«Հավատա Հիսուսին». Հիսուսին հավատալը բավակա՞ն է փրկություն ստանալու համար
Աստվածաշնչի պատասխանը
Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը մահացել է մարդկանց մեղքերի համար (1 Պետրոս 3:18)։ Սակայն փրկության համար ավելին է հարկավոր, քան միայն հավատալը, որ Հիսուսը Փրկիչ է։ Դևերն էլ գիտեն, որ նա «Աստծու Որդին» է, սակայն նրանք կործանվելու են, ոչ թե փրկվելու (Ղուկաս 4։41; Հուդա 6)։
Ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ
Պետք է հավատաք, որ Հիսուսը իր կյանքը զոհաբերել է մեր մեղքերի համար (Գործեր 16։30, 31; 1 Հովհաննես 2։2)։ Դա նաև նշանակում է հավատալ, որ Հիսուսը իրական անձնավորություն էր, և այն ամենը, ինչ Աստվածաշունչն ասում է նրա մասին, ճշգրիտ է։
Իմացեք, թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում իրականում (2 Տիմոթեոս 3։15)։ Աստվածաշնչում գրված է, որ Պողոս առաքյալն ու Շիղան մի բանտապահի ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես»։ Դրանից հետո նրանք սկսեցին «Եհովայիa խոսքը» ուսուցանել նրան (Գործեր 16։31, 32)։ Դա ցույց է տալիս, որ բանտապահը չէր կարող հավատալ Հիսուսին, եթե չհասկանար սուրբգրային հիմնական ճշմարտությունները։ Նա Աստծու Խոսքի վրա հիմնված ճշգրիտ գիտելիքների կարիք ուներ (1 Տիմոթեոս 2։3, 4)։
Զղջացեք (Գործեր 3:19)։ Դուք նաև պետք է զղջաք կամ խոր ափսոսանք զգաք անցյալում ունեցած սխալ մտքերի և գործած սխալ արարքների համար։ Ձեր զղջումը ակնհայտ կլինի ուրիշների համար, երբ դադարեք Աստծուն տհաճ գործեր անելուց և «զղջմանը համապատասխան գործեր» անեք (Գործեր 26։20)։
Մկրտվեք (Մատթեոս 28:19)։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր ուզում են դառնալ իր աշակերտը, պետք է մկրտվեն։ Բանտապահը, որի մասին արդեն խոսվեց, մկրտվեց (Գործեր 16։33)։ Նմանապես այն բանից հետո, երբ Պետրոս առաքյալը մարդկանց մի մեծ բազմությանը Հիսուսի մասին ճշմարտությունը սովորեցրեց, նրանք, «ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին» (Գործեր 2։40, 41)։
Հնազանդվեք Հիսուսի պատվերներին (Եբրայեցիներ 5։9)։ Ովքեր «պահում են այն ամենը», ինչ որ Հիսուսը պատվիրել է, իրենց ապրելակերպով են ցույց տալիս, որ նրա հետևորդն են (Մատթեոս 28։20)։ Այդ անհատները դառնում են «խոսքը ոչ միայն լսողներ.... այլև կատարողներ» (Հակոբոս 1։22)։
Մինչև վերջ համբերեք (Մարկոս 13։13)։ Փրկվելու համար Հիսուսի աշակերտները «տոկունության կարիք ունեն» (Եբրայեցիներ 10։36)։ Օրինակ՝ Պողոս առաքյալը հետևում էր Հիսուսի ուսմունքներին նույնիսկ ամենափոքր հարցերում, միշտ նվիրված էր Աստծուն և քրիստոնյա դառնալու օրից մինչև իր մահը նա տոկունություն դրսևորեց իր հավատարմությունը պահպանելու համար (1 Կորնթացիներ 9։27)։
Ի՞նչ կարելի է ասել «Մեղավորի աղոթքի» մասին
Որոշ կրոններում կոնկրետ թեմաներով աղոթքներ կան, օրինակ՝ «Մեղավորի աղոթքը», «Փրկության աղոթքը»։ Սովորաբար այդ աղոթքներն անողներն ընդունում են, որ մեղավոր են, և իրենց հավատն են արտահայտում այն բանի նկատմամբ, որ Հիսուսը մահացել է իրենց մեղքերի համար։ Նրանք նաև խնդրում են Հիսուսին, որ մտնի իրենց սրտի կամ կյանքի մեջ։ Սակայն Աստվածաշնչում ո՛չ հիշատակվում է «Մեղավորի աղոթքը», ո՛չ էլ խորհուրդ է տրվում կրկնել այդ աղոթքի բառերը։
Ոմանց կարծիքով՝ «Մեղավորի աղոթքը» ասելուց հետո անհատի հավիտենական փրկությունն ապահովված է։ Սակայն ոչ մի աղոթք ինքնին չի երաշխավորում փրկություն։ Լինելով անկատար մարդիկ՝ մենք անընդհատ սխալներ ենք գործում (1 Հովհաննես 1:8)։ Այդ պատճառով Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց, որ կանոնավորաբար աղոթեն մեղքերի թողության համար (Ղուկաս 11:2, 4)։ Ավելին, որոշ քրիստոնյաներ, ովքեր հավիտենական փրկության հեռանկարն ունեին, կորցրին այն, քանի որ հեռացան կամ երես թեքեցին Աստծուց (Եբրայեցիներ 6։4–6; 2 Պետրոս 2։20, 21)։
Որտեղի՞ց է ծագել «Մեղավորի աղոթքը»
Պատմաբանները տարակարծիք են «Մեղավորի աղոթքի» ծագման վերաբերյալ։ Ոմանք կարծում են, որ այդ ավանդույթն առաջացել է բողոքական ռեֆորմացիայի ընթացքում։ Ուրիշներն էլ մտածում են, որ մարդիկ սկսեցին անել այդ աղոթքը 18-րդ և 19-րդ դարերում տեղի ունեցած կրոնական շարժումների ժամանակ։ Ամեն դեպքում Աստվածաշունչը մեզ չի խրախուսում անելու այդ աղոթքը. իրականում այն հակասում է սուրբգրային ուսմունքներին։
a Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։