բնորոշ ի՞նչ հատկություններ պետք է դրսևորենք, և որքանո՞վ են դրանք կարևոր։
3 Իսկ ինչպե՞ս կարող ենք դառնալ հոգևորապես չափահաս։ Նորմալ պայմաններում ֆիզիկական աճը տեղի է ունենում ինքնաբերաբար, մինչդեռ հոգևոր աճի համար գիտակցական ջանքեր են հարկավոր։ Ուստի նախ պետք է ճշգրիտ գիտություն ստանանք Աստծո Խոսքից և գործենք մեր սովորածին համապատասխան (Եբրայեցիս 5։14; Բ Պետրոս 1։3)։ Դա իր հերթին կօգնի, որ ցուցաբերենք այն հատկությունները, որ բնորոշ են Աստծուն։ Ֆիզիկական աճի դեպքում մարմնի տարբեր մասերի զարգացումը տեղի է ունենում միաժամանակ։ Նմանապես՝ այդ հատկություններից շատերը մեր մեջ սովորաբար միաժամանակ են զարգանում։ Պողոս առաքյալը գրել է. «Ամեն ջանք գործադրեք, որ ձեր հավատով ձեռք բերեք առաքինություն, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետրոս 1։5–7, ԱՆԹ)։
4 Պետրոսի թվարկած հատկություններից յուրաքանչյուրն էլ կարևոր է, և դրանցից ոչ մեկը չի կարելի անտեսել։ Տեսնենք, թե ինչ է նա ասում հետո. «Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ» (Բ Պետրոս 1։8)։ Եկեք այժմ ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե ինչպես կարելի է համբերությամբ ձեռք բերել աստվածապաշտություն։
Համբերության անհրաժեշտությունը
5. Ինչո՞ւ է անհրաժեշտ համբերություն ցուցաբերել։
5 Թե՛ Պետրոսը և թե՛ Պողոսը աստվածապաշտությունը կապում են համբերության հետ (Ա Տիմոթէոս 6։11)։ Նման համատեքստերում համբերատարությունը չի կրում միայն դժվարություններին դիմանալու, անդրդվելի մնալու իմաստ. այն ավելի լայն նշանակություն է ստանում՝ իր մեջ ներառելով տոկունություն, խիզախություն և հաստատակամություն, ինչպես նաև փորձության, դժվարության, գայթակղության կամ հալածանքի հանդիպելիս հույսը չկորցնելու կարողություն։ Մենք հալածանք պիտի կրենք, քանի որ ջանում ենք «աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով» (Բ Տիմոթէոս 3։12)։ Որպեսզի ապացուցենք, որ սիրում ենք Եհովային, և զարգացնենք փրկության համար անհրաժեշտ հատկություններ, պետք է համբերություն ցուցաբերենք (Հռովմայեցիս 5։3–5; Բ Տիմոթէոս 4։7, 8; Յակոբոս 1։3, 4, 12)։ Առանց համբերության չենք կարող հասնել հավիտենական կյանքի (Հռովմայեցիս 2։6, 7; Եբրայեցիս 10։36)։
6. Ի՞նչ է նշանակում՝ համբերել մինչև վերջ։
6 Որքան էլ լավ սկսած լինենք մեր ընթացքը, վճռորոշ է լինելու հետևյալ հանգամանքը՝ համբերություն ունենք, թե ոչ։ Հիսուսն ասել է. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Այո՛, մենք պիտի համբերենք մինչև վերջ. լինի դա մեր կյանքի, թե այս չար համակարգի վերջը։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է պահպանենք Աստծո հանդեպ մեր անարատությունը։ Սակայն եթե մեր համբերության վրա չավելացնենք աստվածապաշտություն, չենք կարողանա հաճեցնել Եհովային և ստանալ հավիտենական կյանք։ Բայց ի՞նչ է աստվածապաշտությունը։
Ի՞նչ է աստվածապաշտությունը
7. Ի՞նչ է աստվածապաշտությունը և մեզ մղում է ի՞նչ անելու։
7 «Աստվածապաշտություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է խորապես հարգել Եհովային և երկրպագություն ու ծառայություն մատուցել նրան՝ Աստծո գերիշխանության հանդեպ նվիրվածությունից մղված։ Եհովայի նկատմամբ աստվածապաշտություն ցուցաբերելու համար հարկավոր է ճշգրիտ գիտություն ունենալ Աստծո ու նրա ճանապարհների մասին։ Անհրաժեշտ է, որ ձգտենք անձամբ ճանաչել Եհովային՝ մոտիկից։ Դա կնպաստի, որ ավելի ու ավելի շատ մտերմանանք նրա հետ, ինչը ակնհայտ կդառնա մեր կատարած քայլերից և կյանքում մեր ընտրած ուղուց։ Մեր մեջ պիտի ցանկություն լինի Եհովային հնարավորին չափ շատ նմանվելու՝ նրա ճանապարհները ընդօրինակելու և նրա հատկություններն ու բնավորության գծերը դրսևորելու (Եփեսացիս 5։1)։ Իրոք, աստվածապաշտությունը մղում է, որ ձգտենք հաճեցնել Աստծուն մեր բոլոր գործերում (Ա Կորնթացիս 10։31)։
8. Ի՞նչ սերտ կապ գոյություն ունի աստվածապաշտության և բացարձակ նվիրվածության միջև։
8 Ճշմարիտ աստվածապաշտություն ցուցաբերելու համար մենք պետք է երկրպագենք միայն ու միայն Եհովային և չպետք է թույլ տանք, որ մեր սրտում ուրիշ ինչ–որ բան գրավի նրա տեղը։ Լինելով մեր Արարիչը՝ նա իրավունք ունի մեզնից բացարձակ նվիրվածություն ակնկալելու (Բ Օրինաց 4։24; Եսայիա 42։8)։ Սակայն Եհովան չի ստիպում, որ իրեն երկրպագենք։ Նա ցանկանում է, որ մեր նվիրումը լինի հոժարակամ։ Աստծո մասին ճշգրիտ գիտության վրա հիմնված սերն է, որ մղում է մեզ ընտրել մաքուր կյանքով ապրելու ուղին, անվերապահորեն նվիրվել Եհովային և ապրել այդ նվիրման համաձայն։
Փոխհարաբերություններ հաստատիր Աստծո հետ
9, 10. Ինչպե՞ս կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծո հետ և պահպանել դրանք։
9 Աստծո հանդեպ մեր նվիրումը մկրտությամբ խորհրդանշելուց հետո կարիք ունենք նրա հետ ավելի սերտ անձնական հարաբերություններ հաստատելու։ Այդ անելու, ինչպես նաև Եհովային հավատարմորեն ծառայելու մեր ցանկությունը մղում է, որ շարունակենք ուսումնասիրել նրա Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ։ Թույլ տալով, որ Աստծո ոգին ազդի մեր սրտի ու մտքի վրա՝ խորացնում ենք մեր սերը Եհովայի հանդեպ, շարունակում ենք կյանքում գլխավոր տեղը հատկացնել նրա հետ մեր ունեցած փոխհարաբերություններին։ Եհովան դառնում է մեր լավագույն Բարեկամը, և մենք ձգտում ենք ամեն ժամանակ հաճեցնել նրան (Ա Յովհաննէս 5։3)։ Ուրախությունը, որ ստանում ենք Աստծո հետ հաճելի փոխհարաբերություններ ունենալու շնորհիվ, աճում է, և մենք լցվում ենք երախտագիտության զգացումով այն բանի համար, որ նա հարկ եղած դեպքում ուսուցանում ու շտկում է մեզ՝ սիրուց մղված (Բ Օրինաց 8։5)։
10 Եթե անընդհատ ջանք չթափենք Եհովայի հետ մեր թանկագին հարաբերությունները ամրացնելու, դրանք կթուլանան, սակայն՝ ոչ Աստծո մեղքով, քանի որ «նա մեզնից իւրաքանիւրիցս հեռու չէ» (Գործք 17։27)։ Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովան խոչընդոտներ չի ստեղծում իրեն մոտենալու ճանապարհին (Ա Յովհաննէս 5։14, 15)։ Անշուշտ, Աստծո հետ մտերիմ անձնական փոխհարաբերություններ պահպանելու համար մեր կողմից ջանքեր են հարկավոր։ Սակայն Եհովան էլ է ընդառաջում մեզ այդ հարցում՝ աստվածապաշտություն զարգացնելու և այն պահպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրելով (Յակոբոս 4։8)։ Ինչպե՞ս կարող ենք լիարժեք կերպով օգտվել այն ամենից, ինչ նա սիրով տրամադրում է մեզ։
Մնա հոգևորապես ամուր
11. Ի՞նչ ձևերով կարող ենք արտահայտել մեր աստվածապաշտությունը։
11 Աստծո հանդեպ ուժեղ սերը կմղի, որ խոր աստվածապաշտություն ցուցաբերենք՝ գործելով Պողոս առաքյալի տված խորհրդի համաձայն. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթէոս 2։15)։ Իսկ դա անելու համար անհրաժեշտ է պահպանել այնպիսի լավ սովորություններ, ինչպիսիք են՝ Աստվածաշունչը կանոնավորապես ուսումնասիրելը, ժողովների հաճախելը և քարոզչական ծառայության մասնակցելը։ Եհովայի հետ կարող ենք մտերմանալ նաև ‘անդադար աղոթելով’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։ Այս բոլոր քայլերը բացահայտորեն ցույց կտան, որ աստվածապաշտ ենք։ Իսկ դրանցից մեկն անգամ անտեսելը կարող է հոգևոր հիվանդության պատճառ դառնալ և մեզ խոցելի դարձնել Սատանայի առջև (Ա Պետրոս 5։8)։
12. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել փորձությունները։
12 Հոգևորապես ամուր և ակտիվ մնալը օգնում է նաև հաղթահարել այն բազում փորձությունները, որ բաժին են ընկնում մեզ։ Կախված հանգամանքներից՝ դրանց դիմագրավելը կարող է առանձնապես դժվար լինել մեզ համար։ Անտարբերությանը, հակառակությանը և հալածանքին ավելի դժվար է դիմանալ, երբ դրանք ցուցաբերվում են ընտանիքի անդամների, հարազատների կամ մտերիմների կողմից։ Աշխատանքի վայրում և դպրոցում գուցե այնպիսի առիթներ ստեղծվեն, որ շփոթության մեջ գցեն մեզ՝ ստիպելով փոխզիջումների գնալ քրիստոնեական սկզբունքների հետ։ Վհատության, հիվանդության, դեպրեսիայի պատճառով գուցե ֆիզիկապես թուլանանք, ինչը կդժվարացնի հավատի փորձությունները հաղթահարելու գործը։ Բայց մենք կարող ենք հաղթանակով դուրս գալ բոլոր փորձություններից, եթե հաստատակամորեն շարունակենք ապրել «սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեան» (Բ Պետրոս 3։11, 12)։ Այդպես կպահպանենք մեր ուրախությունը, քանի որ վստահ կլինենք, որ Աստված կօրհնի մեզ (Առակաց 10։22)։
13. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք պահպանել մեր աստվածապաշտությունը։
13 Թեև կյանքում աստվածապաշտություն ցուցաբերելով՝ դառնում ենք Սատանայի թիրախը, սակայն վախենալու կարիք չկա։ Ինչո՞ւ։ Որովհետև «Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից» (Բ Պետրոս 2։9)։ Փորձություններին դիմանալու և այդպիսի փրկություն ստանալու համար պետք է «մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ» (Տիտոս 2։12)։ Մենք՝ քրիստոնյաներս, պետք է զգույշ լինենք, որ մարմնի ցանկություններն ու գործերը չապականեն մեր աստվածապաշտությունը՝ կործանելով այն։ Եկեք այժմ քննենք դրանցից մի քանիսը։
Զգուշացիր աստվածապաշտությանը սպառնացող վտանգներից
14. Ի՞նչ պետք է հիշենք նյութապաշտության ծուղակը չընկնելու համար։
14 Նյութապաշտությունը ծուղակ է շատերի համար։ Ինքներս մեզ կխաբենք, եթե կարծենք, թե աստվածապաշտությունը «շահի աղբիւր» է և դրանից մղված՝ սկսենք չարաշահել հավատակիցների վստահությունը (Ա Տիմոթէոս 6։5)։ Գուցե նույնիսկ այնպես թվա, թե ճիշտ կլինի ճնշում բանեցնել նյութապես ապահովված քրիստոնյայի վրա, և ստիպել նրան պարտքով այնպիսի գումար տալ, որը դժվար թե կարողանանք վերադարձնել (Սաղմոս 37։21)։ Բայց աստվածապաշտությունն է, որ «թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ կեանքին խոստումը ունի», և ոչ թե նյութական բարիքների ձեռքբերումը (Ա Տիմոթէոս 4։8, Արևմտ. Աստ.)։ Քանի որ «ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ» նրանից, եկեք է՛լ ավելի լցվենք «աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին» ցուցաբերելու վճռականությամբ ու, եթե «կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանաք» (Ա Տիմոթէոս 6։6–11, ԱԹ)։
15. Ի՞նչ անենք, եթե հաճույքներ վայելելու ձգտումը սպառնում է դուրս մղել մեր աստվածապաշտությունը։
15 Հաճույքներ վայելելու ձգտումը դուրս է մղում աստվածապաշտությունը։ Գուցե անհրաժեշտ լինի, որ այս հարցում շտապ փոփոխություններ կատարենք։ Ինչ խոսք, ֆիզիկական վարժություններն ու հանգիստը որոշ օգուտ բերում են։ Սակայն այդ օգուտը հնարավոր չէ համեմատել հավիտենական կյանքի հետ (Ա Յովհաննէս 2։25)։ Այսօր շատերն են «աւելի.... հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը», և հարկավոր է հեռու մնալ նրանցից (Բ Տիմոթէոս 3։4, 5)։ Այն անհատները, ովքեր մեծ նշանակություն են տալիս աստվածապաշտությանը, «բարի հիմ [են դնում], որպէս զի յաւիտենական [«ճշմարիտ», ԱՆԹ] կեանքը ձեռք ձգեն» (Ա Տիմոթէոս 6։19, Արևմտ. Աստ.)։
16. Ո՞ր մեղավոր ցանկությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ Աստծո արդար պահանջներին համապատասխան ապրելու համար, և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ ցանկությունները։
16 Ալկոհոլի չարաշահումը, թմրադեղերի գործածումը, անբարո վարքը և մեղավոր ցանկությունները կարող են ապականել մեր աստվածապաշտությունը։ Նման բաներին տեղի տալը խոչընդոտ կհանդիսանա Աստծո արդար պահանջներին համապատասխան ապրելու համար (Ա Կորնթացիս 6։9, 10; Բ Կորնթացիս 7։1)։ Նույնիսկ Պողոսն էր ստիպված պայքարել իր մեղավոր մարմնի դեմ (Հռովմայեցիս 7։21–25)։ Սխալ ցանկություններից ազատվելու համար շատ կտրուկ քայլեր են հարկավոր։ Նախ պետք է վճռենք բարոյապես մաքուր մնալ։ Պողոսն ասել է. «Սպանեցէ՛ք.... ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է» (Կողոսացիս 3։5)։ Նման մեղավոր գործերի հանդեպ մեր ցանկությունները սպանելու համար վճռականություն է անհրաժեշտ. այդ դեպքում ի վիճակի կլինենք մաքրել դրանք։ Օգնություն ստանալու համար Աստծուն անկեղծորեն աղոթելով՝ կկարողանանք հրաժարվել սխալ ցանկություններից և այս չար համակարգում միշտ ձգտել արդարության ու աստվածապաշտության։
17. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հանդիմանությանը։
17 Վհատությունը կարող է թուլացնել համբերելու մեր վճռականությունը և վնասել մեր աստվածապաշտությանը։ Եհովայի ծառաներից շատերն են ապրել վհատության պահեր (Թուոց 11։11–15; Եզրաս 4։4; Յովնան 4։3)։ Այդ զգացումը, սակայն, հատկապես կործանարար կարող է լինել այն ժամանակ, երբ զայրացած ենք մեզ հասցված վիրավորանքի կամ խիստ հանդիմանության պատճառով։ Բայց հանդիմանությունը նշան է այն բանի, որ Աստված հետաքրքրված է մեզանով և սիրուց մղված՝ հոգ է տանում մեր մասին (Եբրայեցիս 12։5–7, 10, 11)։ Այն հարկավոր է դիտել ոչ թե լոկ որպես պատիժ, այլ որպես արդարության ճանապարհին մեզ ուսուցանելու միջոց։ Եթե խոնարհ ենք, ապա բարձր կգնահատենք խրատը և կընդունենք այն՝ գիտակցելով, որ «խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ [են]» (Առակաց 6։ 23)։ Դա կօգնի, որ աստվածապաշտության ձգտելով՝ հոգևորապես առաջադիմենք։
18. Ի՞նչ ենք պարտավոր անել, երբ փոխհարաբերությունների մեջ խնդիրներ են առաջանում։
18 Տարաձայնությունները և անձնական վիրավորանքները կարող են խոչընդոտ հանդիսանալ մեր աստվածապաշտության համար։ Դրանք կարող են անախորժությունների առիթ դառնալ և դրդել այնպիսի անխոհեմ քայլի, ինչպիսին է հոգևոր եղբայրներից ու քույրերից մեկուսանալը (Առակաց 18։1, Արևմտ. Աստ., տող. ծան.)։ Սակայն լավ կլինի հիշել, որ զայրացած վիճակում մնալով և ուրիշների հանդեպ շարունակ անբարյացակամ վերաբերմունք հանդես բերելով՝ վտանգի ենք ենթարկում Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները (Ղեւտացոց 19։18)։ Իրականում, «ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Յովհաննէս 4։20)։ Իր Լեռան քարոզում Հիսուսը շեշտեց, որ շատ կարևոր է անմիջապես քայլեր ձեռնարկել փոխհարաբերությունների մեջ առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Իր ունկնդիրներին նա ասաց. «Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթէոս 5։23, 24)։ Ներողություն խնդրելով՝ կարող ենք բուժել այն վերքը, որ սխալ խոսքով կամ գործով հասցրել ենք մարդուն։ Այդպես վարվելով, ինչպես նաև մեր սխալը ընդունելով՝ կարող ենք շտկել խզված հարաբերությունները ու վերականգնել խաղաղ փոխհարաբերությունները։ Մատթէոս 18։15–17-ում ևս մի խորհուրդ կա, որ տվել է Հիսուսը՝ նման խնդիրները լուծելու համար։ Որքա՜ն ենք մենք ուրախանում, երբ այդ խնդիրները լուծելու ջանքերը հաջողությամբ են պսակվում (Հռովմայեցիս 12։18; Եփեսացիս 4։26, 27)։
Հետևիր Հիսուսի օրինակին
19. Ինչո՞ւ է այդքան կարևոր հետևել Հիսուսի օրինակին։
19 Փորձություններ, ինչ խոսք, շատ ենք ունենալու, բայց դրանք չպետք է շեղեն մեզ հավիտենական կյանքի ճանապարհից։ Հիշենք, որ Եհովան կարող է ազատել մեզ փորձություններից։ «Դէն [գցելով] ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ [վազելով] մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»՝ եկեք «մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին» (Եբրայեցիս 12։1–3, ԱԹ)։ Խորապես ուսումնասիրելով Հիսուսի օրինակը և խոսքով ու գործով ջանալով ընդօրինակել նրան՝ կկարողանանք աստվածապաշտություն զարգացնել և դրսևորել այն ավելի մեծ չափով։
20. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ համբերություն և աստվածապաշտություն ցուցաբերելով։
20 Համբերությունն ու աստվածապաշտությունը սերտորեն փոխկապակցված են և մեծ դեր են խաղում փրկություն ստանալու հարցում։ Այս հրաշալի հատկությունները ցուցաբերելով՝ կկարողանանք հավատարմորեն կատարել մեր սուրբ ծառայությունը։ Բացի այդ, կպահպանենք մեր ուրախությունը անգամ փորձությունների ժամանակ, քանզի կզգանք, որ Եհովան քնքշորեն սիրում և օրհնում է մեզ՝ համբերություն և աստվածապաշտություն դրսևորելու համար (Յակոբոս 5։11)։ Ավելին, համաձայն Հիսուսի խոսքերի՝ «համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները» (Ղուկաս 21։19)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞վ է կարևոր համբերությունը։
• Ի՞նչ է աստվածապաշտությունը, և ինչպե՞ս է այն դրսևորվում։
• Ինչպե՞ս կարող ենք մտերիմ հարաբերություններ հաստատել Աստծո հետ և պահպանել դրանք։
• Ինչպիսի՞ վտանգներ կարող են սպառնալ աստվածապաշտությանը, և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանցից։
[նկարներ 12–րդ էջի վրա]
Աստվածապաշտություն կարելի է դրսևորել բազում ձևերով
[նկարներ 14–րդ էջի վրա]
Զգուշացիր աստվածապաշտությանը սպառնացող վտանգներից