Քսաներորդ գլուխ
Մտքումդ վառ պահիր Եհովայի օրը
1. Ինչպիսի՞ զգացումներ ունեցար, երբ առաջին անգամ լսեցիր, որ մեզ այս չար համակարգի պատճառած ցավերից ազատագրում է սպասում։
ԱՌԱՋԻՆ բաներից մեկը, որ դու սովորել ես Աստվածաշնչից, հավանաբար եղել է այն, որ իմացել ես Եհովայի՝ երկիրը դրախտի վերածելու նպատակի մասին։ Այդ դրախտում այլևս չի լինի պատերազմ, ոճիր, աղքատություն, հիվանդություն, տառապանք ու մահ։ Նույնիսկ մահացածները հարություն կառնեն։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Այն, որ այդ ամենը շուտով իրականություն է դառնալու, երևում է այն բանից, որ Քրիստոսը, 1914 թ.–ից սկսած, կառավարում է որպես անտեսանելի Թագավոր, և որ այդ ժամանակից ի վեր ապրում ենք այս չար աշխարհի վերջին օրերում։ Երբ այս վերջին օրերը հասնեն իրենց ավարտին, Եհովան կոչնչացնի իրերի ներկա համակարգը և կառաջնորդի մեզ դեպի խոստացված նոր աշխարհ։
2. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Տիրոջ օրը»։
2 Աստվածաշնչում այդ գալիք կործանումը կոչվում է «Տիրոջ օր» (Բ Պետրոս 3։10)։ Դա «Տիրոջ բարկութեան օրն» է՝ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի դեմ (Զաքարիա 2։3)։ Այդ օրն իր կատարման գագաթնակետին կհասնի «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի[ն]...., որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում»։ Այդ պատերազմի ժամանակ «բովանդակ տիեզերքի թագաւորները» բնաջինջ կլինեն (Յայտնութիւն 16։14, 16)։ Իսկ դու քո ապրելակերպով ցույց տալի՞ս ես համոզվածությունդ այն բանի հանդեպ, որ «մօտ է Տիրոջ մեծ օրը» (Զաքարիա 1։14–18; Երեմիա 25։33)։
3. ա) Ե՞րբ է գալու Եհովայի օրը։ բ) Ինչո՞վ է օգտակար այն, որ Եհովան նախօրոք չի հայտնել այդ «օրուայ եւ ժամի» մասին։
3 Աստվածաշունչը չի հայտնում, թե կոնկրետ երբ կգա Հիսուս Քրիստոսը՝ որպես Սատանայի աշխարհի դեմ Եհովայի դատավճիռը Գործադրող։ «Այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը»,— ասաց Հիսուսը (Մարկոս 13։32)։ Այն մարդիկ, ովքեր Եհովայի հանդեպ անկեղծ սեր չեն տածում, իրենց մտքում կհետաձգեն այդ օրը և կտարվեն աշխարհային զբաղմունքներով։ Իսկ նրանք, ովքեր իսկապես սիրում են Եհովային, կծառայեն նրան ամբողջ հոգով՝ անկախ այն բանից, թե երբ կգա այս չար համակարգի վերջը (Սաղմոս 37։4; Ա Յովհաննէս 5։3)։
4. Ինչի՞ մասին զգուշացրեց Հիսուսը։
4 Հիսուսը հետևյալ նախազգուշացումը տվեց նրանց, ովքեր սիրում են Եհովային. «Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է» (Մարկոս 13։33–37)։ Նա մեզ խորհուրդ տվեց, որ ուտելով և խմելով կամ «ապրուստի հոգսերով» չտարվենք այն աստիճան, որ մոռանանք մեր ժամանակների լրջությունը (Ղուկաս 21։34–36; Մատթէոս 24։37–42)։
5. Պետրոսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ կբերի Եհովայի օրն իր հետ։
5 Պետրոսը նույնպես խորհուրդ է տալիս, որ մեր մտքում վառ պահենք «Տիրոջ գալստեան օր[ը]...., որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. եւ տարերքը կրակ ընկած կը հալուին»։ Բոլոր մարդկային կառավարությունները՝ «երկինքները», կոչնչացվեն։ Կոչնչացվի նաև «երկիրը»՝ մարդկային ողջ չար հասարակությունը, և նրա «տարերքը» (գրբ. «տարր»–ի հոգնակի)՝ այս չար աշխարհի գաղափարներն ու գործերը, որոնց թվում են՝ Աստծուց անկախ լինելը, նաև անբարո և նյութապաշտական կենսակերպը։ Սրանք բոլորը կփոխարինվեն «նոր երկնք[ով]»՝ Աստծո երկնային Թագավորությունով, և «նոր երկր[ով]»՝ երկրի վրա ապրող մարդկային նոր հասարակությունով, «որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։10–13)։ Աշխարհը ցնցող այս իրադարձությունները տեղի կունենան հանկարծակի, անսպասելի մի օր, մի ժամի (Մատթէոս 24։44)։
Ուշադրություն դարձրու նշանին
6. ա) Աշակերտների հարցին Հիսուսի պատասխանը որքանո՞վ էր վերաբերում հրեական համակարգի վերջին։ բ) Հիսուսի պատասխանի ո՞ր մասն էր վերաբերում 1914–ից սկսած ժամանակաշրջանի դեպքերին և մարդկանց վերաբերմունքին։
6 Նկատի ունենալով այն ժամանակները, որոնցում ապրում ենք այսօր՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջատեղյակ լինի վերջին օրերը՝ «աշխարհքիս վերջ[ը]» բնորոշող նշանի մանրամասներին։ Հիշիր, որ, ի պատասխան իր աշակերտների ուղղած հարցին (Մատթէոս 24։3), Հիսուսը տվեց նշանի մի քանի նկարագրություններ (4–22-րդ համարներ), որոնք փոքր մասշտաբով իրենց կատարումն ունեցան հրեական համակարգի օրոք՝ մ.թ. 33–70 թվականներին։ Սակայն այդ մարգարեության հիմնական կատարումը սկսվել է 1914 թ.–ից՝ այն շրջադարձային տարվանից, որը նշանավորեց Քրիստոսի «գալստեան եւ աշխարհքիս վերջի» ժամանակները։ Մատթէոս 24։23–28 համարներում կարդում ենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենար մ.թ. 70–ից մինչև Քրիստոսի ներկայության սկիզբը և դրանից հետո նրա ներկայության ողջ ընթացքում։ Իսկ Մատթէոս 24։29–25։46–ում նկարագրվող դեպքերի զարգացումը տեղի է ունենում վերջին օրերի ժամանակ։
7. ա) Ինչո՞ւ պետք է մենք անձամբ ուշադրություն դարձնենք, թե ներկայիս իրադարձություններն ինչպես են մատնանշում նշանի կատարումը։ բ) Պատասխանիր պարբերությանը հաջորդող հարցերին և բացատրիր, թե ինչպես է կատարվում նշանը՝ սկսած 1914 թ.–ից։
7 Մենք անձամբ պետք է ուշադրություն դարձնենք նշանի բաղկացուցիչ մասը կազմող դեպքերին և մարդկանց մտածելակերպին ու վարքին։ Այդ ամենի ու Աստվածաշնչի մարգարեության միջև զուգահեռ անցկացնելով՝ մենք մեր մտքում վառ կպահենք Եհովայի օրը։ Նաև կկարողանանք այդ օրվա մոտալուտ գալստյան մասին համոզվածությամբ զգուշացնել մարդկանց (Եսայիա 61։1, 2)։ Այս ամենն ի մտի ունենալով ՝ եկ քննարկենք ներքոհիշյալ հարցերը, որոնցում թվարկվում են Մատթէոս 24։7–ում և Ղուկաս 21։10, 11–ում արձանագրված նշանի բաղկացուցիչ մասերը։
Ինչպիսի՞ արտառոց կատարում է ունեցել «ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ» մարգարեությունը՝ 1914–ից ի վեր։ Ի՞նչ կարելի է ասել առ այսօր տեղի ունեցող պատերազմների մասին։
Ի՞նչ սոսկալի համաճարակ տարածվեց 1918 թ.–ին, որն իր հետ ավելի շատ կյանքեր տարավ, քան Առաջին համաշխարհային պատերազմը։ Չնայած բժշկության բնագավառում ձեռք բերված նվաճումներին՝ ի՞նչ հիվանդություններ կամ ախտեր կարող ես թվարկել, որոնք դեռևս միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլում։
Չնայած վերջին հարյուրամյակում կատարած գիտական առաջխաղացումներին՝ սննդամթերքի պակասը ի՞նչ բացասական ազդեցություն է թողել երկրի բնակչության վրա։
Ի՞նչն է քեզ վստահություն ներշնչում, որ Բ Տիմոթէոս 3։1–5 և 13 համարներում թվարկված հատկությունները երբևէ չեն դրսևորվել մարդկանց մեջ այն խորությամբ, ինչպես որ այսօր. մեր օրերում դրանք գնալով ավելի ուժգնորեն են դրսևորվում, քանի որ վերջին օրերը հասնում են իրենց վախճանին։
Մարդկանց բաժանումը
8. ա) Իրերի ներկա համակարգի ավարտի հետ առնչվող ուրիշ ի՞նչ իրադարձության մասին նշեց Հիսուսը՝ նկարագրված Մատթէոս 13։24–30, 36–43 համարներում։ բ) Բացատրիր Հիսուսի առակը։
8 Հիսուսը նշեց ուրիշ կարևոր մանրամասներ ևս, որոնք առնչվում են «աշխարհքիս վերջի» հետ։ Դրանցից մեկն այն է, որ «արքայութեան որդիք[ը]» պետք է զատվեն «չարի որդիք»–ից։ Այդ մասին Հիսուսը պատմեց իր՝ ցորենի արտի մասին առակում։ Առակում «ցորենը» ներկայացնում է ճշմարիտ օծյալ քրիստոնյաներին։ «Որոմները», որ թշնամին էր ցանել, նրանք են, ովքեր դավանում են քրիստոնյա լինել, բայց իրենց գործերով ցույց են տալիս, որ «չարի որդիք» են, քանի որ մասնակցում են Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհի գործերին։ Նրանք զատվում են «[Աստծո] արքայութեան որդիք[ից]» և դատապարտված են ոչնչացման (Մատթէոս 13։24–30, 36–43)։ Այս բաժանումն իրականում տեղի ունեցե՞լ է։
9. ա) Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրենց քրիստոնյա համարող մարդկանց ի՞նչ մեծ բաժանում տեղի ունեցավ։ բ) Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները ցույց տվել, որ իրենք են Թագավորության ճշմարիտ ծառաները։
9 Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ իրենց քրիստոնյա համարող մարդկանց բաժանումը երկու խմբի։ Առաջին խմբի մեջ մտավ քրիստոնյա աշխարհի հոգևորականությունն ու իր հետևորդները։ Նրանք աչքի են ընկել Ազգերի լիգային (այժմ՝ Միավորված ազգեր) ցույց տված մեծ աջակցությամբ և, միևնույն ժամանակ, իրենց ազգային նվիրվածությամբ։ Երկրորդ խումբը կազմում են ետպատերազմյան շրջանի ճշմարիտ քրիստոնյաները, որոնք անմնացորդ կերպով թիկունք են կանգնել Աստծո Մեսիական թագավորությանը և ոչ թե այս աշխարհի ազգերին (Յովհաննէս 17։16)։ Կատարելով «արքայութեան այս աւետարանը» աշխարհով մեկ քարոզելու գործը՝ նրանք հիրավի փաստել են, որ Աստծո Թագավորության ճշմարիտ ծառաներն են (Մատթէոս 24։14)։ Արդյո՞ւնքը։
10. Ո՞րն էր Թագավորության քարոզչության գործի առաջին պտուղը։
10 Նախ՝ տեղի ունեցավ Աստծո ոգով օծված քրիստոնյաների հավաքը, որոնք երկնային Թագավորության մեջ Քրիստոսի կողքին լինելու հույսն են փայփայում։ Չնայած նրանք ցրված էին ազգերի մեջ, բայց մի կազմակերպության մեջ միավորվեցին։ Այս օծյալների վրա «կնիք» դնելու գործը մոտենում է իր ավարտին (Յայտնութիւն 7։3, 4)։
11. Այսօր ի՞նչ հավաք է տեղի ունենում, և ո՞ր մարգարեության մեջ է այդ մասին խոսվում։
11 Ապա՝ Քրիստոսի ղեկավարության ներքո սկսեց հավաքվել «մի շատ ժողովուրդ .... ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»։ Այդ ժողովուրդը, կամ՝ մեծ բազմությունը, «ուրիշ ոչխարների» մի մասն է կազմում և պետք է վերապրի «մեծ նեղութիւնից»՝ Աստծո նոր աշխարհում բնակվելու համար (Յայտնութիւն 7։9, 14; Յովհաննէս 10։16)։ Աստծո Թագավորության քարոզչության գործը շարունակվում է մինչև օրս և դեռ կշարունակվի մինչ վախճանի վրա հասնելը։ Հարկ է նշել, որ այսօր այլ ոչխարների մասը կազմող մեծ բազմության թիվը միլիոնների է հասնում։ Նրա անդամներն անձնվիրաբար օգնում են օծյալ մնացորդին Թագավորության կենսատու պատգամը հռչակելու գործում։ Այս հրաշալի լուրը բոլոր ազգերին է քարոզվում։
Ի՞նչ է սպասվում
12. Դեռ որքա՞ն պետք է շարունակվի քարոզչական գործը մինչև վախճանի վրա հասնելը։
12 Վերը հիշատակված նշանները ցույց են տալիս, որ վերջին օրերի ավարտը մոտ է, իսկ դա նշանակում է, որ մոտ է նաև Եհովայի օրը։ Արդյոք կա՞ն ուրիշ մարգարեություններ, որոնք ևս պետք է կատարվեն այդ վախազդու օրը սկսվելուց առաջ։ Այո՛։ Օրինակ՝ դեռևս չի ավարտվել մարդկանց հավաքը՝ կապված Թագավորության հետ։ Որոշ երկրներում, որտեղ Աստծո ծառաները տարիներ շարունակ մեծ հակառակության են հանդիպել, այժմ նոր քարոզիչների մեծ աճ է նկատվում։ Նույնիսկ եթե մարդիկ մերժում են բարի լուրը, Եհովան ողորմածություն է ցույց տալիս՝ թույլ տալով, որ վկայության գործը դեռ շարունակվի։ Ուրեմն՝ օ՛ն առաջ։ Հիսուսը մեզ հավաստիացնում է, որ երբ այդ գործն իր ավարտին հասնի, կգա վերջը։
13. Ինչպես կարդում ենք Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 3–ում, ուշադրության արժանի ի՞նչ իրադարձություն դեռ պետք է տեղի ունենա, և դա ի՞նչ է նշանակելու մեզ համար։
13 Ահա թե ինչ է ասվում Աստվածաշնչի մեկ այլ կարևոր մարգարեության մեջ. «Երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չենք պրծնիլ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 3)։ Թե ինչպես է հռչակվելու այդ «խաղաղութիւն եւ ապահովութիւն[ը]», ցույց կտա ապագան։ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ իրականում աշխարհի կառավարիչներին կհաջողվի լուծել մարդկության պրոբլեմները։ Այն մարդիկ, ովքեր իրենց մտքում վառ են պահում Եհովայի օրը, տեսնելով այդ մարգարեական խոսքերի կատարումը, չեն խաբվի։ Նրանք գիտեն, որ դրանից ամիջապես հետո հանկարծակիորեն վրա կհասնի կործանումը։
14. Ի՞նչ իրադարձություններ տեղի կունենան մեծ նեղության ժամանակ և ի՞նչ հերթականությամբ։
14 Մեծ նեղությունը սկսվելուն պես աշխարհի կառավարիչները դուրս կգան Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության դեմ և բնաջինջ կանեն նրան (Մատթէոս 24։21; Յայտնութիւն 17։15, 16)։ Դրանից հետո ազգերը հարձակում կգործեն Եհովայի գերիշխանությունը պաշտպանողների վրա, ինչը կբորբոքի Եհովայի բարկությունը՝ ընդդեմ քաղաքական իշխանությունների և նրանց աջակիցների. արդյունքում՝ նրանք բոլորը կոչնչացվեն։ Դա էլ հենց կլինի Արմագեդոն պատերազմը՝ մեծ նեղության գագաթնակետը։ Այդ ահեղ պատերազմից հետո Սատանան ու իր դևերը անդունդը կգցվեն և այլևս չեն կարողանա մարդկանց վրա ազդեցություն բանեցնել։ Դա էլ հենց կազդարարի Եհովայի օրվա ավարտը, և կսրբացվի նրա անունը (Եզեկիէլ 38։18, 22, 23; Յայտնութիւն 19։11–20։3)։
15. Ինչո՞ւ խելամիտ չէ կարծել, թե Եհովայի օրը դեռ շատ հեռու է։
15 Իրերի ներկա համակարգի վերջը կգա ճիշտ ժամին՝ Եհովայի սահմանած ժամանակին։ Այդ օրվա գալը չի ուշանա (Ամբակում 2։3)։ Հիշիր, որ մ.թ. 70–ին Երուսաղեմը կործանվեց շատ արագ, երբ հրեաները բոլորովին չէին սպասում և կարծում էին, թե վտանգ չկա։ Իսկ հին Բաբելո՞նը։ Այն հզոր էր, «ինքնագոհ» ու բարձր պարիսպներով շրջապատված։ Բայց ընկավ մի գիշերվա ընթացքում։ Ներկա չար համակարգի վերջն էլ վրա կհասնի հանկարծակի։ Եվ այդ վերջը գալու ժամանակ թող որ միավորված լինենք ճշմարիտ երկրպագության մեջ և մեր մտքում վառ պահենք Եհովայի օրը...
Կրկնենք թեման
• Ինչո՞ւ պետք է մեր մտքում վառ պահենք Եհովայի օրը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
• Ի՞նչ առնչություն ունի մեզ հետ մարդկանց հավաքը, որը տեղի է ունենում մեր օրերում։
• Ի՞նչ իրադարձություններ դեռ պետք է տեղի ունենան Եհովայի օրը գալուց առաջ։ Ուստի՝ ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը։
[Նկար 180–րդ էջի վրա]
Շուտով իրենց ավարտին կհասնեն վերջին օրերը, և Սատանայի իշխանության ներքո գտնվող այս չար համակարգը կկործանվի