Մեկ ճշմարիտ քրիստոնեական հավատը իրականություն
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ միայն մի եկեղեցի, կամ՝ ժողով հիմնեց։ Այդ ժողովը իրենից հոգևոր մարմին՝ հոգևոր ընտանիք էր ներկայացնում, այսինքն՝ Աստծո սուրբ ոգու կողմից ընտրված մարդկանց հավաքույթ, և Աստված նրանց բոլորին ընդունում էր որպես իր ‘որդիների’ (Հռովմայեցիս 8։16, 17; Գաղատացիս 3։26)։
Հիսուսը սովորեցրեց, որ միայն մի ձև կա, որն Աստված օգտագործում է մարդկանց ճշմարտության և կյանքի առաջնորդելու համար։ Այս կարևոր ճշմարտությունը պատկերելու համար Հիսուսը հավիտենական կյանքի ճանապարհը համեմատեց ուղու հետ։ Նա ասաց. «Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները» (Մատթէոս 7։13, 14; Յովհաննէս 14։6; Գործք 4։11, 12)։
Միավորված ժողով
Մի աստվածաբանական բառարանում ասվում է, որ հիմք չկա կարծելու, թե առաջին դարի ժողովը եղել է «համաշխարհային, համընդհանուր կազմակերպված հանրություն, ինչպես որ մեր օրերում կարելի է ասել կաթոլիկ եկեղեցու մասին» («The New Dictionary of Theology»)։ Ինչո՞ւ։ «Այն պարզ պատճառով, որ հազիվ թե գոյություն է ունեցել այդպիսի կազմակերպված, համաշխարհային հանրություն»։
Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ վաղ քրիստոնեական ժողովը ոչ մի նմանություն չի ունեցել ներկայումս գոյություն ունեցող եկեղեցիներին հատուկ համակարգերի հետ։ Բայց այն կազմակերպված է եղել։ Ժողովները մեկը մյուսից անկախ չեն գործել։ Նրանք բոլորն էլ ընդունում էին Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնի ղեկավարությունը։ Այդ մարմինը, որը կազմված էր Երուսաղեմի ժողովի առաքյալներից ու երեցներից, օգնում էր պահպանել ժողովի՝ որպես Քրիստոսի ‘մեկ մարմնի’ միասնությունը (Եփեսացիս 4։4, 11–16; Գործք 15։22–31; 16։4, 5)։
Ի՞նչ պատահեց այդ մեկ ճշմարիտ ժողովին։ Արդյո՞ք այն փոխակերպվեց հզոր կաթոլիկ եկեղեցու։ Վերածվե՞ց այն մասնատված բողոքական եկեղեցու, որ այսօր տեսնում ենք։ Թե՞ մեկ այլ բան պատահեց նրան։
«Ցորենն» ու «որոմները»
Պատասխանը գտնելու համար եկեք ուշադրությամբ քննենք Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ կապված այն բանի հետ, թե ինչ էր պատահելու։ Երևի կզարմանաք՝ իմանալով, որ Հիսուս Քրիստոսը սպասում էր, որ իր ժողովը կանհայտանար տեսադաշտից, և նա թույլ էր տալու, որ այդ տխուր իրավիճակը դարեր շարունակվեր։
Ընդհանուր կապ ստեղծելով իր ժողովի և ‘երկնքի արքայության’ միջև՝ նա ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց։ Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։ Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։ Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չ’սերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։ Նա էլ ասեց, Ոչ. մի գուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք։ Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կ’ասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ» (Մատթէոս 13։24–30)։
Հիսուսը բացատրեց, որ «սերմ ցանողը» ինքն էր։ «Բարի սերմը» ներկայացնում էր իր ճշմարիտ աշակերտներին։ Նրա «թշնամին» Բանսարկու Սատանան էր։ «Որոմները» կեղծ քրիստոնյաներն էին, որոնք վաղ քրիստոնեական ժողով սողոսկեցին։ Հիսուսն ասաց, որ թույլ կտա, որ «ցորենն» ու «որոմները» միասին աճեն մինչև «հունձքը», որը լինելու էր ‘աշխարհի վերջում’ (Մատթէոս 13։37–43)։ Ի՞նչ էր նշանակում այս ամենը։
Քրիստոնեական ժողովը ապականվում է
Առաքյալների մահից քիչ անց ժողովի հենց ներսում եղող հավատուրաց ուսուցիչները սկսեցին իշխել ժողովի վրա։ Նրանք ‘ծուռ բաներ էին խոսում, որ աշակերտներին իրենց ետևից քաշեն’ (Գործք 20։29, 30)։ Հետևանքը եղավ այն, որ շատ քրիստոնյաներ ‘հավատքիցը հեռացան’։ Նրանք ‘առասպելների ետևից մոլորվեցին’ (Ա Տիմոթէոս 4։1–3; Բ Տիմոթէոս 4։3, 4)։
Վերոհիշյալ աշխատության մեջ նաև ասվում է, որ արդեն մ.թ. չորրորդ դարում «Կաթոլիկ քրիստոնեությունը դարձել էր Հռոմեական կայսրության պետական.... կրոնը»։ Տեղի ունեցավ «եկեղեցական ու քաղաքացիական հասարակության միավորում»՝ եկեղեցու և պետության միաձուլում, որն ամբողջովին հակասում էր վաղ քրիստոնյաների հավատալիքներին (Յովհաննէս 17։16; Յակոբոս 4։4)։ Միևնույն աղբյուրը հաստատում է, որ ժամանակի ընթացքում եկեղեցու ամբողջ կառուցվածքը և էությունը, ինչպես նաև նրա հիմնական հավատալիքներից շատերը, ամբողջովին փոխվեցին «Հ[ին] Կ[տակարանի] և նեոպլատոնական մոդելների հիմնովին անառողջ և տարօրինակ միացության ազդեցության ներքո»։ Ինչպես և կանխագուշակել էր Հիսուս Քրիստոսը, նրա ճշմարիտ աշակերտները տեսադաշտից անհայտացան, մինչդեռ կեղծ քրիստոնյաները սկսեցին ծաղկել։
Հիսուսի ունկնդիրները գիտեին, թե որքան դժվար էր տարբերել իսկական ցորենը որոմներից, ինչպես օրինակ՝ թունավոր հարբեցնող որոմը, որի տեսքը աճման ժամանակ ցորենի տեսքին շատ նման է։ Այսպիսով Հիսուսը ցույց տվեց, որ որոշ ժամանակ դժվար կլիներ ճշմարիտ քրիստոնյաներին կեղծ քրիստոնյաների բազմությունից տարբերելը։ Սա չի նշանակում, որ քրիստոնեական ժողովը դադարեց գոյություն ունենալուց, քանի որ Հիսուսը խոստացել էր առաջնորդել իր հոգևոր եղբայրներին «ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։20)։ Հիսուսն ասաց, որ ցորենը շարունակելու էր աճել։ Դարերի ընթացքում ճշմարիտ քրիստոնյաները՝ անհատապես թե խմբովի, անկասկած ամեն կերպ աշխատել են կառչած մնալ Քրիստոսի ուսուցումներին։ Բայց նրանք այլևս չեն եղել հեշտությամբ ճանաչվող տեսանելի մարմին, կամ՝ կազմակերպություն։ Անշուշտ, նրանք նման չեն եղել այն տեսանելի հավատուրաց կրոնական համակարգին, որը պատմության ընթացքում միայն անարգանք ու անպատվություն է բերել Հիսուս Քրիստոսի անվանը (Բ Պետրոս 2։1, 2)։
«Հայտնվում է անօրենության մարդը»
Պողոս առաքյալը մեկ ուրիշ բան նախագուշակեց, որը բնորոշելու էր այդ կեղծ կրոնական համակարգը։ Նա գրեց. «Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. որովհետեւ նա [Եհովայի օրը] չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին» (Բ Թեսաղոնիկեցիս 2։2–4)։ Այս «անօրէնութեան մարդը» իրականում հոգևորական դասն է, որն ինքն իրեն բարձրացրել ու ղեկավար է դրել «քրիստոնեական» ժողովի վրա։a
Հավատուրացությունը սկիզբ առավ Պողոս առաքյալի օրերում։ Այն մեծ թափ առավ, երբ առաքյալները մահացան և նրանց պահպանիչ ազդեցությունը անհետացավ։ Պողոսն ասաց, որ այն նշանավորվելու էր ‘Սատանայի ներգործությամբ, ամեն զորությունով և սուտ նշաններով և հրաշքներով’ (Բ Թեսաղոնիկեցիս 2։6–11)։ Որքա՜ն ճշգրտորեն է սա նկարագրում պատմության ընթացքում բազմաթիվ կրոնական առաջնորդների կատարած գործերը։
Որպեսզի պաշտպանեն իրենց այն պնդումը, թե Հռոմի կաթոլիկ եկեղեցին միակ ճշմարիտ կրոնն է, կաթոլիկ կրոնական առաջնորդներն ասում են, որ իրենց եպիսկոպոսները «առաջին առաքյալների հետ կենսատու կապ ունեն, քանի որ հենց սկզբից իրենք են եղել նրանց հետևորդները»։ Իրականում, առաքյալների հետևորդներ լինելու այս պնդումը ոչ մի պատմական կամ սուրբգրային հիմք չունի։ Ոչ մի արժանահավատ ապացույց չկա, որ եկեղեցական համակարգը, որն առաջացավ Հիսուսի առաքյալների մահից հետո, երբևէ առաջնորդվել է Աստծո սուրբ ոգով (Հռովմայեցիս 8։9; Գաղատացիս 5։19–21)։
Ի՞նչ կարելի է ասել այլ կրոնների մասին, որ արագորեն առաջացան, այսպես կոչված, Ռեֆորմացիայից հետո։ Արդյո՞ք նրանք վերադարձան վաղ քրիստոնեական ժողովի օրինակին։ Վերականգնեցի՞ն սկզբում գոյություն ունեցած քրիստոնեական ժողովի մաքրությունը։ Ճիշտ է, Ռեֆորմացիայից հետո Աստվածաշունչը մատչելի եղավ բազմաթիվ հասարակ մարդկանց իրենց մայրենի լեզվով։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ այս եկեղեցիները շարունակում էին սխալ ուսմունքներ սովորեցնել (Մատթէոս 15։7–9)։b
Սակայն նկատի առեք հետևյալը։ Հիսուս Քրիստոսը հստակորեն կանխագուշակեց, որ իր մեկ ճշմարիտ ժողովը վերականգնվելու էր մի ժամանակում, որը նա կոչեց իրերի այս համակարգի ավարտ (Մատթէոս 13։30, 39)։ Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ մենք այժմ ապրում ենք այդ ժամանակահատվածում (Մատթէոս 24։3–35)։ Քանի որ սա ճշմարտություն է, մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի ինքն իրեն հարցնելու. «Ո՞ւր է այդ մեկ ճշմարիտ կրոնը»։ Այն պետք է որ ավելի ու ավելի հստակ բնորոշելի լինի։
Գուցե մտածում եք, որ արդեն գտել եք այդ կրոնը, կամ՝ ժողովը։ Կարևոր է, որ համոզվեք դրանում։ Ինչո՞ւ։ Որովհետև, ինչպես որ առաջին դարում էր, այսօր էլ միայն մեկ ճշմարիտ եկեղեցի կարող է լինել։ Ժամանակ հատկացրե՞լ եք համոզվելու համար, որ ձեր եկեղեցին ճշգրտորեն հետևում է առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակին, և արդյո՞ք այն հավատարմորեն կառչած է մնում Հիսուս Քրիստոսի ուսուցումներին։ Ինչո՞ւ չքննեք դա այժմ։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ այդ հարցում (Գործք 17։11)։
[ծանոթագրություններ]
a ‘Անօրենության մարդու’ ինքնության մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել 1990 թ. փետրվարի 1–ի «Դիտարան» պարբերագրում, էջ 10–14, ռուս.։
b Տե՛ս «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը, էջ 306–328, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Ցորենի ու որոմների մասին Հիսուսի պատմած առակը ի՞նչ է մեզ սովորեցնում ճշմարիտ ժողովի մասին
[նկարներ 7–րդ էջի վրա]
Ձեր եկեղեցին հետևո՞ւմ է քարոզելու և ուսուցանելու մեջ առաջին դարի քրիստոնյաների թողած օրինակին