Լիարժեքորեն օգտվիր Եհովայի տրամադրած հոգևոր կերակուրից
«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (ԵՍ. 48։17)։
ԵՐԳ 117, 114
1, 2. ա) Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում Աստվածաշնչին։ բ) Ո՞րն է քո սիրած աստվածաշնչյան գիրքը կամ հատվածը։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ սիրում են Աստվածաշունչը։ Այս գիրքը տալիս է վստահելի առաջնորդություն, մխիթարություն և հույս (Հռոմ. 15։4)։ Մենք Աստվածաշունչը դիտում ենք ոչ թե որպես մարդկային մտքի արգասիք, այլ «ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղ. 2։13)։
2 Ինչ խոսք, մեզնից յուրաքանչյուրը ունի իր սիրած աստվածաշնչյան գիրքը կամ հատվածները։ Ոմանք մեծ հաճույքով են կարդում Ավետարանները, որոնք կենդանի պատկերում են Եհովայի անձնավորության առանձնահատկությունները՝ արտացոլված իր Որդու մեջ (Հովհ. 14։9)։ Ուրիշներն էլ սիրում են մարգարեական գրքեր, ինչպես «Հայտնությունը», որտեղ խոսվում է այն բաների մասին, որ «շուտով պետք է տեղի ունենան» (Հայտն. 1։1)։ Մեզնից շատերն էլ մխիթարություն են ստանում՝ կարդալով «Սաղմոսները», և գործնական դասեր են սովորում «Առակներ» գրքից։ Իսկապես, Աստվածաշունչը բոլորի համար է։
3, 4. ա) Ինչպե՞ս ենք վերաբերվում մեր գրականությանը։ բ) Ի՞նչ գրականություն ենք ստանում մարդկանց առանձին խմբերի համար։
3 Մենք սիրում ենք նաև Աստվածաշնչի վրա հիմնված մեր գրականությունը։ Մենք գնահատում ենք այն հոգևոր սնունդը, որ ստանում ենք մեր գրքերի, գրքույկների, ամսագրերի և այլ հրատարակությունների միջոցով։ Եհովայի տրամադրած այս միջոցները օգնում են մեզ լինել հոգևորապես զգոն, կուշտ և առողջ (Տիտոս 2։2)։
4 Բացի այն գրականությունից, որ նախատեսված է բոլոր Վկաներիս համար, ստանում ենք հրատարակություններ, որոնք ուղղված են առանձին խմբերի։ Որոշ նյութեր երիտասարդների համար են, որոշներն էլ ծնողների։ Տպագրվող և մեր կայքում տեղադրվող նյութերի մեծ մասը պատրաստելիս հաշվի են առնվում նաև ոչ Վկա ընթերցողները։ Հոգևոր սննդի այս լիությունը հիշեցնում է մեզ, որ Եհովան կատարում է «բոլոր ժողովուրդների համար խնջույք կազմակերպելու» իր խոստումը (Ես. 25։6)։
5. Ի՞նչն է Եհովան գնահատում։
5 Հավանաբար, մեզնից շատերը կուզենային ավելի շատ ժամանակ ունենալ՝ կարդալու Աստվածաշունչը և դրա վրա հիմնված գրականությունը։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան գնահատում է մեր ջանքերը, երբ «գնում ենք հարմար ժամանակը» Աստվածաշունչը կարդալու և անձնական ուսումնասիրության համար (Եփես. 5։15, 16)։ Ինչ խոսք, մենք չենք կարող յուրաքանչյուր հրատարակություն ուսումնասիրելուն նույն ժամանակը տրամադրել։ Սակայն պետք է զգուշանանք մի աննկատ վտանգից։ Ո՞րն է դա։
6. Ի՞նչ պատճառով գուցե օգուտներ չքաղենք որոշ հրատարակություններից։
6 Որոշ հրատարակություններից օգուտներ չենք քաղի, եթե մտածենք, թե դրանք մեզ չեն վերաբերում։ Օրինակ՝ հնարավոր է եզրակացնենք, որ Աստվածաշնչի տվյալ հատվածը մեր իրավիճակին չի համապատասխանում։ Կամ թերևս չենք մտնում այն խմբի մարդկանց մեջ, որոնց համար գլխավորապես նախատեսված է տվյալ հրատարակությունը։ Այսպիսի դեպքերում հակվա՞ծ ենք պարզապես աչքի անցկացնելու կամ ընդհանրապես չկարդալու դրանք։ Եթե այո, ապա հնարավոր է ինքներս մեզ զրկենք մեզ համար շատ օգտակար տեղեկությունից։ Ի՞նչ կարող ենք անել, որ չընկնենք այս վտանգավոր ծուղակը։ Նախևառաջ բոլորս պետք է հիշենք, որ Աստված է մեր հոգևոր սննդի Աղբյուրը։ Եսայիա մարգարեի միջոցով նա ասում է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Ես. 48։17)։ Աստվածաշնչի բոլոր հատվածներից և տարբեր հրատարակություններից օգուտներ քաղելու համար նկատի առնենք երեք առաջարկ։
ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
7. Ինչո՞ւ պետք է Աստվածաշունչը ճիշտ տրամադրվածությամբ կարդանք։
7 Կարդա ճիշտ տրամադրվածությամբ։ Ճիշտ է, Աստվածաշնչի որոշ հատվածներ ուղղված են եղել կոնկրետ մեկին կամ որոշ մարդկանց։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթ. 3։16)։ Այդ իսկ պատճառով մենք այն պետք է կարդանք ճիշտ տրամադրվածությամբ։ Մի եղբայր ասում է. «Աստվածաշունչ կարդալիս ինձ միշտ հիշեցնում եմ, որ մի հատվածից կարող եմ մի քանի օգտակար բան սովորել»։ Նա ավելացնում է. «Դա հիշելը օգնում է, որ գրվածի խորքը թափանցեմ»։ Նախքան Աստվածաշունչը կարդալը լավ կանենք, եթե Աստծուց խնդրենք, որ օգնի մեզ՝ ճիշտ տրամադրվածություն ունենանք, և իմաստություն տա, որ հասկանանք այն ամենը, ինչ նա ուզում է սովորեցնել մեզ (Եզր. 7։10; կարդա Հակոբոս 1։5)։
8, 9. ա) Աստվածաշունչ կարդալիս ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։ բ) Երեցների համար նշված որակներից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
8 Հարցեր տուր։ Աստվածաշունչը կարդալիս դադար տուր և մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Ինչպե՞ս կարող եմ կարդացածս կիրառել կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ այն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։ Այսպիսի հարցեր տալը կօգնի, որ ավելի շատ դասեր քաղենք Աստվածաշնչից։ Որպես օրինակ՝ նկատի առնենք 1 Տիմոթեոս 3։2–7 համարները, որտեղ խոսվում է երեցների սուրբգրային որակների մասին (կարդա)։ Քանի որ բոլորս չէ, որ երեց ենք, գուցե մտածենք, թե Աստվածաշնչի տվյալ հատվածը մեզ չի առնչվում։ Բայց եթե այս համարները կարդալիս փորձենք խորհել նշված հարցերի շուրջ, կտեսնենք, որ Աստվածաշնչի այդ հատվածից բոլորս էլ կարող ենք օգուտներ քաղել։
9 Ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Նշելով այս որակների մասին՝ Եհովան ցույց է տալիս, որ բարձր չափանիշներ է սահմանել նրանց համար, ովքեր ուզում են պատասխանատվություններ ստանձնել ժողովում։ Նա ակնկալում է, որ այդ անհատները լավ օրինակ լինեն մյուսների համար, և հաշիվ է պահանջելու նրանցից այն բանի համար, թե ինչպես կվերաբերվեն ժողովին, «որը նա գնել է իր Որդու արյունով» (Գործ. 20։28)։ Եհովան ուզում է, որ նշանակված հովիվների հոգածության ներքո մեզ ապահով զգանք (Ես. 32։1, 2)։ Հետևաբար երեցներից պահանջվող սուրբգրային որակները մեզ հիշեցնում են, թե որքան է Եհովան հոգ տանում մեր մասին։
10, 11. ա) Ինչպե՞ս կարող ենք 1 Տիմոթեոս 3։2–7-ում գրվածը կիրառել կյանքում։ բ) Ինչպե՞ս կարող ենք այս համարները օգտագործել ուրիշներին օգնելու համար։
10 Ինչպե՞ս կարող եմ կարդացածս կիրառել կյանքում։ Ժողովում նշանակում ունեցող տղամարդիկ պետք է ժամանակ առ ժամանակ ինքնաքննություն անեն ու տեսնեն, թե ո՛ր ոլորտներում ո՛ր որակները պետք է բարելավեն։ Նրանք, ովքեր «ձգտում են վերակացուի պարտականության», պետք է ուշադրություն դարձնեն այս որակներին և ձգտեն իրենց հնարավորության սահմաններում համապատասխանել դրանց (1 Տիմոթ. 3։1)։ Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա կարող է Աստվածաշնչի այս հատվածից դաս քաղել, քանի որ այստեղ նշված են հատկություններ, որոնք Եհովան բոլորիս մեջ է ուզում տեսնել։ Օրինակ՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի խոհեմ և ողջամիտ (Փիլիպ. 4։5; 1 Պետ. 4։7)։ Քանի որ երեցները «հոտին օրինակ են», կարող ենք նրանցից սովորել և «ընդօրինակել նրանց հավատը» (1 Պետ. 5։3; Եբր. 13։7)։
11 Ինչպե՞ս կարող եմ կարդացածս օգտագործել ուրիշներին օգնելու համար։ Քրիստոնյա վերակացուների համար նշված այս պահանջները կարող ենք օգտագործել Աստվածաշունչ ուսումնասիրողներին կամ հետաքրքրվողներին օգնելու համար, որ տեսնեն Եհովայի վկա երեցների և քրիստոնեական մյուս կրոնների հոգևորականների միջև տարբերությունը։ Այս հատվածն ընթերցելիս կարող ենք նաև մտածել, թե մեր ժողովի երեցները ինչ ջանքեր են ներդնում մեր մասին հոգ տանելու համար։ Դա կնպաստի, որ ավելի շատ «հարգենք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են մեր մեջ» (1 Թեսաղ. 5։12)։ Որքան անկեղծ հարգանք դրսևորենք նրանց հանդեպ, այնքան ավելի մեծ ուրախությամբ նրանք կանեն իրենց ծառայությունը (Եբր. 13։17)։
12, 13. ա) Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեզ մատչելի ուսումնասիրության միջոցները։ բ) Բեր օրինակ, թե ինչպես փնտրտուքներ անելը կարող է օգնել, որ կարևոր բաներ սովորենք։
12 Փնտրտուքներ արա։ Օգտագործելով փնտրտուքների համար նախատեսված մեզ մատչելի միջոցները՝ կարող ենք գտնել, օրինակ, հետևյալ հարցերի պատասխանները.
Ո՞վ է գրել այս գիրքը կամ հատվածը։
Ե՞րբ և որտե՞ղ է գրվել։
Գրվելու ժամանակ ի՞նչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
Այսպիսի տեղեկությունները կարող են օգնել բացահայտելու բաներ, որոնք պարզապես կարդալով՝ չէինք հասկանա։
13 Օրինակ՝ նկատի առնենք Եզեկիել 14։13, 14-ը, որտեղ գրված է. «Եթե մի երկիր մեղք գործի իմ դեմ ու անհավատարմությամբ վարվի, ես իմ ձեռքը կմեկնեմ նրա դեմ, կկոտրեմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում, սով կուղարկեմ այնտեղ ու կվերացնեմ մարդուն և ընտանի կենդանուն։ «Եթե նույնիսկ նրանում լինեին այս երեք մարդիկ՝ Նոյը, Դանիելն ու Հոբը, իրենց արդարության շնորհիվ նրանք կփրկեին միայն իրենց հոգին»,— ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ Փնտրտուքները ցույց են տալիս, որ «Եզեկիել» գրքի այս հատվածը գրվել է մ.թ.ա. մոտ 612-ին։ Այդ ժամանակ Նոյն ու Հոբը վաղուց արդեն մահացել էին, սակայն Եհովան չէր մոռացել նրանց հավատարմությունը։ Իսկ Դանիելը դեռ կենդանի էր։ Հավանաբար նա մոտ 20 տարեկան էր կամ 20-ն անց էր, երբ Եհովան նրա անունը արդար Նոյի ու Հոբի անունների հետ հիշատակեց։ Ի՞նչ ենք սովորում։ Եհովան տեսնում և գնահատում է իր բոլոր հավատարիմ ծառաների անարատությունը, նույնիսկ նրանց, ովքեր դեռ շատ երիտասարդ են (Սաղ. 148։12–14)։
ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ՏԱՐԲԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
14. Երիտասարդների համար նախատեսված նյութերը ի՞նչ օգուտ են տալիս թե՛ երիտասարդներին, թե՛ մեծահասակներին (տես հոդվածի սկզբի նկարը)։
14 Ինչպես որ ամբողջ Աստվածաշնչից կարող ենք օգուտներ քաղել, այնպես էլ այն հոգևոր կերակուրից, որ ստանում ենք տարբեր հրատարակությունների միջոցով։ Օրինակ՝ նկատի առնենք երիտասարդների համար նախատեսված նյութերը։ Վերջին տարիներին երիտասարդների համար բազմապիսի գրականություն է թողարկվել։[1] Դրանցից որոշները օգնում են նրանց հաղթահարել հասակակիցների ճնշումները և պատանեկության հետ կապված դժվարությունները։ Ինչպե՞ս կարող ենք բոլորս օգուտներ քաղել այդպիսի նյութերից։ Ծանոթանալով դրանց՝ մենք կիմանանք, թե մեր երիտասարդները ինչ խնդիրներ են ունենում, ուստի կկարողանանք օգնել ու քաջալերել նրանց։
15. Ինչո՞ւ պետք է տարիքով մեծ քրիստոնյաներին հետաքրքրեն երիտասարդների համար նախատեսված նյութերը։
15 Երիտասարդների համար նախատեսված նյութերում քննարկվող խնդիրներից շատերը միայն նրանք չէ, որ ունենում եմ։ Բոլորս էլ կարիք ունենք պաշտպանելու մեր հավատը, հսկելու մեր էմոցիաները, չենթարկվելու հասակակիցների ճնշմանը և խուսափելու վատ ընկերակցությունից ու ժամանցի վնասակար ձևերից։ Այս թեմաները հաճախ քննարկվում են երիտասարդների համար նախատեսված հրատարակություններում։ Արդյո՞ք տարիքով մեծ քրիստոնյաները պետք է մտածեն, թե այդ հրատարակությունները իրենց չեն վերաբերում։ Ամենևին։ Չնայած այդ նյութերը ուղղված են երիտասարդներին, սակայն դրանք հիմնված են աստվածաշնչյան սկզբունքների վրա, որոնք միշտ արդիական են, և որոնցից կարող է օգուտներ քաղել յուրաքանչյուրը։
16. Մեր գրականությունը ուրիշ ի՞նչ հարցում է օգնում երիտասարդներին։
16 Մեր գրականությունը օգնում է երիտասարդներին ոչ միայն հաղթահարել խնդիրները, այլև հոգևորապես աճել և մտերմանալ Եհովայի հետ (կարդա Ժողովող 12։1, 13)։ Նույնը վերաբերում է նաև տարիքով մեծ քրիստոնյաներին։ Օրինակ՝ «Արթնացե՛ք»-ի 2009 թ. ապրիլի համարում «Երիտասարդները հարցնում են» խորագրի տակ լույս տեսավ «Ինչպե՞ս Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձնեմ» հոդվածը (անգլ., ռուս.)։ Այնտեղ բերվում էին մի շարք առաջարկներ և կար մի շրջանակ, որը կարելի էր կտրել ու պահել Աստվածաշնչի մեջ։ Իսկ մեծահասակները օգուտներ քաղեցի՞ն այդ հոդվածից։ Մի քույր ասում է. «Ես ամուսնացած կին եմ ու մայր և Աստվածաշնչի ընթերցանության հետ կապված միշտ դժվարություններ եմ ունեցել։ Հետևեցի այս հոդվածում բերված խորհուրդներին։ Գործնական էր նաև առաջարկների շրջանակը, որը խորհուրդ էր տրվում կտրել ու պահել։ Այժմ ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ընթերցելու Աստվածաշունչը։ Արդեն կարողանում եմ տեսնել, թե որքան ներդաշնակ են Աստվածաշնչի գրքերը, ասես կտավի վրա նկարված մի գեղեցիկ պատկեր լինեն։ Երբեք այսքան մեծ ոգևորություն չեմ ստացել Աստվածաշնչի ընթերցանությունից»։
17, 18. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել՝ կարդալով հանրության համար նախատեսված նյութերը։ Բեր օրինակ։
17 Նյութեր հանրության համար։ 2008 թվականից սկսած՝ «Դիտարանը» լույս է տեսնում երկու տարբերակով։ Անշուշտ, մենք հաճույքով ուսումնասիրում ենք այն թողարկումը, որն ուղղված է գլխավորապես Եհովայի վկաներին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ամսագրերի մասին, որոնք նախատեսված են մարդկանց լայն շրջանի համար։ Կարո՞ղ ենք արդյոք օգուտներ քաղել՝ կարդալով դրանք։ Նկատի առնենք մի օրինակ։ Պատկերացրու՝ մի օր հանրային ելույթից առաջ նկատում ես, որ քո հրավիրած անհատներից մեկը եկել է Թագավորության սրահ։ Ինչ խոսք, անչափ ուրախանում ես։ Հանրային ելույթի ընթացքում փորձում ես հնչած մտքերը լսել նրա ականջներով։ Արդյունքում՝ նորովի ես գնահատում քեզ հայտնի ճշմարտությունները։
18 Նույնը կարող է լինել, երբ կարդում ենք հանրության համար նախատեսված նյութերը։ Օրինակ՝ ընդհանուր թողարկման «Դիտարանում» քննարկվում են սուրբգրային այնպիսի թեմաներ, որոնք ոչ Վկա ընթերցողները կարող են հասկանալ։ Նույնը կարելի է ասել jw.org կայքի «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» և «Հաճախ տրվող հարցեր» բաժիններում տեղադրված հոդվածների մասին։ Այսպիսի հոդվածներ կարդալով՝ մենք ավելի խորությամբ ենք հասկանում մեզ արդեն իսկ ծանոթ ճշմարտությունները։ Նաև գտնում ենք մեր հավատալիքների մասին մարդկանց բացատրելու նոր կերպեր։ Իսկ «Արթնացե՛ք» ամսագիրը ամրացնում է մեր համոզվածությունը այն բանում, որ ճշմարիտ Աստված իրականում գոյություն ունի։ Այն նաև օգնում է մեզ պաշտպանել մեր հավատալիքները (կարդա 1 Պետրոս 3։15)։
19. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի նկատմամբ։
19 Ակնհայտ է, որ Եհովան տալիս է բազմաթիվ միջոցներ մեր «հոգևոր կարիքները» բավարարելու համար (Մատթ. 5։3)։ Թող որ շարունակենք լիարժեքորեն օգտվել այն ողջ հոգևոր կերակուրից, որ Եհովան տրամադրում է։ Այդպես մեր երախտագիտությունը ցույց կտանք Նրա հանդեպ, ով օգտակար բաներ է սովորեցնում մեզ (Ես. 48։17)։
^ [1] (պարբերություն 14) Այսպիսի հոդվածներ կան «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ հատորներում և մեր պաշտոնական կայքում՝ «Երիտասարդները հարցնում են» խորագրի տակ։