Երիտասարդնե՛ր, ձեր առաջադիմությունը հայտնի դարձրեք
«Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 ՏԻՄՈԹ. 4։15)։
1. Ի՞նչ է Աստված ցանկանում երիտասարդներին։
«ՈՒ ՐԱԽԱՑԻՐ, երիտասարդ.... Թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը»,— գրեց հին Իսրայելի իմաստուն թագավոր Սողոմոնը (Ժող. 11։9)։ Այս խոսքերի Հեղինակը՝ Եհովա Աստված, անշուշտ ուզում է, որ դո՛ւք, երիտասարդնե՛ր, երջանիկ լինեք։ Ավելին, նա ուզում է, որ դուք երջանիկ լինեք ձեր ամբողջ կյանքում։ Սակայն, ցավոք, երիտասարդության տարիներին տղաներն ու աղջիկները հաճախ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք կարող են ազդել նրանց ապագայի վրա։ Նույնիսկ Հոբը, որ հավատարիմ էր, ցավով նշեց, որ ստիպված է կրելու իր «երիտասարդութեան անօրէնութիւնների» հետևանքները (Յոբ 13։26)։ Երիտասարդ տարիներին քրիստոնյան հաճախ պետք է լուրջ որոշումներ կայացնի։ Եթե նա սխալ որոշումներ կայացնի, դրանք կարող են զգացական խոր վերքեր թողնել և այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնց հետևանքները նա գուցեև զգա ամբողջ կյանքի ընթացքում (Ժող. 11։10)։
2. Սուրբգրային ո՞ր խորհուրդը կիրառելով՝ երիտասարդները կխուսափեն լուրջ սխալներից։
2 Սակայն դուք պետք է առողջ դատողություն դրսևորեք։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոս առաքյալը ինչ խորհուրդ տվեց կորնթացիներին. «Հասկանալու կարողության մեջ երեխաներ մի՛ եղեք.... Հասկանալու կարողության մեջ եղեք չափահաս» (1 Կորնթ. 14։20)։ Պողոսը հորդորում է ձեռք բերել մտածելու և տրամաբանելու այնպիսի ունակություն, ինչպիսին որ ունի չափահաս մարդը։ Նրա խորհուրդը կօգնի ձեզ խուսափելու լուրջ սխալներից։
3. Ի՞նչ կարող ես անել հասկանալու կարողության մեջ չափահաս դառնալու համար։
3 Երիտասարդնե՛ր, հիշե՛ք, որ հասկանալու կարողության մեջ չափահաս դառնալու համար ջանքեր են պահանջվում։ Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Թող ոչ ոք երբեք չարհամարհի քո երիտասարդությունը։ Բայց դու օրինա՛կ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի, մաքրության մեջ։ ....Շարունակի՛ր անձդ տրամադրել հանրության առջև ընթերցելուն, նաև հորդորելուն ու սովորեցնելուն։ ....Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4։12–15)։ Քրիստոնյա երիտասարդները կարիք ունեն հոգևորապես աճելու, այնպես, որ իրենց առաջադիմությունը հայտնի դառնա մյուսներին։
Ի՞նչ է առաջադիմությունը
4. Ի՞նչ է նշանակում հոգևորապես առաջադիմել։
4 Առաջադիմել նշանակում է առաջ գնալ, փոխվել դեպի լավը։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց անձը տրամադրել առաջադիմելուն՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության, ինչպես նաև իր ծառայությունը կատարելու հարցում։ Նա պետք է ձգտեր ամեն ժամանակ ապրել օրինակելի կյանքով։ Ուստի Տիմոթեոսը կարիք ուներ շարունակելու հոգևորապես առաջադիմել։
5, 6. ա) Ե՞րբ Տիմոթեոսի առաջադիմությունը սկսեց հայտնի դառնալ։ բ) Առաջադիմելու հարցում ինչպե՞ս կարող են երիտասարդները ընդօրինակել Տիմոթեոսին։
5 Երբ Պողոսը գրեց այս խորհուրդը (մ.թ. 61–64), Տիմոթեոսը արդեն փորձառու երեց էր։ Նա նոր չէր սկսել հոգևորապես առաջադիմել։ Արդեն 49 կամ 50 թվականին, երբ մոտ 20 տարեկան էր, Տիմոթեոսը «լավ վկայություն ուներ Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրներից», ովքեր տեսել էին նրա հոգևոր առաջադիմությունը (Գործ. 16։1–5)։ Այդ ժամանակ էր, որ Պողոսը նրան իր հետ տարավ միսիոներական շրջագայության։ Մի քանի ամիս ծառայելով Տիմոթեոսի հետ ու նկատելով նրա առաջադիմությունը՝ առաքյալը նրան ուղարկեց Թեսաղոնիկե, որպեսզի նա մխիթարի և ամրացնի այդ քաղաքի քրիստոնյաներին (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 3։1–3, 6)։ Հստակ է, որ Տիմոթեոսը սկսել էր առաջադիմել դեռևս պատանի հասակից։
6 Դո՛ւք, երիտասարդնե՛ր, ձգտեք այսօրվանից իսկ ձեր մեջ հոգևոր որակներ մշակել, որպեսզի ակնհայտ լինի, որ առաջադիմել եք քրիստոնեական ապրելակերպի և սուրբգրային ճշմարտություններն ուսուցանելու հարցում։ 12–ամյա Հիսուսի մասին ասվում է, որ նա «զարգանում էր իմաստությամբ» (Ղուկ. 2։52)։ Ուստի միասին քննենք, թե ինչպես կարող ես հայտնի դարձնել քո առաջադիմությունը, երբ՝ 1) դժվարությունների ես բախվում, 2) պատրաստվում ես ամուսնանալու, 3) ձգտում ես «լավ ծառա» դառնալ (1 Տիմոթ. 4։6)։
Դժվարությունները դիմագրավիր «ողջամտությամբ»
7. Ինչպե՞ս կարող են դժվարությունները ազդել երիտասարդների վրա։
7 Քերոլ անունով 17–ամյա մի քրիստոնյա քույր ասում է. «Երբեմն զգացական, ֆիզիկական և մտային առումով այնպես էի սպառվում, որ առավոտյան չէի ուզում արթնանալ»a։ Ի՞նչն էր Քերոլին այդպիսի վիճակի մեջ գցում։ Երբ նա տասը տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին, և նա մնաց իր մոր հետ, որը չէր ապրում Աստվածաշնչի բարոյական չափանիշներով։ Այո՛, Քերոլի համար հեշտ չէր։ Հնարավոր է, դու էլ ես այնպիսի ծանր իրավիճակներ դիմագրավում, որոնք փոփոխվելու հեռանկար գրեթե չունեն։
8. Ի՞նչ դժվարություններ ուներ Տիմոթեոսը։
8 Տիմոթեոսի հոգևոր առաջադիմությունը չէր ընթանում առանց դժվարությունների։ Օրինակ՝ նա ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ և «հաճախակի հիվանդանում» էր (1 Տիմոթ. 5։23)։ Նաև, Տիմոթեոսը, ըստ ամենայնի, ամաչկոտ և անհամարձակ էր։ Կորնթոսում մի քանի մարդիկ, ովքեր կասկածի տակ էին դրել առաքյալի հեղինակությունը, խնդիրներ էին ստեղծել։ Երբ Պողոսը Տիմոթեոսին ուղարկեց Կորնթոս՝ այդ խնդիրները լուծելու, ժողովին հորդորեց համագործակցել նրա հետ, որպեսզի վերջինս «վախ չունենա նրանց մեջ» (1 Կորնթ. 4։17; 16։10, 11)։
9. Ի՞նչ է ողջամտությունը, և ինչպե՞ս է այն հակադրվում վախկոտության ոգուն։
9 Տիմոթեոսին օգնելու նպատակով Պողոսը հետագայում նրան հիշեցրեց. «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության, սիրո և ողջամտության» (2 Տիմոթ. 1։7)։ Լինել ողջամիտ նշանակում է մտածել և տրամաբանել խելացի կերպով, կարողանալ իրավիճակներն ընդունել այնպես, ինչպես որ դրանք կան, և ոչ թե այնպես, ինչպես որ անհատը կուզենար։ Որոշ ոչ հասուն երիտասարդներ դրսևորում են վախկոտության ոգի և փորձում են մտքից հանել իրենց խնդիրները՝ չափից շատ քնելով, հեռուստացույց դիտելով, թմրանյութեր օգտագործելով, ալկոհոլը չարաշահելով, անդադար խրախճանքների մեջ լինելով կամ սեռական անբարոյություն գործելով։ Քրիստոնյաներին հորդոր է տրված «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և իրերի այս համակարգում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։12)։
10, 11. Ինչպե՞ս է ողջամտությունը հոգևորապես զորացնում։
10 Աստվածաշունչը հորդորում է «երիտասարդ տղամարդկանց [«երիտասարդներին», ԱԹ], որ լինեն ողջամիտ» (Տիտոս 2։6)։ Այս խորհրդին հետևած կլինես, եթե խնդիրների հանդիպելիս աղոթես Եհովային և ապավինես նրա տված զորությանը (կարդա՛ 1 Պետրոս 4։7)։ Արդյունքում՝ քո մեջ կզարգանա լիակատար վստահություն «Աստծու տված ուժի» հանդեպ (1 Պետ. 4։11)։
11 Ողջամտությունը և աղոթքը օգնեցին Քերոլին։ «Մորս անբարո կյանքին ընդդիմանալը ամենադժվար բաներից մեկն էր ինձ համար,— ասում է նա։— Ինձ շատ օգնեց աղոթքը։ Գիտեմ, որ Եհովան ինձ հետ է, ուստի այլևս չեմ վախենում»։ Հիշի՛ր, դժվարությունները «զտում» և ամրացնում են քեզ (Սաղ. 105։17, 18, 19 ՆԱ; Ողբ. 3։27)։ Ինչ դժվարության մեջ էլ որ լինես, Աստված քեզ երբեք մենակ չի թողնի։ Նա «կօգնի քեզ» (Ես. 41։10)։
Երբ պատրաստվում ես ամուսնանալու
12. Ամուսնանալ ցանկացող քրիստոնյան ինչո՞ւ պետք է հիշի Առակաց 20։25–ում գրված սկզբունքը։
12 Չափահաս դարձած որոշ երիտասարդներ շտապում են ամուսնանալ՝ կարծելով, թե այդպիսով իրենք այլևս դժբախտ կամ միայնակ չեն լինի, կազատվեն ձանձրույթից ու տանը եղած խնդիրներից։ Բայց ամուսնական երդում տալը լուրջ բան է։ Աստվածաշնչյան ժամանակներում ոմանք հապճեպորեն սուրբ երդում էին տալիս՝ առանց երկար–բարակ մտածելու, թե ինչ են խոստանում (կարդա՛ Առակաց 20։25b)։ Երբեմն երիտասարդները լրջորեն չեն մտածում, թե ինչ պարտականություններ է իր հետ բերում ամուսնությունը։ Միայն հետագայում են նրանք հասկանում, որ լիովին չեն պատկերացրել, թե ինչ է այն իրականում։
13. Նախքան մտերմություն սկսելը ի՞նչ հարցեր պետք է նկատի առնեն երիտասարդները, և որտե՞ղ նրանք կարող են օգտակար խորհուրդներ գտնել։
13 Ուստի նախքան մեկի հետ մտերմություն անելը ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ եմ ուզում ամուսնանալ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեմ։ Այս անհատը համապատասխանո՞ւմ է ինձ։ Պատրա՞ստ եմ կատարելու ամուսնական պարտականություններս»։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» հրապարակել է հոդվածներ, որոնցում մանրամասնորեն քննարկվում է այս թեման։ Դրանք կարող են օգնել քեզ խորությամբ մտածելու այս հարցերի շուրջ (Մատթ. 24։45–47)c։ Այդ հոդվածները դիտիր որպես Եհովայի կողմից տրված խորհուրդներ։ Ուշադիր վերլուծիր, թե ինչ է գրված այնտեղ, և կիրառիր։ Երբեք թույլ մի տուր, որ դառնաս «ձի եւ ջորի որ միտք [«հասկացողություն», ՆԱ] չունին» (Սաղ. 32։8, 9)։ Հասկացիր, թե ինչ պարտականություններ է իր հետ բերում ամուսնությունը. չափահա՛ս դարձիր այս հարցում։ Եթե զգում ես, որ պատրաստ ես մտերմություն անելու, մի մոռացիր «մաքրության մեջ օրինակ լինելու» մասին (1 Տիմոթ. 4։12)։
14. Ինչպե՞ս կարող է հոգևոր հասունությունն օգնել ամուսնանալուց հետո։
14 Հոգևոր հասունությունը հաջողություն է բերում նաև ամուսնանալուց հետո։ Հասուն քրիստոնյան ձգտում է «չափահաս մարդու աստիճանին, հասակի այն չափին, որը հատուկ է Քրիստոսի լիությանը» (Եփես. 4։11–14)։ Նա ջանում է զարգացնել այն հատկությունները, որ ունի Քրիստոսը։ Հիսուսը՝ մեր Օրինակը, «ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմ. 15։3)։ Երբ կողակիցներից յուրաքանչյուրը փնտրում է ոչ թե իր, այլ դիմացինի օգուտը, ընտանիքը դառնում է խաղաղության և աջակցության հանգրվան (1 Կորնթ. 10։24)։ Ամուսինը պետք է անձնազոհ սեր ցույց տա իր կնոջ հանդեպ, իսկ կինը՝ վճռի հնազանդվել նրան, ինչպես որ Հիսուսն է հնազանդվում իր Գլխին (1 Կորնթ. 11։3; Եփես. 5։25)։
«Ամբողջովին կատարիր քո ծառայությունը»
15, 16. Ինչպե՞ս կարող ես քո առաջադիմությունը հայտնի դարձնել ծառայության մեջ։
15 Անդրադառնալով Տիմոթեոսի կարևոր նշանակմանը՝ Պողոսը գրեց. «Ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև.... խոսքը քարոզի՛ր, արա՛ այն հրատապության զգացումով»։ Հետո ավելացրեց. «Ավետարանչի գործն արա և ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 Տիմոթ. 4։1, 2, 5)։ Իր հանձնարարությունը կատարելու համար Տիմոթեոսը պետք է «սնվեր հավատի խոսքերով» (կարդա՛ 1 Տիմոթեոս 4։6)։
16 Ինչպե՞ս կարող ես «սնվել հավատի խոսքերով»։ Պողոսը գրեց. «Շարունակի՛ր անձդ տրամադրել հանրության առջև ընթերցելուն, նաև հորդորելուն ու սովորեցնելուն։ Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով» (1 Տիմոթ. 4։13, 15)։ Որպեսզի բարելավումներ անես, պետք է ջանասիրաբար անձնական ուսումնասիրություն կատարես։ «Կլանված լինել» արտահայտությունն ունի գործունեության մեջ մխրճված լինելու իմաստ։ Ուսումնասիրության հետ կապված ի՞նչ սովորություններ ունես։ Կլանվա՞ծ ես «Աստծու խորունկ բաներով», թե՞ նվազագույն ջանքեր ես գործադրում այս հարցում (1 Կորնթ. 2։10)։ Ուսումնասիրության նյութի շուրջ խորհրդածելը քեզ կմղի հոգևորապես առաջադիմելու (կարդա՛ Առակաց 2։1–5)։
17, 18. ա) Ի՞նչ հմտություններ պետք է ձգտես զարգացնել։ բ) Տիմոթեոսի տրամադրվածությունն ունենալը ինչպե՞ս կարող է օգնել քեզ ծառայության մեջ։
17 Միշել անունով մի երիտասարդ ռահվիրա քույր ասում է. «Որպեսզի ծառայությունս արդյունավետ լինի, հետևում եմ անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկի և կանոնավորաբար մասնակցում հանդիպումներին։ Արդյունքում անընդհատ հոգևորապես աճում եմ»։ Այո՛, ծառայելով ռահվիրա՝ դու, անշուշտ, կհմտանաս Աստվածաշունչը գործածելու մեջ և հոգևորապես կառաջադիմես։ Սովորիր վարժ ընթերցել, ձգտիր իմաստալից մեկնաբանություններ տալ քրիստոնեական հանդիպումներին։ Հոգևորապես հասունանալով՝ բովանդակալից ուսումնական ելույթներ կներկայացնես Աստվածապետական ծառայության դպրոցում և, իհարկե, չես մոռանա հարազատ մնալ հանձնարարված նյութին։
18 «Ավետարանչի գործն անել» նշանակում է բարելավել քարոզչական հմտությունները և օգնել մարդկանց հասնելու փրկության։ Սա անելու համար հարկավոր է տիրապետել «սովորեցնելու արվեստին» (2 Տիմոթ. 4։2)։ Ինչպես որ Տիմոթեոսը սովորեց Պողոսից, այնպես էլ դու, համագործակցելով փորձառու քարոզիչների հետ, կսովորես հմտորեն ուսուցանել (1 Կորնթ. 4։17)։ Պողոսը նրանց, ում օգնել էր, ասաց, որ ոչ միայն բարի լուրն է տվել, այլև «իր հոգին», այսինքն՝ ապրել է նրանց օգնելու համար, քանի որ սիրելի էին դարձել իր համար (1 Թեսաղ. 2։8)։ Որպեսզի ծառայության մեջ հետևես Պողոսի օրինակին, պետք է Տիմոթեոսի տրամադրվածությունն ունենաս, ով սրտանց հոգ էր տանում ուրիշներին և «ծառայեց բարի լուրի առաջխաղացման համար» (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։19–23)։ Արդյոք նրա պես անձնազոհաբա՞ր ես ծառայում։
Առաջադիմելը իսկական բավարարվածություն է բերում
19, 20. Ինչո՞ւ է հոգևորապես առաջադիմելը ուրախություն բերում։
19 Հոգևորապես առաջադիմելու համար ջանքեր են պետք։ Բայց եթե համբերություն դրսևորես և շարունակ հմտանաս ուսուցողական գործում, ժամանակի ընթացքում հնարավորություն կունենաս «շատերին հարստացնելու» հոգևորապես, և նրանք քո «ուրախությունը կամ ցնծության պսակը» կդառնան (2 Կորնթ. 6։10; 1 Թեսաղ. 2։19)։ Ֆրեդ անունով մի լիաժամ ծառայող ասում է. «Այժմ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում մարդկանց օգնելուն, քան նախկինում։ Լիովին համաձայն եմ, որ տալու մեջ ավելի շատ ուրախություն կա, քան ստանալու»։
20 Դաֆնի անունով մի երիտասարդ ռահվիրա քույր ասում է, թե ինչ ուրախություն և բավարարվածություն է ստացել հոգևորապես առաջադիմելուց. «Երբ սկսեցի ավելի լավ ճանաչել Եհովային, ավելի մտերմացա նրա հետ։ Երբ ամեն ինչ անում ես Եհովային հաճելի լինելու համար, մեծագույն բավարարվածություն ես ստանում և քեզ լավ ես զգում»։ Թեև մարդիկ միշտ չէ, որ կնկատեն քո հոգևոր առաջադիմությունը, բայց Եհովան միշտ նկատում և գնահատում է դա (Եբր. 4։13)։ Մենք համոզված ենք, որ դո՛ւք, երիտասա՛րդ քրիստոնյաներ, կարող եք փառք ու պատիվ բերել մեր երկնային Հորը։ Շարունակեք հայտնի դարձնել ձեր առաջադիմությունը և ուրախացրեք Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
[ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Առակաց 20։25. «Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր [«սուրբ է», ՆԱ]. եւ ուխտելուց յետոյ կշռադատել»։
c Տե՛ս «Նա հարմա՞ր է ինձ» հոդվածները «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքում (հատոր 2, ռուս.) և «Արթնացե՛ք»–ի 2007 թ. հուլիս–սեպտեմբեր համարում, «Ամուսնական կողակցի ընտրություն. առաջնորդություն Աստծուց» հոդվածը «Դիտարանի» 2001 թ. մայիսի 15–ի համարում և «Որքանո՞վ է իմաստուն ամուսնանալ պատանեկան հասակում» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 1983 թ. սեպտեմբերի 22–ի համարում (անգլ.)։
Ի՞նչ սովորեցիր
• Ի՞նչ է նշանակում հոգևորապես առաջադիմել։
• Ինչպե՞ս կարող ես հայտնի դարձնել քո առաջադիմությունը...
երբ դժվարությունների ես բախվում,
երբ պատրաստվում ես ամուսնանալու,
ծառայության մեջ։
[նկար 15–րդ էջի վրա]
Աղոթքն օգնում է հաղթահարելու դժվարությունները
[նկար 16–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են երիտասարդ քարոզիչները հմտանալ ուսուցանելու մեջ