Աստված հոգ է տանում տարեցներին
ԶԱՐՄԱՆԱԼԻ չէ, որ այսօր տարեցներին ամենուրեք վատ են վերաբերվում։ Շատ վաղուց Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ այս անաստված համակարգի վերջին օրերում մարդիկ կլինեն «ինքնասէր.... անգութ [«բնական կապվածություն չունեցող», ՆԱ]» (Բ Տիմոթէոս 3։1–3)։ «Բնական կապվածություն» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել այն սերը, որ սովորաբար գոյություն ունի ընտանիքի անդամների միջև։ Այսօր նման կապվածության բացակայությունը բավական զգալի է, ինչը և վկայում է աստվածաշնչյան այդ մարգարեության կատարման մասին։
Ի տարբերություն տարեցների հանդեպ վատ վերաբերվող մարդկանց՝ Եհովա Աստված շատ բարձր է գնահատում ծերերին և հոգ է տանում նրանց մասին։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը փաստում դա։
«Որբեւայրիների դատաւոր»
Եբրայերեն Գրությունները պարզորոշ ցույց են տալիս, որ Եհովա Աստված հոգ է տանում տարեցներին։ Սաղմոս 68։5–ում, օրինակ, Դավիթ թագավորը Աստծուն անվանում է «որբեւայրիների դատաւոր»։ Այրի անձնավորությունները հաճախ տարեց են։a Աստվածաշնչի ուրիշ թարգմանություններում «դատավոր» բառը թարգմանվել է «պաշտպան», «զորավիգ» և «նեցուկ»։ Հստակ է, որ Եհովան հոգ է տանում տարեցներին։ Աստվածաշունչն ասում է, որ եթե նրանց հանդեպ վատ վերաբերվեն, նրա բարկությունը կբորբոքվի (Ելից 22։22–24)։ Եհովան ու նրա ծառաները շատ թանկ են գնահատում այրիներին և ընդհանրապես բոլոր հավատարիմ տարեցներին։ Առակաց 16։31–ը (ԱԱ) արտահայտում է Եհովա Աստծու և նրա ժողովրդի տեսակետը՝ ասելով. «Մազի ճերմկութիւնը փառաց պսակ է, եթէ անիկա արդարութեան ճամբուն մէջ գտնուի»։
Զարմանալի չէ, որ Եհովայի՝ իսրայելացիներին տված Օրենքում հատուկ կերպով նշվում էր տարեցներին հարգելու կարևորությունը։ Իսրայելացիներին պատվիրված էր. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. ես եմ Եհովան» (Ղեւտացոց 19։32)։ Այստեղից երևում է, որ Իսրայելում տարեցների հանդեպ հարգանքը սերտորեն առնչվում էր անհատի՝ Եհովա Աստծու հետ ունեցած փոխհարաբերությանը։ Իսրայելացին չէր կարող ասել, թե սիրում է Աստծուն, եթե վատ էր վերաբերվում տարեցներին։
Քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն։ Սակայն նրանք ‘Քրիստոսի օրենքի’ տակ են։ Այդ օրենքը մեծ ազդեցություն ունի նրանց վարքի և մտածելակերպի վրա։ Այն մղում է նրանց սեր ցուցաբերել և հոգատար լինել ծնողների և տարեցների հանդեպ (Գաղատացիս 6։2; Եփեսացիս 6։1–3; Ա Տիմոթէոս 5։1–3)։ Ընդ որում սեր ցուցաբերելու պատճառը զուտ այն չէ, որ այդպիսի պատվեր է տրված, այլ որ իրենց սիրտն է մղում դա անելու։ «Սրտով իրար սերտ սիրեցէք»,— հորդորեց Պետրոս առաքյալը (Ա Պետրոս 1։22)։
Հակոբոս աշակերտը նշում է մեկ ուրիշ պատճառ, թե ինչու պետք է հոգ տանենք տարեցներին։ Նա գրեց. «Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել» (Յակոբոս 1։27)։ Հակոբոսը մի կարևոր միտք է ընդգծում. տարեցները շատ թանկագին են Եհովայի աչքում։
Տեսնում ենք, որ բավական չէ պարզապես խուսափել տարեցներին վատ վերաբերվելուց։ Փոխարենը՝ հարկավոր է ակտիվորեն հետաքրքրվել նրանցով և օգտակար գործեր անել նրանց համար (տե՛ս «Սեր՝ արտահայտված գործերով» շրջանակը, էջ 6, 7)։ Հակոբոսը գրեց. «Հաւատքն առանց գործերի մեռած է» (Յակոբոս 2։26)։
Մխիթարություն՝ «նորանց նեղութեան մէջ»
Հակոբոսի խոսքերից ուրիշ բան էլ ենք սովորում։ Նա քրիստոնյաներին պատվիրեց հոգ տանել այրիներին «նորանց նեղութեան մէջ»։ «Նեղություն» թարգմանված հունարեն բառը հիմնականում նշանակում է ճնշում, զրկանք, տառապանք, որոնք առաջանում են կյանքի ծանր հանգամանքների պատճառով։ Անկասկած, տարեցներից շատ–շատերը այդպիսի վիճակում են։ Ոմանք միայնակ են։ Մյուսները ընկճվում են, որ տարիքի պատճառով այլևս ի վիճակի չեն անելու այն, ինչ անում էին նախկինում։ Վհատվում են նույնիսկ նրանք, ովքեր Աստծու ծառայության մեջ բավականին ակտիվ են։ Ջոնըb, որ հավատարմորեն հռչակել է Աստծու Թագավորությունը ավելի քան քառասուն տարի, ընդ որում երեսունը անց է կացրել հատուկ լիաժամ ծառայության մեջ, այժմ ութսուն տարեկան է։ Նա խոստովանում է, որ երբեմն իրեն ընկճված է զգում։ Ջոնն ասում է. «Հաճախ ետ եմ նայում և հիշում իմ սխալները, իմ բազմաթիվ սխալները։ Անընդհատ մտածում եմ, որ կարող էի ավելի ճիշտ վարվել»։
Այդպիսի մարդիկ կարող են մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան՝ կատարյալ անձնավորություն լինելով հանդերձ, կատարելություն չի պահանջում մեզանից։ Նա տեղյակ է մեր սխալներից, բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Այո՛, Եհովան չի կենտրոնանում մեր սխալների վրա և խորապես հասկանում է մեր սրտի միջինը։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։
Դավիթ թագավորը, որը շատ լավ գիտեր, թե ինչ է սխալն ու անկատարությունը, Աստծու ներշնչմամբ գրեց. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։ Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես» (Սաղմոս 139։1–3)։ 3–րդ համարում «քննել» թարգմանված եբրայերեն բառը բառացի նշանակում է «մաղել», մի գործողություն, որը շատ նման է ցորենը թեփից առանձնացնելու գործողությանը։ Ներշնչված լինելով Աստծուց՝ Դավիթը վստահեցնում է մեզ, որ Եհովան գիտի, թե ինչպես առանձնացնել ու իր հիշողության մեջ պահել մեր լավ գործերը։
Մեր գթասիրտ երկնային Հայրը հիշում և թանկ է գնահատում մեր արած լավ գործերը, քանի դեռ հավատարիմ ենք մնում իրեն։ Հենց Աստվածաշնչում է գրված, որ Աստված ‘անարդարություն’ (ԷԹ) կհամարի, եթե մոռանա մեր գործերը և այն սերը, որ ցույց ենք տալիս իր անվան հանդեպ (Եբրայեցիս 6։10)։
«Առաջիններն անցան»
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված չէր նպատակադրել, որ մարդիկ ծերանային և խնդիրներ ունենային։ Միայն այն բանից հետո, երբ մեր նախածնողները՝ առաջին տղամարդն ու կինը, ապստամբեցին իրենց Արարչի դեմ, ծերությունը՝ իր ցավալի հետևանքներով, մարդու գոյության անբաժան մասը դարձավ (Ծննդոց 3։17–19; Հռովմայեցիս 5։12)։ Բայց հավիտյան այդպես չի լինի։
Ինչպես նշվեց վերևում, ներկայիս ծանր իրավիճակները, այդ թվում նաև տարեցների հանդեպ վատ վերաբերմունքը, վառ ապացույց են, որ մենք ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1)։ Աստծու նպատակն է վերացնել մեղքի հետևանքները, ներառյալ ծերությունն ու մահը։ Աստվածաշունչն ասում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։
Աստծու նոր աշխարհում ծերության պատճառած ցավերն անցյալի գիրկը կանցնեն։ Բացառություն չի կազմի տարեցների հանդեպ վատ վերաբերմունքը (Միքիա 4։4)։ Նաև, Աստծու հիշողության մեջ գտնվող մահացածները կյանքի կվերադառնան և նույնպես հնարավորություն կունենան հավիտյան ապրելու դրախտային երկրում (Յովհաննէս 5։28, 29)։ Այդ ժամանակ, ինչպես երբեք, ակնհայտ կլինի, որ Եհովա Աստված հոգ է տանում ոչ միայն տարեցներին, այլև բոլոր իրեն հնազանդվողներին։
[ծանոթագրություններ]
a Իհարկե, կան այրիներ, որոնք տարեց չեն։ Այն, որ Աստված հոգ է տանում երիտասարդ այրիներին, երևում է, օրինակ, Ղեւտացոց 22։13–ից։
b Անունը փոխված է։
[շրջանակ/նկարներ 6-րդ և 7-րդ էջերի վրա]
Սեր՝ արտահայտված գործերով
Եհովայի վկաների ժողովներում երեցները նախաձեռնություն են հանդես բերում տարեցներին հոգ տանելու հարցում։ Նրանք լրջությամբ են մոտենում Պետրոս առաքյալի տված հորդորին. «Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է» (Ա Պետրոս 5։2)։ Տարեցներին գործնական աջակցություն ցույց տալը մտնում է Աստծու հոտին հոգ տանելու պատասխանատվության մեջ։ Իսկ կոնկրետ ինչպե՞ս կարող են երեցներն օգնել նրանց։
Տարեց քրիստոնյայի կարիքների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար թերևս հարկ լինի բազմաթիվ այցելություններ կատարել, նրա հետ ընկերական զրույցներ վարել և համբերություն դրսևորել։ Գուցե անհրաժեշտ լինի օգնել գնումների, մաքրության, քրիստոնեական հանդիպումներին հաճախելու, Աստվածաշնչի ու քրիստոնեական հրատարակությունների ընթերցանության և շատ ուրիշ հարցերում։ Եթե հնարավոր է, պետք է օգնության իրատեսական պլաններ մշակել ու հետևել դրանց իրագործմանը։c
Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե ժողովի անդամ տարեց եղբայրը կամ քույրը ծանր կացության մեջ է, ենթադրենք՝ ֆինանսական աջակցության կարիք է զգում։ Նախևառաջ լավ կլինի ճշտել, թե արդյոք այդ տարեց անհատն ունի երեխաներ կամ ուրիշ հարազատներ, որոնք կարող են օգնել։ Դա ներդաշնակ է այն խոսքերին, որ ասվում է Ա Տիմոթէոս 5։4–ում. «Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող [նրանք] առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի»։
Հնարավոր է՝ տարեց անհատը չգիտի, թե արդյոք իրավունք ունի պետության կողմից որևէ նպաստ ստանալու, և նա այդ մասին տեղեկություն ձեռք բերելու հարցում օգնության կարիք է զգում։ Ժողովի որոշ անդամներ գուցե կարողանան օգնել նրան։ Իսկ եթե տարեց անհատը օգնության ոչ մի աղբյուր չունի, երեցները կարող են պարզել, թե արդյոք նա համապատասխանում է ժողովից օժանդակություն ստանալու չափանիշներին։ Առաջին դարի ժողովներում որոշ դեպքերում դա թույլատրելի էր, որովհետև Պողոս առաքյալը իր գործընկեր Տիմոթեոսին գրեց. «Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է. բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել» (Ա Տիմոթէոս 5։9, 10)։
[ծանոթագրություն]
c Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 1989 թ. հոկտեմբերի 15–ի համարում (ռուս.) տպագրված «Բավարարել տարեցների կարիքը. խնդիր քրիստոնյաների համար» հոդվածը (1988 թ., հուլիսի 15, անգլ.)։
[նկար 5-րդ էջի վրա]
Այծեմնիկը հոգ էր տանում կարիքավոր այրիներին (Գործք 9։36–39)