Ովքե՞ր են Աստծո ներկայիս սպասավորները
«Աստծուց է մեր կարողութիւնը, որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ [«սպասավորներ», ՆԱ] լինելու» (Բ Կորնթացիս 3։5, 6)։
1, 2. Ի՞նչ պատասխանատվություն էին կրում առաջին դարի քրիստոնյաները, սակայն ինչպե՞ս հետագայում հանգամանքները փոխվեցին։
ՄԵՐ թվարկության առաջին դարի բոլոր քրիստոնյաները մի շատ կարևոր պատասխանատվություն էին կրում՝ բարի լուրը քարոզելու պատասխանատվությունը։ Բոլորն էլ օծյալներ էին և նոր ուխտի սպասավորներ։ Նրանցից ոմանք ունեին նաև լրացուցիչ, ինչպես օրինակ, ժողովում ուսուցանելու պատասխանատվություն (Ա Կորնթացիս 12։27–29; Եփեսացիս 4։11)։ Ծնողները լուրջ պարտականություններ ունեին նաև իրենց ընտանիքներում (Կողոսացիս 3։18–21)։ Չնայած այդ ամենին՝ բոլորն էլ մասնակցում էին հիմնական ու կարևոր քարոզչական գործունեությանը։ Քրիստոնեական գրությունների բնագրերում այս պատասխանատվությունը ներկայացված է հունարեն «դիակոնի՛ա» բառով, որը նշանակում է՝ ծառայություն կամ սպասավորություն (Կողոսացիս 4։17)։
2 Ժամանակի ընթացքում հանգամանքները փոխվեցին։ Առաջ եկավ մի դասակարգ, որը, բացի այն, որ իրեն կոչում էր հոգևոր դաս, միայն իրեն էր վերապահում քարոզելու առանձնաշնորհումը (Գործք 20։30)։ Այդ հոգևորական դասակարգը իրենց քրիստոնյա համարող մարդկանց միայն չնչին մասն էր կազմում։ Մեծամասնությունը կոչվեցին աշխարհիկներ։ Մինչ աշխարհիկներին սովորեցնում էին իրենց պարտականությունները, այդ թվում նաև այն, թե ինչ նվիրատվություններ պետք է կատարեին հոգևորական դասի պահպանման համար, քարոզի հարցում նրանք աստիճանաբար դարձան ընդամենը պասսիվ լսողներ։
3, 4. ա) Ինչպե՞ս են քրիստոնեական աշխարհում մարդիկ սպասավոր դառնում։ բ) Ովքե՞ր են քրիստոնեական աշխարհի եկեղեցիների սպասավորները, և այդ առումով ի՞նչ կարելի է ասել Եհովայի վկաների ժողովների մասին։
3 Հոգևորական դասի անդամները պնդում են, որ իրենք սպասավորներ են (ծառա, «դիա՛կոնոս»)։a Սպասավոր դառնալու համար նրանք հատուկ սեմինարիաներ, ճեմարաններ են ավարտում ու հոգևոր աստիճաններ ընդունում։ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանում» կարդում ենք. ««Հոգևոր աստիճանի ընդունումը» և «ձեռնադրումը» սովորաբար վերաբերում են հոգևորականին սպասավորի կամ քահանայի աստիճան տալուն, ինչի մեջ շեշտակի ձևով մտնում է նաև Խոսքը քարոզելու կամ հաղորդությունները ղեկավարելու, կամ էլ միաժամանակ երկուսի իրավունքը»։ Ո՞վ է ձեռնադրողը։ «Բրիտանական նոր հանրագիտարանում» ասվում է. «Այն եկեղեցիներում, որտեղ պահպանվում է եպիսկոպոսությունը, ձեռնադրող սպասավորը միշտ եպիսկոպոսն է։ Երիցական եկեղեցիներում ձեռնադրումը կատարվում է երիցականության սպասավորների կողմից»։
4 Այսպիսով՝ քրիստոնեական աշխարհի եկեղեցիներում սպասավոր լինելու առանձնաշնորհումը խիստ սահմանափակումների է ենթարկվել։ Սակայն դա այդպես չէ Եհովայի վկաների ժողովներում։ Ինչո՞ւ. որովհետև այդպես չէր նաև առաջին դարի քրիստոնեական ժողովներում։
Ովքե՞ր են իրականում Աստծո սպասավորները
5. Համաձայն Աստվածաշնչի՝ ովքեր՞ են սպասավորություն կատարում։
5 Աստվածաշնչի համաձայն՝ Եհովայի բոլոր երկրպագուները՝ երկնային, թե երկրային, բոլորն էլ սպասավորներ են։ Ժամանակին հրեշտակները սպասավորություն են արել Հիսուսին (Մատթէոս 4։11; 26։53; Ղուկաս 22։43)։ Հրեշտակները սպասավորություն են անում նաև «նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը» (Եբրայեցիս 1։14; Մատթէոս 18։10)։ Հիսուսը նույնպես սպասավոր էր։ Իր մասին նա ասաց. «Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու [կամ՝ սպասավորություն անելու]» (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 15։8)։ Քանի որ Հիսուսի հետևորդները պետք է նրա «հետքերով» գնային, ուրեմն զարմանալի չէ, որ նրանք նույնպես պետք է սպասավորներ լինեին (Ա Պետրոս 2։21)։
6. Հիսուսի ո՞ր խոսքերից է երևում, որ իր աշակերտները պետք է սպասավորներ լինեին։
6 Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Հիսուսի աշակերտները պետք է իրենք էլ աշակերտներ պատրաստեին, այսպես ասած, սպասավորություն անեին։ Իրենց հերթին, այդ նոր աշակերտները պետք է սովորեին պահել այն բոլորը, ինչ որ Հիսուսը պատվիրել էր, այդ թվում նաև աշակերտներ պատրաստելու պատվիրանը։ Կին թե տղամարդ, մեծ թե փոքր, բոլորն էլ՝ որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ, սպասավորներ էին լինելու (Յովէլ 2։28, 29)։
7, 8. ա) Աստվածաշնչի ո՞ր համարներն են ցույց տալիս, որ բոլոր քրիստոնյաները սպասավորներ են։ բ) Ի՞նչ հարցեր են առաջ գալիս սպասավորի աստիճան ստանալու վերաբերյալ։
7 Այդ ամենով հանդերձ՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը Հիսուսի բոլոր աշակերտները՝ կին թե տղամարդ, որոնք ներկա էին գտնվում այդ տոնին, սկսեցին մարդկանց պատմել «Աստծու մեծագործութիւնների մասին» (Գործք 2։1–11)։ Բացի այդ, Պողոս առաքյալը գրեց. «Արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով» (Հռովմայեցիս 10։10)։ Պողոսի այս խոսքերը ուղղված չէին զուտ հոգևորականության սահմանափակ թվով դասակարգին, այլ՝ այն ‘ամենքին, որ Հռոմում էին՝ Աստծու սիրելիներին’ (Հռովմայեցիս 1։1, 7)։ Նա նաև ‘Եփեսոսում եղած սրբերին ու հավատացյալներին ի Քրիստոս’ գրեց, որ իրենց ‘ոտքերը պետք է ամրացնեին խաղաղության Ավետարանի պատրաստությամբ’ (Եփեսացիս 1։1; 6։15)։ Իսկ եբրայեցիներին ուղղված նամակն ընթերցողներին խորհուրդ տվեց ‘ամուր պահել անխախտ հույսի դավանությունը’ (Եբրայեցիս 10։23)։
8 Այնուհանդերձ, ե՞րբ է տվյալ անհատը դառնում սպասավոր։ Այլ կերպ ասած՝ ե՞րբ է նա ձեռնադրվում կամ այդ աստիճանը ստանում։ Եվ վերջապես, ո՞վ է կատարում ձեռնադրումը կամ նրան սպասավորի աստիճան տալիս։
Ե՞րբ են սպասավորի աստիճան ստանում
9. Ե՞րբ է Հիսուսը սպասավորի «աստիճան» ստացել և ո՞ւմ կողմից։
9 Պարզելու համար, թե ում կողմից և երբ է որևէ մեկը ձեռնադրվում, նկատի առնենք Հիսուսի օրինակը։ Նա սեմինարիա չէր ավարտել և սպասավորի դիպլոմ չուներ. ոչ մի մարդ նրան չէր տվել այդ աստիճանը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ասել, որ նա սպասավոր էր։ Պատասխանը կարող ենք գտնել Աստծո ներշնչմամբ Եսայիայի գրի առած խոսքերում, որոնք վերաբերում էին նրան. «Տէր Եհովայի ոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ.... աւետիք տալու» (Ղուկաս 4։17–19; Եսայիա 61։1)։ Այս խոսքերը ոչ մի կասկած չեն թողնում այն մասին, որ Հիսուսին էր տրված մարդկանց բարի լուրը պատմելու լիազորությունը։ Իսկ ումի՞ց էր նա ստացել այդ լիազորությունը։ Քանի որ այդ գործը կատարելու համար Եհովան էր օծել նրան իր ոգով, ուստի Հիսուսը իր այդ «աստիճանը» ստացել էր հենց իրենից՝ Եհովա Աստծուց։ Բայց ե՞րբ։ Դա պատահել էր Հիսուսի մկրտվելուց անմիջապես հետո, երբ Եհովայի ոգին իջել էր նրա վրա (Ղուկաս 3։21, 22)։ Այսպիսով՝ Հիսուսը «ձեռնադրվել էր» իր մկրտության պահին։
10. Ո՞վ է քրիստոնյային սպասավոր լինելու «կարողություն» տալիս։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի առաջին դարի հետևորդների մասին։ Սպասավորներ լինելու նրանց «աստիճանը» նույնպես Եհովայից էր։ Պողոսը գրել է. «Աստծուց է մեր կարողութիւնը, որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ [կամ՝ սպասավորներ] լինելու» (Բ Կորնթացիս 3։5, 6)։ Եհովան ինչպե՞ս է իր երկրպագուներին սպասավորներ լինելու «կարողություն» տալիս։ Քննենք Տիմոթեոսի օրինակը։ Պողոսը նրան կոչել էր «Աստուծոյ պաշտօնեա [սպասավոր] եւ գործակից Քրիստոսին աւետարանին մէջ» (Ա Թեսաղոնիկեցիս 3։2, Արևմտ. Աստ.)։
11, 12. Ինչպե՞ս էր Տիմոթեոսին հաջողվել սպասավոր դառնալու գործում առաջընթաց ապրել։
11 Տիմոթեոսին ուղղված հետևյալ խոսքերն օգնում են հասկանալ, թե ինչպես էր նա դարձել սպասավոր. «Դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է» (Բ Տիմոթէոս 3։14, 15)։ Տիմոթեոսի հավատի հիմքը Գրությունների վրա հիմնված նրա գիտությունն էր, և այդ հավատն էր մղում նրան քարոզել։ Սակայն արդյո՞ք Գրությունների անձնական ընթերցանությունը միակ բանն էր, որ նրան հարկավոր էր։ Ո՛չ։ Կարդացածից ճշգրիտ գիտություն ստանալու և այն հոգևոր առումով ըմբռնելու համար Տիմոթեոսին օգնություն էր հարկավոր (Կողոսացիս 1։9)։ Այսպիսով՝ Տիմոթեոսին օգնել էին հավատալ։ Եվ քանի որ նա «մանկուց» գիտեր Գրությունները, իր առաջին ուսուցիչները, անշուշտ, եղել էին նրա մայրն ու տատը, մինչդեռ հայրը, հավանաբար, հավատացյալ չէր եղել (Բ Տիմոթէոս 1։5)։
12 Բայցևայնպես, սպասավոր դառնալու համար ավելին էր պահանջվում։ Օրինակ՝ նրա հավատը զորացել էր շնորհիվ այն բանի, որ սկսել էր ընկերակցել հարևան քրիստոնեական ժողովների հետ։ Որտեղի՞ց գիտենք։ Երբ Պողոսն առաջին անգամ հանդիպել էր Տիմոթեոսին, վերջինս «վկայուած էր լիւստրացի եւ իկոնացի եղբայրների կողմից» (Գործք 16։2)։ Բացի դրանից, այդ օրերում որոշակի եղբայրներ կային, որոնք նամակներ էին գրում ժողովներին՝ ամրապնդելու նպատակով։ Կային նաև վերակացուներ, որոնք այցելում էին ժողովներ՝ քաջալերելու համար։ Այդ ամենը նպաստում էր, որպեսզի Տիմոթեոսի նման քրիստոնյաները հոգևոր առաջխաղացում ունենային (Գործք 15։22–32; Ա Պետրոս 1։1)։
13. Ե՞րբ էր Տիմոթեոսը սպասավորի «աստիճան» ստացել, և ինչո՞ւ կարելի է ասել, որ նրա հոգևոր առաջընթացը դրանով չէր ավարտվել։
13 Ինչպես որ պատվիրել էր Հիսուսը, ինչի մասին կարդում ենք Մատթէոս 28։19, 20–ում, հասել էր այն պահը, երբ Տիմոթեոսի հավատը պետք է մղեր նրան հետևել Հիսուսի օրինակին և մկրտվել (Մատթէոս 3։15–17; Եբրայեցիս 10։5–9)։ Այդ քայլը ամբողջ հոգով Աստծուն նվիրվելու խորհրդանիշն էր։ Մկրտվելով՝ Տիմոթեոսը դարձել էր սպասավոր։ Այդ օրից ի վեր՝ նրա կյանքը, ողջ եռանդն ու ունեցվածքը պատկանում էին Աստծուն։ Դա Աստծուն երկրպագելու անբաժան մասն էր՝ իր մատուցած «սուրբ ծառայությունը»։ Բայց նա դրանով չբավարարվեց, այլ շարունակեց հոգևորապես աճել՝ որպես քրիստոնյա սպասավոր ավելի հասունանալով։ Դրան նպաստել էր նաև այն, որ Տիմոթեոսը շփվում էր Պողոսի նման հասուն քրիստոնյաների հետ, զբաղվում էր անձնական ուսումնասիրությամբ և նախանձախնդրորեն մասնակցում էր քարոզչությանը (Ա Տիմոթէոս 4։14; Բ Տիմոթէոս 2։2; Եբրայեցիս 6։1)։
14. Ի՞նչ քայլեր են կատարում հավիտենական կյանքի հանդեպ դրականորեն տրամադրվածները, որպեսզի հոգևորապես հասուն սպասավորներ դառնան։
14 Այսօր քրիստոնյա սպասավոր դառնում են նույն ճանապարհով։ Այն անհատները, ովքեր դրականորեն են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով տեղեկանում են Աստծո և նրա նպատակների մասին (Գործք 13։48, ՆԱ)։ Այդ մարդիկ սովորում են իրենց կյանքում կիրառել Աստվածաշնչի սկզբունքները և Աստծուն ուղղված իրենց աղոթքներում լինել նպատակային (Սաղմոս 1։1–3; Առակաց 2։1–9; Ա Թեսաղոնիկեցիս 5։17, 18)։ Նրանք ընկերակցում են իրենց կրոնական համոզմունքները կիսող այլ անձանց հետ ու օգտվում «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» տված օգնության բոլոր միջոցներից (Մատթէոս 24։45–47; Առակաց 13։20; Եբրայեցիս 10։23–25)։ Այսպիսով՝ նրանց առաջընթացը պայմանավորված է որոշակի կրթական համակարգով։
15. Ի՞նչ է տեղի ունենում մկրտվելիս։ (Տե՛ս նաև տող. ծան.–ը)։
15 Վերջ ի վերջո, Աստվածաշունչ ուսումնասիրող անձնավորությունը, որը սիրում է Եհովային ու ամուր հավատ զարգացնում դեպի նրա տված քավիչ զոհաբերությունը, ուզում է ամբողջությամբ նվիրվել իր երկնային Հորը (Յովհաննէս 14։1)։ Այդ քայլը նա կատարում է նախապես աղոթելով և ապա մկրտվում՝ ի նշան իր նվիրման։ Նրա մկրտությունը սպասավորի «աստիճան» ստանալու արարողությունն է, որովհետև հենց այդ ժամանակ է, որ նա ճանաչվում է որպես Աստծուն նվիրված ծառա՝ «դիա՛կոնոս»։ Նա այլևս աշխարհից չէ (Յովհաննէս 17։16; Յակոբոս 4։4)։ Այդ անհատն իրեն անմնացորդ ու առանց որևէ պայմանի ներկայացրել է՝ որպես «զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ» (Հռովմայեցիս 12։1)։b Հետևելով Հիսուսի օրինակին՝ այսուհետև նա Աստծո սպասավորն է։
Ի՞նչ է քրիստոնեական սպասավորությունը
16. Ի՞նչ պարտականություններ էր կրում Տիմոթեոսը՝ որպես սպասավոր։
16 Ի՞նչ էր իր մեջ ընդգրկում Տիմոթեոսի ծառայությունը՝ նրա կատարած սպասավորությունը։ Պողոսի շրջագայությունների ժամանակ նրան ընկերակցելիս՝ Տիմոթեոսը հատուկ պարտականություններ ուներ։ Իսկ երեցի նշանակում ստանալուց հետո նա քրտնաջան աշխատում էր հավատակիցներին ուսուցանելու և նրանց հավատի մեջ ամրապնդելու ուղղությամբ։ Սակայն ինչպես Հիսուսի և Պողոսի, այնպես էլ Տիմոթեոսի սպասավորությունը գլխավորաբար կենտրոնացած էր բարի լուրի քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի վրա (Մատթէոս 4։23; Ա Կորնթացիս 3։5)։ Պողոսն ասել էր նրան. «Արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը» (Բ Տիմոթէոս 4։5)։
17, 18. ա) Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ են կատարում քրիստոնյա սպասավորները։ բ) Որքանո՞վ է կարևոր քարոզչական ծառայությունը քրիստոնյա սպասավորի համար։
17 Նույնն է պարագան նաև այսօրվա քրիստոնյա սպասավորների դեպքում։ Նրանք մասնակցում են հանրային ծառայությանը՝ ավետարանչական գործին՝ օգնելով մյուսներին էլ իմանալ Հիսուսի զոհաբերության միջոցով փրկության ճանապարհի մասին և սովորեցնելով խոնարհներին կանչել Եհովայի անունը (Գործք 2։21; 4։10–12; Հռովմայեցիս 10։13)։ Աստվածաշնչի օգնությամբ նրանք մարդկանց ցույց են տալիս, որ Թագավորությունը միակ հույսն է տառապյալ մարդկության համար, և որ շատ բաներ, Աստծո սկզբունքների հետ ներդաշնակ ապրելու շնորհիվ, այսօր արդեն կարելի է դեպի լավը փոխել (Սաղմոս 15։1–5; Մարկոս 13։10)։ Սակայն հարկ է նշել, որ քրիստոնյան չի քարոզում քրիստոնեական սկզբունքների օգնությամբ հասարակական պրոբլեմները լուծելու մասին, այլ սովորեցնում է, որ ‘աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե՛ ներկա և թե՛ ապագա կյանքի խոստումն ունի’ (Ա Տիմոթէոս 4։8, Արևմտ. Աստ.)։
18 Ինչ խոսք, սպասավորների մեծամասնությունը լրացուցիչ ծառայություններ է կատարում, որոնք յուրաքանչյուր քրիստոնյայի համար յուրովի են։ Շատերը նաև իրենց ընտանեկան պարտականություններն ունեն (Եփեսացիս 5։21–6։4)։ Երեցներն ու ծառայողական օգնականները իրենց աշխատանքն ունեն ժողովում (Ա Տիմոթէոս 3։1, 12, 13; Տիտոս 1։5; Եբրայեցիս 13։7)։ Շատերը կամովի մասնակցում են Թագավորության սրահների շինարարությանը։ Ոմանք «Դիտարան» ընկերության Բեթելի տներում ծառայելու հրաշալի առանձնաշնորհումն ունեն։ Սակայն քրիստոնյաներից ամեն մեկն առանձին վերցրած մասնակցում է բարի լուրի քարոզչությանը։ Բացառություններ չկան։ Հենց քարոզելու շնորհիվ է, որ մարդ հանրայնորեն ճանաչվում է՝ որպես իսկական քրիստոնյա սպասավոր։
Քրիստոնյա սպասավորի վերաբերմունքը իր «պաշտոնի» հանդեպ
19, 20. Ի՞նչ վերաբերմունք պետք է զարգացնի քրիստոնյա սպասավորը իր ունեցած «պաշտոնի» հանդեպ։
19 Սովորաբար քրիստոնեական աշխարհի սպասավորներին հատուկ վերաբերմունք է ցույց տրվում, և նրանց դիմում են «Ձերդ գերազանցություն», «Տե՛ր Հայր» ու նման այլ տիտղոսներով։ Սակայն քրիստոնյա սպասավորները գիտեն, որ միայն Եհովան է արժանի նման հարգանքի (Ա Տիմոթէոս 2։9, 10, ՆԱ)։ Ոչ մի քրիստոնյա սպասավոր չի կարող հավակնել այդպիսի բարձր պատիվ ստանալ կամ հատուկ տիտղոսների ձգտել (Մատթէոս 23։8–12)։ Պարզ է, որ «դիակոնի՛ա» բառի հիմնական իմաստը «ծառայությունն» է։ Այս բառի բայաձևը Աստվածաշնչում գործածված է նաև անձնական ծառայություններ կատարելու իմաստով, ինչպես օրինակ, սեղանի մոտ սպասարկելու (Ղուկաս 4։40; 17։8; Յովհաննէս 2։5)։ Ու թեև քրիստոնեական ծառայության մեջ այն ավելի վեհ իմաստ ունի, ամեն դեպքում «դիա՛կոնոս»–ը մնում է ծառա։
20 Այս ամենից կարելի է հետևություն անել՝ քրիստոնյա սպասավորներից ոչ մեկը իր անձը կարևոր համարելու հիմքեր չունի։ Իսկական քրիստոնյա սպասավորները՝ նույնիսկ նրանք, ովքեր ժողովում հատուկ պատասխանատվություններ են կրում, խոնարհ ծառաներ են։ Հիսուսն ասել է. «Ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան [սպասավորը] պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթէոս 20։26, 27)։ Ցույց տալու համար, թե ի՛նչ պատշաճ վերաբերմունք պետք է զարգացնեին աշակերտները իրենց ունեցած պաշտոնի հանդեպ, Հիսուսը լվաց նրանց ոտքերը՝ կատարելով այն գործը, որը ստրուկին էր հատուկ (Յովհաննէս 13։1–15)։ Խոնարհությունը շեշտող ինչպիսի՜ ծառայություն։ Քրիստոնյա սպասավորները խոնարհաբար ծառայում են Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Բ Կորնթացիս 6։4; 11։23)։ Նրանք համեստորեն ծառայում են նաև իրար։ Իսկ քարոզելով բարի լուրը՝ նրանք անձնազոհաբար ծառայում են իրենց դրացիներին (Հռովմայեցիս 1։14, 15; Եփեսացիս 3։1–7)։
Ծառայության մեջ համբերենք մինչև վերջ
21. Ինչպե՞ս է Պողոսը վարձատրվել մինչև վերջ համբերություն դրսևորելու համար։
21 Պողոսը ջանք էր գործադրում՝ իր սպասավորությունը կատարելիս։ Կողոսացիներին նա գրել էր, որ բազում չարչարանքներ էր քաշել բարի լուրը նրանց հաղորդելու համար (Կողոսացիս 1։24, 25)։ Սակայն շնորհիվ իր համբերատարության ու դիմացկունության՝ շատերն էին ընդունել բարի լուրն ու իրենք էլ սպասավորներ դարձել։ Նրանք «ծնվել էին» որպես Աստծո որդիներ և Հիսուս Քրիստոսի եղբայրներ՝ վերջինիս հետ երկնքում որպես ոգեղեն արարածներ ապրելու համար։ Մինչև վերջ համբերելու դիմաց ի՜նչ փառահեղ վարձատրություն։
22, 23. ա) Ինչո՞ւ ներկայիս քրիստոնյա սպասավորները համբերելու կարիք ունեն։ բ) Ի՞նչ հիանալի պտուղներ է բերում քրիստոնյայի դրսևորած համբերությունը։
22 Մինչև վերջ համբերելն այսօր էլ կենսական կարևորություն ունի Աստծո իսկական սպասավորների համար։ Շատերն իրենց առօրյա կյանքում ստիպված են պայքարել հիվանդությունների կամ ծերության հետ կապված խնդիրների դեմ։ Ծնողները, որոնցից շատերը միայնակ են, ծանր աշխատանք են կատարում, որպեսզի միջոցներ հայթայթեն զավակներ մեծացնելու համար։ Երեխաները դպրոցում անվախորեն փորձում են ամեն կերպ խուսափել իրենց շրջապատի վատ ազդեցություններից։ Շատ քրիստոնյաներ տնտեսական ծայրահեղ դժվարությունների մեջ են։ Եվ ներկայիս «չար ժամանակներում» շատերը հալածանքներ ու տարբեր զրկանքներ են կրում (Բ Տիմոթէոս 3։1)։ Չնայած այդ ամենին՝ Եհովայի գրեթե վեց միլիոն սպասավորները կարող են կրկնել Պողոս առաքյալի խոսքերը. «Բոլոր դէպքերում, [մեզ ներկայացնում ենք] իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն» (Բ Կորնթացիս 6։4)։ Ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվելիս լինեն, քրիստոնյա սպասավորները չեն հանձնվում։ Նրանք բոլորն էլ անխտիր գովասանքի են արժանի իրենց դրսևորած ծով համբերության համար։
23 Բացի այդ, համբերությունը, ինչպես Պողոսի օրինակն է ցույց տալիս, հրաշալի պտուղներ է բերում։ Համբերելով՝ մենք մտերիմ փոխհարաբերություններ ենք պահպանում Եհովայի հետ և ուրախացնում ենք նրա սիրտը (Առակաց 27։11)։ Ամրապնդում ենք մեր սեփական հավատը և քրիստոնեական եղբայրության մեջ նոր հավատակիցներ բերում (Ա Տիմոթէոս 4։16)։ Այս վերջին օրերի ընթացքում Եհովան օգնում է իր սպասավորներին և օրհնում նրանց ծառայությունը։ Արդյունքում՝ արդեն հավաքվել են 144 000–ի վերջին անդամները և միլիոնավոր այլ մարդիկ դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքը վայելելու հաստատ հույսն են ձեռք բերել (Սաղմոս 36։29; Յայտնութիւն 14։1)։ Իրոք որ, քրիստոնեական մեր սպասավորությունը Եհովայի ողորմածության արտահայտությունն է (Բ Կորնթացիս 4։1)։ Եկեք բոլորս գնահատենք այն ու երախտապարտ լինենք, որ այդ սպասավորության պտուղները լինելու են հավիտյան (Ա Յովհաննէս 2։17)։
[ծանոթագրություններ]
a Հունարեն «դիա՛կոնոս»–ը հայերեն թարգմանված է «սարկավագ», որը մատնացույց է անում եկեղեցու պաշտոնյաներից մեկին։
b Թեև Հռովմայեցիս 12։1–ը վերաբերում է առաջին հերթին օծյալ քրիստոնյաներին, այդ խոսքից բխող սկզբունքը կիրառելի է նաև «այլ ոչխարների» նկատմամբ (Յովհաննէս 10։16)։ Նրանք ‘կհարեն Եհովային նրան ծառայելու և նրա անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար’,— ասում է Եսայիա 56։6–ը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ պատասխանատվություն էին կրում առաջին դարի բոլոր քրիստոնյաները։
• Ե՞րբ և ո՞ւմ կողմից է քրիստոնյան սպասավոր նշանակվում։
• Ի՞նչ վերաբերմունք պետք է քրիստոնյա սպասավորը զարգացնի իր «պաշտոնի» հանդեպ։
• Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ քրիստոնյա սպասավորը, զանազան դժվարությունների հանդիպելիս, համբերություն դրսևորի։
[նկարներ 16–րդ, 17–րդ էջերի վրա]
Տիմոթեոսը մանկուց գիտեր Աստծո Խոսքը։ Մկրտվելով՝ Տիմոթեոսը դարձավ Աստծո սպասավոր։
[նկար 18–րդ էջի վրա]
Մկրտվելով մարդը ցույց է տալիս իր նվիրումն Աստծուն և դառնում Աստծո սպասավոր։
[նկար 20–րդ էջի վրա]
Քրիստոնյա սպասավորները պատրաստ են ծառայելու։