Քրիստոնյա՛ ընտանիքներ, «արթո՛ւն մնացեք»
«Թող որ.... արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը» (1 ԹԵՍԱՂ. 5։6)։
1, 2. Որպեսզի ընտանիքը կարողանա արթուն մնալ, ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր անդամ։
«ԵՀՈՎԱՅԻ մեծ ու ահազդու օրվա» մասին խոսելով՝ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի քրիստոնյաներին գրեց. «Դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա, որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Մենք ո՛չ գիշերվան ենք պատկանում, ո՛չ էլ խավարին»։ Այնուհետև ավելացրեց. «Ուրեմն թող որ չքնենք ուրիշների պես, այլ արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը» (Հովել 2։31; 1 Թեսաղ. 5։4–6)։
2 Թեսաղոնիկեցիներին տված Պողոսի հորդորը հատկապես վերաբերում է այսօր՝ վերջին օրերում ապրող քրիստոնյաներին (Դան. 12։4)։ Մինչ մոտենում է Սատանայի չար աշխարհի վերջը, նա փորձում է որքան հնարավոր է շատերին հեռացնել ճշմարիտ Աստծուն ծառայելուց։ Ուստի իմաստուն կլինենք, եթե հետևենք Պողոսի հորդորին և հոգևորապես արթուն մնանք։ Որպեսզի քրիստոնյա ընտանիքը կարողանա արթուն մնալ, անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրը կատարի ընտանիքում ունեցած իր սուրբգրային պարտականությունը։ Իսկ որո՞նք են ամուսնու, կնոջ և երեխայի պարտականությունները։
Ամուսիննե՛ր, ընդօրինակեք «բարի հովվին»
3. Համաձայն 1 Տիմոթեոս 5։8-րդ խոսքի՝ ի՞նչ է մտնում ընտանիքի գլխի պարտականության մեջ։
3 «Կնոջ գլուխը տղամարդն է»,— ասում է Աստվածաշունչը (1 Կորնթ. 11։3)։ Ի՞նչ է մտնում ընտանիքի գլխի պարտականության մեջ։ Աստծու Խոսքն ասում է. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթ. 5։8)։ Ինչ խոսք, տղամարդը պետք է հոգա ընտանիքի նյութական կարիքները։ Սակայն որպեսզի օգնի իր ընտանիքին հոգևորապես արթուն մնալու, նա գումար վաստակելուց ավելին պետք է անի։ Նա պետք է հոգևորապես «կառուցի» իր տունը՝ օգնելով, որ ընտանիքի բոլոր անդամները ամրացնեն իրենց փոխհարաբերությունները Աստծու հետ (Առակ. 24։3, 4)։ Իսկ ինչպե՞ս կարող է դա անել։
4. Ի՞նչը կարող է օգնել ընտանիքի գլխին, որ հոգևոր առումով կառուցի իր տունը։
4 Քանի որ «ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է», ամուսնացած տղամարդը պետք է ուսումնասիրի, թե ինչպիսի գլուխ է Հիսուսը ժողովի համար, և ընդօրինակի նրան (Եփես. 5։23)։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչպիսի փոխհարաբերություններ ուներ իր հետևորդների հետ (կարդա՛ Հովհաննես 10։14, 15)։ Ուրեմն ի՞նչը կարող է հաջողության գրավական լինել այն մարդու համար, ով ուզում է հոգևոր առումով կառուցել իր տունը։ Գաղտնիքը հետևյալն է. ուսումնասիրել, թե ինչ ասաց ու արեց Հիսուսը՝ «բարի հովիվը», և «սերտորեն նրա հետքերին հետևել» (1 Պետ. 2։21)։
5. Բարի Հովիվը որքանո՞վ է ճանաչում ժողովին։
5 Հովվի և ոչխարների միջև փոխհարաբերությունները հիմնված են իրար ճանաչելու և վստահելու վրա։ Հովիվը լավ գիտի իր ոչխարներին, և ոչխարներն էլ լավ գիտեն իրենց հովվին ու վստահում են նրան։ Նրանք ճանաչում են նրա ձայնը ու հնազանդվում են նրան։ «Ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում»,— ասաց Հիսուսը։ «Ճանաչել» թարգմանված հունարեն բառը նշանակում է «անձամբ, մոտիկից ճանաչել»։ Բարի Հովիվը ոչ թե պարզապես ծանոթ է ժողովին, այլև անձամբ է ճանաչում իր «ոչխարներին»։ Նա գիտի յուրաքանչյուրի կարիքները, գիտի նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Նրա աչքից ոչինչ չի վրիպում։ Ոչխարներն էլ շատ լավ են ճանաչում իրենց հովվին ու վստահում են նրա առաջնորդությանը։
6. Ինչպե՞ս կարող են ամուսինները ընդօրինակել Բարի Հովվին։
6 Գլխավորության հարցում Հիսուսին ընդօրինակելու համար ամուսինը պետք է սովորի իր ընտանիքի անդամների համար լինել իր գառնուկներին սիրող հովվի պես։ Նա պետք է ձգտի լավ ճանաչել յուրաքանչյուրին։ Դա նրան կհաջողվի, եթե հաղորդակցվի նրանց հետ, լսի նրանց մտահոգությունները, առաջնորդություն վերցնի ընտանեկան գործերում և ճիշտ որոշումներ կայացնի այնպիսի հարցերի առնչությամբ, ինչպիսիք են՝ ընտանեկան երկրպագությունը, ժողովների հանդիպումները, քարոզչական ծառայությունը, հանգիստը և ժամանցը։ Եթե քրիստոնյա ամուսինը ոչ միայն քաջածանոթ է Աստծու Խոսքին, այլև լավ է ճանաչում իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ապա նրանք կվստահեն նրան որպես գլխի, և ինքն էլ ուրախ կլինի՝ տեսնելով իր ընտանիքին ճշմարիտ երկրպագության մեջ միավորված։
7, 8. Ինչպե՞ս կարող է ընտանիքի գլուխը ընդօրինակել Բարի Հովվին։
7 Լավ հովիվը նաև սիրում է իր ոչխարներին։ Երբ Ավետարաններում ուսումնասիրում ենք Հիսուսի կյանքն ու ծառայությունը, մեր աչքից աննկատ չեն մնում այն ջերմ զգացմունքները, որ Հիսուսը տածում էր իր աշակերտների հանդեպ։ Նա այնքան էր սիրում նրանց, որ նույնիսկ «իր հոգին տվեց» նրանց համար։ Ամուսինները պետք է ընդօրինակեն Հիսուսին և սիրեն իրենց հոգածության տակ եղողներին։ Աստծու հավանությունը փնտրող ամուսինը կոպիտ կերպով չի բանեցնի իր իշխանությունը կնոջ վրա, այլ կշարունակի սիրել նրան այնպես, ինչպես որ «Քրիստոսը սիրեց ժողովը» (Եփես. 5։25)։ Կնոջ հետ խոսելիս նա կլինի բարյացակամ ու նրբանկատ, քանի որ կինը արժանի է պատվի (1 Պետ. 3։7)։
8 Երեխաներին կրթելիս ընտանիքի գլուխը պետք է ամուր կառչած լինի Աստվածաշնչի սկզբունքներին։ Այնուհանդերձ, նա չպետք է թերանա նրանց հանդեպ ջերմ զգացմունքներ արտահայտելու մեջ։ Անհրաժեշտ խրատը պետք է տրվի սիրառատ կերպով։ Որոշ երեխաներ գուցե անմիջապես չհասկանան, թե ծնողները իրենցից ինչ են ակնկալում։ Ուստի դաստիարակելիս հայրը պետք է ավելի համբերատար լինի։ Եթե տան գլուխը ամեն ժամանակ հետևում է Հիսուսի օրինակին, ապա տունը ապահով և հանգստավետ վայր է դառնում։ Ընտանիքի անդամները հոգևորապես զգում են իրենց այնպես, ինչպես սաղմոսերգուն էր նկարագրում իր երգում (կարդա՛ Սաղմոս 23։1–6)։
9. Նոյի պես՝ քրիստոնյա ամուսինները ի՞նչ պատասխանատվություն են կրում, և ի՞նչը կօգնի նրանց։
9 Ընտանիքների գլուխների համար լավ օրինակ է նաև Նոյ նահապետը։ Նրա ժամանակներում աշխարհը կանգնած էր կործանման եզրին։ Բայց Եհովան Նոյին «յոթ հոգու հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց» (2 Պետ. 2։5)։ Նոյի պատասխանատվությունն էր օգնել իր ընտանիքի անդամներին փրկվելու Ջրհեղեղից։ Քրիստոնյա ընտանիքների գլուխները նույն պատասխանատվությունն ունեն այս վերջին օրերում (Մատթ. 24։37)։ Որքա՜ն կարևոր է, որ նրանք քննեն «բարի հովվի» օրինակը և ձգտեն ընդօրինակել նրան։
Կանա՛յք, «կառուցեք» ձեր տունը
10. Կնոջ համար ի՞նչ է նշանակում հնազանդ լինել ամուսնուն։
10 «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը»,— գրեց Պողոս առաքյալը (Եփես. 5։22)։ Այս խոսքերը չեն նվաստացնում կնոջ դերը։ Երբ Աստված ստեղծեց առաջին կնոջը՝ Եվային, այսպիսի խոսքեր ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծննդ. 2։18)։ «Օգնական» և «լրացում» լինելու դերը, այսինքն՝ ամուսնուն իր ընտանեկան պատասխանատվությունները կատարելու հարցում աջակցելը, կնոջ համար, ինչ խոսք, մեծ պատիվ է։
11. Ինչպե՞ս է օրինակելի կինը «կառուցում» իր տունը։
11 Օրինակելի կինը ամեն բան իր ընտանիքի օգտի համար է անում (կարդա՛ Առակներ 14։1)։ Ի տարբերություն անմիտ կնոջ, որը անհարգալից վերաբերմունք է դրսևորում գլխավորության սկզբունքի հանդեպ՝ իմաստուն կինը խորապես հարգում է այն։ Անհնազանդության և անկախության ոգի ունենալու փոխարեն, ինչը բնորոշ է աշխարհին՝ նա ենթարկվում է իր ամուսնուն (Եփես. 2։2)։ Անմիտ կինը չի վարանում ամուսնու մասին բացասաբար արտահայտվել ուրիշների մոտ, մինչդեռ իմաստուն կինը ամեն բան անում է, որ թե՛ երեխաները և թե՛ ուրիշները ավելի շատ հարգեն իր ամուսնուն։ Այսպիսի կինը զգույշ է, որ չնսեմացնի ամուսնու գլխավորությունը՝ անընդհատ նրան քննադատելով և նրա հետ վիճելով։ Հարկավոր է նաև, որ կինը տնտեսող լինի։ Անմիտ կինը վատնում է իր ընտանիքի՝ դժվարությամբ ձեռք բերած միջոցները։ Սակայն աջակցող կինը այդպես չի վարվում։ Նա ֆինանսական հարցերում համագործակցում է ամուսնու հետ, խելամտորեն և խնայողաբար է օգտագործում ընտանիքի միջոցները։ Նա չի ստիպում ամուսնուն լրացուցիչ աշխատանք կատարել ավելի շատ գումար վաստակելու համար։
12. Ի՞նչ կարող է անել կինը, որպեսզի ընտանիքը «արթուն մնա»։
12 Օրինակելի կինը օգնում է ընտանիքին «արթուն մնալու»՝ աջակցելով ամուսնուն երեխաներին հոգևոր կրթություն տալու գործում (Առակ. 1։8)։ Նա ամեն կերպ նպաստում է ընտանեկան երկրպագության անցկացմանը։ Նաև թիկունք է կանգնում ամուսնուն, երբ վերջինս խրատում է երեխաներին և խորհուրդ տալիս։ Այսպիսի կինը շատ է տարբերվում «հիմար կնոջից», որը չի համագործակցում ամուսնու հետ, ինչի հետևանքով նրանց երեխաները տուժում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես։
13. Ինչո՞ւ է կարևոր, որ կինը աջակցի ամուսնուն, որը ներգրավված է աստվածապետական գործերում։
13 Ի՞նչ է զգում ամուսնուն աջակցող կինը, երբ տեսնում է, որ ամուսինը ակտիվորեն մասնակցում է ժողովի գործերին։ Անշուշտ նա ուրախանում է։ Անկախ այն բանից՝ ամուսինը ծառայող օգնական է, թե երեց, կամ գուցե Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ է կամ էլ Թագավորության սրահի շահագործման կոմիտեի անդամ, նա երջանիկ է, որ ամուսինն այդպիսի առանձնաշնորհում ունի։ Ինչ խոսք, իր ամուսնուն խոսքով և գործով աջակցելու համար կինը երբեմն որոշ զոհողությունների է գնում։ Սակայն նա գիտակցում է, որ երբ ամուսինը ներգրավված է աստվածապետական գործերում, դա նպաստում է, որ ողջ ընտանիքը հոգևորապես արթուն մնա։
14. ա) Ե՞րբ կարող է դժվար լինել կնոջ համար, և ինչպե՞ս պետք է նա վարվի նման դեպքում։ բ) Ինչպե՞ս է կինը նպաստում ողջ ընտանիքի բարօրությանը։
14 Աջակցելու հարցում օրինակելի կին լինելը կարող է դժվար լինել, երբ ամուսինը այնպիսի որոշումներ է կայացնում, որոնց հետ կինը համաձայն չէ։ Նույնիսկ այդ դեպքերում նման կինը «հանդարտ ու մեղմ ոգի» է դրսևորում և համագործակցում է նրա հետ այդ որոշումն իրականացնելիս (1 Պետ. 3։4)։ Լավ կինը նաև ջանում է հետևել անցյալում ապրած աստվածավախ կանանց օրինակներին, ինչպիսիք են՝ Սառան, Հռութը, Աբիգեան և Հիսուսի մայր Մարիամը (1 Պետ. 3։5, 6)։ Նա նաև ընդօրինակում է մերօրյա տարեց կանանց, որոնք «ակնածանքով լի վարմունք ունեն» (Տիտոս 2։3, 4)։ Սեր ու հարգանք դրսևորելով ամուսնու հանդեպ՝ օրինակելի կինը նպաստում է իրենց ամուսնական ամուր միությանը և ամբողջ ընտանիքի բարօրությանը։ Նրա տունը ապահով ու հանգստավետ վայր է։ Հոգևոր մարդու համար աջակցող կինը անգին պարգև է (Առակ. 18։22)։
Երեխանե՛ր, ձեր աչքերը հառած պահեք չերևացող բաների վրա
15. Ինչպե՞ս կարող են երեխաները համագործակցել ծնողների հետ, որպեսզի ընտանիքը «արթուն մնա»։
15 Ինչպե՞ս կարող եք դուք, երեխանե՛ր, համագործակցել ձեր ծնողների հետ, որպեսզի ձեր ընտանիքը հոգևորապես «արթուն մնա»։ Թող որ միշտ ձեր աչքի առաջ լինի այն մրցանակը, որով Եհովան պարգևատրելու է ձեզ։ Հավանաբար փոքրուց ձեր ծնողները ձեզ ցույց են տվել այնպիսի նկարներ, որոնց մեջ պատկերված է դրախտը։ Ձեր մեծանալուն զուգընթաց նրանք Աստվածաշնչի և մյուս հրատարակությունների միջոցով օգնել են ձեզ պատկերացնելու, թե ինչպիսին է լինելու անվերջ կյանքը նոր աշխարհում։ Ձեր աչքերը հառած պահելով Եհովային ծառայելու վրա և ձեր նպատակները համապատասխանեցնելով նրա կամքին՝ դուք կկարողանաք «արթուն մնալ»։
16, 17. Ի՞նչ կարող են անել երեխաները կյանքի մրցավազքում հաղթելու համար։
16 Լրջորեն հետևիր Պողոս առաքյալի խորհրդին, որ գրված է 1 Կորնթացիներ 9։24 համարում (կարդա՛)։ Կյանքի մրցավազքը վազիր հաղթելու անխախտ նպատակով։ Այնպիսի ուղի ընտրիր, որը կտանի քեզ դեպի հավիտենական կյանքի մրցանակը։ Ցավոք, շատերը թույլ են տվել, որ նյութական բաներ ձեռք բերելու ցանկությունը հեռացնի իրենց աչքերը այդ մրցանակից։ Որքա՜ն անմտորեն են վարվել նրանք։ Կյանքի այնպիսի ուղին, որը հարստության է տանում, իսկական երջանկություն չի պարգևում։ Այն ամենը, ինչ հնարավոր է փողով գնել, ժամանակավոր է։ Ուրեմն աչքերդ հառած պահիր չերևացող բաներին, որովհետև «չերևացողները հավիտենական» են (2 Կորնթ. 4։18)։
17 «Չերևացող» բաների մեջ մտնում են Թագավորության օրհնությունները։ Ուստի այնպես ծրագրիր կյանքդ, որ արժանանաս դրանց։ Իսկական երջանկություն պարգևում են Եհովայի ծառայության մեջ անցկացրած տարիները։ Ճշմարիտ Աստծուն ծառայելու համար կարող ես այնպիսի նպատակներ դնել քո առաջ, որոնք հնարավոր է իրականացնել հենց այսօրվանից, ինչպես նաև այնպիսի նպատակներ, որոնց հնարավոր է հասնել որոշ ժամանակ հետոa։ Հասանելի հոգևոր նպատակները կօգնեն քեզ ուշադրությունդ կենտրոնացած պահելու Աստծուն ծառայելու վրա և ստանալու հավիտենական կյանքի պարգևը (1 Հովհ. 2։17)։
18, 19. Ինչպե՞ս կարող է երիտասարդը համոզվել, որ ճշմարտությունը դարձրել է իրենը։
18 Երիտասարդնե՛ր, կյանքի ուղու վրա ձեր առաջին քայլը կլինի այն, որ ճշմարտությունը ձեր սեփականը դարձնեք։ Արե՞լ ես այդ քայլը։ Հարցրու ինքդ քեզ. «Ես հոգևո՞ր անձնավորություն եմ, թե՞ հոգևոր գործերին մասնակցում եմ զուտ այն պատճառով, որ ծնողներս են այդպես ուզում։ Աստծուն հաճելի հատկություններ զարգացնո՞ւմ եմ իմ մեջ։ Ջանքեր ներդնո՞ւմ եմ մաքուր երկրպագությանն առնչվող հարցերում հետևողական լինելու համար, ինչպիսիք են, օրինակ, կանոնավորաբար աղոթելը, ուսումնասիրություններ անելը, հանդիպումներին և ծառայությանը մասնակցելը։ Ավելի՞ եմ մտերմանում Եհովայի հետ՝ զարգացնելով նրա հետ ունեցած իմ փոխհարաբերությունը (Հակ. 4։8)։
19 Մտածիր Մովսեսի օրինակի շուրջ։ Չնայած որ նա ստիպված էր եղել ենթարկվելու օտար մշակույթի ազդեցությանը, նախընտրեց ճանաչվել որպես Եհովայի երկրպագու, քան որպես փարավոնի աղջկա որդի (կարդա՛ Եբրայեցիներ 11։24–27)։ Երիտասա՛րդ քրիստոնյաներ, դուք նույնպես պետք է վճռական լինեք՝ հավատարմորեն ծառայելու Եհովային։ Այդպես վարվելով՝ դուք կգտնեք իսկական երջանկություն, կապրեք լավագույն կյանքով, որը հնարավոր է հիմա, ինչպես նաև «ամուր կկառչեք իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։19)։
20. Կյանքի մրցավազքում ո՞վ է մրցանակ ստանում։
20 Մրցախաղերի ժամանակ հնում վազորդներից միայն մեկն էր հաղթող ճանաչվում։ Սակայն կյանքի մրցավազքում այդպես չէ։ Աստված կամենում է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Քեզնից առաջ շատերն են հաղթել այս մրցավազքում, շատերն էլ վազում են քեզ հետ միասին (Եբր. 12։1, 2)։ Մրցանակ կստանան բոլոր նրանք, ովքեր չեն հանձնվի։ Ուրեմն վճռական եղիր, որ հաղթես։
21. Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։
21 «Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը» անխուսափելի է (Մաղ. 4։5)։ Ուստի թող որ այդ օրը անակնկալի չբերի քրիստոնյա ընտանիքներին։ Անհրաժեշտ է, որ ընտանիքում յուրաքանչյուրը կատարի իր սուրբգրային պարտականությունը։ Ուրիշ ի՞նչ կարող ես անել, որպեսզի պահպանես հոգևոր արթնությունդ և ամրացնես Աստծու հետ քո փոխհարաբերությունը։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն երեք գործոններ, որոնք կնպաստեն ողջ ընտանիքի հոգևոր բարօրությանը։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարան», 2010թ., նոյեմբերի 15, էջ 12–16 և 2004թ., հուլիսի 15, էջ 21–23։
Ի՞նչ սովորեցիր
• Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյա ընտանիքները «արթուն մնան»։
• Ինչպե՞ս կարող է ամուսինը ընդօրինակել Բարի Հովվին։
• Ինչպե՞ս է օրինակելի կինը աջակցում ամուսնուն։
• Ինչպե՞ս կարող են երեխաները նպաստել ընտանիքի հոգևոր արթնությանը։
[նկար 9-րդ էջի վրա]
Հոգևոր մարդու համար աջակցող կինը անգին պարգև է