«Ժամանակավոր բնակիչներ» ամբարիշտ աշխարհում
«Նրանք բոլորը.... հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում» (ԵԲՐ. 11։13)։
1. Ի՞նչ ասաց Հիսուսը աշխարհի հանդեպ իր հետևորդների բռնած դիրքի մասին։
«ՆՐԱՆՔ աշխարհում են»,— ասաց Հիսուսն իր աշակերտների մասին։ Սակայն ավելացրեց. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։11, 14)։ Այս խոսքերով Հիսուսը պարզ ցույց տվեց, թե իր ճշմարիտ հետևորդներն ինչ դիրք պետք է բռնեն «այս աշխարհի» հանդեպ, որի աստվածը Սատանան է (2 Կորնթ. 4։4)։ Թեպետ Հիսուսի աշակերտներն ապրում էին ամբարիշտ աշխարհում, բայց նրա մի մասը չէին լինելու։ Այս աշխարհում նրանք լինելու էին իբրև «պանդուխտներ և ժամանակավոր բնակիչներ» (1 Պետ. 2։11)։
Նրանք ապրեցին որպես «ժամանակավոր բնակիչներ»
2, 3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ենոքը, Նոյը, Աբրահամն ու Սառան ապրեցին իբրև «օտարներ և ժամանակավոր բնակիչներ»։
2 Հին ժամանակներից ի վեր Եհովայի հավատարիմ ծառաները տարբերվել են անաստված աշխարհում ապրող մյուս մարդկանցից։ Նախքան Ջրհեղեղը Ենոքն ու Նոյը «քայլեցին ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդ. 5։22–24; 6։9)։ Երկուսն էլ համարձակորեն քարոզեցին Սատանայի ամբարիշտ աշխարհի դեմ ուղղված Եհովայի դատաստանները (կարդա՛ 2 Պետրոս 2։5; Հուդա 14, 15)։ Ենոքը «հաճեցրեց Աստծուն», իսկ Նոյը «անարատ եղավ իր ժամանակակիցների մեջ», քանի որ անաստված աշխարհում նրանք քայլեցին ճշմարիտ Աստծու հետ (Եբր. 11։5; Ծննդ. 6։9)։
3 Աստծու հրավերով Աբրահամն ու Սառան թողեցին քաղդեացիների Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և համաձայնվեցին օտար երկրում քոչվորի կյանքով ապրել (Ծննդ. 11։27, 28; 12։1)։ Պողոս առաքյալը գրեց. «Հավատով Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Եվ նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում։ Հավատով նա խոստացված երկրում պանդուխտ եղավ, ինչպես օտար երկրում, և Իսահակի ու Հակոբի հետ, որոնք նրա հետ հենց նույն խոստման ժառանգներն էին, վրաններում բնակվեց» (Եբր. 11։8, 9)։ Այս հավատարիմ ծառաների մասին Պողոսն ասաց. «Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին, թեպետև չստացան խոստացված բաները, սակայն հեռվից տեսան դրանք և ողջունեցին ու հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում» (Եբր. 11։13)։
Նախազգուշացում իսրայելացիներին
4. Նախքան Ավետյաց երկրում հաստատվելը իսրայելացիները ի՞նչ նախազգուշացում ստացան։
4 Աբրահամի հետնորդները՝ իսրայելացիները, դարձան բազմաքանակ և ձևավորվեցին որպես ազգ՝ ունենալով իրենց երկիրն ու օրենսդրությունը (Ծննդ. 48։4; 2 Օրենք 6։1)։ Սակայն Իսրայել ազգը չպետք է մոռանար, որ իրականում իրենց երկրի Տերը Եհովան է (Ղևտ. 25։23)։ Նրանք «տնվորներ» էին և պարտավոր էին հարգել Տիրոջ պահանջները։ Պետք է նաև հիշեին, որ «մարդը միայն հացով չի ապրում», այսինքն՝ չպետք է թույլ տային, որ բարեկեցիկ կյանքը պատճառ լիներ, որ մոռանային Եհովային (2 Օրենք 8։1–3)։ Նախքան Ավետյաց երկրում բնակություն հաստատելը իսրայելացիներին հետևյալ նախազգուշացումը տրվեց. «Երբ քո Աստված Եհովան քեզ բերի այն երկիրը, որը նա քո նախահայրեր Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացավ քեզ տալ, երկիր, որում կան մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, բարիքներով լի տներ, որոնք դու չես լցրել, տաշած ջրամբարներ, որոնք դու չես տաշել, խաղողի այգիներ ու ձիթենիներ, որոնք դու չես տնկել, ու երբ ուտես և կշտանաս, զգույշ եղիր, որ չմոռանաս Եհովային» (2 Օրենք 6։10–12)։
5. Ինչո՞ւ Եհովան մերժեց Իսրայել ազգին և ի՞նչ նոր ազգի տվեց իր հավանությունը։
5 Այս նախազգուշացումը անհիմն չէր։ Նեեմիայի օրերում մի խումբ ղևտացիներ ամոթով էին հիշում այն դեպքերը, որ տեղի ունեցան Ավետյաց երկիրը գրավելուց հետո։ Երբ իսրայելացիները տիրացան հարմարավետ տների և առատ ուտելիք ու գինի ունեցան, սկսեցին «ուտել, կշտանալ ու գիրանալ»։ Նրանք ըմբոստացան Աստծու դեմ և սպանեցին այն մարգարեներին, որոնք ուղարկվում էին իրենց մոտ՝ նախազգուշացումներ տալու։ Այդ պատճառով Եհովան մատնեց նրանց թշնամիների ձեռքը (կարդա՛ Նեեմիա 9։25–27; Օս. 13։6–9)։ Իսկ հետագայում հռոմեական տիրապետության տակ գտնվող անհավատարիմ հրեաները նույնիսկ խոստացված Մեսիային սպանեցին։ Եհովան մերժեց նրանց և իր հավանությունը տվեց նոր ազգի՝ հոգևոր Իսրայելին (Մատթ. 21։43; Գործ. 7։51, 52; Գաղ. 6։16)։
«Աշխարհի մի մասը չեն»
6, 7. ա) Համաձայն Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ դիրք պետք է բռնեին նրա հետևորդները աշխարհի հանդեպ։ բ) Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չպետք է լինեն Սատանայի աշխարհի մի մասը։
6 Ինչպես տեսանք այս հոդվածի սկզբում, քրիստոնեական ժողովի Գլուխը՝ Հիսուս Քրիստոսը, պարզ ցույց տվեց, որ իր հետևորդները աշխարհից՝ Սատանայի ամբարիշտ համակարգից, պետք է զատված լինեն։ Իր մահից կարճ ժամանակ առաջ նա ասաց իր աշակերտներին. «Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ» (Հովհ. 15։19)։
7 Քրիստոնեության տարածմանը զուգընթաց պե՞տք է արդյոք քրիստոնյաները միաձուլվեին աշխարհին՝ ընդունելով նրա գործերը և դառնալով նրա մի մասը։ Ո՛չ։ Որտեղ էլ որ ապրեին, նրանք պետք է առանձնացած լինեին Սատանայի աշխարհից։ Քրիստոսի մահից մոտ 30 տարի անց Պետրոս առաքյալը Հռոմեական կայսրության տարբեր մասերում ապրող քրիստոնյաներին հետևյալը գրեց. «Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ իբրև պանդուխտների և ժամանակավոր բնակիչների, որ հեռու մնաք մարմնական ցանկություններից, որոնք պայքար են մղում հոգու դեմ։ Լավ վարք ունեցեք ազգերի մեջ» (1 Պետ. 1։1; 2։11, 12)։
8. Ինչպե՞ս է մի պատմաբան նկարագրում, թե քրիստոնյաներն ինչպիսի կյանքով էին ապրում։
8 Պատմաբան Քենեթ Լաթուրեթը հաստատում է, որ վաղ քրիստոնյաները Հռոմեական կայսրությունում «պանդուխտների և ժամանակավոր բնակիչների» պես էին ապրում։ Նա գրում է. «Պատմությունից բոլորին է հայտնի, որ առաջին երեք դարերում քրիստոնյաները հակառակության էին հանդիպում և հաճախ նույնիսկ դաժան հալածանքների էին ենթարկվում.... Նրանց տարբեր բաներում էին մեղադրում։ Քանի որ քրիստոնյաները հրաժարվում էին մասնակցել հեթանոսական ծիսակատարություններին, նրանց աթեիստ էին անվանում։ Եվ քանի որ նրանք հեռու էին մնում հասարակական կյանքից՝ չէին մասնակցում հեթանոսական տոներին, հրաժարվում էին հասարակության մեջ ընդունված զվարճություններից, որոնք, ըստ քրիստոնյաների, ողողված էին հեթանոսական հավատալիքներով, ծեսերով և անբարոյությամբ, նրանց համարում էին մարդատյացներ»։
Աշխարհից «լիովին չօգտվողներ»
9. Ի՞նչն է փաստում, որ մենք մարդատյացներ չենք։
9 Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։ Ներկա «ամբարիշտ աշխարհի» հանդեպ մենք նույն վերաբերմունքն ունենք, ինչպիսին որ վաղ քրիստոնյաներն ունեին (Գաղ. 1։4)։ Այդ պատճառով շատերը մեզ ճիշտ չեն հասկանում, ոմանք էլ նույնիսկ ատում են։ Սակայն իրականում մենք մարդատյացներ չենք։ Չէ՞ որ մեր մերձավորի հանդեպ սիրուց մղված ենք գնում քարոզելու տնից տուն և ջանք չենք խնայում խոսելու բոլոր բնակիչների հետ Աստծու Թագավորության բարի լուրի մասին (Մատթ. 22։39; 24։14)։ Մենք այդպես ենք վարվում, քանի որ համոզված ենք, որ Եհովայի Թագավորությունը Քրիստոսի ղեկավարությամբ շուտով վերջ կդնի մարդկային անկատար իշխանությանը և այն կփոխարինի արդար նոր համակարգով (Դան. 2։44; 2 Պետ. 3։13)։
10, 11. ա) Ի՞նչ առումով լիովին չենք օգտվում աշխարհից։ բ) Ո՞ր հարցերում աչալուրջ քրիստոնյաները լիովին չեն օգտվում աշխարհից։
10 Քանի որ ներկա համակարգի վերջը շատ մոտ է, մենք՝ Եհովայի ծառաներս, գիտակցում ենք, որ ժամանակը չէ հաստատվելու այս մեռնող աշխարհում։ Ուստի հետևում ենք Պողոս առաքյալի խոսքերին. «Եղբայրնե՛ր, ասում եմ, որ մնացած ժամանակը կարճացել է։ Այսուհետև.... գնողները լինեն չունեցողների պես, և աշխարհից օգտվողները լինեն ինչպես լիովին չօգտվողներ, քանի որ այս աշխարհի տեսարանը փոխվում է» (1 Կորնթ. 7։29–31)։ Ինչպե՞ս են ներկայիս քրիստոնյաները օգտվում աշխարհից։ Նրանք օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից և հաղորդակցության միջոցներից՝ աշխարհով մեկ հարյուրավոր լեզուներով տարածելու աստվածաշնչյան պատգամը։ Իրենց ապրուստը վաստակելու համար նրանք լիովին չեն օգտվում աշխարհից։ Ճիշտ է, նրանք գնում են անհրաժեշտ իրեր և օգտվում են որոշ ծառայություններից, բայց լիովին չեն օգտվում աշխարհից այն իմաստով, որ ճիշտ տեսակետ ունեն նյութականի և աշխատանքի վերաբերյալ (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։
11 Աչալուրջ քրիստոնյաները լիովին չեն օգտվում աշխարհից նաև բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Այս աշխարհում շատերը այն կարծիքին են, որ մարդը պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի ճոխության մեջ ապրի և անուն ստեղծի։ Սակայն մենք ապրում ենք որպես ժամանակավոր բնակիչներ և այլ նպատակներ ենք հետապնդում։ Մենք խուսափում ենք «մեծամեծ բաներ փնտրելուց» (Երեմ. 45։5; Հռոմ. 12։16)։ Լինելով Հիսուսի հետևորդներ՝ ուշադրություն ենք դարձնում նրա նախազգուշացմանը. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկ. 12։15)։ Հետևաբար, երիտասարդ քրիստոնյաներին հորդոր է տրվում հոգևոր նպատակներ ունենալ և բավարարվել այնպիսի կրթությամբ, որը հնարավորություն կտա անհրաժեշտ կարիքները հոգալու, որպեսզի կարողանան «ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ ուժով և ամբողջ մտքով» ծառայել Եհովային (Ղուկ. 10։27)։ Այդպիսով նրանք «Աստծու աչքին հարուստ» կլինեն (Ղուկ. 12։21; կարդա՛ Մատթեոս 6։19–21)։
Խուսափել կյանքի հոգսերով ծանրաբեռնվելուց
12, 13. Հետևելով Մատթեոս 6։31–33-ում արձանագրված Հիսուսի խոսքերին՝ ինչպե՞ս ենք տարբերվում այս աշխարհի մարդկանցից։
12 Նյութականի վերաբերյալ Եհովայի ծառաների տեսակետը տարբերվում է մյուս մարդկանց տեսակետից։ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք», որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։ Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։31–33)։ Մեր հավատակիցներից շատերը անձնական փորձից համոզվել են, որ մեր երկնային Հայրը հոգ է տանում իրենց մասին և ապահովում է ամեն անհրաժեշտ բանով։
13 «Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով» (1 Տիմոթ. 6։6)։ Այս տեսակետը լիովին տարբերվում է այսօրվա աշխարհում տարածված տեսակետից։ Օրինակ՝ երբ երիտասարդները ամուսնանում են, նրանցից շատերը ուզում են անմիջապես ամեն ինչ ունենալ՝ լավ կահավորված տուն, լավ մեքենա և տեխնիկայի վերջին նորույթները։ Սակայն քրիստոնյաները, որոնք ժամանակավոր բնակիչներ են, ղեկավարում են իրենց ցանկությունները և չեն ձգտում ձեռք բերել այն, ինչը չեն կարող ունենալ։ Գովելի է, որ շատերը հրաժարվում են որոշ նյութական բարիքներից, որ ավելի շատ ժամանակ և ուժ նվիրեն ծառայությանը և նախանձախնդրորեն հռչակեն Թագավորության լուրը։ Ոմանք ծառայում են որպես ռահվիրաներ, բեթելցիներ, շրջագայող վերակացուներ ու միսիոներներ։ Բոլորս շատ ենք գնահատում մեր հավատակիցների սրտանց ծառայությունը։
14. Ի՞նչ ենք սովորում սերմնացանի մասին Հիսուսի առակից։
14 Սերմնացանի մասին առակում Հիսուսն ասաց, որ «աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը» կարող են մեր սրտում խեղդել Աստծու խոսքը և պատճառ լինել, որ անպտուղ դառնանք (Մատթ. 13։22)։ Եթե այս աշխարհում ապրենք որպես ժամանակավոր բնակիչներ ու բավարարվենք մեր ունեցածով, կխուսափենք այդ ծուղակն ընկնելուց։ Մենք կկարողանանք մեր աչքը «պարզ» պահել, այսինքն՝ կենտրոնանալ Աստծու Թագավորության վրա և առաջին տեղում դնել նրա շահերը (Մատթ. 6։22)։
«Աշխարհն անցնում է»
15. Հովհաննես առաքյալի ո՞ր խոսքերն են ազդում այս աշխարհի հանդեպ ճշմարիտ քրիստոնյաների ունեցած վերաբերմունքի վրա։
15 Գլխավոր պատճառը, թե ինչու ենք մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, մեզ այս աշխարհում «պանդուխտներ և ժամանակավոր բնակիչներ» համարում, հետևյալն է. մենք վստահ ենք, որ այս աշխարհի օրերը հաշված են (1 Պետ. 2։11; 2 Պետ. 3։7)։ Այս բանի գիտակցումը ազդում է մեր որոշումների, ցանկությունների ու նպատակների վրա։ Հովհաննես առաքյալը իր հավատակիցներին խորհուրդ տվեց չսիրել աշխարհը կամ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, քանի որ «աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։15–17)։
16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ աշխարհից զատված ենք որպես առանձին ժողովուրդ։
16 Իսրայելացիներին ասվել էր, որ եթե հնազանդվեին Եհովային, կդառնային «մնացած բոլոր ժողովուրդների միջից նրա հատուկ սեփականությունը» (Ելք 19։5)։ Երբ նրանք հավատարմություն էին դրսևորում Աստծու հանդեպ, իրենց երկրպագության ձևով ու ապրելակերպով տարբերվում էին մյուս բոլոր ազգերից։ Նմանապես այսօր, Եհովան իր համար մի ժողովուրդ է առանձնացրել, որը լիովին տարբերվում է Սատանայի աշխարհից։ Մեզ հորդոր է տրվում «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ, մինչ սպասում ենք սքանչելի հույսի իրականացմանն ու մեր մեծ Աստծու և մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի փառահեղ հայտնությանը. նա իր անձը տվեց մեզ համար, որպեսզի ազատի մեզ ամեն տեսակ անօրենությունից և մաքրի մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2։11–14)։ Այդ «ժողովուրդը» կազմված է օծյալ քրիստոնյաներից և Հիսուսի միլիոնավոր «ուրիշ ոչխարներից», ովքեր օգնում ու աջակցում են նրանց (Հովհ. 10։16)։
17. Ինչո՞ւ օծյալներն ու իրենց ընկերակիցները երբեք չեն ափսոսա, որ այս ամբարիշտ աշխարհում ապրել են որպես ժամանակավոր բնակիչներ։
17 Օծյալները երկնքում Քրիստոսի հետ իշխելու «սքանչելի հույսն» ունեն (Հայտն. 5։10)։ Իսկ ուրիշ ոչխարները երկրի վրա հավիտյան ապրելու հույսն ունեն, և երբ այն իրականանա, նրանք այլևս ժամանակավոր բնակիչներ չեն լինի։ Նրանք գեղեցիկ տներ և առատ սնունդ կունենան (Սաղ. 37։10, 11; Ես. 25։6; 65։21, 22)։ Ի տարբերություն իսրայելացիների՝ այդ մարդիկ երբեք չեն մոռանա, որ այդ ամենը տալիս է Եհովան՝ «ողջ երկրի Աստվածը» (Ես. 54։5)։ Ո՛չ օծյալները, ո՛չ էլ ուրիշ ոչխարները չեն ափսոսա, որ այս ամբարիշտ աշխարհում ապրել են որպես ժամանակավոր բնակիչներ։
Ինչպե՞ս կպատասխանես
• Հին ժամանակներում ապրող հավատարիմ մարդիկ ինչպե՞ս էին ցույց տալիս, որ ժամանակավոր բնակիչներ են։
• Աշխարհի հանդեպ ի՞նչ դիրք էին բռնել վաղ քրիստոնյաները։
• Ի՞նչ առումով են ճշմարիտ քրիստոնյաները աշխարհից «լիովին չօգտվողներ»։
• Ինչո՞ւ երբեք չենք ափսոսա, որ այս ամբարիշտ աշխարհում ապրել ենք որպես ժամանակավոր բնակիչներ։
[նկար 18-րդ էջի վրա]
Վաղ քրիստոնյաները հեռու էին մնում բռնությամբ ու անբարոյությամբ լի զվարճություններից