Ի՞նչ է բացահայտելու Եհովայի օրը
«Եհովայի օրը գողի պես կգա.... և երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն» (2 ՊԵՏ. 3։10)։
1, 2. ա) Ինչպե՞ս է կործանվելու ներկայիս չար աշխարհը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
ՆԵՐԿԱՅԻՍ չար աշխարհը հիմնված է այն ստի վրա, թե մարդը առանց Եհովայի ի վիճակի է հաջողությամբ ղեկավարելու երկիրը (Սաղ. 2։2, 3)։ Սակայն մի՞թե կեղծիքի վրա հիմնված որևէ բան կարող է հավիտյան հաստատ մնալ։ Իհա՛րկե ոչ։ Կարիք չկա սպասելու, որ Սատանայի աշխարհը ինքն իրեն կործանվի։ Աստված ինքը կկործանի այն իր սահմանած ժամանակին և այնպես, ինչպես կամենում է։ Այս չար աշխարհի դեմ Աստծու ձեռնարկած քայլը լիովին կարտացոլի թե՛ նրա արդարությունը, թե՛ սերը (Սաղ. 92։7; Առակ. 2։21, 22)։
2 «Եհովայի օրը,— գրեց Պետրոս առաքյալը,— գողի պես կգա, երբ երկինքները շառաչուն աղմուկով կանցնեն, իսկ տարրերը, սաստիկ շիկացած, կլուծվեն, և երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն» (2 Պետ. 3։10)։ Ի՞նչ են խորհրդանշում «երկինքները» և «երկիրը»։ Ո՞ր «տարրերը» պետք է լուծվեն։ Ի՞նչ նկատի ուներ Պետրոսը՝ ասելով, որ «երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն»։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի մեզ պատրաստված լինելու մոտ ապագայում տեղի ունենալիք ահասարսուռ իրադարձություններին։
Անցնող երկինքներն ու երկիրը
3. Ի՞նչ են խորհրդանշում «երկինքները»՝ հիշատակված 2 Պետրոս 3։10–ում, և ինչպե՞ս են դրանք անցնելու։
3 Աստվածաշնչում «երկինքներ» բառը, երբ օգտագործվում է փոխաբերական իմաստով, հաճախ վերաբերում է իշխանություններին, որոնք իշխում են իրենց հպատակների վրա (Ես. 14։13, 14; Հայտն. 21։1, 2)։ «Երկինքները, [որոնք] կանցնեն», խորհրդանշում են անաստված հասարակության վրա մարդու իշխանությունը։ Այն, որ երկինքները «շառաչուն աղմուկով» են անցնելու, նշանակում է, որ դրանք արագորեն են ոչնչանալու։
4. Ի՞նչ է «երկիրը», և ինչպե՞ս է այն կործանվելու։
4 «Երկիրը» խորհրդանշում է Աստծուց օտարացած մարդկությունը։ Այսպիսի մի աշխարհ գոյություն ուներ Նոյի օրերում, որը ջրհեղեղով կործանվեց Աստծու վճռի համաձայն։ «Այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետ. 3։7)։ Եթե ջրհեղեղը միանգամից կործանեց բոլոր ամբարիշտ մարդկանց, մոտալուտ կործանումը տեղի կունենա փուլերով (Հայտն. 7։14)։ «Մեծ նեղության» առաջին փուլում Աստված կմղի այս աշխարհի քաղաքական ուժերին կործանելու «Մեծ Բաբելոնը»՝ այդպիսով արտահայտելով իր արհամարհանքը այդ «պոռնիկի» հանդեպ (Հայտն. 17։5, 16; 18։8)։ Իսկ Արմագեդոն պատերազմի ժամանակ՝ մեծ նեղության վերջին փուլում, Եհովան ինքը կոչնչացնի այն, ինչ մնացել է Սատանայի աշխարհից (Հայտն. 16։14, 16; 19։19–21)։
«Տարրերը.... կլուծվեն»
5. Ի՞նչ է մտնում փոխաբերական տարրերի մեջ։
5 Ո՞ր «տարրերը» պետք է «լուծվեն»։ Աստվածաշնչյան մի բառարանի համաձայն՝ «տարրեր» բառն ունի «սկզբնապատճառ» կամ «նախահիմք» իմաստները։ Բառարանում նաև ասվում է, որ այդ բառը «օգտագործվում է այբուբենի տառերի հետ կապված, որպես տվյալ լեզվով խոսելու հիմք»։ Ուստի Պետրոսի հիշատակած «տարրերը» այն «հիմնանյութերն են», որոնցից «կազմված են» այս աշխարհի՝ Աստծուն տհաճ հատկանիշները, վերաբերմունքն ու նպատակները։ «Տարրերի» մեջ է մտնում «աշխարհի ոգին», որը «ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (1 Կորնթ. 2։12; կարդա՛ Եփեսացիներ 2։1–3)։ Այդ ոգին՝ «օդը», լցրել է Սատանայի աշխարհը։ Այն դրդում է մարդկանց մտածելու, ծրագրելու, խոսելու և վարվելու այնպես, ինչպես բնորոշ է Սատանային՝ օդի իշխանության հպարտ, հանդուգն իշխանին։
6. Ինչպե՞ս է դրսևորվում աշխարհի ոգին։
6 Այն մարդիկ, ովքեր վարակված են այս աշխարհի ոգով, գիտակցաբար կամ անգիտակցաբար թույլ են տալիս, որ Սատանան ազդի իրենց մտքի ու սրտի վրա, ուստի արտացոլում են նրա մտածելակերպն ու վերաբերմունքը։ Արդյունքում այդ մարդիկ անում են այն, ինչ ցանկանում են՝ առանց Աստծու կամքը հաշվի առնելու։ Նրանք տարբեր իրավիճակներում հպարտություն ու եսասիրություն են դրսևորում, ըմբոստանում են իշխանությունների դեմ, տրվում են «մարմնի ցանկությանը, աչքերի ցանկությանը»a (կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։
7. Ինչո՞ւ պետք է «[մեր] սիրտը պահէնք»։
7 Ուստի անչափ կարևոր է, որ մենք «[մեր] սիրտը պահէնք» և ընկերներ ընտրելիս, որևէ նյութ ընթերցելիս, զվարճանալիս կամ վեբ կայքերից օգտվելիս առաջնորդվենք Աստծու իմաստությամբ (Առակ. 4։23, ԱԱ)։ Այս առնչությամբ Պողոս առաքյալը գրել է. «Զգո՛ւյշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև իր զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ՝ մարդկանց ավանդության համաձայն, աշխարհի տարրական բաների համաձայն և ոչ թե Քրիստոսի համաձայն» (Կող. 2։8)։ Այս նախազգուշացմանը այսօր ավելի հրատապորեն պետք է արձագանքենք, քանի որ Եհովայի օրը արագորեն մոտենում է։ Այդ օրվա ուժեղ «կրակը» կհալեցնի Սատանայի համակարգի բոլոր «տարրերը»՝ փաստելով, որ դրանք հրակայուն չեն։ Սա մեզ հիշեցնում է Մաղաքիա 4։1 համարում գրված խոսքերը. «Գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը»։
«Երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն»
8. Ինչպե՞ս «կբացահայտվեն» երկիրն ու նրանում եղած գործերը։
8 Ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, երբ գրեց, որ «երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն»։ «Բացահայտել» բառը կարող է նաև նշանակել «բացել» կամ «մերկացնել»։ Պետրոսը նկատի ուներ, որ մեծ նեղության ընթացքում Եհովան կմերկացնի Սատանայի աշխարհը՝ ցույց տալով, որ այն հակառակվում է թե՛ իրեն և թե՛ իր Թագավորությանը, ու դրա համար էլ կործանման է արժանի։ Եսայիա 26։21 համարում մարգարեացվել էր այդ ժամանակի մասին. «Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին»։
9. ա) Ի՞նչը պետք է մերժենք և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ պետք է զարգացնենք և ինչո՞ւ։
9 Եհովայի օրվա ընթացքում նրանք, ովքեր «ձևավորվել են» աշխարհի և դրա չար ոգու ազդեցությամբ, կդրսևորեն իրենց իսկական էությունը։ Մարդիկ անգամ կմորթեն իրար։ Փաստորեն, շատերը, որոնք իրենց ուղեղը լցնում են ժամանցի բազմաթիվ բռնի ձևերով, հնարավոր է՝ «ձեռք.... բարձրացնեն իրենց ընկերի ձեռքի դէմ» (Զաք. 14։13)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է մերժել ցանկացած ֆիլմ, գիրք, տեսախաղ կամ որևէ բան, ինչը մեր մեջ այնպիսի հատկություններ կձևավորի, որոնք գարշելի են Աստծուն, օրինակ՝ հպարտություն և սեր բռնության հանդեպ (Բ Թագ. 22։28; Սաղ. 11։5)։ Ուստի եկեք զարգացնենք Աստծու ոգու պտղի հատկությունները, քանի որ դրանք հրակայուն են և կդիմանան փոխաբերական կրակին (Գաղ. 5։22, 23)։
«Նոր երկինք և նոր երկիր»
10, 11. Ի՞նչ են «նոր երկինքն» ու «նոր երկիրը»։
10 Կարդա՛ 2 Պետրոս 3։13։ «Նոր երկինքը» Աստծու երկնային Թագավորությունն է, որը հաստատվեց 1914թ.–ին, երբ «ազգերին սահմանված ժամանակները լրացան» (Ղուկ. 21։24)։ Այս կառավարության Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նա ունի 144 000 իշխանակիցներ, որոնցից շատերը ստացել են իրենց երկնային վարձատրությունը։ Ըստ «Հայտնություն» գրքի՝ այս ընտրյալները ներկայացնում են «սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, և պատրաստված էր որպես հարս՝ իր փեսայի համար զարդարված» (Հայտն. 21։1, 2, 22–24)։ Երկրային Երուսաղեմը հին Իսրայելի աթոռանիստն էր։ Նոր Երուսաղեմը և իր փեսան խորհրդանշում են նոր համակարգի կառավարությունը։ Այս երկնային քաղաքը «կիջնի երկնքից» այն իմաստով, որ իր ուշադրությունը կդարձնի երկրին։
11 «Նոր երկիրը» մարդկային նոր հասարակությունն է, որը ցույց տված կլինի իր պատրաստակամությունը հպատակվելու Աստծու Թագավորությանը։ Հոգևոր դրախտը, որն Աստծու ժողովուրդը վայելում է արդեն այսօր, ի վերջո իր արժանի տեղը կզբաղեցնի գեղեցիկ դրախտում՝ «գալիք բնակեցված երկրում» (Եբր. 2։5)։ Ինչպե՞ս կարող ենք դառնալ նոր հասարակության անդամներից մեկը։
Պատրաստվի՛ր Եհովայի մեծ օրվան
12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի օրը ցնցելու է աշխարհը։
12 Թե՛ Պողոսը և թե՛ Պետրոսը կանխագուշակել էին, որ Եհովայի օրը գալու է «ինչպես գող»՝ թաքուն, անսպասելի (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։1, 2)։ Նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաները, ովքեր սպասում են այդ օրվան, անակնկալի կգան, քանի որ այդ օրը շատ հանկարծակի վրա կհասնի (Մատթ. 24։44)։ Աշխարհը, սակայն, ոչ միայն անակնկալի կգա, այլև կցնցվի։ Պողոսը գրեց. «Երբ որ [Եհովայից օտարացած մարդիկ] ասեն՝ «խաղաղությո՛ւն և անվտանգությո՛ւն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա, ինչպես որ սուր ցավերն են գալիս հղի կնոջ վրա, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի» (1 Թեսաղ. 5։3)։
13. Ի՞նչ պետք է անենք, որ «խաղաղությո՜ւն և անվտանգությո՜ւն» բացականչությունը չխաբի մեզ։
13 «Խաղաղությո՜ւն և անվտանգությո՜ւն» բացականչությունը կլինի դիվային ևս մի սուտ, սակայն այն չի խաբի Եհովայի ծառաներին։ «Դուք.... խավարի մեջ չեք,— գրեց Պողոսը,— որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա, որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ» (1 Թեսաղ. 5։4, 5)։ Ուստի եկեք մնանք լույսի մեջ, հեռու՝ Սատանայի աշխարհի խավարից։ Պետրոսը գրեց. «Սիրելինե՛ր, նախապես այս գիտությունն ունենալով, զգո՛ւյշ եղեք, որ նրանց [քրիստոնեական ժողովի կեղծ ուսուցիչների] հետ միասին չտարվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չընկնեք ձեր հաստատուն վիճակից» (2 Պետ. 3։17)։
14, 15. ա) Ինչպե՞ս է Եհովան պատվում մեզ։ բ) Աստվածաշնչյան ո՞ր խոսքերին պետք է լրջորեն վերաբերվենք։
14 Ուշադրություն դարձրու, որ Եհովան պարզապես չի ասում մեզ «զգո՛ւյշ եղեք» և սահմանափակվում դրանով։ Նա պատվում է մեզ՝ «նախապես գիտություն» տալով, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչ է լինելու ապագայում։
15 Ցավոք, սակայն, ոմանք լուրջ չեն վերաբերվում Աստծու Խոսքի նախազգուշացումներին և նույնիսկ արհամարհում են արթուն մնալու հիշեցումները։ «Դե նույն բանն ենք, էլի՜, տարիներով լսում»,— կարող են ասել նրանք։ Սակայն այդ անհատները պետք է հիշեն, որ այսպես արտահայտվելով՝ իրականում արհամարհում են Եհովային և իր Որդուն, ոչ թե միայն հավատարիմ ծառա դասակարգին։ Մինչդեռ Եհովան ասել է. «Սպասիր նորան» (Ամբ. 2։3)։ Հիսուսը նույնպես կոչ է արել. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր օրն է ձեր Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Իսկ Պետրոսն ավելացրել է. «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով և մտքում ամուր պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետ. 3։11, 12)։ Հավատարիմ ծառա դասակարգը և իր Կառավարիչ մարմինը երբեք անլրջորեն չեն վերաբերվի այս խոսքերին։
16. Ինչի՞ց պետք է խուսափենք և ինչո՞ւ։
16 Հիշենք՝ «չար ծառան» է եզրակացնում, թե Տերը ուշանում է (Մատթ. 24։48)։ Այդ ծառան 2 Պետրոս 3։3, 4 համարներում նկարագրված մարդկանց շարքում է դասվում։ «Վերջին օրերում,— գրում է Պետրոսը,— ծաղրողներ կգան, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն»՝ ծաղրելով նրանց, ովքեր հնազանդորեն իրենց մտքում Եհովայի օրը վառ են պահում։ Թագավորության շահերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ այդ ծաղրողները կենտրոնանում են իրենց և իրենց եսասիրական ցանկությունների վրա։ Թող երբե՛ք անհնազանդություն չդրսևորենք և թույլ չտանք, որ վտանգավոր մտածելակերպ զարգանա մեր մեջ։ Եկեք «Տիրոջ համբերությունը փրկություն համարենք»՝ զբաղված մնալով Թագավորության լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում, և շատ չմտահոգվենք իրադարձությունների կատարման ժամանակների մասին, որոնք Եհովայի՛ իշխանության տակ են (2 Պետ. 3։15; կարդա՛ Գործեր 1։6, 7)։
Ապավինիր փրկության Աստծուն
17. Ինչպե՞ս հավատարիմ քրիստոնյաները արձագանքեցին Երուսաղեմից փախչելու նախազգուշացմանը և ինչո՞ւ։
17 Այն բանից հետո, երբ մ.թ. 66 թ.–ին հռոմեական զորքերը ներխուժեցին Հրեաստան, հավատարիմ քրիստոնյաները, գործելով Հիսուսի նախազգուշացման համաձայն, փախան Երուսաղեմից առաջին իսկ հնարավորության դեպքում (Ղուկ. 21։20–23)։ Ինչո՞ւ այդ քրիստոնյաները արագ և վճռականորեն գործեցին. քանի որ իրենց մտքում վառ էին պահում Հիսուսի խոսքերը։ Անշուշտ, նրանք ակնկալում էին, որ այդ որոշումը դժվարությունների առաջ կկանգնեցնի իրենց, ինչպես Քրիստոսն էր նախազգուշացրել։ Միևնույն ժամանակ, սակայն, վստահ էին, որ Եհովան երբեք չի լքի իր հավատարիմ ծառաներին (Սաղ. 55։22)։
18. Ղուկաս 21։25–28 համարներում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են անդրադառնում մեծ նեղության վերաբերյալ ունեցած քո տեսակետի վրա։
18 Մենք նույնպես պետք է լիովին վստահենք Եհովային, քանի որ միայն նա կարող է փրկել մեզ, երբ ներկա համակարգը մտնի մարդկության պատմության ամենամեծ նեղության մեջ։ Մեծ նեղությունը սկսվելուց հետո, բայց մինչև այս աշխարհի վրա Եհովայի բերած դատաստանը, մարդիկ «ուշաթափ կլինեն վախից և այն բաների սպասումից, որ գալու են բնակեցված երկրի վրա»։ Սակայն մինչ Աստծու թշնամիները սարսափից կդողան, Եհովայի հավատարիմ ծառաները չեն վախենա։ Հակառակը՝ նրանք կցնծան, քանի որ իրենց ազատագրումը մոտ է (կարդա՛ Ղուկաս 21։25–28)։
19. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Իսկապես, հրաշալի ապագա է սպասում նրանց, ովքեր հեռու են մնում այս աշխարհից և նրա «տարրերից»։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, որ եթե ուզում ենք կյանք ստանալ, պետք է ոչ միայն հեռու մնանք չարից, այլև աստվածահաճո հատկություններ զարգացնենք և աստվածանվեր գործեր կատարենք (2 Պետ. 3։11)։
[Ծանոթագրություն]
a Ավելի շատ տեղեկություն ստանալու համար, թե ինչպես է դրսևորվում աշխարհի ոգին, տե՛ս «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը, էջ 135–139, ռուս. [էջ 389–393, անգլ.]։
Ինչպե՞ս կբացատրես
• Ի՞նչ են խորհրդանշում
ներկայիս «երկինքներն ու երկիրը»,
«տարրերը»,
«նոր երկինքն ու նոր երկիրը»։
• Ինչո՞ւ պետք է լիովին վստահենք Աստծուն։
[Նկար 5–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես քո «սիրտը պահէլ» և հեռու մնալ աշխարհից
[Նկար 6–րդ էջի վրա]
Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ «Տիրոջ համբերությունը փրկություն ենք համարում»