ԳԼՈՒԽ 18
«Աստծու Խոսքի» իմաստությունը
1, 2. Ի՞նչ «նամակ» է գրել մեզ Եհովան և ինչո՞ւ։
ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ, թե վերջին անգամ ինչ նամակ ես ստացել հեռավոր վայրում ապրող քո հարազատից։ Կյանքում քիչ բաներ կան, որ մեզ այնքան ուրախություն են պատճառում, որքան թանկագին մարդու սրտաբուխ նամակը։ Մենք ուրախանում ենք, երբ իմանում ենք նրա բարօրության, ինչպես նաև գործերի ու ծրագրերի մասին։ Այդպիսի հաղորդակցությունը մտերմացնում է միմյանց սիրող անհատներին, նույնիսկ եթե նրանք իրարից շատ հեռու են։
2 Ուստի ի՞նչը կարող է ավելի մեծ ուրախություն պատճառել մեզ, եթե ոչ մեր սիրելի Աստծու կողմից ուղարկված նամակը։ Ինչ-որ իմաստով Եհովան մեզ «նամակ» է գրել. դա նրա Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Այդ նամակով Աստված հայտնում է, թե ով է ինքը, ինչպիսի գործեր է արել, ինչ նպատակներ ունի և շատ ուրիշ բաներ։ Եհովան տվել է մեզ իր Խոսքը, որովհետև ցանկանում է, որ մտերմանանք իր հետ։ Ամենայն իմաստության Աստվածը մեզ հետ հաղորդակցվելու լավագույն ձևն է ընտրել։ Աստվածաշնչի շարադրման ոճն ու բովանդակությունը վկայում են Եհովայի անզուգական իմաստության մասին։
Ինչո՞ւ գրավոր տեսքով
3. Եհովան ինչպե՞ս փոխանցեց Օրենքը Մովսեսին։
3 Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Եհովան մարդկանց հետ չի հաղորդակցվել ավելի տպավորիչ ձևով, օրինակ՝ երկնքից եկող ձայնի միջոցով»։ Իրականում Աստված երբեմն երկնքից խոսել է իրեն ներկայացնող հրեշտակների միջոցով։ Նա այդպես վարվեց, երբ իսրայելացիներին տվեց Օրենքը (Գաղատացիներ 3։19)։ Երկնքից եկող ձայնը այն աստիճան ահազդու էր, որ ահաբեկված իսրայելացիները խնդրեցին Եհովային Մովսեսի միջոցով խոսել իրենց հետ (Ելք 20։18–20)։ Այդ պատճառով Օրենքը, որ բաղկացած էր մոտ 600 կանոններից, բանավոր՝ բառ առ բառ, փոխանցվեց Մովսեսին։
4. Բացատրիր, թե ինչու հուսալի չէր լինի Աստծու օրենքները փոխանցել բանավոր կերպով։
4 Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե Օրենքը երբեք գրի չառնվեր։ Մի՞թե Մովսեսը ի վիճակի կլիներ բառ առ բառ հիշելու այդ մանրամասն կանոնադրությունը, որպեսզի ճշգրտորեն փոխանցեր ժողովրդին։ Իսկ հետագա սերունդնե՞րը։ Մի՞թե նրանք պետք է իրենց հույսը դնեին սոսկ բերանացի ասված խոսքերի վրա։ Դժվար թե Աստծու օրենքները փոխանցելու նման ձևը հուսալի լիներ։ Ենթադրենք՝ դու պետք է ինչ-որ դեպք պատմես շարքի մեջ կանգնած բազում անհատների։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ տեղի կունենար, եթե այն պատմեիր շարքում կանգնած առաջին մարդուն և հետո թողնեիր, որ քո ասածները մեկը մյուսին փոխանցեր։ Ամենայն հավանականությամբ, մինչև հերթը հասներ շարքում կանգնած վերջին մարդուն, քո պատմությունը բավականին փոխված կլիներ։ Բայց Աստծու Օրենքին այդպիսի վտանգ չէր սպառնում։
5, 6. Եհովան ի՞նչ պատվիրեց Մովսեսին, և Աստծու գրավոր Խոսքն ունենալը ինչո՞ւ է մեզ համար օրհնություն։
5 Իմաստություն դրսևորելով՝ Եհովան որոշեց, որ իր խոսքերը գրի առնվեն։ Նա պատվիրեց Մովսեսին. «Քեզ համար գրի առ այս խոսքերը, որովհետև այս խոսքերի համաձայն եմ ես ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ» (Ելք 34։27)։ Այդպես մ. թ. ա. 1513 թ.-ից սկսվեց Աստվածաշունչը գրի առնելու ժամանակաշրջանը։ Հաջորդ 1 610 տարիների ընթացքում Եհովան «բազում առիթներով և բազմաթիվ կերպերով խոսեց» մոտ 40 մարդկանց հետ, որոնք այնուհետև գրի առան Աստվածաշունչը (Եբրայեցիներ 1։1)։ Այդ ընթացքում անձնվեր գրագիրները ջանք էին թափում Սուրբ Գիրքը պահպանելու նպատակով ճշգրիտ կերպով արտագրել այն (Եզրաս 7։6; Սաղմոս 45։1)։
6 Այն, որ Եհովան գրավոր ձևով է կապ հաստատել մեզ հետ, իսկական օրհնություն է։ Երբևէ ստացե՞լ ես այնպիսի նամակ, որը քեզ համար անչափ թանկ է եղել թերևս այն պատճառով, որ ծանր պահին մխիթարել է, և դու չես գցել այն, այլ պահել ես և նորից ու նորից ընթերցել։ Նույնը կարելի է ասել Եհովայի «նամակի» մասին, որը նա ուղղել է մեզ։ Շնորհիվ այն բանի, որ Աստված իր խոսքերը գրավոր ձևով է արտահայտել, մենք հնարավորություն ունենք կանոնավորաբար ընթերցելու դրանք և խորհրդածելու մեր կարդացածի շուրջ (Սաղմոս 1։2)։ Սուրբ Գրքից կարող ենք մխիթարություն ստանալ ցանկացած ժամանակ, երբ դրա կարիքն ունենք (Հռոմեացիներ 15։4)։
Ինչո՞ւ մարդկանց միջոցով
7. Եհովայի իմաստությունը ինչպե՞ս է երևում այն բանում, որ նա իր Խոսքը գրի առնելու համար մարդկանց ընտրեց։
7 Իմաստություն դրսևորելով՝ Եհովան մարդկանց ընտրեց իր Խոսքը թղթին հանձնելու համար։ Մի պահ մտածենք. եթե Եհովան Աստվածաշունչը գրել տար հրեշտակների միջոցով, արդյո՞ք այն նույն չափով կհասներ մեր սրտին։ Ինչ խոսք, հրեշտակները կարող էին պատմել Եհովայի մասին իրենց տեսանկյունից և իրենց նվիրվածությունն արտահայտել նրա հանդեպ։ Նրանք կարող էին պատմել նաև Աստծուն հավատարմորեն ծառայած մարդկանց մասին։ Բայց արդյո՞ք մենք կկարողանայինք հասկանալ այս կատարյալ ոգեղեն էակների մտածելակերպը, որոնք իրենց գիտելիքներով, փորձով ու զորությամբ անհամեմատ գերազանցում են մեզ (Եբրայեցիներ 2։6, 7)։
8. Աստվածաշունչը գրի առնողներին ի՞նչ առումով է թույլատրվել գործի դնել իրենց մտային կարողությունները (տես նաև ծանոթագրությունը)։
8 Աստվածաշունչը մարդկանց միջոցով գրի առնելու շնորհիվ Եհովան տվեց մեզ այն, ինչի կարիքը ունենք. մի այնպիսի արձանագրություն, որը «ներշնչված է Աստծուց», բայց միևնույն ժամանակ հոգեհարազատ է մարդուն (2 Տիմոթեոս 3։16)։ Ինչպե՞ս նա կարողացավ հասնել դրան։ Ըստ երևույթին, Եհովան շատ դեպքերում թույլ էր տալիս գրողներին գործի դնել իրենց մտային կարողությունները՝ ընտրել և գրել «հաճելի խոսքեր.... և ճշմարտության ճշգրիտ խոսքեր» (Ժողովող 12։10, 11)։ Սրանով կարելի է բացատրել աստվածաշնչյան արձանագրության մեջ տարբեր ոճերի առկայությունը։ Յուրաքանչյուր գիրք արտացոլում է իր գրողի ծագումն ու բնավորությունը։a Այնուամենայնիվ, այս մարդիկ «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։ Այդ պատճառով գրվածը իսկապես «Աստծու խոսքն» է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց»
9, 10. Այն, որ Աստվածաշունչը գրի են առել մարդիկ, ինչո՞ւ է ջերմություն հաղորդում գրքին և օգնում, որ գրվածը հասնի մեր սրտին։
9 Շնորհիվ այն բանի, որ մարդիկ են գրի առել Աստվածաշունչը, գիրքը անչափ ջերմ է ու հասնում է մեր սրտին։ Գրողները եղել են մեզ պես մարդիկ և ունեցել են նույն զգացմունքները։ Լինելով անկատար՝ նրանք այնպիսի փորձությունների են ենթարկվել ու այնպիսի ծանր իրավիճակներում են հայտնվել, որոնք շատ նման են մեր հանգամանքներին։ Երբեմն Եհովայի ոգու ներշնչմամբ նրանք գրել են իրենց զգացմունքների ու ներքին պայքարի մասին (2 Կորնթացիներ 12։7–10)։ Այդ մարդիկ գրի են առել այն, ինչ անձամբ են տեսել ու զգացել. բաներ, որ չէր կարող արտահայտել ոչ մի հրեշտակ։
10 Քննենք Իսրայելի Դավիթ թագավորի օրինակը։ Նա որոշ լուրջ մեղքեր գործեց։ Բայց հետագայում գրեց մի սաղմոս, որում իր սիրտը բացելով՝ աղերսեց Աստծուն ներել իրեն։ Նա գրեց. «Սրբի՛ր ինձ իմ մեղքից։ Իմ հանցանքները ես գիտեմ, և իմ մեղքը միշտ իմ առջև է։ Ահա ես անօրենությամբ եմ ծնվել երկունքի ցավերի մեջ, և մորս հղիության պահից սկսած՝ ես մեղքի մեջ եմ։ Դեն մի՛ գցիր ինձ քո երեսի առաջից և քո սուրբ ոգին մի՛ վերցրու ինձանից։ Աստծուն ընդունելի զոհը կոտրված ոգին է. կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի» (Սաղմոս 51։2, 3, 5, 11, 17)։ Այս խոսքերը կարդալով՝ անմիջապես պատկերացնում ես, թե ինչ ապրումներ է ունեցել գրողը։ Անկատար մարդուց բացի ուրիշ ո՞վ կարող էր նման սրտաճմլիկ զգացմունքներ արտահայտել։
Ինչո՞ւ է պատմում մարդկանց մասին
11. Կյանքից վերցված ի՞նչ օրինակներ են ընդգրկված Աստվածաշնչում՝ «մեր ուսուցման համար»։
11 Աստվածաշունչը հոգեհարազատ է մեզ մեկ այլ պատճառով ևս։ Այս գիրքը հիմնականում մարդկանց մասին է, այնպիսի մարդկանց, ովքեր իրականում եղել են։ Նրանցից ոմանք ծառայել են Աստծուն, իսկ ուրիշները՝ ոչ։ Մենք կարդում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, ինչ դժվարությունների են բախվել նրանք և ինչ ուրախություններ են ապրել։ Տեսնում ենք, թե ինչ արդյունքներ են բերել նրանց կայացրած որոշումները։ Այդ տեղեկությունները Աստվածաշնչի մաս են կազմել «մեր ուսուցման համար» (Հռոմեացիներ 15։4)։ Կյանքից վերցված այս օրինակների միջոցով Եհովան ուսուցանում է այնպես, որ իր խոսքերը հասնում են մեր սրտին։ Ահա մի քանի օրինակ։
12. Ինչպե՞ս են մեզ օգնում անհավատարիմ մարդկանց մասին աստվածաշնչյան արձանագրությունները։
12 Աստվածաշունչը պատմում է անհավատարիմ, նույնիսկ ամբարիշտ մարդկանց մասին և հայտնում, թե ինչ է եղել նրանց հետ։ Այդ արձանագրությունները ընթերցելիս մենք վառ կերպով ենք տեսնում բացասական հատկությունների դրսևորումները, ինչի շնորհիվ հեշտությամբ ենք հասկանում, թե որքան անցանկալի են դրանք։ Մի՞թե դավաճանությունը արգելող որևէ օրենք կարող էր ավելի զորեղ լինել, քան Հուդայի կենդանի օրինակը. մարդ, որը նենգաբար մատնեց Հիսուսին (Մատթեոս 26։14–16, 46–50; 27։3–10)։ Նման արձանագրությունները շատ ավելի արագ են հասնում մեր սրտին՝ օգնելով, որ տեսնենք այդ նողկալի հատկություններն ու մերժենք դրանք։
13. Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ ընկալելու Աստծուն հաճելի հատկությունները։
13 Աստվածաշունչը պատմում է նաև բազմաթիվ հավատարիմ մարդկանց մասին։ Մենք իմանում ենք, թե որքան նվիրված են եղել նրանք։ Այդ մարդկանց կենդանի օրինակով տեսնում ենք, թե ինչ հատկություններ պետք է զարգացնենք, որ մոտենանք Աստծուն։ Նկատի առնենք հավատը։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչ է հավատը, և նշում, որ այն շատ կարևոր է, եթե ուզում ենք հաճեցնել Աստծուն (Եբրայեցիներ 11։1, 6)։ Աստվածաշնչում կան նաև վառ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հավատը գործնականում դրսևորվել։ Խորհենք Աբրահամի մասին։ Նա ցույց տվեց իր հավատը, երբ պետք է զոհաբերեր իր որդուն՝ Իսահակին (Ծննդոց, գլ. 22; Եբրայեցիներ 11։17–19)։ Նման արձանագրությունների շնորհիվ «հավատ» բառը ավելի մեծ իմաստ է ստանում և հեշտությամբ է ընկալվում։ Որքա՜ն իմաստուն է, որ Եհովան ոչ միայն հորդորում է մեզ ցանկալի հատկություններ զարգացնել, այլև բերում է այն մարդկանց օրինակները, որոնք դրսևորել են այդ հատկությունները։
14, 15. Աստվածաշունչը ի՞նչ է մեզ պատմում մի այրի կնոջ մասին, և այդ արձանագրությունը ի՞նչ է սովորեցնում Եհովայի մասին։
14 Կյանքից վերցված աստվածաշնչյան օրինակները հաճախ սովորեցնում են, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Նկատի առնենք մի կնոջ օրինակ, որին Հիսուսը տեսավ տաճարում։ Գանձանակների մոտ նստած՝ նա դիտում էր, թե ինչպես էին մարդիկ նվիրաբերություններ անում։ Շատ հարուստներ էին գալիս և տալիս «իրենց ավելացածից»։ Սակայն Հիսուսի հայացքը կանգ առավ մի աղքատ այրի կնոջ վրա։ Վերջինս ընդամենը «երկու փոքր մետաղադրամ գցեց, որոնք շատ չնչին արժողություն ունեին»։b Դա նրա ունեցած վերջին փողն էր։ Հիսուսը, որը բոլոր հարցերում կատարելապես արտացոլում էր Եհովայի էությունը, ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը»։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, այրին ավելի շատ նվիրաբերեց, քան մյուս բոլոր նվիրաբերողները (Մարկոս 12։41–44; Ղուկաս 21։1–4; Հովհաննես 8։28)։
15 Մի՞թե ուշագրավ չէ, որ այդ օրը տաճար եկած բոլոր մարդկանցից հենց այրի կինը արժանացավ հատուկ ուշադրության և հետագայում հիշատակվեց աստվածաշնչյան արձանագրության մեջ։ Այս օրինակի միջոցով Եհովան սովորեցնում է մեզ, որ ինքը երախտագետ Աստված է։ Նրան հաճելի են ողջ սրտով արված մեր նվիրատվությունները՝ անկախ այն բանից, թե ուրիշների տվածի համեմատ որքան քիչ են դրանք։ Դժվար թե հնարավոր լիներ ավելի լավ ձևով սովորեցնել մեզ այս կարևոր ճշմարտությունը։
Բաներ, որ գրված չեն Աստվածաշնչում
16, 17. Եհովայի իմաստությունը ինչպե՞ս է երևում նույնիսկ այն բանից, թե նա ինչ չի ընդգրկել իր Խոսքում։
16 Երբ հարազատիդ նամակ ես գրում, չես կարող ամեն ինչ ընդգրկել նամակում։ Ուստի ուշադրությամբ ընտրում ես, թե ինչ գրես։ Նույնը և Եհովան։ Իր Խոսքում նա ընտրողաբար է նշել անհատների և իրադարձությունների մասին։ Աստվածաշնչյան այդ արձանագրությունները չեն ներկայացնում բոլոր մանրամասները (Հովհաննես 21։25)։ Օրինակ՝ տեղեկություններն այն մասին, թե ինչպես է Աստված դատաստան իրագործում, միշտ չէ, որ պատասխանում են մեր մտքում ծագած բոլոր հարցերին։ Եհովայի իմաստությունը, սակայն, երևում է նույնիսկ այն բանում, թե նա ինչ չի ընդգրկել իր Խոսքում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
17 Այն, թե ինչպես է գրվել Աստվածաշունչը, օգնում է տեսնել, թե ինչ կա մեր սրտում։ Ահա թե ինչ է ասվում Եբրայեցիներ 4։12-ում. «Աստծու խոսքը [կամ՝ պատգամը] կենդանի է ու զորեղ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու.... բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները»։ Աստվածաշնչի պատգամը թափանցում է մինչև հոգու խորքերը՝ բացահայտելով մեր իսկական մղումներն ու մտքերը։ Նրանք, ովքեր քննադատական ոգով են կարդում Սուրբ Գիրքը, հաճախ նեղսրտում են, որ որոշ արձանագրություններում չեն տրվում իրենց բոլոր հարցերի պատասխանները։ Այդպիսի մարդիկ գուցե նույնիսկ կասկածի ենթարկեն այն, որ Եհովան սիրառատ է, իմաստուն և արդար։
18, 19. ա) Ինչո՞ւ չպետք է անհանգստանանք, երբ աստվածաշնչյան որոշ հատվածներ մեր մեջ այնպիսի հարցեր են առաջ բերում, որոնց պատասխանն անմիջապես չենք կարող գտնել։ բ) Ի՞նչ է հարկավոր Աստծու Խոսքը հասկանալու համար, և ինչպե՞ս է դա վկայում Եհովայի մեծ իմաստության մասին։
18 Իսկ երբ անկեղծ սրտով ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, սկսում ենք Եհովային ճանաչել այն լույսի ներքո, որով նրան ներկայացնում է Սուրբ Գիրքն ամբողջությամբ։ Ուստի մենք չենք անհանգստանում, երբ որևէ արձանագրություն ընթերցելիս մեր մտքում այնպիսի հարցեր են ծագում, որոնց պատասխանները անմիջապես չենք կարող գտնել։ Ահա մի օրինակ։ Երբ փորձում ենք փոքրիկ կտորներից հավաքել գլուխկոտրուկ-խճանկար (փազլ), սկզբում թերևս դժվարանում ենք գտնել անհրաժեշտ կտորը կամ էլ չենք կողմնորոշվում, թե ուր դնենք այն։ Սակայն եթե մեզ արդեն հաջողվել է իրար միացնել կտորների մեծ մասը, ապա կկարողանանք մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ամբողջ նկարը։ Նմանապես, երբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, հետզհետե իմանում ենք, թե ինչպիսի Աստված է Եհովան, և սկսում ենք ընդհանուր պատկերացում կազմել նրա մասին։ Հնարավոր է՝ անմիջապես չկարողանանք հասկանալ աստվածաշնչյան որևէ հատված կամ տեսնել, թե այն ինչպես է համադրվում Աստծու էությանը։ Սակայն Սուրբ Գիրքն ուսումնասիրելու շնորհիվ Եհովայի մասին արդեն այնքան բան ենք իմացել, որ դա ավելի քան բավարար է համոզվելու համար, որ նա սիրառատ և արդար Աստված է։
19 Հետևաբար, որպեսզի հասկանանք Աստծու Խոսքը, պետք է կարդանք և ուսումնասիրենք այն անկեղծ սրտով ու առանց կանխակալ կարծիքի։ Մի՞թե սա չի վկայում Եհովայի մեծ իմաստության մասին։ Գիտակ և խելացի մարդիկ կարող են գրել գրքեր, որոնք հասկանալի կլինեն միայն «իմաստուններին ու գիտուններին»։ Բայց մի այնպիսի գիրք գրելու համար, որը հասկանալի կլինի միայն սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց, աստվածային իմաստություն է հարկավոր (Մատթեոս 11։25)։
«Իմաստություն» պարունակող գիրք
20. Ինչո՞ւ միայն Եհովան կարող է ցույց տալ կյանքի լավագույն ուղին, և Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում մեզ։
20 Իր Խոսքի միջոցով Եհովան ցույց է տալիս կյանքի լավագույն ուղին։ Լինելով մեր Արարիչը՝ նա մեզանից ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ։ Մարդու հիմնական կարիքները, այդ թվում՝ սիրված լինելու, երջանկություն գտնելու և ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունը մնացել է նույնը։ Աստվածաշունչը «իմաստության» հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ մենք կարող ենք իմաստալից կյանքով ապրել (Առակներ 2։7)։ Այս գրքի յուրաքանչյուր մասում կա մի գլուխ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք կիրառել Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները։ Քննենք ընդամենը մեկ օրինակ։
21–23. Ո՞ր իմաստուն խորհուրդը կօգնի, որ խուսափենք հիշաչար լինելուց և ոխ պահելուց։
21 Նկատե՞լ ես, որ այն մարդիկ, ովքեր հիշաչար են ու ոխ են պահում, հաճախ իրենց են վնաս հասցնում։ Ոխ պահելը նման է ծանր բեռի։ Եթե թույլ տանք, որ ոխը «գերության» մեջ պահի մեր միտքը, այն կզրկի մեզ խաղաղությունից և կխլի մեր ուրախությունը։ Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ զայրացած վիճակում մնալը կարող է մեծացնել սրտային, ինչպես նաև բազմաթիվ այլ քրոնիկ հիվանդությունների վտանգը։ Նման հետազոտություններից դարեր առաջ, սակայն, Աստվածաշունչը մի շատ իմաստուն խորհուրդ էր տվել. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։
22 Աստծու Խոսքում ասվում է. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11)։ Ըմբռնողականությունը այնպիսի ունակություն է, որն օգնում է տեսնել երևացող բանից ավելին՝ հարցի բուն էությունը։ Ըմբռնողականությունը խթանում է հասկացողությունը, քանի որ օգնում է մեզ հասկանալ, թե ինչու մարդը այդպես խոսեց կամ վարվեց։ Ջանալով հասկանալ նրա իրական մղումները, զգացմունքներն ու հանգամանքները՝ կկարողանանք ձերբազատվել նրա հանդեպ ունեցած բացասական մտքերից ու զգացմունքներից։
23 Աստվածաշնչում մի խորհուրդ էլ է տրվում. «Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ «Շարունակեք համբերել իրար» արտահայտությունը այն միտքն է հաղորդում, որ հարկավոր է ուրիշների հանդեպ համբերատար լինել՝ հանդուրժելով դիմացինի բնավորության այն գծերը, որոնք զայրացնում են մեզ։ Նման համբերատարությունը կօգնի, որ խուսափենք չնչին բաների պատճառով մեր սրտում ոխ պահելուց։ Իսկ «ներել» բառը ունի ոխակալությունից ազատվելու նշանակություն։ Մեր իմաստուն Աստվածը գիտի, որ պետք է ներենք ուրիշներին, երբ դրա համար հիմնավոր պատճառ կա։ Սա ոչ միայն այդ մարդկանց օգտի համար է, այլև մեր իսկ մտքի ու սրտի խաղաղության (Ղուկաս 17։3, 4)։ Ինչպիսի՜ իմաստություն է պարփակված Աստծու Խոսքում։
24. Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե ձգտենք ապրել Աստծու իմաստությանը ներդաշնակ։
24 Անսահման սիրուց մղված՝ Եհովան ցանկացավ հաղորդակցվել մեզ հետ։ Նա ընտրեց դա անելու լավագույն ձևը՝ ուղարկեց մի «նամակ», որը գրվեց մարդկանց ձեռքով և Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ։ Արդյունքում այդ գրքի էջերում բացահայտվում է հենց Եհովայի իմաստությունը։ Այս իմաստությունը «շատ վստահելի» է (Սաղմոս 93։5)։ Եթե ձգտենք ապրել դրան ներդաշնակ և այդ մասին պատմենք ուրիշներին, ինչ խոսք, կմոտենանք ամենայն իմաստության Աստծուն։ Հաջորդ գլխում կքննենք Եհովայի իմաստության մեկ այլ ուշագրավ օրինակ. այն, որ Աստված ունակ է կանխագուշակելու ապագան և իրականացնելու իր նպատակը։
a Դավիթը, որը հովիվ էր, բերում է այնպիսի օրինակներ, որոնք վերցված են հովվի կյանքից (Սաղմոս 23)։ Մատթեոսը, որը հարկահավաք էր, հաճախ հիշատակում է թվեր և դրամական միավորներ (Մատթեոս 17։26; 26։15; 27։3)։ Ղուկասը, որը բժիշկ էր, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք հատուկ էին իր մասնագիտությանը (Ղուկաս 4։38; 14։2; 16։20)։
b Մետաղադրամները, որ կինը գցեց գանձանակի մեջ, այդ ժամանակ շրջանառության մեջ գտնվող հրեական ամենափոքր մանրադրամներն էին՝ լեպտան։ Երկու լեպտան կազմում էր օրավարձի 1/64 մասը։ Այս երկու մետաղադրամով հնարավոր չէր գնել նույնիսկ մի ճնճղուկ, որն ամենաէժան թռչունն էր և աղքատների կերակուրը։